Կատեգորիա:Վարդան Արևելցի
Աստվածաբանական երկեր[խմբագրել] Վարդան Արևելցին թողել է մատենագիտական հարուստ ժառանգություն՝ պատմական, մեկնողական, քերականագիտական բնույթի երկասիրություններ, ճառեր, ներբողներ, խրատներ, թղթեր։ Նա հայ մեկնաբանական մտքի ամենանշանավոր դեմքերից է, մի ամբողջ մեկնաբանական դպրոցի հիմնադիր։ Նշված բնագավառում հեղինակել է «Մեկնութիւն Սաղմոսաց», «Մեկնութիւն Հնգամատենին», «Մեկնութիւն Դանիէլի» և այլ գործեր։ Առանձնանում է Երգ երգոցի նրա մեկնությունը, որտեղ, հիմք ընդունելով Գրիգոր Նյուսացու համանուն բովանդակությամբ գործը, Վարդան Արևելցին նախ պարզաբանելով շարադրել է նրա մտքերը՝ լրացնելով Ընդհանրական եկեղեցու մյուս սուրբ հայրերի և Գրիգոր Նարեկացու մեկնություններով, իսկ այնուհետև տվել է իր ինքնուրույն մեկնությունը։ Վարդան Արևելցու բազմաթիվ և բազմաբնույթ ճառերում, խրատներում, ներբողներում ու թղթերում արծարծվում են աստվածաբան. խնդիրներ, ծիսական հարցեր, փառաբանվում են Հայ եկեղեցու սուրբերը («Ճառ ի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայաստան աշխարհիս», «Յայտարարութիւն բանից յերիցս երանեալ հոգին մեր ի Ս. Հայրապետն Յովհան Աւձնեցին», «Թուղթ առ Հայոց կաթողիկոսն Կոստանդին» և այլն)։
Վարդան Արևելցին մեծ ուշադրություն է դարձրել երաժշտության տեսության և գեղագիտության հարցերին, անդրադարձել ձայնեղանակների մասին ուսմունքին, երաժշտության զգայական մեծ ազդեցությանը։ Նա հայտնի է նաև որպես բեղուն շարականագիր՝ հեղինակել է Շարակնոցում Աստվածածնի ծննդյան առաջին կանոնը («Որ նախիմաց իմաստութեամբ»), տասներկու առաքյալների օրհնությունը («Ի յանսահման ծովէն») և ս. Թարգմանչաց կանոնի օրհնության երկու պատկերները («Որք զարդարեցին» և «Որ թագաւորաց»)։
Վարդան Արևելցու աստվածաբանական երկասիրություններից առանձնանում է «Լուծմունք ի Ս. Գրոց» ժողովածուն՝ գրված Հեթում Ա թագավորի պատվերով (հայտնի է նաև «Ժղլանք» անունով)։ Այն կազմված է բազմաբնույթ նյութերից, շարադրված է դյուրըմբռնելի միջին հայերենով, ունի հանրագիտարանային բնույթ, եղել է միջնադարյան Հայաստանի ամենատարածված գրքերից մեկը։
«Հաւաքումն պատմութեան»[խմբագրել] Վարդան Արևելցու պատմական բնույթի գլխավոր երկասիրությունը «Հաւաքումն պատմութեան» գիրքն է, որը համընդհանուր պատմություն շարադրելու նոր փորձ էր հայ պատմագրության մեջ։ Բաղկացած է «Նախերգանքից» և հարյուր գլխից։ Բուն պատմությունն սկսում է Բաբելոնյան աշտարակաշինությունից և հասցնում մինչև կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու մահը (1267 թ)։ Որպես սկզբնաղբյուր հեղինակն օգտագործել է նախորդ գրեթե բոլոր հայ պատմիչների ու մատենագիրների, իր ժամանակակիցներից՝ Վանական Վարդապետի, Կիրակոս Գանձակեցու և ուրիշների աշխատությունները, վիմական արձանագրություններ, դիվանատան փաստաթղթեր, ժողովրդական պատումներ, Եվսեբիոս Կեսարացու աշխատությունները։ Հատկապես արժեքավոր է իր ապրած ժամանակաշրջանի՝ XII դ վերջի և XIII դ պատմական իրադարձությունների նկարագրությունը։ Երկը կարևոր աղբյուր է այդ ժամանակաշրջանի Հայաստանի և հարևան երկրների ու ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար։
Այլ բնույթի աշխատություններ[խմբագրել] Վարդան Արևելցուն են վերագրվում Խաչին նվիրված ճառեր, «Կանոնական բանս» գրվածքը, առակներ, ընդարձակ և համառոտ տարբերակներով պահպանված «Աշխարհացոյց»-ը։ Հեղինակ է նաև քերականական երկու աշխատությունների՝ «Մեկնութիւն քերականին» և «Վասն բանին մասանց», որոնք գրված են ժամանակի խոսակցական լեզվով։ Հեթում Ա-ի պատվերով գրված առաջին աշխատությունը Դիոնիսիոս Թրակացու քերականության հայերեն թարգմանության մեկնությունն է, իսկ երկրորդը՝ հայոց լեզվի շարահյուսության սկզբունքների նկարագրությունը։
Թարգմանչական գործունեությունը[խմբագրել] Վարդան Արևելցին բազմաթիվ գործեր է թարգմանել հունարենից, լատիներենից և ասորերերնից։ Ասորի Իշող քահանայի աշխատակցությամբ՝1248-ին թարգմանել է ասորի ժամանակագիր Միքայել Ասորու (1126–99) «Ժամանակագրութիւնը» և «Յաղագս քահանայութեան» գործը։ Խմբագրել ու լրացրել է Տոնապատճառ ծիսական ժողովածուն։