Կապույտ կարոտը ոչինչ, մեզ ոչինչ չտվեց

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Կապույտ կարոտը ոչինչ, մեզ ոչինչ չտվեց

Եղիշե Չարենց

Կապույտ կարոտը ոչինչ, մեզ ոչինչ չտվեց


Կապույտ կարոտը ոչինչ, մեզ ոչինչ չտվեց:
Մութ է խորհուրդը կյանքի, ու անհուն, ու մեծ:

Մութ է խորհուրդը կյանքի, բայց կյանքի մթում
Հազա՛ր հրդեհ կա հոգու ու հազար խնդում:

Ես հասկացա ու գիտեմ, որ աշխարհը մի
Ե՜րգ է հնչեղ, հրաշունչ — հրաշունչ, քամի:

Ջե՛րմ քսվում է մեր հոգու շրթերին պապակ.
Որքա՛ն դռներ կան հոգում` հեռավոր ու փակ...

Երկինքնե՛ր կան մեր հոգում` անապակ ու ջինջ —
Կապույտ կարոտը սակայն չտվե՛ց ոչինչ...


1919-1920