Jump to content

Խրատ ընկերիս (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Խրատ ընկերիս

Խրատ ընկերիս


Իմ ձախորդությանս մի խնդա, ընկեր,
Քեզ էլ կպատահի այս բանը մեկ օր,
Դու վարը կընստես, ինձ կըկանչեն վեր,
Բախտերս կըփոխե շրջանը մեկ օր։

Փողի վրա հույս մի դներ հավիտյան,
Մտնի ու դուրս գա շատ մարդու գրպան.
Բախտի բերմամբ ծառան կըլինի իշխան,
Իսկ ծառա’ կըդառնա իշխանը մեկ օր։

Փնտրես ու չես գտնիլ մի խեղճ ավանակ,
Քու զարդարված նժույգ ձիուդ փոխանակ.
Ամեն անգամ ձիդ չի տանի մրցանակ,
Ուրիշի’ն կըմնա մեյդանը մեկ օր։

Քու ընկեր Ջիվանուդ խոսքերը միշտ լո’ւր,
Առաքինությունը պի’նդ բռնե ամուր.
Մեռնելիս կըդառնաս հողին կերակուր,
Մտնելով սեւ մահի ուռկանը մեկ օր։