Ծիտիկների կռիվը
Ծիտիկների կռիվը
— Ծիլի՜֊վիլի,
Ծիլի՜–վիլի,
Ծիտիկները
Հյուր են եկել մեր պարտեզ,
Հյուր են եկել,
Հազար բարև բերել մեզ։
— Ծիլի՜-վիլի,
Ծիլի՜-վիլի,
Ծլվլում են,
Թռվռում են ծառից ծառ,
Թռվռում են,
Թռչկոտում են անդադար։
— Ծի՜վ-ծի՜վ,
Ծի՜վ-ծի՜վ,—
Ծիտիկն ասավ,—
— Էս թառն իմն է,
էս ծառն իմն է,
Ես եմ տնկել ինձ համար։
Չի՛, չէ՛, չէ՛, չէ՛,–
Չիվիկն ասավ,
— Ես եմ տնկել
Ու հյուր եկել,
Որ քեֆ անեմ էս ամառ,
— Ցև՛, ցև՛, ցև՛, ցև՛,
Սևիկն ասավ,—
— Գնա՛, կորի՛,
Էս սալորի
Տերը ես եմ, դու ո՞վ ես,
— Տև՛, տև՛
Տև՛, տև՛,—
Թևիկն ասավ,—
Ի՞նչ ես եկել,
Աչքդ տնկել.
Եվ փնթփնթում
Քեզ ու քեզ։
Ծիտիկն ասավ, Չիվիկն ասավ,
Մի կողմից էլ՝
Սևիկն ասավ, Թևիկն ասավ...
Ասին, ասին.
Խիստ բարկացան,
Իրար անցան։
Մեջներն ընկավ կռիվը,
Աշխարհ կալավ ծիվ-ծիվը,
Մեկ-մեկու գզեցին,
Ու իրար կողք բզեցին,
Ծառից իջան կտուրը,
Կտրից ընկան տան դուռը,
Փռփռացրին պոչ ու թև,
Մեկ տակ եղան, մեկ վերև։
— Ծի՜վ,– ծի՜վ,
— Ճի՜վ,– ծի՜վ,
Ծլվլացին, թռվռացին,
Մեկ էլ հանկարծ
Բաժանվեցին, գնացի՜ն։
Ծիտիկն ելավ սալորին՝
Խեթ-խեթ նայեց բոլորին։
Չիվիկն ելավ ծառի ճյուղ՝
Դես-դեն նայեց աներկյուղ
Իսկ Թևիկն ու Սևիկը՝
Թռան, տեղից վերացան,
Մեր պարտեզից հեռացան։