Կավը չի փոխվիր
«Պատգամախոսներ ատենին չեն մեկնիր, ատենին չեն դառնար, հսկելու գործը ընողները ուրիշ կողմ, փորված աչքերով արձաններու պես ոտքի վրա կքնանան կույրերը. ու երկինքին երեսը ծույլ վարանք մր կնշմարեմ։
«Երթ ու դարձի սա շեղումները ու հսկողներու այն կամովի կերպերն ու անհոգությունները իմ հավիտենապես անփոփոխ հռչակած օրենքներուս իմաստը կձախողեն որ ինծի աղեկ չերևնար սակայն։ Արևին լույսին ու գնացքին նայող պաշտոնյան առաջինն է, որ անհարկի շտապում մը կցուցնե և մյուս լուսագունդերը գրեթե երեսի վրա թաղված արագ չեն անդրադառնար, աղվոր չեն ճառագայթեր։ Աստղերը՝ մեկ-մեկ անուննին չպիտի ուզեի հիշել՝ հինին պես ալ շատ անուշ լույսը չեն անձրևեր վարերը։ Հրատի ու Արուսյակի աչքերու մեջ մարած բաներ մը կտեսնվին, լուսնկան իր մեռելույթի երեսովը տգեղ գանգ մըն է միայն, Ծիր Կաթին պղտոր գիր մը, որ կամաց կամաց իր դիրքին վրա կսառի։ Կապույտը՝ երկնակամարի կապույտը՝ վարերեն թռցված կայծերեն խանձոտած, տեղ-տեղ այրուցքի նշաններ կերևցնե։ Արշալույսին բոսորը հետզհետե չորցած կակաչին երանգովը սկսնակ ճաշակի կասկած մը կուտա․ անդին, վերջալույսի աղվորությունները, թողված են, որ սարսռեցուցիչ հյուսիսայգի մը պատկերը կախեն գիշերին ճակատը․ ո՞րն ըսել։ Երկինքը այլևս իմ փառքը չի ցուցադրեր, երկիրն ալ իմ մեծությունս շեշտող քնարը լռեցուցած, ցնորակոծ կռինչներով կբավականանա։ Աս ալ միայն անոր համար, որ ծիածանը իր հալած լմնցածի անկումովը գեշ կամուրջ մըն է դարձեր պարզապես, որու վրայեն միայն ես կրնայի հասկնալ, թե դեպի երկիր մաքուր ներշնչումին ու աշխարհաշեն խաղաղության առաքումը օրը օրին ի՜նչ արգելաքներու կհանդիպի, ու երկիր, աշխարհ, ինձմե տակավ հեռացուցած ըլլալու, ուծանելու խամ գայթումներով, ինչպես ձևազեղծություններու անձնատուր կմնա, ի՜նչ կնճռոտ բնազդներով կտառապի, ի՜նչ պիղծ երազներով կհևա։
«Բայց, է՜հ, ա՛լ չպիտի կրնայի համբերել, կըսեմ, սա վիճակներով դեռ կկասկածիմ, որ ինձի, իմ գորովանքիս ապավինող տիեզերքն ըլլա վաղը հանկարծ իմ գլխուս փլչողը․ կմեռնիմ, կրնա ըլլալ. այն պահուն իմ գործերս ալ կմեռնին, այն ատեն դուք քիչ մըն ալ ձեր վիճակին խորհեցեք. ես հավասարապես ձեզի ալ կմեղքնամ»։
Խորունկ, անշշուք մտմտուք մը սկսավ այս մտքերը մտիկ ընելու կանչված երկնաբնակներուն մեջք։ Դարերն ի վեր առաջին մեղդրող ձայնն էր, որ կլսցներ աստված իր շուրջիններուն, որոնք իրավ է որ իրենց գործերը մոռցած ըլլալու աստիճան ստամբակ մեկուսացումով մը հիմարացած՝ երբեն ի վեր էր, սպասող կերևնային կարծես, որ ծերացած աստուծո մահեն մը ետքը անոր ծիրանին բաժնեն մեջերնին։
Խաբվեր էին սակայն, ու պատճառն ալ ի՛նչ դերբուկ, ո՛րչափ աշխարհիկ։ Խաբվածները, հիմարացածները՝ անհուն բազմություն մը շողուն իրաններով գեղեցիկ հրեշտակներու, այս շատ բանավոր ազդարարության վրա շնչահեղձ՝ որքան շանթահար, թև բացին մեկեն ու իրենց գործերուն վազեցին։ Հոն միայն մեկը կտնտնար։
― Օհ, քեզի հետ մնացինք հիմա, կավելցնե մեծ տերը, ըմբոստ մը չես կհուսամ։
— Իմ գործս շատ ծանր է, տե՛ր, չեմ կրնար։
— Ի՞նչ գործ, ի՞նչ ծանրություն։
— Ա՛լ ես ան աշխարհը չեմ կրնար երթալ, ինծի վիճակվածը դժնդակ պաշտոն մըն է. մարզիկ ամեն օր կրակե անեծքներ կնետեն գլխուս. անոնք այնպես են պաշարվեր իբր թե՝ ես ըլլայի պատճառը իրենց լացերուն, մինչ ճշմարիտ է, թե ես մեռնողին միայն հոգեվարքին է, որ կհասնիմ, բայց որո՞ւ ըսես։ Անոնք դեռ ծնած ատենին ալ կուլան, խելքիս չի պառկիր։
— Շա՞տ կուլան։
— Շա՛տ, տե՛ր, շատ, նույն ճակատագրով վայողներն ամենքն ալ, ամեն օր ալ այնպես։
― Քուկդ գոնե անիմաստ առարկություն մը, այնպես չէ՞։
— Անիմաստ ինչո՞ւ, տե՛ր, երդում քեզի, որ ետևես հայհոյողներ ալ կան։ — Վա՛յ…
— Ճարպիկ կըլլամ, որ ձեռվընին չեմ իյնար, եթե ոչ…
— Բայց անիրավություն է ըրածնին. արցունքներու մեջեն աչք թարթող նայողները գեղեցիկ կարմրալանջը սատկած ջղջիկ մը կտեսնան, ծուռ կտրամաբանեն. մարած այն ճրագներուն ետև ա՛լ իմ շունչս չկա, ես իրենց մահ չեմ տված, աղե՛կ հասկցիր։
— Մտիկ կընեմ, տե՛ր։
— Նախ իրենք պետք էին համոզվիլ, թե կյանքը հրաշալի ամբողջություն մը ընելու համար ի՞նչ ընտրություններու ելա, ի՞նչ թանկագին կավ գործեցի։ Մարդը գլխի ցավ ունեցավ վերջը, ասոր ես ի՛նչ ընեիր։ դուն ի՞նչ ընեիր։ Եվ իրավ, գլուխեն կանչողը ես ալ կըսեմ, թե հուսահատ բռնված մըն է, հիվանդ մը, որ իր մահը կանչե։ Մարդիկ աս ցավը բոլոր ուրիշներու հետ իրենք շինեցին. վերջն ալ բնական էր, որ գերեզմաններ շինե ու հարկ մը ծներ։ Շատերը անմիջապես օրրաններուն մոտ փորեցին այս փոսերը, ուրիշներն ալ քիչ մը անդին գացին, պեղեցին։ Իմ սխալս ու՛ր ըլլար։ Այն գյուտն ալ ինքնին քի՞չ սքանչելի էր որ ամեն գույն, գեղեցկություն տեղն ի տեղը համադրելե ետքը, մարդուն կուշտը մազերով հրեշտակ մըն ալ տվի, գեղեցիկ կին մը։
— Բայց… տե՛ր… քիչ մը իմ ըսելիքիս կուգաք, ես ալ այն կնկան վրա պիտի…
— Անոր միայն ժպիտը մեղրավետող գիծերը՝ ժպիտին կախարդող հնարքը դառնալու համար՝ հազար տարի եմ մտածեր։
— Շիտակ է…
— Ի՞նչ հապա, դուն քուկդ ըսեիր։
— Պահ մըն ալ թող ուրիշ մը, ես չեմ կրնար…
— Պարզապես դասալիք մը, չըսե՞ս…
— Մի՛ մեղդրեր, տե՛ր, քեզի պես ո՞վ կրնա մտածել, կամ շիտակն ըսելով…
— Ըսե՛ք, մի՛ քաշվիք։
— Կամ սա խիղճն առ, քեզի ըլլա, կամ մանգաղը զատե ձեռքես։
— Ինչո՛ւ, ինչո՛ւ։
— Մինչև հիմա արդեն կտոր-կտոր եղեր է հոգիս, քիչ մը ես զիս ալ մարդ կհոտվըտամ, շատ կմեռնին, շուտ կմեռնին։ Այդքան ամսեղ պղպջակի մը վերոքը ան հաստատուն ու հավիտենական արևն ալ չէր արժեր։ — Բայց ի՞նչ կրնայի ընել, աոանց արևի չէր ըլլար։
— Կամ կավը փոխե, շատ դյուրաբեկ է, կամ վերցուր:
— Կի՞նը։
— Ցավերուն, մահերուն կեսեն ավելիին պաաճառը, այո՛: Այն ցավեն քիչ մըն ալ իմ գլուխս մտեր է։
— Ամբարիշտ դո՛ւն։
— Կամ այն կնկան աչքերեն գոնե քանի մը թարթիչ պակսեցուր, շատ գեղեցիկ են։
— Իմ մեծ գործս՝ կինը, անով միայն, որ իրավունք ունեցեր եմ տեր մնալու երկինքին, մի՛ քննադատեք։ Երկրի բոլոր գեղեցկություններուն կեդրոնը ան է միայն, կինը․ նա դեռ ուրիշ շնորհքներ ալ ունի՝ երկինքեն իրեն օժիտ տրված, ինչ որ միշտ անհասկանալի՝ կամ մարդերը հուսահատեցնող առեղծվածներուն տեսակները պիտի մնան։ Դուք, հոս ապրողներդ ալ, չեք կրնար հասկնալ. պարապը մի՛ բարբաջեք։
— Ատկե ի՞նչ։
— Ատկե ի՛նչ։ Ան օրեն ի վեր գիտե՞ս, թե ի՞նչ կատաղի հնհնուքներով, ի՜նչ անսանձ անսահման մարմաջով սկսավ երդվիլ կինը, կնկան սերը։ Երկինք մը չի սեղմվող բանաստեղծությունը անոր կրծկալին ու գոգնոցին վրա խտացուցին։
— Կամաց-կամաց գործիս կխառնվիս. կնեղվիմ։
— Ես եղածն է կըսեմ․ հիմա ալ մտիկ ըրե ու տես, թե օրին մեկը ձեր փառքերուն շուրջը սավառնող թևապարիկը ո՞ւր իջեր կթալթլա, ի՞նչն է ներշնչածը կամ ի՞նչ կասկածելի լարեր ավելցվեր են կուրծքը Ռափսոտներու քնարին, որ ալ չեք ճանչնար անգամ։ Այն լարերուն եթե ոչ ամենքը՝ շատ ապահովապես կատվի ու աքաղաղի աղիքներով հյուսվեր են։ Մի՛ խնդաք, կաղաչեմ, նեղվելու ալ ի՛նչ պատճառ ըլլար։
— Ատի ես ալ կխոստովանեի, իրավունք ունիք, հապա՛ ինչ էր, որ կըսեի թե ձեր մեջեն այն ծիածանին կազմին ու գույներուն հսկողը մասնավորապես, էն վատ գործողն է եղեր։ Անկայուն, երերուն այն կամրջակին վրայեն ի՛նչ կրնայի ղրկել դեպի երկիր, դեպի մարդը: Ներշնչումին պակասովը միայն բանաստեղծությունն էր, որ տուժեց, կըսես, մորացած ջուրերու հոտ արձակեց։ Աս չափը ես ալ գիտեի, ուրի՞շ:
― Ուրիշ ի՛նչ, տե՛ր, ուրիշ ի՛նչ։ Եթե չպիտի ուզեիր վերջապես, որ օձիք ազատեմ պաշտոնե մը, որուն ծանրությունը ոսկորներուս կսպառնա, թող քու կամքդ ըլլա, քանի որ դուն մի այն քեզ գիտես։
Բանավեճ թե խնդիր, հաճելի վերջքով մը կփակվի, որուն վրա էս սորվածներուն աստվածը, մեծ բարին, կհավանի իսկույն, որ այն կնկան աչքի ու դեմքի զգլխիչ թովանքներեն բաներ մը կիսելով արևին ու կապույտներուն զրկե, անոր գույնեն ու բուրումներեն անտառներուն խորքը նետված մենացած մանուշակին ու շահպրակներուն բաժնե։ Աղվոր բաժիններ մը հովիտներու ամայության վրա սարսռացող անանուն ծաղիկները ունեցան, մրմունջին անուշ շեշտերեն կիսեց գիշերի պլպուլին տվավ, աչքերու թարթիչներեն եղնիկին ու աղավնիին ղրկեց։ Նոր խորհրդավոր սրբագրություն մը եղավ ըրածը, իմաստուն համադրություն մը վերջին գեղեցկություններու, որոնց սքանչելի նորության վրա ինքն ալ զարմացավ, բայց «այն կավը չի՛ փոխվիր», ըսավ։
1906