Կատու
Արտաքին տեսք
Կատու
Ես կատուն եմ խիստ մլավան,
— Մեա՜վ, մեա՜վ, մեա՜վ...
Նազ ու տուզով, ինքնահավան,
— Պա՜հ, պա՜հ, պա՜հ...
Հեռու-մոտիկ ցատկել գիտեմ՝
— Հո՜պ, հո՜պ, հո՜պ...
Սուտիկ-մուտիկ սատկել գիտեմ՝
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ...
Չար մկներին խաբել գիտեմ՝
— Օ՜հ, օ՜հ, օ՜հ...
Երբ ճանկս ընկնեն՝ լափել գիտեմ՝
— Ի՜ֆ, ի՜ֆ, ի՜ֆ...
Էլ ծտի ճուտ ու հավի ծագ,
Էլ թազա ձուկ, յուղ ու կարագ,
Էլ պանիր-հաց, մսի կտոր
Չեմ հարցնում՝ միշտ, ամեն օր՝
Գողանում եմ ու հայդե, պո՜ւկ,
Կտեր ծերին ուտում ծածուկ։
Մեկ էլ հենց ես էն կատուն եմ,
Որ երբ հանկարծ նկատում եմ՝
Թե ինձ տեսավ մի չար պառավ
Ու մահակը իր ձեռքն առավ,
Իսկույն էնպես
Ծլկում եմ ես,
Փախչում-գնում
Մի քունջ մտնում,
Որ ինչքան էլ փնտրի, փնտրի,
Ինձ չի գտնի, չի գտնի։