Jump to content

Ծիրանի ծառ (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ծիրանի ծառ

Ծիրանի ծառ


Ես մի ծառ եմ ծիրանի,
Հին արմատ եմ անվանի.
Պտուղներս քաղցրահամ
Բոլոր մարդկանց պիտանի։

Հին ծառ եմ արեւելյան,
Չունիմ որոշ այգեպան.
Տունկերս ամեն երկիր
Ընկած են բաժան-բաժան։

Ապրում եմխեղճ, միայնակ,
Որոշ ծառի շքի տակ.
Հյութս որդունքն է ծծում,
Իմ տունկերուս փոխանակ։

Տունկերս ուր էլ որ գնան,
Թեպետ նույնը կմնան,
Բայց օտար հողի վրա
Չեն աճիլ, կչորանան։

Արեւելքում ինձ տնկեց,
Երբ որ տերը ստեղծեց.
Ասավ՝ աճե, բազմացիր,
Մի այգի էլ ինձ տվեց։

Ուղարկեց մի այգեպան,
Հարավից հսկա իշխան.
Այն հսկայի անունով
Կոչվեցա ծառ հայկական։

Չորս հազար տարվա ձառ եմ,
Մարմինս պինդ, կայտառ եմ.
Թեեւ ուժս պակաս է,
Բայց անունով պայծառ եմ։