Խոսք պատանի գրասերներին
Հարգելի տիկիններ և պարոններ.
Մեր սկսնակ գրողների ավագներից մինը, մեր տաղանդավոր սկսնակ պարոն Սեյրին, բաց անելով էսօրվան իրենց գրական-երաժշտական երեկույթը, ջերմ հարգանքով և անկեղծ սիրով խոսեց Հայոց գրական ընկերության և հայ գրողների մասին ու նրանց հետ կապեց իրենց ջահել հույսերը։
Էս դալար բազմությունը ու սրանց թրթռուն զգացմունքը, սրանց ոգևորված վերաբերմունքը, ինչպես ամեն մի հայ գրողի՝ էնպես էլ ինձ համար էնքան բացառիկ կերպով թանկ են, որ ես ուզում եմ դեպի նրանց դառնալ։
Մեր երիտասարդ ու պատանի ընկերնե՛ր։
Եթե գրականությունը ազգի հոգին է և գրողները էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչներն, ապա դուք մեր գրականության, մեր ազգի հոգու, մեր հոգու ամենամատաղ և դրա համար էլ ամենասիրելի զավակներն եք։
Դուք պատանեկան սրտալի սիրով մեզ մեծարելով անվանում եք հայոց ներկա գրականությունը։
Եթե մենք էդ գրականության ներկան ենք, ապա կանգնած ենք մեջտեղը և նայում ենք մի կողմից դեպի նրա անցյալը, մյուս կողմից դեպի նրա ապագան։
Անցյալը, որ շատ ջանքեր ու խրատներ ունի մեզ համար թողած, համոզում է, ցույց է տալիս, որ գրականության ամենաանաչառ ու անողոք քննադատն ու գնահատողը ժամանակն է։ Ժամանակի ընթացքում շատ շատերը կորցնում են իրենց հմայքն ու հռչակը, ոմանք էլ ընդհակառակը, և ամեն մինը վերջիվերջո գրական մեծությունների համաստեղության մեջ գտնում է իր տեղը՝ որը համեստ, որն ավելի պայծառ փայլով։
Եվ ահա նրանք անցյալի հեռվից, ժամանակների խորքից իրենց պայծառ ու մաքուր լուսով մեզ հրապուրում ու ոգևորում են լավագույն զործերի համար և ներշնչում են հիացում ու հարգանք։
Մյուս կողմից նայելով ետ, թե ով է գալիս մեր ետևից, տեսնում ենք մեր գրականության ապագան, տեսնում ենք ձեզ, ձեր ոգևորված, զվարթ, ջահել խումբը, որ թարմ ոգևորությամբ ու հարազատ աղմուկով գալիս է մեր ետևից, ու մեր սրտերը լցվում են անխորտակելի հոգսերով ու անհուն հրճվանքով։
Եվ նրանք, որոնք իրենց կարճատեսությամբ կամ իրենց հոռետեսությամբ մռայլի միջից չէին նկատել էդ թարմ ու մատաղ շարժումը և ասում էին, թե մեռնում է հայոց գրականութսունը, թող գան տեսնելու ձեր ոգևորությունը, թող գան լսելու ձեր կյանքով ու շնորհքով լիքը աղմուկը ու համոզվեն, որ հայոց գրականությունը ոչ թե չի մեռնում, այլ առաջ է խաղում ավելի մեծ ուժով ու աշխուժով։
Մեր սիրելի, մեր ջահել ընկերներ։ Ձեզ հետ էսօր էն մասին էին խոսում, թե գրականությունը կյանքի հայելին է։ Ես շատ էլ համաձայն չեմ, թե գրականությունը կյանքի հայելին է միայն։ Եվ արդեն ինքը, դասախոս պարոն Իփեկյանը իր գողտրիկ ճառի մեջ ասավ, թե նա միաժամանակ և ազդակ է կյանքի մեջ։
Այո՛, գրականությունը հայելի չէ լոկ․ և եթե հայելի էլ ասենք, ապա շատ տարօրինակ ու կախարդական մի հայելի է նա։ Նա ոչ միայն արտացոլում է ժամանակը և իր դեպքերն ու դեմքերը, այլև տալիս է իր լույսն ու ջերմությունը կյանքին, և ձգտում է կյանքում ստեղծել մարդու էն վեհ ու վսեմ, էն մաքուր ու ակաղարտ պատկերը, որ տվել է նրան աստված, կազմվածք ու հյուսված բնության ամենամաքուր տարրերից։
Եթե գրականությունը կյանքի հայելին ասենք, ապա գրականության ամեն տեսակի ստեղծագործությունների աղբյուրը ամենից առաջ մարդու սիրտն է։
Եվ երբ էսպես է, աշխատեցեք ձեր սրտերը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհքին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով։ Եվ արդեն իրեն ստեղծագործարան շնորհքի, բանաստեղծության բնությունն էդպես է իր ծնունդից։ Դիցաբանությունն ասում է, թե Ապոլլոնը, որ բանաստեղծությունն է ներկայացնում և արևն է միաժամանակ, իր կյանքում երբեք մութն ու մռայլ չի տեսած։ Որովհետև արևն է ինքը և իր հայացքն արևի, և ամեն մռայլ չքանում Է նրա հայացքից։ Արևի նման նայեցեք աշխարհքին։
Խոսքս վերջացնելով սրտագին կցանկանայի, էդ ոգևորությունը, որ ունեք էսօր ձեր պատանի հասակում, միշտ ձեզ հետ լիներ ձեր կյանքում, որ դուք չնկատեիք էն նեղություններն ու դժվարությունները, որ պահված են ձեզ համար և սիրով ու հրճվանքով անցնեիք էն անդարձ ու դժվար ճանապարհը, որ ընտրում ու բռնում եք ձեր կյանքի արշալուսից։ Եվ որովհետև ձեզ անվանեցի մեր գրականության, մեր ազգի հոգու, մեր հոգու զավակները, ապա է՜ն կցանկանայի ձեզ համար, ինչ որ կցանկանա ամեն մի սիրող ծնող իր զավակների համար, կցանկանայի, որ դուք ավելի բախտավոր լինեք և ավելի բարձր ու մեծ, քան մենք ենք եղել։
1913