Խոսքերի հեղինակը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տխրություն Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Խրախճանք)

Վարդան Հակոբյան

Հասցեներ
ԽՈՍՔԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԸ


Ամեն օր մի բանաստեղծություն թողնում է
բանտի պատուհաններին ու պատերին,
որ կալանավորները, երբ դուրս ելնեն՝ լույսը թեթեւ տանեն,
ամեն օր մի բանաստեղծություն թողնում է գժանոցների դռներին,
որ խենթերն ու մոլագարները
շարունակեն կրկնել աշխարհի հետ ներդաշնության այբուբենը,
ամեն օր մի բանաստեղծություն թողնում է
հանգստարանում՝ շիրմաքարերի վրա,
որ քարերի տակ ամփոփվածները վերընթերցեն չապրած օրերը,
ամեն օր մի բանաստեղծություն թողնում է գետերում,
որ ձկներն ու նավաստիները ուղղության մեջ չկորցնեն աստղերը,
ամեն օր մի բանաստեղծություն թողնում է ծաղիկների վրա,
որ, նրանց պոկելուց առաջ, քամիները մաքրեն իրենց ձեռքերը,
ամեն օր մի բանաստեղծություն թողնում է ճամփեքին ընկած,
որ ուղեւորները վերցնեն ու չկարդան,
ամեն օր մի բանաստեղծություն թողնում է վայրի աղբյուրների մոտ,
որ, ջուր խմելուց առաջ, եղնիկների հանդեպ սերը
գայլերի ատամներից տեղափոխվի աչքերը եւ
ոչ թե ընդհակառակը,
ամեն օր մի բանաստեղծություն թողնում է հավքերի բնի մոտ՝
ծառերին ամրացված, որ
թռչուններն իրենց չիմացած հասցեները չմոռանան,
(նրան միշտ թվում է՝ թե բնության մեջ բոլոր երգերի բառերն իրենն են
եւ միայն մեղեդիներն ու կատարումներն են աղբյուրներին, ծաղիկներին, հավքերին)։
Ամեն օր մի բանաստեղծություն թողնում է պոռնկանոցների դռներին...

Եվ, սակայն ամենալավ բանաստեղծությունը նա միշտ թողնում է չգրված,
որ չամլանա խոխատունը աշխարհի
եւ շարունակեն ծնվել բանաստեղծներ։