Jump to content

Խոսք ընթերցողին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽՈՍՔ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ

Եվ այսպես, ձեր սեղանին է «Արցախ» հանդեսի անդրանիկ համարը, որին, խոստովանենք, շատ ենք սպասել։ Սպասել ենք մաքառելով, տառապանքով, պայքարով։ Հիշենք «Արցախ» անունը կրող առաջին պարբերականի ծնունդը մեր լեռնաշխարհում։ Դա եղել է 1917 թվականին, իսկ հետո... Հետո շատ տարիներ են հոսել, շատ ջրեր ու արյուն է հոսել, բայց այն, ինչ ապրում է ժողովրդի ոգու մեջ, նրանից խլել չի լինի։ Արցախական աշխարհում կա վաղնջական ժամանակներից մեզ հասած մի անմեռ ավանդույթ. որպեսզի զոհվածներն ապրեն մեզ հետ, նրանց անունները տալիս ենք նոր ծնվողներին։ Եվ այդպես շարունակում են նրանք ապրել ապրողների հետ, հարատեւել, ասել է թե՝ մահ ու մոռացություն չեն կարողանում մոտենալ նրանց։ Մենք այդպես վարվեցինք եւ հիմա, մեր նորածնունդ հանդեսին տալով «Արցախ» անունը։ Անուն, որն, անշուշտ, մեզ համար սրբազան է, կարոտ է մեր սրտերում միաժամանակ, մեր արմատներն ուղենշող վերադարձի կանչ, լինելության ուժ ու կորով, անպարտելիության ու արդարության խորհրդանիշ։

Պատմական Հայաստանի Արցախ կոչվող մեր այս քաղցրիկ ոստանում միշտ էլ հարգի են եղել մշակույթը, գիրն ու դպրությունը. ժամն է՝ նորից հիշելու մեր մեծաց մեծին՝ Մեսրոպ Մաշտոցին, որին ոչ մի պահ չենք մոռանում, որի ջանքերով հիմնադրվեցին մեր մայրենի անդրանիկ դպրոցներն Արցախ աշխարհում՝ Ամարասում ու Ցորում, Հակոբավանքում ու Դադիվանքում... Մաշտոցվեցինք հավերժահոլով ժամանակների մեջ, մեր լինելության արմատը մեր ոսկեղենիկ գիր ու տառով խորացավ մեր հինավուրց հայկական հողում։ Եվ գալիք դարերում որքան էլ սրեր խաչվեցին այդ պտղունց հողի վրա, արմատը մնաց կենսաբեր ու անհասանելի, դալարուն ու մշտապես հայախոս։ Ու բնական է, որ մեսրոպատառ պարբերականներն էլ մեր երազների անուններով ենք կոչել։ Ու կոչում ենք։ «Արցախը» մեզ համար այժմ սիրելի է նաեւ նրանով, որ վերհառնումի պատրաստ արցախյան պարբերականների վերածննդի առաջնեկն է հանդիսանում...

«Արցախի» ծնունդը խորհրդանշական է մեկ ուրիշ առումով եւս. չէ՞ որ այն աշխարհ է գալիս աշխարհացունց իրադարձությունների մի այնպիսի հզոր ժամանակաշրջանում, երբ արցախյան ազգային ամենաարդարացի շարժումը վերածվել է ոչ միայն համահայկական, այդպես էլ պետք է լիներ, բնականաբար, այլեւ համամարդկային շարժման։ Այս իմաստով վերակառուցումը, դա հենց ճշմարտության ու արդարության վերականգնումն է ուղենշում։ Ու դրանում ենք մենք տեսնում նրա պատմական ամենամեծ նշանակությունը։

Ուղղակիորեն ասենք՝ մաքառման ծնունդ է «Արցախը»։ Եվ այս իրողությունն էլ, ինչ խոսք, ասում է, թե ինչպիսին պիտի լինի գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական երկամսյա այդ հանդեսը. լինել ամեն մի նորի առաջամարտիկ, անդուլ պայքար մղել պատմական անարդարությունների վերացման համար, լինել բազմաչարչար հայ ժողովրդի կրքոտ դատապաշտպանն ու նրա անկեղծ բարեկամների նվիրյալը, անհանդուրժող լինել մշտապես այն գաղափարախոսության դեմ, որը ճեղք է բացում կեղծ ինտերնացիոնալիզմի համար, դրանով իսկ ավելի շատ վնաս բերում մարդկությանը։ Մանավանդ, չմոռանանք որ խառն ու խրթին մեր ժամանակներում շատ հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես է կեղծ արդարությունը պարտվում, կես ճշմարտությունը զոհաբերվում ճշմարտությանը, սուտ բարեկամությամբ կորստի տրվում բարեկամությունը։ Մեկից մինչեւ մյուսը՝ ինչպես ասում են, մեկ քայլ է, մի գիծ, հենց այդ գծի վրա սահմանապահ մարտիկ է «Արցախը»։ Խոստովանենք, որ այդ գծի խախտումն է, որ ազգային հարցի լուծման գործում 20-ական թվականներին մեր երկրում թույլ են տրվել այնքան կոպիտ խախտումներ ու բռնացումներ, դրանց վերացումը մեր ժամանակի խնդիրն է, մեր պայքարի առաջին գիծը։ Չէ՞ որ նույն կամայականությունների դատապարտյալն է մեր արցախական աշխարհը՝ հազար սուր ու ժանիքով բզկտվում, բայց միշտ ամուր, հազար տեղից խոցված ու լլկված, բայց միշտ կանգուն, հազար անգամ հազար տեղից քարկոծված, բայց հավերժ գեղեցիկ ու առնական, հավերժ սրբազան ու հայկական, մշտապես անպարտելի ու հաղթանակող՝ իր ավարայրված ու սարդարապատված շնչով, կրծքի տակ պահվող ու նորից բարձրաձենվող գանձասարյան անլռելի զանգերով...

«Արցախը» մշտապես այնտեղ կլինի, ուր պայքար ու վեճ է մայրենի լեզվի անաղարտության ու վեհության համար, ուր վճռվում են պատմագիտական կարեւոր խնդիրներ, ուր բռնվում է ժողովուրդների ազնիվ բարեկամության աղբյուրը պղտորող, պատմությունը խեղաթյուրող սեւ ձեռքը, ուր իսկական դատ է մղվում մարդասիրական գաղափարների ու մարդու իրավունքների վերականգման համար, ուր լեզուն, մշակույթն ու արվեստը, բոլոր գիտություններն ու արհեստները, գրական ու ոչ գրական բոլոր պարբերականներն իրենց ձայնն են միացնում մոլորակը լուսավորող արեւի տակ խաղաղ կյանքն ու երազելի երջանկություն ապահովելու համար, ուր ջանքեր են թափվում հանուն բոլոր ժողովուրդների ու ազգերի, հիրավի, իրավահավասար ծաղկման։ Այո, «իրավահավասար» բառն արտասանելիս կսկիծ ու ցավ ենք զգում արցախցիներս, քանզի մենք շատ լսեցինք այդ բառը /այս էլ՝ յոթանասուն տարի/, բայց էությունը չտեսանք... Բիբլիական լեռան շուրջ համախմբված մի ողջ ժողովուրդ ցաք ու ցրիվ արվեց աշխարհով մեկ, բնական ու ոչ բնական աղետներն անընդհատ հաջորդեցին մեկը մյուսին։ Բայց դա չընկճեց մեզ։ Անցյալ տարի ամենաահավոր երկրաշարժի փլատակներից բարձրացող ժողովրդի ապրելու եւ հարատեւելու կենսունակությունն առհավատչյան եղավ մեր անպարտելիության։ Եվ մեր լեռների հովերն անգամ համբուրում են այն ձեռքերը, որոնք մեզ մեկնվում են աշխարհի բոլոր ծայրերից... Բիբլիական լեռն ու ժողովուրդը շատ են նման իրար, ցավն էլ տանում են բիբլիականորեն։

Դուք տեսնում եք, սիրելի ընթերցողներ, թե ինչ ժամանակներում է անդրանիկ քայլերն անում մեր «Արցախը»։ Նրա էջերը /արցախցին կասի՝ սրտի պես/ միշտ բաց կլինեն ձեզ համար՝ գրելու եւ կարդալու, ձեր ձայնը ձեզ հասցնելու համար։ Ինչպիսին դուք կուզենայիք տեսնել «Արցախը», ինչ հարցեր ու խնդիրներ, ինչ պրոբլեմներ կուզենայիք, որ արծարծվեին մեր հանդեսում, գրական-գեղարվեստական ինչպիսի ստեղծագործություններ կուզենայիք կարդալ «Արցախի» էջերում, հասարակական-քաղաքական ինչ հարցեր են, որոնք ավելի շատ արծարման կարիք ունեն ձեր կարծիքով։ «Արցախը» սիրով կընդառաջի ձեր բոլոր այն ցանկություններին, իղձերին ու առաջարկություններին, որոնք, հասկանալի է, նպատակաուղղված կլինեն մեր ընդհանուր հոգսերի լուծմանը։ Իսկ այսօր մեր ամենագլխավոր խնդիրը մեկն է՝ Արցախի միացումը Մայր Հայաստանի հետ։ Եվ, բնականաբար, հանդեսի անդրանիկ համարը նվիրված է առանցքային նշանակություն ունեցող այդ հարցին։

«Արցախն» իր ընթերցողներին մաղթում է բոլոր երազանքների իրականացում, ամենայն լավն ու բարին։ Ար-ցախ։ Հա-յաս-տան։ Միացում։

1989թ.