Jump to content

Կ՚անձրևե

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Կ՚ԱՆՁՐԵՎԵ

Կ՚անձրևե, կ՚անձրևե...
Մութ, կապարե եթերին մեջ աննշույլ,
Սև ագռավներ կ՝իջնեն վերեն Հույլ ի Հույլ
Հուղարկավոր վաղուց մեռած սիրտերուն
Զոր այնքան հեշտ ձայնով երգեց մեզ գարուն:

Կ՚անձրևե, կ՚անձրևե...
Եվ այդ հեղիկ շրշյունին մեջ, ես հանկարծ
Անուշ վանկեր կ՚ընդնշմարեմ սիրարծած,
Որոնք հոգվու աշխարհներեն մեջ կուգան,
Հովին, ջուրին, կառչած ձայներ սիրական:

Կ՚անձրևե, կ՚անձրևե...
Կաղամախի ոստերուն մեջ նիհարցած,
Մրմունջի պես դեռ կը լսվի հևք մը ցած,
Արձագանգը հոգիներու առանձին
Որոնք իրենց տըխուր սերերը լացին:

Կ՚անձրևե, կ՚անձրևե...
Դեղնած թերթերը ճմլելով պուրակին
Որոնք երեկ դեռ արևուն կըրակին՝
Իրենց կյանքոտ բուրման նըվերը շըքեղ
Կը խնկեին վետվետելով լուսագեղ:

Կ՚անձրևե, կ՚անձրևե...
Եվ օր մըն ալ մեր դամբանին հողին վրա,
Որ դեռ մեզի սուտ երազ մը կ՚երևա,
Պիտի երգեն այդ անձրևներն ու խնդան
Մեր խեղճ սրտին հուզմանց վըրա անկենդան:

1902