Jump to content

Խուդավերդի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

14. ԽՈՒԴԱՎԵՐԴԻ[1]

Ավալ ժամանակին ըլնում ա չիլնում մի թագավոր: Էդ թագավորը էնքամ մալ ու դոլվաթի տեր ա ըլնում, որ էլ չէլած. սաղ աշխարքի թագավորներից հարուստ ա ըլնում, համա ընչին էր պետքը, խեղճի աչքին ոչ մի բան չէր գալի։

Խեղճը ըսքան մալ ու դոլվաթի միջին մի պտուղ չուներ, որ իրանից եդը իրա կարողությունը, իրա թագավորությունը վայելեր։

Ամեն օր ըսենց դառը-տխուր դուս էր գալի իրա ամարաթի աղացի Անմահական բաղչումը ման գալի, էլի ըտենց դառը-տխուր եդ դառնում ամարաթը:

Մի դարվիշ ա ըլնում, որ աչքը մի սարի վրա ա ըլնում, չունքի էդ սարումը շատ մալ ու դոլվաթ կար, միջին էլ մի հունարով Ֆանառ. էդ Ֆանառը ինչ ուզենայիր՝ անիլ կտար քեզ հմար:

Էդ դարվիշը լավ ռամ քցել ա իմանում։

Մի օր ասում ա. «Բերեմ ռամ քցեմ, բալքի մինը գտնվի, որ կարենա մննի էդ սարը՝ Ֆանառը հանի տա ինձ»։ Ռամ կքցի՝ դուս կգա էդ թագավորի աղի վրա։

Էգսի օրը վե կկենա կընկնի ճամփա դպա էդ թագավորի երկիրը:

Ըսենց կէթա, կէթա, կէթա, շատն ու քիչը աստոծ գիտա, կհասնի էն թագավորի երկիրը։

Դուզ կէթա թագավորի ամարաթի աղաքի խնամաքարին կնստի. թագավորի նոքարները դուս կգան էս դարվիշին կհարցնեն.— Հը՛, ի՞նչ ես ուզում, դարվիշ բաբա:

Դարվիշը կասի.— Եկել եմ թագավորի կուշտը, բան ունեմ:

Նոքարները կէթան թագավորին իմաց կտան, թե՝ ըսենց մի դարվիշ էկել ա քեզ տենա։

Թագավորը կհրամայի մի բուռ ոսկի տան, ճամփու դնեն։ Կտանեն մի բուռը ոսկի կտան դարվիշին, որ էթա։

Դարվիշը ջիբիցը կհանի էրկու բուռը կղրկի թագավորին, կասի.— Ես աղքատ չեմ, ես էկել եմ թագավորին իրան տենամ, թագավորի հեննա գործ ունեմ։

Նոքարները կէթան թագավորին կասեն դարվշի ասածները։

Թագավորը էն սհաթը կհրամայի, որ նեքսև թողան՝ գա տենա ի՛նչ ա ուզում էդ դարվիշը։

Կէթան դարվշին կբերեն թագավորի կուշտը։ Դարվիշը նեքսև կմննի խոր գլուխ կտա, ձեռները կդնի դոշին կկաննի։

— Հը՛, դարվիշ բաբա, ի՞նչ ես ուզում, խի՞ ես էկե,— հարցնում ա թագավորը։

— Զա՛դ չեմ ուզում, քու սաղո՛ւթյունն եմ ուզում,— ասում ա դարվիշը,— էկել եմ, որ քու դարդին դարման անեմ։

— Է՞հ, դարվիշ բաբա, ուզա ուզածդ տամ, թող գնա՛ քու բանին, դու ի՞նչ կարաս իմ դարդին դարման անի,— ասում ա դառը-տխուր թագավորը։

— Թագա՛վորն ապրած կենա, ես փողի կարոտ չեմ. ո՛չ էլ բանի հմար եմ էկե, հենց քու դարդի խաթեր էկել եմ դարդիդ դարման անեմ,— ասում ա դարվիշը։

— Որ ըտքան դեմ ես ընկնում, ա՛յ դարվիշ, քեզ կասեմ իմ դարդը, համա դու իմ դարդին դարման չես կարա անի։ Ա՛յ, տենո՞ւմ ես իմ ըսքան մալ ու դոլվաթը, իմ զոռբայությունը, որ ինձանից զոռբա, ինձանից հարուստ թագավոր չկա սաղ աշխարքումը, համա ի՞նչ անեմ, մի պտուղ չունեմ, որ իմ մահից եդը իմ ըսքան մալ ու դոլվաթը վայելի, իմ երկրին թագավոր ըլնի. հենց էդ դարդն ա, որ ինձ գշեր-ցերեկ էրում ա, փոթոթում,— ախ անելոն ասում ա թագավորը:

— Թագա՛վորն ապրած կենա, ի՞նչ կտաս, որ ես մի ընենց դեղ անեմ, որ քեզ մի լավ տղա ըլնի,— ասում ա դարվիշը։

— Որ սաղ թագավորությունս էլ ուզես կտամ, թաքլա դուշմանահար չըլնեմ ես։

— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա, սաղ թագավորաթյունդ քեզ հալալ ըլնի. թե որ խոսք կտաս տղեդ մենձացած վախտը տաս ինձ, էնա դարդիդ էս սհաթը դարման կանեմ, որ էլի սաղ-սալամաթ բերեմ տղեդ քեզ տամ. թե ղաբուլ ես՝ լավ, թե չէ՝ հո դու գիտաս, ես հենց եկել եմ քու խաթեր, ոնց որ քեզ սրտացավ բարեկամ։

— Ղա՛բուլ եմ, աղպեր, բա՝ ղաբուլ չե՜մ, թո՛ղ ինձ տղա ըլնի՝ մի քանի տարի էլ թո՛ղ քու կշտին ապրի, բան չկա, մինակ ընդար ըլնի, որ էլի տղիս սաղ-սալամաթ բերես տաս ինձ,— ասում ա ուրախ-ուրախ թագավորը։

Էն սհաթը դարվիշը ջիբիցը մի խնձոր ա հանում տալի թագավորին, ասում ա.— Ա՛ռ, թագա՛վորն ապրած կենա, էս խնձորը կես արա, կեսը դու կե, կեսն էլ տու թագուհուն, որ նա ուտի. թե քեզ տղա չէլավ՝ իմ արինը քեզ հալալ ա,— ասում ա դարվիշը ու խոր գլուխ տալի, ամարաթից դուս գալի, էթում իրա բանին։

Թող դարվիշն էթա, մենք գանք խաբարը տանք մեր թագավորիցը։

Թագավորն ա՝ ուրախ֊ուրախ խնձորը առնում ա մննում թագուհու օթախը, խնձորը կես ա անում, կեսը տալիս ա թագուհուն, կեսն էլ ինքն ա ուտում: Անց ա կենում մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, մախլասի՝ ինն ամիս, մեր թագուհին ծունկ ա չոքում մի նաշխուն, սիրուն տղա ա բերում. էնքա՜մ սիրուն, էնքա՜մ սիրուն, որ էլ չէլած։ Թագավորը, որ տղին չի տենում՝ ուրախությունիցը խելքը էթում ա, էնքամ ա ուրախանում. բերում են լավ կնունք են անում, սաղ պալատականներովը օխտն օր, օխտը գշեր քեֆ են անում, տղի անունը էլ դնում են Խուդավերդի։

Ըսենց ուրախ անց ա կենում մի տարի, էրկու տարի, տասը տարի, տասնհինգ տարի, ըսկի թագավորի միտը չի ընկնում դարվիշին տված խոսքը։ Հենց էդ վախտերքին օրեն մի օրը թագավորի նոքարները գալիս են թագավորին ասում.— Թագա՛վորն ապրած կենա, մի դարվիշ ա էկե. ուզում ա քեզ տենա։

Թագավորը հենց էս ա լսում՝ ուշը էթում ա, վեր ընկնում։ Քոմմա նազիր-վեզիրը, քոմմա պալատի մարդիկը թոփ են ըլնում թագավորի ուշը վրա են բերում, նո՛ր թագավորի խելքը, որ գլուխն ա գալի, կանչել ա տալի նեքսև դարվիշին։

Դարվիշը գալիս ա նեքսև, խոր գլուխ ա տալի թագավորին, ասում.— Թագա՛վորն ապրած կենա, մի՞տդ ա, որ դու ինձ խոսք տվիր աղիդ հմար. հմի էկել եմ, խոսքիդ տե՞ր ես, թե չէ։

— Ամա՜ն, դարվիշ բաբա, վերև՝ աստոծ, ներքև՝ դու, ուզա ե՛րկիր, քա՛ղաք, մա՛լ, դո՛լվաթ, հարստությո՛ւն՝ քոմմա տամ, թաքլա տղիցս ձեռ թաշի, մեղք եմ, ումուդ-ապավենս մի՛ կտրի,— մղկտտլոն ասում ա թագավորը:

— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա, մի զադի էլա փափագ չեմ, մենակ տղեդ եմ ուզում, դու գի՛տաս. իմացի, որ չտաս ախրը շատ փիս կըլնի,— ասում ա դարվիշը:

Թագավորն ա՝ դառը-տխուր լալով-լալաչքով էթում ա տղի կուռը բռնում բերում տալի դարվիշին, ասում ա.— Դա՛րվիշ, դո՛ւ քու ասածը արիր, ասսու սիրուն, ամանաթ, ամանաթ տղես քեզ ամանաթ տա՛ր, համա էլի տղես բերես,— աղաչանք ա անում թագավորը: Տղի գլուխը, թուշը պաչում ա՝ ճամփու դնում:

Թագավորին թողանք ըստե, գանք խաբարը տանք դարվշիցն ու թագավորի տղիցը:

Դարվիշը թագավորի տղին վեր ա ունում ընկնում ճամփա. էթում են, էթում են, էթում են՝ մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, հասնում են մի մենծ սարի, դարվիշը ջիբիցը էրկու թլսմի գիրք ա հանում, մինը տալիս ա թագավորի տղին, ասում ա.— Ա՛ռ էս գիրքը դու կարդա, էս մինն էլ ես կկարդամ, էնքա՜մ կկարդանք, որ էս մենծ սարը, տենում ես, էրկու փայ կըլնի, հենց որ սարը կբացվի՝ դու անխոս նեքսև կմննես, ընտե մի Ֆանառ կա՝ վե կունես էլի անխոս դուս կգաս։ Տե՛ս, ընտե լիքը ակնունք, անգին քարեր կա, չըլնի թե թամահ անես՝ վերնես հա՜, թե չէ՝ սարը էլի եդ կխփվի, դու կմնաս ընտե, ես՝ ըստե: Հենց որ Ֆանառը դուս բերես էն քոմմա մերն ա ու մերը, չունքի էն Ֆանառը մենծ հունար ունի, իմացա՞ր։ Էրկուսս էլ ֆողեց-ֆոգի կկորչենք։— Էս քոմմա թամբահ ա անում դարվիշը թագավորի տղին ու ասում.— Դե՛, կարդա՛. ես էլ եմ կարդում։

Էրկուսն էլ իրար հեննա կաննում են ու կարդում, ըսենց կարդում են, կարդում են. մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, մին էլ ի՜նչ տեհան՝ հրես, դրուստ որ, սարը ճղվեց. էրկու կես էլավ, էն սհաթը թագավորի տղեն նի կմննի նեքսև, կէթա Ֆանառը վե կունի, եդ կգա դպա դուս, համա դե իսանի թամահ էր էլի՝ չէլավ, որ էն անգին քարերը, էն կիտուկ-կիտուկ բռլիանտները չտեհա՜վ, խելքը մաղելոն միտք արեց, թե. «Շա՛տ էլ դարվիշը ասեց՝ մի՛ վերնի. ըստե ի՜նչ կա որ, հազիր վե կունեմ, ղրաղին էլ մոտ եմ, էն սհաթը մի ոտ կքցեմ՝ դուս կթռնեմ էն էրեսը. ընչանք սարերը գան իրար կպնեն զաթի ես էլ դուս կթռնեմ»։ Կասի, կպպզի էդ կիտած-կիտած բռլիանտների կշտին՝ ծոցերը, ջեբերը կլցնի:

Էնքա՛մ դարվիշը ձեն կտա. «Ա՜ման, Խուդավերդի, վեր ածա՛, վեր ածա՛, սարերը կխփվի»։ Խուդավերդին չի լսի, ջեբերը կլցնի. հենց կուզենա, որ դուս գա՝ սարերը էլ եդ էն սհաթին կգան իրար կկպնին, թագավորի տղեն կմնա սարի միջին, դարվիշը՝ էս դիհը:

Դարվիշը էս որ կտենա՝ շատ վա՛յ կտա գլխին, համա դե էլ ի՞նչ կարար անի, ձեռին ճար չկար։

Վախլությունիցը գլուխ կառնի էն թագավորի երկրիցը կկորչի, որ ինչ ա՝ թագավորը չիմանա իրա արածը, իրան քյալլա անել չտա:

Թող դարվիշը գլուխ առնի կորչի, մենք գանք խաբարը տանք էն խեղճ տղիցը:

Տղեն էս զուլումը որ տենում ա, շատ ա գլխին ոտին տալի, համա դե՛ ձեռին ի՞նչ կար, ի՞նչ կարար անի, ո՛նչ մի հնարք չէր գիտա՝ ո՞նց դուս գա էդ եքա սարի միջիցը, էնքան ըսենց միտք ա անում, լալիս ա, ընչանք լավ նղըղում ա, գլուխը դնում գեննին, ֆողի վրա քնում ա։

Շատ ա քնում, թե քիչ, աստոծ ա խաբար, բիրդան մի ջրի խշոցից զարթնում ա. զարթնում ա տենում ա՝ էլի էն սարի միջին ա. էս յան ա ման գալի, էն յան ա ման գալի. տենում ա հրեն մի փետի կտոր․ էթում ա փետը վերնում գալի էն ջրի խըշշոցի տեղը։ Փորփըրում ա ըսենց, էնքամ փորում ա՝ բիրդան մի եքա գետ ա բացվում, ընե՜նց վարար, ընե՜նց վարար, որ էլ չեմ կարա ասի։ Մին էլ տենում ա հրես մի մենծ տախտակի կտոր ջրի էրեսին գալիս ա. անխոս տախտակը կալնում ա, ինքը վրեն նստում, ասսու անումը տալիս ա՝ ընկնում ճամփա. միտք ա անում, թե բալքի էս ջուրը տանի մի լիս աշխար հանի։

Ըսենց տղեն ջրի էրեսին տըմպտըմպալոն էթում ա. էթում ա մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, մախլասի՝ մի օր, տենում ա յավաշ֊յավաշ լիս ա էրևում։ Մի թիքա էլ որ էթում ա՝ բիրդան տախտակը դեմ ա ըլնում մի ծառի քոքի, էլ չի էթում։ Տղեն որ տենում ա տախտակը էկավ ղրաղ, ինքն էլ վեր ա գալի վրիցը է՛ս յան ա էթում, է՛ն յան ա էթում՝ տենում ա ըստերանք ըսկի իսանաոտ չի էրեում, լափ վիրունի տեղ ա։ Նստում ա մի քարի վրա, մի կուշտ լաց ա ըլնում. սրա ձենին մի չոբան ա գալի, տենում ա հրես մի սիրունիկ տղա նստած մեն֊մենակ լաց ա ըլնո՜ւմ, լաց ա ըլնո՜ւմ, ո՜նց լաց, որ կողքի քարերն են մղկտում։

Մոտ ա գալի հարցնում.— Տղա՛, օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ըստերանք չէր էկե, դու ո՞նց սիրտ էս արե էկե։

Տղեն ո՛ր գլուխը բանձրացնում ա չոբանին տենում՝ ուրախանում, աշխարովը մին ա ըլնում, ասում ա.— Ա՛մի ջան, ա՛մի, սոված մեռա, ըսկի զադ չո՞ւնես ուտելու։

Չոբանը ասում ա.— Ա՛ռ, այ որդի, ես եմ էս էրկու գարե ճտթը, ա՛ռ ըս էլ դու կե՛ր։

Տղեն ճաթը առնում ա ուրախ֊ուրախ վրա պրծնում՝ ընե՛նց ա ուտում, կասես գառան խորոված ըլներ։

Չոբանը վերնում ա տղին տանում իրա տունը, կնկանը ասում. —Ա՛ռ ա՛յ կնիկ, աստոծ մեզ մի թազա տղա էլ ա ղրկե. թող օխտը տղա չունենաք, ութը ունենաք։ Լա՛վ պահի, մուղայիթ կաց, քու էրեխեքանցիցը մի ջկի. ես էլ էն վիրունի տեղը կաթ, մածուն, ղաղ կշինեմ, կբերեմ յոլա կէթանք։

Կնիկը ուրախ֊ուրախ ջուր ա դնում, թամուզ տղի շորերը լվանում, գլուխ֊մլուխը թամզացնում ու իր ա էրեխեքանց հեննա խառնում:

Ըսենց անց ա կենում մի տարի, էրկու տարի, օրենը մի օր էս տղի միտն ա ընկնում, որ իրա ջիբին անգին քարեր կա։

Մինը հանում ա տալի մորը, ասում ա.— Ա՛ռ ա՛յ մեր, տար բազար էս անգին քարը ծախի, բե՛ յոլա էթանք, համա տես չխաբնվես։

Մերը ուրախ֊ուրախ քարը տղի ձեռիցը առնում ա, էթում զար. դուզ տանում ա մի սառաֆի կուշտ, հանում ա քարը սառաֆին շանց ա տալի ասում ա.— Չէ՞ս առնի էս քարը։

Սառաֆը որ չի տենում էդ անգին քարը, խելքը էթում ա՝ էնքա՛մ հավանում ա, ասում ա.— Խի՞ չեմ առնի, զաթի ես էլ ըդենց բարի ի ման գալի, գինն ի՞նչ ա։

— Ի՛նչ արժողությունն ա, էն տու,— ասում ա կնիկը։

— Հարիր մանեթ կտամ,— ասում ա սառաֆը:

Կնիկը հենց իմանում ա իրա վրա ծիծաղում ա, ասում ա.— Ի՞նձ ես ձեռ առե։

— Հինգ հարիր կտամ,— ասում ա սառաֆը ու ջիբիցը փողը հանում ա, համըրում։

Կնիկը ուրախ-ուրախ փողը վերնում ա լցնում ջեբը, քարը տալի սառաֆին, էթում։ Էթում ա բազար, է՛ս յան ա ման գալի, է՛ն յան ա ման գալի, ի՛նչ որ պետք ա առնում ա, էրեխեքանց հմար շորեր, իրա հմար մաշկներ, շորեր, մախլաս՝ ի՛նչ որ պետքն էր, քոմմա առնում ա, էթում ա տաք կերակուր էփում, ուտում են, խմում, քեֆ քաշում, պառկում քնում։

Օրենը մի օր էս տղեն մորիցը թաքուն վեր ա կենում էթում բազար, դուզ մի սառաֆի կուշտ: Տղեն էթում ա մի էրկու քար ա ծախում՝ հատը էրկու-իրեք հազար մանեթով։ Էթում ա բանահի, խառատի կուշտ, բաբշում ա, որ էգսի օրը գան իրանց հմար մի ձեռք լավ տներ շինեն։ Թողում ա գալի տուն։

Դրուստ որ, էգսի օրը էն բաշտեն ուստերը իրանց ֆահլեքանց հեննա գալիս են սրանց տները շինում։ Մի շաբթումը մի էնթավուր տներ են կայնացնում, որ տենողի խելքը էթում էր։ Տղեն բերում ա դրանց հաշիվ-մաշիվ վերջացնում, ուստեքանց ճամփու դնում.

Իրիկունը հերը գալիս ա, տղեն ասում ա հորը.— Ա՛յ հեր, բոլ ա չոբանություն անես, մեզ ընքան մալ ու դոլվաթ ունենք, որ քանի սաղ ու կենդանի ենք ուտենք չի հատնի. ուր մնաց, որ քոմմքս էլ հասել ենք. ա՛յ մի-մին ախպորտանցս պսակենք, մի-մի գործի դնենք, մեզ հմար էլ դինջ ապրենք, զաթի քու էլ դինջանալու վախտն ա։

Հերը տղի խոսքին շատ ա հավանում, վեր ա կենում տղի ճակատը պաչում, օրհնում, որ ըդենց բարի ժառանգ ա, ուրախանում, աշխարովը մին ա ըլնում։

Բերում են ամեն ամիս մին֊մին տղերքանցը նշան դնում, պսակում, լավ-լավ աղջկերք ուզում իրանց հմար, մին֊մին գործի կպնում՝ գլուխ պահում:

Մի օր էլ հերը կանչում ա Խուդավերդուն, ասում ա.— Որդի՛, սրեն հմի քունն ա, քեզ հմար պտի աղջիկ ջկենք, պսակենք։

Տղեն էս որ լսում ա՝ հորը, նստում ա, մին-մին նաղլ ա անում իրա գլխի անցկացածը, ոնց որ ես ձեզ նաղլ արի:

Հորը ասում ա.— Հմի պտի ես էթամ իմ հորնումոր կուշտը, հմի նրանք դարդավարամ են էլե. մեղք են, նրանց ծերության վախտը մի մխիթարեմ, նոր դինջ մեռնեմ։

Չոբանը որ իմանում ա, թե Խուդավերդին թագավորի տղա ա՝ շատ ա զարմանում, որ էսքան լավություն ա արե իրանց, ըսքան տարի էլ իրան հնազանդ տղություն ա արե։ Շատ դեմ կընկնի, որ չէթա, համա դե, ինքն էլ էր ջիգյարատեր, չէր կարա եդ քցի։

Կնկանը ասում ա.— Ա՚յ կնիկ, վե՛ր, լավ ճամփի թադարեք տես, որ մեր տղեն պտի ճամփա էթա, ճամփին նեղություն չքաշի։

Կնիկն ա՝ վեր ա կենում, ոնց որ կարգն էր, լավ ճամփի թադարեք ա տենում, մի էրկու հավ ա խաշում, քուֆթա ա էփում, գաթա ա թխում, ճամփի պաշար ա կապում, հազրում, էդ գշերն էլ ընչանք լիս լավ քեֆ են անում, էն բաշտեն Խուդավերդուն ճամփու դնում։

Թագավորի տղեն ա՝ ասսու անումը տալիս ա, ընկնում ա ճամփա։

Էթում ա, էթում ա, էթում ա՝ մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, մի չոլ յաբանի տեղ մութը վրա ա կոխում. տղի պաշարն էլ զաթի հատել էր, մտքումը ասում ա. «Էս գշեր ըստե սթար անեմ, նո՛ր էն բաշտեն կընկնեմ ճամփա»: Դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի՝ մի մենծ քարի տալդի նստում ա դինջանա, որ ինչ ա ջանավար, զադ չմոտանա։ Տղեն, որ ըտենց մենակ նստած կըլնի, բիրդան միտը կընկնի իրա Ֆանառը, կասի. «Հլա մի վառեմ տենամ սրա հունարը ինչ էր, որ ես էսքան տար Հուդի չարչարանքը քաշեցի էս Ֆանառի խաթրու»։ Ֆանառը կվառի, ի՜նչ տենա՝ հրես չորս արաբ էկան աղաքին կաննեցին։

— Հը՛, թագա՛վորի ցեղ, աշխարքը քանդենք, թե՜ շինենք,— կասեն արաբները։

Տղեն էս որ կտենա շատ կզարմանա, կասի.— Ո՛նչ քանդեք, ո՛նչ շինեք, ես շատ սոված եմ, ինձ մի բան տվեք ուտեմ, դուք գնացեք ձեր բանին։

Արաբները էն սհաթը մի՜ սուփրա բաց կանեն թագավորի տղի աղաքին, մի՜ սուփրա, որ էլ չեմ կարող ասի, ասսու ստեղծած բարիքը լիքը կըլնի, ընե՞նց լավ-լավ կիրակրներ, ընե՞նց լավ-լավ կիրակրներ, որ սկի Խուդավերդին իրա օրում չէր կերե, չէր տեհե։

Խուդավերդին ա՝ սոված վրա ա պրծնում, մի կուշտ ուտում։ Որ կշտանում ա, արաբները հացը հավաքում են իրանք անէրևույթք ըլնում։ Թագավորի տղեն էլ թինկն ա տալի էդ քարին, քնում ընչանք լիս։

Որ լիսը բացվում ա, Ֆանառը վառում ա, արաբները գալիս են հարցնում.

— Հը՛, թագա՛վորի ցեղ, աշխարքը քանդե՞նք, թե՞ շինենք։

Խուդավերդին ասում ա․— Ո՞նչ քանդեք, ո՛նչ շինեք, ինձ մի Քյահլան ձի տվեք, էթամ մեր երկիրը։

Էն սհաթը արաբները մի Քյահլան ձի կբերեն, իրա լավ-լավ սարքերով, ընե՜նց ձի, ընե՜ նց ձի, ընե՜նց ձի, որ էլ չեմ կարա ասի։

Էն սհաթը թագավորի տղեն կնստի ձին, կօրզանդի՝ ձին կթռնի կէթա։ Շատ կէթա, քիչ կէթա, կհասնի մի գեղի ղրաղի. կտենա հրե գերեզմաններ ա էրևում, մի բոլ մարդ էլ կիտվել են մի մեռլի գլխի, իրար ձեռից խլում են ու շաբդում. ո՜նց են ծեծում, ո՜նց են ծեծում, որ աստոծ ա խաբար։

Դուզ ձին քշում ա դրանց կուշտը. ձիուցը վեր ա գալի, դրանց հարցնում ա.— Էդ խեղճ մեռելը ձեզ ի՞նչ ա արե, որ ըդենց ծեծում, ջարդոտում եք. մեղքը չի՞:

Էն մարդիկը ասում են.— Դու չես խաբար, թե սա մեր գլուխը ի՞նչ օյին ա դրե։— Մինը ասում ա. «Ինձ քսան մանեթ ա տալու», մեկելն ասում ա, թե. «Ինձ հիսուն մանեթ», մինը՝ «Տաս», մախլաս՝ ի՞նչ գլխներդ ցավացնեմ, սրանց քոմմքին էլ պարտք ա էլե էս մեռելը, հենց ումից վեր ա կալե, եդ չի տվե։

Էն սհաթը Խուդավերդին ջիբիցը մի բոլ փող ա հանում, սրանց քոմմքի պարտքն էլ տալիս ա, ճամփու ա դնում իրանց բանին։ Եննա մի պուճուր էրեխա ա ռաստ գալի, ղրկում ա, տերտեր ա բերիլ տալի, մարդ ա բերում, ոնց որ կարգն ա, թազադան էս մեռլին թաղում են, էթում իրանց բանին. ինքն էլ ձին սարքում ա, էլ եդ նիլնում ընկնում ճամփա։

Էթում ա, էթում ա, էթում ա՝ մի սհաթ, էրկու սհաթ, բիրդան եդ ա մտիկ անում, ի՞նչ տենա՝ էրկու ձիավոր ընկել են իրա եննուցը, ո՜նց են քշում, ո՜նց են քշում, ո՜նց որ գյուլլա դիպած։

Աղաքի ձիավորի ձին սև ա ըլնում, ետնինը՝ կապիտ։ Խուդավերդին սրանց որ տենում ա, վախլությունիցը չի իմանում, թե որդե տափ կենա: Մին էլ ինչ ա տենում՝ եդի կապիտ ձիավորը էկավ վրա հասավ աղաքի սև ձիավորին վե կալավ տվեց գեննովը, բանֆողի արեց։

Շատ զարմացավ, թե էս ի՞նչ բան էր, էս կապիտ ձիավորը ով էր, որ ըսենց իրան ազատեց. կայնում ա ընչանք էն կապիտ ձիավորը գալիս ա թագավորի տղի կուշտը, ասում ա.— Սրանից եդը դու արխեին գնա՛ էլ ոչ մի զիան չի գա քեզ։

Էս ասում ա, ուզում ա, որ էթա, Խուդավերդին ասում ա.— Յավա՛շ, դու ո՞վ իր, որ էկար ինձ ըդենց փորձանքից ազատեցիր, էդ լավությանդ տակիցը ընչով կարամ դուս գա։

Կապիտ ձիավորն ասում ա.— Ես էն մեռլի Հրեշտակն եմ, որ դու էն մարդկերանց ձեռիցը պրծացրիր, ընենց առոք-փառոք թաղեցիր. էն սև ձիավորն էլ էն դարվիշն էր, որ քեզ ըդենց փորձանքի մեջ էր քցե. հմի որ իմացել ա, թե դուս ես էկել լիս աշխարք, էկել էր, ուզում էր քեզ սպանի, որ Ֆանառը ձեռիցդ առնի. համա ես նրան ընե՛նց տվի գեննովը, որ ո՛նչ տվեց, ո՛նչ առավ՝ հենց տեղն ու տեղը մնաց մեռած։

Եննա մեռլի Հրեշտակը շիրիցը մի խնձոր ա տալի թագավորի տղին, ասում ա.— Ա՛ռ էս խնձորը, հերնումերդ կուտեն կջահելանան, աղլուխդ էլ տուր ձիուս քրտինքը սրբեմ՝ տամ տար, հերհումերդ քու հմար էնքամ լաց են էլե, որ ջուխտն էլ քոռացել են՝ էս աղլուխը որ քսեն աչքներին, էն սհաթը կսաղանան։

Խուդավերդին ա՝ ուրախ-ուրախ աղլուխը տալիս ա մեռլի Հրեշտակին, նա էլ ձիու քրտինքը սրբում ա՝ էլի եդ տալի Խուդավերդուն, հեննեն մնաս բարով ա անում ու էն սհաթը անէրևույթք ա բլնում։ Խուդավերդին շատ ա զարմանում, թե՝ էս ի՞նչ էր, ըսենց էկավ ու գնաց. ասուն փառք ա տալի ընկնում ճամփա։

Էթում ա, էթում ա, էթում ա՝ մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, մի օր, մախլասի՝ մի շաբաթ, հասնում ա իրա քաղաքի սնուռը. տենում ա հրե մի նախրչի նախիրը արածացնում ա, էթում ա էդ նախրչու կուշտը հարցնում ա.— Բարո՛վ նախրչի,— ասում ա,— ըսկի ձեր քաղաքումը ի՞նչ կա, ի՞նչ չկա:

— Ասսու հա՛զար բարին, ա՛յ ճամփորդ աղպեր,– ասում ա նախրչին,– մեր քաղաքի մենծ ցավն էն ա, որ մի լավ թագավոր ունենք՝ նա մինուճար մի տղա ուներ, էդ տղեն խաբլությունով մի դարվիշ տարավ, էլ եդ չբերեց. մեր թագավորը ու իրա կնիկը էնքա՜մ լաց էլան, որ էս էրկու տարի ա ջուխտն էլ լափ քոռացել են, աշխարքի լսիցը զրկվել, մեր սաղ խալխն էլ էն խեղճերի հմար դարդի մեջ ա։

Տղեն էս որ լսում ա, նախրչուն ասում ա.— Որ ըտենց ա՝ թեզ վազի խաբար տար ձեր թագավորին, ասա՛, որ տղեդ էկել ա, հմի, որդե որի ա կգա։

Նախրչին, որ էս խաբարը չի լսում, ուրախությունիցը օխտը գազ ծլունկ ա ըլնում, ընկնում էդ տղի ոնները. ուզում ա, որ աղի պես լիզի, նոր որ ուշը վրա ա գալի, վազելոն էթում ա թագավորին խաբար տանում: Դուզ էթում ա թագավորի ամարաթի դուռը ծեծում, նոքարները դուս են գալի հարցնում.— Էդ ո՞վ ա.

Նախրչին ասում ա.— Ես եմ ձեր գեղի նախրչին, ուզում եմ թագավորին թեզ տենամ, վռազ գործ ունեմ հեննեն:

Նոքարները էթում են թագավորին իմաց անում. թագավորն ասում ա.— Գնացեք կանչե՛ք, տենանք ո՞վ ա։

Նոքարները էթում են նախրչուն բերում նեքսև։

Նախրչին ա՝ ուրախ-ուրախ էթում ա թագավորին գլուխ ա տալի ասում.— Թագա՛վորն ապրած կենա, տղեդ գալիս ա, հրե մեր սնոռումը դինջանում ա։

Թագավորը էս որ չի լսում՝ ուրախանում, աշխարովը մին ա ըլնում։ Էն սհաթը հրամայում ա նախրչուն լավ–լավ փեշքաշներ տան, ճամփո դնեն. ինքն էլ իրա կնկա հեննա, պալատականների հեննա վեր ա կենում էթում տղի աղաքը։

Տղեն հորն ու մորը տենալու բաշտան վաղում ա փաթթվում նրանց ճտովը, պաչպչում. էնքա՜մ ուրախանում են, որ էլ հալ ու հեսաբ չկար: Նո՛ր էն սհաթը տղեն մեռլի Հրեշտակի տված աղլուխը հանում ա հորնումոր աչքերը սրբում ա։ Էն սհաթը սրբելու բաշտան էրկսի աչքերն էլ բացվում ա։ Եննա ջիբիցը հանում ա Հրեշտակի տված Խնձորն էլ տալիս ա հորնումորը, որ ուտեն։ Ուտում են, էրկուսն էլ հենց ուտելու բաշտան դառնամ են ջահել֊ջիվան մարդ ու կնիկ: Էլ ի՜նչ քեֆ, ի՜նչ ուրախության, որ էլ չեմ կարող ասի:

Մի քանի օր, որ տղեն դինջանում ա պրծնում, հերն ասում ա․— Ա՛յ որդի, չե՛ս ասի ֆլա՛ն թագավորը ղոշուն ա վե կալե, գալիս ա մեր վրեն կռիվ:

Տղեն ասում ա.— Ա՛յ հեր, դու ըսկի դարդ մի անի, էս Ֆանառը ընենց հունար ունի, որ ի՛նչ ուզենանք՝ անիլ կտանք, դու արխեին կաց։ Հենց էս Ֆանառի խաթրու էր, որ էն դարվիշը ինձ տարավ ու ես էլ էսքամ չարչարվեցի։

Նոր տղեն նստում ա, հորը մին-մին նաղլ ա անում իրա գլխով անց կացածը, ոնց որ ես ձեզ նաղլ արի, ու էն սհաթը Ֆանառը վառում ա։

Արաբները գալիս են հարցնում.— Հը՛, թագա՛վորի ցեղ, աշխարքը քանդե՞նք, թե՞ շինենք:

Թագավորի տղեն ասում ա.— Ո՛նչ քանդեք, ո՛նչ շինեք, գնացեք ֆլա՛ն թագավորի ղոշնի վրա կռիվ,— ու հոր հեննա իրանք թադարեք են քաշում, Էթում ավի։

Անց ա կենում մի օր, էրկու օր, բիրդան նազիր-վեզիրը գալիս են խաբար բերում, թե.— Էն թագավորի ղոշունը քոմմա կոտորվել են, նրանցից մի էրկու մարդ անջախ սաղ մնացին, որ խաբար տանեն իրանց թագավորին։

Նո՛ր թագավորը հրամայում ա նազրի աղջիկը տան իրա տղին: Նազրի աչքը ղաթի վաղուց էր թագավորի տղի վրա։ Բերում են աղջիկը տալի, նշան դնում, օխտը օր, օխտը գշեր հարսանիք անում: Հերն էլ իրա թախտիցը վեր ա գալի Խուդավերդուն գնում իրա ձեռովը թագավոր:

Ասսանից իրեք խնձոր ա վեր ընկնում. մինը՝ ասողին, մինը՝ ասիլ տվողին, մինն էլ անկաջ դնողին։

  1. Խուդավերդի թուրքերեն նշանակում է՝ Աստվածատուր (Ծ. Բ.):