Jump to content

Խնամատար/XI

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

պատվում էր յուր ծնողներին, սիրում էր յուր երկու քույրերին, որոնք տարիքով իրանից փոքր էին։ Հարգում ու պատվում էր նա նույնպես և՛ այն վաճառականին, որի մոտ գործակատար էր, խոնարհությամբ կատարում էր նրա պատվերները։ Բայց երբեք նրա խոնարհությունը ստրկության չէր հասնում. նա յուր գործերը կատարում էր ինչպես մի պարտաճանաչ գործակատար, ուրիշ ոչինչ։ Նա ինքնասեր տղա էր և տեղն եկած ժամանակ կարող էր պաշտպանել յուր պատիվը։ Որովհետև նրա հայրը, ծերացած լինելով, ոչնչով չէր պարապում, այս պատճառով ընտանիքի հոգսն ընկել էր որդու վրա։ Հինգ տարի ծառայեց Սմբատը վաճառականի խանութում. նրա չնչին ռոճիկն անբավական էր հինգ հոգուց բաղկացած ընտանիքի գոյությունը պահպանելու համար։ Տեսնելով, որ աղքատությունը շատ է ճնշում, նա յուր հոր համաձայնությամբ, թողեց Շուշին և եկավ Բաքու` այստեղ բախտ որոնելու։ Նա մտավ գործակատար Դոլմազովի մոտ ամսական քառասուն մանեթով։ Յուր համեստ ռոճիկի մի չնչին մասով կեսկուշտ կեսքաղցած ապրում էր ինքն, իսկ մնացյալն ուղարկում ընտանիքին, որի ապահովության խնդիրը նրա միակ հոգսն էր։ Հայրն անդադար գանգատվում էր աղքատության վրա, և Սմբատն, ամեն անգամ նրանից նամակ ստանալիս, քաշվում էր գործարանի մի անկյունն և դառն արտասուք թափում։ Չորս տարի էր, որ նա Դոլմազովի մոտ ծառայում էր միևնույն ռոճիկով։ Վերջին ժամանակ մի քանի անգամ նա խնդրեց Դոլմազովին փոքր-ինչ ավելացնել ռոճիկը, բայց վերջինն ուշադրություն չէր դարձնում։ Իսկ երբ Սմբատը մի անգամ ևս այդ մասին ակնարկեց, Դոլմազովը բարկացավ.

— Եթե մեկ էլ գլուխս ցավեցնես, շորերդ հավաքիր ու կորիր։

Սմբատը լռեց։ Բայց հազիվ անցել էր երկու ամիս այդ օրից, և ահա նույն Դոլմազովը հրավիրում է Սմբատին յուր մոտ և հանկարծ հայտնում, թե այսուհետև նրան ընդունում է յուր առանձին հովանավորության տակ։ Նա առաջարկում է Սմբատին պսակվել Կատերինա Կարլովնայի նման գեղեցկուհու հետ, խոստանում է անկախ ապրուստի միջոց, մագազին և, իբրև ապացույց, տալիս է երեք հատ հարյուրանոց։

Որպիսի՜ բախտավորություն, որպիսի՜ անսպասելի երջանկություն մանուկ հասակից աղքատության դառն լծի տակ ճնշված մի երիտասարդի համար։ Երբ Սմբատն երեք հատ հարյուրանոցները գրպանում դուրս եկավ Դոլմազովի մոտից, հանկարծակի ուրախության բուռն զգացմունքների ներքո միանգամայն շվարված էր։ Նա չէր հավատում, թե այդ բոլորը կատարվում է իրականության մեջ, նրան երազ էր թվում Դոլմազովի առաջարկությունը։ Բայց ի՛նչ երազ, ի՛նչ հրաշք, ահա երեք հատ կանաչ-կարմիրանոցները։ Սմբատը փողոցում անդադար հանում էր հարյուրանոցները, նայում նրանց այս երեսին, այն երեսին, շոշափում, հետո ծալում այս կողմ, այն կողմ և կրկին դնում գրպանը, կրկին հանում ու կրկին նայում և կրկին դնում գրպանը։ Վերջապես, նա հետզհետե ուշքի է գալիս և նրա սիրտը նորից սկսում է բաբախել ուրախությունից։

— Վերջապես, վերջապես, աղքատության քարը միանգամից դեն կգցեմ, — կրկնում էր նա ինքն իրան անդադար։ — Վերջապես, խեղճ ծնողներս ու քույրերս մի լավ օր կտեսնեն։ Կատերինա Կարլովնան... հը՛մ․․․ կարո՞ղ էի, արդյոք, երբևիցե երևակայել, որ այդ գեղեցկուհին իմ ամուսինը պիտի դառնա...

Շարունակ մի շաբաթ Սմբատն ուրախությունից շվարած պտտվում է այս կողմ, այն կողմ, զանաղան բաներ է պատվիրում և այլն։

Վերջապես, հասնում է հարսանիքի երեկոն։ Սմբատը զուգված, զարդարված կանգնած է եկեղեցու սեղանի առջև, Կատերինա Կարլովնայի հետ ձեռք-ձեռքի տված։ Նա ուրախությունից ոտից գլուխ դողում է, նրա սևագույն խոշոր աչքերը փայլում են երջանկության փայլով, նրա սիրտը թրթռում է։ Պսակն ավարտվում է, և Սմբատը թև-թևի տված Կատերինա Կարլովնայի հետ, մտնում է յուր սեփական բնակարանը։ Նրա ուրախությունը սահման չունի, նա ոտքի ձեռքի ընկած թռչում է այս կողմ, այն կողմ, ինքն անձամբ ծառայություններ անում հանդիսականներին։ Նրան թվում է, թե ոչ միայն ինքն է երջանիկ, այլև բոլորն և ամենքն ուրախ են յուր բախտավորությամբ։ Նա տասն անգամ, հարյուր անգամ գլուխ է տալիս Դոլմազովին, անդադար շնորհակալություններ հայտնում յուր բարեսիրտ խնամատարին նրա այդչափ լավությունների փոխարեն։