Ծերուկ վանեցի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անվերջ գանգատներ Ծերուկ վանեցի

Ռափայել Պատկանյան

Հազարեն մեկը
ԾԵՐՈՒԿ ՎԱՆԵՑԻ


   Ո՞ր մեղքիս համար, Տե՜ր տըվիր ինձ կյանք,
Մի՞թե կյանքն էր մեզ անվերջ չարչարանք...
Վաթսունվեց տարի աշխարհքըս կեցա,
Օրին մեկ օրը խընդում չի տեսա։

    Ա՜խ, ելլեմ թեզով ունայն աշխարհքեն,
Որ իս բան չերետ բացի տանջանքեն,
Ուր ալ աչք դարձնուս՝ շիվան ու լաց է,
Դըժոխքի դըռները դիմացըդ բաց է։

   Հորս՝ օսմանլին քաշեց կախաղան,

Չունքի քիչ եկավ խարաճի փարան,
Փաշան տեսավ մորս ու ի սեր հարավ,
Սաստ ու պասթոնով հարեմը տարավ։

   Երբ տարիքս առի ու ընկեր գըտա,
Մեկ որդու, երկու աղջկա տեր եղա,

Որդուս մեռուցին անգութ քյուրդերը,
Աղջկանց փախուցին անսիրտ թուրքերը։

   Ընկերըս դարդին դարման չի գըտավ,
Արուն արցունքով սև հողը մըտավ.
Մընացի մենակ զինչ մորիի ծառ,

Խանձած ու չորցած զերտ կայծակահար։

   Օրըս մաշվեցավ խիստ տառապանքե,
Ձեռքըս թուլացավ անխոնջ վաստակե...
Կենջ օրես մինչ այժմ ժիր աշխատեցա,
Ու կուշտ-փոր հացի երես չի տեսա։

    Ալ ի՜նչ ում ետ կա այս փուչ աշխարհքեն,
Որ հեչ բան չունի զատ ի տանջանքեն...
Ասաց ծերունին ու ընկավ Վանը,
Ջրի մեջ գըտավ իր գերեզմանը։