Jump to content

Ծիրանի տափ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
[ 1 ]

ԾԻՐԱՆԻ ՏԱՓ[1]

Թեկուզ անունը Ծիրանի տափ է, բայց և ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ։ Գետի ափին, քարաժայռերի ճեղքերում մացառներ կան, քրքրված ցախավելի պես դիք֊դիք ցցված։ Ծիրանի տափի առավելությունը քամիներից պաշտպանված լինելն է և ջրի մոտիկությունը։ Սարում, երբ գարնան սկզբին բորան է լինում, անձրևախառն քամի, չոբանը ոչխարը գետի ձորն է քշում և պատսպարան տալիս լերկ Ծիրանի տափի ժայռերի հետև։ Այծերը մացառներ են կրծում։ Ոչխարը՝ գլուխը իրար շեքի մեջ՝ որոճում է։ Հոտի մեջ և ոչ մի ոչխար բորան օրերին գլուխը վեր չի հանի։

Ծիրանի տափը հիշատակելու արժանի ոչինչ չէր ունենա, եթե երկու գյուղի՝ Միրի և Մրոցի միջև անվերջ շարունակվող կռիվների, խոսք ու զրույցի առարկա չդառնար, եթե նրա համար տարիների ընթացքում բազմաթիվ անգամ մահակներով կռիվ չտային երկու հարևան գյուղերը՝ Մրոցն ու Միրը։

Երկու գյուղն էլ գետի ձախ ափին են ընկած, Մրոցը վերև, իսկ Միրը ներքև։

Մրոցն ու Միրը հավասար ծխեր ունեն, և առաջներում, երբ մահակներով կռիվ էին տալիս Ծիրանի տափի համար, այնպես էր պատահում, որ մի տարի Մրոցն էր հաղթում, հաջորղ տարին՝ Միրը, կամ երկուսն էլ ջարդված վերադառնում էին, որովհետև Ծիրանի տափի համար համարյա հավասար թվով մահակներ էին զարկվում երկուստեք։ [ 2 ]

Մրոցն էլ էր այծ ու ոչխար պահում, Միրն էլ, վերի գյուղումն էլ կար եկեղեցի, ներքևի գյուղումն էլ։ Շատ անգամ միաժամանակ էին բացվում ուշունցի պարկերը։ Վերևի գյուղում, պատի տակ նստոտած ալևորներից ոմանք հոնի կարմիր փայտերը մեկնում էին Միրի կողմը, հայհոյում.

— Միրն էլ շեն ա՞, վառես, խանձահոտ չի գա։ Մեր աղբաջրումն են նրանք խմոր հունցում…

Գուցե հենց այդ ժամանակ Միրի ալևորներն էլ էին անիծում վերի գյուղերին և ջահելների սրտում պապենական ոխը թեժ պահում։ Բայց նրանք առիթ չունեին ասելու, թե Մրոցը վառես՝ խանձահոտ չի գա, թե նրանք աղբաջրով են խմոր հունցում, որովհետև Միրում երեխան էլ գիտեր, թե գետը վերից է գալիս, անցնում է Մրոցի կողքով, սրբում գետի մոտ կիտած աղբակույտերն ու մոխրանոցները և լվանում գետի միջով անցնող կովերի, եզների, ձիերի սմբակներն ու կոճղակները։ Միրի հարս ու աղջիկ այդ ավելի լավ գիտեին, դրա համար էլ լուսաբացից վազում էին գետը՝ ջուր առնելու, մինչև ջրի պղտորվելը։

Միրի երեխաներն էլ գիտեին, որ գետը վերևից է գալիս, բայց հարկավոր էր մի քիչ հասակ առնեին և հասկանային, թե ինչու իրենց ալևորները վերի գյուղի հասցեին չէին ասում․

— Վառես՝ խանձահոտ չի գա…

Մրոցն էլ այծ ու ոչխար էր պահում, Միրն էլ, բայց Մրոցում այնպիսի մարդիկ կային, որոնք ամբողջ Միրի չափ ոչխար ունեին։ Կարելի էր առավոտ կանուխ գետից ջուր վերցնելով խմել նույնպիսի մաքուր և սառը ջուր, ինչպիսին վերի գյուղն էր խմում, բայց Միրը վերի գյուղի չափ կով չէր պահում։ Երբ Միրի լղար կովերը քարերի արանքում բուսած չոր խոտերն էին պոկում, Մրոցի կովերի լիքը կուրծը թաղվում էր կանաչ խոտերի մեջ, պտուկները քսվում էին ծաղիկների թերթերին, և ծաղկափոշի էր նստում վերի գյուղի կովերի կուրծին։

Այդ մասին Միրի երեխաները պիտի իմանային, երբ չափահաս դառնային և հասկանային, որ կավե կճուճի մեջ պահած յուղի պաշարը կապ ունի սարի կանաչի հետ։ Երբ այս հասկանում էին Ծիրանի տափի մասին գյուղում խոսք [ 3 ] ու զրույց լինելուց հետո, նրանք խլշում էին ականջները, մահակի կոթն ավելի պինդ սեղմում և մյուսների հետ վազում Ծիրանի տափը, եթե հավարն ընկներ, որ Մրոցի չոբանները ոչխարն ու տավարը քշել են ձորի կողմը։

Եվ թեկուզ ամառվա շոգին կանաչը խանձվում է, հողը ճաքճքում, էլի շոգից նեղացած նախիրը ժայռի շվաքում հանգստանում է, գետի սառնությունը հովացնում է նրանց մաշկը, և արևը թեքվելուց հետո, Ծիրանի տափում նախիրն էլի ուտելու մի քիչ խոտ է ճարում, այծերը՝ մացառների վրա տերև։


* * *

Ոչ ոք չէր հիշում՝ ոչ Մրոցում, ոչ էլ Միրում, թե երբ ծագեց առաջին թշնամությունը Ծիրանի տափի համար։

Եթե Մրոցին էին հարցնում, հազար ու մի պատմություն էին անում, թե իրենցն է Ծիրանի տափը, «ինջինների» ձեռքով քաշած պլան ունեն, թղթեր կան։

— Էս է, ես իմ ձեռքերով եմ էնտեղ կուրգանի[2] քարերը սահմանի վրա շարել․․․

— Իմ միտս է, որ հորս ոչխարը գիշերն էլ էր Ծիրանի տափում մնում։

— Միրի սահմանը Ծիրանի տափից էլ շատ դենն ա․․․ էն մեր հայրական հողն ա…

Իհարկե, Մրոցը միայն այդ չէր ասում, և երեք հոգի չէին խոսում, եթե մեկը հարցներ նրանց Ծիրանի տափի մասին։ Վրա էին տալիս, իրար հրմշտկում, ամեն մեկն աշխատում էր առաջ ընկնել և չինովնիկին պատմել իր մտքինը, իր լսածը՝ հաստատելու, որ Ծիրանի տափը Մրոցինն է։ Շատերն այնքան էին հեռու գնում, այնպես էին հորինում, որ մոտին կանգնած հարևանն էլ չէր հավատում նրա ասածին, բայց լռում էր, մտքում ծիծաղում, գլխով անում, որ չինովնիկը հավատա նրա ասածին։ Չէ՞ որ խոսքը Ծիրանի տափի մասին էր, գետի ափին բուսած մացառների, գյուղի սահմաններն էլ ավելի լայնացնելու մասին։ [ 4 ]

Բայց վեճը շատ խոսելը և բարձր կանչելը չէր որոշում։ Չինովնիկի գնալուց հետո Մրոցում շշուկով և շատ ծածուկ իրար մեջ հավաքում էին այն գումարը, որի մասին գիշերվա կերուխումի ժամանակ ակնարկել էր քաղաքից եկած «մեծավորը» և ավելացրել․

― Ձեր օգտի համար եմ ասում, դուք գիտեք, մենակ ինձ համար չեմ ուզում։

Չինովնիկը Միր էլ էր գնում։ Ներքի գյուղն աշխատում էր ավելի ճոխ ընդունել նրան, սրա-նրա տնից հավաքում էին հարմար իրեր, մի տնից մաքուր բարձ, մյուսից՝ գյուղի միակ լավ կարպետը, տունը զարդարում, հարսերի վրա բարկանում, որ փոշի չանեն, ապա, սենյակը սարքելուց, խոնարհ գլուխ տալիս եկվորին, ներս տանում։

Ոմանք եկողների ձիերն էին տեղավորում, գարի տալիս և խոնարհաբար ռամկի խեղճությամբ ժպտում մեծավորի պահակի առաջ, նրան էլ լավություն անում մտածելով, որ գուցե այդ էլ օգնի Ծիրանի տափի անվերջ վեճին։

Միրում էլ էին բարձր ձայնով կանչում, աղմկում։ Նրանք գիտեին, թե ինչ են ասել վերի գյուղում, հերքում էին «պլանի» պատմությունը, մեկը մոտենում էր, իր ճղած գլուխը ցույց տալիս, պատմում, թե ինչպես են Մրոցի գյուղացիք մահակով խփել, մյուսը՝ հարևաններին բոթելով երեխային էր առաջ հրում, բաց անում ոտքը և շան կծած վերքերը ցույց տալիս։

Երեխան զարմացած և վախով նայում էր չինովնիկի պսպղուն կոճակներին, հայրը նրա ոտից պինդ բռնած բարձրացնում էր երեխային, որ «մեծավորը» ավելի լավ տեսնի։ Իսկ չինովնիկի աչքերը երեխայի ոտի սպիներից սահում էին գետնի գունավոր կարպետին և մտքում գին դնում կարպետին, կարպետը համեմատում Մրոցի խոստացած կաշառքի հետ։

Զարմանք էլ չէր, եթե մյուս օրը, Մրոցի աչքից անտես պահելու համար, Միրից մի քանի հոգի, գիշերվա կարպետը թաղիքի մեջ փաթաթած տանում էին քաղաք, չինովնիկի տունը։ Միրում էլ էին շշուկով ինքնատուրք նշանակում, կարպետի գինը տալիս տիրոջը, որ հարս ու աղջիկ ձմռան գիշերներին [ 5 ] գունավոր թելերից մի նոր կարպետ գործեն և պատմեն հնօրյա չարքերից։

Եթե պատահեր, որ քաղաքից եկողը մյուս օրը համաձայնվեր անձամբ տեսնելու Ծիրանի տափը, համարյա ամբողջ Միրն էր գյուղից դուրս գալիս՝ որը ոտով, որը ձիով։ Գյուղի աչքաբաց ազդեցիկ մարդիկ «մեծավորի» ձիու սանձը բռնած դարձյալ Ծիրանի տափի մասին էին պատմում և նույն հոգով այդ պատմությունն անում․ ազդեցիկ մարդիկ՝ չինովնիկին, գյուղի գզիրը՝ նրա պահակին։

Անհնար էր, որ մեկը կոտրատած ռուսերենով Ծիրանի տափին հասնելիս «մեծավորին» չպատմեր մի հին խոսք, թե ինչպես մի հարուստ մի տգեղ կին է ունենում և մի սիրուն աղախին, ինչպես մի օր երկուսն էլ գնում են սարը՝ ոչխարը կթելու, խանի չոբանը կարծում է, թե սիրունն է խանի կինը և երբ խանը գալիս է, չոբանը ցույց է տալիս տգեղ կնոջը և խանին զարմանքով հարց տալիս՝ խանն ապրած կենա, սրան էլ են զուռնով բերե՞լ․․․

Եվ այդ ասելիս պատմողը պիտի հարցներ, թե Մրոցի հողերի շարքին Ծիրանի տափն է՞լ է հող, բայց «մեծավորը» քահ-քահ պիտի ծիծաղեր, և Միրի մի քանի միամիտ գյուղացի, որոնք անգիր կասեին այդ պատմությունը, չինովնիկի ծիծաղը հօգուտ Միրի կընդունեին։

Այսպես շատ տարիներ եկել են, գնացել, երկու գյուղից էլ շատ յուղ ու պանիր, գորգ ու կարպետներ են տարել հազար ու մի չինովնիկ և տարածի համեմատ էլ հատկացրել Ծիրանի տափը՝ մերթ Միրին, մերթ Մրոցին, կռիվների աղբյուր ստեղծել, ամեն տարի մացառուտի կանաչ տերևները բացվելու հետ երկու գյուղում էլ թեժացրել զայրույթը Ծիրանի տափի համար․․․

* * *

Խորհրդային օրերն եկան։

Երբ որ գավառական քաղաքից թշնամու խուճապի մատնված զորքերը հեռացան, և բեզարած կարմիրբանակայինները պառկեցին Ազգային Խորհրդի զինվորների վրա, բանակի [ 6 ] շտաբը քաղաքի հետ գրաված համարեց և հեռու ձորերը, որոնցից մեկումն ընկած էին Մրոցն ու Միրը։

Հարկավոր էլ չէր զորք ուղարկել, ոչ էլ թնդանոթ։ Տեղացի մի ագիտատոր անցավ ձորերով և պատմեց այն, ինչի մասին լսել էին ձորի գյուղերում։

Հենց որ լուր եկավ, թե գավառական քաղաքից փախել են նրանք, որոնցից ոմանք առաջվա չինովնիկի պես էին մտածում Ծիրանի տափի խնդիրը որոշելիս, երկու գյուղն էլ ականջները խլշեցին նոր օրերի լուրերին, աչքերի առաջ Ծիրանի տափը։

Եվ ձորերում քարոզող ագիտատորը հենց որ Միր գնաց և ընդարձակ կալում հավաքված ժողովրդին ճառ ասաց, ձեռքերն օդում ճոճելով, զայրացած մի քանի անգամ կրկնեց «արնախումնե՛ր, գիշատիչնե՛ր»․ Միրում շատերն այնպես հասկացան, թե այդ բառերը վերի գյուղին են ուղղված։ Ճառից հետո եկվորին շրջապատեցին գյուղացիք, և առաջին հարցը Ծիրանի տափի մասին եղավ. պատասխանը՝ թե «հողն աշխատավորին»— ավելի երկմիտ դարձրեց Միրի բնակիչներին։ Ագիտատորի գնալուց հետո գյուղում ոմանք նրա պատասխանը հօգուտ Մրոցի էին մեկնաբանում։

Նույն ճառը կրկնվեց և Մրոցում։ Այնտեղ էլ ժողովուրդը խլշած ականջներով լսեց նրան, և երբ ագիտատորը հողահավասարման անունը տվեց, բազմությունը շարժվեց, թեև մարդիկ կային, որոնց մտքերը հեռու էին, ցնցվեցին, մոտեցան խոսողին։ Շատ մարդ էր լսում նրան, և այդ րոպեին Մրոցում ոչ մի ուղեղ չկար, որի ծալքերում Ծիրանի տափի պատմությունը չդառնար շվաքի պես։ Լսելուց հետո շատերը խոսեցին Ծիրանի տափի մասին։

Կեսգիշերին Մրոցում մի քանի մարդիկ խոսում էին կտուրի վրա, որի տակ քուրսու վրա քնել էր ագիտատորը։

— Հը՞, ի՞նչ անենք․․․

— Չի վերցնի, հերսոտ ա…

— Բա էդպես գնա՞, ախր լավ չի լինի…

Առավոտյան, երբ քաղաքից եկած ընկերը ձին նստեց ուրիշ գյուղ գնալու, նրան բարի ճանապարհ ասացին, մոտեցան ձեռք տվին։ [ 7 ]

Երբ մոտեցավ և նա, որ կեսգիշերին կտուրի վրա խոսելիս ասել էր, թե «լավ չի լինի, թե էդպես գնա», և ուզեց աջը մեկնի և բարևելիս ձիավորի բռան մեջ դնի այն, ինչ պինդ սեղմել էր ձեռքում, աջը մեկնելիս աչքը ընկավ ձիավորի աչքին, և կիսով չափ մեկնած ձեռքը երկյուղից ետ եկավ ընկավ փափախի վրա, բռի մեջ՝ դրամ։ Ձիավորին ճանապարհելիս նա փափախը հանեց։ Նույն օրը կտուրի վրա խոսողները շատ հանդիմանեցին նրան, իսկ նա ուսերն էր քաշում և ասում.

― Կարացի ոչ, աչքերը հերսոտ էր․․․

Մի գարուն էլ շուռ տվեց, և այդ գարնանը քաղաքից հողաչափ եկավ երկու գյուղի սահմանները որոշելու։ Հողաչափը դեռ գյուղ չեկած՝ երկու գյուղումն էլ գիտեին նրա մասին այնքան տեղեկություն, կարծես այդ մարդը տարիներ էր ապրել նրանց հետ։ Մինչև նրա գալը երկու գյուղումն էլ նրա մասին էին խոսում։

— Ասում են շատ խղճով ա։

— Խմիչքներից հեռու չի․․․

— Որ հերսոտեց, էլ պրծում չկա, գործը կքանդի․․․

― Աչքի մինն էլ մի թեթև շաշ ա…

Հողաչափի գալուց հետո խոսքն ու զրույցն ավելի շատացավ։ Դեռ Միրին չհասած, վերին գյուղից ձիավորներ էին եկել նրան իրենց մոտ տանելու։ Եվ որովհետև նա «խմիչքեղենից հեռու չէր», վերի գյուղը գնաց, որի մասին լսել էր քաղաքում։ Առաջին հաղթանակը թև տվեց Մրոցին, ջուր մաղեց Միրի գլխին։ Ծիրանի տափի բախտը կիսով չափ որոշված համարեցին։

Հողաչափը շաբաթից ավելի մնաց, երկու գյուղում էլ կերավ ձու, կարագ, մեղր, քնեց մաքուր տեղաշորում, շատ անգամ էլ լսեց խանի և զուռնով բերած հարսի պատմությունը, Մրոցի ազդեցիկ մարդկանց խոսքը, որ իրենց Ծիրանի տափի պլանն ունեն։

Հողաչափը վերադարձավ։ Ճամփին նրա ձիու սանձից բռնում էին։ Երբ բռնողը Մրոցից էր, Ծիրանի տափն իրենց գյուղի համար էր խնդրում, իսկ եթե Միրից էր՝ Միրի համար։

Եվ երկուսն էլ համարյա նույն օրհնությունն էին թափում [ 8 ] հողաչափի զավակների, տան և մեռած-կենդանի բարեկամների գլխին, աշխատում մի բան իմանալ, խոսքի միջից մի շող, որով լուսավորեին իրենց կասկածների մթությունը, մինչև քաղաքից մի լուր գար։

Իսկ հողաչափը հենց մի գլուխ ասում էր․

— Լավ կլինի, էնպես սահման եմ դրել ո՜ր․․․

Եվ այդ լավը հօգուտ Միրի եղավ…

Քաղաքից այդպես հայտնեցին Միրին էլ, Մրոցին էլ, նույն ձևով գրած, նույն թղթի վրա, «Ծիրանի տափն ամբողջովին տալ Միր գյուղին, որպես աղքատ և հողազուրկ գյուղի»։

Թեկուզ թուղթը շատ փոքր էր և հասարակ, բայց ամենամեծ ռումբն էլ այդպիսի աղմուկ չէր հանի Մրոցում, ինչ հանեց թուղթը։ Գալիս էին նայում թղթին, ձեռք տալիս, թեկուզ շատերն էին անգրագետ, և ձեռք տալուց, ուրիշին էին վերադարձնում թուղթը, որ կեծացած[3] թիթեղի կտորի պես խանձում էր ձեռք տվողի մատները։

Նույն երեկոյան Միրում գյուղացիք խոսում էին, կասկածներ հայտնում։ Ճիշտ է, թուղթը չէր խանձում, բայց վստահություն էլ չէր տալիս։ Այդ փոքրիկ կտորի վրա ի՞նչ գրչով կարելի էր Ծիրանի տափի պատմությանը վերջ տալ։

— Հը՞, ըստեղ մի բան կա որ․․․

— Չէ, էսքան շուտ չէր լինի․․․

Մյուս օրը Միրից երեք հոգի քաղաք գնացին, մոտեցան մի երիտասարդի, որ հողային գործերն էր վարում, նրա սեղանին դրին Միրի համախոսականը։ Զարմանք բան էր գրած համախոսականում, երիտասարդը կարդաց, քթի տակ ժպտալով նայեց գյուղացիներին։

— Մեզ Ծիրանի տափի կեսը տվեք,— ասացին նրանք։

Տողատակեր

  1. տափ — դաշտ, մարգագետին
  2. կուրգան— բլուր
  3. կեծացած— շիկացած