Jump to content

Խոսքը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձության նահատակների հուղարկավորության արարողության ժամանակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Խոսքը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձության նահատակների հուղարկավորության արարողության ժամանակ

Սիրելի հայրենակիցներ,

Մեծարգո հյուրեր,

Այսօր մենք հողին ենք հանձնում հայ ժողովրդի արժանավոր զավակների, ազգի հավատարիմ ու անկեղծ նվիրյալների աճյունները։ Դաժան ճակատագիրը կյանքից խլեց մարդկանց, որոնք անմնացորդ նվիրվել էին հայրենի երկրի շենացման, հայոց պետականության կերտման սուրբ գործին։

Ծանր է վիշտը, անդառնալի կորուստ է կրել Հայաստանը, ողջ հայությունը։ Բառեր չկան արտահայտելու մեր խոր կսկիծը։ Կատարված ոճրագործությունն իր հետևանքներով դեռ երկար կմնա իբրև անբուժելի վերք։

Հայաստանի անկախ Հանրապետությունն իր պատմության առավել վճռորոշ օրերն է ապրում։ Ոտնձգություն է կատարվել ողջ ժողովրդի հեղինակության դեմ։ Սասանված է ազգային պետականության հիմքը, խեղված են մարդկայնության չափանիշները։

Ոճրագործությունը կատարած ճիվաղները պատասխան կտան ոչ միայն օրենքի ողջ խստությամբ, այլև՝ պատմության առջև, սերունդների առջև։

Մշտապես մեզ հետ կլինի Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի, Միքայել Քոթանյանի անմար հիշատակը։ Նրանք վայելել են ժողովրդի սերն ու հարգանքը, ապրել դժվարին, բայց երջանիկ կյանք, քանզի իրենց գործունեությամբ ծառայել են հայրենի երկրին ու ժողովրդին։ Որտեղ էլ նրանք փորձել են իրենց ուժերը, լինի դա պատերազմի դաշտում, թե խաղաղ պայմաններում, միշտ հաջողության են հասել։ Լուծելով դժվարագույն, հաճախ նույնիսկ անլուծելի թվացող խնդիրներ, իրենց կամքով, ողջամտությամբ ու եռանդով ոգևորում էին մարդկանց։ Նրանց գործունեությունը բարձր է գնահատվել ժողովրդի կողմից։

Պատմությունն իր գնահատականը կտա Վազգեն Սարգսյան գործչին, որը կանգնած է հայոց անկախ պետականության ակունքներում։ Անուրանալի է նրա դերը Ազգային բանակի ստեղծման գործում։ Վազգեն Սարգսյանն իր կյանքով և անմնացորդ նվիրումով վճռական հետք թողեց երկրի հզորության ձևավորման ճանապարհին։

Հրաժեշտ ենք տալիս Կարեն Դեմիրճյանին՝ Հայաստանի իմաստուն քաղաքական ղեկավարներից մեկին, որի կյանքը պետական շահի գիտակցման, ժողովրդին նվիրվածության օրինակ է։ Նրա 45-ամյա աշխատանքային կենսագրությունը սերունդների հիշողությունից չի ջնջվի։

Մեր նահատակված մյուս ընկերներից յուրաքանչյուրի գործը հիշենք այսօր։ Հիշենք նաև նրանց և մեզ՝ ողջերիս միավորող մեծ խորհուրդը։ Դա հարազատ ժողովրդին, հայրենիքի բարգավաճման գերնպատակին անմնացորդ ծառայելու պարտականությունն է։ Դասեր քաղենք այս ողբերգությունից, համախմբվենք, միավորվենք և դրանով զորացնենք Հայաստանի Հանրապետությունն ու ողջ հայ ժողովրդին։

Կրկին անգամ զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, մեր ժողովրդին հայտնում եմ իմ խորին ցավակցությունները և մեր եղբայրների սկսած գործը նպատակին հասցնելու վճռականությունը։

Հարգելի հայրենակիցներ,

Այսօր ամբողջ աշխարհն է սգում մեզ հետ։ Աշխարհի գրեթե բոլոր երկրների ղեկավարներն իրենց ցավակցությունները հայտնեցին մեր ժողովրդին։ Բազմաթիվ պատվիրակություններ են այցելել արտաստահմանյան երկրներից, կիսելու մեզ հետ մեր վիշտը։ Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց։


1999

Աղբյուր

[խմբագրել]

ՀՀ նախագահի պաշտոնական կայքի հին տարբերակը