Jump to content

Կարմիր սոնետ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կարմիր սոնետ

Որպես դաշույն՝ օրերի հնամենի պատյանից
Ելնում է, կարծր ու բոսոր, ու վառվում է ապագան.
Եվ չի մտնի նա հնի փոշոտ պատյանը նորից,
Ու չի թաղվի օրերում, որ վառվեցին ու չկան։

Ի՞նչ է ուզում էլ տաղտուկ հիմարությունը ձեր խեղճ
Եվ ձեր մեռնող աշխարհի տխրությունը հուսահատ.
Այն, որ օրերն ապրեցին և բանաստեղծը երգեց —
Չի՛ խորտակվի տագնապից ու սարսափից ձեր վհատ։

Իմաստուն է օրերի վայրագ նահանջը հիմա.
Ինչպես փոշոտ պատյանի բիրտ հեռացումը սրից—
Երբ ոսոխի հանդիպած՝ պիտի կռվես ակամա։—

Եվ ես, պոետ իմաստուն, ահա երգում եմ նորից.
Նահանջում են օրերն հետ, հեռանում են ու չկան—
Ու թռչում է երգս՝ նետ՝ դեպի վառվող Ապագան...