Jump to content

Խոսարան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

18 6 9

1․ ԽՈՍԱՐԱՆ

Այս օրերս Սամաթիա սույն «լուսարանին» կարևորությունը զգաց և «գործադրեց»)։

Շատ քիչ անգամ տեսնված է զգալ և գործադրել բառերուն համընթացությունը, որուն շարժառիթին վրա ուրիշ միջոցով կը խոսինք։

Սամաթիա սույն հառաջադիմության քայլափոխին մեջ ալ անդրանկության պսակը ընդունեց, Սամաթիա նյութական մոխրին տակ վառ պահեց բարոյական կայծը, և այս օր փլատակաց մեջեն իր հարվածյալ գլուխը վերացած «ԼՈԻՅՍ» կը պոռա․ ստակ կուտա, մինչդեռ հովեն խարխուլ հյուղակին հողե կանթեղը կանուխ կը մարի. կաշխատի, կը հոգնի, կը մսի, կը քրտնի իր զավկին բարոյականը և ապագային վաստրկելու համար։ Վերջապես Սամաթիո թաղը մյուս թաղերեն ավելի ձայն, հուր և ճիգ կարտահայտե և ապագային մեջ ալ դաստիարակ մայրեր կը խոստանա յամոթ մյուս մեծ և հարուստ թաղերուն։ Սամաթիացին զգաց, որ ազգի մը դաստիարակության և հառաջադիմության աղբյուրը կիրթ մոր ստինն Է, զգաց և գործադրեց, աղջկանց վարժարան մը կանգնեց անձնվեր և ազգասեր անձի մը ջանքովն) և ահա այսօր ալ վերածնության տաճարին մեջ ուրիշ լուսեղեն սյուն մ՝ալ կանգնեց:

Խոսարան:

Այս բառը միմիայն եվրոպական թերթերու մեջ գրեթե կը կարդայինք, այս հարկը Սամաթիացին զգաց, այս հարկը Սամաթիացին ունեցավ։

Խոսարանը ազգային խնդրոց քավարան և գաղափարներու կրթարանն Է, հառաջադիմության բաժակ մը, ուր մրուրը հյութեն կը զտվի։

Խոսարանն իր մեջ ապագային նախազգաց ձայներն ունի: Սկզբունքներու ընդհարումը լույս կը ժայթքե. հոն կը սրվին գաղափարները, հոն կը ցրվին սխալ ըմբռնումները, հոն կը փթթին հանճարները, հոն կուղղվին կարծիքները, հոն կը հյուսվին գեղեցիկ միտումները, հոն կը կապվին միտքն ու սիրտը, հոն կարտահայտի լույս և կապ, վերջապես հոն կը կազդուրի ներկայն և հուսադրվի ապագայն:

Լուսավորության կանթեղին յուղը մեր քիրտն Է, եթե մեր հուրը մարի, այն ալ կը մարի:

Ուրեմն աշխատինք, որ քրտնինք, առանց հոգնելու չըզգացվիր այն չափ հանգստյան քաղցրությունը: Սամաթիա Պոլսո արվարձաններուն նախնի Աթենքը եղած է, պետք է որ Պոլսո մյուս թաղերն ալ անոր շավղին հետևին, այլ ընդհակառակը անոնցմե շատերը վարժարանաց ուրիշ կարևոր հարկեր հարելու տեղ, նույն իսկ վարժարաններն ալ անկարգ ու կիսափակ պահելու անփույթ ու մութ վիճակի մը մեջ կը ծըփան. (բարեհույս եմք որ Ամեն. ս. Պատրիարքի) եռանդուն ջանքովը աղքատիկ և անտարբեր թաղերու այս թշվառ կացությունը քիչ ժամանակեն կը կերպարանափոխի): Շատերնիս գրեթե կզգամք, որ խոսարանը վերոհիշյալ հառաջադիմության ջահերը կարտադրե. ուրեմն ինչո՞ւ կը դանդաղինք յուրաքանչյուր թաղի մեջ խոսարաններ բանալու, ո՞վ կարգելե մեզ — ոչ մարգ և ոչ օրեն։

Թատրոնին ծուռ նայեցանք՝ պատճառելով, թե սիրային դեպքեր կը գործադրվին թատերաբեմին վրա և անոր քաղաքակրթական և բարոյական օգուտներուն աչք դոցեցինք է երեսե ձգեցինք բարին ու չարը, արդարն ու անիրավը, վսեմն ու նվաստը և աշխարհային դարձվածքներն և գաղտնիքները մեր առջև պարզող այն գեղեցիկ տեսարանը թողուցինք որ մթագնիք հավիտենական սեր մրմնջող այն սրտաշարժ քնարը թողուցինք որ փոշոտի, թեպետև հոն զգացինք հին գլխո անկումը և նորին վերականգնումը։

Վերջապես այս հարկն ալ փակեցինք կամ քակեցինք։

Պատճա՞ռ։

Վասնզի թատերաբեմին վրա դերասանուհի մը «կը սիրեմ զքեզ» կըսե եղեր։ Խեղճը չէ կարող նշմարել այն արցունքը, զոր այն խոսքին վրա հեղինակը թափած է և արտասանողն ալ կը փղձկի գուցե։

Բայց վերոհիշյալ «բծախնդիր» հին գլուխը «օրթա օյինիի») և ուրիշ խայտառակ ներկայացմանց հանդիսատես կըլլա եղեր — այդ հոդ չէ...

Թատրոնը իրեն չը հաճախելուն երկրորդ պատճառ մ՚ալ ավելցուց հետո՝ ստակ։

Թատրոնը թեպետ ինկավ, բայց նորեն հոգի կառնու), վասն զի իր փլատակին մեջ դեռ լույսը պլպլաց։

Գալով խոսարանին՝ իր բեմին վրա առ այժմ ոչ կին (Բայց կը Փափագինք որ ունենա) և ոչ դրանը, մեջ ստակ ունի (Ավազաղբյուրի մերկ զավակաց նկարագիր) եթե միտքերնիս բերենք, պիտի ըսենք թե այն ստակին վրա, որ արցունք կը կաթե՝ նա սրտի հատոր չէ)։

Ինչո՞ւ ուրեմն մյուս թաղերն ալ չեն շարժիր այս ապահով «լուսաբանին» կառուցմանը ձեռնարկելու փոխանակ գիշերները երեկույթներու և կիրակի օրերը սրճանոցներու մեջ անօգուտ և անգործադրելի առարկություններով և խնդիրներով զբաղելու (խնդիրները եթե ազգային կամ օգտակար ըլլանք ատոր խոսք չունինք)։

Գաղղիո կայսրուհվույն և Ավստրիո կայսեր եկած ատեն ներկայացման խնդիր մը հուզեցինք և այն խնդրույն մեջ չը հաջողելովնիս՝7) ազգին արժնապատվության վնաս մը եղած ըմբռնեցինք, մինչդեռ անգին քյուրտերը մեր եղբայրները հարստահարելով և անոնց սրտաճմլիկ ճիլերը մեզ հասած ատեն անտարբեր կենալով, այս՝ թե մարդկության և թե ազգության արժանապատվությանը վնասող կացության մեջ անհաջող և պարսավելի դեր մը կատարեցինք և դեռ կը կատարենք․

Ասկե կրնա՞նք հետևցնել, թե հայը փառք մը կակնկալեր այն ներկայացմանց մեջ — ոչ այլ կրնանք ըսել, թե հայը դեռ իր արժանապատվության կետերուն լավ վերահասու եղած չէ Խոսարանի մեջ այս և ուրիշ տեսակ խնդիրները կը հուզվին և կը պարզվինք առանց ազգային թերթերուն կարոտելու և հեղինակ մը իր գրածը կարդալով ավելի ազդում և զգացում կը պատճառե։ որչափ ուրիշ մը զայն կարդալով. առաջինը իր ոգին շատերուն կը ներշնչե ու կը ներգործե, իսկ երկրորդը միայն իրեն (այն ալ պակաս)։ Խոսարանը կանոնավոր և համեստ վիճաբանության եմ մը կը ներկայե:

Հրապարակային լավ կամ գեշ խոսք մը արդյունք մը կարտադրե մեկին կամ շատին նկատմամբ։

Խոսարանին մեջ գաղափար մը անդորր կարտահայտիր, այլ կամ պիտի զարնե և կամ պիտի ղարնվի և, ինչպես վերը ըսինք, այս հարվածեն լույս մը պիտի բխի, այս լույսը պիտի ծավալի, այս լույսը պիտի խմորի և մեր գլխուն մեջ կեդրոնանալով, մեր ճակատը զեղուլ և այրել պիտի սկսի, և այն ատեն պիտի ըսենք, թե «մեր գլուխները տկար են այս լույսը զսպելու համար, կամ աշխատիլ հարկ Է և կամ «մեռնիլ», պիտի զգանք, թե մարգ և ազգ ենք, և հարկ Է գործադրել այն բաները, զոր պահանջեն այս երկու մեծ սկզբունքները։ Հոն պիտի սովրինք հավասարություն, ազատ մտածում, ընկերականություն, եղբայրություն, վերջապես բոլոր մահու և կենաց խնդիրները իրենց հետևանքներովը մեր առջև պիտի զտվին և այն ատեն ընտրումնիս ընդհանուր և ազատ պիտի ըլլայ, միատեղ պիտի վիճինք և պիտի վճռենք, վերջապէս, հայը հոն պիտի ամփոփի և պիտի սփոփի։

Լրագիրները խնդիր մը կառաջարկեն և խոսարաններու մեջ նույն խնդիրը կանոնավոր վիճաբանության ենթարկելով կպարզեն և կըգործադրեն:

Լրագրաց միջոցավ ազգօգուտ խնդիրներ շատ առաջարկված կան, բայց միջոց չըլլալուն պատճառավ անզգայության մառախուղին մեջ թավալած ու թաղված են։

Խոսարանը ազգային թե առաջարկության և թե գործադիրության կեդրոնականությունը իր մեջ կպարունակե, և քանի որ հասարակաց կամքը կը հագի, ուրեմն ազգին տարտամ վիճակն ալ կը հանգի։

Կարծեմ մերովսանն կրցանք բավական բացատրել խոսարանին կարևորությունը և արդյունավոր արտադրությունը:

Ուրեմն մյուս ազգային թաղերուն նախանձոտ նայվածքր կը հրավիրեմք8) նախաքայլ Սամաթիո խոսարանաց և հառաջադիմությանը վրա։

Մենք, երիտասարդներ, մենք պիտի հանդիսանանք լուսո դրոշակիրները, թող մեր ալևոր հայրերը ապագային աստղը իրենց կենաց սև կամարին վրա նշմարելով գոնե իջնան այն անցելույն փոսը։ Ինչպես որ մենք մեր հայրերուն նախապաշարյալ գաղափարներուն վրա կը խղճանք, մեր զավակներն ալ մեր գաղափարներուն վրա պիտ խղճան, որոնք դեռ հին գլխո մը մրուրն ու մնացորդն են. սրբենք մեր ճակատը և ծավալենք մտածումնիս հոն, ուր որ կը հասնի։

Ահա մեզի աղքատության մեջ հառաջադիմության միջոց մը, ձեռնարկենք, քանի որ գործադրելի և դյուրամատչելի է։

Պիտի խոսինք՝ ինչ որ կզգանք, պիտի տանք՝ ինչ որ ունինք։

Ինչո՞ւ դանդաղինք այն խնդրոց և ձեռնարկաց մեջ, որ առանց մեր կենաց վնաս մը առթելու՝ մեր և ապագային բարոյական և նյութական կյանքը կապահովեն։

Ուրիշ առթով դեռ կը խոսինք։