Jump to content

Կանչ (Հովհաննես Թումանյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից



ԿԱՆՉ


Եթե կաս, աստված,
Եվ չես ստեղծել
Արտասուք ու լաց,
Հեծել, անիծել,
5 Թե չար նախանձի
Թույնով մահացու
Դու չես վարակել
Պարզությունն հոգու,
Թե դու չես ասել,
10 Որ կյանքը այսպես
Լինի անսպառ
Տանջանքի հանդես,—
Մեղմացրու մարդկանց
Կիրքն ամբարտավան,
15 Եթե աստված ես
Դու խաղաղության։

Տե՜ր արագահաս,
Աստված արդարի,
Ո՞ւր ես, եթե կաս.
20 Ես աղոթք արի,
Բայց սրածության
Ահարկու ձայնից
Խլացավ անդորր
Իմ աղոթքն անբիծ.
25 Եվ ես, վայրենի
Կրքից կատաղած,
Ամբարիշտների
Քարերից փախած,
Քո անվան հուսով
30 Կռվեցի երկար,
Պարծեցա քեզնով,
Սակայն դու չեկար։
Էլ ինչո՞ւ եմ ես
Տառապում այսքան,
35 Եթե աստված ես
Դու անմեղության։

Ինչո՞ւ տակավին
Չես պատժում չարին,
40 Ո՞ւյժդ է պակասում,
Թե՞ չենք աղերսում։
Թե չարագործին
Դո՛ւ չես տվել սուր,
Որ խաղաղ հոգին
45 Սարսափի իզուր.
Թե՞ դու չըգիտես,
Որ այստեղ, երկրում
Մարդը ժպտերես
Մարդ է գիշատում.—
50 Դե արի՛ ու տե՛ս.
Զարկի՛ր ու շանթի՛ր,
Եթե աստված ես
Դու վըրեժխնդիր։

1891