Խելոք աքաղաղներ
Չգիտեմ ինչպես — և չծիծաղեք, դա մի մեծ հարց է― կոպիտ, հաստափոր, կլանող աղան ձեռք բերեց բազմաթիվ հավեր ու աքաղաղներ, մեծ բակի մեջ ցանկապատ քաշեց, հավային խոշոր մի գաղութ հիմնեց և բազմացնելով՝ շահագործում էր նրանց։
Մարդիկ լա՛վ գիտեն, թե հավն ու աքաղաղը ինչի են գործածում։ Պահում են, բազմացնում, կերակրում, գիրացնում ու մի գեղեցիկ օր մորթելով՝ եփում են՝ ուտում։
Սրանից սովորական բա՞ն։
Բայց մտեք մի քիչ էլ հավի դրության մեջ։ Երևակայեցեք, որ ձեր ընկերների հետ միասին հավաքել-լցրել են ձեզ մի մեծ շրջափակում, ցանցաձև պատերով պարփակել, երբեմն միայն թույլ են տալիս վազվզելու, խաղալու — այն էլ միայն գիրացնելու մտքով— և հետո, հանկարծ, ձեր աչքի առջև գալիս բռնում են ձեզնից մեկին— ձեր մորը կամ քրոջը, սիրելուն կամ ընկերին, քիչ հեռու, հենց ձեր քթի տակ գետնովն են տալիս, ոտները հավաքում, թևերը ծալում և փայլուն դանակը վզին շողացնում․․․
Եվ նա ճչում է, օգնություն կանչում, ձեզ է ձայն տալիս․․․ իսկ արյունը շատրվանի պես դուրս է ցայտում նրա կտրած վզից, գետինը կարմրացնում․ և գլուխը մարմնից բաժանված, շարժուն, հուսահատ արտևանունքով, փոշիների մեջ գլորվելով՝ գալիս ընկնում է առաջդ, մինչև նրա սիրելի մարմինը տապլտկում է իր արյան մեջ, ոստոստում, թփրտում, գալարվում է, կծկվում․․․
Այդ բոլորը տեսնում ես դու բակի մեջ կանգնած, վշտից քարացած, վախից գոռալով, անկարող՝ նրան օգնելու, ճիչ արձակելու և գիտակից, որ մի օր էլ մյուս սիրելուդ, քրոջդ, բարեկամիդ են այդպես անելու, քեզ իսկ մորթելու․․․
Էլ ի՞նչ սիրտ կմնա քեզ մոտ, ի՞նչ քաղցր րոպե, ի՞նչ սեր, զգացմունք, եթե ոչ՝ միայն անեծք բնության դեմ, լուտանք ու կսկիծ, վիշտ բյուրեղացած, կիզիչ տառապանք։
Կարծում եք հավը կամ աքաղաղն այդպես չե՞ն զգում։ Իրավ է, գուցե լինեն հավեր — և շատ էչ կլինեն — որ սերնդից սերունդ տեսած լինելով այդ բոլորը՝ վարժվել են, մորթելն ու տանջանքը կյանքի մի պայմանը համարել և գուցե, երբ հերթը գա իրենց, կգնան դանակի առաջ անմռունչ, խոնարհ, հպատակ ճակատագրին։
Բայց ի՜նչ․․․ նայիր մեկ, երբ մորթողը դանակը ձեռքին, թևերը քշտած՝ մտնում է հավերի մեջ․ նրանցից ո՞ր մեկը չի ճչում կամ չի խուսափում․ ո՞ր մեկը հուսահատաբար չի զարնվում կոճղերի, քարերի, սուր-սուր փշերի և ո՞ր մեկն արդյոք իր աղաղակներով, աղեխարշ ձայնով օդը չի լցնում․ և երբ բռնվում է, երբ դանակը վզի կեսը կտրել է — ի՞նչ կա ավելի հուզիչ, ավելի ճնշիչ, քան նրա աղաղակը, լացն ու գանգատը․․․
Կարծում եք մյուսները, որոնք այդքան անշարժ կանգնած են և աչքերը պայթելու չափ բացած, քարացած հայացքով կծկված նայում են — չե՞ն զգում․․․ Մոտից նայեցեք․ ինչպես են դողում սարսափահար․ յուրաքանչյուր անդամն ու մասը դողում է արագ, սոսկալի կերպով և նրանց աչքերը չեն կարողանամ հեռանալ մորթվողի տանջանքից, հոսող արյունից։
Զգում են, գիտեն։ Գիտեն, որ ազատվելիք չունեն, որ իրենք ծնվում են ուտվելու համար։ Բայց, ինչպես մարդկանցից շատերը, նույնպես և հավերը, ճակատագրական են համարում դա․ անխուսափելի, բոլորովին բնական։
Եվ ծնվում են, մեծանում, ապրում ու մորթվում․ մորթվելիս՝ ճչում, աղաղակում, իսկ մինչև մորթվելը՝ ոչ ոքի մտքով չի անցնում ազատվել, մի ճար մտածել։
Եվ ի՞նչպես անել, երբ վաղուց կորցրել են բարձր թռնելու ընդունակությունը, երբ նրանց տերն ունի միջոց ճնշելու, հուպ տալու, բանտարկել պահելու, իսկ իրենք, վաղուց ― չգիտեմ ե՛րբ, որ ժամանակվանից — պաշտպանվելու ամեն ընդունակությունից զրկվել՝ դառել են ստրուկներ խղճալի մտքով, գծուծ զգացմունքով, վախկոտ սրտերով և ազատության ցանկությունը ընդմիշտ կորցնելով։
Բայց ահա մի օր հեռավոր երկրներից մի տարօրինակ աքաղաղ հայտնվեց աղայի հավային մեծ գաղութում։
Այդ այսպես եղավ։
Մի առավոտ, երբ բոլոր հավերն ու աքաղաղներն ագահաբար կտցահարում էին բակի մեջ սփռված հատիկները, հանկարծ լսվեց թևերի ուժգին թափահարություն և ցանկորմից ներս ընկավ մի երկարահասակ թռչուն։ Հավերը ճչալով ետ փախան ու շրջան կազմելով, հեռվից սկսեցին դիտել նորեկին, որ մեջտեղ կանգնած, ուշադրությամբ զննում էր բոլորին։
Կարմիր, փայլուն փետուրներով, երկար վզով և երկար ոտներով երիտասարդ աքաղաղ էր։ Այնպիսի խոշոր ճանկեր ուներ, որ աքաղաղները դողալով էին դիտում։ Սոսկալի էր մանավանդ բութ մատի ժանիքը։
Հավերն այլևս չէին համարձակվում մոտ գնալ հատիկներին, իսկ աքաղաղները մի վայրկյան շփոթությունից հետո սկսեցին կամաց-կամաց առաջ քայլել։
Նորեկը զննում էր նրանց և նրա դեմքի վրա գծվում էր խղճացող արտահայտություն։ Բայց այդ երկար չտևեց, հանկարծ լարվեց նա ոտների վրա, մի զորեղ կուկուրիկու արձակեց և այսպես խոսեց.
— Բարև, բարեկամներ, չեմ եկել ես ձեր կուտը կամ կանայքը խլելու, մտադիր էլ չեմ ձեզ հետ կռվելու։ Ինձ այստեղ բերողն այն միտքն է, որ ձեզ հետ բարեկամանամ։ Վաղուց է, որ իմ հայրենիքում, մեր մեջ, լսում ենք ձեր տառապանքի, ձեր գերության և թշվառության մասին։ Մենք եղբայրներ ենք և ինձ դժվար է տեսնել, որ դուք այդ աստիճան ստրկացած, անմռունչ զոհ եք գնում անկուշտ աղային․․․ Ես եկել եմ ձեր մեջ՝ ձեզ հետ խոսելու․ և պիտի տեսնեք, որ ինձնից ոչ մի վնաս չեք ստանալ. եթե լսեք ինձ, ձեզ կպատմեմ շատ հետաքրքիր բաներ մեր այն հայրենիքի մասին, ուր ո՛չ շրջափակ կա, ո՛չ աղա և ո՛չ էլ մորթող…
Այդ խոսքերը մի տեսակ ապշության մեջ ձգեցին բոլորին։ Աքաղաղները թշնամաբար էին նայում նրա վրա, բայց նորեկը ո՛չ նրանց կուտին ձեռք տվավ և ո՛չ էլ՝ կանանց։ Սկզբում ոչ ոք չէր մոտենում նրան․ դա մի քանի օր տևեց. բայց չորս օրից հետո նա բարեկամացավ բոլորի հետ։ Այնքան բարի էր, որքան որ զորեղ էր։ Հավերը բոլորն սկսեցին սիրահարվել նրա վրա․ իսկ աքաղաղները քծնախառն վախով էին մոտ գալիս նրան։ Այդպես է․ ստրուկ մեծացածը՝ առանց վախի, հարգանք չգիտե․ եթե մեկին հարգանք է ցույց տալիս — դա վախենալուցն է։ Չէ՞ որ կան մարդիկ, որոնք պաշտում են ժայռեր, որովհետև վախենում են նրանցից․ կենդանիների, որովհետև սոսկում են նրանց հարձակումներից։
Սակայն հավերը քիչ-քիչ սկսեցին զգացած վախն էլ փարատել և այժմ պտտվում էին նորեկի շուրջը։ Նորեկը նրանցից ոչ ոքի չդիպավ և դա զարմացրեց աքաղաղներին։
Բանն այն է, որ նորեկը ոչ միայն ձեռք չէր տալիս կանանց, թողնում էր կուտն ուտելու, այլ մինչև իսկ ինքն էր հրավիրում նրանց՝ մասնակցելու իր գտած որսին, մեծ բաժինն էլ նրանց էր թողնում։
— Այդքա՜ն բարություն։
Ամբողջ գաղութն ապշության մեջ էր։ Ո՞վ էր ուրեմն այդ վեհանձն ու զորեղ նորեկը, որ ո՛չ բռնանում էր, ո՛չ օգտվում իր ուժից, այլ մինչև իսկ որսում էր նրանց համար, պաշտպանում նրանց, խորհուրդներ տալիս։ Մի քանի անգամ նույնիսկ միայնակ կռիվ տվավ ուրուրի դեմ և արյունաթաթախ անելով՝ քշեց նրան։
Աղան իհարկե տեսավ նորեկին, զարմացավ, թե որտեղից էր ընկել նա իր գաղութի մեջ, բայց չհալածեց, այլ թողեց, որ մնար և իր հպատակների մեջ լավ ու զորեղ սերունդ առաջացներ։
Բայց նորեկի տարօրինակությունն այդ չէր միայն։ Երբ գիշերվա մութը պատելու պես բոլորը կծկվում էին թառի վրա, նա սկսում էր պատմել հրաշալի բաներ օտար, անծանոթ և սիրուն աշխարհներից։ Պատմում էր, թե որտեղի՛ց էր ինքը, թե ի՛նչ երկրի, ի՛նչ ժողովրդի զավակ էր և թե ինչպե՜ս կային հավեր և աքաղաղներ, որոնք ապրում էին առանց ցանկապատի, առանց աղայի և որոնց ո՛չ մորթում էին և ո՛չ էլ չարչարում։
— Այնտեղ, հեռու,— պատմեց նա մի երեկո էլ,– շատ և շատ հեռու, կա մի շքեղ երկիր, բարձրաբերձ լեռներ, մեծ֊մեծ անտառներ, ուր ապրում են մեզ նման հավեր ու աքաղաղներ՝ ազատ շրջավայրերում։ Ծնվում են նրանք, մեռնում առանց մորթվելու և ուրիշների կերակուր դառնալու։ Այդ երկիրը հափշտակիչներին անմատչելի է․․․
Եվ ստրուկ հավերն ու աքաղաղները լսում էին նորեկին զմայլմամբ ու չէին հավատում։
— Քաղցր է այնտեղի կյանքը,— շարունակեց նա,— առանց շրջափակի, առանց աղայի, ուտում ես՝ ինչ աշխատում ես․ ծնում ես զավակներ, տալիս ես նրանց ծծելու ազատ օդ, թողնում ես մեծանալու և բազմանալու։ Ամեն ոք իր կյանքի տերն է․ ամբողջ բնությունը քոնն է, դու բնության մի մասը․ ուրուրը չի՛ համարձակվում իջնել նրանց մեջ, ձագերը խլել, կանանց վախեցնել։ Կոշտ֊կոպիտ աղան այսպես չի՛ գալիս դանակը ձեռքին, բռնում֊մորթոտում յուրաքանչյուրին։
— Իսկ ինչպե՞ս գնալ այդ երկիրը,— հարցրեց մի աքաղաղ։
— Դրանից հեշտ բան չկա,— պատասխանեց նորեկը,— ահա՛, տեսնո՞ւմ եք այդ գետակը․ ես ձեզ կառաջնորդեմ․ կընկնենք դրա ջրերի մեջ, հոսանքը մեզ կտանի մի տեղ կհասցնի և եթե այդ երկրներին չենք հասնիլ, գոնե ազատ կապրենք և շրջափակից ու մորթվելուց հեռու կլինենք։
— Իսկ եթե խեղդվե՞նք։
― Ի՞նչ կա․ չէ՞ որ մի օր այստեղ անպատճառ պիտի մորթեն մեզ․ ավելի լավ չէ՞ փորձել ազատվելու և մեռնել ազատ։ Բայց գուցե հոսանքը մեզ տակովը կանի, գուցե մի ցամաք տեղ հասնենք. թո՛ղ լինի օտար տեղ, բայց հեռու այս գերությունից․․․
Ասաց, լռեց և նայեց բոլորին։
Հավերն ամենքը լուռ էին։ Նրանցում զարթնում էր երազելու, լավ օրեր ցանկալու ընդունակությունը։ Իրավ, ի՜նչ լավ կլիներ դուրս գնալ հեռու, շատ հեռու, ազատ լինել, ազա՜տ ապրել։
Ողջ գիշերը քնել չկարողացան․ ջղային դրության մեջ էին․ գետակին էին նայում, միմյանց հետ խորհում ու վիճում։
Բայց աղան գիշերը լսել էր նրանց կչկչոցը և անհանգստությամբ ելել էր դիտելու։
― Այս ի՞նչ է,— զարմանում էր նա,— հավերս անհանգիստ են․ այդ օտար և վայրենի աքաղաղը փորձանք է բերելու գլխիս. շա՛տ են ժողովվում նրա շուրջը․․․ Չէ՛, վաղն ևեթ նրան պիտի հեռացնել այստեղից։
Լուսադեմին մոտ՝ օտար աքաղաղը հանկարծ վեր թռավ, կուկուրիկու ձայնեց, հավերին շուրջը ժողովեց և գոչեց․
— Գնա՛նք ուրեմն, եղբայրներ, ժամանակն է, հետևեցեք ինձ և ազատվենք գերությունից․․․
Ապա ոստնեց ցանկորմի վրա, ցած նետեց իրեն, վազեց, համարձակ գետակը մտավ, խրախուսեց հետևողներին, կանչեց և հոսանքի մեջ ընկավ։
Մի քանի հավեր և աքաղաղներ հետևեցին նրան ու ջուրը մտան։ Երկուսը, տեսնելով հոսանքի պտույտը, ահաբեկ ետ դարձան, մեկը քարացավ վախից և կանգնած մնաց ջրի եզերքին, մի ուրիշն էլ չկարողանալով սրտապինդ մնալ― խեղդվեց. իսկ օտար աքաղաղն ու տասի չափ գերիներից քաջաբար տվին իրենց հոսանքի ընթացքին և շուտով անհետացան մյուսների աչքերից․․․
Անցան շատ օրեր։ Աղան գուշակեց բանն ինչումն էր․ բարկացավ, կատաղեց ցանկապատից դուրս եկող, բայց վարանողներին իսկույն մորթոտեց, ուշադրությամբ զննելով՝ կասկածավորներին գաղութից զատեց՝ սպանեց, մի քանիսին էլ առանձին փակեց։ Ապստամբությունն այդպիսով խեղդել մտածեց։ Մյուս կողմից էլ մնացողների կուտը ավելացրեց և եթե նրանցից մեկին մորթել էր կամենում, այլևս մյուսների առաջ չէր գործում, այլ առանձին, որ տեսնողների մեջ հուզում չառաջացնի։
Մի խոսքով, ամեն ջանք ի գործ դրեց և օտար աքաղաղի թողած ազդեցությունը ոչնչացնել աշխատեց։
Գաղութը քիչ-քիչ սկսեց հանդարտել։ Այլևս վախվխելով և անկյուններում էին խոսում հավերը օտար աքաղաղի և նրա հետ խուսափած ընկերների մասին։ Եղան շատերն էլ, որոնք հաստատում էին, թե ազատվողները անշո՛ւշտ խեղդված կամ կորսված պիտի լինեին և կամ եթե հասած լինեին որևէ տեղ — անոթությունից պիտի կորսվեին։
Բայց մի օր ահա թե ի՛նչ պատահեց։ Երեկոյան դեմ էր․․․ գաղութի մեջ բոլորը խումբ առ խումբ հավաքված կուտ էին ուտում և զվարթորեն խոսակցում, երբ օդի մեջ լսվեց մի շշուկ, հետո հանկարծ երևաց մի մեծ ուրուր, համարձակ սլացավ, հափշտակեց մի գեր վառեկ, չնայելով հավերի և աքաղաղների ճիչերին, նրանց վազվզելուն, կանգ առավ մի թառի վրա և հեգնորեն սկսեց նայել նրանց։
― Հը՞, ի՞նչ է․․․— ձայնեց նա սարսափած թռչուններին,― վաղուց է, որ ինձ չէիք տեսել, չէ՞, կարծում էիք, թե այլևս ազատվել էի՞ք իմ ձեռքից… Երևի զարմացաք, որ հանդգնեցի ցած իջնեի ձեր որդիներից մեկին հափշտակել և այժմ էլ այստեղ, ձեր մեջ կանգնած, ծիծաղում եմ ձեզ վրա։ Ողորմելիներ։ Մի՞թե կարծում եք, թե չգիտեմ ինչեր են անցել այստեղ։ Չէ՞ որ այլևս չկան, ո՛չ այն օտար քաջ աքաղաղը, և ո՛չ էլ ձեր, եթե ոչ քաջ, գոնե սրտոտ ընկերները…
Միամիտ եղեք, ես նրանց տեսա։ Եվ ա՛յդ էր պատճառը, որ իջա ձեզ մոտ և այսուհետև ամեն օր կտեսնեք ինձ։ Այսուհետև օրը մի վառեկ, իսկ երբեմն էլ, եթե շատ քաղցած լինեմ, երկու վառեկ իմն է։ Ձեր աղան ձեզ լա՛վ է չաղացրել, որ լավ էլ ուտի։ Ես ընկերանում եմ նրան վերջինի մեջ․ միասին կուտենք ձեզ․․․ Ապա՞ թե մեկն ու մեկդ սիրտ անեք ինձ վրա հարձակվելու, հա՛, հա՛, հա՛,― քրքջաց նա չարությամբ, ― չէ՞ որ բոլորդ ողորմելի վախկոտներ եք։ Այ, ինչպես դողում եք․ չէ՞ որ ձեր քաջերն ու այն օտար հանդուգնը այնտեղ հեռու են այժմ, ազատ և այլևս չեք տեսնիլ դուք նրանց։
Այո, պարոններ, տեսա ես․ մի սքանչելի լեռան վրա են, ազատ օդի մեջ բույն են դրել և ապրում են․ ո՛չ ուրուր կարող է մոտ գնալ և ո՛չ էլ աղա․ մինչդեռ դուք, որ այդքան «խելոք» գտնվեցիք, այսուհետև երկու ուտող կունենաք,— ես և աղան․․․ Դեհ, մնաք բարև, էլի խելոք եղեք, միշտ այդպես խելոք․․․
Ասաց, մեկ էլ ծիծաղեց, բաց արավ թևերը և սարսափից սառած գաղութի միջից բարձրանալով՝ հեռացավ իր որսի հետ։
Նույն գիշեր ոչ ոք չքնեց։ Ոչ ոք կուտ չկերավ․ ամենքը խոսում էին ուրուրի պատմածների մասին։ Մի քանի աքաղաղներ ու հավեր իսկույն միացան և ողջ գիշեր դատելուց, մտածելուց ու վիճելուց հետո մյուս առավոտ տասը հոգի դուրս ոստնեցին և մյուսների աչքի առաջ ջրի մեջ ընկնելով՝ անհետացան․․․
Աղան սարսափեց, տեսավ, որ տասը հոգի էլ խուսափել էին։
— Անիծյալ օտար աքաղաղ,— գոչեց նա։ Եվ վճռեց մորթոտել կամ հեռացնել գաղութից բոլոր նրանց, որոնք բռնվելիս և կամ իր ներկայությամբ՝ ավելի հանդուգն էին երևում։
Բայց թե՛ այդ սարսափի միջոցը և թե՛ ուրուրի ամենօրյա այցելությունը, փոխանակ մեռցնելու վտանգավոր մտքերը, ավելի գրգռեց և քիչ օրից հետո հինգ հոգի ևս փախան։
Մնացածներն էլ գրգռված, խումբ առ խումբ հավաքվում էին ամեն կողմ, հաճախ աղայի դեմ ցույցեր էին անում և աղան ստիպված էր ամեն անգամ մեկին կամ մյուսին զատել, ոտները կապած հեռացնել գաղութից, մորթոտել, աքսորել։
Այդ դրությունն աղային մշտատև մտատանջության պատճառ դարձավ այնուհետև։ Ի՞նչ անել. օտար աքաղաղի թողած ազդեցությունն ի՞նչպես ոչնչացնել, արմատախիլ անել։
Եվ գիտեք ի՞նչ արավ։
Մի օր նրան այցելության եկած հավերի բնավորությունը լավ հասկացող մի ուրիշ աղա և երբ լսեց իր պաշտոնակցի գանգատը, ծիծաղեց ու ասաց.
― Երևում է, ընկեր, որ հավերին լավ չես ճանաչում։ Իմ գաղութն էլ, չգիտեմ ինչպես, ենթարկվեց վտանգավոր մտքերի ազդեցությանը, բայց ես շուտով կարողացա առաջն առնել… Հավերդ կարդալ գիտե՞ն։
— Կան գիտցողներ էլ։
― Շատ լավ. բայց շատ չկարդան․ հաճախ գրքերն են ներս բերում այդպիսի մտքերը… Նախ, նրանցից, այդ քո հավերից, մի քանի ամենաազդեցիկներին և հանդուգններին շնորհիր առանձին արտոնություններ․ օրինակ, պաշտոններ հիմնիր, մեկի վզից մի ժապավեն կախիր, մյուսի ոտքիցը՝ բոժոժ, երրորդի կատարը ոսկեզօծիր․․․ Այս այսպես։ Հետո, նրանց վերակացու նշանակիր մյուսների վրա. ամենաազդեցիկին՝ ընդհանուր կառավարիչ, նրանցից պակասներին՝ ոստիկաններ, ավելի պակաս ազդեցիկներին՝ տիտղոսներ շնորհիր, իսկ ամենաճարպիկներից հիմնիր մի գաղտնի, վերահսկող մասնախումբ և մի մոռանալ, այդ բոլորին էլ զանազան նշաններով պատվիր, որոշի՛ր մյուսներից ու մանավանդ ավելի լավ կերակրիր, եթե տեսնես, որ կսկսեն հափշտակել հպատակներից՝ մատների միջոցով նայիր, ա՛չք խփիր․․․ Դու երևի ինձ հասկանում ես։
Աղան սքանչացումով սեղմեց իր ընկերոջ ձեռքը և մյուս օրն ևեթ գործադրեց նրա խորհուրդը։
Պիտի ասել, որ ճարպիկությամբ ձեռնարկեց գործի։
Նախ, բռնվածներից ամեն ահանդուգնի վզից կապեց մի փայլուն գույնզգույն ժապավեն, ոտներից էլ՝ մի-մի հնչեղ բոժոժ. հետո լավ կուտ տվավ, խոստացավ միշտ այդպես կերակրել և կառավարիչ կարգեց նրան մյուսների վրա։
Ապա սահմանեց աստիճանավորներ՝ առանձին արտոնություններով, և այդպես, լիովին հետևեց ստացած խորհրդին։
Սկզբում ամբողջ գաղութը զարմացած էր․ նոր պաշտոնյաները չէին հասկանում։ Հետո, իշխելու, ընկերներից հարգանք ու հնազանդություն ստանալու փափագը զարթնեց նրանց մեջ և հուսկ ուրեմն, նրանք սկսեցին իրենց սեփականացնել բաշխվող կուտի ամենալավ մասը, պատժել՝ ում կամենալ, սաստել, խլել՝ ո՛ւմ փափագել. և չէր անցել մի քանի ամիս, որ գաղութը ո՛չ միայն լիովին հանդարտվեց, այլև ամենից ազատ ու հանդուգն մտածողները դարձան ամենից բռնավոր իշխողներ, գրողին տվին ազատ մտքերն ու իդեալները և մինչ իսկ սկսեցին ծաղրո՛վ հիշատակել օտար աքաղաղի և փախած ընկերների մասին․․․
Դրա վրա ավելացրեք և ա՛յն, որ մի օր, աղայի հրամանով և նոր պաշտոնյաների համաձայնությամբ, մի թուղթ կախվեց գաղութի մեջ, որի վրա գրված էր այսպես․
«Չհամարձակվե՛լ ազատության մասին մտածելու․ այդպիսին մյուսներից ավելի շուտ կմորթվի․․․»։
— Չհամարձակվե՛լ․․․— ճչացին պաշտոնյա աքաղաղները,— թե չէ՝ մյուսներից ավելի շուտ կմորթվեք։
Եվ խելոք աքաղաղները, երբ կարդացին այդ, բարվոք համարեցին ավելի ուշ մորթվելը՝ ազատության փոխարեն որպես իդեալ ընդունել, և այնուհետև էլ ո՛չ ոք չհամարձակվեց ազատության մասին երազել․․․
Ախ դուք խելո՛ք, խելո՛ք աքաղաղներ․․․