Jump to content

Ծարավ ճյուղեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԾԱՐԱՎ ՃՅՈՒՂԵՐ


Գարնանամուտին բողբոջների մեջ
Ու ներսում հոգու
                ծնվեցին լույսեր
ու խոսք ասելու մի տաք ցանկություն։
Բայց ծառը խոսել չկարողացավ,
բառեր չգտավ։
ՈՒ կեղեւից դուրս վառվող հույսերը
բողբոջներ դարձան,
               դարձան ծաղիկներ։
ՈՒ... ծառը ծաղկեց...

Ես շատ եմ սիրում ծաղկած ծառերը...
Աշխարհում ոչ ոք եւ ոչինչ այնքան
նման չէ մորս,
որքան որ գարնան ծաղկած նշենին։
Երբ ես նայում եմ նրա ծաղկունքին,
թվում է մորս օրորն եմ լսում,
                որ բառեր չունի
եւ հասկանում եմ բուրմունքը նրա,
քանզի ճոճքս երբ ծառից էր կապված,
մորս օրորի, քաղցր կաթի հետ
գարնան ծաղկավոր լույսերն եմ ըմպել...

Ես շատ եմ սիրում ծաղկած ծառերը։
Մորս հետ երեկ այգի գնացի,
ցույց տվեց ծառը,
որից մշտապես կապում էր ճոճքս,
ծառը, որ գիտե բոլոր երգերը
                իմ խենթ մանկության...
Եվ ծառից այնպե՜ս ես ամաչեցի,
որ նա շատ վաղուց օրոր չի լսում,
որ բալիկներիս
ոչ մեկի ճոճքը
չի կապվում նրա ծարավ ճյուղերից...
Ես շատ եմ սիրում ծաղկած ծառերը...
Մենակ թողեցի մորս ծառի հետ,
գուցե բան ունի ծառը ասելու,
ժպտացին իրար։
Մորս ժպիտով գարունը դարձավ
գարուն ավելի, ծաղկավոր ու սուրբ։
Իսկ երբ մոտեցա, ծերացած մայրս
ննջում էր ծառի օրորների մեջ՝
որպես երեխա-
եւ ծառը ո՜նց էր վերադարձնում
նրա երգավո՛ր, տա՜ք օրորները...

Ես շատ եմ սիրում ծաղկած ծառերը...