Խմոր ուտող էրեխեն
31. ԽՄՈՐ ՈՒՏՈՂ ԷՐԵԽԵՆ
Ըլնում ա չիլնում մի կնիկ: Էդ կնիկը ունենում ա մի տղա, մի աղջիկ, տղեն ըսենց տասը-տասնըհինգ տարեկան, աղջիկն էլ հլա ծծի էրեխա ա ըլնում:
Օրեն մի օրը էդ կնիկը հաց թխելիս ա ըլնում: Բերում ա էդ ծծի էրեխին օրորոցումը քուն դնում, եննա իրա բանին կենում: Տղեն էլ դե՝ եքա տղա, մորը՛ օգտում էր՝ գունտ էր կրում, ցախ էր բերում թունդիրը վառում, մախլասի՝ մոր աղաքին բան էր անում: Էս տղեն ա՝ մըն էլ որ էթում ա գունտ բերելու, տենում ա ի՜նչ իրանց ծծի էրեխեն հրեն ուսուլով օրորոցիցը վեր էկավ, գնաց խմորի գնտերից մինը կերավ, էլ եդ գնաց մտավ օրորոցը։ Էս որ տենում ա, մնում ա զարմացած, թե էրեխեն էլ խմոր կուտի։
Գալիս ա մորը նաղլ անում.– Ա՛ղի,— ասում ա,— բա չես ասի՝ ըսե՚նց, ըսե՚նց բան, մեր էրեխեն օրորոցիցը վեր էկավ, խմորի գնտերից մինը կերավ, էլ եդ գնաց մտավ օրորոցը:
— Չէ՛, — ասում ա մերը,— դու էլ ընե՜նց սուտ ես ասում, որ «էշն ախոռումը կզռա». ծծի էրեխեն էլ գո՜ւնտ կուտի։
— Չես ավատում,— ասում ա տղեն,— բո՚ւսուն քաշա, տե՛ս դրուստ եմ ասում, թե չէ:
Սա՝ հա՛, նա՝ չէ՛, սա՝ հա՛, նա՝ չէ՛, մախլաս՝ ի՛նչ անում ա, չի անում՝ մորը չի կարում ավատացնի։ Տղեն էլի էթում ա գունտ բերելու, էլի տենում ա էն էրեխեն օրորոցիցը վեր էկավ, գնաց խմորի գնտերից մինը կերավ, էլ եդ գնաց մտավ օրորոցը։ Էլի գալիս ա մորն ասում, էլի մերը չի ավատում, հլա տղի վրեն բարկանում էլ ա: Մի՛ն, է՛րկու, հի՛նգ, տա՛սը, քանի տենում ա՝ գալիս ա մորն ասում ա, համա մերը տղին անկաջ չի անում:
Էդ տղեն ա՝ տենում ա, որ մերը իրա ասածը բանի տեղ չի դնում, ինքն իրան միտք ա անում․ «Ա՛ղպեր,— ասում ա,– էս ծծի էրեխեն հմիկուց որ խմոր ա ուտում, մենծանա, ո՛վ գիտա, մըղ էլ ուտի. պտի աղաքուց. ես իմ գլխի ճարը տենամ»։
Էթում ա մի քանի հաց վեր ունում ու յա՜լլա՝ դռնե դուս. գլուխը առնում, անսաս էթում։ Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի՛ օր, է՛րկու օր, ի՛րեք օր, մախլասի՝ մի շաբաթ, գշեր, ցերեկ գալիս ա՝ մի սարի ա ռաստ գալի: Վարավուրդ ա անում, տենում՝ էդ սարի դոշին հրենիկ մի սուրու ոչխար, դե՛ս ա մտիկ տալի, դե՛ն ա մտիկ տալի, տենում ա ո՛նչ չոբան կա, ո՛նչ զադ։ Մնում ա միտք անելոն, թե էս ի՛նչ բաս ա, էս սուրու ոչխարը խի՜ ա անտեր-անտիրական ըստե արածում։
«Կա, չկա,— ասում ա,— ըստե մի բան կա. պտի ընչանք իրիկուն ըստե կենամ, տենամ էս ոչխարը ո՞ւր ա էթում, ես էլ հեննեն էթամ»:
Մնում ա ընչանք իրիկուն. մութը գետինը կոխում ա թե չէ, տենում ա հրես սարը ճղվեց, թաց էլավ ու եդ սուրու ոչխարը ինքն իրան գնաց, մտավ մեջը։ Տղեն էս որ տենում ա, ինքն էլ ուսուլով ոչխարի հեննա մննում ա նեքսև։ Ոչխարը որ քոմմա մննում ա, սարը էլ եդ խփվում ա, կալնվում:
Էս տղեն մննում ա սարի մեջը, ի՜նչ տենում՝ լա՛վ֊լա՛վ տներ, լա՛վ֊լա՛վ օթախներ, լա՛վ֊լա՛վ ամարաթներ, տո՛ւն, տե՛ղ, գո՛մ, մա՛րագ, մախլաս՝ ի՛նչ ասես կա. մի մարդ, մի կնիկ էլ էդ օթախների միջին, որ էրկսի աչքերն էլ հանած ա, ո՛ր ասես, զադ չեն տենում։ Էդ կնիկը դուս ա գալի ոչխարի աղաքը, քշում, տանում անում գոմը, եննա մաթրաթը վեր ա ունում, էթում ոչխարը կթում, մաթրաթը պըռտեպռունդ լքցնում, բերում։ Մարդ ու կնիկ էդ մաթրաթ կաթը լավ֊լազաթին փրթում են, գթալներն առնում, ընկնում նրա ջանին։ Տղեն էս որ տենում ա, ուրախանում, աշխարով մին ա ըլնում, զաթի ինքն էլ սոված, նըխտից ընկել էր, մի դհիցն էլ նա ա վրա պրծնում կաթին։ Մարդ ու կնիկ սազ մաթրաթը դարտկում են, չեն կշտանում: Կնիկն էթում ա թազադան կթում, բերում: Ըս էլ են ուտում, էլի չեն կշտանում: Մնում են արմացած․ աղաք մի մաթրաթ ին ուտում, կշտանում ին, հմի էրկու մաթրաթ կերան, էլի սոված մնացին: Ալբիալը սայմիշ են ըլնում:
– Կա, չկա,— ասում են,— ըստե իսանաորդի կա, որ մեր փայիցն ուտում ա, չենք տենում։ Ի՞նս ես, ջի՞նս ես, ջանավար ես,– ասում են,– ձե՛ն հանա:
Տղեն էս որ լսում ա, նոր աբշա ա ընկնում, ընդիան ձեն տալի.— Հողա՛ծին եմ,— ասում ա,— ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց էկել եմ, ընկե ըստե, ա՜սսու սիրուն,— ասում ա,— մի տեղ տվեք սթար անեմ, կշտներիդ մնամ, ես ըլնեմ ձեզ ո՛րդի, դուք ինձ՝ հերնըմեր:
Նստում ա մին-մին, տեղը֊տեղին նաղլ անում իրա գխով անցկացածը, ոնց որ ես ձեզ նաղլ արի։
— Լա՛վ,— ասում են էդ քոռերը,— ղա՛բուլ ենք: Դե որ ըտենց ա, էս ոչխարը քեզ ենք պահ տալի, առավոտները սարը կբացվի՝ կտանես հանդը, կարածացնես, իրիկները էլ եդ կքշես, կբերես: Մեզանից քեզ ամանաթ,— ասում են,— էս սարի վրեն ո՛ւր ուզում ես գնա, ի՛նչ ուզում ես արա՝ ձեն, ծպտոն հանող չիլնի, համա ֆլա՛ն սարը չէ թաս, ընդե սատանեք կան, գլուխդ փորձանք կգա. հրես տենում ես՝ մեր աչքերն էլ էն սատանեքն են հանե: Էդ հո էդ․ ֆլա՛ն տեղումը, ֆլա՛ն սարումն էլ մի Ասլան կա, ընդե էլ չէ՚թաս, թե չէ Ասլանը քեզ կքրքրի, մենծ թիքեն անկաջդ կթողա:
— Ա՛չքիս վրեն,— ասում ա տղեն,— որ ասում եք՝ չեմ էթա:
Էս տղեն մնում ա դրանց կշտին․ ասսու իրան օրը առավոտը գշերով-գշերհանա վեր էր կենում, ոչխարը աղաք անում, սարը բացվում էր, քշում էր հանդը, արածացնում, իրիկունը, որ մութը գետինը կոխում էր, էլ եդ քշում էր, բերում տուն:
Ըսենց մի՛ն, է՛րկու, հի՛նգ, տա՛սը, մի՛ օր, է՛րկո՛ւ օր, ի՛րեք օր, մի՛ շաբաթ, է՛րկու շաբաթ, ի՛րեք շաբաթ, մախլասի՝ մի ամիս, օրեն մի օրը ինքն իրան միտք ա անում. «Հերնըմերս,— ասում ա,— ինձ թամբահ են արե, որ ֆլա՛ն սարը չէթամ, ընդե սատանեք կան, գլուխս փորձանք կգա: Ի՛նչ ըլնում ա ըլնի,— ասում ա,— պտի էթամ, տենամ ընդե ի՛նչ կա, ի՛նչ չկա»:
Ասում ա, ոչխարը քշում դպա էն սարը: Գալիս ա ի՜նչ տենում. հրենիկ սատանեքը կիտվել են, մի գերանի վրեն ջերկուն նստոտե։ Էս որ տենում ա՝ տղի թուք ու մուքը կպնում ա, քիչ ա մնում լեղաճաք ըլնի։
— Ա՛յ տղա,— ձեն են տալիս սատանեքը,— ա՛րի էս գերանը ճղա՛:
Տղեն մոտանում ա, տենում սատանեքը ուզում են էդ գերանը ճղի, համա չեն կարում։
— Ըտենց ո՜նց կըլնի,— ասում ա տղեն,— սեպ բերեք որ ճղեմ:
— Մեզ ո՜րդիան ա սեպ,— ասում են սատանեքը։
Տղեն բերում ա կացնով տալի, գերանը մխելի տեղ ճղում, եննա ասում ա.— Որ սեպ չունեք, բերեք ձեռքներդ դրեք էս գերանի արանքը, կացնով տամ, ալբիալը կճղվի:
— Լա՛վ,— ասում են սատանեքը։
Բերում են ձեռները դնում գերանի արանքը։ Տղեն կացինը որ չի հանում, քոմմըքի ձեռն էլ մնում ա գերանի արանքին։ Նոր քաշում ա կացինը էդ սատանեքանցը քոմմըքին էլ կոտորում, շանսատակ անում, թողում։ Մենակ մի չոլախ սատանա ա պրծնում դրա ձեռիցը, էդ սատանեն որ տենում ա ընկերտինքը սատկեցին, գլուխն առնում ա փախնում։ Տղեն կացինը վեր ա ունում, ընկնում դրա եդևիցը։
Վազում ա, վազում ա, վազում ա՝ հասնում ա էդ սատանին. ուզում ա կացնով տա, տեղն ու տեղը չըղնամիշ անի, սատկացնի, նա աղաչանք, պաղատանք ա անում.— Ա՛ղպեր,— ասում ա,— ինձ մի սըպանի, ես էլ քեզ մի լավություն կանեմ։ Քու հորնըմոր աչքերը,— ասում ա,— մենք ենք հանե, հրես իմ ձեռին ա, ուզում ես տամ, թաքիլան ինձ ձեռը չտաս։
— Լա՛վ,— ասում ա տղեն,— բե տո՛ւ, ձեռը չեմ տա։
Էդ չոլախ սատանեն ձեռը տանում ա ջեբը, նրա հորնըմոր աչքերը հանում, տալի նրան։
— Ա՛ռ,— ասում ա,— էս հորդ ալքերը, ըս էլ մորդ աչքերը։
Բերում ա տղին մի բմբուլ տալի։— Ա՛ռ,— ասում ա,— էս բմբուլը, աչքերը որ կդնես իրանց տեղը, եննա էս բմբուլը ջրի միջին թաց կանես, կքսես ալքերին. քսելու բաշտան աչքերը կլավանան։
Էս տղեն ա՝ աչքերը առնում ա, դնում ջեբը, սատանի հեննա մնաս բարով անում, վե կենում ոչխարը աղաք անում, քշում։ Քշում ա, քշում ա, մութը որ կոխում ա գետինը, հասնում ա էն սարը։
Սարը բացվում ա, ոչխարը նեքսև ա անում, սարը էլ եդ կալնվում ա: Էդ մայիֆ մարդ ու կնիկը որ իմանում են տղեն էկավ, ուրախանում, աշխարով մին են ըլնում։
— Հը՛, ա՛յ տղա,— ասում են,— ըսկի ի՞նչ կա, ի՞նչ չկա, մենք քեզանից նիգյարան ինք, հո էն սարը չգնա՞ցիր:
— Ո՚նց չէ,— ասում ա տղեն,— գնացի, էն սատանեքանց հախիցը էկա, քոմմըքին էլ սատկացրի, ձեր ինադը հանեցի նրանցից. հրես էրկսիդ աչքերն էլ բերել եմ:
Բերում ա աչքերը գնում իրանց տեղը. սաղացնում, ոնց որ պետքն ա դրստում, եննա հանում ա բմբուլը ջրի միջին թաց անում, քսում նրանց աչքերին։ Քսում ա թե չէ, աչքները բացվում ա, տենում են:
— Զորա՜նաս, ա՛յ որդի,— ասում են,— դու որ մեզ էս լավությունը արիր, սրա տակիցը մենք ո՞նց պտի դուս գանք:
— Շա՜տ մենծ բան ա,— ասում ա աղեն,— էսքամ վախտ ձեր տանը կենում եմ, ձեր հացն ուտում, ձեր ջուրը խմում, ի՛նչ կըլնի, որ ես էլ մի օր ձեր հավարին հասնեմ։
— Ա՛յ որդի,— ասում են,— էս հետ որ անփորձանք էն սատանեքանց ձեռիցը պրծար, սաղ-սալամաթ եդ էկար, ըստուց դենը քեզ մուղաթ կաց, էն Ասլանի սարը չէթաս հա՜, թե չէ քեզ կքրքրի, ձվիգ-ձվիգ կանի, մենծ թիքեն անկաջդ կթողա։
— Լ՛ավ,— ասում ա տղեն,— որ ասում եք՝ չեմ էթա:
Հաց են ուտում, պրծնում, թեք են ընկնում քնում։ Առավոտը լիսը բացվում ա, տղեն էլի ոչխարը աղաք ա անում, քշում տանում հանդը արածացնելու։
Էթում ա, էթում ա, էթում շատն ու քիչն աստոծ գիտա, ճամփին ինքն իրան միտք ա անում. «Ի՛նչ կըլնի, կըլնի,— ասում ա,— ա՛րի հմի էլ էթամ էն մի սարը, տենամ ընդե ի՛նչ կա, ի՛նչ չկա»:
Ասում ա, տալի սնուռն անց կենում, ոչխարը քշում էն սարը: Էթում ա ի՜նչ տենում՝ Ասլանի ձենը սաղ աշխարքը վեր ա կալե, ընե՜նց մի ձեն ա հանում, ընե՜նց մի ձեն ա հանում, որ աստոծ փրկի, ազատի. դու մի ասի, էդ Ասլանը ցավում ա:
Ասլանը էս տղին որ տենում ա, ձեն ա տալի.— Ի՛նս ես, ջի՛նս ես, ջանա՛վար ես՝ ձե՛ն հանա, ինձ էս նեղ տեղիցը աղա՛տա․ հրես ցավում եմ, քանի ճուտ բերեմ, հալալ կես անեմ հեննեդ. էրկուսը ըլնի, մինը՝ ինձ, մինը՝ քեզ, չորսը ըլնի, էրկուսը՝ քեզ, էրկուսը՝ ինձ. ղաբո՞ւլ ես։
— Ղա՛բուլ եմ,— ասում ա տղեն։
Էթում ա Ասլանի աղաքին չոքում, նրան ազատում։ Էդ Ասլանը չորս ճուտ ա բերում։ Ասլանը էրկուսը ինքն ա վեր ունում, էրկուսը տալի էդ տղին։
— Տա՛ր,— ասում ա Ասլանը,— դու որ ինձ էս նեղ տեղիցը ազատեցիր, տա՛ր, մորդ կաթի նման քեզ հալալ ա։
Էդ տղեն ա՝ Ասլանի ճուտերը վեր ա ունում, ոչխարը աղաք անում, գալի տուն։ Սարը ճղվում ա, բաց ըլնում, տղեն ոչխարը անում ա նեքսև։
— Հը՛,— հարցնում են էն մարդ ու կնիկը,— խի՞ էսքամ եղացար:
— Բա՛ չեք ասի,— ասում ա,— ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան, ֆլա՛ն Ասլանին ազատեցի, էս էրկու ճուտն էլ ինձ փեշքաշ արեց:
Էդ տղեն ա՝ բերում ա Ասլանի ճուտերը իրա կշտին պահում։ Քանի պուճուր ին, դրանց կաթ ա ուտացնում, որ մի քիչ մենծանամ, զնջլով կապոտում ա, որ չփախնեն։ Մնի անումը Ասլան ա դնում, մեկելինը՝ Ղափլան:
Անց ա կենում ըսենց մի քանի վախտ՝ մի՛ ամիս, է՛րկո՛ւ ամիս, ի՛րեք ամիս, մախլասի՝ վեց ամիս, օրեն մի օրը էս տղեն միտք ա անում. «Էթամ մեր երկիրը,— ասում ա,— տենամ ի՛նչ կա, ինչ չկա, մերս ո՞նց ա, ի՞նչ ա անում, սաղ-սալամա՞թ ա, թե չէ»:
Գալիս ա էդ մարդ ու կնկա կուշտը:
— Ուզում եմ էթամ մեր երկիրը,— ասում ա,— ի՞նչ կասեք. իզին կտաք՝ կէթամ, թե չէ, հո չէ։
— Դո՛ւ գիտաս, ա՛յ որդի,— ասում են էն մարդ ու կնիկը,— սիրտդ ուզում ա՝ գնա՛, ի՛նչ պտի ասենք:
— Բա՛ս որ ըտենց ա,— ասում ա,— կէթամ: Ինձանից ձեզ ամանաթ, իմ Ասլան֊Ղափլանին լավ մուղաթ կկենաք ընչանք իմ գալը, բան ա, թե տենաք չարչարվում են, տեղները դինջ չեն կենում, ուզում են փախնի՝ իմաց կացեք նեղ տեղ եմ, բաց թողեք գան, հավարիս հասնեն։
— Լա՛վ,— ասում են էն մարդ ու կնիկը,— արխեին կաց, ոնց որ ասեցիր, ընենց էլ կանենք:
Էս տղեն ա՝ ճամփի թադարեք ա տենում, յարաղ-ասպարը կապում, նիլնում ձին՝ յա՜լլա։ Գալիս ա, գալիս ա, գալիս ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի՛ օր, է՛րկու օր, ի՛րեք օր, ճամփի կեսը որ գալիս ա, ըտե մի սարի գլխի մի ջուխտ մում ա վառում, տալի անց կենում։ Գալիս ա, գալի, հասնում ա իրանց երկիրը։ Գալիս ա ի՜նչ տենում՝ իրանց երկիրը սաղ բրիջակ ա դառե, որ ասես, մարդ-մադաթ չկա: Էթում ա իրանց տունը․ ձին դռանը կապում ա, ինքը մննում նեքսև, տենում ա ո՛նչ մեր կա, ո՛նչ զադ, մենակ քիրը ընդե նստել ա, աչքերն էլ ճրաքի նման լիս ա տալի։ Էս որ չի տենում, մնում է սառած մտիկ անելոն։
Քիրը որ աղպորը տենում ա, վազում է փաթթվում ճտովը:
— Քի՜րը չարդ տանի, ա՛ղպեր ջան,— ասում ա,— բարո՜վ, հա՜զար բարին ես էկե, ո՞նց ես, լա՞վ ես. էս ո՞ւր իր էսքամ վախտ։
— Ա՛ղպերը քեզ մատաղ,— ասում ա,— գնացել ի ղարբություն. հմի էկել եմ քեզանից կարոտս առնեմ, էլի վե կենամ էթամ։
— Ա՛ղպեր ջան,— ասում ա,— ո՞տով ես էկե, թե ձիով։
— Ձիով եմ էկե,— ասում ա։
Քիրը էս որ լսում ա, ալբիալը դուս ա գալի դուռը, տենում ձին ընդե կապած ա։ Վրա ա պրծնում ձիու մի ոտը կուլ տալի։
Եննա գալիս ա հարցնում.— Ա՛ղպեր ջան, իրեք ոննանի ձիո՞վ ես էկե։
— Հա՛,— ասում ա,— իրեք ոննանի ձիով եմ էկե։
Քիրը դուս ա գալի ձիու մի ոտն էլ ա ուտում, գալի հարցնում.— Ա՛ղպեր ջան, էրկու ոննանի ձիո՞վ ես էկե։
— Հա՛,— ասում ա,— էրկու ոննանի ձիով եմ էկե։
Քիրը դուս ա գալի ձիու մի ոտն էլ ա ուտում, գալի հարցնում.— Ա՛ղպեր ջան, մի ոննանի ձիո՞վ ես էկե։
— Հա ,— ասում ա,— մի ոննանի ձիով եմ էկե։
Քիրը դուս ա գալի ձիու մի ոտն էլ ա կուլ տալի, գալի հարցնում.— Ա՛ղպեր ջան, քու ձին ո՞ններ չուներ։
— Հա՛,— ասում ա,— չուներ, փորսող ա էկե։
Քիրը էս խոսքի վրեն էթում ա ձին սաղ ուտում, պրծնում, եննա գալիս ա հարցնում.— Աղպեր ջան, փիադա՞ ես էկե։
— Հա՛,— ասում ա,— փիադա եմ էկե։
— Ա՛ղպեր ջան, բա՛ս որ ըտենց ա, կաց էթամ ձու բերեմ, ձվաձեղ անեմ, կե՛։
Քիրը թողում ա դուս գալի։ Էդ աղջիկը քոմմըքին կերել էր, մենակ թողե մի դարբին, որ եբ ուզենա՝ էթա նրա կուշտը, ատամները սրիլ տա։ Սա որ ոտը դուս ա դնում թե չէ, աղպերը վեր ա կենում, փախնում. գլխի ա ընկնում, որ պտի գա իրան էլ ուտի: Մի քիչ մնում ա, քիրը գալիս ա տենում աղպեր չկա։ Դե՛ս աղպեր, դե՛ն աղպեր, ման ա գալի՝ չի գտնում․ դուս ա գալի ընկնում նրա քամակիցը։ Աղպերը վազում ա, քիրը սրա եննուցը։ Աղպերը գալիս ա, գալի, հասնում ա էն սարի գլուխը, որդե մի ջուխտ մում էր վառե. տենում ա էն մմերը դառել են, ասսու հրամանով, էրկու հաստ բարդու ծառ, տենում ա քիչ ա մնում քիրը նրան հասնի, ալբիալը նիլնում ա մի բարդու գլուխը: Քիրը գալիս ա հասնում աղպորը. տենում ա աղպերը նի ա էլե բարդու գլուխը, բերում ա էդ բարդու քոքը կոծում ա, որ վե քցի. կռծում ա, կռծում ա, էնքամ կռծում ա, որ բարդին բարակում ա, քիչ ա մնում վեր ընկնի։ Տղեն էս որ տենում ա, իրան քցում ա էն մի բարդու գլուխը։ Քիրը գալիս ա էդ բարդու քոքն էլ ա կռծում։
Տղեն տենում ա, որ քիչ ա մնում էդ բարդին էլ վե քցի՝ ձեն ա տալի.— Հե՜յ գիդի ի՚մ Ասլան֊Ղա՛փլան, ո՞րդի եք՝ հասե՛ք, ընե՛նց հուպ տվեք, ընե՛նց կուլ տվեք, որ մի պուտ արին կաթա։
Ձեն ա տալի թե չէ, տենում ա հրենիկ գիդիջըղ Ասլան֊Ղափլանը էկան: Գալու բաշտան վրա են պրծնում էդ աղջկանը ընենց հուպ տալի, ընենց կուլ տալի, որ մենակ մի պուտ արին ա կաթում։
Կաթալու բաշտան էդ մի պուտ արինը ասսու հրամանով լիղու էլավ, խոսաց.— Ա՛ղպեր,— ասեց,— ինձ վե կալ կշտիդ պահա, մի նեղ տեղ քեզ պետքը կգամ։
Աղպերը մի պուտ արինը վե կալավ, դրեց քթակի ծալը, Ասլան-Ղափլանի հեննա ընկավ ճամփա։
Էկավ, էկավ, էկավ, շատն ու քիչն աստոծ գիտա, մի՛ օր, է՛րկու օր, ի՛րեք օր, ճամփին մի չոբան ռաստ էկավ։
— Բա՛ր'աջողում, ա՛ղպեր,— ասեց չոբանը,— էդ ո՞ւր ես էթում։
— Բարո՜վ, ասսու հա՜զար բարին,— ասեց տղեն,— էթում եմ մեր երկիրը։
— Արի մի բանի վրեն մարջ գանք,— ասեց,— գտար՝ էս սուրու ոչխարը քեզ, չգտար՝ էդ Ասլան֊Ղափլանը ինձ։ Ղաբո՞ւլ ես։
— Ղա՛բուլ եմ,— ասեց,— ա՛րի մարջ գանք։
— Էս շըվու փետը ընչի՞ ա,— հարցրեց չոբանը։
Տղեն միտք արեց, միտք արեց, միտք արեց, շատ գլխին զոռ տվեց՝ չգտավ։
Էն պուտ արինը քթակի ծալիցը ձեն տվեց.— Ճըռը-ճա՜պկի, ճըռը-ճա՜պկի, ճըռը-ճա՜պկի:
— Ա՛ղպեր, գտար,— ասեց չոբանը,— էս սուրու ոչխարը մորդ կաթի նման քեզ հալալ ա, տա՛ր։
Տղեն էդ սուրու ոչխարը աղաք արեց, քշեց։ Էկավ, էկավ, հասավ էն սարը: Սարը ճղվեց, բաց էլավ, տղեն ոչխարը քշեց, արեց նեքսև: Էն մարդ ու կնիկը սրան որ տեհան, ուրախացան, աշխարով մին էլան։ Նո՛ր տղեն նստեց ըստե մին-մին նաղլ արեց իրա գլխով անցկացածը, ոնց որ ես ձեզ նաղլ արի:
Ինչ քե՜ ֆ, ինչ ուրախությո՜ւն, որ էլ հա՛լ ու հեսաբ չկար:
Նրանք հասան իրա՛նց մուրազին, դուք էլ հասնեք ձե՛ր մուրազին։