Խոսք՝ Հայաստանի անկախության երկրորդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ
ԽՈՍՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
[խմբագրել]Սիրելի հայրենակիցներ եւ հյուրեր,
Այսօր համայն հայությունը տոնում է Հայաստանի անկախության, Հայոց պետականության վերականգնման երկրորդ տարեդարձը։ Տոնում է խառն ապրումներով` հպարտության ու մտահոգության, ձեռքբերման ու կորստի, հույսի ու տագնապի զգացումներով։
Բոլոր այս հակասական ու իրարամերժ ապրումներն էլ լուրջ հիմքեր ունեն, բոլորն էլ արդարացված են։ Անխառն է միայն մեկ զգացում, մեկ վեհ գաղափար. Անկախությունը` որքան էլ դժվարին, որքան էլ տատասկապատ, այնուամենայնիվ նախընտրելի է օտարի թեկուզ ամենահեշտալից լծից. անկախությունն անսակարկելի է։ Միայն, ահա, այս խորախորհուրդ գիտակցությունն է, որ իրականությունը դարձնում է տանելի, իսկ անցյալն` անդառնալի։
Կարծում եմ, ավելորդ է հաշվետվության կարգով թվարկել անկախության երկու տարվա ձեռքբերումներն ու բացթողումները։ Նախ` քա նի որ դրանք հայտնի են բոլորին, երկրորդ` քանի որ պետության կայացման գործում երկու տարին սոսկ ակնթարթ է, ոչ ենթակաժամանակակիցների արդար դատին, եւ վերջապես` քանի որ ավելի էական են այսօրվա խնդիրներն ու ապագա ծրագրերը։
Ղարաբաղյան հակամարտությունն այսօր ընդհուպ մոտեցել է իր ճգնաժամային սահմանագծին, որ հղի է միաժամանակ թե՛ պայթյունալի հանգուցալուծմամբ, թե՛ խաղաղության հաստատման բացառիկ հնարավորությամբ։ Հակամարտող կողմերի` Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի քաղաքական կամքի դրսեւորումից, միջազգային հանրության օբյեկտիվ հետեւողականությունից է կախված, թե ինչպես կօգտագործվի այդ հնարավորությունը, որպիսին չի եղել ո՛չ անցյալում, ո՛չ էլ, թերեւս, կլինի ապագայում։
Մեզ համար մանավանդ կարեւոր է գիտակցել այն ակնհայտ ճշմարտությունը, որ այսօր, ավելի քան երբեւէ, խաղաղությունը կախված է հայկական կողմի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումից, որ հսկայական պատասխանատվություն է դնում մեզ վրա։ Անտեսել այս ճշմարտությունը եւ դրանով փորձել խուսափել պատասխանատվությունից` կնշանակեր դրսեւորել միամիտ ու աններելի քաղաքական անհեռատեսություն եւ Հայաստանն ու Ղարաբաղը ենթարկել լուրջ վտանգների։
Խաղաղությունը չափազանց մոտ է, եւ մոտ է այնքանով, որ ուժերի հարաբերակցության ներկա դրությամբ առաջին անգամ ստեղծված է փոխզիջման իրական հնարավորություն, քանի որ առաջին անգամ կողմերն ունեն սակարկության հավասարարժեք լծակներ։ Փոխզիջման այս հնարավորությունն է, ահա, որ ինքնին խաղաղությունը ձեռնտու է դարձնում միաժամանակ թե՛ ադրբեջանական, թե՛ ղարաբաղյան կողմի համար։
Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բազմիցս հավաստել են իրենց պատրաստակամությունը՝ կատարելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822 եւ 853 բանաձեւերի պահանջներն ու ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի խաղաղարար ծրագիրը, սակայն ներկայացնելով մի քանի կարեւոր առաջարկություններ, որոնք հանգում են հետեւյալին.2. Ռազմական գործողությունների դադարեցման միջոցառումների շարքում պետք է ապահովվի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումների լիակատար վերացումը։
3. Ադրբեջանի գրավված տարածքներից Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դուրսբերումից հետո խաղաղարար ծրագիրը պետք է լիովին երաշխավորի ռազմական գործողությունների վերսկսման անհնարինությունը։
4. Հակամարտության հետ կապված իրավաքաղաքական խնդիրները, այդ թվում` առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, պետք է լուծվեն ԵԱՀԽ-ի Մինսկի կոնֆերանսում։
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն, այսպիսով, առաջնորդվելով ոչ թե ժամանակավոր հրադադարի, այլ կայուն խաղաղության հաստատման շահագրգռությամբ, դրսեւորում են միանգամայն կառուցողական մոտեցում, որը, հուսով ենք, պատշաճ արձագանք կգտնի միջազգային հանրության մոտ։
Մեր առջեւ կանգնած հաջորդ կարեւոր խնդիրը վերաբերում է Հայաստանի ներքին քաղաքական կյանքին եւ պետական շինարարության ոլորտին։
Ոչ ոք չի կարող ժխտել անկախության տարիներին Հայաստանում տիրող համեմատական կայունությունը, իրավիճակի կառավարելիությունը, ժողովրդավարական ազատությունների ու շուկայական հարաբերությունների լուրջ նախադրյալների գոյությունը, որով նա շահեկանորեն տարբերվում է նախկին խորհրդային մի ամբողջ շարք հանրապետություններից։
Ետկոմունիստական Հայաստանում չի արգելվել ոչ մի ցույց կամ միտինգ, չի փակվել ոչ մի թերթ, չի կասեցվել ոչ մի կուսակցության գործունեություն, չի արձանագրվել ոչ մի քաղբանտարկյալ։
Օրենսդիր եւ գործադիր իշխանությունները, երբեմն սրվող հակասություններով հանդերձ, առայժմ խուսափել են միմյանց գործունեությունը վիժեցնելու վտանգից։ Խորհրդարանը դեռեւս չեղյալ չիԱռայժմ անտեսված, բայց իրականում խորքային տեղաշարժեր են կատարվել մարդկանց հոգեբանության մեջ, մանավանդ գյուղական բնակչության շրջանում։ Դառնալով հողի եւ իր արտադրանքի տերը, գյուղացին այսօր պետության ստրուկից վերածվել է պետության պարտնյորի, որն արդեն թելադրում է իր պայմանները։
Դանդաղորեն, դեռեւս ոչ ցանկալի տեմպերով, անկատար օրենսդրության պայմաններում, համենայն դեպս, իր ճանապարհն է հարթում մասնավոր ձեռներեցությունը, նկատելի թափ է ձեռք բերում հանրապետության ողջ տարածքում իրականացվող անհատական շինարարությունը։
Ժողովրդավարական ազատությունների եւ շուկայական հարաբերությունների այս ակնհայտ դրսեւորումները, սակայն, դեռեւս մեծապես կախված են սուբյեկտիվ գործոններից, նրանք չեն ինստիտուցիոնալիզացվել, ինչը նույն սուբյեկտիվ գործոնների պատճառով հղի է պետության կայունությանն ու օրինականության ապահովմանն սպառնացող լուրջ վտանգներով։
Ուստի այս առթիվ ես չեմ կարող չարտահայտել իմ խորին գոհունակությունը հանրապետության Սահմանադրության մշակման ուղղությամբ խորհրդարանի եւ քաղաքական կուսակցությունների կողմից վերջին շրջանում գործադրվող ջանքերի կապակցությամբ, որ պերճախոս վկայությունն է նման վտանգներից խուսափելու եւ ժողովրդավարական, իրավական պետության վերջնական կայացումը Սահմանադրությամբ երաշխավորելու բարձր գիտակցության։
Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը պատվով դուրս կգա թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման ծանր փորձությունից, թե՛ հանրապետության Սահմանադրության ընդունման բարդ գործընթացից։
Այս լավատեսական հնչերանգով էլ ավարտելով խոսքս, ուզում եմ շնորհավորել բոլորիդ մեր ազգային մեծագույն տոնի առթիվ եւ մաղթելԿեցցե՜ ազատ, անկախ Հայաստանը` հայ ժողովրդի դարավոր իղձերի մարմնացումը։
«Հայաստանի Հանրապետություն», 22 սեպտեմբերի, 1993 թ.։
Հրատարակված՝ ,Լեւոն Տեր-Պետրոսյան. «Անկախությունն անսակարկելի է» վերնագրով։