Խռով եմ բառից։
Խոսքից խռով եմ։
Եվ դրա համար ոչինչ չեմ ասում քեզ։
Քարը,
Որ ինձ չի հասկանա,
Դրա համար է
Քար։
Պահը անցնում է՝ հետը չեմ խոսում,
Խռով եմ,
Հաշտվում եմ անցնելուց հետո,
Բայց արդեն ուշ է լինում,
Ինձ չի լսում,
Չի արձագանքում։
Եվ անցնում է ամբողջ օրս խաբկանքի մեջ։
Քեզ մոտ՝ քեզանից խռով եմ,
Առանց քեզ՝ խոսում եմ քեզ հետ։
Թե խոսում եմ՝ խոսում եմ լուռ,
Լռության մեջ ինձ ոչ մի բառ
Սուտ չի ասում։
Բարձր ասվող բառը, հաճախ,
իր ակոսից փախած եզ է,
Որ... չի քաշում։
Նրա համար
Որ սիրում եմ,
Վրեժ մի առ... չսիրելով։
Արի։
Արի նստիր դու իմ դիմաց,
Ձեռքերդ դիր ափերիս մեջ,
Մի քիչ... լռենք։ Կարոտել եմ...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Խռով եմ բառից։ Խոսքից խռով եմ։