Կաղապար:Ամսվա տեքստը/Դեկտեմբեր 2016
Զապել Եսայան՝ «Աւերակներուն Մէջ»
Շոգենավը կտաներ մեզ դեպի Կիլիկիո նավահանգիստը, և այն վերջին գիշերը որ կանցկացնենք Միջերկրականի մեջ, զիս արհավիրքով, կանխակալ սարսափով կլցներ: Հետզհետե քանի կմոտենայինք աղետի սեմին, իրականությունը կխուսափեր կարծես իմ հասկացողութենես ու չէինք կարող անկեղծորեն հավատալ, թե վաղն առավոտ Մերսին պիտի հասնինք. Ադանա… Կիլիկիա…: Շաբաթներե ի վեր այդ անունները կկարդային մեր ուղեղին մեկ անկյունը, հոն՝ արյունոտ վերք մը կար, որու դպչիլը ցավագին սարսուռով մը կցնցեր էությունդ:
Գաղջ և հեշտավետ մթնոլորտ մը կպարուրեր մեզ. աստղազարդ երկնքի տակ Միջերկրականը կվետվետեր իր մութ կապույտ ալիքներով, որոնք մեղմորեն կօրորեին շոգենավն առանց զայն ցնցելու: Բնության պայծառ և անհեղլի գեղեցկության ու մեր միտքերը տանջող մտածումներուն մեջ այնպիսի հակասություն մը կար, որ տպավորություններս կերթևեկեին մեկեն մյուսը՝ առանց պահ մը կանգ առնելու, և ասիկա այնքան հոգնեցուցիչ կդառնար, որ գրեթե ֆիզիկական ցավ կպատճաոեր: