Ծիածանը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ծիածանը

Եղիշե Չարենց

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի.
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի[1] ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն...

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...


  1. ակաթ, ագատ, ագաթ — կվարցի գույնզգույն շերտեր ունեցող ոչ շատ թանկագին քար. այստեղ` ակաթի նման գեղեցիկ: