Jump to content

Կարմիր բանակի յոթը տարին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կարմիր բանակի յոթը տարին
Հրապարակվել է «Խորհրդային Հայաստան» (Երևան)՝ 1925, № 43 (փետրվարի 22): Հեղինակն օգտագործել է Ա. ծածկանունը: Հրապարակվում է ժամանակակից ուղղագրությամբ:

Սույն թվի փետրվարի 23-ին Կարմիր Բանակը տոնում է իր գոյության յոթերորդ տարեդարձը: Այդ օրը ողջ Խորհրդային Միության տոնն է, որովհետև մեր Բանվորա-գյուղացիական Կարմիր Բանակը Հոկտեմբերյան հեղափոխության ծնունդն է:

Կարմիր Բանակը բանվորների ու գյուղացիների անհողդողդ ուժի արտահայտությունն է, Հոկտեմբերի նվաճումներն ամրապնդող նրանց մարտական օրգանը:

Ամենուրեք, որտեղ ժողովուրդն ապստամբության դրոշ է պարզել ճնշողների դեմ, Կարմիր Բանակն օգնության է հասել բանվորներին ու գյուղացիներին: Զանազան ռազմաճակատներում տարիներ շարունակ մղած հերոսական կռիվներն ապացուցեցին Կարմիր Բանակի ամրությունն ու ռազմունակությունը: Կապիտալիստական գիշատիչների երկաթե օղակը, որ իր մեջ էր առել խորհրդային հանրապետությունները և սպառնում էր խեղդամահ անել նրանց, բոլոր աշխատավորներին ի մի համախմբեց, և այդ միությունը դարձավ մի անխորտակելի ուժ, որին բախվելով փշրվեցին բազմամիլիոն թշնամիների հարվածները: Կարմիր Բանակի յոթը տարիների պատմությունը բանվոր դասակարգի պրոլետարիական հեղափոխության համար մղված զինված պայքարի պատմությունն է:


ԿԱՐՄԻՐ ԳՎԱՐԴԻԱՆ

Բանվոր դասակարգը սպառազինվել սկսեց փետրվարյան հեղափոխության առաջին իսկ օրերից:

Կերեշչինայի շրջանում սրված դասակարգային պայքարը մի կողմից հող էր ստեղծում, որ կապիտալիստներն ու կալվածատերերը կազմակերպեն իրենց դասակարգային զինված ուժը («հարվածայինները», յունկերները և այլն), մյուս կողմից պրոլետարիատը, բայլշևիկների կուսակցության ղեկավարությամբ, կազմակերպում է իր բանվորական Կարմիր Գվարդիան: Կարմիր Գվարդիայի կազմակերպման գործը չափազանց դժվարին պայմաններում է առաջ ընթանում, հանդիպելով կատաղի հակառակություն Կերենսկու կառավարության, ինչպես և համաձայնողական և մենշևիկական խորհուրդների կողմից:

Հոկտեմբերյան հեղաշրջումը-Կարմիր Գվարդիայի և քայքայված հին բանակի մնացորդների գործն է: Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ Կարմիր Գվարդիայի թիվը Պետրոգրադում հասավ 12-14 հազար հոգու: Կարմիր Գվարդիայի ջոկատներ են կազմվում բոլոր բանվորական ռայոններում:

Բանվորական Կարմիր Գվարդիան հաղթանակ է տոնում ներքին հակահեղափոխության ուժերի դեմ կենտրոնում (Կրասնովին Պիտերի տակ գերի են վերցնում, իսկ հետո և ծայրամասերում, ինչպես օրինակ՝ Կուրսկի նահանգում ջարդվում են 6 հազար կառնիլովականներ, գրավում և Օրենբուրգը, Ռոստովը և այլն):


ԿԱՆՈՆԱՎՈՐ ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿԸ

Պրոլետարիատի հաղթական հեղափոխությունն ուղղակի սպառնալիք դարձավ համաշխարհային բուրժուազիայի համար: Շատ չանցած Արևմուտքի իմպերիալիստական պետություններն սկսեցին զինված օգնություն ցույց տալ ներքին հակահեղափոխությանը: Կանոնավոր Կարմիր Բանակ ստեղծելու հարցը խորհրդային հանրապետության համար կյանքի ու մահու հարց դարձավ: Խորհրդային իշխանությունը թանկ գնով ձեռք բերելով Բրեստի զինադադարը, կառուցում է իր կուռ Կարմիր Բանակը: Առաջին քայլը եղավ Ժողկոմխորհի դեկրետը Կարմիր Բանակ կազմակերպելու մասին, որ ընդունվեց 1918 թվի 15-28-ին և հրատարակվեց փետրվարի 23-ին-Կարմիր Բանակի հիմնադրման օրը:

Սկզբում Կարմիր Բանակը կազմակերպվում է կամավորության հիմունքներով, որովհետև ցարական բանակի քայքայման, խորհրդային ապարատի կազմակերպման և բանվորական մասսաների կողմից դեպի բանակ դիմելու հախուռն ձգտման պայմաններում պարտադիր զորաժողովի կարիք չէր զգացվում:

Օտար զորքերի միջամտությունն օր-օրի վրա ուժեղանում է: Անգլիացիներն ու ֆրանսիացիները կազմակերպում են չեխո-սլովակներին, որոնք հարձակման են անցնում 1918 թվի մայիսին և տիրում են Վոլգա գետի ամբողջ հոսանքին, սպառնալով կենտրոնին:

Անգլիացիներն ու ամերիկացիները զորք են ափ հանում Արխանգելսկում. Երկրի ներսում հակահեղափոխական դավադրությունները մեծ չափեր են ընդունում: Խորհրդային իշխանությունը երկրի պաշտպանության համար զորակոչի է դիմում ըստ դասակարգային հատկանիշի:

Առաջին զորակոչը կատարվում է 1918 թվի հունիսի 12-ին: Կոմունիստների, արհեստակցական միությունների անդամների զորակոչը Կարմիր բանակի շարքերն է մտցնում բանվոր դասակարգի լավագույն ուժերին: Ողջ խորհրդային հանրապետությունը դառնում է մի ռազմական բանակատեղի:


ԿՈԼՉԱԿԻ ԽՈՐՏԱԿՈՒՄԸ

1918 թվի սեպտեմբերի սկզբներին մենք գրավում ենք Կազանը, հետո և Սիզբանը: 1919 թ. սկզբին Կարմիր բանակը, գրավելով Ուֆան և Օրենբուրգը, գրավում է Վոլգայի ամբողջ հոսանքը և միանում Կարմիր Թուրքեստանի հետ: Արխանգելսկից քշվում են անգլիացիները, ամերիկացիները և սպիտակգվարդիականները: Ներքին դավադրությունները վերացվում են: Ուկրաինայից քշում են Պետլյուրային, և 1919 թվի սկզբին խորհրդային իշխանություն է հաստատվում ամբողջ Ուկրաինայում (խորհրդային զորքերը փետրվարի 5-ին վերցնում են Կիևը, իսկ ապրիլի 7-ին Օդեսան):

1919 թվի գարնանը Կոլչակը մի մեծ բանակով և չեխո-սլովակների, ֆրանսիացիների, անգլիացիների, իտալացիների և յապոնացիների օկուպացիոն զորքերի օժանդակությամբ հարձակման է դիմում արևելյան ամբողջ ճակատի վրա: Գրավելով Սիմբիրսկը, Կոլչակը սպառնում է Սամարային և Կազանին, սակայն Կարմիր Բանակը,- ուժեղացած թարմ ուժերով, հարձակման է անցնում ամբողջ ճակատով և , հետապնդելով թշնամուն, գրավում Ուֆան, Պերմը, Եկատերինբուրգը, նորից միանում Թուրքեստանի հետ և, վերջապես, վերցնում Օմսկը՝ Կոլչակի մայրաքաղաքը: 1920 թվի փետրվարի 7-ին Կոլչակը ձերբակալվում է և գնդակահարվում:


ԿՌԻՎ ԴԵՆԵԿԻՆԻ ԴԵՄ

Մինչ արևելքում Կարմիր բանակը կռիվ էր մղում Կոլչակի դեմ, հարավում Անտանտան կազմակերպում է Կուբանի կոզակ սպաներին, որոնք և Դենեկինի գլխավորությամբ հարձակման են անցնում 1919 թվի մայիսին:

Այդ հարձակմանը միանում է նաև Գրիգորևի և Մախնոյի ապստամբությունը Ուկրաինայում, Դենեկինը գրավում է Ցարիցինը, Կուրսկը, Վորոնեժը, Օրյոլը և մոտենում Մոսկվային:

1919 թվի հոկտեմբերին կազմակերպվում է Բուդյոննու հեծելազորը, որը ջարդ ու փշուր է անում Սամոնտովի 12 գունդը, և Կարմիր Բանակն անցնում է հարձակման, հետ վերցնում Օրյոլը, Վորոնեժը և հարավում մինչև Ռոստով ընկած մնացած բոլոր հանգույցային քաղաքները և Օչակովը, Խերսոնը և Օդեսան: Դենիկինականների մի մասն անձնատուր է լինում, մի մասն անցնում լեհ-ռումինական սահմանը, իսկ մի ուրիշ մասն էլ, Սլաշչևի գլխավորությամբ, ամրանում է Ղրիմում, որոնց հրամանատարությունը հետո ընդունում է Վրանգելը:


ԿՌԻՎ ՅՈՒԴԵՆԻՉԻ ԴԵՄ

1919 թվի վերջին հյուսիս-արևմուտքում հարձակման է անցնում Յուդենիչի բանակը: Սկզբում Կարմիր բանակը չի դիմանում Յուդենիչի գրոհին, և Յուդենիչը կարողանում է մոտենալ Պետրոգրադին: Սակայն հետո 7-րդ բանակը, ուժեղացած թարմ ուժերով, հարձակման է դիմում, և հոկտեմբերի 23-ին Կարմիր Բանակը վերցնում է Դետսկոյե Սելոն: Թշնամին նահանջում է:


ՍՊԻՏԱԿ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Ֆրանսիային ենթակա պանական Լեհաստանը, օգտվելով արևմտյան սահմանի թուլությունից, 1920 թվին անցնում է հարձակման: Մի քանի ամիս տևող համառ կռվից հետո զինադադար է կնքվում, և խորհրդային հանրապետությանն է կցվում 50 հազար քառ. վերստ տարածություն և 4 միլիոն ազգաբնակչություն ունեցող մի երկրամաս:


ՎՐԱՆԳԵԼԻ ՎԱԽՃԱՆԸ

Այն ժամանակ, երբ Կարմիր Բանակը պաշտպանում էր խորհրդային հողը պանական հորդաների դեմ, Ղրիմից նոր վտանգ է սկսում սպառնալ: 1920 թվի հունիսին սկսվում է Վրանգելի հարձակումը: Երբ Լեհաստանի հետ զինադադար է կնքվում, հարավ են փոխադրվում Կարմիր Բանակի մի շարք զորամասեր, որոնք ջարդում են Վրանգելին, ծովը նետում բոլոր սպիտակգվարդիականներին և ազատում Ղրիմը:

Ճակատներում գործը վերջացնելուց հետո Կարմիր Բանակը որոշ ժամանակ էլ կռիվ է մղում զանազան բանդիտական խմբերի դեմ, ինչպես Բուլախ Բուլախովիչը, ուկրաինական բատկաները և այլն:


ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿԸ ԵՎ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԸ

Կարմիր Բանակը 1920-21 թվականներին օգնում է (նախկին XI բանակի ուժերով) Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի աշխատավորներին տապալելու իշխանության գլուխ կանգնած բանվոր դասակարգի ու հեղափոխության դավաճաններ և արևմտյան կապիտալիստական պետությունների լակեյներ մենշևիկներին, դաշնակցականներին և մուսավաթիստներին:


ԽԱՂԱՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐ

Վերջին տարիները խորհրդային հանրապետությունների խաղաղ գոյության տարիներն էին:

Քաղաքացիական պատերազմի շրջանում Կարմիր Բանակը թվով ավելի և ավելի է աճել և հասել մոտ 5 300 000 հոգու: 1921 թվի վերջերին սկսվում է բանակի կրճատումը, որը թելադրվում է մի կողմից խաղաղարար քաղաքականությամբ և մյուս կողմից տնտեսական ճակատին ուժ տալու ձգտմամբ: Մի շարք վերաձևավորումներից հետո բանակը կրճատվում և հասնում է 600 000 հոգու: Խորհրդային Միության խաղաղ շինարարությունը թույլ տվեց ոչ միայն կրճատելու Կարմիր բանակը, այլ և վերակազմել, ամրացնել վարչության ներքին ապարատը և հասնել մի ամբողջ շարք բարելավումների, որոնք են՝ հրամանատարական կազմի ընտրություն, ազգային զորամասերի կազմակերպում և մարտիկին ռազմա-քաղաքական կրթություն տալու նոր մեթոդների սահմանում:

1924 թիվը երկրային զորամասերի կազմակերպման տարին էր: