Jump to content

Կաղնու գերանը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կաղնու գերանը

Ինձ շատ է պատահել գյուղերը ման գալ: Շատ էլ պատմություններ եմ լսել իմ պատահած գյուղերում, շատերը մոռացել եմ, բայց մի զրույց մինչև հիմա չարխի նման պտտվում է գլխիս մեջ: Ես խոստացել եմ «գազեթ քցել» Սիմոն ամուն և նրա զրույցը, կատարել նրա սրտի փափագը:

— Հուր հավիտյան քեզ պարտական կմնամ, — խնդրել է Սիմոն ամին: Հիմա գրում եմ, բայց չգիտեմ նա ողջ է, որպեսզի նրան կարդան իմ գրածը, թե թաղել են հոր կողքին՝ հին գերեզմանատանը: Եթե այդպես է, թող այս զրույցը պայծառ պահի նրա և հոր հիշատակը, ինչպես «Արյուն աղբյուրի» ուստան անմահացրել է յուր աշակերտինը:

Բայց դառնանք զրույցին:

Էս վերջին տարին սարի արոտները չափում էինք, բաժանում գյուղերի վրա: Աշխատանքը ծանր էր, էս սարում մի կուրգան, էն բլուրի գլխին մի նշան, իջիր, բարձրացիր, սահմանները բացատրի: Լավ սարեր են՝ բա՛րձր, կատարները ամպերից վեր: Երբեմն ամպը կոխում էր, ձորերը լցնում սպիտակ քուլաներով, ոչ գյուղ էր երևում, ոչ անտառ, ոչ ճանապարհ:

Ամպերից բարձր արև էր, ամառվա պայծառ երկինք, իսկ ներքևը՝ մութ ամպ: Մեր աշխատանքը խանգարվում էր, սպասում էինք մինչև ամպերը ճանապարհ տան դիմացի արոտները տեսնելու: Եթե անձրև գար, իջնում էինք ներքևը, գյուղերը:

Էդպես մի երեկո հոգնած իջնում էինք: Քիչ անց սկսվեց Օվենի անտառը: Անտառ, ի՛նչ անտառ...Թեև օր կար, բայց մթնել էր անտառում, և մեր ձիերը փռնչալով դժվար էին տեսնում և հոտոտում բարակ արահետը:

Անտառից դուրս եկանք, շների հաչոցի ձայն եկավ: Գյուղը փոսի մեջ էր:

— Ծարավ չե՞ք, — հարցրեց մեր ձիապանը, որ նույն գյուղացի էր, և կռացավ ջրի վրա:

— «Արյուն աղբյուրի» ջուր ենք ասում սրան...

Աղբյուրի շատ անուններ էի լսել, բայց այդպիսի անուն չէի լսել: Հետաքրքրվեցի, բայց ձիապանը չկարողացավ բացատրել:

Մի քիչ էլ իջանք, մեր առաջ ցցվեց մի ավերակ: Ոչ վանք էր, ոչ բերդ: Ավելի նման էր աշտարակի:

— Բեգի ամարաթն է, — իմ հարցին պատասխանեց ձիապանը, — «Արյուն աղբյուրը» նրա հայաթումն է...

Երևացին առաջին տները, որոնք կուչ էին եկել ավերակ շենքի շուրջը: Որքան ցածր էին գյուղի տները, այնքան ամարաթն ավելի բարձր էր: Դարեր շարունակ ամարաթի տերերը ճնշել, արյունլվա էին արել գյուղը, որի տները կիսով չափ մտել էին հողի մեջ, ինչպես քարը ծանրության տակ, և այդ ծանրությունը եղել էր ամարաթը:

Մեզ բաժանեցին տների վրա: Լավ էր, որ տներում դեռ արթուն էին:

— Սիմոն ամի՛... — կանչեց կատարածուն: Ներսից մեկը ձայն տվեց:

— Ղոնաղ եմ բերել... — ասաց կատարածուն: Մեկը ճրագը ձեռքին դուրս եկավ, դարպասը բացեց, և գնացի մի գիշեր հյուր լինելու անծանոթ մի մարդու, որ իմ առաջ դուռը բաց արեց, դողացող ձեռքին ճրագը:

Այդ անծանոթը Սիմոն ամին էր:

Սենյակը նոր էր: Պատուհաններից մեկը նույնիսկ շրջանակ չուներ, իսկ մյուսը ՝ապակու փոխարեն թղթել էին «Մաճկալ»-ի թերթերով: Ամուր շինած սենյակ էր, վրայի գերանները մաքուր տաշած: Միայն մեջտեղի գերանը, որից կախված էր ճրագը, ռանդած չէր: Կլեպից երևում էր կաղնի լինելը: Միջի այդ գերանի վրա ուռուցք կար, որ լինում է, երբ ծառը հիվանդանում է կամ թե կացնով խփում են, խփած տեղը պռոշի նման հաստանում է: Հենց ուզում էի հարցնել Սիմոն ամուն, թե ինչո՞ւ բոլոր գերանները տաշած են, միայն միջի գերանն է անտաշ, երբ ինքր գլխի ընկավ, ասաց.

— Հիմա կասես, թե Սիմոն ամին անշնորհք մարդ է, հը՞ ...էսքան սարքել է, էն մի գերանում խռովել: Է՛...

Սիմոն ամին էնպես ծոր տալով ասաց, որ իմ հետաքրքրությունն ավելի շարժեց:

— Սիմոն ամի, էն ի՞նչ տուն է գյուղից վերև:

— Բեգերի ամարաթն էր... Էս մեր սաղ մհալը՝ հայ-թուրք նրանց ճորտերն էին: Ծմակ, հող, ջուր նրանցն էր:

Ջուր ասելուց մտաբերեցի «Արյուն աղբյուրը»:

— Էդ ինչո՞ւ են «Արյուն աղբյուր» ասում, Սիմոն ամի...

— Պա՛հ, էդ անունն էլ ես իմացել...

Ընթրեցինք: Սփռոցը հավաքեցինք: Սիմոն ամին թե՝ հոգնած կլինես, տեղերը քցեն: Բայց ես խնդրեցի, որ նա ինձ աղբյուրի պատմությունն անի, և Սիմոն ամին այսպես սկսեց.

— Ասացի, որ հողերը, հողի վրա էլ ինչ կա, բոլորը բեգերինն էր: Ճանապարհին ջուրը անցկացած կլինես...Մեր խմելու ջուրը էդ է: Ներքևի թաղում մի երկու աղբյուր կա, նրանք անհամ ջրեր են: Վաղ ժամանակները էս ամարաթը չկար: Բեգերը ապրում էին Բարգուշատում, ամառը գալիս էին մեր սարերը: Իլդրիմ բեյի հայրը, շան փայ դառնա նա, ոնց որ դառավ, անասելի չար մարդ էր: Օխտն օր, օխտը քիշեր մարդ նրա արածները նստի պատմի, չի վերջացնի:

Հա՜, էդ անիրավը ամարաթը որ շինում է, էդ մեր աղբյուրի ջուրը ուզում է կտրի, տանի իր հայաթը: Ո՞վ էր կարող ձեն հանի...Ժողովուրդ է հավաքում, ֆահլա հանում, քյունգերով բերում մինչև տան կողքը:

Ուստեքը քար են տաշում աղբյուրի համար, քարի ավազաններ են շինում...Բանի ժամանակը ուստայի աշակերտը չյաքյուճը ղրաղ է շպրտում, թե ես մատս կտրեմ, էս հարամ գործին չեմ խառնվի:

Բեգը լռում է, ուստայի աշակերտին բերել տալիս: Ասում է, դու քանի՞ գլխանի ես, որ իմ հրամանին հակառակ ես կանգնում: Մին է ասում, երկու, ուստի աշակերտը ասածից հետ չի կենում: Բեգը կատաղում է:

— Դո՞ւ ես ասել, որ մատդ կկտրես, հա՞:

— Ե՜ս եմ ասել…

Էդ խոսքն է ասում թե չէ, վրա են տալիս կապոտում, քցում գետնին, բեգը թուրը քաշում է, դրա աջ ձեռքի մատը կտրում:

— Ո՞նց թե, — զարմացած հարցրի ես, — Սիմոն ամի, ախր…

— Էլ ի՞նչ ախր, ա՛յ որդի, — գլուխն օրորելով շարունակեց Սիմոն ամին, — քեզ հաստատ պատմություն եմ անում… Ես մշակին հաց տանող երեխա էի, մատը կտրած աշակերտին էնպես եմ հիշում, ոնց որ էսօրը: Հրե աչքիս առաջ:

Նա ձեռքը մեկնեց, կարծես, իրոք, մեր առաջ կանգնած էր մատից արյուն ծորացող՝ վարպետի աշակերտը:

— Էս խաբարը որ հասնում է նրա ուստային, — լռության մեջ շարունակեց Սիմոն ամին, — գնում է աշակերտին բերում: Ասում է, դու գլուխդ կախ աշխատի, աշխարհն էսպես փակ չի մնա, մի օրից մի օր էս թարս փակած դռները կբացվեն, մեզ էլ մի լույս կծագի: Ասում է էս իմաստուն խոսքը, ոնց հիմա ես եմ քեզ ասում… Լուս դառնա նրա հիշատակը...Էն վաղի ժամանակներն ո՞վ կիմանար, թե օր է գալու, որ չի լինելու ո՛չ բեգ, ո՛չ թավադ:

Հա, վարպետի խոսքերին գանք: Ասում է՝ ես էնպես հիշատակ թողնեմ, որ մնա, քանի էս աղբյուրի ջուրը մնա: Շեն բնակավայր տեղ է, ծարավ մարդիկ կգան-կխմեն, քեզ ու ինձ կհիշեն ու չեն ասի, թե խան ու բեգ է եղել աշխարհում:

Ուստան բերում է աղբյուրի ճակատը տաշովի քարով շարում: Որ վերջանում է, աշունք է լինում, բեգը քոչում է արանը, ուստին պատվիրում՝ մինչև հետ գալը իստակ, մաքուր սարքի: Ուստան բերում է աղբյուրի ճակատին փորում աշակերտի ձեռքը, մի մատը կտրած: Էդ կտրած մատի տեղն էլ հագցնում է ջրի ծորակը:

— Դու աշխարհի բանը տես, — ժպտալով երեսը իմ կողմը դարձրեց Սիմոն ամին, — էդ ձմեռ էլ բեգը արանում որսի է գնում, գնում է ու շան փայ լինում… Ասում են կատաղած ջանավարի բերանն է ընկնում, մեծ պատառը ականջն է լինում: Խաբարը մեզ գարունքը հասավ: Արանքն անցավ մի տարի, թե երկու, լավ չեմ հիշում, — վաղուց անցկացած բան է, — տեղը նրա ջահել տղան եկավ, Իլդրիմ բեյը...Նրա վերջն էլ փուչ եղավ, — դանդաղ վերջացրեց Սիմոն ամին և կարծես ինքն իրեն ավելացրեց.

— Էդ վերջերքս էր, թագավորը թախտից ընկնելու տարին...Էն էլ մեզ շատ խաչեց, խաչահանեց...Հերս նրա ձեռքից չկորա՞վ, — և խոր հոգոց քաշեց: Ապա դառնալով կնոջը, ասաց.

— Ա՛յ պառավ, բա չես ասում մեր ղոնաղը բեզարած կլինի...Ես էլ խոսքով եմ քցել:

Պառավը ձեռքը մեկնեց անկողնուն: Բայց իմ քունը խանգարել էր նրա պատմածը: Թեև առավոտյան կանուխ պիտի գնայի, բայց երևի էլ առիթ չէր լինի այդ գյուղը գալու: Ուստի ես Սիմոն ամուն խնդրեցի, որ հոր պատմությունն էլ անի: Սիմոն ամին նորից հիշեցրեց իմ հոգնածությունը:

— Չէ՜, Սիմոն ամի, պատմի...Ես գազեթ եմ քցելու քո ասածը…

Այս խոսքին պառավը նույնպես հետաքրքրվեց և մի քիչ մոտեցավ մեզ:

— Ո՞նց թե, — զարմացավ Սիմոն ամին, ապա համեստ ավելացրեց: — Ա՛յ որդի, ի՞նչ գազեթի բան է...Անգլիայից, Մոսկովից, ուրիշ տերություններից գրեք, թե չէ էս իմ խակ առակը ի՞նչ գազեթի բան է:

— Շատ պետք է...

— Կտպե՞ն, — ուրախացած հարցրեց նա:

— Կտպեն:

Սիմոն ամին տեղը շտկեց և շարունակեց:

— Իլդրիմ բեյն էլ հոր ճանապարհով գնաց: Խուլ երկի՛ր, մո՛ւթ մարդիկ: Ո՞վ էր օրենքից հասկանում: Օրենքն էլ նրա կողմը, արդարությունն էլ:

Էդ ճանապարհով, որ եկել ես, ծմակում մի քանի թալա տեղեր կան, առավոտ լուռով կտեսնես: «Արյուն աղբյուր»-ի ջուրը տակովն է գնում: Էդ տեղերը շատ հնուց մերն էր. կորեկ էինք ցանում, գարի, հազար-հազար դժվարությամբ: Էնու ծմակն էր գալիս կոխում, էնու ծմակի գազանները: Կորեկը որ հասներ, գիշեր-ցերեկ կողքին կրակ արած պահում էինք, մինչև հավաքելը:

Բեգերը էդ հողը վեճի քցեցին: Մենք մի կողմը, նրանք՝ մյուս: Դես քաշեցինք, դեն քաշեցինք, վերջը չեղավ: Գործը տվինք սուդի, սուդից՝ պրակուրորի, նրանից՝ սենատ: Էնա պատրաստվել էինք մինչի Պետրպոլկ մարդ ուղարկել, որ կռիվն ընկավ: Կռիվը որ ընկավ, շատը զոռով, խնդիրքով, կաշառքով մեր հողերը մեր ձեռքին պահեցինք, մինչի հեղափոխությունը:

Շատ ուրիշն էր Իլդրիմ բեյը: Հային շատ էր սիրում, քան թուրքին: Նրանց գլխին էն աղու կրակն էր թափում, որ անասելի: Հայերեն էնպես կխոսեր, որ հայից չէիր ջոկի: Գյուղացու լեզվով կխոսեր, վարժապետի լեզվով կխոսեր, որ ասեիր գնա եկեղեցում քարոզ տուր, վարդապետից չէիր զանազանի:

Էս հողերի համար մենք Թիֆլիս մի հայտնի ադվակատ էինք բռնել: Մեզանից երեք հոգի գնացել էին նրան հանգամանքները պատմել: Էդ ադվակատը մեր մարդկանց հույս էր տվել, հետ ուղարկել: Մենք էլ վերջի կոպեկներս, եղած-չեղածը հավաքել ենք տվել նրան, որ սենատումը մեր գործը տանի:

Դատից մի քանի օր առաջ էդ ադվակատի տունն է գալիս մի ճղոտված գյուղացի, մոթալ փափախը գլխին: Ադվակատը նրան հարցնում է, թե ո՞վ ես, ի՞նչ մարդ ես, թե ասում է էն հողի վեճի համար եմ եկել, էս հետ գյուղացիք ինձ են ուղարկել, որ իմանամ, թե գործը ոնց են վճռելու: Ադվակատը դրան հանգստացնում է, թե էսպես, էսպես օրենքից եմ խոսելու, սա եմ ասելու, էս թուղթն եմ ցույց տալու: Էս շինացին ասում է, թե՝ ախր լսել ենք, որ Իլդրիմ բեյը էս խոսքն է ուզում ասի դատի ժամանակ: Բա որ նա ասի, դու ի՞նչ կպատասխանես: Ադվակատն էլ ասում է, թե ես էլ էսպես կպատասխանեմ: Վերջը նրան բոլորովին հանգստացնում է, օրենքները ցույց տալիս, գործի որպիսությունը պատմում, ճամփու դնում: Գնալուց առաջ էս շինացին նորիք է խնդրում թե՝ գյուղացիք մեղք են, ընկնում է ոտքերը, թե քո հույսով են, դու մի ճար անես, ազատես նրանց բեգի ձեռքից:

Շինացին փափախը դնում է գլուխք, դուրս գնում:

Մի շաբաթ հետո դատարանը նստում է: Մի կողմը մեր ադվակատը, թղթերը, օրինագիրքը առաջը: Էն մի կողմը դեռ մարդ չի լինում: Մին էլ, որ քննությունը սկսվում է, խոսքը տալիս են մեր ադվակատին: Ըհը, առաջը կանգնում է Իլդրիմ բեյը՝ կարգին, սարքին հագնված:

Էստեղ ադվակատը գլխի է ընկնում, որ էն խեղճ շինականը հենց ինքը՝ բեգն է եղել, որ թաքուն եկել էր բոլոր գաղտնիքները իմացել:

Գլխի են ընկնում, էլ ո՛րտեղ...դատարանը նստած, ամեն մարդ իրեն տեղը: — Սա շշմում է. խոսքը խառնում, էլ չի կարողանում օրենքներն ասի, մեկ-երկուսն ասում է, Իլդրիմ բեյը նրան հակառակ տասներկուսն է ասում, գործը տանում:

Մենք մնացինք քոռ ու փոշման, համ խայտառակ եղանք, համ մեր ծախսը ջուրն ընկավ: Էլի չխրատվեցինք, թարսի ձին նստել ենք: Գործը էն է տալիս էինք Պետրպոլկ, որ կռիվն ընկավ:

— Բա վերջն ի՞նչ եղավ:

— Վերջը հեղափոխությունը բերեց: Հեղափոխությունը որ ընկավ, դա էլ մտավ իսպալկոմի անդամ: Էն առաջին ամիսները իսպալկոմի կեսը բեգ ու չինովնիկներ էր: Մենք էլ զարմացել էինք, ախպե՜ր, թե թագավորը թախտից ընկել է, էս մեր թագավորներն ինչո՞ւ են գործի մեջ: Իսպալկոմը մի կենտ անդամ ուներ, ինքը ռաշպար: Խոսք է լինում հողերի մասին, թե գյուղացիք պահանջում են հողերը հետ տան: Իլդրիմ բեյը հայերեն հարցնում է մի վարժապետի, թե օրենքով հիմա հողը գյուղացիների՞ն է հասնում: Վարժապետը հա է ասում, սա սուս ու փուս վեր է կենում ժողովից դուրս գալիս: Մին էլ վազ են տալիս, թե հասեք, որ Իլդրիմ բեյի սիրտը ճաքեց, մեռավ...Շեմքի առաջին սառած ընկնում է, ոնց անհոգի քարը:

— Էսպես եղավ նրա վերջը: Թե գազեթ ես քցելու, է՛ս էլ գրի, — դարձավ ինձ Սիմոն ամին: — Էդպես կորավ անիրավը, և իմ հոր խոսքն էլ կատարվեց, թող լույս դառնա նրա հիշատակը:

— Ի՞նչ խոսք, Սիմոն ամի...

— Հերս, ա՜յ որդի, մի չոբան, բռի մարդ էր… Գոմեշը, որ ցեխում նստեր՝ պոզերից կքաշեր, կհաներ, էդքան ուժ կար կռներումը: Գութանը շալակում էր, սարը տանում, ու զնջիլները կռանը փաթաթում, ինչպես թելի կտորը: Մի օր ծմակը վար անելուց գութանի մաճը կոտրում է: Բանի վատ ժամանակը, որ մի սհաթը մի տարի արժե: Տեսել ես էլի, մեր սարերը, որ մին թխպեց, քառասուն օր արևի երես չենք տեսնի: Հա՛, հերս կացինը վեր է առնում, աչք ման ածելով գնում է, որ մաճի համար ծառ գտնի: Երկու անգամ կացինը վեր է հատում մի շիմշատ կաղնու, ըհը՛, առաջը կտրում է բեգի մեշաբաշին (անտառապահը), նրա հետևից բեգն իր մարդկանցով: Որսատեղից գալուց են լինում: Հերս խնդրում է, աղաչանք անում, չի համոզվում: Կացինն առնում են, իրեն էլ առաջ արած քշում: Հերս էլ չի համբերում, էդտեղ բեգի երեսին ասում է, թե ես մեռած՝ իմ երեխան կենդանի, էս ծառը մե՜րը պիտի լինի:

Շատ չարչարանք քաշեց խեղճը: Բեգի աչքիցն ընկավ, էլ կոռ, էլ բեգյար, էլ անիրավություն չմնաց թափեց մեր տան գլխին: Էն աժդահա մարդը մաշվեց, մաքառվեց, անկողին մտավ: Մեռնելուց ինձ, թե՝ պարտական մնաս, եթե տեղդ հեշտանալուց էն ծառը չբերես տուն: Աչքերը փակեց և էլ չբացեց:

Տարիներ անցկացավ, գետով շատ ջուր գնաց: Ես հասակ առա, էն կաղնին հաստացավ, դառավ ահագին: Ինչքան կողքով անց էի կենում, հերս կանգնում էր աչքիս առաջը, սիրտս պղտորվում էր: Ասում էի կտրեմ, վեր թափեմ սաղ ծմակը, բեգի ամարաթը, վախենում էի խմորակեր մանրերը մնան կրակի մեջ:

Էն ծառի անունը մնաց Մանուչարի կաղնի, հորս անունով: Կաղնու կտրած տեղը հաստացել, պռոշ էր կապել: Էլի վերջը մեր արածը եղավ:

— Ինչպե՞ս, — հարցրի ես:

— Ա՛յ տես, — և Սիմոն ամին գլուխը վեր բարձրացրեց, մատը մեկնեց միջի գերանին, որից կախված էր ճրագը:

— Էս էն գերանն է...Քառասուն տարի համբերեցի: Շեն մնա սովետական կառավարությունը: Առաջին տարին եկան մեզ մոտ փայտ տվին, որ տուն չունեցողը տուն շինի, ինձ էլ տվին...Սաղ գյուղը խնդրեց, որ հորս գերանն ինձ տան: Գնացինք բերինք… Մի ուրախություն էր, ո՛ր...

Սիմոն ամին հոգնել էր: Տնեցիք բոլորը քնել էին: Միայն պառավն էր ննջում: Ես նայեցի գերանին և հասկացա, թե ինչու Սիմոն ամին գերանը չի ռանդել:

Քնեցինք: Առավոտյան կանուխ ճանապարհ ընկանք դեպի սարերը, աշխատանքը շարունակելու: Հրաժեշտ տվի բոլորին: Սիմոն ամին եկավ ճանապարհ քցելու մինչև «Արյուն աղբյուրը»:

Զարմացած նայում էի հին վարպետի գործին: Կտրած մատի տեղը փայտե ծորակն էր: Թվում էր, ծորակից կաթկթում է ուստայի աշակերտի արյունը:

Իսկ դիմացն ամարաթի ավերակներն էին: Այդտեղ ապրել է արյունռուշտ բեգը:

Ես շնորհակալությամբ սեղմեցի Սիմոն ամու ձեռքը և թեքվեցի արահետով դեպի անտառը:

Այնուհետև էլ առիթ չի եղել ոչ այն գյուղը գնալու, ոչ էլ տեսնելու Սիմոն ամուն: