Կարմրաքար

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կյորես Կարմրաքար

Ակսել Բակունց

[ 422 ]
ԿԱՐՄՐԱՔԱՐ
1

Կարմրաքար գյուղի մասին առաջին անգամ հիշատակում է գրենադիր գնդի պետ Երմոլով 2-րդը իր այն ռապորտում, որ 1823 թ. ապրիլի 17-ին ներկայացրել է Կովկասյան Մարզի պետ՝ ինֆանտերիայի գեներալ Ալեքսեյ Երմոլովին։ Ըստ այդ ռապորտի, այն ժամանակ Կարմրաքարն ուներ 19 ծուխ, որոնցից հարկատու չէին միայն 3 ծուխ։ Ոչ ռազմական և ոչ էլ տնտեսական նշանակություն չտալով, գնդապետը Կարմրաքարը համարել է ոչ որպես գյուղ և դիմացը նշանակել՝ «մշտական ձմեռանոց»: Երևի այդ ակնարկ էր այն մասին, որ Կարմրաքարը շրջապատված էր անտառով, զուրկ էր հաղորդակցության համար միջոցներից և միայն երկու բարակ կածանով էր կապվում արտաքին աշխարհի հետ։

Այդ թվականից մի քանի տարի հետո նույն վայրով անցել է և մի վարդապետ, որի ճանապարհորդական հիշողությունների մեջ կարելի է գտնել Կարմրաքարի անունը։ Այդ գյուղի մասին նա գրել է հետևյալը․ «Խորաձոր անդունդ և դաշտաձև հովիտ, զարդարյալ ծաղկոք և առատ բուսոք։ Գարունն աստանոր բերե զնմանությունն Եդեմի»․․․ Ապա հիշատակում է գյուղից վերև ընկած լեռների կլոր պարը, որի ամենից բարձր գագաթին կա սպիտակ լիճ՝ որպես հսկա մատանու ադամանդ։ Նույն գրքի այլ գլխում անդնդախոր ձորերում ընկած գյուղերի նիստ ու կացը նկարագրելով, հեղինակը մի նախադասություն է ասում Կարմրաքարի կանանց մասին, թե իբր ամոթխած էին, որպես անտառի պախրա։

Թե՛ Երմոլով 2-րդի և թե՛ հոգևոր հոր գրածը հայտնի էր Կարմրաքարի ծխատեր քահանա Տեր Գևորգին, որին գյուղում կոչում էին Տեր Նորընծա։ Քահանան շատ անգամ էր ասել, որ ինքն իր աչքով կարդացել է [ 423 ] վանքի խորանում պահած մի գիրք, գրված ոսկե տառերով, ջեյրանի կաշվի վրա, ուր հիմից ավանդվում է աշխարհի երեսին եղած և կորած բոլոր ազգերի պատմությունը, թագավորների գահ բարձրանալը, քաղաքների կործանումը և այլն։ Եվ իբր թե այդ գրքի մեջ գրված է, որ Կարմրաքարը «աթոռանիստ և բերդաքաղաք» վայր է եղել, որ գյուղի այժմյան եկեղեցին կառուցված է մի հին տաճարի ավերակների վրա։ Նա նույնիսկ ասում էր, որ այժմյան եկեղեցու ամբիոնի քարերը շատ հնուց են, վրան փորագրություններ կան, որ ծածկված են բարակ սվաղով։

Տեր Նորընծայի ասելով Կարմրաքարի ներկա բնիկները գաղթել են «Հագարացոց աշխարհից» դեռ այն ժամանակ, երբ լեզգիների թագավորությունն էր այն կողմերում։ Իբր թե լեզգիների երկրում խառնակություն է սկսվում, այնտեղ «խաչապաշտ ազգաբնակությունը» գլուխ է առնում և ցրիվ գալիս չորս կողմի վրա։ Նրանց մի մասը գալիս է մի մեծ և վարար գետի դեմ առնում։ Գետի ափին այնքան են սպասում, մինչև ջուրը բարակի։ Շատ դառն տանջանք քաշելուց և կորուստ տալուց հետո, անցնում են գետը և նրա ափով շարունակում ճանապարհը, հանդիպում զուլալ մի գետակի, որ հանդարտ հոսելով միանում է այն մեծ գետին։ Հենց ջրախառնուտի մոտ խմում են գետի և գետակի ջրից, տեսնում, որ գետակի ջուրը քաղցրահամ է և որոշում՝ գետակի ընթացքը բռնած գնալ մինչև ակունքին հասնելը։ Իսկ հայտնի է, որ Մարցա ջրի ակունքները գտնվում են Կարմրաքարի հանդում։

— Ո՞ր կողմն է էդ հագարացու աշխարհը, տերտեր,—հարցնում էր Ավան ամին, եթե հանդիպում էր տերտերին Կարմրաքարի պատմությունն անելուց։ Եվ որտեղ էլ լիներ՝ կնունքի նստած, թե հարսանքատանը, եկեղեցու գավթում՝ պատի տակ շար ընկած, թե Բոլոր-քարի մոտ, որ գյուղի հրապարակն էր համարվում և ուր այժմ էլ հավաքվում են գյուղացիք,—որտեղ էլ լիներ, Տեր Նորընծան աչքերը պիտի խոժոռեր, ունքերն իրար տար և երեսը դարձներ Ավան ամու կողմը։

— Սկսվեց,—մտքում ասում էին մի քանիսը և հետաքրքիր լսում այն, ինչ շատ անգամ էին լսել։

— Ա՜, դե հերիք չի՞,–Ավան ամու վրա տրտնջում էր նրան հասակակից մեկը։

−Չէ՛, թող մի ինձ ասի, էդ ո՞ր կողմն է...

— Զաքաթալու թեմումը,–պատասխանում էր տերտերը։

Իսկ Ավան ամին ավելի էր տաքանում։

− Էդ ի՞նչ մարդիկ էին... Էն լեն ու բոլ երկիրը թողես, գաս էս [ 424 ] ապառաժին դեմ առնե՞ս... Չէ՛, տերտեր, իմ գլուխը չի մտնում, էնտեղից էստեղ մարդ չի գա: Հենց իմ ասածն է, որ կա։

Իսկ Ավան ամու ասելով, Կարմրաքարի տեղը շատ առաջներում անանց անտառ է եղել և անտառի միջով, գետի ափով միայն մի նեղ արահետ։ Ո՛չ բերդ է եղել, ո՛չ քաղաք և ո՛չ էլ տաճար։ Հիմնադիրը մի գնչու է եղել, որն իր կնոջ և էշի հետ անցնելիս է լինում արահետով: Հանկարծ կնոջ ցավերը բռնում են, գնչուն խոսք է տալիս, որ եթե կինը տղա բերի, ինքը ձեռք է քաշելու թափառական կյանքից և հենց այդտեղ էլ տուն է շինելու։

— Չվանը ետ է տալիս, ծառից կապում... Կնիկն էլ գնում է ծառի շվաքարանում պառկում։ Մինչև էշի փալան վերունելը, կնիկը մի տղա է բերում... Էն օրից էլ էս գյուղն ստեղծվում է։ Դե հաշիվդ ա՛ռ...

Գյուղացիներից շատերն էին համամիտ Ավան ամու ասածներին։

— Խելքը գլխին մարդը չի գա էս քար ու քոլի մեջ տուն շինի... Էն է ոտքերը ջարդված բոշա պետք է լինի, որ էստեղ վեր ընկնի ու մեռնի... Թե չէ Կարմրաքարն ապրելու տեղ չի։

Այս խոսքն ասելուց, զրույցն հին օրերից դառնում էր առօրյայի շուրջը և ամեն մարդ մի պատճառ էր բերում, թե ինչու Կարմրաքարում ապրելը դառն է։

— Տարին տասներկու ամիս քարի, քոլի հետ կոխ կենաս, մաճը բռնած, է՛ս ցաքուտը վարես, է՛ն քարի տակ սերմ գցես, էլի ձմեռվա կեսին տաշտը ցամաք, պարկը դատարկ։ Ես իմ աստվածը, արանի թուրքերը որ չլինեին, մեր օրը սև էր,— ասում էր Ունանը, որը ոչ միայն Կարմրաքարում, այլև շրջակա գյուղերում հայտնի էր որպես լավ մաճկալ:

Ինչքան էլ քարոտ և կոշտ լիներ հողը, ինչքան էլ տափը սարալանջ լիներ, Ունանը և ոչ մի ակոս ծուռ չէր տանի։ Ակոսն ակոսի վրա շարում էր ու գետինը նախշում սև ցելի ուղիղ գծերով։ Պատահում է, որ խոփը դեմ է առնում հողի տակ ծածկված քարի կամ փշի արմատին։ Եզները հանկարծ ձգում են, խոփը թափով քարին է դիպչում, կտրատվում են փոկերը, մաճկալն ընկնում է մաճի վրա և եթե մի տեղը չվնասվի, ատամները թափով իրար պիտի կպչեն, աչքերի առաջ մթնի։ Իսկ Ունանի վարը միշտ առանց փորձանքի էր։ Մաճից կախ ընկած, աչքը խոփի ծայրին, լուռ հետևում էր վարին և ճիշտ ժամանակին զգում, թե քար կա հողի տակ, փորձանքը մոտենում է. իսկույն մաճը վեր է հանում, կողքին թեքում, եզները քաշում էին և նորից խոփը խրում հողի մեջ։

Այդքան աշխատելուց հետո, նրա մեկը երկու չէր դառնում։ Ամեն ձմեռ Ունանը պարկերը շալակին գնում էր տափարակի թուրք գյուղերը, [ 425 ] ճանանչ մարդկանցից ցորեն կամ գարի փոխ առնելու։ Ամեն տարի այդ նույն պատմությունը կրկնվում էր։ Ունանը խոսք էր տալիս՝ որ վերջին անգամն է մաճ բռնում, էլ երբեք վար չի անելու։

— Գնամ նոքար մտնեմ, սրանից տասնապատիկ լավ կապրեմ... Չկա՛, չկա՛, Կարմրաքարում ապրուստ չկա,—ասում էր նա, բայց հենց ձյունահալը վերջանում էր թե չէ, խոնավությունն սկսում էր գոլորշիանալ, հողը փափկանում էր, մեղմանում էր և Ունանը, օրը մի քանի անգամ նայում էր սևին տվող գյուղի հանդերին,—ուր դեռ ձյունի կիտուկները մնում էին ձորերում ու փոսերի մեջ,–հողը տրորում էր կոշտ մատներով և մոտենում՝ ամբողջ ձմեռը ձյունի տակ ընկած արորի սարքը նայելու։

— Ասում ես թուրքերը որ չլինեն... էլի նրանք են ձեռք բռնում,– վրա էր բերում մի ուրիշը,— ախր քա՛նի մին, քա՛նի մին... Մեր գյուղում էլ կա ձեռք բռնող... Սև լինի էն օրը, որ մարդ էդ ձեռքը բռնի։ Լավ է երեխեքը տկլոր մնան, քան նրանց դուռը գնաս...

Բոլորն էլ լռելյայն հասկանում էին, թե խոսքն ո՞ւմ մասին է։ Հասկանում էին և լռում։ Ամեն մարդ իր մտքի հետևից էր ընկնում։

Բայց եթե գյուղի հիմնադրման մասին Ավան ամու և Տեր Նորընծայի վեճը համարյա ամեն տեղ կարող էր ծայր առնել, միայն լսող լիներ,– Հիբանի որդիների մասին խոսք լինում էր միայն սակավաթիվ խմբակի մեջ և այն էլ եթե լսողները յուրային էին։ Օրինակ, եթե երևար Գոգին՝ լերկ երեսով, դեմքի մաշկը ծալ-ծալ ու մանրիկ աչքերով Գոգին, որ շատ քիչ էր խոսում և ինչ էլ ասեին, միայն ծպտում էր, աչքը հեռուն գցում, իբր թե չի լսում,—եթե Գոգին երևար, մեկը պիտի զրույցը հաներ ակոսից, Ունանի մաճի պես թեք գցեր, մինչև Գոգին հեռանար։

Եթե նա մոտենում էր Ունանի խոսքի վրա (իսկ Գոգին այնքան աննկատ էր մոտենում, որ մի պահ չէին տեսնում և տեսնելուց էլ խոսողը դժվարանում էր որոշել, թե նա որ խոսքի վրա եկավ),– այդ կարճլիկ, թիկունքը լայն և ոսկորը պինդ մարդը, որ ծանր արորն ակոսից այնքան հեշտ էր հանում,— Ունանը՝ խեղճանում էր, մի կողմի վրա քաշվում և ասում.

— Նստի՛, Գոգի... Չես երևում... Ասում եմ էս տարվա աշունքվարը մի քիչ ետացավ։

Գոգին քթի տակ ժպտում էր, հեռուն նայում և կամաց հեռանում։ Իսկ Ունանը փշաքաղվում էր, մեջքն ավելի ամուր հենում Բոլոր-քարին։ [ 426 ] Բայց երբեմն Ավան ամու և Տեր Նորընծայի խոսակցությունը Կարմրաքարի առօրյայի մասին տաքանում էր, մանավանդ, եթե նստածների մեջ երիտասարդներ էին լինում, որոնք ավելի շուտ Ավան ամու հետ էին և պաշտպանում էին նրա խոսքը, թե Կարմրաքարն ապրելու տեղ չի։

Նրանք ավելի տաք էին խոսում։

– Տերտեր, հենց թող քո ասածը լինի. էն ժամանակ քա՞նի ծուխ կար մեր գյուղում։

Տեր Նորընծան դանդաղ պատասխանում էր.

– Ըստ շնչակրական մատենույս և իմ ասմունք գրքի 19 ծուխ արքունի գյուղացի, որպես ալհադդա ցուցակ... Նաև գյուղացվոց վայելման տակ գետնաբաժին հարյուրը հիսուն օրավար բարահիր հող... Մեր Ցաքուտը, Երկայն տափերը, Քառասնաջուրը... Մի առ մի գրված և Կովկասու փոխարքայից հաստատված...

– Հիմա էլ հարյուր տասը խարջ տվող տուն ունենք... Էլի էն Ցաքուտն է, էն Քառասնաջուրը... Դե Հիբանի տղորց արտերը բեր բաժին անենք, տես ո՜նց ենք կառավարվում...

– Այ որդի, հողը չի պատճառը... Ազգաբանության մեջ սեր, միաբանություն չկա։ Առաջվա լիությունն էլ չկա. ահա քեզ արմատ չարյաց։ Թե չէ ինչ ես տակից և գլխից խոսում,–մի քիչ չարանալով ասում էր Տեր Նորընծան, ավելի արագ գլորում թազբեհի հատիկները։

– Տես ինչեր են խոսում... Մեր ժամանակն ո՜ւր... Հեզ էինք, որպես գառ,– մտածում էր քահանան և ապա թազբեհի հատիկները մեկ-մեկ իրար վրա դարսելով դանդաղ ավելացնում.

– Հիբանի հողերը բաժանք անես, ամենայն մի շնչի մին օրավար չի հասանի... Դորանով յարան չի սաղանա, ա՜յ օրհնյալ... Ազգաբանությունը թող հաշտարար ապրի, տես, թե ինչպես առատություն լինի ամենայն մին բանի։

Իսկ երիտասարդն ավելի էր տաքանում։

– Էս քեզ միաբանությո՜ւն, տերտեր, բա որ մինը ձմեռը սխտորած ավելուկ էլ չի ճարում, որ փորը տաքացնի, մինն էլ գառան փլավ է ուտում, վրան էլ նռան ջուր խմում, որ մարսի... Սրան ի՞նչ կասես։

Ավան ամին ժպտում էր, տեղը շարժվում և ավելի հարմար նստում։

– Այ թե հա՜... տերտեր,– և ժպիտը դառնում էր թեթև ծիծաղ, կապույտ աչքերը փոքրացնում էր, ավելի արագ թարթում, ասես երիտասարդին աչքով էր անում, որ ավելին ասի։

– Էս էլ քու հագարացու աշխարհը չի, որ լեզվակոխ անես... Ասի՛, [ 427 ] էդ է, արևդ կծեմ... Թե մեր ծուռը դզող լինի, էլի ձեզանից մի հույս կա... Մենք հեչ, զուր ենք հաց ուտում։ Ի՞նչ ես ասում, Անդրի, իմաստուն մարդ ես։

Վերջին խոսքը Ավան ամին բարձրաձայն էր ասում, որովհետև ուղղում էր ջաղացպան Անդրուն, որի լսողությունը ծանր էր։ Ջաղացպանը բարձրահասակ էր ու նիհար։ Նա ավելի բարձր էր երևում այն նեղ ու հնամաշ քուրքի մեջ, որ ամառ-ձմեո վրայից չէր հանում։ Ալրոտ փափախն այնքան խոր էր կոխում, որ ականջի բլթակներն անգամ չէին երևում։ Փափախի տակից թաղիքի կտորների նման կախվել էին անլվա, քրտինքից իրար կպած ու կեղտոտ մազերի փնջերը։ Նրա փափախը, դեմքը, քուրքը, տրեխները, ինքն ամբողջովին՝ ալրաթաթախ էր։ Փողոցով անցնողը հեռվից էլ կարող էր Բոլոր-քարի շուրջը նստածների սև ու դեղնավուն չուխաների մեջ ջոկել Անդրու ալրոտ քուրքը։

Նա սակավ էր մասնակցում այդ զրույցներին։ Ջաղացը Մարցա ջրի մյուս ափին էր, գյուղի դիմաց, և եթե գյուղամեջ էր դուրս գալիս, ապա կամ ջաղացում աղուն չկար և կամ աղունատերն այնպիսի մարդ էր, որ ջաղացում մի բան պատահելուց կարող էր ջրատունը կալնել, մինչև նրա գալը։ Պատահում էր, որ զրույցի նստած ժամանակ գետի մյուս ափից կանչում էին։ Նստածներից մեկը նայում էր ջաղացի կողմը, տեսնում, որ փափախով են անում, թևով բոթում էր ջաղացպանին։ Անդրին խոսքը կիսատ էր թողնում, վեր կենում և դանդաղ քայլերով գլուխը կախ հեռանում, փայտը կույրի նման քարից քար խփելով։

Այդ զրույցների ժամանակ ջաղացպանը երիտասարդներին ավելի լավ էր լսում, նրանք տաքանում էին և ձայնը բարձրացնում։ Նրանց խոսելուց ջաղացպանը հասկանում էր, թե ինչ պատասխան է տվել Տեր Նորընծան։ Եվ երբ զրույցի տաք ժամանակ Ավան ամին նրան էր դիմում, Անդրին մի պահ ձեռքի փայտով ավերում էր գետնի վրա գծած նախշը։ Նա շատ դանդաղ էր մտքինն ասում, ասես գետնի նախշը իր մտքերն էին, և զգույշ ջնջում էր այն, ինչ որ չէր ուզում ասել։

— Առաջ հողը պտուղ էր տալիս, հիմա հողը խռովել է։ Հին խոսք է, որ հողը կռիվ չի սիրում... Հիմա էլ կռաժմունքը շատ է, մարդոց մեջ լիությունը խանգարված է։ Սովը, որ կով է, էլի չարացած ժամանակ կաթը քաշում է... Հողն էլ էդպես։ Երեսը հազար մեղավոր մարդ է կոխ տալիս, թքում են, արյուն են թափում... Արտի մեջ սատկած շուն են գցում... Էլ էն հողը պտուղ կտա՞։ Մի խոսք, հողը խռովել է։

Խոսելուց նրա բարակ շրթունքները կլորանում էին, ներքին ծնոտի մի հատիկ դեղնած ատամի հետև, բերանի խոռոչում, խմորի գնդի պես [ 428 ] թոլոլվում էր լեզուն։ Կարծես ոչ թե խոսում էր, այլ ծամծմում մի պատառ, որ հիմա պիտի կուլ տա։ Եվ եթե չլիներ մի հատիկ ատամը, այդ պատառը պիտի սահեր, ընկներ։

− Հնում մարդը ռամիկ էր, միամիտք,–շարունակում էր մի քիչ շունչ քաշելուց հետո։– Հիմա մարդու ոսկորն էլ է փոքրացել. չեմ իմանում ինչի՞ին է, խորամանկությունի՞ց, թե՞ ուսմունքից։ Պապս էսքան էր,– և փայտը բարձրացնում էր վեր,– հորս էլ հո տեսել ես, տերտեր... Դե ինձանից արշա եկածն ի՞նչ պիտի լինի։

– Ինչո՞ւ, Անդրեաս, Բարիկոն հասակով է,– պատասխանում էր Տեր Նորընծան։ Նա ոչ ոքի չէր կանչում գյուղում ընդհանրացած անունով, այլ ըստ իր չափաբերական մատյանի։

– Էհ, ո՛սկորն ասի, ոսկորը... Ամեն ինչը ոսկորի վրա է... Այրումի ջուրը մին-մին որ խփում է գերեզմանատան կողմը, տեսնում եք ի՞նչ ոսկորներ է հանում։ Մարդ մնում է զարմացած... Հավատալու չի, թե էն ոսկորքը մարդ արարածինն են... Արմունկը մի տղամարդի գլուխ, էնքան էլ սափ, որ երկաթն էլ չի աղալ։ Դե էն ոսկորի տերն էլ, տես ինչ մարդ է եղել, ինչ ուժի տեր։ Հիմա ասում ես Բարիկոն... Աղանձած հասկի պես բռանդ մեջ կփշրես։ Էդ բոլորն ինչի՞ց է՝ մարդու շատությունից, տերտեր... Լցվել են՝ էս սարի տակ մի գյուղ, էն քարի տակ մի շհար, էլ տեղ չկա։ Առաջ ի՞նչպես էր։ Ողորմած հոգի պապս էր պատմում, որ երեք օր երեք գիշեր մեր գյուղից որ կողմի վրա էլ գնայիր, ճանապարհին մի մարդու չէիր ռաստ գա, բարի օր ասեիր։ Հրեն Զրիկը, էս թումբի հետևը Զեյթան, հրեն հա՜, ծուխը... Դե շհարի մասին խոսք չեմ ասում։ Ապականությունը, որ էնտեղից է... Բա ... հիմի ասի, թե Հիբանի տղերքը։ Նրանք չլինեին, մի ուրիշը տեղը պիտի բռներ։ Անհնարին բան է։ Մարդը որ էս ոսկորի տերն է, նա սոված էլ կմնա, նրա գլխին կբամփեն էլ, նրա արյունն էլ կխմեն։ Բա ո՞նց... Երկու սոված կատու որ գցես պարկի մեջ, անհնարին բան է, մինը մեկելին պիտի ուտի։ Մենք երկու չենք, հազար չենք, շատացե՜լ ենք, էս ձորերն ապականել...

– Չէ՛, էսօր գիրդ շաղվել է, Անդրի։ Մին նալին ես խփում, մին մեխին,–պատասխանում էր Ավան ամին։– Ուրեմն ոնց անենք, քո ասելով մեր հիմիկվա հազարը մինին էլ չարժի՞։ Բա ուսմունքի օգուտն ի՞նչ է, լուսավորությունի։ Ուրեմն քո ասելով էս ջահելները մեզանից վա՞տ օր են ապրելու... Պա հո՜... Վա՜յ ձեզ, վա՜յ ձեր օրին, ա՜յ ջահելներ։

– Անդրի ամի, Հիբանի տղերքն էլ են մեր ոսկորից, չէ՞,– հարցնում էր մեկը։ [ 429 ] – Հը՞,– ջաղացպանի դեմքի մկանները կծկվում էին, լսողությունը լարում էր։ Հարցը տվողը կրկնում էր և ավելացնում.

– Դե թող նրանք էլ մեզ պես ապրեն... Շալուն Սիմոնի ոսկո՞րն է հաստ, թե՞ Եփրեմի։

– Այ հա՜յ... Անդրի՛, դե պատասխանը տո՛ւր։

Շալուն Սիմոնը Կարմրաքարի այն բնիկներից էր, որոնք ընչազուրկ դառնալով, տնից ու հողից զրկվելով, տեղավորվում էին գյուղից մի քիչ ներքև, գետի ափին ընկած հին և կիսավեր մարագներում։ Գյուղի այդ մասում ապրողների ամենից «հարուստը» մի քանի ժանգոտած պղինձ ուներ, կոծկած կարասի և կուժ ու մի քլունգ, որով փորփրում էին անտեր և անբերրի հողերը ու ձեռքով շաղ տալիս կորեկ։

Ջաղացպանը նեղն էր ընկնում և փայտի ծայրով գետնի վրա մի քանի խազ ավելի արագ քաշելուց հետո, չարացած պատասխանում.

– Նրանց էլ պատիժ է ուղարկել, որ միշտ գլխիդ վայ տաս...

Հենց այդ ասեր թե չէ, Ավան ամին զրույցի նյութը փոխելու համար, ասում էր ջաղացպանին․

– Քո ի՞նչ բանն է էս ջահելի հետ գլուխ ես դնում։ Քոնը Ռուստամ Մայիֆի պատմությունն է։ Մի ասա է՜, շահը ոնց կանչեց նազիր վեզիրներին...

Ավան ամին գիտեր նրա թույլ կողմը։ Ջաղացպանի դեմքը ուրախությունից պայծառանում էր, զրույցն էլ հանդարտում էր, ինչպես ծանծաղուտում կորչող լեռան սրընթաց գետակ։

Կարմրաքարում ոչ ոք ջաղացպանի նման պատմություններ չգիտեր։ Ավան ամին էլ էր ծանոթ հին կյանքին, Տեր նորընծան կարդացել էր «Սրբոց վարքը» և ուրիշ գրքեր, բայց ջաղացպանի նման ոչ ոք չէր կարողանում պատմել։ Նա հնարում էր, ստեղծում։ Ինչքան ավելի էր հնարում, ավելի էր ստեղծում, նրա ոգևորությունն այնքան կրկնապատկվում էր, ձայնը դողում էր, և լսելն ավելի ախորժելի էր դառնում։ Նա պատմում էր ամեն տեղ՝ ջաղացում, ձմեռվա երկար գիշերներին, նրանց համար, որոնք աղուն էին բերել, գյուղի պատերի տակ՝ եթե ազատ էր և գյուղամեջ էր դուրս եկել, գետի ափին, ուր նա ժամերով նստած նայում էր Մարցա ջրի պղտոր ալիքներին։

Նա գիտեր ինչ աստղ երբ է դուրս գալիս։ Եթե լուսադեմին մառախուղ է լինում, ապա ցերեկով ի՞նչ եղանակ պիտի լինի, եթե երաշտ է ու հանկարծ պարզկա երկնքում որոտում է կայծակը, ինչու պիտի դեղնաջուր թափի և ոչ մաքուր անձրև։ Մարցա ջրի բնույթը նա ուսումնասիրել էր շատ մանրամասն։ Ձմեռվա կեսին, երբ սար ու ձոր ձյունով [ 430 ] էին պատած, իսկ գետակը սառույցի տակ դժգոհ մռռում էր, ջաղացպանը զրույցի մեջ հայտնում էր, որ գարունը բացվելուց Մարցա ջուրը շատ չարություններ է անելու։ Այդպես էլ պատահում էր․ գարնանը գետը հորդանում էր, և ափերից դուրս գալով, վնասում մարագներին, քանդում գետափի բոստանների պատը և հաստաբուն ծառերը բերանն առած փախչում կամ ծառս տալով իր պղտոր գրկի մեջ առնում սպիտակ գառնուկին, որ խաղալով ու թռչկոտելով մոտենում էր, ապուշ-ապուշ և զարմացած նայում գետից վեր թռչող ալիքներին, որոնց ցայտունը մի վայրկյան դիպչում էր դնչին ու մեկ էլ ոտքերը կտրվում էին գետնից։

Ջաղացպանը լավ հեքիաթներ գիտեր։ Ինչ էլ պատմեր՝ շահի օրերից մի առասպել, Ռուստամ Մայիֆի պատմությունը, թե հին հեքիաթ,– նա վերջացնում էր առակով, ինչպես Տեր Նորընծան էր ասում՝ «իմաստության քաղմունք» անելով։ Երբ ունկնդիրները ազդվում էին նրա պատմածից, ամեն մեկը հայացքը մի բանի հառած, մտքում կրկնում էր պատմությունը, կամ ինքն իրեն հարց տալիս, թե ինչու է այդ պատմությունը դուրեկան,– ջաղացպանը վիզը թեքում էր, ձեռքով ալյուրի փոշին քուրքից կամացուկ թափ տալիս և քթի տակ չքմեղ ժպտում։ Նրա նստվածքը, թեք պահած վիզը, ջրակալած աչքերը, որ պարզ չէին երևում ալրոտ մազերի ու սպիտակ դեմքի վրա, այդ ամենը ասում էին ունկնդիրներին, թե պատմածի մեջ ինքը ոչ մի դեր չունի, նրանցից ամեն մեկն էլ կարող է պատմել իր նման, միայն գիտենա այն, ինչ ինքն է ձեռք բերել տարիների փորձով։

Իսկ այդ գիտեցածը այն անտարբեր, կես արհամարհական վերաբերմունքն էր, որ նա ուներ դեպի մարդը, նրա հոգսերն ու շահերը։ Ջաղացպանի ասելով մարդու պատմության լավ մասն անցել է։ Աստված մի անգամ է սփռոցը բաց արել, շուրջը նստել են նրանք՝ հին հսկաները, որոնց ոսկորները հողի խորունկ ծալքերից այժմ լույս աշխարհ է հանում Այրումի բարակ առուն։

Հիմիկվա սերունդը ժեռ է, մանր, նրա պտուղը դառնահամ և ինչ էլ անեն, ետ չի գա այն ժամանակը, երբ ցորենն ինքն իրեն էր բսնում, մարդ ամեն ծառի տակ կարող էր օթևան ունենալ և ինչպես պապն էր պատմել Կարմրաքարից որ կողմն էլ գնայիր, երեք օր, երեք գիշեր մարդու չէիր հանդիպի բարի օր ասելու։ Այդ ժամանակներն անցել են, սփռոցը մնացել է... Այժմ մարդիկ կրծում են նրանց թողած ոսկորները, գլուխ են ջարդում նրանց փշուրները հավաքելու։ Երբեմն նա Տեր Նորընծայի հետ, ինչպես Ավան ամին էր ասում, «ծնոտ էր ծեծում» ապացուցելու, [ 431 ] որ դրախտը եղել է ու դռները փակվել են։ Եթե մարդուն մի բան է սպասում գալիք կյանքում,— այդ դժոխքի կուպրի կարասն է։

− Ինչքան էլ մարդ արդար մնա, միևնույնն է, պրծնում չկա... Շատ-շատ կուպրը մի քիչ պակաս կանի։

Ջաղացպանը Ավան ամուն ոչ միայն հասակակից էր, այլև մանկության ընկերը: Երիտասարդ ժամանակ քանի ձմեռ են միասին անտառում խոզ պահել, ինչե՜ր չեն անցել նրանց գլխով։

− Նա հենց էն ժամանակն էլ էդպես էր,– պատմում էր Ավան ամին, հազվագյուտ դեպքում, երբ լսողներն իր մարդիկն էին, և կամ մի առիթով սրտաբաց էր եղել,— մեկ էլ տեսար վրաս կնեղանար, թե խոզն ինչ է, որ մարդ նրա համար ծմակներն ընկնի, արի գլուխ առնենք, կորչենք, տեսնենք աշխարհը որտեղ է վերջանում... Ա՜յ Անդրի, գլխիդ ձի չի քացի տվել, կրակը թեժ արա... Էս մթնկա գիշերին ձորերում հազար ահ, հազար փորձանք: Ու՞մ ես ասում։ Ածխակոթը վեր էր առնում, դուրս գալիս։ Էն անտեր խոզերն էլ հենց իմանում էին, թե գայլի վրա է վազում, ճղրտում էին, իրար տալիս, բղղում։ Հա կա՜նչի, հա սպասի։ Մեկ էլ լուսաբացին գալիս էր՝ բեզարած, ջարդված, ցեխոտ։ Ունքամեջը չէր բացվում... Անդրի, էդ ո՞րտեղից։ Պատասխան չէր տալիս։ Հենց ուզում էի բռնեմ, տակս կոխեմ, մի լավ վեր հատեմ, համա ինձանից ուժով էր։ Էդ օրը բերանը երկու կտոր չէր անի, գլուխը կախ, էս ծառի տակ կնստեր, էն քարը շուռ կտար... Որ հանդարտվեր, էլի էն ընկերն էր, ասող, խոսող։ Հարցնում էի՝ Անդրի, ո՞ւր էիր էն գիշեր։ Ծիծաղում էր... Էն քարերն ինչի՞ էիր շուռ տալիս... Թե տակին ոսկի կա, համա չգիտեմ որ քարի աակին է։ Էն է, վերջին տարին պսակեցին, հանդարտեց։

Ու մի քիչ ինքն իրեն մտածելուց հետո ավելացնում էր, ասես ինքն իր հետ էր խոսում.

− Էն փորձանքն էլ թե չէ՛ր եղել, հիմի նա ուրիշ մարդ կլիներ,— վերջացնում էր և մեղմ հառաչում:

Անդրու կինը ամուսնության առաջին տարին մեռել էր դժրախա պատահարի հետևանքով։ Տարին եկահալ էր, մեկ ձյուն էր անում, մեկ արև, ձյունը հալվում էր, կտուրները ցեխ էին, գերանները ճռռում էին, երբ բարձրանում էին ձյունը մաքրելու, երբ կտուրի վրայով մարդ էր անցնում։ Ու հենց այդ գարնանը գերանը դուրս է պրծնում, իջնում հարսի գլխին... Մի ամբողջ տարի Անդրին տանը չէր մոտենում, վախենում էին, որ կխենթանա։ Մի անգամ նրան գտել էին անտառի խորքում՝ Պղնձաքարի մի ճեղքում կուչ եկած։ Երկյուղն ավելի էր սաստկացել. կասկածել էին, թե Անդրին ուզում է ճգնի... Տարին անց, հայրն է [ 432 ] մեռնում։ Հոր մահն ուշքի է բերում նրան։ Տուն է դառնում և գլուխը քաշ ապրում, տիրություն անում հորից ժառանգություն մնացած ջաղացին։ Շատ տարիներ հետո, երբ սպիտակած մազ ուներ, Անդրին համաձայնվում է ամուսնանալ, լսելով Տեր Նորընծայի հորդորը, բայց ավելի շուտ Ավան ամու թախանձանքը և կնության է առնում Զրիկ գյուղից որբևայրի Եղսանին, որից և ծնվում է Բարիկոն։

Ջաղացն Անդրու համար կենտրոն էր, ուր ամեն ինչ կարելի էր իմանալ։ Բերում էին աղալու ցորեն, գարի, գալիս էին մոտակա գյուղերից հայ, թուրք։ Բազմաթիվ ճանանչ ուներ և բոլորի տան ու տեղին, ունեցվածքին, նրանց հետ պատահածին նա տեղյակ էր։ Բերած աղունից նա գիտեր, թե բերքն ինչպես է։ Երբ նոր ցսրենի բեռներն իջեցնում էին,— ջաղացպանը մոտենում էր, ձեռը կոխում պարկի մեջ, ապա բուռը մոտեցնում աչքերին։ Ցորենի ձևը, մաքրությունը, լղարակն ու տռուզը, բարակ փոշին, որ նստում էր ձեռքին,—բոլորը մի-մի նշան էին, որից նա հասկանում էր, թե տարին ինչպես է անցել, ինչ հողումն է ցանած և ինչից է, որ ցորենի հատիկը մեծ է, բայց մեջը փուչ։ Աղքատին և հարուստին նա գիտեր ջոկել ոչ միայն պարկերից, հագուստից, ձիերի և ջորիների սարքից, այլև ցորենից։ Հարյուր միանման պարկ եթե կողք֊կողքի շարեին, նա կճանաչեր այն պարկը, որի մեջ էր Դերվիշ Հյուսեյնի ցորենը։ Դերվիշը Զեյթա գյուղից էր: Նա ոչինչ չէր ցանում. նրա պարկինը հարյուր կալից մի-մի գուշով էր հավաքված։

Մարդը շատ լինելուց, զրույցն էլ հետաքրքիր էր անցնում։ Եթե լուսնկա և զով գիշեր էր, նստում էին ջաղացի դռանը, ընկուզենու տակ։ Երբեմն կրակ էին անում և փոքրիկ թոնրի մեջ ջաղացի անալի բլիթներ թխում, նոր աղած և տաք ալյուրից։ Զրույցն ավելի հետաքրքիր էր դառնում, երբ եկողների մեջ լինում էին այնպիսի մարդիկ, որոնց հետ դեռ անցյալ տարի ու դեռ ավելի առաջ ջաղացպանը վեճի էր բռնվել։ Նա հիշում էր ում հետ ինչ խոսակցություն է ունեցել։ Զեյթա գյուղի մոլլայի հետ քանի անգամ էր վեճի նստել ու նրան նեղը գցել, համոզելով, որ աստված ամեն բանի մեջ կա, նույնիսկ ծառի փչակում։ Մոլլան երկյուղում էր, երբ ջաղացպանը մատը մեկնում էր ծառի փչակին։ Եթե Դերվիշ Հյուսեյնը գար, Անդրին նրան կամուրջի մոտ տեսնելուց նույնիսկ առաջ էր վազում, թևից բռնած բերում, նստացնում, քեֆ հալ հարցնում։ Դերվիշը չէր տրտնջում, երբ ջաղացպանն իր աղունի հերթն ուշացնում էր։ Երկուսի զրույցը երբեմն մինչև լուսաբաց էր տևում։ Դերվիշն էլ աշխարհի և մարդկանց մասին ջաղացպանի նման էր մտածում, նրանցից յուրաքանչյուրը տարբեր ճանապարհներով խլուրդի պես համառորեն փորելով, փորփորելով հասել էին նույն բարձրության, որից շատ հարմար էր դիտել իրերն ու դեպքերի ընթացքը։

Երիտասարդ օրերի բուռն ցանկությունը՝ իմանալու, թե որտեղ է վերջանում աշխարհը, նրա հետ պատահած դժբախտությունը, ջաղացը և այն բազմաթիվ մարդիկ, որոնք գալիս էին, գնում, որպեսզի մի օր էլ նրանցից մեկնումեկր չգա և մյուս եկողները ջաղացպանին պատմեն, թե ինչից նա մեռավ, ծեր ընկուզենիները, որ ամեն գարնան տերևակալում էին, պտղակալում և ուշ աշնանը դողալով տերևաթափ լինում, Մարցա ջուրը, որ գարնանը ուռչում էր, ափերից դուրս գալի, իսկ ամառը բարակում այնքան, որ հորթերն էլ էին անցնում,− այս ամենը մի՛ խորհուրդ ունեին, մի՛ ներքին իմաստ, որ ոչ միայն վաղուց ծանոթ էր նրան, այլև ինքը մերվել էր այդ իմաստի հետ։ Վարարում է գետը, հետո բարակում, ձմեռը սառչում է, սառույցի տակ մռռում... Ինքն էլ ջահել էր, հիմա աշնան գիշերներին ցուրտ էր զգում և դուրեկան է կրակը, ընկուզենիներն էլ են դողում։ Ոչինչ չկա սարսափելի, ո՛չ ծանր կսկիծ և ո՛չ անսահման ուրախություն։ Շատ կածաններ կան, բայց մի լայն ճանապարհ կա և բոլոր կածաններն էլ վերջ ի վերջո գալիս են միախառնվում այդ ճանապարհին, ինչպես Այրումի առուն Մարցա ջրին– Մարցա ջուրն էլ ով գիտե որ մեծ գետին։

* * *

Այսպես էին ապրում Կարմրաքար գյուղում։

Ունեին մի եկեղեցի և մի Տեր Նորընծա, որ այդ եկեղեցու մասին պատմում էր, թե նա կառուցված է հին տաճարի ավերակների վրա և ջեյրանի կաշվից կազմած գրքից վկայություն բերում, որ դարեր առաջ «հագարացոց աշխարհից» իրենց պապերը Մարցա ջրի ընթացքով հասել են մինչև գյուղի տեղը, անտառը կտրատել, շքել՝ այգի և անդաստան։ Խաղաղ այդ պատմությունը երբ հասնում էր Կարմրաքարի առօրյային, դառնում էր խճճված և շատ մութ։ Համարյա անլուծելի առեղծված, որի մասին ոչինչ չի ասել ոչ այն վարդապետը և ոչ էլ Կարմրաքարը տեսած մի ուրիշ մարդ։

Տեր Նորընծան, երբեմն, մանավանդ այն ժամին, երբ երեկոյան արարողությունն արագ վերջացնելուց հետո Ավան ամու հետ մոտենում էր Բոլոր-քարի շուրջը նստածներին,— հեզ էր և հանդարտ, եթե զրույցը թեթև էր և սահում էր, ինչպես ձյունի գնդակը սառույցի վրա: Բայց այդ [ 433 ] խաղաղությունը պղտորվում էր, երբ հանկարծ մի հարց էր ընկնում մեջտեղ։ Օրինակ՝ մեկը պատմում էր, որ հարևանի տանը նամակ են ստացել իրենց որդուց և ահա ծայրը բացվում էր, կծիկը ետ էին տալիս... խոսակցությունն սկսվում էր այն քաղաքից, որտեղից նամակ է եկել, հետո անցնում նամակ գրողին և վերջապես Ավան ամին ձևակերպում էր.

— Մի խոսք՝ Կարմրաքարն ապրելու տեղ չի, էստեղ ապրելն էլ հարամեց:

Խոսակցությունը այդ կետին հասներ թե չէ, Տեր Նորընծան կամ շոյում էր ծալ-ծալ մորուքը և թազբեհը խաղացնում ոսկրոտ մատների արանքում և կամ փնտրում էր թամբաքուի ամանը փարաջայի երկար ու խոր գրպանների մեջ և չգտնելով, տնեցոց հասցեին թոնթորալով կողքին նստողից խնդրում էր թամբաքու:

Նրան հաճելի չէին այդ խոսակցությունները և ոչ էլ այն հարցերը, որ տալիս էին իրեն։ Ո՞րտեղից գիտենար Տեր Նորընծան, թե ինչ է լինելու Կարմրաքարի վերջը, մինչև ե՞րբ, ինչպես Ունանն էր ասում, «տարին տասներկու ամիս քարի քոլի հետ կռիվ տաս, էլի ձմեռվա կեսին տաշտը ցամաք».... Այդ մասին ոչ «Սրբոց վարքի» մեջ կար գրված և ոչ էլ ինքն էր կարողանում պատասխանը գտնել։

Իհարկե, Տեր Նորընծան չէր լռում։ Մեկին համոզում էր, թե ամեն տեղ են մարդիկ այդպես ապրում, ջաղացպան Անդրու հետ համաձայնվում էր, որ Կարմրաքարի դառը կյանքը վերուստ ուղարկած պատիժ է, երրորդին մխիթարում էր և հոգոց քաշելով հայտնում, որ վերջ ի վերջո հողն է մարդուն պարտակելու, «հող էիր և անդրեն հող դարձար»...

Բայց ինքն իր հետ մնալուց, երբ հաշիվ էր տալիս, թե ինչ փոփոխություններ են կատարվել ծուխի մեջ, տեր հայրը սոսկում էր և դողացող մատները մեկնում թամբաքուի տուփին։ Իր մանկությունն էր հիշում... Լիություն կար, աղքատը քիչ էր, ամեն ինչ տանից էր դուրս գալիս։ Եվ ինչպե՞ս եղավ, որ գետափի մարագներում մարդիկ բնակություն հաստատեցին... Առաջ այնտեղ խոտ ու դարման էին լցնում։ Ու մի որ էլ գյուղում «հայաստանցի» մի գաղթական եկավ իր մոր հետ: Ինքը դեռ ջահել քահանա էր, տերտերակինը առաջնակով ծանր։ Մի քանի ամիս գաղթական Նազարն ու մայրն ապրեցին իրենց տան ներքին հարկում, հետո խնդրեցին մի մարագում տեղ տալ։ Մարագները դեռ կանգուն էին։ Եվ այն օրից մարագների թաղը կոչվեց Ղարիբանոց։ Շալուն Սիմոնի հայրը հիվանդ էր, պարտքատերը եկավ հիվանդի տակից կարպետը քաշեց, եղած պղինձները հավաքեց, մի հորթ էլ ունեին, այն էլ [ 434 ] տարան։ Ինքը գնաց, որ հորդորի, խնդրի... Խոջա Հիբանը պառավ մարդ էր, վրան նեղացավ և ասաց, թե հոգևոր մարդը աշխարհի գործերին չպիտի խառնվի։ Հետո մի քանի հոգի էլ գնացին... Որի տունն էր փչվել, որն էլ հորից բաժանվել և մի կարպետ թևի տակ՝ երեխաների ձեռքից բռնած, գյուղից առանձնանում էր, որ իրեն է՛լ չտեսնեն գյուղամիջում։

Մի անգամ Տեր Նորընծան գնացել էր Ղարիբանոց։ Մեկը մեռնում էր, հաղորդության էր սպասում... Աստված իմ, ի՜նչ աղքատություն... Տկլոր երեխաներ, մի քանի պղինձ, մի կապ ցախ և աթարի մուխով լցված կիսաքանդ մարագ։ Ոչ ծալք ունեին, ոչ փալաս ու կարպետ, երեխաները մտնում էին հարդի մեջ, կուչ գալիս... Ի՞նչ աներ Տեր Նորընծան։ Այդ օրը դառնացած եկավ։ Երեկոյան տիրուհին հիվանդի համար հաց ուղարկեց։ Ինքը մյուս օրը քարոզ կարդաց եկեղեցում և չվերջացավ, աղքատությունը չվերջացավ... Ղարիբանոցի մի քանի մարագներից բացի, գյուղում էլ կային աղքատ մարդիկ։ Հարևանի տանը երկու ամիս կորեկ հաց էին կերել, մինչև տղան քաղաքից օգնության էր հասել։ Ո՞ւր է վերջը։ Ուրեմն ճիշտ է ասում ջաղացպանը, որ արքայությունը գնաց և մարդուն միայն տերը բաժին է պահել կուպրի վառվող կարասներ։

Կարմրաքարի ծխատեր քահանան մտածում էր իր հոտի մասին, սրտանց ուզում էր դարման գտնի, մտածում էր երկար, բայց տիրուհին վրա էր հասնում, մտքերը խանգարում։

— Ճրագում նավթ չկա, վե՛ր կաց հացդ կեր։

Տերտերը մոտենում էր սեղանին և՛ ուրախ, որ ազատվեց հոգսից, և՛ չարացած, որ նավթ չեն լցրել ճրագի մեջ ու տիրուհին ասեղի ծայրով պիտի պատրույգը բարձրացնի։ Երբ հոգնածությունը հաղթում էր, կոպերը ծանրանում էին, մոտենում էր անկողնուն, գիշերվա աղոթքը համառոտ ասում և հանգստանում այն մտքի վրա՝ թե «հող էիր և անդրեն...»։

Կարմրաքարում կար և՛ Ավան ամի, և՛ Ունան, և՛ ջաղացպան Անդրի։ Հող ունեցողը վարում էր, ցանում, հնձում։ Տարվա չորս եղանակները անիվի պես դառնում էին և ամեն մեկն իր հետ բերում էր ցավ, ուրախություն, աշխատանք։ Ծնվում էին, մեռնում։ Գյուղի գլխի գերեզմանատանը նոր հողաբլուրներ էին ավելանում, մի կողմից էլ Այրումի առուն էր հին գերեզմանատունը քանդում, ոսկորները բերանն առած, ո՛վ գիտե որ քարի տակ պահ տալիս։ Անտառը տարեցտարի փեշերը քաշում էր, գյուղից ավելի հեռանում և սարերի ստորոտները մերկանում էին... Ձորերում կամ անմատչելի առապարների վրա սակավաթիվ ծառեր դեռ մնում էին, որպես ցնցոտիներ, սարի մերկ սրունքները ծածկելու: [ 435 ] Ոմանք հարստանում էին, ոմանք աղքատանում։ Հարստացողը մի աչք ավել էր տուն շինում կամ մի կտոր հող առնում, զույգ եզը դարձնում երկու-երեք, ընկնում էին, բարձրանում: Մեկը մյուսին ոտնատակ էր տալիս: Կռվում էին, գլուխ ջարդում, պատահում էր, որ մարդ էին սպանում։ Ոմանք ուրիշ քաղաքներ էին գնում վաստակի և այդ վաստակը, որպես հնչուն արծաթ, քանդում էր, խարխլում այն, ինչ սպասում էր թեթև շնչի՝ փլչելու համար:

Ավան ամին էլ էր տեսնում, որ Կարմրաքարը փոխվել է։ Նա հիշում էր այն, ինչ եղել է և համեմատում էր առօրյայի հետ: Նրա համար պարզ էր այն ճանապարհը, որով Կարմրաքարը եկել էր և հասել այդ առօրյային։

Ի՞նչ էր այդ հինը... Սամովար չկար, մարդիկ չգիտեին, թե ինչ է թեյը... Եկավ խոլերի տարին, փախան, պահվեցին անտառի խորքերում: Առաջ մարդիկ ղադաք էին հագնում, կանայք՝ դարայի: Մարցա ձորը մի անանց անտառ էր, հիմա քարերը երևում են... Հեղեղը սրբել է հողն էլ, արմատներն էլ։ Տեր Նորընծայի հայրը երեխաներին սովորեցնում էր «Ութ կանոն սաղմոս»։ Կխտորից թանաք էին շինում և փետուրե գրիչներով հաստ թղթի վրա ընդօրինակում ժամագրքի գլխատառերը... քաջքուտ մարդ էր Տեր Նորընծայի հայրը, աշակերտի մատներն իրար էր հավաքում, երկաթ օղ հագցնում և մատների ծայրին հոնի ճիպոտով այնքան ծեծում, մինչև արնոտեին: Մի անգամ էլ Ավան ամու եղունգը պոկ եկավ:

Այն ժամանակ քաղաքը մեծ չէր, դերձակը դուքան չուներ, ձեռքին ասեղ էր, մի մկրատ, տնետուն ման էր գալիս, և՛ աշխատում, և՛ տանն էլ հաց ուտում։ Երեք օրում մի արխալուղ էր կարում։ Քաղաքում մի քանի դուրգար կային և ներկարար, բայց դուքանդարը շատ էր: Թավրիզից ուղտերի քարավանով ճոթ ու կտոր էին բերում, շիլեյի, գյուղի աղլուխ, շաքարը փափուկ էր, մի քիչ դեղին... Հիմա Հիբանի որդի Մկրտումի խանութում տասը փութով էլ կարելի է շաքար առնել և այն էլ լավը, կապույտ խալերով, շուտ չհալվող... Նրանք հիմա շիլեյ չեն ծախում, ուզող չկա՞

Առաջ նեղ կածան էր, բայց քա՜նի֊քա՜նի մարդ ծեծեցին ու կածանը մի քիչ լայնացավ, ճանապարհ շինվեց մինչև քաղաք: Իսկ ի՞նչ է դառել այդ քաղաքը, ինչ տնե՜ր, ինչ խանութնե՜ր, ո՞ւր է առաջվա դերձակը, որ մկրատը թևի տակ տնետուն էր ման գալի։ Ճանապարհը բացվեց, Կարմրաքարից շատ մարդ դուրս գնաց: Եվ Ավան ամին մտքում [ 436 ] մեկ-մեկ հաշվում էր նրանց, որոնք հեռացել էին գյուղից։ Տասներկու հոգի Բաքու են, Ծատուրի թոռը Պետրպոլկ է լինում:

Ավան ամին այդ իրադարձությունների մեջ աշխատում էր կարգ սահմանել, գտնել մի ձող, որի վրա կարելի լիներ դեպքերը քաշել: Նա լավին էր սպասում ու միտք էր անում, թե ինչպես պիտի գա այդ լավը: Երբեմն մտածում էր, որ ուսումով մարդկանց թիվը ավելանում է և համոզված հայտարարում էր, որ ճանապարհը ուսումով առածները պիտի քաշեն, երբեմն կասկածում էր և ավելի ճշմարիտ համարում այլ ուղի։ Իրենք գյուղից դուրս պիտի գա աստղով մի մարդ և ամեն գյուղից պիտի հավաքվեն աստղով մարդիկ, խելք-խելքի տան։

− Էնպես պլան քաշե՜ն, Անդրի,− ասում էր նա ջաղացպանին, երբ սրտնեղում էր մենակությունից և գնում էր նրա հետ զրուցելու։− Էնպես ամեն ինչ իր տեղը գցե՜ն, որ մնաս զարմացած... Թե չէ էսպես ո՞ւր կհասնենք... Մարդիկ իրար միս կուտեն։ Հրեն էսօր վարժապետն էր ասում, թե Հնդըստանում չեմ իմանում ո՞ր քաղաքում, իրար մեշ ժերբ են գցել, թե ո՞ւմ ուտեն։

Գյուղ վերադարձող երիտասարդին նա գալու մյուս օրը պիտի տնտղեր, ծանր ու թեթև աներ, հարցուփորձ՝ տեսածից ու լսածից, և հայտներ իր կարծիքը՝ կամ մեջը փուչ է (այդ դեպքում նա պիտի ասեր, թե ո՞ւմ կողմն է քաշել) և կամ տարակուսանքով եզրակացներ, որ դեռ խակ է, սերմը չի բռնել։

Երբեմն էլ հուսահատվում էր, հուսահատությունից չարանում ու չարությունը, որպես մաղձ, թափում աշխատանքի ընթացքում։ Ինչ գործ էլ աներ, արագ էր կատարում, չէր խոսում, գանգատվում էր բոլորից։ Նրա բարի դիմագծերն էլ էին փոխվում, կապույտ աչքերը փոքրանում էին, ներս քաշվում, մարդիկ ուրիշ կերպ էին երևում աչքին։ Այդ օրերին նրա դեմքին չէր երևում այն ժպիտը, որ լուսավորում էր նրա երեսը, լուսեպսակ կազմում սպիտակած գլխի շուրջը:

Նրան թվում էր, թե կյանքը խեղդ է, մի նեղուստ, ճիշտ այնպես, ինչպես ջաղացի կամուրջի տակ... Երկու կողմից բարձր ու կապույտ ժայռեր ու մի ժայռ այնքան է կռացել ջրի վրա, որ ալիքները գալիս են ու դեմ առնում և ինչ որ բերում են՝ տերև, ճյուղ, խոտ,− այդ ամենը պղտոր փրփուրի հետ դեմ է առնում ժայռին... ջուրը քարի տակով անցնում է, իսկ փրփուրն ու տերևը, ճյուղը, խոտը մնում են, պտտվում, պտտվում, իրար վրա դարսվում, մինչև քամին կամ ջրի թափը նորից շպրտի քարի վրա։ Գուցե կյանքն էլ այդպես է... Իզուր տեղը պտտվում են, իրար միս կրծում: [ 437 ] Այդ օրերին նա չիբուխը միշտ թեժ էր պահում, մատը կրակի վրա նստում էր տան առաջ, երբ մութն ընկնում էր: Նայում էր խավարին, լսում էր ինչ-որ ձայներ, մարդու, կովի, շան, դիտում էր գյուղը, մինչև թանձր խավարը ծածկեր ամեն ինչ, հանդարտվեին ձայները, կրակները մարեին ու միայն խավարի մեջ վշշար Մարցա ջուրը։

2

Խոջա Հիբանի տունը, կամ ինչպես Կարմրաքարում ասում էին, ամարաթը գտնվում էր գյուղի վերի թաղում, մի փոքրիկ բլրակի վրա, որ գերեզմանատան թմբից բաժանվում էր բարակ ձորով։ Տան հետևով անցնում էր Քառասնաջրի անտառը տանող ճանապարհը, որ հենց տան մոտն էլ ծռվում էր և կորչում ծառերի արանքում։ Եվ ձմռան լուսնկա գիշերներին գայլերն առանց վախի ոռնում էին տան բարձր պատերի տակ և ոտնաձայն լսելուց մի ոստյուն անում ու կորչում անտառում։

Հիբանի ամարաթից վերև տուն չկար, իսկ ներքև՝ դեպի գյուղի գլխավոր փողոցը, որ միևնույն ժամանակ և քաղաք տանող ճանապարհն էր Կարմրաքարից հյուսիս ընկած գյուղերի համար,– նրա որդիների խանութն էր։ Տնից խանութ գնացող կածանը կեռմաններով իջնում էր, անցնում բարակ ձորակն ու միանում փողոցին։

Կարմրաքարի շինությունների մեջ Խոջա-Հիբանի տունն իր մեծությամբ և նստվածքով ետ էր մնում միայն եկեղեցուց: Տան չորս բոլորը բարձր և ամուր պարիսպն էր, որի գլխավոր դուռը նայում էր գյուղին, իսկ փոքր դուռը բացվում էր անտառը տանող ճանապարհի վրա։

Պարսպի տակ ցածր կտուրով, զանազան կառուցվածքներ էին՝ գոմ, մարագ, ախոռներ, փարախ, ամբարներ և այլն։ Այդ ամենը միանգամից և միակերպ չէր շինված։ Գլխավոր դռնից մտնողը պիտի անցներ աջ ու ձախ ընկած շինությունների միջով, հասներ փոքրիկ հրապարակին, որի կենտրոնում, ճիշտ դռան դիմաց, նրանց երկհարկանի տունն էր։ Երկրորդ հարկի քարե սանդուղքը բակի կողմից է, ներքին տան պատուհանի դիմաց: Դրա համար էլ ներքին տան նստողը կարող էր տեսնել, թե ով է իջնում և բարձրանում սանդուղքով։

Թե տունը և թե մնացած շինությունները Խոջա Հիբանի օրոք էլ կային։

Իսկ ավելի առաջ նրանք ապրում էին ներքին տանը, որի ծխից սևացած օճորքի հաստ գերանները այն ծառերից էին, որ հենց ալդ բլրակի գլխին էլ բուսել էին և կտրված էին այն ժամանակ, երբ «հագարացու աշխարհից» եկել էին Կարմրաքարի նախահայրերը։ Հիբանն [ 438 ] էր կառուցել երկրորդ հարկը՝ սրբատաշ քարերից, նեղլիկ ու փոքր պատուհաններով երեք սենյակ, որոնցից մեկը, ամենափոքրը, պատուհան էլ չուներ և ցերեկով կիսամութ էր ներսում:

Այդ սենյակում էր պահում Խոջան իր ունեցածը՝ գորգերի ու խալիների կույտը, արծաթեղենը, կնոջ զարդեր, թանկագին մորթիներ, մի խոսքով այն ամենը, որի մասին գյուղում առասպելներ էին պատմում։ Այդ սենյակումն էր և պղնձե մեծ սամովարը, որ Հիբանի օրոք Կարմրաքարում նորություն էր եղել և հարստության նշան։ Երբ թեյի գործածությունը շատերին ծանոթ չէր, Խոջա-Հիբանը տուն եկող հյուրերին ցույց է տվել մեծ ու անճոռնի սամովարը և բացատրել, թե ջուրը որտեղ են լցնում, ծորակը ինչու համար է... Նրա կենդանության ժամանակ սամովարը երբեք չէին գործածել։ Ու միայն թաղումից հետո, երբ պատվավոր հյուրերի համար վերին հարկում սեղան էին բաց արել, Մկրտումի կինը առաջին անգամ սամովարի գլուխը բաց է անում։ Բաց է անում և կանչում է ամուսնուն... Սամովարը մինչև ունկերը լիքն էր արծաթե փայլուն աբասիներով։

Խոջս-Հիբանը այդ սինյակումն էր պահում փոքրիկ, գունավոր թիթեղներով պատած սնդուկը, որի մեջ էին սանադները։ Երբ մեկը ներս էր մտնում և հասկացնում, որ եկել է պարտքը տալու, Խոջան սիրալիր ժպտում էր, տեղից վեր էր կենում ու կանչում Մկրտումին։ Սարսափելի էր այդ ձայնը։ Եթե փողոցով անցնողը լսում էր Հիբանի ձայնը, քայլերն արագացնում էր և միտք անում, թե ում վրա է չարացել Խոջան։ Մեկն ու մեկը բարձրանում էր սանդուղքով, Մկրտումը ներքի տան պատուհանից տեսնում էր նրան, հետևից գնում և դռան մոտ սպասում: Երբեմն էլ նա հյուրերի հետ ներս էր մտնում։ Հայրը բարձր չէր կանչում, այլ քթի տակ խոսում էր, նախատինք թափում որդու երեսին, գանգատվում, որ ուժից ընկնում է և առաջվա նման չի կարողանում հյուրերին պատվով ընդունել։ Երեքով ներս էին մտնում կիսամութ սենյակը։ Հյուրն ու Մկրտումը կանգնում էին շեմքի մոտ, Հիբանը մոտենում էր բուխարիկին, ձեռքը մեկնում և ծխնելույզի միջից հանում փոքրիկ սնդուկը, որից հետո միայն որդին մոտենում էր։

− Կարդա՛,− ասում է Խոջան և մեկնում մի սանադ։ Եվ հենց Մկրտումը սկսեր կարդալը՝ «Վեր առիմ և պարտ եմ...», հայրն ընդհատում էր.

− Էդ չի,− և մի ուրիշն էր տալիս։ Երբ գտնում էր սանադը և տալիս որդուն, Հիբանը ծնկներին կռթնած սպասում էր, մինչև Մկրտումը գիրկապ անելով կարդա խոնավությունից դեղնած ու տեղ-տեղ խմորով [ 439 ] կպցրած սանադը... «Վկա եմ... վասն անգրագիտության և խնդրանոք նորա սույն արքը հաստատեմ և արքունական կնքովս դրոշմեմ...»։ Կարդում էր որդին, իսկ հայրը վիզը թեքած լսում էր, աչքերը ճպճպացնում, սեղմում էր աչքերը, ասես արցունք կա, որ հիմա պիտի քամի, աչքերի չորությունը մեղմի։ Վեհ և պատկառելի էր նրա դեմքը այդ վայրկյաններին։ Կարծես մահվան վճիռ էին կարդում։ Եվ թեկուզ վճիռը թելադրել էր այդ ծերունին, նրա դեմքին նայողը կմտածեր, թե նա զղջում է ու սիրտը ցավում է։

Պարտաթուղթը կարդալուց հետո Հիբանը փակում էր սնդուկը, թուղթը մոտեցնում եկողին ու մի խոր հոգոց քաշում: Այդ հոգոցից հետո պատկերը փոխվում էր։ Հիբանի աչքերն էլ չէին ճպճպում այլ բացվում էին, անթարթ սևեռում նորեկի սեղմած բռունցքին: Սկսում էր հաշիվը: Ամեն մի կոպեկը տնտղում էր, նայում գրին ու նշանին: Եթե թղթադրամ էր, ծնկան վրա էր դնում, ծալքերը հարթում, բութով և ցուցամատով տրորում, մի քանի անգամ հարցնում.

− Հո ղալբ չե՞ն... Մկրտո՜ւմ... Անունդ քարին գրեմ, մի տես, իմ աչքերը լավ չեն ջոկում, տես նշանը տեղն է...− ու մինչև Մկրտումը թղթադրամի վրա կգտներ հոր ուզած նշանը, խոջան սրտնեղած ասում էր,− ափսոս չի ոսկին... մաքուր հաշիվ, ոչ ծալվել ունի, ոչ կեղտոտվել: Է՜... Խեր բարաքյաթը կորա՜վ, հազար...-ից փող են կտրում, ամոթ չլինի ասել:

Իսկ դիմացինը ամեն մի դրամի համար մի պատմություն է անում, պատմում, թե սպիտակ աբասին ումից է ստացել, ինչքան է խոտ հարել նրա դիմաց, թե հինգանոցն իր մոր հոգապահուստն է, որ ստացել է հարսանիքի օրը հորից։

− Հա՜, հա՛... Ողորմած հոգին լավ մարդ էր։ Ա՜յ փուչ աշխարհ, փուչ էլ կմնաս: Դե նայի՜, նայի՜... Էս ոսկին ու հիմիկվանը մին ե՞ն:

Փողերը ստուգելուց հետո Հիբանը սկսում էր հաշվել։ Եթե գումարը մեծ էր, գրպանից հանում էր թազբեհը և հատիկները գլորելով համարում, իսկ եթե փոքր էր, նրա հաշվելու ձևը հասարակ էր:

− Վեց աբասի, էս էլ տասը շահի, էս էլ վեց շահի, տասնվեց շահի։ Էս երկու մանեթ, էս էլ հնգանոցը, չէ՜, քեզ մատաղ... Դու էլ միաղ պահի, որ չսխալվեմ... Հարամ կոպեկ իմ փողին ես չեմ խառնի,– և հանկարծ դառնում էր որդուն.

− Ի՞նչքան էր գրածը:

− Տասնչորս մանեթ։

− Հիբան աղա, բա խոտի վարձը,– վախվխելով ասում էր գյուղացին [ 440 ] և հիշեցնում, որ պարտքի դիմաց անցյալ տարի երկու օր նրա համար խոտ է հարել։

− Խո՞տս որն է,− հոնքերը կիտում էր Հիբանը,− էն թո՛ղ... Խոտը ջոկ, փողը ջոկ, խալխի ձիերը խոտը կերել են, ես պիտի շարման քաշե՞մ... Եմ փողը պետք է թամամ լինի։

− Ախր...

− Է՜հ, դե հաշիվը մի խառնի է՜... Էս տասնըմին մանեթ վեց շահի... Մկրտում, միտդ պահի... Էս երկու աբասի, տասնչորս կոպեկ, տե՜ս, տե՜ս, էս շահանոցի գլխին ինչ օին են խաղացել... Ասա, շան որդի, փողը ոսկո՞ր է, որ կրծել ե՜ք...

− Հիբան աղա, երեխեքն են...

− Պա՜, պա՜, պա՜... Երեխու ձեռը փող չդնե՜ս, տունդ կքանդես։ Հրես տես, պսակելու եմ էս աշունքը, իրա օրումը ջեբը մի քոռ չեթ էլ չի տեսել... Վախտը կա, ամեն բանի ժամանակը կա... Մեռնելուց հետո թող տիրություն անի... Մկրտո՛ւմ, ինչքա՞ն եղավ, զրուցով ընկանք։

− Տասներեք մանեթ վեց շահի։

− Հիբան աղա, դե մնացածն էլ բաշխի, երեխատեր եմ. տանը հիվանդ ունեմ, ուզում եմ մի գուշ ոսպ առնեմ։

− Չէ՛ չէ՛, թափ տուր, ջեբդ թափ տուր։ Ես ո՞վ եմ, որ փողի հետ խաղ անեմ։ Ուզում ես ինձ էլ, քեզ էլ խայտառակ անե՞ս։

− Հիբան աղա, մեր հարսը մի քանի օր բուրդ է լվացել ձեր տանը, նրան էլ է խղճացիր... Շաբաթից ավել է ճրագ չենք վառել։

− Դե բավական է էլի՜,− ձայնը բարձրացնում է Հիբանը.–ես էլ չեմ ճրագ վառում... Լուսով հացդ կեր, տեղերդ մտի... Քեզ վեց շահի, նրան մի մանեթ։ Ես շահի խազնադարը չեմ։ Ջեբդ թափ տուր... Վեց շահու արժեքն ինչ է, որ դրա համար խոսք ու զրույց ես անում։ Ուզո՞ւմ ես էլի ետ տամ, թազա սանադ սարքենք... Թքած փողի վրա. դու մարդու լավությունն ասա... Փողն ի՞նչ բան է, քեզ պես մի մարդու հետ նստելը, վեր կենալը հազար մանեթի թայ չեմ անի...

Եվ թաշկինակի ծայրին կապած երկու արծաթը գյուղացին հանում էր, լրացնում պարտքն ու տոկոսը, որից հետո Հիբանը սանադը միջից երկու էր անում, կտորները տալիս նրան և ստիպում, որ նա էլ մանր կտորներ անի։ Ապա հավարում էր կտորները, լցնում նրա բռի մեջ։ Երբ վեր էին կենում, Հիբանը սնդուկը բուխարու մեջ տեղավորելուց հետո դառնում էր գյուղացուն։

− Գնո՞ւմ ես... Մնայիր, էն թազա սամովարից մի չայ կխմեինք։ Հա, լավ ես ասում... Գործի ժամանակ է, գնա, գնա բանիդ։ Չայը թամբալ [ 441 ] թուրքի բան է։ Է՜, քեզ նման ջան ունենայի, մի տարում երկու տուն կսարքեի... Ի՞նչ ես էդպես խեղճացել։ Աստված կռներիդ ուժ տա, էլի կամ, մի վախենա։ Էս փողն ո՞ւմ համար է։ Թե հարկավոր լինի, արի՛... Հալալ մարդու համար իմ դուռը բաց է,− և ձեռքով մի քանի անգամ փափուկ զարկում էր նրա թիկունքին, ճանապարհ դնում։

Հենց հյուրը գնար թե չէ, Խոջա-Հիբանն սկսում էր զայրանալ որդու վրա։ Մի առիթ միշտ կգտներ. կամ ուշ էր եկել, կամ կարդալուց կմկմացել էր և կամ գումարը պարզ չէր ասել։

− Էսքան թուք ու մուրն ո՞ւմ համար է... Դու որ մեծն ե՜ս, էդպես ես, բա էն փոքրին ի՞նչ օրինակ ես լինելու։ Շան ծիծ ես ծծել, ես քո խրատողի... Կորի՛, աչքիցս հեռացի։

Խոջա-Հիբանն ագահ էր ամեն ինչի հանդեպ։ Կես գիշերին հանկարծ տեղից վեր էր կենում և թեկուզ լուսանալուն շատ կար, զարթնեցնում էր տնեցոց, ծառաներին ստիպում, որ տավարը մթնով տանեն ու մինչև լուսանալը գյուղի մոտակա հանդերում կշտացնեն։

− Արջերն էլ են շատ քնում... Ասենք տեղներս ծմակ է, ուրեմն պետք է արջաքուն տա՞ք...

Տնեցիք վեր էին կենում, մեկը քնաթաթախ երեխաներին էր հագցնում, մյուսը ծառաների համար կերակուր պատրաստում։ Իսկ ինքը թամքած ու տան սյունից կապած ձին նստում էր գնում կամ հարևան գյուղը ապառիկն առնելու մեկից, կամ բուրդի կանխավճար տալու, կամ գերաններ պատվիրելու, որպեսզի մի շաբաթվա ընթացքում, գյուղական աշխատանքի թեկուզ եռուն ժամանակ, մի քանի հարյուր գերան եզներով քաշել տա և Կարմրաքարի կածաններով տանի քաղաք։

Խստաբարո մարդ էր Հիբանը։ Նրա մասին գյուղի պառավներն ասում էին, թե աչքը չար է։ Եթե երևար փողոցում, նրանից ավելի տարիքավոր կանայք անգամ տեղից վեր էին կենում և դռան հետևը պահվում՝ մինչև անց կենար։ Շատ կանայք երեխաներին էլ էին տանում, իսկ անցնելուց հետո նորից էին դուրս գալիս։ Մի տղամայր անպատճառ պիտի կռանար, մի քար շրջեր՝ նրա չար աչքի դեմ։

Խոջա-Հիբանի մասին գյուղի կանայք զանազան լուրեր տեղեկանում էին նրա կնոջից, երբ գնում էին նրանց համար բուրդ լվալու, գզելու, կարպետներն ու գորգերը թափ տալու, հաց թխելու։ Կինը չէր քաշվում և ընկեր հարևանին ցույց էր տալիս իր մարմնի կապտած տեղերը։ Ծեծն ու նախատինքը նա անտրտունջ տանում էր և միայն բավականանում էր իր ցավը ուրիշներին պատմելով։ Ամուսինը գիտեր այդ, գիտեր և լռում էր։ Նա իր հաշիվն ուներ։ Հիբանը գիտեր, որ կինը [ 442 ] մեկը տասն է շինում, դեպքը ծաղկեցնում, իսկ այդ նրան ձեռնտու էր։ Որքան շատ դողային իրենից, որքան շատ երկյուղ ներշնչեր հարևաններին, այնքան ավելի ազդեցիկ ու անվանի կլիներ։

Հիսուն տարվա ընթացքում Հիբանի կինը միայն մի անգամ էր ըմբոստացել իր ամուսնու դեմ և նույնիսկ մի օրով էլ տանից հեռացել։ Այդ այսպես է պատահել։ Հիբանն աշխատանքից տուն գալուց (նա գնացել էր կամրջի մոտ ուղտապաններից բուրդ առնելու) լսել էր զուռնայի ձայն. կամացուկ մոտեցել էր ձայնի վրա և տեսել, որ նվագողը որդին է՝ Մկրտումը, տասը-տասներկու տարեկան տղան։ Հայրը զայրացել էր, ձեռքի գրվանքանոցը շպրտել որդու վրա։ Երկաթը կպել էր ճակատի անկյունին և ոսկորը ճեղքել։ Վրա էր վազել մայրը և արնակոլոլ որդուն ազատել գազազած հոր ձեռքից։ Այդ գիշեր Հիբանը ծեծել էր կնոջը։

— Էս լակոտն ինձանից չի... Ուրիշից ես բերել, շա՛ն աղջիկ, իմ ցեղում զուռնա ածող չի եղել։

Մայրը գրկում է վիրավոր երեխային և կես գիշերին գնում ծնողների մոտ։ Սակայն Հիբանի ահից ծնողները չեն համաձայնվում նրան աեղ տալու և մյուս առավոտ նորից վերադառնում է ամուսնու հարկի աակ։ Ճշմարիտ է, այդ դեպքից հետո Հիբանը քիչ մեղմանում է, նա հիվանդի համար նույնիսկ քաղաքից մրգեղեն է առնում, բայց հենց երեխան առողջանում է թե չէ, ձեռքերն իրար զարկելով կնոջը հայտարարում է, որ Մկրտամի ոսկորն իրենից է, և շարունակում է մի անգամ բռնած ճանապարհը:

Հիբանի կինն ավելի կանուխ է մահանում։ Վերջին տարիներում պառավը չորացել, մնացել էր կաշին ու ոսկորը։ Կնոջ մահն ազդել էր նրա վրա։ Ճիշտ է, նա առաջվա պես ագահ էր և խիստ, բայց ավելի էր մռայլ, հաճախ՝ դաժան։ Դարձյալ գիշերները զարթեցնում էր, գործի ուղարկում։ Այս անգամ մի տեղ գնալուց, նա Մկրտումին իր հետ էր ման ածում և ճանապարհին խրատում, թե ինչպես պետք է իրեն պահի այսինչի մոտ, ո՞վ է Զրիկում ամենահարուստը, ինչի՞ց է նա երկյուղ կրում, ո՞վ է իրեն պարտ։

Այդ խոսակցությունը հաճելի էր Մկրտումին։ Նրա մեջ զարթնում էր փոքրիկ գազանը, որի ճանկերը դեռ ոսկրացած չէին և որը սակայն ավելի ագահությամբ էր հարձակվում հոր կողմից հոշոտված որսի վրտ: Դրանից էր, որ նա ավելի համարձակ էր կարդում մուրհակը, արագ գումարում, երբեմն փողը ստուգում։ Հիբանն աչքի տակով նայում էր և [ 443 ] ինքնագոհ ժպիտը մեղմացնում էր դեմքի խոժոռ արտահայտությունը:

Մի առավոտ էլ, երբ հոր հանձնարարությամբ հսկում էր, թե ինչպես են խուզում տան առաջ նստած ոչխարներին, Եփրեմն եկավ և կանչեց եղբորը։ Երկուսով ներս մտան։ Հայրը պառկել էր կարպետին... Սանամ հորքուրը բարձ էր դնում նրա գլխի տակ. ծերունին արխալուղի կոճակներն արձակել էր ու խոր շնչում էր։ Դռան ձայնից գլուխը մի քիչ բարձրացրեց, տեսավ որդիներին։ Եփրեմի ճակատը համբուրելուց հետո ձեռքով նշան արեց, որ դուրս գնան... Սանամ հորքուրն էլ հետևեց նրան։ Մկրտումը հասկացավ հոր հայացքը և թաթերի ծայրով մոտեցավ դռանն ու կապը գցեց։ Ծերունին ձեռքով կարպետին խփեց, հասկացրեց, որ Մկրտումը նստի։ Ու գլուխը նրա կողմը դարձնելով շշնջաց.

— Ուզում էի ոչխարի մոտ գամ... Հը՞, բուրդը հո երեսից չեն խուզում, Գոդին էնտե՞ղ է...— Մկրտումը գլխով արեց։ Հոր գունատ դեմքը նրան սարսափեցրեց։ Մի՞թե մեռնում է... Ուրեմն մենակ պիտի մնա... Ու նա հիշեց պարսպի և տան կտուրի մասին եղած խոսակցությունը։

Մի անգամ հոր հետ գնացել էր քաղաք։ Վերադարձին նա ցանկություն էր հայտնել տան շուրջը պարիսպ քաշելու, իսկ կտուրն էլ թիթեղով ծածկելու, ինչպես քաղաքումն են անում։ Հիբանը բարկացել էր նրա վրա։

— Շհարո՜ւմ... Շհարու՜մ հազար լրբություններ են անում։ Իմ կարողությունը ես էն սևացած տանն եմ հավաքել։ Թող մի քիչ էլ կտուրը կաթի, հոգիդ դուրս չի գա, որ ձյունը մաքրես։

Բայց քիչ հետո համաձայնվել էր պարսպի կառուցման մտքի հետ։

— Հազար մարդ է անցկենում, հազար աչք է նայում... Էդպես ավելի ապահով կլինի։

Եվ խոսք էր տվել եկող գարնանը քար ու կիրը հավաքելու։ Թեկուզ քար ու կիրը պատրաստ էր, բայց հայրը դարձյալ հետաձգում էր։ Մկրտումի առաջին միտքն եղավ պարսպի կառուցումը։ Հիբանն ասես որդու միտքը հասկացավ։

— Չէ, դեռ ժամանակը չի... Էդքան շուտ չի լինի։ Ես ժամանակը գիտեմ...—Մկրտումին թվաց, թե հայրը հասկացավ իր միտքը՝ նրա մահվան մասին։ Ու նրա մտքովն անցավ, որ հոր մահը մոտ չի, և նա գխոե, թե երբ է գալու ժամանակը։

— Սանամ հորքուրիդ կպահես, թող տերություն անի, մինչև... Հը, բան-ման կա՞, թե չէ...

Այդ մասին, հայրը մի անգամ էլ էր հարցրել իրեն, երբ միասին [ 444 ] գնացել էին անտառը գերանները ջոկելու։ Խոսքը Մկրտումի կնոջն էր վերաբերում։ Երկրորդ տարին էր, ինչ ամուսնացել էր, բայց երեխա դեռ չունեին։ Հիբանն իր քրոջն էր մի քանի անգամ հարցրել այդ մասին և թեկուզ Սանամը եղբորը հանգստացրել էր, թե դեռ հարսը երեխա է, բայց և այնպես նրա հետ խոսելուց հետո, հարսին այնպիսի հարցեր էր տվել և այնպիսի խորհուրդներ, որ մանկամարդ կինը ամաչելուց կարմրել և արցունքն աչքին հեռացել էր, տան անկյունում դառը հեծկլտալու։

Հոր հարցին Մկրտումը չպատասխանեց։ Կարմրեց ու սկսեց կարպետի ծայրը մատներով տրորել։

— Կլինի, կլինի... Իմ ցեղն անժառանգ չի... Սանամ հորքուրիդ կպահես։ Մի քիչ խելքը պակաս է, համա աշխատավոր է... Եփրեմին բռանդ մեջ կպահես, խելքը խակ է, բայց ո՞վ գիտե ինչ դառնա... Դե գնա՛, գնա՛, բուրդը ցրիվ չտան։ Մեծաբուրդը թող ջոկ դարսեն. անլվա էլ գինը թանկ է... Տե՜ս, Նորընծան տա՞նն է, ասա թող գա... Էդ հոգսից էլ պրծնենք,— և ասես ինքն էլ սարսափելով իր մտքից, որ մահը մոտ է, դեմքի մկանները կծկելով, ասաց,— չէ՛, ժամանակը ե՛ս գիտեմ... Թող գա... Թող գա,— և պինդ, շատ պինդ սեղմեց որդու ձեռքը։ Մկրտումը մեջքը ձգեց ու թեքվեց հոր կողմը։ Հայրն անզոր ժպտաց։

— Տեսնո՞ւմ ես ինչ ուժ ունեմ... Դե գնա՛, գնա՛...

Մկրտումը դուրս գնաց։ Շեմքի մոտ Սանամ հորքուրը գոգնոցի ծայրով սրբում էր արցունքը։ Մկրտումը տեսավ այդ և այն թափը, որով նա դուրս եկավ բուրդը խուզողներին կարգադրելու հոր ասածը, այդ թափը կոտրվեց, ոտքերը թուլացան։ Ու շվարած հայտնեց միայն, որ հայրն ուղարկում է քահանային կանչելու։

Լուրն ամբողջ գյուղում արագ տարածվեց։ Ճաշի մոտ քահանան նրան հաղորդություն էր տվել և երբ դուրս էր եկել, գյուղացիներին հայտնել էր, որ խոջա Հայրապետը դեռ շատ է ապրելու, գույնը տեղն է, հիշողությունն առաջվա պես։ Մի քանի ծերունիներ քչփչացել էին, որ հոգին ծանր է տալու, շատ պիտի տանջվի։

Բայց և այնպես գալիս էին նստոտում կարպետի վրա, զրուցում: Զրույցն ընդհատվում էր, երբ ներսից լսվում էր հիվանդի ձայնը... Ոմանք աշխատում էին Մկրտումի աչքին երևալ։ Մի քանի կանայք, մանավանդ հարսի ազգականներից, ներս ու դուրս էին անում, ավլում, սրբում, կարպետի վրա նեղլիկ ներքնակ գցում, եթե եկողը գյուղի ազդեցիկ մարդկանցից էր։ Ոմանք առաջին անգամ էին տեսնում նրանց տունը և օտարոտի հայացքով դիտում էին պատերը, օճորքը, պատից կախած գորգերը, գետնի լայն կարպետը։ Անկյունում նստած երկու մարդ քսփսում [ 445 ] էին, հազիվ լսելի ձայնով մեկը պատմում էր մյուսին, որ դիմացի պատից կախված ծաղկավոր կարպետը Զեյթա գյուղացի Աբասինն է և Հիբանը վերցրել է այդ տասը ռուբլու պարտքի դիմաց։

Երեկոյան հիվանդի դրությունն ավելի ծանրացավ։ Շնչառությունն ընդհատ էր, մերթ կորչում էր շունչը, հիվանդն աչքերը խփում էր, դեմքին և ոչ մի մազ, ոչ մի մկան չէր շարժվում,− մերթ խորանում էր, կրծքի վանդակն ուռչում... Հիվանդը դեն էր գցում վերմակը, փորձում տեղում նստել, ինչ-որ բան էր ուզում ասել, բայց լեզուն կապ էր ընկնում։ Կողքին կանգնողներից ամեն մեկը իր կերպ էր հասկանում հիվանդի միտքը, մեկը բարձն էր ուղղում, մյուսը պատուհանն էր բաց անում, իսկ երրորդը պատվիրում էր ջուր տաքացնել: Մկրտումը մեկ հորն էր մոտենում, մեկ դուրս գալիս, Եփրեմին, Գոգուն և ծառաներից հենց առաջին հանդիպողին կարգադրություններ անում, որից և ոչ մեկը հիվանդի առողջությանը չէր վերաբերում։ Սակայն բոլորն էլ գիտեին, որ ինչ էլ պատահի, կովերը պիտի կթեին, ոչխարին փարախն անեին, ձին թիմարեին, շան տեղը փոխեին։

Վերջին հյուրը՝ Տեր Նորընծան, բարի գիշեր ասաց, մի քանի խոսք էլ ավելացրեց այն մասին, թե հիվանդն ամուր է, հարվածը կանցնի և դեռ շատ տարիներ կապրի։ Մնացին մոտ ազգականները։ Կես գիշերին իրոք որ Հիբանն իրեն լավ զգաց։ Հայրը Եփրեմին հարցրեց, թե ձիուն ինչ խոտից են տվել։ Մկրտումը մեկ-մեկ թվում էր, թե ովքեր էին եկել։

− Ասում ես Առուստա՞մն էլ էր− և հոնքերը կիտեց: Առուստամը Ավան ամու հայրն էր։ Հիբանի և նրա մեջ խուլ թշնամության կար, չնայած դրան, Առուստամը մի քանի ծերունիների հորդորանքը լսելով, եկել էր իր թշնամու վերջին տեսությանը, բայց գալուց հայտնել էր, որ հիվանդի հետ չի խոսելու։

− Ո՞վ գիտե, ինչ էր մտածում... Մարդ է, հողեղեն է, չէ՞, Սանամ,− հարցրեց Հիբանը։− Երևի ուզում էր հաշտվի, հը՞... Թե եկել էր, որ հետս ծիծաղի։ Հը՞, Սանամ, խոսի է՜... Ինչ ես պապանձվել։

− Հայրապե՜տ, չար ես մտածում... Էն խեղճը ամենից շատ էր թառանչ քաշում։

− Հա՛, լա՛վ, լա՛վ, ուրեմն մարդ է, խիղճ ունի... Վերջին, դատաստանը միտն է բերել։− Ու մի քիչ հետո հարցրեց.

− Տեր Նորընծան գնա՞ց...

− Հա, կանչե՞մ,− ասաց Մկրտումը։

− Չէ, էնպես... Ուզում էի մի բան հարցնեմ։– Մի պահ էլ աչքերը [ 446 ] ման ածեց, կարծես մեկին փնտրում էր, հետո կողքին դարձավ։ Սանամը մոտեցավ, թիկունքը ծածկեց ու Հիբանը խոր քնեց։

Մյուսներն էլ ցրվեցին, ամեն մեկը մի սենյակում քնելու։ Միայն Սանամն ու հարսի մայրը կուչ եկան հարևան սենյակի անկյունում, ննջում էին և թերի թողած զրույցը շարունակում։ Սանամը պատմում էր, որ եղբայրը առավոտ կանուխ կանչել էր իրեն և գանգատվել, թե գիշերը լավ չի քնել։

− Էն հարսն, ասում է, երազիս եկավ... Ծարավ էի։ Մեր էն մեծ գավաթով ջուր տվեց... Խռով գնաց, գավաթն էլ չառավ ձեռիցս... Ասում է, քանի՜ տարի է, երազումս նրան իսկի չէի տեսել։

Հարսի մայրը աչքերը լայն չռած իր կասկածն էր հայտնում այն մասին, թե երազը վատ է, նշանը՝ չար։

− Էլի գավաթն առներ... փորձանքն առած կլիներ։

Լուսաբացին, երբ Սանամ հորքուրը հանկարծ զարթնում է և քունը գլխին վազում է հիվանդի սենյակը, նա սարսափած ետ է կենում։ Գորգի վրա սպիտակահալավ նստած է լինում Հիբանը, արխալուղն ուսերին... Քրոջը տեսնելուց գլուխը վեր է հանում և հազիվ լսելի ասում.

− Մկրտումի՜ն...

Սանամի ձայնից զարթնում է և հարսի մայրը, հետո Մկրտումը։ Բայց հենց այն վայրկյանին, երբ Մկրտումը ներս է մտնում, հիվանդը ձեռքով ետ է տանում գորգի ծայրը և ընկնում։ Ու միայն Մկրտումն է տեսնում գորգի տակ ծածկված ինչ-որ բարակ կապոցներ։

Երկու օր դիակը մնաց նույն սենյակում։ Մարդ էին ուղարկել առաջնորդից թույլտվություն առնելու, Հիբանի մարմինը եկեղեցու բակում թաղելու համար։ Մինչ այդ բակում կանայք ու տղամարդիկ եփում էին, թխում, լվանում, մորթում և պատրաստություն տեսնում Խոջա-Հիբանին այնպիսի շուքով թաղելու, որի նմանը, ինչպես հայտնել էր Մկրտումը քահանային, Կարմրաքարն իր օրում չէր տեսել։

...Այդ օրից շատ տարիներ էին անցել։ Խոջա-Հիբանի գերեզմանաքարը մի քիչ թաղվել էր, ոտքերի կողմն ավելի, քան գլխավերևը։ Ջաղացպանի ասելով, այդ նրանիցն էր, որ մարդու ոտքի ոսկորներն ավելի շուտ են փտում, քան գլխի ոսկորը։ Գերեզմանաքարի գրերը տեղ-տեղ հողով ծածկվել էին։ Ամառվա շոգին գյուղում մնացած մի կաղ ոչխար, կամ հիվանդ հորթ, տապից նեղվելով մտնում էր եկեղեցու գավիթը և ոտքերը հազիվ փոխելով գնում, հյուսիսային գավիթի հովում, Հիբանի տափարակ գերեզմանի վրա նստում և ննջում, մինչև իրիկվա հովն ընկներ և տերը գար նրան գավիթից տուն քշեր։ [ 447 ] Թեկուզ Հիբանի գերեզմանաքարն էլ թեքվել էր, բայց նրա անունը դեռ հիշվում էր թե՛ Կարմրաքարում և թե՛ շրջակա գյուղերում։ Հիբանի տեղը Մկրտումն էր բռնել։ Ճիշտ է, նրան Խոջա չէին ասում, այլ Խոջա-Հիբանի տղա, բայց շատերն էին խոստովանում, որ Հիբանը խստության հետ ուներ և բարի սիրտ, համենայն դեպս «միամիտք էր և ռամիկ»՝ ինչպես ասում էր ջաղացպանը։

Որդիներն ավարտել էին պարիսպը, տան կտուրը թիթեղել։ Կարմրաքարում առաջ էլ ամեն օր հիշատակում էին նրանց անունը, երբ ասում էին՝ «Հիբանի տղի եզները», «Հիբանի հողերը», «Հիբանի ձին» «Հիբանի ժամանակվա պարտքը» և այլն,— բայց այդ ամենի վրա որդիներն ավելացրել էին խանութն ու առուտուրը։

Խոջա-Հիբանն էլ էր առևտուր անում, բայց նա խանութ չուներ։ Բարդաններով բուրդ էր հավաքում և ուղտերին բարձած ճանապարհ գցում քաղաք իր ծանոթ վաճառականին հանձնելու։ Գերան էր ծախում, գարնան սկզբին փող էր բաշխում և աշնանը փողի դիմաց վերցնում մսացու, բուրդ, ոչխար, պանիր։ Ու միշտ էլ գյուղամիջում քահ-քահ ծիծաղում էր քաղաքի վաճառականների նիստ ու կացի վրա։

— Ամեն մինը մի ծակ են մտել, մի քանի թոփ չիթ ու կտորի վրա նստել, արշինը ձեռքին, աչքը քուչովն անցկացողին, թե ինչ է, մի քանի շահի փող գցեն դախլը... Դուքանս ո՞րն է... Ես որ ձին նստում եմ, փափախս թեք դրած, իմ ոչխարի կողքովն անցնում, հազար դուքանի թայ չեմ անի։

Քաղաքի առևտրականների մասին նա այն կարծիքին էր, թե բոլորն էլ խեղճ ու կրակ մարդիկ են, ըստ մեծի մասի աղքատ, և միայն իր նման խոջա ապրանքատերերն են (կամ ինչպես ինքն էր ասում «մյուլքադար և դովլաթով» մարդիկ), որ մի կտոր հաց են տալիս նրանց։

Ինչպես կփրփրար ծերունի մյուլքադարը, եթե հրաշք պատահեր, գերեզմանից դուրս գար, անցներ գյուղի փողոցով և իրենց բլրակին չհասած, բարակ առվի մոտ, տեսներ քարաշեն մի տուն, կապույտ ներկած երկու մեծ դռներով, դռան ճակատից ցուցանակը՝ վրան գլուխ շաքար, մի քանի կապ թեյ և ռուսերեն գրած՝ «Մանրուքի խանութ եղբ. Մանգասարովների»... Խանութի մի անկյունում աղաքարի կույտեր, մեծ տակառներ, մեջը լի ցորեն, գարի, ապա բարակ միջնորմը՝ վրան շատ ծանոթ գորգեր, գորգերի վրա պղնձե փայլուն կշեռքը, իսկ դարակներում՝ ճոթ սւ կտոր, գույնզգույն չիթ, թոփեր՝ մահուդ, ատլաս, ծոպավոր թաշկինակներ, շաքար, պնակներ, լամպի ապակի, բաժակներ, կոճ ու թել, մի խոսքով այն ամենը, ինչ վաճառում էին քաղաքում: Եվ այդ [ 448 ] խանութում՝ Եփրեմը, բուխարա փափախով, սև մահուդե պիջակով, ինչպես հագնում էին քաղաքի վաճառականները և որի համար էլ նա ծաղրում էր նրանց (պիջակը մարմինը մինչև սրունքները չէր ծածկում, ինչպես Խոջա-Հիբանի շալի չուխան և մեջքից վար բաց էր անում, որի համար էլ քաղաքացիներին Հիբանը մի անգամ ծաղրական ու ծանր խոսք էր ասել)։ Եփրեմը՝ չթե թոփերն առաջը թափած՝ հաճախորդին գովում էր, ֆիրմայի անունը տալիս՝ Ցինդելի սատին, Մորոզովի «ամենապերվի» հալավացուն։ Գովում էր և չափում, արշինը հոտավետ չթի մեջ այնպես ֆռռացնում, ասես մանկուց նրա հետ էր խաղացել... Իսկ անկյունում, դախլի մոտ նստած էր Մկրտումը, որը հին ճանաչ Սուլեյման քիրվայի որդու երկու հարյուր ռուբլու մուրհակը ծոցի հաստ «կնիշկայի» մեջ պահելուց հետո, այդ նույն տեղից հանում էր և մեկ-մեկ հաշվում 15 հատ տասնոց, նույն կարմիր տասնոցներից, ինչպիսիք կային հոր ժամանակ...

Խոջա-Հիբանի մահից հետո այդ խանութն էր ավելացել Կարմրաքարում, որի շաքարն ու չիթը գնված էին այն դրամով, որի մասին Խոջա-Հիբանը իր վերջին ցանկությունն անգամ չկարողացավ որդուն հայտնել։

* * *

Օրը մթնում էր։

Իրար հետևից վառվում էին ճրագները։ Երբեմն ճրագը ձեռին մեկն անցնում էր բակով։ Հեռվից այնպես էր երևում, ասես մութի մեջ լույսն ինքն իրեն է շարժվում ու հանկարծ հանգչում։ Նախիրից ետ մնացած մի կով բառաչում էր գյուղի ծայրին։ Գետի մյուս ափին, գյուղի դիմացն ընկած անտառի բացուտում խարույկը բոցավառվում էր։ Կրակը մեկ հանդարտում էր, մեկ վեր սլանում և միլիոնավոր կայծեր ցրվում էին խավարի մեջ։ Ասես հսկա մի աստղ էր թպրտում ծառերի արանքում։

Իսկ քիչ հետո, երբ խավարը թանձրացավ ու ճրագները մեկ-մեկ հանգան, որպես հսկումի կրակ մնաց միայն անտառի խարույկը, որի շուրջ բոլորը նստոտել էին խոզարածները, և Հիբանի ամարաթի լուսավոր պատուհանը, որ բլուրի բարձունքից անթարթ աչքի պես դիտում էր գյուղին:

Վերին հարկի այն սենյակը, ուր մահացել էր Խոջա-Հիբանը, անճանաչելի էր դառել տարիների ընթացքում։ Հիբանի ցածլիկ և հաստ տախտակներից սարքած թախտը Մկրտումը քանդել և ցորենի ամբարում [ 449 ] միջնորմ էր շինել։ Նրա տեղը դրված էր երկաթե մահճակալը, վրան՝ բարձերի կույտը։ Անկյունում կողք-կողքի շարված էին բոլորովին նոր աթոռներ։ Սեղանի վրա փողը կապույտ ներկած գրամաֆոնն էր, կողքին գիպսե մի հորթ։ Խանութից տուն դառնալուց, երբ հարկավոր էր լինում արխալուղը փոխել, Մկրտումը քրքրում էր գրպանները և կեղտի մեջ մոռացված մի քանի պղնձադրամ հանում, գիպսե հորթի մեջ գցում։

Սենյակի պատերը զարդարված էին խալիներով ու կարպետներով։ Հատակին, պատերի տակ փռված էին բարակ ներքնակներ, ծածկված նեղ ու երկար գորգերով։ Թեկուզ մահճակալը, սենյակի մնացած կահ-կարասիքն առել էին քաղաքի մեծ մագազիններից, իսկ գրամաֆոնը Եփրեմն էր Բաքվից բերել, բայց և այնպես սենյակն անճաշակ էր կահավորված։ Գրամաֆոնի և աթոռների վրա մի մատ փոշի կար։ Ոչ նվագել էին և ոչ էլ նստել աթոռների վրա։ Մկրտումը և նրա մոտ եկողները գերադասում էին ծալապատիկ նստոտել փափուկ գորգերի վրա, թիկնել պատին։ Միայն Եփրեմն էր աշխատում «աբրազոննի» և «քաղաքավարի» լինելու, ինչպես ինքն էր ասում։

Առաստաղից կախած ճրագն առատ լույս էր տալիս։ Ու թեկուզ գարնանամուտ էր, բայց և այնպես բուխարիկում վառվում էին կաղնու չոր փայտերը և տաքացնում տունը։ Բուխարիկի մոտ, մութաքային թիկն էր տվել Մկրտումը, կողքին՝ համրիչը։ Նա լուռ նայում էր երկար ու նեղլիկ մատյանին, շրթունքները շարժում, և ապա թերթը շրջելուց առաջ համրիչի հատիկները ետ ու առաջ տանում, հաշվում։

Լռությունը խանգարվում էր համրիչի չրխկոցից և այն ձայներից, որ լսվում էին ներքին տնից։ Այստեղ էր ապրում Եփրեմի ընտանիքը՝ օրվա մեծ մասն այնտեղ էր անցկացնում և Մկրտումի կինը՝ Շողերը: Սանամ հորքուրն էլ եթե ցուպին հենվելով շաբաթը մի անգամ գալիս էր հորանց տունը, ներքի տունն էր գնում։ Նա գանգատվում էր, որ մահը մոռացել է իրեն, ոտքերում այնքան ուժ չկա, որ քարե սանդուղքը բարձրանա և մի անգամ էլ տեսնի այն սենյակը, ուր մահացավ իր եղբայրը։

Մկրտումը ապառիկների մատյանն էր թերթում։ Եթե մի օր կորչեր Տեր Նորընծայի չափաբերական մատյանը և քահանան ձեռքի տակ ոչինչ չունենար որոշելու համար, թե մի քանի տարի առաջ գյուղում ի՞նչ ծնունդ կամ մահ էր պատահել,— հեշտ կլիներ պահանջած տեղեկությունը քաղել Մկրտումի «նիսիաների դավթարից», որի նեղ ու երկար երեսների վրա գրանցված էին ոչ միայն Կարմրաքարից, այլև հարևան [ 450 ] հայ և թուրք գյուղերից շատ տնտեսություններ, ըստ նրանց զորության կարգի։ Մատյանի առաջին մասում ունևոր տնտեսություններն էին և շատ «պաչոտնի» (ինչպես ասում էր Եփրեմը) մարդիկ, որոնց ամենօրյա առուտուրը նրանց խանութիցն էր։ Վերջում մի քանի էջ հատկացված էր նրանց, որոնք Եփրեմի ժարգոնով կոչվում էին «Ղարիբանոցի խումբ»։ Մատյանը միօրինակ ձևով չէր գրված, կային երեսներ, ուր Մկրտումի բարակ ձեռագրով նշանակված էր. «ձեռաց առավ 11 մնթ. հօգոստոսի 9-ին»։ Բայց ավելի հաճախ, մանավանդ եթե ապառիկն ապրանքով էր եղել, մատյանն ավելի մանրամասն էր ասում։ Օրինակ՝ «Շալուն Սիմոնին մի գրվ. շաքար կնունքի համար, ևս հիլ զանջաֆիլ 10 կոպ.»... «Թարիվերդի Սուլեյմանին հարսանիքի համար 10 արշ. զոլավոր, Պրոխորովի լաստիկ 8 արշ., գյուլի այլուխ—3 հատ, մի գլուխ շաքար Բրոդսկու, լավը, խոշկայաբար— 4 գրվ. նաբաթ 1 գր., ևս լամպի շուշա տասանոց—1 հատ, բոլորի գումարը,—22 մանեթ 34 կոպեկ.»։

Առանձին էր քոչվորներին բաց թողած ապառիկի ցուցակը։ Ամեն գարնան ամպ ու փոշու մեջ կորած հազարավոր բազմություն հեռավոր տափաստաններից ոչխարը, ուղտը, եզն ու ձիու երամակներն առաջ արած բարձրանում էին այն լեռնաշղթան, որի մասին վաղեմի ճանապարհորդ վարդապետն իր հիշողությոմւների մեջ գրել էր, թե մատանու նման օղակում է Կարմրաքարը և ադամանդի պես սպիտակ լիճը բարձր պահում։ Քոչն իրար էր խառնվում, հետև մնացողները նեղվում էին տափարակի տոթից, անասունները փնչոցով շտապում էին, օր ու գիշեր ճանապարհ կտրում սարի թարմ կանաչի համար։ Հետինները քշում էին առաջիններին, ճամփի նեղ կապերում տավարն իրար էր խառնվում, բարձրանում էր չտեսնված աղմուկ-աղաղակ։ Եվ հենց հասնում էին լեռնաշղթայի փեշերին, ամեն «օյմաղ» ցրվում էր իր պապերի ոտքերով ծեծած կածանով և նորից վրան զարկում սարում թողած նախահայրերի գերեզմանների մոտ։

Այդ քոչը Կարմրաքարի միջով չէր անցնում, բայց նրա ծայրը երևար թե չէ, աշխուժանում էին շատերը։ Եվ չարչիների մի ամբողջ խումբ ասեղներով, հայելիներով, գունավոր կոնֆետներով, թաշկինակներով ու այլ մանրուքով լի տոպրակները շալակած նրանց առաջն էին ելնում, խռնվում բազմության մեջ, ծախում, փոխանակում, ծանոթներին հանդիպում և մի շաբաթ հետո գյուղ վերադառնում՝ պարկերը նորից լցնելու եղբայր Մանգասարովների խանութում։

Եվ թեկուզ բազմությունը Կարմրաքարի վրայով չէր անցնում, բայց [ 451 ] և այնպես փոքրաթիվ խմբերով երևում էին գյուղում: Ոմանք աղուն էին բերում ջաղացպան Անդրու մոտ, ոմանք գալիս էին Կարմրաքարի իրենց ճանանչ մարդկանց պատվիրելու, որ անտառում վրանների համար երկար ձողեր պատրաստեն, ոմանք հենց այնպես, միայն իրենց ծանոթներին այցելած լինելու համար։ Սակայն ինչ գործով էլ գային, նրանք սար բարձրանալուց պիտի անցնեին Խոջա-Հիբանի որդիների խանութի առաջով, որպեսզի ծռվեն աջ ու Քառասնաջրի նեղ կածանով, անտառի միջով հասնեն իրենց «օյմաղին»։

Այդ օրերին մի քանի տասնյակ ձիեր կապված էին խանութի առաջ ընկած գերաններից։ Ներսում եռուզեռ էր։ Հարցնում էին քեֆ հալ, իրար ձեռք տալիս, որդիների ու հարազատների առողջությունից տեղեկանում, հյուր կանչում իրար։ Մկրտումը քուն ու դադար չուներ։ Նա ընդունում էր ներս եկողին, ոչ միայն անունը տալիս, այլև տեղեկանում, թե ինչպես է մայրը, լավացա՞վ արդյոք այն կապույտ ձին, որ անցյալ աշնանը մի քիչ կաղում էր։ Բոլորը զարմանում էին նրա հիշողության վրա։ Նրան առանձնապես հաճելի էր, երբ այդ ժխորի մեջ մեկը բարձրաձայն իր գոհունակությունն էր հայտնում, որ հիանայի «քիրվա» է Խոջա֊Հիբանի որդին և չի մոռանում իր լավ ծանոթներին։ Եթե հաճախորդը հարուստ և անվանի աղալար էր, Մկրտումը ճարպիկ շարժումով ինքը պիտի դարակներից հաներ բազմատեսակ կտորներ, փռեր նրա առաջ, շլացներ գույնով, փայլով ու հոտով։

Առուտուրն այնքան թեժանում էր, որ նույնիսկ Գոդուն էին կանչում և պատվիրում աչքի տակով հսկելու։ Գոդին հյուրերին էր ընդունում, եթե եկողը «մեծամեծ» էր, վազում էր ձիու սանձը բռնելու, ձիերն իրար հետ կռվելուց կատվի ճարպկությամբ նրանց փորերի տակով անցնում էր և բաժանում իրարուց։ Նրա աչքերը ծանր ու մինչև բերանը ճոթ ու կտորով լցված խուրջինների վրա էր, որ տերերը կապում էին սարի կանաչից կայտառացած ձիերի գավակին և անտառի կածանով գնում հարսներին ու մանուկներին ուրախացնելու «Հիբան քիրվայի» որդիների պարգևած փոքր թաշկինակներով, մեջը լի մրգեղեն, կամ գունավոր ու կլոր սապոններով, որ հատկապես նրանք պահում էին նվերների համար։

Երբ գնորդը ձեռքը մեկնում էր Մկրտումին կամ Եփրեմին մնաք բարով ասելու, նրանցից մեկն ու մեկը շտապ կռանում էր և անկյունի նախօրոք պատրաստած կապոցը, որ համեմատ էր գնորդի անձնական բարեմասնության և հարստության չափի,– մեկնում նրան ու ժպտոմ, թեկուզ միտքն այդ րոպեին ծայր աստիճան լարված էր, և խնդրում [ 452 ] կապոցը հանձնելու «Աթաքիչի կզուն» կամ «Սոնա-Խալային» ու հայտնելու «սալամ դովա» մեծ ու փոքրին։

Քոչի բարձրանալու հետ միասին ծայր էր առնում և դժգոհությունը։ Ճիշտ է, քոչից ոմանք օգտվում էին, դարբինը նրանց համար հարյուրներով էր պայտեր կտրատում, կոտրած մանգաղները նորոգում։ Ոմանք գաղտնի կերպով անտառում նրանց համար ցախ էին կտրատում, մի քանի չարչի մանրուք էին վաճառում, նույնիսկ Շալուն Սիմոնին էին կանչում մոտակա «օյմաղներից», որովհետև նա անասունների բժշկությունից բան էր հասկանում, ու թեկուզ նրա գործիքը մի կոտրած դանակ էր, որով կտրում էր ականջի ծայրը կամ քթածակը ճեղքում, «հիվանդ» արյունը դուրս թափելու համար,— Կարմրաքարում շատերն էին օգտվում քոչվորներից, բայց հենց նրանք սարը բարձրանային թե չէ, սկսվում էր և դժգոհությունը։ Գյուղից սար գնացող քոչվորը մի քիչ հեռանար թե չէ, ձիու սանձը թույլ էր թողնում և ձին մռութը մեկնում էր ճանապարհի կողքին, անտառի բացատում ցանած կանաչին։ Արտի տերը կանաչից մի փունջ ձեռքին շտապում էր գյուղի հրապարակը, գոռում, բարկանում, անթիվ անգամ կրկնում, որ գիշերը քսան-երեսուն ձի են բաց թողել գարու մեջ, կերել են, տրորել, ձիերը թավալ են տվել, և եթե փողոցում տեսնում էր տանուտերին կամ նույնիսկ գզիրին, նրա ոտների առաջ էր գցում խուրձը, գովում էր գարին և նորից պատմում այն մասին, թե որքա՜ն են կերել։ Գյուղի իշխանավորը նրա բողոքը լուռ լսում էր, խոստանում, որ կարգադրություն կանի ակտ կազմելու, կհայտնի պրիստավին, միայն հարկավոր է երեք-չորս մարդ տանել, որ նրանք էլ վնասը տեսնեն և վկա լինեն նրա խնդիրքին։ Բայց այստեղ ամեն ինչ վերջանում էր, գանգատավորը բարձրաձայն հայտնում էր, որ ամրողջ գյուղն է վկա և որպես վերջին ապացույց գրպանից հանում էր փնջավոր կոնֆետի թղթեր, որ հավաքել էր արտից։

− Մի դաստա հրեն էնտեղ ա թափած... Սրա ուտողին ես ուժ ունե՞մ դատաստան անելու։ Իմ իշխանն էլ դու ես, այ քյոխվա, բա իմ երեխեքը ձմեռն ո՞ւմ հույսին ես թողնում։

− Կանփետ տվողին ասա, ուտողն ի՞նչ մեղք անի... Դու էլ որ ուտեիր, հավատա, մի օրավար կորեկ կոխ կտայիր,− վրա էր բերում գանգատին ունկնդիրներից մեկը։

Պատահում էր, որ վնասը մի քանի տնտեսությունների էր հասնում և կամ ամբողջ համայնքին։ Սարից մի քանի սուրու ոչխար գիշերով քշում էին և արածացնում Քառասնաջրի մոտերին ընկած այն բացատները, որ ամեն տարի Կարմրաքարում թողնում էին անասունների աշնան կերի [ 453 ] համար։ Աղմուկ էր ընկնում գյուղում, դուրս էին թափվում, գոռում-գոչումով գնում ոչխարատեր «օյմաղից» վնասը պահանջելու։ Երբեմն աղմուկն արյունով էր վերջանում, երիտասարդները տաքանում էին և մահակները սուսերների նման կայծեր էին հանում, զարկում իրար գլուխ ջարդում։ Շատ սակավ դեպքում էր օրենքը միջամտում ու դատաստան անում։ Սովորաբար տաք կռվից հետո կրքերը հանդարտվում էին, այս ու այն կողմից մարդիկ էին մեջ ընկնում և հաշտեցնում։

— Հազար անգամ եմ ասել, թե թուրքերից օգտավետ ազգ աշխարքի երեսին չկա։ Նրանց ձին էլ որ թրքում է, էլի մեր ցորենն է ուժովանում։ Նրանք որ կան յոնջա են, մենք էլ քյոհլան ձի... Մի ղրաղից կե՜ր, մի ղրաղն էլ պահի։ Երեխի նման ժողովուրդ են, խոսքին ջան ասա, էլի՜ քու ասածն արա։ Էդ էլ չի փողով։ Այ է՜... Մեր հայությունը շատ անհասկ է,— թոնթորում էր Մկրտումը։

— Քու արտը քանի անգամ կերած կլինեն,— հարցնում էր Ավան ամին:— Ինչ որ գալիս է, քյասիբի գլխին է։ Յարա ունեցողը կիմանա մրմուռը։ Քեզ ի՞նչ կա...

− Իմ ու քոնը չկա էստեղ։ Ես մարդավարության, նստիլ վեր կենալու մասին եմ ասում։ Տեսնո՞ւմ ես ոնց են իրար պատիվ պահում, մեծը ջոկ է, փոքրը ջոկ։ Մերոնք հենց շաշ եզան նման քարն են պոզահարում։ Թուրքը էնպես մի ազգություն է, որ կախ տաս, մին ծուռ խոսք չի ասի անժամանակ։

Երբեմն Մկրտումի երեսին ավելի խիստ խոսքեր էին ասում, հանդիմանում էին, որ նրանց խանութի պատճառով են քոչվորները գյուղ գալիս, որ նա քոչվորների շահին չի ուզում դիպչի։ Եվ նրա ականջովն էր հասնում գյուղում տարածված այն լուրերը, թե ինքը կաշառված է, նույնիսկ թե իբր նրա գիտությամբ են գիշերով Կարմրաքարի խոտհարքն արածացնում։

...Բուխարիկում բոցն արդեն հանգել էր։ Փայտի շիկացած կտորները մեղմ ճաքճքում էին, փշրվում և մոխրի բարակ շերտով պատում։ Մկրտումը վերջացրել էր ապառիկների հաշիվը. գորգի վրա դրած համրիչի հինգ շարը սառել էին և ցույց էին տալիս եղբ. Մանգասարովների առևտրական հզորությունը թե Կարմրաքարում, թե հարևան գյուղերում և թե վրանաբնակ այն բազմության համար, որ յուրաքանչյուր գարուն «քոչ ու բարխանով» բարձրանում էր լեռնաշղթայի փեշերը և վրան զարկում լճակի եզրին։

Մկրտումը ձեռքերը մեկնում էր կրակին, իրար շփում։ Երբեմն էլ [ 454 ] տաքացած ձեռքը երեսին էր տանում և շոյում այտերը: Հավասար ու խոր շնչառությունից զրնգում էին գոտու արծաթ գինդերը։

Նրա ականջին էին հասնում ներքին տան աղմուկը, երեխաների ձայնը։ Հաստ գորգերի արանքից այդ աղմուկը խուլ էր լսվում, կարծես շատ հեռու տեղ էր։ Բակում բառաչում էր մի կով։ Երբեմն լսում էր շղթայի զրնգոց։ Չամբարն էր, պառավ շունը, որի տեղը մութն ընկնելուց փոխում էին, և բակի լայնքով կապած երկաթի լարին շղթան քսելով, շունը ետ ու առաջ էր գնում, երբեմն հաչում։ Չամբարի հաչոցին Մկրտումը երեսը պատուհանին էր դարձնում և աչքերը լայն բաց արած լսում։ Բայց շունը դադարում էր հաչելուց, հատ ու կենտ և անորոշ ձայներ էին լսվում հեռվից։ Փակվում էին աչքերը, սակայն միտքն արթուն էր և շարունակում էր հյուսել, ծանր ու թեթև անել հազար ու մի գործ։

Դարբասի երկաթին մտրակի կոթով իրար հետևից հարվածեցին, կարծես գնդացիրների կրակ էր։ Մկրտումը մոտեցավ պատուհանին: Գոդին ճրագը ձեռին վազեց դարբասի կողմը։ Շունը հաչաց ու շղթան քաշելով հասավ մինչև ներքին տան դուռը։ Ներքին տնից դուրս եկավ Եփրեմի կինը։ Քիչ հետո դարբասը բացվեց, երևաց ձին, որի սանձից բռնել էր Գոդին, ձիու հետևից՝ Եփրեմը։

Խոջա-Հիբանի մահից հետո երկու եղբայրների մեջ լռելյայն աշխատանքի բաժանում էր սահմանվել։ Քաղաքում գնումներ կատարելը, պետական հիմնարկների և պաշտոնատար անձանց հետ գործ վարելը, ինչպես և խանութում առուտուր անելը Եփրեմին էր բաժին ընկել։ Ճիշտ է, տարին մի կամ երկու անգամ Մկրտումն էլ էր քաղաք գնում, բայց այդ ավելի շուտ բարեկամական այց էր իր հոր բարեկամ վաճառականների որդոց։ Մկրտումին էր մնում գյուղի տնտեսության կառավարելը, վարուցանքի եկամուտը և քոչվորների ու շրջակա գյուղերի բնակիչների հետ առևտրական գործարքներ կատարելը։ Մկրտումի գրպանումն էին դախլի բանալիները, միայն նրան էր հայտնի ստացվածքի վերջնական չափն ու կանխիկ դրամի գումարը։ Նա մեծ եղբայրն էր, գյուղում ավելի կշիռ ուներ, քան Եփրեմը, իսկ թուրք թարաքամայի հետ Եփրեմը չէր կարող վարվել իր եղբոր նման։ Տանը, բարձր պարիսպների հետև, ոչ մի բան չէր կարող կատարվել առանց Մկրտումի գիտության։ Եվ այդ ազդեցությունը հազար ու մի ճանապարհով տան սահմաններից դուրս էր գալիս, տարածվում շրջակայքում։

Մկրտումը ձիու վրնջոցը լսեց թե չէ, համրիչը սեղանի վրա դրեց, դավթարը՝ երկաթե սնդուկի մեջ, որ ծածկված էր նուրբ գործած շալով, [ 455 ] ներքին տանը երեխաների աղմուկն ավելի սաստկացավ, լսվեց թրմփոցի ձայն, ասես մի պարկ վերևից ընկավ՝ ապա բարձր ծիծաղ: Եփրեմն էր։ Ամեն անգամ քաղաքից վերադառնալուց հետո նա նախ երեխաների մոտ էր գնում, մրգով լի գրպանները դատարկում, տնեցոց պատվիրած և քաղաքում գնած իրերը հանձնում կնոջը կամ Շողերին։ Նրա խուրջինում տան մեծ ու փոքրի համար միշտ էլ մի բան էր լինում։ Նույնիսկ Շողերն էր հետևում և անհամբեր սպասում իր բաժնին։ Գոդին ձին գոմում կապելուց իսկույն վազել էր ու դռան մոտ կանգնել, նրան էլ մի բան պիտի հասներ։ Պառավ Չամբարը կոնձկոնձում էր, ասես ուրախ ալդ ժխորի մեջ իմաց էր տալիս, որ իրեն չմոռանան։

Բայց հերիք էր, որ Մկրտումը վերից կանչեր մեկն ու մեկին, որպեսզի աղմուկը դադարեր։ Սովորաբար նա Գոդուն էր ձայն տալիս, սակավ դեպքում՝ կնոջը։ Եթե նրա կանչելը Եփրեմի գալուց հետո էր, ոչ Գոդին էր վեր բարձրանում և ոչ էլ Շողերը։ Եփրեմն ունքերը կիտում էր և իբր խռոված երեխա բարձրանում վերև, մտքում թոնթորալով իր վիճակից։

Մկրտումը մի ներքին հրճվանք էր զգում իր մեծությունը և ուժը ցույց տալուց։ Ամեն անգամ, երբ նա տեսնում էր եղբորը երեխաների հետ կամ տնեցոց հետ ուրախ զրույց անելուց, նրա ներսում երկու զգացում իրար հետ պայքարում էին։ Մեկ նախանձում էր եղբորը, դառնությամբ զգում, որ ինքը զուրկ է այդ հաճույքից, մտաբերում վաղուց մեռած իր մանկան և ինքն իրեն հարցնում՝ մի՞թե մինչև վերջ պիտի անժառանգ մնա,− մեկ նախանձում էր եղբորը և մեկ էլ ցամաքում էր այդ զգացումը, մի ուրիշն էր ելնում, նրան խեղդում, մի ուրիշ զգացում՝ հանուն գործի, անդուլ աշխատանքի, հարստության ու հզորության։ Առաջինը նրան թուլացնում էր, կորցնում իր հավասարակշռությունը, երկրորդը նրան խրոխտ կերպարանք էր տալիս։

− Ցեխը շա՞տ էր Վերին կապում,– հարցրեց նա, երբ Եփրեմը մտավ ու մոտեցավ բուխարիկին: Վերին կապը քաղաք տանող ճանապարհի այն մասն էր, որ անցնում էր անտառի խիտ թավուտով և ուր միայն ամառն էր գետինը մի քիչ չորանում։

− Չորտ նա խաբար,− քթի տակ ասաց Եփրեմը:− Երկու տեղ ձին խրվեց... Քիչ մնաց ինձ էլ տակովն աներ: Մո՜ւթ, ոչ ճանապարհն է երևում, ոչ ցեխը... Ոտդ որտեղ դնում ես, խրվում է...

Եթե Մկրտումը չընդհատեր, Եփրեմը դեռ կշարունակեր ճանապարհի նկարագրությունը, մեկը տասը շինելով: Մկրտումը գիտեր նրա սովորությունը [ 456 ] Ինչքան ավելի էր պատմում, այնքան նա համոզվում էր, որ քաղաքում նա մի «օին» է արել։

− Դու էլ լուսով գայիր...

− Թողնո՜ւմ են... Մինչև էն շան որդուն թուղթը գրել եմ տվել, հոգիս բերանս է հասել։ Ամենապասլեդնի պադլեցի հետ գործ արա, էդ չինովնիկների դուռը մի գնա: Քոսոտ, փսլինքը կախ, տանը լակոտները հաց չունեն ուտեն, էնպես փասոնով է խոսում, ծանրացնում, կասես գեներալ գուվերնատոր է իմ գլխին։

− Վե՞րջը... փեչատե՞ց։

− Աչքն էլ չհանեցի... Փորացավը մի կարմիր տասնոց էր։ Առաջ չեմ ու չում էր անում, ա՜յ ուգալովնի բան է, վերջն էլ թե հացից հետո արի տուն, օրենքին նայեմ... Որ Բեկտաբեգովի անունը տվի, ստատյան գտավ։

− Բեկտաբեգովն ի՞նչ ասաց:

− Ի՞նչ պիտի ասեր։ Չեստ չեստի գրեց... Թե գասպադին Նիկիտա Մանգասարովին իմ կողմից պերեդայ պակլոն։ Ափսոս չի, էդպես մարդուն պերվի մինիստր դնես, ոչ թե պամոշնիկ։ Դուրս գալուց էլ, թե ասում է ձեզ նման բարեկամ ունենալը մե՜ծ պատիվ է ինձ համար:

− Մաշինեքն ի՞նչ արիր...

− Բեկտաբեգովից հետո էլ գնացի նրանց մոտ... Ա՜ մեր հայերը... Էդքան նիզգի, ցիգան ժողովուրդ յարաբ աշխարհի երեսին կա՞ թե չէ։ Ինձ տեսավ թե չէ, ոտը կախ գցեց։

− Ո՞րը...

− Էն մեծը, Արշակ Օսիպիչը...− Թե մի քիչ դարազումեննի է եղել, պրեսկուրանտի գինը պրիկաշչիկը չի իմացել... Երդում, աստված, թե էն կանաչ մեռոնը՝ Ռոստովի առքի գինը չորս հազար երկու հարյուր է...

− Վե՞րջը։

− Էլ ի՞նչ վերջը... Թե ասում է երկու տրետում կարով եմ վեկսիլով տամ... Թե որ չեք ուզում, Խանլար բեյն է ուզում տանի...

− Չտվի՜ր...

− Չէ...

− Չոռ,− ու փրփրաց Մկրտումը։− Գնում ես շհարում քուչեքը չափչփում։ Բա քեզ ինչո՞ւ համար էի ուղարկել... Դե մի՜ գժվի,– ու ձեռքը զարկեց ճակատին։− Երկու հարյուր մանեթի համար գործը պիտի քանդե՜ս... Ե՞րբ է խելքդ տուն գալու, հը՞...− ու մոտեցավ նրան։ Եփրեմը մի քիչ ետ քաշվեց, աչքերը կկոցեց։– Խանլար բեյը որ տանի, ուրախ [ 457 ] կլինես հա՞... Նա ո՞ւմ շունն է, որ իմ ուզածն առնի։ Թքած նրա բեյության վրա... Սոված, սովածի մինը:

− Դե մի թող է՜... Ի՞նչ ե՜ս կարկուտ թափում,− ընդհատեց Եփրեմը:

− Հը՞։

− Թուղթ եմ առել, որ մինչև մի շաբաթը իրավունք չունի ուրիշին ծախի, մինչև ինձանից պատասխան չստանա...

− Հա՞...− ու մի վայրկյան հետո հանդարտ ձայնով ասաց.

− Լավ է, էդքան էլ խելքդ կտրել է...

− Իմ խելքս էդքանը հասկանում է... Ասա վերջը էդ մաշինները մեր տունը չքանդի,− պատասխանեց Եփրեմը։

− Ինչ էլի...− այս անգամ ձայնը բարձրացնելով վրա բերեց Եփրեմը։ Մեծ եղբայրը կանգնել էր անկյունում, գլուխը կռացրել և ունքերի տակից աչքը գցել Եփրեմին. − ամենահայտնի մանուֆակտուրիստ մարդուց մինչև էն պյան գարադավոյը մեզ վրա ծիծաղում են...Ասում են Կարմրաքարն ինչ մաշինի տեղ է... Փող ունեք, բերեք քաղաք, թե ուժներդ չի պատում խոզ առեք, ձեր ծմակի կաղինն ուտի։ Չորտ նա խաբար... Մարդ աչքերը բաց չորս հազար երկու հարյուր մանեթ տա, ինչ է զավոդ եմ բաց անում էս վայրենի աշխարհում... Ի՞նչ մարիֆաթ, ինչ մարդավարություն ես տեսել էստեղ։

− Էլի՜ բռնեց... Քորի, լեզուդ քորի մի քիչ։

− Վերջը իմ ասածին կգաս։ Գյուղն ի՞նչ է, որ մարդ էնտեղ բնակվի: Փող ունես, տար քեզ բարերար մարդոց հետ գործ արա։ Երեկվա սողան ծախողն էսօր վտարոյ գիլդի կուպեց է դառել, իսկ մենք էս վայրենի ծմակից դուրս չենք գալիս։ Չե՞ս տեսնում... Շատը սոված է, մի թիքյա պանիր էլ չի ճարում, որ ցամաք հացը կուլ տա... Օզգյա լազա՞թ կա քաղաքում... Շիկ,− լուսավորություն, նստել, վերկենալ, հանգիստ։ Փողդ ապրանքի տուր, մի բոյկի ուգլավոյում մագազինիդ դռները բաց արա, թող պրիկաշչիկների հոգին դուրս գա... Դու հենց աչքիդ տակով նայիր: Թե չէ էս ի՞նչ կյանք է... Ես ինձ նման ընկերների հետ մի անգամ նստել վերկենալը չեմ փոխի քո ճանաչած մարդոց հետ... Էստեղ մնացողը մարդու կերպարանքից էլ կընկնի։ Մի օր էլ տեսար՝ ըհը, աղբյուրը ցամաքե՜ց։

− Էդ օրը մեզ համար չի,− կտրուկ պատասխանեց Մկրտումը:

Տիրեց լռություն։ Եփրեմը վանդակի մեջ ընկածի նման քայլում էր սենյակում, երբեմն կանգնում գետնին նայում և ապա ձեռքերը մեջքին նորից շարունակում քայլել։ Մկրտումն աչքի տակով նայում էր եղբոր բարկացկոտ շարժումներին։ [ 458 ] Ոչ ոք չէր ասի, թե երկու եղբայրն էլ մի մորից ու հորից էին սերվել։ Մկրտումը կարճահասակ էր, ոսկրոտ։ Նրա շարժումները կոպիտ էին, երկար և մազոտ ձեռքերը վայրենի տեսք էին տալիս նրան և հակապատկերն էին Եփրեմի ավելի նուրբ կազմվածքի։ Մեծ եղբոր գլուխը պատած էր կուպրի նման սև և կոշտ մազով, այնինչ Եփրեմի մետաքսի նման կակուղ մազերը տեղ-տեղ սպիտակել էին։ Առաջինը զուսպ էր, խորամանկ, ծանր ու բարակ կշռող և պողպատ կամքի տեր, երկրորդը՝ շուտ հուզվում էր, մտքինն ասում մինչև վերջ, կրակի պես լափում մինչև վերջին շյուղը և հանգչում, հանդարտվում, դառնում խոնարհ գառ։

− Չեմ իմանում... Մի պաչոտնի մարդ չտեսա, որ մեր ասածին հավանի,− խանգարեց լռությունը Եփրեմը։

− Խալխի հացը չես ուտում, որ խալխի խելքով էլ գործ բռնես,– ասաց Մկրտումը և մի քանի քայլ արեց դեպի եղբայրը։

− Պրծա՜ր... Դե հիմա իմը լսի։ Էգուց, ծեգը ծեգին, եկած ճանապարհով ետ կդառնաս, մի տրետը կտաս, պայմանը կկապես, էն սհաթին էլ ետ կդառնաս... Իմացա՞ր։

− Որ էգուց չլինի, երկու օր հետո լինի չի լինի՞... Լավ մտածի, արի՛ ձեռք քաշի էդ բոլորից... Քաղաքում տարա՜ն կերան, ով աչքը բաց է անում, վազում է մարդի շարք ընկնում... Մեզ կարողություն է պակաս... Էգուց երեխաներին ուսում տալ կա՜, կյանք ու աշխարհ տեսնել կա։

− Կարմրաքարից լավ տեղ աշխարհումս ինձ համար չկա. թող ում գլուխը ցավում է, գնա քաղաքում դուքան դնի... Քաղա՜ք... Մի հարցնող լինի, թե ինչ կա էդ պրիշակում... Էնքան բան կա՜ էս ձորերում, իմ պիլնին խոդ գցեմ, երկու տարուց հետո էնպես զավոդ բաց անեմ, որ թամաշա... Քառասնաջուրը իմը լինի, Մանթաշովի բուրողներին էլ թամահ չեմ անի... Սա երկիր չէ, ոսկի է տեղովը մին. ասենք անհասկացողը մենք ենք։

− Ոսկի է, հավաքի,− հեգնեց Եփրեմը։

− Կհավաքեմ, սպասի՜,− այնպես վճռական հայտարարեց Մկրտումը, որ եղբայրը մի պահ տատանվեց ու սկսեց կասկածել, թե միգուցե Քառասնաջուրը իրոք ոսկեհանք ունի և ինքը տեղյակ չէ: Նա ձեռքը տարավ ծոցը, շոշափեց նոտարի կողմից հաստատված այն թուղթը, ըստ որի Քառասնաջրի երկու ափին ընկած մոտ 60 դեսյատին պետական անտառը պատկանում է նրանց։

− Դու ողջություն ասա... Աշխատող մարդը քարից էլ նավթ կհանի: Կարմրաքարի ի՞նչն է պակաս... Ո՞վ ունես քո դիմաց... Չէ՛, [ 459 ] գնամ քաղաք հազար լոթու ընկեր դառնամ... Ապերը լավ էր ասում, թե նրանք մեզանով են ապրում։ Մանթաշովը մի ջուխտ տրեխ էլ չուներ, որ գնաց Բաքու... Հրես ոսկին դռանդ թափած, սարքի, ստեղծի, թող քո անունն էլ բարձրանա, մի քսան երեսուն աղքատներ էլ էն փշրանքովդ ապրեն, հորդ ողորմի տան...

− Է՜հ, չեմ իմանում,− ասաց Եփրեմը. նա արդեն տատանվում էր և զգում, որ եղբոր ձեռքից չի ազատվելու մինչև թղթերը չտա և տարած փողի հաշիվը չներկայացնի։

− Չես իմանում, իմացի՛ր... Էս ո՞ւմ համար ենք աշխատում. ես ի՞նչ ունեմ մեջը։ Մի դատարկ անուն։ Թող քո ժառանգները մեծանան, տիրություն անեն։

Այս ասելուց Եփրեմը զինաթափ եղավ։ Նա շատ էր սիրում իր երեխաներին: Այդ գիտեր և Մկրտումը, և երրժբ ուզում էր նրան կակղեցնել և իր ասածին բերել, նա տրտմությամբ հիշեցնում էր այն տարբերությունը, որ կար երկու եղբոր մեջ և հուսադրում, որ իր մահից հետո ամեն ինչ մնալու է նրան։ Եփրեմը ծոցի գրպանից հանեց թուղթը, ցույց տվավ, թե ում ստորագրությունները կան, ինչ ասաց Բեկտաբեգովը, երբ կնքեց։

− Էդ փեչատը, ասում է, որ դնում եմ, ինքը պրակուրորն էլ չի կարող քանդի: Նա զդարովյե, ասում է, ձեզ հալալ լինի... Չորտ եվո, էդպես ազնիվ մարդուն գուբերնատի չինը քիչ է:

− Վեկսիլը տվի՞ր,− հարցրեց Մկրտումը։

− Տալը քիչ էր... Կտոր-կտոր արի, ճակատամիջին շպրտեցի։ Նա ում շունն է, որ մեզ վրա հաչի... Երեկվա ձեթ ծախողը: Ասում է սուդի կտամ, որ ինձ խայտառակ ես անում։

− Հետո՞։

− Իսկյանդարովների պրիկաշչիկն եկավ, էնպես նրան անպատվեց, ո՜ր։ Ասում է ամբողջ գուբեռնիում Մանգասարովների նման ակուրատնի սովեստով գործ անող չկա. դու ո՞նց էիր ուզում նրանց վեկսիլը պրոտեստ անես։ Լավ խայտառակեց։ Ես էլ շաքարը նրանց սկլադից առա։ Խազեինն ասում է, մինչի հարյուր հազարը դավերյա կանեմ, ինչ ուզում ես տար, կորած տեղ չի։ Տարավ մարդը, շնորհակալ եմ, լավ պատվեց։

− Դու էլ կակղեցիր, հը՞,− հեգնանքով ասաց Մկրտումը և համրիչը վերցնելով սեղանից, մոտեցավ նրան։− Ինչքա՞ն փող ունես մոտդ։− Եփրեմը սկսեց գրպանները դատարկել. դրամը մեկ-մեկ դնում էր սեղանի վրա, իսկ Մկրտումը հաշվում էր: [ 460 ] − Չորս մանեթ էլ գցի գերբովի մարկա, մնաց 11, նրանից 5 մանեթ քանի կոպեկի պակաս-պռատ եմ առել տանը համար:

− Ի՞նչ պակաս... չեն կարող դուքանից տանե՞ն։

− Գոդու համար մի լակիրովնի պոյես եմ առել։

− Գոդո՞ւ... նա ի՞նչ է անում։

− Ասում է, ուզում եմ տնավորվեմ։

− Ո՞ւմ աղջիկն է։

− Շալուն Սիմոնի...

− Հա՞, լավ, մնացա՞ծը։

− Մնացածն էլ Իսկյանդարովի պրիկաշչիկի հետ գնացինք ռեստորան, զակուսկի արինք։ Շաքարի սկլադը նրա ձեռքին է։

− Լավ, հո ավել չե՞ս ծախսել, պարտք չե՞ս արել։

− Չէ, չիստի եմ. կոպեկը կոպեկին բռնում է. ուզում ես մեկ էլ գցի:

− Չէ, էս անգամը լավ ես, խելոքանում ես... Դե գնա, բեզարած կլինես. էգուց ուզում եմ հիմերը քանդել տամ։ Դու էլ, ոնց որ ասի, առավոտ կանուխ կգնաս, մի տրետը կտաս, ճանապարհը չորանալուց կուղարկեն, մնացածն էլ կստանան։

Եփրեմը դուրս եկավ։ Նա ուրախ էր, որ հաշիվները «չիստի» հանձնեց։ Ճիշտ է, քաղաքում նա ավելի էր ծախսել, ռեստորանում նրա հետ եղել էին Իսկյանդարովի գործակատարից բացի և մի քանի ծանոթներ, խմել էին ու գնացել բիլիարդ խաղալու և մութն ընկած հազիվ էր կամպանիայի ձեռքիցն ազատվել, բայց և այնպես հաշիվը տեղը բերեց և դուրս եկավ «կրուգոմ շեստնադցատ», ինչպես ասում էր Իսկյանդարովի գործակատարը։ Նոտարի մատենավարին, որին Եփրեմն անվանեց փսլնքոտ ու քոսոտ, նա ամենևին չէր էլ կաշառել։

Եղբոր դուրս գնալուց հետո Մկրտումը մի անգամ էլ նայեց թղթին, ստորագրություններին ու կնիքին, զգուշությամբ թուղթը պահեց սնդուկում։ Շոշափելու չափ պարզ նա զգաց այն հզորությունը, որ ձեռք է բերելու այսուհետև։ Նրա վաղուցվա միտքն էր Կարմրաքարում հիմնելու սղոցարան և պատրաստելու գերան ու տախտակ։ Քառասնաջրի երկու ափին, մինչև ձյունոտ գագաթները ձգվում էր խիտ անտառը և միանում այն մեծ անտառամասին, որի փեշերին ընկած էին մյուս գյուղերը և որից դեն հյուսիսից հարավ ընկնող լեռնաշղթան դարձյալ պատած էր անտառով։ Դեռ անցյալ աշնանը նա քաղաք էր գնացել հատկապես իմանալու գները, շուկայի պահանջը և մտքում հաշվել էր օգուտը ու որոշել գնելու ոչ միայն անհրաժեշտ ստանոկն ու երկաթե մասերը, այլև [ 461 ] այն անտառամասը, որ ընկնում էր Քառասնաջրի մոտ և որտեղ մտադիր էր կառուցելու սղոցարանը։

Եփրեմի բերած թուղթը իր ծրագրի մի մասն էր։ Ստանոկը դեռ չկար, սղոցարանի տեղը դեռ կանալ էր, ձորակում, դեղնած տերևների տակ՝ գորշ սառույց։ Շուտով կզրնգան սղոցները, անիվը կդառնա, փոկերն ետ ու առաջ կվազեն և հաստաբուն կաղնիները կսղոցվեն, կդառնան բարակ ու լայն տախտակներ: Բազմաթիվ սայլեր կճռռան, կտեղափոխեն տախտակները, գոմեշները քարշ կտան ծանր գերանները և ամեն տեղ կտանեն նրա ապրանքը։

Մկրտումը կանգնել էր սանդուղքի գլխին ու նայում էր գյուղին։ Գիշերվա սառը քամին ծեծում էր նրա կուրծքն ու դեմքը։ Նա ագահ շնչում էր անտառից եկող թարմությունը։ Լուռ էր գյուղը, ոչ մի ճրագ չկար և ոչ մի ձայն։ Թույլ կաղկանձոց էր գալիս ներքի թաղից, կարծես մրսում էր մի շուն։ Մոտակա խրճիթից լսվում էր մանկան ճիչ։ Ջաղացի առաջ մի փոքրիկ կրակ պեծին էր տալիս։

− Երանի նրան,− մտածեց Մկրտումը,− մինչի՜ լուս էլ մասլահաթ կանի...

Դիմացի սարի հետևից լուսինը պռունկը հանել էր։ Սարից խավարը կախվել էր, ծածկել ձորը, ջաղացը, գյուղի մեծ մասը։ Եվ ինչքան բարձրանում էր լուսինը հորիզոնի վրա, այնքան խավարը ետ էր քաշվում։ Հեռվից խուլ վշշոց էր գալիս, քամին անտառում ծառերի դեռ լերկ ճյուղերը իրար էր տալիս և բացվող բողբոջների բույրը թևերին առած տանում հեռուները։

Մկրտումն իջավ սանդուղքով։ Չամբարը շղթան երկաթե լարին քսելով մոտեցավ նրան, ոտներին փաթաթվեց։

− Չամբա՛ր, Չամբա՛ր... Անիրա՛վ,− փաղաքշական ձայնով ասաց նա։ Շունը հասկացավ նրա փաղաքշանքը, ավելի արագ սկսեց հոտոտել ու իր հավատարմությունը ցույց տալու համար վազեց դարբասի կողմը, մի քանի անգամ հաչեց, էլի ետ վազեց։ Վերևից Շողերը կանչեց.

− Գլխաբաց ե՜ս... Քամի է...

Նա ետ նայեց ու աստիճանների գլխին տեսավ կնոջը, սպիտակաշոր, շալի մեջ փաթաթված: Ինչքան նման էր նա առաջվա Շողերին, այն գիշեր, երբ մայրն իրեն մոտիկ գյուղն ուղարկեց մշակներ վարձելու։ Շողերը կանգնել էր սանդուղքի գլխին, ճրագը բռնել էր ու լույս էր անում։ Լույսի տակ՝ բարակ ու սպիտակ ձեռքը կարմիր շալի տակից։

Մկրտումը կայտառ մանկան պես վեր բարձրացավ... Ներքին տնից [ 462 ] նա լսեց Եփրեմի ծիծաղն ու մանկան լացը... Հայրը փոքրիկին անկողնից հանել էր, գլորում էր ու փափուկ տեղերից ցավացնելու չափ համբուրում:

Խոջա-Հիբանի ամարաթի վերի հարկի ճրագն էլ հանգավ։ Մնաց միայն ջաղացի խարույկը, որի շուրջ նստած մարդկանց ջաղացպանը պատմում էր իր ամենից սիրած հեքիաթն այն մասին, թե ինչպես մի հովիվ ոչխարը լճի մոտ տանելուց տեսնում է սպիտակ աղավնիների, որոնք անհայտ է, թե որտեղից իջնում են, փետուրները թողնում լճի ափին, դառնում փերի աղջիկներ, ջրի մեջ լողանում, ինչպես հովիվը գողանում է մեկի թևերը, և աղջիկն էլ չի կարողանում սպիտակ աղավնի դառնալ...

Գարունը բացվել էր։

3

Արբեցնող բույր էր բարձրանում այգիներից ու գետափին ընկած ծառաստաններից։ Սարերը մուգ-կանաչ էին հագել, և միայն բարձրերում, ամպերի տակ, ձյունի մանրիկ շերտերը դեռ սպիտակին էին տալիս։ Քարաքոսն ու մամուռը գարնան խոնավությունից ուռճացել ու պես-պես գույներով ներկել էին ժայռերն ու քարերը։ Անտառի թանձր կանալի միջից երևում էին հատ ու կենտ ցցաչոր ծառերը։ Օդում աղմուկ կար, որ գոյանում էր անթիվ անհամար բզեզների ու մեղուների բզզոցից, թռչունների կանչից ու վար անողների երկար ու ձիգ հորովելից։

Կարմրաքարն էլ էր կերպարանափոխվել։ Տերևակալել էին տների առաջ եղած հատ ու կենտ ծառերը, փտած գերանների վրա սունկերը շար էին ընկել, կտուրներին կանաչ էր բուսել ու կախվել։ Եկեղեցու գավթում խոտն այնքան շատ էր, որ Ավան ամին ըստ վաղեմի սովորության, Տեր Նորընծային խորհուրդ էր տալիս կանաչը խոտհարք պահելու և արգելելու, որ կաղ ոչխարներն ու գյուղամիջի էշերը կոխ տան ու թավալեն։

Բացվել էր գարունը, աշնան ցանած արտերը ծփում էին ծովի նման, մոխրագույն կոհակներ տալիս։ Ունանը քուն ու դադար չուներ. վարում էր, հա վարում, հորովել տալիս... Ծտերն ու ագռավները երամներով հետևում էին նրա վարին և թաց հողի միջից, խոփի հենց բերանից թռցնում ճիճու և որդ։ Գարնան փարթամ բնությունը ավելի էր խտացնում այն կոնտրաստը, որ գոյություն ուներ Կարմրաքարի ու նրա հանդերի միջև։ Գեղեցիկ էին արտերը, մարդու ձեռքով տնկած ծառաստանները, [ 463 ] նրա կապած մարգերը, ուր արդեն կանաչել էր լոբին, սարյակները ճռվողում էին կտուրների տակ կամ տանձենու ճյուղերի վրա և միայն մարդու բնակարանն ու ինքը մարդն էր, որ գարնան պայծառ արևի տակ փռելու ուրիշ բան չուներ, մաշված կարպետից ու միթիլը պատռած վերմակից բացի։

Գյուղի ամենավատ ժամանակն էր։ Տաշտը դատարկ էր, օրը մի քանի անգամ աչք էին գցում գարու արտերին, որ շուտով պիտի գորշանար ու հասկ գցեր։ Մաքուր էին փողոցներն ու բակերը, որովհետև աղբը կրել էին բանջարանոցները, գարնան արևը ծծել էր աղբակույտերի կծծահոտն ու խոնավությունը։ Մաքուր էր տների ներսը. ձմեռվա հաստ շորերն արևին էին տվել ու հագել հնամաշ արխալուղները։ Ոմանք ծանր փափախները դեն էին գցել, կապույտ թաշկինակ կապել գլուխներին։

Ավան ամին կացինը գոտկատեղում խրած, մեծ դանակը ձեռքին այգուց այգի էր շտապում, պատվաստները ստուգում։ Ամբողջ գյուղին էր հայտնի, որ Ավան ամու նման ոչ ոք ոչ պատվաստը գիտեր, ոչ էլ ծառի «խասիաթը»։ Անտառը նա գիտեր հինգ մատի նման։ Տեր Նորընծայի հետ երբեմն վեճի էր բռնվում և գրազ գալիս, թե ինքը կարող էր ասել այսինչ անտառամասում քանի ծառ կա և ինչ ծառեր են, իսկ տերտերը չի կարող ասել, թե ժամագրքի այսինչ երեսին ինչ աղոթք է գրված:

Ամեն այգում էլ նա պատվաստած ծառեր ուներ, յուրաքանչյուր գարնան այցի էր գնում իր պատվաստած ծառերին, ճյուղերը կտրում, խորհուրդներ տալիս և զայրանում, երբ տեսնում էր, որ չեն արել իր ասածը:

− Տանձն ուտելուց ճյուղերն էլ հետն ես մաշկում... Էս ձեռքդ կկոտրի՜, որ տակը փեյնես...

Գյուղի ամենալավ այգին նրանն էր։ Փոքր էր, բայց խնամքով մշակած։ Գարունը բացվելուն պես ծառերի չոր կեղևը մշակում էր, քերում, կոխ տալիս մաշկի տակ ձմեռած միջատներին և չոր տերևները վառում։ Եվ երբ մեղվի քթոցները սհարից այգի էր տեղափոխում, այդ նշան էր, որ մինչև խոր աշունը օրվա մեծ մասն այգումն է անցկացնելու։

− Ավան ամին քոչը բարձեց հա՜... Գարեքը հրես կհասնեն...

Արևը ջինջ երկնքի վրա հուրհրին տալով լողում էր և դանդաղ բարձրանում դեպի գագաթը։ Գյուղի փողոցներում մարդ չէր երևում։ Բոլոր-քարի ստվերում մուշ-մուշ քնել էր հարյուրամյա մի ծերունի, որ աշխատանքի այդ եռուզեռին եկել էր և, զրուցընկեր չգտնելով, քնով անցել: Խանութի առաջ մի քանի ձի արևից նեղվում էին և գլխով ու պոչի [ 464 ] շարժումով քշում ճանճերին: Քոչն արդեն բարձրացել էր. ձիավորները սարից էին իջել տնեցոց համար թեյ, շաքար ու կտոր գնելու:

Արդեն սկսվել էր քաղհանը: Հարս ու աղջիկ առավոտ կանուխ քաղի էին գնացել. նրանք տարել էին և փոքրերին ու տան դռներից կախել ժանգոտած կողպեքներ, բանալին պահելով հավաբնի մեջ: Ոմանք էլ դուոը միայն վրա էին դրել և բարակ թելով կապել, որ շունն ու հավը ներս չմտնեն: Այգիների կողմից լսվում էր բայաթու ծործոր ձայնը, գետի մոտ՝ մեկը հա կանչում էր էշին՝ «թոշ-թոշ...»: Ջաղացի դռանը մարդ չէր երևում։

Քառասնաջրի կողմը, Խոջա-Հիբանի մեծ արտում քաղհանավորի երկար շարքն էր ձգվել։ Այնքան դանդաղ էին շարժվում, որ նայողին թվում էր, թե գույնզգույն շորերի շարքը կանայք չեն, այլ գունավոր քարեր արտի կանաչի մեջ: Շարքի ձախ ծայրին, ձորակի մոտ, սպիտակ շորով մի կին ավելի հաճախ էր բարձրանում, երբեմն ձեռքը ճակատին տանում՝ արևից պաշտպանվելու համար և նայում ձորակի կողմը, որտեղից լսելի էր տխուր երգի ձայն, ուրախ ծիծաղ ու մուրճի միալար զրնգոց։ Աղջիկը ձայներից ջոկում էր, որ տխուր երգողը ուստա Նազարն է, «հայաստանցի գաղթականը», որի տունը գտնվում է Ղարիբանոցում, իրենց տան կից: Ուստան ազատ օրերին էլ էր նստում տան պատի տակ և քթի տակ մռմռում նույն երգը: Ուրախ ծիծաղը, որ ձիու վրնջոցի էր նման, Արզումանինն էր, իսկ զրնգացողն իրենց ծանր մուրճն էր։

Երրորդ օրն էր, որ ուստա Նազարը, Մկրտումի պատվերով ու նրա տված չափով աշխատանքի էր անցել Քառասնաջրի ձորակում, այնտեղ, ուր անտառի և նրանց հողի սահմանն էր։ Տեղը նա էր որոշել և Ուստա Նազարի հետ միասին քողով չափել պատի երկայնքը, ցույց էր տվել, թե որտեղ պիտի շինեն ջրի ամբարտակն ու երկարավուն ծածկը: Նրա ցույց տված տեղով հիմքը փորել էին, անտառի միջից մի նոր առու հանել, որպեսզի մինչև ամբարտակի կառուցումը Քառասնաջուրը նոր առվակով հոսի:

Աշխատանքը եռում էր։ Արզումանը, որ այդ գարնանն էր զինվորությունից վերադարձել, ուժով հենվում էր ծանր լինգին և մեծ քարերը տեղահան անում։ Նա ձորակի մյուս ափին էր, մի քիչ բարձր։ Ամեն անգամ քարը գլորելուց քահ-քահ ծիծաղում էր և կանչում ուստա Նազարին, երբեմն էլ հայհոյում էր քարին, լինգին և հենց այնպես, ըստ սովորության։

− Ուստա Նազար, ես քեզ համար րադ ստարատցա... Պրիկազը տուր՝ ուզում ես քերծերը թափեմ ձորի մեջ... Յա սալդաթ 117 պենզենսկի [ 465 ] պոլկ տրետի բատալիոն ավտարո րոտա պալուչիտ Արզումանու Եդիգարովու սելեննի Կարմիրկար Ելիսավետպոլսկի գուբերնի... Այ, ես քու իմանը... Սիմոն ապեր, մեզ մին ֆելդֆեբել ունեինք, գլուխն էս քարի չափ չկար... Որ նո՜ւ էր ասում, սաղ զվոդը դողում էր... Իսկական վրասեյսկի խոզ... Է՜ Իվան Իվանիչ, էս էլ քո հոր գյոռին...

Եվ քարը դղրդալով գլորվում էր ցած: Կիտված քարերը մեջքով կրում էր մի դեռատի պատանի։ Նրա պատռոտած շորերը փոշոտվել ու ցեխոտվել էին, քարերը քերծել էին թևերը: Պատանու մեջքին ջուլի կտոր էր, որի վրա շարում էր քարերը և տնքալով բարձրանում։ Երբ Արզումանը վերից ձայն էր տալիս, թե քարն եկավ, պատանին վեր էր բարձրանում և դիտում, թե ինչպես է քարը քարին դիպչում, ցլանքներ ցրում ու կայծ տալիս։

− Եգոր, հեռո՜ւ... Քսան փութանոցն եկավ,− կանչում էր Արզումանը և պատանին ետ էր կենում։

Եգորն ինքն էր քարը բարձրացնում, դնում մի ուրիշ քարի վրա, ապա մեջքը դեմ անում ու ձեռքերը ետ տանելով քարը գրկում։ Արզումանը վերևից դիտում էր նրան։ Մեծ քարին մոտենալուց, կանչում էր։

− Էդ քո ճաշը չի, մալախոլնի... Թեթևը տա՛ր... Ուզում ես գրիժա ստանա՞ս... Ախ տի սիմուլյանտ... Ռուսի թագավորն անունդ հրեն ծոցի դավթարում պահում է։ Եգոր Մուրադով, մի պատառ էլ պանիր հաց ուտես, մեծանաս, կասի, իդի գալուբչիկ, կավալերիստ խարոշի... Մի ձի կտան, շաշկեդ էնքան տանես, բերես, որ կռներդ թուլանա... Փախի, քարն եկավ...

Ու նորից քահ-քահ ծիծաղում էր։

− Սմիրնո գասպադա ափիցերի,− այնպես բարձր գոռաց Արզումանը, որ ձայնը հասավ քաղհանավորներին։ Ու Սալբին հանկարծ մեջքն ուղղեց, նայեց ձորի կողմը։ Արզումանը լինգը ուսին կանգնել էր քարերի մեջ։ Նրան նկատելուց նա լինգն իջեցրեց ու ձեռքը տարավ զինվորական բարևի. Սալբին ժպտաց, նորից կռացավ, երեսը թաղեց կանաչի մեջ: Կողքին կռացած կինը նկատեց այդ և ասաց.

− Էդքան մի ծալվի արտի վրա... Աչքդ փուշ կմտնի...

Արզումանի հրամանը Ավան ամու համար էր, որն այդ րոպեին վայրի տանձենիներից մի կապ ձեռին դուրս եկավ անտառից ու իջավ ձորակը։

− Այ գյափդ լինի հա՜,− ասաց նա Արզումանին և մոտենալով ուստա Նազարին, հարցրեց.

− Բարի աջողում, ուստա Նազար... Էս ի՞նչ ես շինում... Մարագ [ 466 ] է՜, կալատեղը գեղումն է, թե ասեմ ամբար է, էս ճամփի բերանն ամբարի տեղ չի...

Ուստան ուսերը թոթվեց.

− Եսիմ... Շքենք... Խազեյնի քեֆ։ Մեզ ի՞նչ... Կուզես ուսումնարան շինեմ, կուզես դուսաղխանա։ Պատը պատ է...

− Մարդ մաշկելու զավոդ է, Ավան ամի,− ասաց Արզումանը, վերից իջնելով։− Գեղումը մարդուց էժան ինչ կա՜... Էնքան իզուր հաց ուտող կա՜... Մկրտումը բերելու է, գցի մաշինի ռեխը, կլպի կարտոշկու նման, ոսկորից ձեթ հանի... Վիդալ մենդալ, ախ տի զեմլյակ... Օչերեդով կանգնելու են, րոտա ստրոյսա... Ում ժերբն ընկավ, վիզը դնելու է տակը։ Բա՜ս... Հիմա էսպես է թազա պրիկազը: Հենց գիտես տանձի տնկելով աշխարքի թագավորն ե՞ս... Այ ըստեղ տրուբան տնկելու է, ծուխը մինչև երկինք հանի, աստծու միրուքն էլ խանձի... Եյ բող... Ըստեղ մաշին պիտի գալ, դու հլա որտե՜ղ ես...

− Ադա օին բաներ մի՜ ասի։ Կարմրաքարը մաշինի երեսը իրա օրում տեսած չի... Էնա ասա արաղի զավոդ եք շինում էլի՜...– Եվ փորած հիմքերին ուշադրությամբ նայելուց հետո ասաց.− էսքան մե՜ծ...

− Բա էստեղ ինչ պիտի շինեք,− ու ձեռքը մեկնեց ձորակում թափած քարերին։− Սիմո՞ն... Սիմոն, էլի դու մի բան գլխի գցես, էս Արզումանը հո էն գլխից էր շաշ, ասենք թե թագավորին չորս տարի սալդաթություն է արել...

− Շա՜շ... Հիմա եմ տեսնում, որ հալիվորել ես, Ավան ամի... Պիշի պրապալ... Էս ինջիներ Մանգասարովի զավոդն ա, իմացա՞ր... Էն քարերը որ տեսնում ես, ըսենց պիտի ձորի առաջը կտրե՜նք, չորս արշին պատ քաշենք, որ ջուրը գյոլ տա...

− Այ տղա, ճամփու բերան է, հարևան բան կընկնի մեջը,− ասաց Ավան ամին, ուշադիր նալելով ձորի քարերին և նոր առվի հետքին։

− Սիմոն, բա լսում չե՞ս... Քեզ եմ ասում... Գլխի չե՜ս...

− Եսիմ... Հրեն ասում է էլի՜... Ես ո՞վ եմ, որ նրանց խորհուրդն իմանամ։

− Էստեղ մի բան կա՜, գլխի չեմ... Իմ լսելովս արաղի զավոդ պետք է լինի... Համա զավոդի նման չի։ Տերտերն էլ ասում էր, թե մեծ ավազան է լինում, որ ամառը ջուրը չցամաքի բոստանների համար...

− Հա, քո ասածն է, Ավան ամի։ Նրանց քունը չի տանում, գիշեր-ցերեկ դումիտ են անում, որ Ղարիբանոցի սովածները մեծ պասին լոբով շորվա ուտեն։ Դու էդ ասա, էդ տանձիքը ո՞ւմ համար ես տանում... Կարմրաքարի ստարշիքն էլ որ քեզ նման լինեն, ասա ժողովուրդը գնա [ 467 ] Մարցա ջուրն ընկնի։ Տակիդ կարպետը քաշում են, հանում. դու հլա երազ ես պատմում...

− Դե որ ուսումնագետ լինենք, հալբաթ մենք էլ յարի դարմանը կիմանայինք։ Յա ես, յա էն չոլում բառանչողը, հը՞, ի՞նչ կասես, Եգոր...

Եգորը հոգնել էր։ Նա ուրախ էր, որ խոսակցությունով են բռնվել ու հանգստանում են։ Նստել էր քարին ու մեկ-մեկ պոկոտում էր թարթանջուկի թևերը, ծամում։ Սովել էր և անհամբեր սպասում էր, որ ուստան հացի նստի։

− Հիմա ինչ ժամանակներ ե՜ն... Առաջ որ քու տանդ պատին էլ մի քար դնեիր, առանց ջամհարթի խոսքի իրավունք չկար։ Ծառն ինչ է, էլի տնկելուց հարևանիդ խաթրը պետք է առնեիր, թե հաշտություն չլիներ, գյուղի իշխան մարդկանց մեջ էիր գցում, համոզն առնում... Բա ո՞նց... Ծառը շվաք կաներ բոստանի վրա։ Էն ժամանակն ո՜ւր... Եքքա թոփխանե են շինում, իսկի մի իրավունք, մի հարցմունք։ Ամեն մարդ իր գլխի տերը, ուտողն ուտողի։ Էգուց էլ չափարը կապելու է, թի իմ հողից ղուշն իր թևով պետք է չանցնի, էս իմ հայրենիքն է։

− Է՜, Ավան ամի, էշը կորցրել, չվան կհարցնես... Ասա Քառասնջուրը մերը լիներ... Թե չէ ձորի մեջ պատ շարելով գեղին ինչ վնաս: Քսան տարի օրն աշխատի, օրը կերա, մի հավաբուն չշքի...− ասաց ուստան, ծխի քուլաները պնչերից առատորեն հանելով։

− Մալը չևո սիրտդ ուզում է... Էս սհաթիս մի տաք բորշ լիներ, եյ բող, կաշևարին էլ հետը կուտեի։ Տվողն ո՞վ է... Հրեն Եգորը տավարի նման սաղ թարթանջուկը կերավ։

Եգորը կարմրատակեց։

− Խարչին խազեյսկի է... Հրես հա՜.– և նա ոտքը մեկնեց սփռոցին:– Մենակ ինձ չի հերիք,− Եգորն աչքը գցեց սփռոցին:− Հը՞, բերանիդ ջրերը գնա՞ց... Սովամահի տղա. պինդ քաշի, փորդ էնպես քաշի, որ ֆելդֆեբելի մատներն արանքով չմտնեն: Ավան ամի, թագավորին ծառայելը սրանից լավ է... Էլի մի կուշտ փորով հաց ուտում էիր։ Էնքան բորշչ էին տալի՜ս... Չէ, միտքս ծռվել է: Աշունքն ուզում եմ Բաքու գնամ, ինչքան չլինի հացափոր կաշխատե՜մ, զատո քեփ էլ կանեմ, հը՞, ի՞նչ ես ասում։

− Ի՞նչ եմ իմանում, որ ի՞նչ ասեմ... Ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը: Վակզալի ճանապարհը ջաղացի ճանապարհից էլ հեշտացել է: Հենց ում տեղը մի քիչ նեղանում է, հացը մեջքն է կապում, յալլա՛... Էստեղ էլ կոնդ ու չոլախն են մնում, ինձ նման հալից ընկածը: Էնքան գնացին, որ տակին մնացողը հերիք չի նրանց փակ դռներին մտիկ տալու։ [ 468 ] Թմբի գլխին ձիու ոտնաձայն լսվեց ու մի վայրկյան հետո երևաց Մկրտումը։

− Լավ ե՜ք... Ուզած վախտը ճաշթող եք արել,− ասաց նա և ցած իջավ, ձիու սանձը ձգեց Եգորի կողմը, քթի տակ «բարի օր» ասելով: Նրան դուր չեկավ Ավան ամու ներկայությունը, բայց ծածկելով այդ, դարձավ նրան.

− Էլի փեշակիդ ե՞ս...− ու մտրակի կոթը մեկնեց քարի մոտ դրած տանձենու տունկերին։– Երանի՜ քեզ... Անմահական հիշատակ ես թողնում հուր հավիտյան... Տանձն ուտելու են, քեզ էլ օրհնանք տան։ Մենք հե՜չ, ավետարանի թևում գրված չի մեր անունը։ Ի՞նչ կասես, ուստա:

− Ճշմարիտ է, արդար գործը միշտ կմնա...

− Անարդա՞րը,− կտրուկ հարցրեց Մկրտումը։

− Ո՜վ գիտե աշխարհի բանը... նա աչքի տակով նայեց թափած քարերին, փորած հիմքը տեսավ, մտավ մեջը, կռացավ և աչքի չափով ստուգեց պատի ուղղությունը:

− Խելքդ ի՞նչ է կտրում,− դարձավ նա Ավան ամուն,− էլի ինչքան չլինի ինձանից փորձված ես... Էս իմ պլանից ի՞նչ դուրս կգա։

− Ի՞նչ ես շինում,− հարցրեց Ավան ամին դժկամությամբ։

− Ուզում եմ Կարմրաքարը լուսավորեմ,− ու ծիծաղեց,− մի թեթև զավոդ ամալլու բան եմ սարքելու... Գերան կպատահի, տախտակ կքաշենք, ճանճի բանի համար յաշչիկ կշինենք։ Չի պատահի, կրահոր կշինենք, ուզողին կտանք։ Էս ձորը լիքը կրաքար է... Ուժներս տա, անելու շատ բան կա... Ով գիտի, բախտի բան է, մեկ էլ տեսար մի ինջիներ եկավ, ասեց թե էս հողի տակին մադան կա։

− Դե հո սուտ չի։ Հրեն ասում են Զեյթայի վերի հանդում քարի քոմուրի մադան են գտել,− ասաց Արզումանը։

− Որ վնաս էլ անեմ, մի քանի աղքատ էլ է հաց կուտեն։ Էդ էլ իմ վարձը լինի։ Աշխարհը հո հետս գերեզման չեմ տանելու, ասենք մարդու թամահն է շատ... Էս է, Արզումանին զավեդուշի եմ դնելու:

− Եգորին էլ ստարշի մաստեր,− վրա բերեց Արզումանը ու ծիծաղեց։ Նրա ծիծաղը հաճելի չեղավ Մկրտումին։ Փշաքաղվեց, աչքերը խորն ընկան, ճակատի ճեղքվածքի շուրջն արյուն հավաքվեց։

− Բա ջուրը ո՞նց ես անում,− հարցրեց Ավան ամին, ծածկելու համար Արզումանի ծիծաղի տպավորությունը։

− Ջուրը ձորով էլի թող գնա... Էս պատը քաշում եմ, որ ամառը ջուրը բարակելուց զավոդը պարապ չմնա։

− Էս ջուրը զավոդ չի բանեցնի, Մկրտում։ [ 469 ] − Չի բանեցնի՞... Վերի առուն էլ շուռ կտամ։− Վերի առուն սարից էր գալիս և անցնում Խոջա-Հիբանի մեծ արտով, իջնում գյուղի վրա։

− Վերի առո՞ւն,− ու բոլորը զարմացան։ Նույնիսկ Եգորը տեղից վեր կացավ ու մոտեցավ նրանց, հետևից քաշելով ձին։ Վերին առվակն անցնում էր նրանց բակով և բակի երկու պառավ տանձենիները ամառվա տապին լիուլի ջուր էին արբում։

− Ոնց կլինի է՜դ...

Սիմոնը դադարեցրել էր մուրճի զրնգոցն ու երեսը դարձրել խոսողների կողմը։

− Բա ժողովո՞ւրդը...

− Ուրեմն կժերով պիտի ջուր բերեն, կալերը ցեխապատե՞ն...

− Տանձիքը կչորանա՜ն...

Համարյա միաժամանակ հարցրին Ավան ամին, Արզումանն ու Եգորը։ Մկրտումն ունքերն իրար տվավ ու գլուխը թեքելով Եգորի կողմը, կանչեց.

− Ձին հեռու տար... Սրան տե՛ս... Կաթը պռոշին չորացել չի, խոսքի է խառնվում... Զահրումար տանձիքը։ Ծմակը լիքը տանձ է, էնքան կե՜ր, որ զխկրտի։

− Ո՞նց ես ուզում։ Էն էլ իրենց տան փափախավորն է, ոնց թե ծմակից տանձ բեր,− ձայնը բարձրացնելով ասաց Ավան ամին։ Արզումանը մի քայլ էլ մոտեցավ։

− Է՛հ, ասենք նրա խելքը էդքան չի հասնում, դու էլ նրա թայը հո չես,– դարձավ նա Ավան ամուն ժպիտն երեսին։− Ուրեմն հավատացիր էլի՜... Վաշշ, դե էնա ասի Կարմրաքարի դուշմանն է էլի։ Էդ իսկի ես կանե՞մ, ուրեմն ես պետք է քոչեմ էս գեղից։ Էհ, էդպես է՜... լավություն էլ անես, վատն ես, վատություն էլ անես, աչքից ընկած ես...− սրտնեղած վերջացրեց նա ու շատ խոր նայեց Ավան ամուն, ապա հանկարծ շրջվեց Արզումանի կողմը, ասես ուզում էր իր խոսքի ազդեցությունը ստուգել։

− Կարմրաքարում թե մի բարեկամ ունեմ, հրեն է,− մտրակի կոթը մեկնեց Սիմոնի կողմը,− չէ՜ Սիմոն...

Սիմոնը չպատասխանեց։

− Մտքումս կա, որ քաշած տախտակից ուսումնարանի համար նստարան շինեմ... Թե չէ էն ինչ է։ Ոչ բարով ես էլ եմ հոգաբարձու: Հերու, ամառը Բեկտաբեգովն էլ տեսավ... Ասում է հայոց ուսումնարանը մշտական աղքատ է, լավ կանեք միրսկի պրիգովոր տաք, թագավորական [ 470 ] շկոլ բաց անենք։ Ասի չէ, էդ լինելու բան չի, մեր երեխեքը թող մայրենի լեզվով ուսում առնեն...

− Մին չի՞,− ուսերը թոթվելով ասաց Արզումանը,− դու հաց աս... Փորին ի՞նչ լեզու...

− Խելառ ես, ինչ է,− հարեց ուստա Նազարը,− մարդ յուր օրենք մոռանա, ռսի լեզվով ուսում առնե՞ն... Մեր երկիր բոլոր հայի լեզու կխոսի։

− Հա, Մկրտում, գերանը ո՞ր ծմակից ես բերելու,− խոսակցությունը փոխելով հարցրեց Ավան ամին։

− Փողի բան չի՞... Թագավորական ծմակը շեն մնա: Փող տուր էգուց կուպչի կրեպոստը հանեմ, ինչքան քեփդ ուզի հա կտրի...

− Հարկի փողի բան է, երեխան էլ է իմանում, որ աշխարհս փողի վրա է շուռ գալիս։ Իմ ասմունքս դա չի։ Օրինակ, զակոնը թույլատրելի չի, որ Քասառնաջրի ծմակը ծախվի... Շատ էլ թագավորական է։ Մեր եզնիքը, մեր տավարը, կալից որ դուրս ենք հանում, ալբհալ ծմակն են մտնում։ Հավերն էլ են գալիս... Աշունքը տավարի յաթաղն է էս ծմակը: Հերու էր թե մեկել տարին, մեր Օհանի հավը երկու ամիս ձու չէր ածում: Վերջը քառասուն, թե հիսուն ձու ճարեցին ծմակում։ Անիրավը մտել էր մոշուտի մեջ... Հա, էն եմ ասում, որ Քառասնաջուրը ժողովրդի հուսատեղն է, օջախի չոփը էստեղից են հավաքում։ Ուրեմն զակոնի կողմանից թույլատրելի չի...

− Ի՞նչը։

− Օրինակ, որ տոլկի դնեն, Քառասնաջուրը ծախեն։

− Խազնեն ինչ ուզի կանի... Ծմակը թագավորական է, ում ուզի կտա... փողի բան չի՞...

− Հա է՜, թող էլի փողի լինի։ Ժողովրդի մեջքն էլ հո կոտրա՞ծ չի... Փարթ կանենք, կհավաքենք։ Եթե տոլկումը դնեն, մենք կառնենք...

− Կարելի է՜...

− Դե ես էլ էդ եմ ասում է՜...

− Որ կորպուզի կամանդիրն էլ գա, մի շյուղ էլ չեմ թողնի կտրի... Սաղ ժողովրդին թոփ կանեմ, րոտա ստրոյսա... պլի, —ու լինգը մեկնեց, նշան բռնեց։

Մկրտումը բարձր ծիծաղեց.

− Ա, հերիք է... Ուրիշն էլ կլսի, կասի խառնակիչ խոսքեր են ասում տերության մասին, հանաքը կդառնա դագանակ։ Քառասնաջուրն ում ուզում են տան, տերության հոգսն ինձ չեն տվել, հո՜,− ու ձայն տվավ Եգորին.− ձին քաշի։ Ուստա, դե մի քիչ ջահտ արա, էս շաբաթ գլուխը [ 471 ] ծածկի։ Հայ արևդ կծեմ, գործին տաք կպի,− ասաց Եգորին, ձին նստելուց,− ողորմած հոգի հերդ գործի մեջ ասլան էր։ Հինգ փթանոց ջվալը մի ձեռքով էր ուսին դնում։

Ձին փնչոցով վեր բարձրացավ, սմբակները մագիլների պես խրելով հողի մեջ։

− Խելքդ ի՞նչ է կտրում, Արզուման, ես էնքան էլ գլխի չեմ...− հարցրեց Ավան ամին ու գրպանից հանեց արծաթագլուխ չիբուխը:− Էնպես ափսունել գիտի ո՜ր, օձը ծակից կհանի։ Հը՞...

− Այ, նո՛ւ եվո... Ի՞նչս է կորչում։ Մի գլուխ ունեմ, կառնեմ որտեղ քեփս տա, էնտեղ էլ կապրեմ։ Վերջը կերածնիս մի փոր հաց չի՞... Քանի ուժ ունենք, սոված չենք մնա... Վեր կաց, Եգոր... Էն քարերն էլ տանենք, հետո տեսնենք ուստա Նազարի փորը երբ է սովածանում։ Չէ՛, էգուց ես հետս հաց եմ բերելու... Ուստան ուղտի ջինս է, մի շաբաթ էլ չուտի, կդիմանա...

− Ես էլ գնամ,− ասաց Ավան ամին, ձեռքը մեկնելով տունկերին:

− Գնա, ծառերդ տնկի... Աշխարհի դարդը քեզ չեն տվել, աշխարհի հերն անիծած... Մինը քոհլան ձին նստած կանաչ տախտերում ման գա, էն մինի մեջքն էլ էնքան քար շալակի, որ փալանը հարի, ջիդավ դառնա։

Եվ բարկացած իջավ ձորակը։ Եգորը ոտքերը քարշ տալով հետևեց նրան։

Արզումանը զարմանալի փոփոխական բնավորություն ուներ։ Նա հանկարծ հուսահատվում էր, թքում ամեն ինչի վրա և կատաղած աշխատում, եթե աշխատանք կար ձեռքին։ Զինվորության մեջ, երբ նրա վրա իջնում էր այդ տրամադրությունը, նույնիսկ ֆելդֆեբել Իվան Իվանիչը վախենում էր նրան մոտենալու: Ծայրահեղ հուսահատությանը հանկարծ հաջորդում էր այնպիսի ուրախություն, ասես աշխարհն իրենն էր։ Հորթի նման թռչկոտում էր։ Մերթ սուր հանաքներ էր անում և երբ լսողները սրտանց ծիծաղում էին նրա ասածի վրա, հանկարծ զայրանում էր և գոռում.

− Շան որդիք... Ի՞նչ է, ես ձեր մասխարան ե՞մ։

Անարդարության ինչ դեպք էլ լիներ, նա մի կերպ իր վերաբերմունքը պիտի ցույց տար, ներսի մաղձը թափեր։ Նրան գիժ էին ասում, բայց ասողներից և ոչ մեկը չէր կարող համարձակ աչքերով նրա երեսին նայել այն ժամանակ, երբ նա զայրացած էր։ Երբ նրան զինվոր էին տանում, տանուտերի երեսին գյուղի հրապարակում այնպիսի խոսքեր [ 472 ] ասաց, որ նույնիսկ ամենահամարձակ մարդիկ վախեցան և կարծիք հայտնեցին, թե նա զինվորությունից այլևս չի վերադառնա։

Արզումանը գյուղում տուն ու տեղ ուներ, բայց այդ տանն ապրող չորս շնչից և ոչ մեկն էլ նրան հարազատ չէր։ Մոր մահից հետո հայրը երկրորդ անգամ էր կին առել, և այդ կնոջից էլ սերել էին այն փոքրերը, որոնք նրան եղբայր էին ասում, բայց ինքը ոչինչ ազգակցական չուներ նրանց հանդեպ։ Զինվորության առաջին տարին մահացել էր և հայրը։ Առաջ էլ նա խորթ մոր հետ չէր հաշտվում և երբ ծնվեց առաջին մանուկը, խորթության վիհը դարձավ անդունդ, և նա մեծացավ բարեկամների տանն ու դռանը։ Ու երբ լուր ստացվեց, որ Արզումանը զինվորությունից վերադառնում է, և լուրն իրար հաղորդեցին աղբյուրը գնացած կանայք, ոմանք հառաչանքով կարծիք հայտնեցին, որ կգա, հոր ավերակները կտեսնի, գլուխը կառնի ու կանհայտանա։ Պառավ կանայք ուրիշ բան էին ասում։

− Ոտը կկապի, էլ չի կարա հեռանալ...

Վերադարձի երկրորդ օրը ևեթ նրան խորհուրդ տվողներ եղան ամուսնանալու։ Նա Ավան ամու մոտ գնաց, վերջինս տնտղեց նորեկին, հարցուփորձ արեց «Ռուսաստանու կողմերից, էժանից ու թանկից, ժողովրդի ավհալաթից» և երբ զինվորության մեջ սովորած կիսատ-պռատ ռուսերենը խոսքին խառնելով Արզումանն ավարտեց իր պատմությունը, և որպես աշխարհի հրաշալիքներից մեկը նկարագրեց «Ադես քաղաքը, թոփով պարախոդն ու ռուսաց հողի հարստությունը, որտեղ ցորենն այնքան բարձր է բուսնում, որ ձին ձիավորով միջին կորչում էս− երբ ավարտեց իր պատմությունը, Ավան ամին տխրությամբ ասաց.

− Բաղդադ էլ խուրմա շատ կա, մե՞զ ինչ... Շատ էլ Ռուսեթը մեծ երկիր է, որ էլի հայրենիք չի դառնա։ Գլուխդ կախ արա, քո ակոսդ ծրի... Հրեդ եքա մարդ ես դառել, տնավորվի, մի կերպ կառավարվի, հալբաթ մի լույս էլ մեզ կհասնի։ Էսպես նեղում չենք մնա՜...

Արզումանը հայտնել էր իր միտքը Բաքու գնալու մասին։ Ավան ամին առարկել էր, խորհուրդ էր տվել հայրական այգին նորոգել։

− Ձեր էն բաղի կողքով որ անց եմ կենում, քիթս մխում է։ Չափարը ջարդած, մեջը քար... Ծառերը՝ էն ցաքի փուշը քեզ օրինակ, իրար գլխով են դառել... Կռներումդ ուժ կա, գնա ավադ արա, էլի հուսատեղ է նեղ օրվա համար։

− Է՜հ, բաղս որն է... Երկու լափռի կա, մի տանձի: Խուրձ կրողներն էլ էնքան քարով են տվել, որ կեսը չորացել է։ Նու եվո, սավսեմ։ Մեր պերվի կորպուսը տարել էին մանևրի Վարշավու կողմերը... Ա՜յ [ 473 ] բաղեր։ Օխտն օր օխտը գիշեր ձիավորն անցկացավ, բաղի չափարը պրծավ... Պակրայնի մերե մարդ էդպես բաղ պահի։

− Դու գիտես... Իմ խելքս էլ էդքան է կտրում։ Ամենայն մի երկիր մին պլան ունի։ Էս էլ մեր երկրի պլանն է...

Արզումանը հեռացել էր Ավան ամուց այն հաստատ որոշմբ, որ գյուղում կմնա մի քանի օր էլ, կտեսնի բարեկամներին, հյուր կգնա նրանց տները, կպատմի «Ադես քաղաքի և թոփով պարախոդի մասին», մի քիչ էլ կզարմացնի իր ռուսերենով, կոշտ սապոգներով և այն նշանով, որ ստացել էր լավ հրաձիգ լինելու համար ու կհեռանա գյուղից, ամեն ինչ թողնելով խորթ մորն ու նրա ժառանգներին։

Այդ քանի օրը նա ուշ էր վեր կենում, փալասի կտորով սրբում էր կոշիկները և բարձի տակից հանում զինվորական շալվարը, որ քնելուց ծալում էր խնամքով, գլխատակին դնում՝ ծալը չկոտրելու համար։ Փոքրիկ երկաթե սանրով մազերի փնջերը ոլորում էր թեք ու միահավասար, կարտուզը ծուռ դրած փողոց ելնում։ Գյուղում լուրեր էին տարածվում, որ Արզումանը աղջիկ է ջոկում։ Ոմանք հավատում էին, մայրեր կային, որոնք սրտատրոփ սպասում էին, թե ահա կանցնի նա իրենց տան առաջով, կմտնի և գուցե թե մի բան լինի։

Իսկ Արզումանն իրեն հասակակից ընկերներին պատմում էր այն մասին, թե ինչպես իրենց վաշտը մանևրի ժամանակ լեհական մի գյուղ տարան։ Պատմում էր և աչքերը փայլատակում էին հիշողության հրճվանքից:

− Ա՜յ աղջիկներ, թամամ հրեշտակ... Սավսեմ սլաբոդնի գալիս են, հետդ խոսում, ասում... թե մի քիչ արսըզ ես, կուռդ ճտովը գցի... Իսկի չի խոսում։ Հորը մորը առաջ քեզ պոդրուչկա է անում։ Սպիտա՜կ, սպիտա՜կ... Երեսհատին որ նայում ես, պատկերդ միջին շողշողում է։ Աբմունդիրավաննին էլ թազա էինք ստացել, կոհակները պսպղում էին ոսկու նման... Էլ ինչ կերուխում, ինչ արգան, մուզիկ, դուխավոյ արկեստր...

Եվ պատմում էր, թե ինչպես է մի տուն ընկել, ուր երեք քույր են եղել, մի պառավ մայր։

− Կավկազի մարդի համար խելագարված են...− որպես իրական ապացույց իր ասածների, հանում էր ծոցի գրպանից նրանցից ստացած մի նկար։ Ճիշտ է, դարձյալ երեք քույրեր էին, բայց այդ նրանց լուսանկարը չէր, այլ սովորական բացիկ, որ նվիրել էին նրան երեք լեհուհիները։

Այդ օրերումն էլ պատահեց այն հանկարծակի հանդիպումը, որ և [ 474 ] վճռեց նրա գյուղում մնալու հարցը։ Ջաղացպանին տեսության գնալուց նա անցավ Ղարիբանոցի այգիների միջով ու հանկարծ դեմ դուրս եկավ բարձրահասակ, լիքը մի աղջիկ, որ ձեռքերը վեր էր բարձրացրել ու բռնել կուժի ունկից։ Աղջիկը նրան տեսավ թե չէ, կարմրեց, գլուխը խոնարհեց... Արզումանը տեսավ նրա երկար արտևանունքները, լիքը կուրծքը, որ ավելի էր ուռել, որովհետև աղջիկը ձեռքերը վեր էր բարձրացրել և բռնել կժից։ Տեսավ ու տեղը մեխվեց։ Աղջիկն անցավ, կժի մեջ ջուրը խուլ արձագանք էր տալիս՝ կըլթ-կըլթ, տարուբեր լինում աղջկա ոտնափոխից։ Արզումանը ետ նայեց, շորորալով գնում էր աղջիկը, կուժն ուսին ու ոտաբոբիկ։ «Նա է՞ր... չէ՜, նման էր», մտածեց Արզումանն ու ետ դարձավ։ Նա տեսավ, թե ինչպես աղջիկը մտավ Շալուն Սիմոնի դռնից։ Նա էր՝ Սալբին։

Արզումանը գիտեր, որ Սիմոնն աղջիկ ունի։ Զինվորության ժամանակ, երբ երեկոները հերթապահը փոստը բաժանում էր և հավաքվում էին նամակ ստացողների շուրջը, նամակի ընթերցումից հետո կազարմայում խոսակցություն էր բացվում կանանց մասին։ Ամեն մարդ իրենց գյուղերիցն էր պատմում, տեսած կանանց գովքն անում։ Զինվորներից մեկը աշխարհի ամենից երևելի գեղեցկուհուն համարում էր իր խորթ քրոջը և նրա մասին այնպես էր պատմում, այնպիսի շարժ ու ձևով, շրթունքները չմպացնելով, որ լսողներն իրենց կասկածն էին հայտնում, թե նրանց մեջ ինչ-որ բան է պատահել։ Արզումանն էլ էր պատմում ու պատմելուց հետո, երբ քնելու փողը փչում էին, պառկում էր ու ժամերով վերհիշում գյուղը։ Այդ ժամերին նա մտաբերում էր և Սալբուն, հիշում էր փոքրիկ այն աղջկան, որի հետ մի ամառ խուրձ էին կրել:

Ջաղաց հասնելուց հետո էլ ինքն իրեն հարց էր տալիս, թե ինչքան շա՜տ է մեծացել։ Այդ օրից նա խոր պահեց «հրեշտակների» նկարը։ Ճիշտ է, նրա ուրախությունը խորացավ, նա լռությամբ էր անցնում այն դեպքերի վրայով, որ պատահել էին Վարշավայի մանյովրի ժամանակ:

Նրա գնալն ուշանում էր։ Գյուղի կանայք ասում էին.

- Շուռ է գալի գյուղի վրա, տեսնենք որ թխսամոր ճուտը կփախցնի...

...Արզումանը քարի գլխից բարկացած իջավ ու այնպիսի մի մեծ քար գրկեց, որ Եգորը մնաց զարմացած։ Վերև տանելուց գոտու կապերը կտրվեցին, և գոտին ընկավ։

Քարի գլխից նա աչք էր ածել քաղհանավորներին ու տեսել էր նույն շարքը, մի քիչ ավելի խոր գնացած։ Ոչ ոք չէր բարձրանում։ Մկրտումը ձիու վրա նստած խոսում էր Շողերի հետ։ Արզումանը երկար նայեց. [ 475 ] նա ուզում էր, որ Սալբին վեր բարձրանա ու մի անգամ էլ նայի ձորակի կողմը։ Սպասեց... Ու հանկարծ Մկրտումը տեսավ։ Արզումանը ձևացրեց, թե քար է գլորում ու զայրացած իջավ։ Մեծ քարը հիմի փոսի մեջ շպրտելուց հետո, թևով ճակատի քրտինքը սրբեց։

− Խիղճ չունե՞ս դու... Մեռանք է՜ սովից։ Եգոր, արի՛, Սիմոն ապե՛ր, վեր կաց... Դու էլ ուստա դառար մեր գլխին էլի՜... Պարտվողի արաբան դրել ես բերանդ, էս ձորերը մուխով լցրել, էլ հացն ինչ ես անում...

− Կերե՜ք, բան չեմ ասի... Էս քարն էլ դնեմ... Ես էլ անոթեցա,− ասաց ուստան ու քթի տակ շարունակեց մռմռալ մելամաղձոտ երգը՝ «դանդանավեր ա՜յ նանա՜»։

Մկրտումը դժգոհ հեռացավ։ Ավան ամուն ի՞նչ, թե ինչ է մտադիր անելու։ Ինչո՞ւ էր եկել... Ժպտաց։ Հիշեց նրա խոսքը՝ փարթ կանենք, Քառասնաջուրը տերությունից կառնենք... Ձին խայտալով գնում էր, աջ ու ձախ դունչը մեկնում, փրցնում ծաղիկ ու խոտ։ Հարկավոր չէր խիստ լինել... Լավ էր։ Հիմա նա իր մտքում թող մտածի գյուղի համար։ Ժամանակը կգա։ Ի՞նչ պիտի անեն, ի՞նչ կարող են անել, որ ուզենան էլ: Միայն արյուն են պղտորում։ Ձիու ոտքը քարին դիպավ, քիչ մնաց ընկներ։ Մկրտումը սանձը պինդ ձգեց և փորի տակով մտրակեց, մտրակը վզզաց գնդակի պես, ձին թռավ։ Այդպես... Ու մի քիչ հանգստացավ: Ասես մտրակը ձիու տեղ այն աներևույթ թշնամին ստացավ, որ խուլ դժգոհում էր, փնթփնթում, խեթ նայում, բայց ճակատ առ ճակատ դուրս չէր գալիս։

Ծփացող արտի տեսքը նրան հանգստացրեց։ Գարունը խոստանում էր առատ բերք։ Նա ձին պահեց արտի ծայրին, մասրենու ծաղկած թփի մոտ։ Կռացավ գարու ցողունը պոկելու։ Ձին ետ-ետ քաշվեց, ականջներր խլշեց, թփի մյուս երեսին մի բան շարժվեց: Ոստերն իրար դիպան և սպիտակ վարդի թերթերը օրորալով վայր ընկան։ Մկրտումը ձիուց իջավ։ Մյուս երեսին, թփի ստվերում, քաղհանավորներից մեկի մանուկն էր, փոքրիկ ճոճքի մեջ։ Մանուկը զարթնել էր, տրորում էր աչքերը, ու ճոճքը շարժում էր, ոստերն իրար էին դիպչում և թերթերը թափվում էին։ Մկրտումն ու մանուկը մի վայրկյան իրար նայեցին, մանուկը ժպտաց: Մկրտումն ուզեց կռանալ ու մատը կարմրած թշին դնել, բայց մանկան դեմքից ժպիտն հանկարծ անհայտացավ, երևաց վախի արտահայտություն։ Փոքրիկը տեսել էր ձիու գլուխը՝ Մկրտումի թիկունքի հետև։ [ 476 ] Ձին հետքից քաշելով Մկրտումը մոտեցավ քաղհանավորներին։ Շողերը նրանցից բաժանվեց ու մի քանի քայլ արեց դեպի նա։ Թելունց պառավը, որ մինչ այդ պատմում էր ընկերներին իր ամուսնական կյանքից, պատմում էր ու ծիծաղում, ու երբ ծիծաղում էին և աղջիկները, նրանց վրա բարկանում էր ու դեմքին կեղծ լրջություն տալով սաստում, որ չլսեն,− Թելունց պառավն ամենից առաջ տեսավ Մկրտումին։

− Այ դո՜ւ բարով ես եկել... Էս արտը քեզ փեշքե՜շ...− ասաց նա։ Մկրտումը ժպտաց։ Պառավի խոսքին քաղհանավորներից ոմանք ետ նայեցին ու նրան տեսնելով, նորից գլուխները կախեցին։ Մկրտումի աչքին ընկավ և Սալբին, որ արևից ու տաքացած հողից կարմրած, քրտնած երեսը մի վայրկյան միայն շրջեց նրա կողմն ու նորից շարունակեց աշխատանքը։ Գարու կանաչ ցողունները փնջերով դուրս էին գալիս նրա դեյրայի կախ ընկած փեշի տակից, երբ նա մի քայլ առաջ էր անում ու փեշը քաշում։ Կանաչ ցողունների արանքից երևում էր նրա բոբիկ ոտքն ու սպիտակ սրունքը։

− Էն կռացածը Սիմոնի աղջիկը չի՞,− հարցրեց նա կնոջը, այնպես որ Սալբին էլ լսեց։− Ինչ բո՜յ է քաշել մեռածը...

− Մկրտում, ա՜յ Մկրտո՜ւմ... Էսօր էգուց մեռնելու եմ, է՜... Մի երկու արշին քաթան տուր, օմբեքս ծածկեմ։ Տես հա՜, սաղ բաց է,− կանչեց Թելունց պառավը և առանց քաշվելու փեշը վեր բարձրացրեց, ցույց տվեց իր ոսկրացած ու մերկ ազդրերը։ Ոմանք փռթկացին, ոմանք էլ ամոթից մինչև ականջի բլթակները կարմրեցին։

− Ի՞նչ եք հռհռում,– դարձավ պառավը կանանց,− ես պետք է Մկրտումից ամաչե՞մ... Նրա պորտը ե՛ս եմ կտրել...

− Էս քանի օրս Եփրեմը ապրանքի է գնալու. որ բերի, կգաս, կտանես, նա՛նի...− պատասխանեց Մկրտումը։

Ու մտաբերեց դավթարի այն էջը, ուր դեռ անցյալ տարվանից Թելունց պառավի ազգանվան դիմաց գրել էր՝ «շաքար– 1 գրվ. և չայ կապովի– 12 մսխալ, գումարով 36 կոպեկ»։

Ձին նստեց ու մի անգամ էլ աչքով չափեց ծփացող արտը, նայեց է Քառասնաջրի անտառին, որի առաջապահ ծառերը ստվեր էին գցել արտի վրա, մի թևով էլ իջել մինչև տան պարիսպը։ Ձիու վրայից նա տեսավ և Արզումանին՝ քարի գլխին։ Ասես մի սև ամպ երևաց նրա մտքի հորիզոնի վրա։ Նա ձգեց ձիու սանձը և ձին գլուխը թեքեց գյուղի կողմը։ [ 477 ] Այդ երեկոն ավելի շուտ մթնեց։ Սևացած ամպերը ծանր վարագույրի պես ծածկեցին երկինքը, սարերը, ձորը լցվեց սև ծխով։ Նախիրը կանուխ իջավ սարից, կիթը մթնով կատարեցին։ Հանկարծ սպիտակ ալավ ընկավ երկնքից, եկեղեցու խաչն ու զանգակները փայլփլեցին, որոտը դղրդաց այնպես, որ դարակներում դարսած պղնձե ամանները զրնգացին: Եվ սկսեց անձրևը, նախ դանդաղ, ծանր կաթիլներով, ապա որպես վարար հեղեղ։

Գվվում էր անտառը, ձորը։ Անձրևի աղմուկի մեջ չէր լսվում Մարցա ջրի վշշոցը։ Երբեմն բացվում էր մի դռնակ և ինչպես բռնկված լուցկի, խավարի մեջ տան աղոտ լույսը փայլում էր ու հանգչում։ Մութի մեջ մարդիկ նովդաններն էին ամրացնում, ջրածակերը կալնում, հավաբունի առաջն աթար դնում,− մի խոսքով կատարում կանխող այն բոլոր գործողությունները, որ տարբեր էին յուրաքանչյուր տան և բակի համար:

Տեր Նորընծան երկար շալն ուսերին ետ ու առաջ էր քայլում նեղլիկ պատշգամբի վրա, երբեմն գլուխը վեր բարձրացնում և սևացած երկնքի վրա փնտրում աստղեր, կամ մոտենում պատշգամբի ճաղերին, ձեռք մեկնում և տեղացող կաթիլներից որոշում անձրևի թափը։

Պատուհանի ճրագը լուսավորում էր պատշգամբը, որի սյուների երկար ստվերներն ընկել էին ծառերի սև սաղարթի վրա։ Հեղեղի ընթացքում փայլատակում էր փայլակը, լսվում էր խուլ որոտ, մի վայրկյան չքանում էր խավարը և սպիտակ լույսի տակ Տեր Նորընծան տեսնում էր քամուց խշշացող ծառերը, դիմացի տան կտուրն ու երդիկին դրած կարմիր կարասը։ Ապա թանձրանում էր խավարը, և ճրագը քահանայի երկար ու թրթռացող, մի քիչ այլանդակ ու սապատավոր ստվերը սյուների արանքից նետում էր մինչև այնտեղ, ուր հալվում էր ճրագի լույսը։

Ներս ու դուրս անող տղամարդ ու կին իրենց բակերից նկատում էին քահանայի վիթխարի ու սև ստվերը։ Ոմանց այդ ստվերը հանգստացնում էր և մեղմում արհավիրքի սարսափը։ Թելունց պառավը, որ մինչև ծնկները վեր քաշած, ծլլացող անձրևի տակ բակում դարսած աթարն էր ծածկի տակ տանում− մի պահ կանգնեց տեղում և երկյուղածությամբ նայեց պատշգամբի ստվերին, թեկուզ սառն անձրևը ծեծում էր բաց կուրծքը։ Ոմանք էլ նույնիսկ դժգոհում էին, որ ծանր ժամին, երբ մեղուներն էլ էին փեթակում հանգիստ բզզում, մի մարդ ապահով անկյունում ետ ու առաջ էր քայլում և դիտում։ [ 478 ] Նրանցից յուրաքանչյուրն իր գործն ուներ, իր ստացվածքի փրկության մասին էր մտածում։ Մեկը բակում նստած կովերն էր գոմը քշում, կովերը փնչացնում էին, չէին ուզում ներս մտնել, տերը մութի մեջ, ձեռն ընկած բահի կոթով կամ թիակով խփում էր նրանց կողերին, եղջյուրներին, ոտքերին։ Տներ կային, ուր շփոթմունքից հորթերին ներս էին քշել, և քնահարամ երեխաները զարմանքով դիտում էին, թե ինչպես հորթերը ցեխոտ ոտքով կոխ էին տալիս քեչա ու կարպետ։ Մի քանի մայրեր կուրծք էին ծեծում և շտապ-շտապ, մանավանդ երբ փայլատակում էր կայծակը, իրենց որդիների անունը տալիս, որոնցից մեկն այգիներումն էր մնացել, մեկէլը հարևան գյուղից պիտի գար և ո՜վ գիտե, որ ծառի տակ կուչ եկած, սպասում էր, որ անձրևը դադարի։

Եգորը շեմքի առաջ կանգնած, լսում էր այն խուլ վշշոցը, որ նրանց բակում ավելի սաստիկ էր։ Պառավ տանձենիները ճղերն իրար էին տալիս, քամու թափից կռանում, անձրևի կաթիլները շպրտում դռնից ներս։ Երբեմն նա ճրագը մոտեցնում էր, վազում և նայում գետնին թափած տերևներին ու դեռ նոր ծաղկաթափ եղած պտուղներին։ Բակով անցնող առուն պղտոր էր։ Փողոցով անցնող հեղեղը լափին էր տալիս պատին ու վշշոցով գլորվում դեպի ցած։

Մայրը կայծակի փայլատակման հետ դուրս էր վազում և որդու թևից բռնած տուն քաշում։ Խեղճ կինը երկյուղից մի բառ էլ չէր ասում. միայն փաթաթվում էր, կուչ գալիս և այդպես ներս տանում։ Երբ Եգորը չորս-հինգ տարեկան էր, այդ խարխուլ տունը տեսել էր սոսկալի պատահար. այդպիսի մի մութ գիշեր հարևանները ներս էին բերել Եգորի հոր կայծակնահար դիակը, խանձված, կուչ եկած և այլանդակ մի կոճղ։

Եգորը շատ աղոտ էր հիշում թե հորը և թե այդ գիշերը, երբ ինքը մոր կանչից զարթնեց և տունը մարդկանցով լցված տեսավ։ Նրա հիշողության մեջ պայծառ էր մնացել այն խոսքը, որ Թելունց պառավն ասաց մորը. «Երեխուն առ, գնա հացատունը...»։ Հետո մի անգամ էլ պառավն եկավ ու մութի մեջ լաց լինող մորն ասաց.

− Այսուհետև էլ նոր տուն տեղի մասին հոգս քաշելդ զուր է... Հլա ջահել ես, շատ մարդ շատ խոսք կասի, բալքամ արյունդ էլ կպղտորվի... Չէ՛, քեզ հավաք արա, թխսամոր պես նստի բնիդ մեջ, թևերդ փռի սրա վրա... Դառ մի շվաքարան էս երեխի համար...

Եգորը հիշում էր մոր փղձկալը։ Նա կարծեց, թե պառավը ծանր խոսք ասեց մորը։ Ի՞նչպես հասկանար չորս հինգ տարեկան տղան, որ մայրը լալիս էր աղետի համար և այն դառն վիճակի, որ իր հետ բերում էր այդ գետը։ Անցած տասներկու տարվա ընթացքում և ոչ մի անգամ [ 479 ] մայրը որդուն չէր պատմել, թե ով էր հայրը, ինչպես մահացավ: Եգորը լսել էր ուրիշներից, որ նա ուժով էր եղել, որ մի անգամ գրազ են գալիս, եզան մեկն արձակում ու նա լծվում է մյուսի հետ և հաստ գերանը Քառասնաջրից մինչև եկեղեցու գավիթը քարշ տալիս։ Շատերից էր լսել, որ նա, ջաղացպանը և Ավան ամին, անբաժան ու սրտակից ընկերներ են եղել, շատ անգամ միասին որս արել և սպանած կխտարը անտառում մաշկել, կաղնու ճյուղից կախել և միասին մի օրում կխտարի միսը խորովել ու կերել։ Եվ որպես մութ պատմություն, մի անգամ նրա ականջովն էր ընկել այն, որ իբր թե իր հայրը Խոջա Հիբանի մեծ որդուն, Մկրտումին կապել է ծառից, նրա աչքի առաջ չոր ցախ հավաքել, ոտների տակ դարսել, որ նրան կենդանի վառի։ Ավան ամին այդ պատմաթյանր չէր հաստատում, նրա ասելով հայրը միայն բահի կոթով մի անգամ խփել է Մկրտումին, նրա անպատկառ ակնարկի համար, թե իբր հայրը ղազախի տղա է և սերվել է մովրովի ղազախներից, որոնք անցյալում հարկահավաքման ժամանակ մի քանի օրով գյուղում գիշերել են։

Ամեն անգամ, երբ կայծակի փայլատակումից վախեցած մայրը խնդրում էր նրան տուն մտնել, նա հնազանդությամբ էր կատարում մոր խնդիրը, սակայն քիչ հետո նորից էր դուրս ելնում։ Նրան դուր են գալիս և վարար անձրևը, և կայծակի լախտը։ Հաճույքի հետ կար և ներքին ահ, երբ մտաբերում էր իր մանկության առաջին չարաղետ գիշերը։

− Հեյ, հե՛յ... Բանդը տրաքե՜ց, ժողովու՜րդ,− հեղեղի տարափի մեջ որոտի նման լսվեց դարբին Վանեսի ձայնը։ Ու սարսափը տարածվեց, տներում մարդիկ մի վայրկյան սառած մնացին։ Տեր Նորընծան տեղում մեխվեց, կտրվեց մտքի թելը։ Այդ րոպեին մի անգամ էլ կայծակը փայլեց և ճեղքելով իջավ այգիների վրա... Երեցկինը ներքի տնից դուրս վազեց։

− Բահը տուր, ա՛յ կնիկ... Մեր այգեստա՜նը... Կայծակն էն կողմին ընկավ,− քահանայի ոտքերը դողացին ու նստեց ծանր թախտին։

− Տունը մի բահավո՜ր, է՜... Ձեզ չեն ասո՜ւմ... Շուտ...—կանչում էր գզիրը, վառվող կերոնը ձեռքին պտտացնելով։ Մթնում կերոնը կտուրից կտուր էր ոստոստում, ասես քամու բերանն ընկած հրդեհվող թուփ էր: Տեր Նորընծայի տան առաջ երևաց մի ուրիշ ջահակիր, ձիու վրա նստած։ Քահանան վերևից ձայն տվավ.

− Անտոն... Օրհնյալ, էս ի՞նչ փորձանք հասավ ժողովրդի գլխին...

− Բան չկա, տերտեր... Դու ապահով կաց։ Կես սհաթ չի քաշի, բանդը կշինեն... Էն տեղից եմ գալիս,− ասաց յափնջու մեջ կոլոլված [ 480 ] պամոշնիկ Անտոնը, որ պտտվում էր գյուղի փողոցներում, օգնության հասնողներին շտապեցնում և մտրակի կոթով փակ դարբասները ծեծում:

Եվ շտապում էին, որը բահով, որը քլունգով, չուխայի մի թևը փողոցում հագնելով, մեծ մասը ոտաբոբիկ, ոմանք յափնջիներով: Դուրս եկողներից մեկը լապտեր էր առել, մյուսը՝ շտապելուց, սև նավթով լիքը թաղարը: Վազում էին ինչպես խրտնած նախիր, նույնիսկ հասակավոր մարդիկ էին ցատկում, ճղփոցով ընկնում փողոցով հոսող պղտոր ջրի մեջ, հենվում բահի կոթին: Ոչ մի ձայն, ոչ մի խոսակցություն։ Ջահերի լույսի տակ փայլում էին բահերն ու քլունգները: Պամոշնիկ Անտոնը կանգնել էր եկեղեցու մոտ և ջահը բռնած լույս էր անում նրանց, որոնք խավարի միջից, զանազան մութ ու նեղլիկ փողոցներից, բահերը զրնգացնելով դուրս էին ելնում, մի վայրկյան երևում ջահի լույսով և ապա շտապում դեպի վեր: Կարծես կալանատնից փախչող բանտարկյալների բազմություն էր, որ գնում էր անխոս, զնգացնելով ծանր շղթաները,

Դարբնի առաջին կանչին Եգորը դեպի բահը վազեց, բայց մայրը կախ ընկավ թևից։ Ու կայծակը լուսավորեց: Եգորը կայծակի լույսի տակ տեսավ մոր սպիտակ դեմքը, ձեռքը թուլացավ։ Դարբասի դուռը ծեծեցին.

− Եգո՜ր,− լսվեց ջաղացպանի ձայնը: Եգորը վազեց դարբասի մոտ։− Ձեր էն կոթը կարճ բահը տուր... Մերը ջաղացումն եմ թողել...− Եգորի փոխարեն մայրը մեկնեց բահը.− աչքդ մեր հայաթին էլ պահի... հրես ետ եմ գալու, գնամ ջաղացը...

Գզիրն էլ չէր կանգնում։ Կես ժամում համարյա ամբողջ գյուղն էր հավաքվել, և այդ բազմությունը մրջյունի պես աշխատում էր ծռելու հեղեղի հոսանքը բլուրի փեշերով դեպի գերեզմանատան ձորն, ուր Այրումի առուն տրաքված գնում էր, ձորը բերնեբերան լցրած պղտոր ջրով: Հեղեղը վիշապի նման կլանում էր ճումերի այն բարակ պատերը, որ առաջին եկողները փորձում էին դարսել:

Տեսարանը վիթխարի էր: Վերի առուն փլվել էր, հունը խորացել և դարձել մի հեղեղ, որի ակունքները շատ բարձրերում էին, այնտեղ ուր ձյունի շերտերը աղի պես հալվում էին վարար անձրևի տարափից: Պղտոր ջուրը հանկարծ էր դուրս գալիս անտառից և բերանն առած չոր տերև, կոճղ ու ճյուղ, սրընթաց արշավում գյուղի վրա: Հին ամբարտակը դիմացել էր մի պահ, ապա դեմ առած կոճղերը հրել էին հողաբլուրը, ճեղքել և ջուրը մանր առվակներով թափել գյուղի վրա։

− Ծառը կտրե՜ք,− բղավեց ջաղացպանը, երբ աչքով չափեց ամբարտակի ճեղքը։ Ամբոխից տասը հոգի վազեցին դեպի անտառի եզրը: [ 481 ] Ճարպիկ շարժումով Արզումանը, որի սապոգներր լցվել էին ջրով ու տիղմով, պարանը նետեց ցցաչոր կաղնու բնին ու ձգեց։ Պարանին մոտեցան և մյուսները, ետ ու ետ քաշվեցին և երբ Արզումանը «նո՜ւ» արեց, տասնյակ բազուկներ ձգեցին, ծառը ճաքեց և շառաչով վայր ընկավ։ Ջաղացպանի խորհուրդն օգնեց, մի քանի ծառեր էլ կտրեցին։ Մոտիկ տներից բերին և խոտի խուրձեր, խուրձերի մեջ քարեր դրին և գցեցին ջրի մեջ։ Հեղեղը վիշապի նման մռլտաց, գլուխը աջ ու ձախ դարձրեց, փորձեց ճակատով հրել բարձր ամբարտակը, ուժը չհաղթեց և դժգոհությամբ գլուխը թեքեց գերեզմանատան ձորը, վայր հոսեց իր հին ճանապարհով։

Այնինչ գյուղից դեռ գալիս էին։ Վերջին եկողներից մեկը պատմեց, որ Քառասնաջրից եկող առուն բոստաններին շատ է վնասել... Լսվեց կանացի բարձր «վա՜յ»։

− Հը՞... ի՞նչ էր...

− Տեսնես որ լաչառն էր...

− Փորձանք պատահած չլինի՞...

Տեր Նորընծան նկատեց, որ արագ քայլերով մեկը անցավ իրենց փողոցով, լույսի տակ երևաց վազող ստվերը, և մինչև ինքը կվերկենար ու ձայն կտար, ստվերը կորավ մութի մեջ, լսվում էր միայն ոտքի ուժեղ դոփյունը։

− Տիրուհի՜... Ղարալրուն ո՞վ էր... Դու էլ տեսա՞ր։

− Էն ո՞վ կանչեց... Ձենը ներքևից էր,− պատասխանեց կինը։ Բայց հենց այդ ժամանակ Ավան ամին ձայն տվավ.

− Տերտե՜ր, քնած չե՞ս...

− Արի՛, արի՛ վերև, Հովհաննես... Էս փորձության ժամին, այ օրհնյալ, մարդ արարածը կքնի՜...− Ավան ամին վեր բարձրացավ։

− Լավ թրջվեցինք,− ասաց նա փափախը թափ տալով։

− Տիրուհի... արաղ բեր Հովհաննեսին...

− Տերտեր, բա մի չես նայե՞լ գրքիդ... Ի՞նչ է ասում։ Հո մեր վերջն չի... Էնա մի գլուխ կազատվենք, մեր հոգին էլ կդինջանա, մեր ջանն էլ...

− Նայել եմ... Միայն թե լուսնի հաշվով չի բռնում, և ակնոցը քթին դնելով, վերցրեց պատուհանին դրած գիրքը, որ միակ օրինակն էր թե Կարմրաքարում և թե ձորի գյուղերում։

Մի հին ձեռագիր էր այդ, որի մի մասը կոչվում էր «Թանգարան խրատուց», մյուսը՝ «Երազագիրք»: Կային և անթիվ «մաջուններ» զանազան ցավերի և հիվանդությունների դեմ։ Վերջապես լուսանցքներով և «հիշատակարանի» համար թողնված էջերի վրա Տեր Նորընծայի դիտողություններն [ 482 ] էին գյուղի գլխով անցած և իր կյանքում կատարված դեպքերի մասին։ Արդեն խունացած էջերի վրա կարելի էր կարդալ. «1906 ամի եղավ մեծ խռովություն և անասելի տանջմունք։ Մեր քիրվա Սավալանին սպանեցին անիրավությամբ յուրյանց սեփական օթախումն»... Իսկ նրանից անմիջապես հետո «Նարգիզն բուղով եկավ օգոստոսի 15-ին։ Կալամուտն պակաս էր, 37փութ խառն ցորեն, նաև գարի»։ Այդ օրվա հեղեղն էլ էր արդեն նշանակել. «Մայիս ամսվա 3, օրն շաբաթ, լույս կիրակի, քարեկարկուտ մեծ, ազգաբնակության անասելի վնաս: Պտուղքն վնասվեն և մասուլն պակաս լինի»։

Տեր Նորընծան կարդաց գրածը։

− Հա քո ասածն է... Էնքան էլ անիրավը ծաղկել էր։ Թե սալամաթ պրծնեինք, հարյուր բեռը խնձոր հավաքող կլիներ... Դու ասա քամին չկոտրատի թազա տնկած շիվերս...− ու երկնքին նայելուց հետո ասաց − կասես պարզում է, հը՞... Զրիկի գլխին հրեն աստղ է երևում։

Տեր Նորընծան ձեռքը մեկնեց տեղացող կաթիլներին։

− Բարակում է...− ասաց։ Փողոցով բարձրաձայն խոսալով անցան մի քանի հոգի։

− Ունա՜ն,–կանչեց Ավան ամին, ձայնից ճանաչելով,− ի՞նչ արիք... Պրծա՞ք...

− Աչքն էլ չհանեցի՜նք,− պատասխանեց մի երիտասարդ։

− Պրծանք, համա մերն էլ մեզ հասավ... Երկար տախտում մի երկու օրավար գարի ունեմ, հիմա սրբել է տարել,− տխուր ասաց Ունանը։

− Էհ, ես էլ գնամ, տերտեր...

Փողոցում երբեմն երևում էին առվի բանդից վերադարձող խմբեր։ Կերոններում բոցը ծուլ էր լինում, լուսավորում թրջված ու ցեխոտված մարդկանց, բահերը փայլում էին և ապա հանգչում։

Տեր Նորընծան թիկնել էր պատշգամբի սյունին և դիտում էր գյուղի զանազան ծայրերում դողդողալսվ շարժվող կրակները։ Նա հանգստացած շունչ քաշեց. նույնիսկ ժպտաց, ինչպես կժպտար գերդաստանի պապը, հարյուրամյա ծերունին, մահից առաջ թոռների բազմությանը նայելուց։

− Ա հե՜, մեր տերը հրեն զարթուն է հլա,− լսեց մի ձայն։

− Հիմի հալևորը սրտաճաք է եղել։ Վախեցել է որ...− և շարունակությունը չլսվեց։ Քամու հակառակ հոսանքը ետ շպրտեց գյուղացու խոսքերը և քահանան չիմացավ, թե ինչ ասացին։ Մի րոպե հետո մթնում մեկը քա՜հ-քա՜հ ծիծաղեց։ Տեր Նորընծան փշաքաղվեց, սեղմվեց սյունին։ Այդ ծիծաղն էլ, ինչպես և այն բառերը, որ քամին հետ շպրտեց, պղտորեցին նրա մտքերի խաղաղությունը և հին հարցը անբաժան ստվերի պես նորից եկավ: [ 483 ] Երբ Տեր Նորընծան միտք էր անում գյուղի առօրյայի մասին, մտքով կտրում էր անցած ճանապարհը և տքնում իմանալու, թե ուր պիտի հասնի իր ծուխը այն ժամանակ, երբ ինքը թաղված կլինի եկեղեցու պատի տակ, սառը քրտինքը պատում էր նրան, սիրտն ասես պոկվում էր, ընկնում ու տեղը մնում էր դատարկ։ Այն, որ պիտի գար, մութն էր, սևացած երկնքի պես։

Երբ ինքը դեռ երիտասարդ էր, փողոցով անցնելը հաղթական երթի էր նման... Մարդիկ կանգնում էին, խոնարհ գլուխ տալիս, իսկ կանայք, նույնիսկ պառավ կանայք, մոտենում էին և համբուրում երիտասարդ քահանայի աջը։ Իսկ հիմա՞... Մարդիկ քա՛հ-քա՛հ ծիծաղում են, ով գիտե ինչեր են ասում նրա մասին։ Նա մտածում էր «չարյաց արմատը» գտնելու և միշտ գալիս էր նույն տեղը հասնում, որոշում, որ հավատը թուլացել է, և խճճվում այն բազմաթիվ պատճառների մեջ, որ նրա համար սատանի կծիկ էին, անլուծելի հանգույց։

− Արի քնի է՜... Բա չբեզարեցի՜ր...–ձայն տվավ կինը ներսից: Տեր Նորընծան զարմացած նայեց։ Այո՜, կինն է, որ օրնիբուն աշխատում է, լվանում, եփում, թխում և այդքան աշխատանքի ընթացքում ժամանակ գտնում հարևանի տուն գնալու, կամ գյուղի մյուս ծայրը ծննդկանի համար «ծնունդ գավաթ» տանելու, իմանալու հազար ու մի լուր, հարյուրավոր մարդկանց մտքերին ու հույսերին տեղյակ լինելու, մեկին սովորեցնելու, թե ինչպես են «սինեմաքի» եփում, մյուսի հետ պայմանավորվելու, որ միասին գնան սարը շուշանի, երրորդի աղջկա գեղեցկությունը գովելու այն տանը, որտեղից լուրը հարևան գյուղից եկած կնոջ միջոցով պիտի գնար նրանց մոտ և, ո՜վ գիտե աշխարհի բանը, մեկ էլ տեսար, եկան և բանը գլուխ եկավ։ Ահա տունը, իր տունը, որ սարքել է քանի՜ տարի... Թախտը, այն լայն թախտը, որի վրա ամառվա գիշերներին հիանալի է քնելը և լույսը չբացված զարթնելը, այն ժամանակ, երբ ծտերը խոսում են, իրար կանչում և պաղ օդի մեջ լսվամ է ժամի զանգերի ծլինգ-ծլոնգը։ Տունը, որ տարիների ընթացքում լցվել է բարիքներով։ Ում պիտի մնա այդ ամենը՝ իր այգին, արքայական խնձորենին, որի մասին նա թաքուն այն կարծիքին էր, թե եդեմական խնձորենու տեսակն է իր այգում եղած «շահ-ալմասին», գոմը, մառանը:

Նա, որդին երբեք գյուղ չի գալ, Բուղդանը, երբ դեռ երիտասարդ էր, ամառները տուն էր գալիս... Բայց հենց այն ժամանակ էլ տեր հայրը նկատում էր, որ քիչ էլ մնա, թևերն ամրանան, պիտի թռչի ուրիշ աշխարհ և էլ չպիտի գա։ Նկատում էր և սարսափով նայում Բուղդանի գրքերին։ Մի՞թե նրանք էլ գրքեր էին... Ո՞ւր մնաց «Վարք սրբոցը»... [ 484 ] Ո՞ւմ պիտի մնա տունը... Հեղնարին, իր աղջկանը, իր օրինավոր ժառանգին, անդրանիկ դստերը։ Եվ հայրը հիշեց իր անդամալույծ պառավ աղջկանը, ձեռքը ծուռ, ինչպես չորացած ճյուղը, թույլ աղջկանը, որ ներսի տանն էր ապրում, ցերեկը նստում էր նեղլիկ պատուհանի առաջ և երբ բակում մարդ չէր լինում, դուրս էր գալիս, փայտի վրա հենված, ոտքերը քարշ տալով։ Տեր Նորընծան հիշեց իր աղջկանը, որին իր մտքում ընդունում էր վերուստ ուղարկած պատիժ, ու դեմքը կծկվեց։ Մի՞թե միայն Հեղնարը պիտի մնա...

− Էգուց էս գուլպեքը կհագնես,− ասաց կինը, երբ Տեր Նորընծան մոտեցավ անկողնին։ Քահանան նայեց սպիտակ բրդե գուլպաներին, որ աղավնու թևերի պես ծալած էին իրար վրա։ Նայեց և նրա սրտին իջավ նույն մեղմությունը, որ ուներ առաջ, ջուրը նորից պարզվեց և հաշա ու խաղաղ գլուխն իջեցրեց փափուկ բարձին։ Նրա աչքերի առաջ իր այգու արքայական խնձորենին էր, ծաղկած, ինչպես նորահարսը։

Գիշերվա մթնում Շալուն Սիմոնի տանը տեղի էր ունենում մարդու և պղտոր հեղեղի կոխը։ Ասես զայրացած, որ մարդիկ իր ընթացքը փոխել ու թեքել են գերեզմանատան ձորը,− վերի առվի վտակները գյուղի փողոցներում իրար միանալով, գրոհում էին Ղարիբանոցի կողմը, գետը թափվելու... Ալիքները ծառացան, դիզվեցին իրար վրա, հրեցին և տան կտուրը չոքեց, որովհետև փլվեց փողոցին նայող քարաշար պատի անկյունը։ Արզումանը բանդի մոտ լսեց ծկլթոց, լսեց ու ճանաչեց Սալբու ձայնը։ Նա վազեց, առանց նայելու քար ու փոսի, առանց ուշք դարձնելու գազազած շների հաչոցին։ Այգիների ճանապարհը գետի հուն էր դառել. մի վայրկյան նա կանգնեց, ասես ուզում էր որոշել, թե Մարցա ջուրն իր ընթացքը չի՞ փոխել... Այդտեղ նա մի անգամ էլ լսեց ծանոթ ձայնը... Նրան թվաց, թե կանչում են գետի մեջ խեղդվողները։

Սիմոնը ջրի արագ հորդանալուց հասկացել էր, որ բանդը քանդվել է: Երեխաները քնած էին։ Արթուն էր կինը և աղջիկը... Գրոհն այնպես հանկարծ եղավ։ Ջրի բերանն ընկած մի ծանր քար թափով խփեց պատին, սյուները դողացին. ճրագը հանգավ։ Եվ մութի մեջ հեղեղի վշշոցն ավելի պարզ լսվեց... Սալբին կանչեց, բոլորը վազեցին դեպի երեխաները և պատի ճեղքով ջուրը ներս վազեց։

Երբ Արզումանը մոտեցավ նրանց տանը, նա մութի մեջ ջոկեց երկու կանանց ստվերը, որոնք բարձրանում էին դեպի մարագը։

− Արզումա՜ն,− կանչեց Սիմոնը,– Արզուման... տունս քանդվեց:

− Երեխեքը...

− Տարա՜ն... Երեխոցը տարան... Տունս քանդվեց, Արզուման... [ 485 ] Եվ երկուսով ներս վազեցին: Պատի ճեղքվածքից ջուրը հորդ աղբյուրի նման ներս էր թափվում։ Թոնիրն արդեն լցվել էր: Ջրի ալիքները կույր օձերի նման դեսուդեն էին վազում և լիզում հատակին ընկած իրերը, ասես փնտրում էին լափելու ամենից թանկագինը: Սիմոնը կռացավ գետնից վերցրեց ալյուրի պարկը։ Քիչ էր թացացել. այդ վայրկյանին նա հիշեց այն սալաքարը, որ չորս օր առաջ դրել էր տանը, պարկի տակ։ Մեկը ներս մտավ։

− Ճրագը վառե՜ք,− կանչեց Արզումանը։ Նա կռացել էր և մոքի մեջ փորձում էր ճեղքի հաստոցը որոշել։ Մթնում լուցկին փայլատակեց ու հանգավ:

− Նավթը թափվել է...− Սալբին էր։ Արզումանը լույսի տակ տեսավ նրան։

Կարծես բոյը մինչև օճորքն էր... Երեսն այնպես լուսավո՜ր էր: Գերանների ծայրերը կռացել էին և կախվել։ Մյուս պատն էլ երերաց, կտուրը պիտի նստեր... Քամին էր, թե՞ ծանրությունից էր, գերանները ճռճռում էին, վերից ճլոփ-ճլոփ հող էր թափվում ջրի մեջ։ Սալբին հավաքում էր գետնի թափած իրերը... Ահա պղնձի մեծ գավաթը։ Կուժը չկա...

Արզումանը դուրս վազեց։ Մութի մեջ նա դիպավ Սալբուն: Աղջիկը կռացել էր: Ու բռնեց նրան, բռնեց, որ չընկնի ու չգցի։ Հետո վազեց դեպի մոտիկ մարագը... Տկլո՞ր էր Սալբին, շո՞ր չկար հագին, թե այնքան թրջվել էր, որ շորը չէր շոշափվում։ Խոտի երկու խուրձ թևի տակ նա ներս մտավ։ Ու խուրձը հրեց ճեղքի մեջ։ Մի հոգի ներս եկավ, հետո երկրորդը։

− Նանի, նավթ չկա՞։

− Հը... հատել է՜... Էս ո՞վ է... Հը՞... Արզումա՜ն...– Մեկը դուրս եկավ, երևի գնաց նավթի... Կինն էլ սկսեց փնտրել ջրի երեսին լողացող իրերը... Նրա բռի մեջ լոբու հատիկներ ընկան...

− Աղջի... լոբու պարկը կապած չէ՞ր...

− Հրես պարկը... էս չի՞...− ասաց Սիմոնը։ Կինը ծնկներին խփեց։ Եվ հետո հարցրեց։

−Ձավա՜րը, ձավա՜րը...

− Օջախի քարին է...

− Էս ինչ զուլո՜ւմ էր...− Ով էր ասաց, Սիմո՞նը, թե կինը։ Մեկը խոր հառաչեց, ասես շատ ճանապարհ գնալուց բեզարել էր։

− Էս եղանը դիմհար տու,− կանչեց Արզումանը։ Սալբին մոտեցավ ու բռնեց եղանի կոթից։ Նրա մատները դիպան Արզումանի ձեռքին: [ 486 ] − Էսպես բռնի,− ու թևից քաշելով ձեռքը մոտեցրեց պատի մեջ խրած խուրձին... Կռացավ ու շեմքի սալաքարը պոկեց։

− Հեռու, ոտիդ կընկնի,− Սալբին զգաց, որ կարմրատակում է: Ի՜նչ լավ էր, որ մութն էր տանը։ Դող անցավ մարմնով... Երևի շատ է թրջվել... Շապիկը ծեծում է մեջքն ու կուրծքը, ծեծում է սառնությամբ, իսկ ինքը տաք է, ոտքերն այրվում են։

− Ա խիզան, կաշու ձողը ձեռներդ չընկա՜վ,− հարցրեց Սիմոնը, որ ձեռն ընկածը կախում էր պատի ցցերից, տեղավորում դարակներում և շուտ-շուտ ալյուրի պարկին նայում։

− Դռան վրա եմ գցել...− պատասխանեց Արզումանը։

Այս էլ դուր եկավ Սալբուն. ամոթխած մի զգացում էր այդ, մութի մեջ, երբ պատի այն կողմը թշշում էր հեղեղը և տանը լսելի էր, թե ինչպես քարերը գոռալով իրար են զարկում... Ուրեմն Արզումանն էլ խիզան է, մեր խիզանը, մտածեց Սալբին։ Ժպտաց, ի՜նչ կա որ... Վաղն արև կանի ու կչորանա ամեն ինչ... Նանու լոբիները չեն լինի։ Իսկ այս մարդը, որի տաք շնչառությունն այդքան մոտ է զգում, քրտնած ու թրջված մարմնի հոտը, սապոգների հոտը... Եվ քանի գնում, ավելի շատ է գալիս։ Գալիս է, հոր հետ խոսում, աչքի տակով իրեն նայում։ Ահա... ծունկն է՝ նրա ծունկը։

− Ջուրը բարակում է, հա... Սիմոն ամի... բանդը պրծել են, հրես կհանդարտի,− ասաց Արզումանը։

Ու քիպ մոտեցավ։ Մի ծանր բան իջավ Սալբու ուսին, հաստ մատները սեղմեցին ուսը, թուլացավ ու ձգվեց դեպի քրտնած ու թրջված մարմինը։ Ինքը մոտեցավ, թե՞ իրեն քաշեցին... Խավարն ավելի թանձրացավ. սենյակը գլխին շուռ էր գալիս, ասես հեղեղի բերանն ընկած գնում է... Տանում են։ Հետո տաք շունչը կռացավ այտերի վրա. ականջին մի բառ ասաց և շրթունքները դողացին։

− Էդ ինչ էր,− ասաց մայրը։

− Ոտս սլկաց, քիչ մնաց ընկնեի...− պատասխանեց աղջիկը։

− Դե հիմա էլ փրփրա,− ասաց Արզումանը, հեռանալով պատից,– մի կաթիլ էլ չի կաթում:

Հարևանը ճրագով ներս մտավ։

* * *

Լուսաբացին գյուղն արդեն ոտքի էր: Անձրևը դադարել էր, միայն ծառերի ճյուղերից ու կտուրների գերաններից էր կաթկթում ջուրը։ Փողոցներով հոսում էին բարակ, զուլալ առվակներ, որոնց հատակի [ 487 ] խիճերը մեկ-մեկ կարելի էր համրել։ Հեղեղը վերի թաղում Շուղանց Իսոյի կալատեղն էր քանդել, քարերը գլորել մինչև եկեղեցու գավիթի պատը: Փողոցներում, մի քանի տեղ խորխորատ էր փորել։ Այս ու այնտեղ կիտած էր չոր ճյուղերի ու տերևների կույտ։ Թելունց պառավի երկու հավը չկար, պառավը ծնկներին հարայ տալով բոլորին հավատացնում էր, թե գողացել են, թե ինքը ոտնաձայնին վեր է կացել ու վախից դուռը բաց չի արել։ Լսողները ծիծաղում էին։

− Ա՜յ պառավ... էն սև գիշերը ում դարդն էր քո լղար ճտերդ։

− Ինչ ճուտ... Մինը թխսամեր էր, էն մինն էլ տարին երկու խախալ ձու էր ածում,− ասում էր պառավը, և մարդիկ, որոնք հավաքվել էին կտուրների վրա, և որոնց մեծ մասը գիշերվանից դեռ ոտաբոբիկ էր, փողքերը մինչև ծնկները վեր քաշած, մարդիկ ծիծաղում էին և ավելի չարացնում Թելունց պառավին, որ սպառնում էր տանուտերով, պրիստավով ու դատարանով։

Լույսը չբացված մի քանի հոգի գնացել էին իրենց արտերի ու այգիների տեսության և վերադարձել էին։ Կտուրներին հավաքված մարդկանց խոսակցության նյութը այդ մասին էր։ Ասում էին, որ երկար տախտակների գարիքը թազնել են, և էլ հույս չկա, թե վեր կենան, որ Սուլթանա ծովում ձվի մեծությամբ կարկուտ է եկել, մի նեղ շերտով խփել մինչև սարի սեռը, որ Եզնարածի առուն քանդվել է ու քշել Չանեն ծուռ Ունանի ղորուղը, այնտեղից թափվել Ունանի խամը և փոսերը քարով լցրել։ Այգիներից եկողներն էլ պատմում էին, որ շատ ծառ է ճղակտոր եղել, և իբր Նռանձորում կայծակ է խփել ծառերին։ Բայց ականատեսներից և ոչ մեկը կտուրի վրա չէր. նրանք պատմել էին մեկին, այդ մեկը մյուսին և ամենքն էլ հավատում էին՝ որ այդպես է, մանավանդ նրանք, որոնց արտն ու ղորուղը իբրև թե ամենից շատ էին վնասվել։

− Էդ լինելու բան չի,− ասաց դարբինը,− մենք հո սխտորաշենցի չենք, որ մեր հանդը չիմանանք... Ա խալխը, իսկի կլինի, որ Եզնարածի առուն տրաքի, Չանեն ծուռ Ունանի ղորուղը քանդի, էնտեղից էլ տա Ունանի խամին... Առո՜ւն ուր, ղորուղն ուր...

− Է՜հ... սարսաղ սարսաղ դուրս է տալիս,− վրա պրծավ մի ալևոր,– բա չի՜ լինի...

− Այ ալևոր, բա էդ լինելու բան է՞... Ջուրը թև՞ ունի, թե երկնքի ղուշ է, որ էն եքքա սարը բարձրանա։

− Բա հասնիլ չի՜... Զոռեց, կհասնի էլի... Ջրին ի՞նչ կա... [ 488 ] − Իմ խելքն էլ չի կտրում, որ հասնի,− ասաց մի ուրիշը,− գնացողը մեր Սողոմոնը չի... Մերը չմեռածի սուտը շատ է, քան ղորթը...

Եվ վեճը շարունակվում էր... Նոր լուրեր էին բերում, որ Նռանձորում կայծակ չի խփել։ Ոմանք նույնիսկ ասում էին, որ այնտեղ անձրև էլ չի եկել։ Հեղեղի վնասներն ավելի ճիշտ ու մանրամասն էր պարզում յուրաքանչյուրն իրեն տան, բակի, այգու և բոստանի համար, երբեմն հետաքրքրվելով հարևանի վնասով։ Կային, որ չար նախանձով էին նայում կողքի արտին, որ պատահմամբ ավելի քիչ էր վնասվել: Սակայն եթե քիչ էին նրանք, որոնք չար նախանձով էին նայում հարևանի պակաս վնասին և կամ ընդհակառակը ներքուստ հրճվում, երբ տեսնում էին, որ հեղեղն իր արտի կողքով անցել է և հարևանի արտը թաղել ավազի ու տիղմի հաստ շերտի տակ, − եթե քիչ էին այդպիսինները,− մեծամասնությունը, ավելի ճիշտ բոլորը, իրենց վնասի մասին պատմելուց ավելացնում էին, մեկը տասը շինում և հայտնում, որ գյուղում նրա չափ ոչ ոք չի տուժել։

Ավան ամին այգիներում էր։ Շաղաթաթախ, տրեխներն ու գուլպաները թրջված, չուխայի ծայրերը գոտկում խրած, այդ մարդը այգիների ծանոթ կածաններով գնում էր, վեր նայում՝ ծաղիկների փնջերին ու կեռասի կանաչ գնդիկներին, գետնին նայում, որ տեղ-տեղ ծածկված էր կանաչ տերևներով, ձեռքով տնտղում, շտկում նոր ընկած շիվը, ստուգում՝ չի՞ ջարդվել պատվաստը։ Կարմրաքարում միայն նա ճիշտ հաշիվ կարող էր տալ, թե ինչքան են վնասվել գյուղի այգիները։ Եվ քանի հեռանում էր, այնքան վնասվածն ավելի քիչ էր. կարծես հեղեղը թափվել էր միայն գյուղի գլխին:

Լուսաբացին Քառասնաջրի ուղղությամբ գնացողները ջրամբարտակի մոտ տեսան Մկրտումին. կանգնել էր քարի գլխին ծիլավոր յափնջու մեջ կոլոլված և ինչպես ցինն է նայում վերից վար ու հետևում որսին, այնպես էլ նա նայում էր Քառասնաջրի պղտոր ալիքներին, որ թոփով գալիս էին, ամբարտակին չհասած հանդարտվում, լճանում և ապա դեղնավուն փրփուրով թափվում ցած։ Գիշերով մի քանի անգամ էր եկել։ Մի անգամ անձրևի վարար ժամանակ նա Գոդուն իջեցրել էր ներքև ստուգելու հո չի՞ քանդվել ամբարտակը։ Ամեն անգամ վերադարձել էր ուրախ, սակայն հենց սանդուղքի գլխին մի կասկած փշի պես ծակել էր միտքը, չլինի՞ մի բան պատահի, հազար շառ ու դուշման, գան... Հը՞... Եվ նորից էր վերադարձել։

Մկրտումը քարի գլխից նայում էր ցած և անհամբեր սպասում, թե երբ պիտի երևա ամբարտակի պատը... Ջուրը ամբարտակի մեջտեղից, [ 489 ] շյուզի համար թողած բացվածքով ահռելի շառաչով ցած էր թափվում: Ջուրն այնքան շատ էր, որ այդ բացվածքը հերիք չէր անում ու թափվում էր պատերի վրայով։ Մկրտումը նայում էր համառ ու շեշտակի, նայում էր ջրի ընթացքին, ասես ուզում էր հանդարտեր նրա թափը։ Եվ ինչքան բարակում էր, ջրի տակից դուրս էին ցցվում ամբարտակի սպիտակ քարերը, այնքան էլ նրա դեմքի լարվածությունը մեղմանում էր, մկանները թուլանում էին։ Դիմացի քարափի կրաքարը ապակու պես շողշողաց... Նրա փայլն ընկավ ջրի մեջ, պղտոր ջրի մթությունը կորավ, ջուրը դարձավ դեղին, Մկրտումը ժպտաց։ Մանր վտակները չքացան և ջուրը խոնարհ գառան պես ընկավ շյուզի բացվածքը։

Ամբարտակը դիմացել էր. այդ էր ասում նրա հաստ և բարձր պատը, որ բազկի պես այս ափից մյուսն էր մեկնված։ Ջրի տակից դուրս եկած քարերն ու կրածեփ պատերը պսպղում էին ճարպոտ փայլով։ Մկրտումը վայր իջավ, կանգնեց պատի գլխին ու նայեց ջրվեժի ցնցուղներին։ Ու նոր միայն զգաց, որ արևի սպիտակ սկավառակը արդեն բարձրացել է։ Գոլորշի էր ելնում յափնջուց... Մկրտումը նայեց ջրին, մեկ էլ վեր բարձրացավ... Ներքևում գյուղն էր։ Գոլորշին խառնվել էր կապույտ ծխի հետ։ Եվ այդ քողի հետևից երևում էին կանայք, որոնք արևի տակ փռում էին կարպետ ու վերմակ, երեխաները կտուրների վրա վազվզում էին... Տղամարդիկ չէին երևում։ Մի կին վազում էր պոչը ցցած ու կետ անող հորթի հետևից։

Մկրտումի նինջն եկավ... Հոգնել էր։ Ու թիկնեց քարին, յափնջու մեջ կոլոլվելով։ Ինչ լավ է՜ աշխարհը... Կարմրաքարը։ Եվ ինչքան բան կա դեռ անելու այնտեղ... Մկրտումը հիշեց այն, որ գյուղում իրեն ու իրենց տունը չեն սիրում, թեկուզ երեսին չեն ասում... Վախում են, հը՞,− մտածեց նա ու ձեռքը յափնջու տակից հանեց... Արևի շողերը խաղացին նրա կարճ ու մազոտ մատների հետ։− Փողը, հը՞,— հարցրեց ու բուռը սեղմեց, ասես արևի շողերը ոսկի էին թափել բռան մեջ։

− Անհասկ մարդիկ... Ես ձեզ ի՞նչ եմ արել... Սպասեք մի քիչ էլ... կտեսնեք, թե ես ինչ կանեմ, ես Մկրտում Խոջա-Հիբանի տղան... Ինչ կանե՜մ...

Թեկուզ հեղեղը վնասել էր գյուղին և մարդիկ դառնացած էին այդ առավոտ,− բայց և այնպես արևի ելքը, նրա առատ ջերմությունն ու փայլը մոռացնել տվավ գիշերվա սարսափը։ Փայլում էր ամեն ինչ. եկեղեցու պղնձյա խաչին նայել չի լինում և երբ սարյակները թռչում էին, որ նստեն նրա թևերին, թվում էր, թե ընկնում էին կրակի մեջ։ Տեր Նորընծան սովորականից կանուխ էր զարթնել։ Բաց արել երազահանը [ 490 ] և կարդացել. «Երազն չար է և օրն կատարի»... Դողացող ձեռներով շալն ուսն էր գցել և Նռանձորի ճանապարհը բռնել։ Վա՜տ, շատ վատ երազ էր տեսել... Իբր թե պատարագի ծանր ժամին, սկիհը ձեռին, շրջվում է, որ խաչակնքի բազմությանը, տեսնում է, որ բազմություն չկա, մարդ չկա եկեղեցում ու միայն իր աղջիկը՝ Հեղնարը, փայտին հենած, ոտները քարշ տալով մոտենում է հաղորդություն առնելու... Եվ իբրև թե դրսում աղմուկ է, ներս են վազում մարդիկ։ Խոջա-Հիբանի տղան պար է գալիս ու կանչում՝ որ կայծակը վառել է նրա խնձորենին, Նռանձորի արքայական խնձորենին։ Մինչև այստեղ սրտի դողով կարողանում էր հիշել Տեր Նորընծան։ Բայց շարունակությունը մտաբերելիս քիչ էր մնում դատողությունը խանգարվի... Իբրև թե սկիհից կաթ-կաթ արյուն էր թափվում ոսկենկար և ասեղնագործ շուրջառի փեշերին։

Այգիների ճանապարհով անցնելիս նա տեսավ ջաղացպանին... Ուստա Նազարն էր, կանայք, որոնք նրան տեսնելուց գլխաշորով երեսի մի մասը ծածկեցին, ջաղացպանը տեղից վեր կացավ, «օրհնյա ի տեր» ասաց, բայց Տեր Նորընծան չլսեց։

− Տեր հայրը հիվանդի պես էր,− ասաց ուստա Նազարը ջաղացպանին։ Նա չլսեց։ Արզումանը պատասխանեց.

− Բաղի դարդն ընկել ա ջանը, ուստա... Դու մեր դարդը քաշի...

Եվ մոտեցավ քարերին։ Ուստան գոգնոցը կապեց, մալան առավ։

− Ուստա մի պատ կշարես, որ Պորտ-Արտուրի կրեպոստիցն էլ պինդ լինի... Դե, երգդ ասի...

Տան առաջ Սիմոնի կինը և Սալբին արևի տակ փռում էին թաց ձավարը, չորաթանը և բարակ միթելները։

...Կեսօրի մոտ գյուղում իրարանցում ընկավ։ Լուրը կայծակի արագությամբ կտրից կտուր թռավ, հասավ մինչև այգիները։ Ավան ամին մեղրաճանճի քթոցներ էր տեղափոխում, երբ Բարիկոյին տեսավ այգիների ճանապարհով վազելիս...

− Բարիկո, ախչի, էդ ու՞ր...

− Ջաղացը... Ավան ամի, ղազախները գալիս են...

− Ի՞նչ ղազախ... Կաց տեսնեմ,− սակայն Բարիկոն արդեն կամրջի գլխին էր: Ավան ամին գոտու տակ խրած արխալուղի փեշերն արձակելով, ճանապարհ ընկավ, չուխայի մի թևը կախ։

− Արզումա՜ն...

− Հե՜յ...

− Տերության մարդ է գալիս։

− Հե՜... Գալիս եմ հրե՜... [ 491 ] Տներից, բակերից դուրս էին գալիս տղամարդիկ, կանայք: Երեխաները նրանցից առաջ էին վազում։ Գյուղը մրջնոցի նման իրար էր խառնվել, բոլորը շտապում էին դեպի փողոցը, ոմանք բարձրանում էին կտուրը և ձեռքները ճակատին դրած նայում հեռուն, ուր մի բան սևին էր տալիս։ Երևում էին երկու ձիավոր, որոնցից մեկը առաջ էր ընկնում, երբեմն էլ ձիու գլուխը ետ դարձնում... Մեկն ասում էր, թե վերի գյուղի համար են գալիս, մյուսը՝ թե երևի ձիավոր զորքը պիտի սարը բարձրանա, որովհետև նրա լսածով քաղաքում խոտ չի ճարվում։ Արզումանը խոր նայելուց հետո, բարձր ծիծաղեց...

− Այ խամ հեյվան... Էն հո մեր խազեյինանց ստրումենտն են բերում... Պիլնու համար...

− Ա հե՜... սրա ասածը կլի հև՞,− ասաց մեկը։

− Ղազախն էստեղ ինչու՞ պիտի՛, ի՞նչ բան ունի...

− Կարելի է՜... Սպասի տեսնենք... Հրեն գլուխը հասավ Լուս Խաչերին...

− Էն առաջինն էլ Եփրեմն է... Ես ձի քշելուցն եմ իմանում,– ասաց Արզումանը... Ու մյուսն ավելացրեց.− հրեն հա՞, կարմիր մադյանն է էլի... Ես չեմ ճանաչու՞մ նրանց մադյանը... Եվ սկսեցին ծիծաղել ղազախների գալու լուրը տարածողների վրա։

− Ա դե եսիմ է՜... Բռիցս հոտ չեմ արել, որ իմանամ... Ինձ էլ Մուքելի տղան ասաց...

− Ես էլ կտրանը կանգնած էի, ականջովս ընկավ...

− Առաջինը Թելունց պառավն ասեց...

− Էնենց է ասել, որ հավերը ճարի...

Ու ծիծաղն ավելի թնդաց։ Թեկուզ արդեն համոզվում էին, որ եկողները կոզակներ չեն, դարձյալ չէին ուզում ցրվել։ Հավաքվել էին խումբ-խումբ, տղամարդիկ ջոկ, կին ու աղջիկ՝ ջոկ։ Շատերը գրկել էին մանուկներին։ Ու միայն երեխաներն էին, որ այս խմբից այն խումբն էին անցնում, վազում շարքերի արանքով։

− Ա թուլա, դե դադար կաց է՜,− ասաց մի ալևոր, որին մի երեխա հրեց ու ձեռքի թութունից մի քիչ թափեց։ Երեխան վազեց ու բազմության մեջ գտավ մորը։

− Ինչ խաչը ջուրը գցելու ժողովուրդ կա,− ասաց մեկը։

− Հավատաս, որ ջրօրհնեքին էլ էսքան մարդ չի հավաքվի... Հրեն հա՜... Քաչալ Սային էլ է եկել...

Քաչալ Սային մի կույր ծերունի էր, որ կամ իր բոստանի շվաքում [ 492 ] էր պառկում, կամ տանը՝ քուրսու տակ։ Ոչ գյուղամեջ էր դուրս գալիս և ոչ էլ երևում էր գյուղական տոներին։ Կողքի գյուղերն էլ էին նրան ճանաչում, մի կարմրաքարցու հանդիպելիս, եթե հարցնեին գյուղի անցուդարձից, կարմրաքարցին ծիծաղելով պատասխանում էր, թե «Քաչալ Սային հլա բոստանումն է», այսինքն գյուղում նորություն չկա...

− Տեր Նորընծան չկա՞...

− Գնացել է ստրումենտ սարքի, որ գա ժողովրդին օրհնի...

− Տնաշեն, խաչը ջուրը գցելիս օրհնում է... Բա մենք սաղ գեղով էս գիշեր ջրի մեջ ընկանք, ուրեմն չօ՞րհնի,− ասաց Արզումանը:

Այդ խոսքի վրա փողոցի ծայրում երևաց Եփրեմը։ Նա ձիու գլուխը ձգեց, ձին հետևի ոտների վրա բարձրացավ ու պտույտ արեց։

− Շան որդու փորսին տես...

− Մարդ է զարմացնում, կակ բուդտո ձի չենք նստել,− ասաց Արզումանը։

− Էն մադյանը որ քու տակին լիներ, հավատա ուրախությունից երկինք կթռչեիր...

− Իմ տակին մի ռիսակ կար, որ քեզ պոչից կապած կտանեի Սուտիկ պապիդ մոտ,− պատասխանեց Արզումանը և խեթ նայեց Սուտիկ Ոսկանի թոռ Գըդլ-Պուղուն, կարճլիկ ու հաստ մի երիտասարդի, որին գյուղում չէին սիրում։ Նրան անվանում էին «պրիստավի թազի»։ Երկուսն էլ իրար աչքով չափեցին, այդ րոպեին մեկը կանչեց.

− Ֆուրգունները...− և Եփրեմը ձին արագ քշելով անցավ փողոցով, ցեխի շիթեր շպրտելով այս ու այն կողմ։

− Ձիդ թրքեց... խազեին,− բազմության միջից կանչեց մեկը, ոմանք ծիծաղեցին։ Եփրեմը ետ նայեց ու գոռաց պատերի տակ շար ընկած երեխաների վրա.

− Դենը փախեք, շան լակոտներ... Ընկնելու եք տակը, սատկեք...

Եփրեմի բարկությունը մեղմելու նպատակով, թե բազմության մեջ աչքի ընկնելու համար Գըդլ-Պուղին հարցրեց.

− Եփրեմ, վերի կապովն եկա՞ք, թե ներքի ճամփով...

− Վերի կապն էլ քանդվի, ներքինն էլ... Սա երկիր է՜... Շան օր քաշեցինք...− և ձին քշեց։

− Պո-պոպո... Էս ինչ քոսակ է՜...

− Կրիբալդի՜... Կրիբալդի...

Փողոցի ծայրին երևաց մի ձիավոր, երկար պլաշչը հագին։ Գլխին դրել էր գյուղի համար արտասովոր գլխարկ, որի ծայրերը երկու կողմերից լոշ-լոշ ականջների նման կախվել էին։ Մարդն անբեղ, անմորուս էր: [ 493 ] Նա նստել էր ձիուն այնպես, ասես պարաններով կապկպած էր։ Գլուխը մազաչափ անգամ աջ ու ձախ չէր դարձնում։ Կարծես գյուղի փողոցը նույն ձանձրալի ճանապարհի շարունակությունն էր, որով եկել էր նա մի օր շարունակ։ Այդ ձիավորը գերմանացի էր, ներկայացուցիչն այն ֆիրմայի, որ փայտամշակման գործիքներ ու ստանոկներ էր մատակարարում ռուսական առևտրական տներին ու ստանոկների հետ միասին էլ առևտրական տների տրամադրության տակ ուղարկում իր վարպետներին, որոնք պիտի սարքեին սղոցարանները և սարքած հանձնեին տերերին։ Իր կյանքում նա շատ տեղեր էր ման եկել և ամեն տեղ էլ տեսել նույն հետամնաց ու կիսավայրենի վիճակով մարդիկ և եկել այն համոզման, որ աշխարհի աչքը՝ իր հայրենիքն է, որ մյուս երկրներին մատակարարում է բազմաթիվ մեքենաներ և իրեն նման մարդիկ, որոնք մեքենայի մի մասն էին։ Նա գլուխը չթեքեց նայելու ոչ Կարմրաքարի եկեղեցուն, ոչ այն քարաշեն տներին, որ խմբված էին հին եկեղեցու շուրջը։ Նա տեսել էր այդ մի անգամ և համոզվել, որ ինչքան էլ գնար այդ երկրում, պիտի տեսնի նույնը՝ սարեր, ձոր ու անտառ, ջրեր,− որոնց ուժով քանի՜ սղոցարան կբանեին, և մարդկանց՝ խեղճ, ռամիկ, մի քիչ էլ խորամանկ մարդկանց։

Աջ ու ձախ կանգնած ամբոխը զանազան նկատողություններ էր անում «Կրիբալդու» մասին, բայց հենց նա մոտենում էր թե չէ, խոսողները լռում էին և պլշած աչքերով նայում տարօրինակ կոշիկներին, գլխարկին և կաշվե պայուսակին, որ մեջքին էր կապել և ոչ թե ձիու թամբին։ Այս էլ սրախոսության նյութ դարձավ կտուրի վրա կանգնած տղամարդկանց համար։ Բայց հենց այն ժամանակ, երբ մեկն ակնարկ էր անում Խոջա-Նասրեդինի և էշի փալանի պատմությանը, «Կրիբալդին» հանկարծ ձիու գլուխը բռնեց և վեր հանեց իր գլխարկը, ճոճելով Արզումանի կողմը։

Կտուրի վրայից Արզումանը նրան ասել էր «գուտտեն մորգն»... Գերմանացին անչափ ուրախությունից գլխարկը հանել էր։

Նա գերմաներեն մի քանի խոսք ասաց, սակայն համոզվելով, որ կտուրի վրայի մարդն ավելին չգիտե, գլխարկը նորից հագավ ու սանձը բաց թողեց։ Բայց և այնպես այդ խոսքն էլ նրան դուր եկավ։

− Մալադեց, Արզուման...

− Արզումանը լեմսի լեզու է խոսում...

Եվ շշուկը տարածվեց, հասավ մինչև կանանց բազմությանը ու գունավոր շորերի, թաշկինակների ծովի մեջ մի դեմք վարդագույն դարձավ, գլուխը խոնարհեց։ Քանի՜ անգամ նրա անունը տվին ու մատով ցույց [ 494 ] տվին կտուրը, որի ծայրին նա կանգնած էր, զինվորական բաճկոնն ուսին։ Սալբին հիշեց գիշերվա հեղեղը...

Իրար հետևից երևացին ֆուրգոնները։ Հոգնած ձիերը կապույտ փրփուրի մեջ վերջին ճիգերն էին անում ծանր բեռը քաշելու։ Գոլորշի էր բարձրանում նրանց քրտնած մարմիններից։ Ֆուրգոնի անիվները, ճաղերը, ձիերի ոտները, նույնիսկ կուրծքը, ցեխոտ էին, ասես ճղփալով անցել էին ցեխի հեղեղի միջով։ Առաջին ֆուրգոնի մեջ մի հսկա արկղ էր, երկաթե ձողերով կապկպած։ Երկրորդ ֆուրգոնի հատակին ընկած էին երկաթե երկար ու զանազան հաստության ձողեր, որոնց ծայրերը ցեխի մեջ քարշ էին գալիս, ակոսներ քաշում։ Երրորդ ֆուրգոնը երկրորդից բավական հեռավորության վրա էր։ Չուգունի պտուտակներ էին, տարբեր մեծությամբ, կտրատված երկաթներ, փոկերի ծալ-ծալ կապեր, փայտի արկղներ և ուրիշ մանրուք։ Վերջին ֆուրգոնը բերնեբերան լցված էր թիթեղներով և դրա համար էլ ամենից շատ նա էր աղմկում, զրնգացնում։

Կարմրաքարն առաջին անգամ էր տեսնում այդքան ֆուրգոն և այդպիսի ապրանք։ Ճիշտ է մի քանի անգամ Խոջա-Հիրանի որդիների խանութի ապրանքը դարձյալ ֆուրգոնով էին բերել, բայց նրանք երկձի էին, սովորական սայլից մի քիչ մեծ։ Մի անգամ էլ պրիստավ Բեկտաբեգովն էր եկել այնպիսի փոքրիկ կառքով, որին գյուղում անվանել էին ծտի բույն։ Բայց այս անգամ չորս ֆուրգոն, չորսն էլ քառաձի և ի՜նչ ձիեր, ի՜նչ սարք ու կարգ։ Կային այնպիսիները, մանավանդ կանանց մեջ, որոնք չէին տեսել նույնիսկ այն երկձի ֆուրգոնը, որ խանութի համար ապրանք էր բերում։ Եվ զարմանքով, զմայլանքով էին նայում ֆուրգոնի ներկած ճաղերին, որ վրանի նման օրորվում էր։

− Այ ինչ ուխտ կգնամ դրանով... Մեջը քնի, ոչ արևն այրի, ոչ կարկուտը տա...

− Լավ ալաչուխ կլինի դրա գլուխը...

«Աշխարհ տեսած» կանայք ծիծաղում էին նրանց վրա։ Տեր Նորընծայի կինը մի անգամ որդուն ուղեկցել էր քաղաք և տեսել կառքը։

− Անտերը ղուշի նման է գնում.. Անսա՜ս, անսաու՜ր... Էնքան էլ կակուղ...

− Բա որ Բաքվա վագոնը տեսնես,− վրա բերեց մի ուրիշը,− ոտդ տափից կտրում ես թե չէ, պոկ է գալիս... Մին Գյանջա ես տեսնում, աչքդ խփում ես թե ննջաս, ըհը Բաքուն...

Իսկ նրանք, որոնք ոչ կառքն էին տեսել, ոչ էլ Բաքվա վագոնը, ուշադրությամբ լսում էին թե՛ նրանց պատմածը և թե՛ աչք չէին հեռացնում օրորվող ֆուրգոններից։ [ 495 ] − Չէ՜... Կարմրաքարն էլ լուսավորվեց... Զավոդ բերին Հիբանի տղերքը...

− Բալադ մեռնի, փո՜ղ... Տես ինչը որտեղ դուրս բերեց... Չորս ձիանի փրգոնը Կարմրաքար հասնի՜... Որ աչքովս էլ տեսնայի, էլի կասեի սա մեր գեղը չի,− վրա բերեց Ունանը, որ ցաքանը ձեռին այգուց եկել էր մի կապ ցախ թևի տակ։

− Հմի կհավատա՞ս։

− Էլ չեմ հավատում...− տխուր ասաց Ունանը։ Ասաց և հառաչեց, կարծես խոստովանեց մի դառն ճշմարտություն, որ ակնհայտ էր գարնան արևի նման, որի շողերն անտարբեր խաղում էին և պղնձե խաչի և փայլուն թիթեղների հետ։

Հաղթական երթի նման էր ֆուրգոնների անցնելը։ Գեր ձիերը, նրանց նոր սարքը, արծաթ կոճակները, որ շարված էին սարքի կաշիների վրա, ձիերի վզից կախած գունավոր փնջերն ու զանգուլակները, որ ավելի զորեղ էին հնչում, երբ ձիերը ուժ էին անում ֆուրգոնը քաշելու, վերջապես ֆուրգոնների տեսքը, նրանց վրա դարսած իրերը, որոնք ֆուրգոնի նման նոր էին, առաջից գնացող ձիավորները,− այս ամենը մայիսյան արևի տակ փայլփլում էին, շլացնում և հաղթական երթի նմանություն տալիս։ Արզումանը նայում էր ֆուրգոնների շարքին. նա մտքում ասաց. «Հիբանի տտղորց աբոզը»: Մանյովրի ժամանակ այդպես էին նրանք մտնում անծանոթ ավաններն ու քաղաքները։ Եվ ժողովուրդը շարք կազմած թամաշա էր անում։ Իսկ զինվորները, մանավանդ ձիավորներն ավելի զիլ էին երգում գյուղը մտնելիս։ Ինչ «հրեշտակներ» կային...

− Օհո՜... Խրվեց... Նու՜...− լսվեց մի խուլ աղաղակ։ Ոմանք կտուրներից թռան և առաջ վազեցին։ Առաջին ֆուրգոնի շուրջը խմբվել էր բազմություն։ Խանութից քիչ ներքև, ճանապարհի այն տեղը, ուր տարին բոլոր ցեխը չէր չորանում, որովհետև գետինը ջուր էր դուրս գցում, ինչպես հիվանդ ու միշտ ճպռոտ աչքը,– ֆուրգոնի առաջին անիվը մինչև սռնակը խրվել էր։

− Նու՜... Ե՜...− կանչում էր ֆուրգոնչին, մտրակն օձի նման պտտացնում և շրափ իջեցնում միջի ձիերի գավակին։ Ձիերն ուժ էին տալիս այնքան, որ պոստրոմկաների հետ միասին ասես իրենց ջլերը պիտի կտրատեին, ուժ էին անում, դեսուդեն ծռվում և չէին կարողանում մի քիչ էլ առաջ անել։

− Սրան փոսի ցեխ կասեն է՜... Շատ նու մի անի... Ձիերը մեղք են,− ասաց մեկը։ [ 496 ] − Սիմո՛ն, Արտե՛մ... Մոտեցեք է՜...— կանչեց Ունանը,— բա էս ղարիբ մարդիկն ի՞նչ կասեն։ Արզուման, առաջ ընկի...

Երիտասարդները կարծես այդ խոսքին էին սպասում: Մինչ այդ նրանք վարանած կանգնել էին ու չգիտեին մոտենա՞լ թե ոչ: Արզումանն առաջ քաշեց:

− Ձիերի գլուխը պահի,− ասաց նա ֆուրգոնչուն և ուսը դեմ տվեց:

− Հը՜...− և բազմաթիվ ձեռքեր հրեցին ֆուրգոնն ու անիվները: Կաս-կարմիր էին կտրել նրանց դեմքերը։ Սալբին գաղտագողի դիտում էր։ Նրա սիրտը թրթռում էր։ Հանկարծ ֆուրգոնը շարժվի՜, հետի անիվը վրան գլորվի... Շուռ չգա՜,− ասաց մի կին։ Աղջկա սիրտը ավելի արագ բաբախեց։ Այդ րոպեին երիտասարդների խմբի մեջ նա տեսնում էր միայն Արզումանին, նրա թիկունքը և աղեղի պես ձգված ոտքը։

− Նու՜,− և ձիերը դուրս քաշեցին ֆուրգոնը։ Օգնողները ետ փախան: Միայն մեկի գլխարկն ընկավ անիվի տակ ու խոր թաղվեց ցեխի մեջ:

Ֆուրգոններն անցան:

* * *

Խանութի դիմաց, փոքրիկ հրապարակում շարժվելու տեղ չկար: Շարեշար կապած ձիերը փռնչացնելով ուտում էին հարդախառն գարին, երբեմն էլ մռութով փորփրում լայն տոպրակները և հարդը թափում ոտների տակ։ Ֆուրգոնների վրա մուշտակների վրա կոլոլված պառկել էին հոգնած տերերը, որոնցից մեկը երբեմն գլուխը վեր էր հանում «նու՜» ասում ուտելիս իրար հետ կռվող ձիերին և նորից գլուխը դնում հարդի տոպրակին։

Ֆուրգոններից քիչ հեռու դարսված էր ապրանքը։ Ինչեր չկա՜ր... Արկղներ, երկաթալարի կապեր, հաստ մեխերի կիտուկներ, թիթեղ, բարակ ռելսեր, վագոնետների երկաթե մասեր: Մեծ ստանոկը հինգ-վեց մարդու օգնությամբ իջեցրել էին և դրել խանութի դռանը: Ձողերը հենել էին խանութի պատին:

Տղամարդկանց մի բազմություն նայում էր յուրաքանչյուր իրը, տեղեկանում, թե ինչու համար է, ինչ գործ պիտի անի: Եվ հակասական բաներ էին ասում: Ոմանց ասելով վագոնետները պիտի փայտը սղոցեն, երկար ձողերը կամուրջի համար են, որի վրայով գերանները պիտի քարշ տան։ Իսկ երեխաների խումբը չէր հեռանում վագոնետների մոտից: [ 497 ] «Ի՜նչ կգլորվի գերեզմանատան բլուրից...», «Իշու արաբա է», ասում էին նրանք։ Կանայք հեռվից էին նայում կամ փողոցով անցկենալիս քայլերը դանդաղեցնում, որ մի քիչ ավելին տեսնեն։ Հարս ու աղջիկ իրենց տների առաջ փոքրիկ խմբերով կանգնած սպասում էին, որ երեխաներից մեկն ու մեկը գա և նրանից տեղեկանան, թե ինչ «մաշիններ» կան արկղների մեջ, ճի՞շտ է՝ որ երկար ձողերով հոր են քանդելու, ինչպես ասում էր Շուղանց հարսը։ Եվ երեխաներն ինչպիսի՜ առասպելներ էին պատմում...

Թոռան ուսից բռնած, մահակը գետնին տափտափելով երեկոյան դեմ եկավ և կույր Սային։ Ոմանք ծիծաղեցին նրա վրա, ինչ պիտի տեսներ նա, մյուսները սաստեցին ծիծաղողներին և ետ-ետ քաշվելով ճանապարհ բաց արին։ Կույրը մոտեցավ, փայտն առջևն օրորելով, դիպավ ծանր պտուտակներին, կռացավ, սկսեց շոշափել։ Ապա մոտեցավ վագոնետներին։

− Սայի դայի... Մեծ մաշինը հրեն դուքանի առաջը...− ասաց մեկը։ Ծերունին ու թոռը շրջվեցին այն կողմը։ Ստանոկն արդեն բաց էին արել։ Արևամուտի լույսի տակ պողպատի գորշ փայլով շողշողում էին նրա ողորկ լանջն ու ծանր ոտքերը։ Ծերունին գրկեց, ականջը կախեց, ասես լսում էր, և բոլոր մասերը շոշափելուց հետո, տեղում ձգվեց:

− Մկրտու՜մ...

− Ի՞նչ է, Սայի ամի,− պատասխանեց Մկրտումը խանութից։

− Էլ հունար ունե՞ս, թե էս է... Բե՛ր էն էլ տեսնեմ։ Հոգի ունեմ տալու։ Գնալու եմ։ Հիբանը հարցմունք է անելու, թե ի՞նչ տեսար ինձանից հետո։− Ու քիչ անց հարցրեց.− սաս չունի՞ սրան...

− Ունի, Սայի ամի, որ սարքենք, կլսես...

− Էդ էլ լսե՜մ...− ու դարձավ թոռանը.– Գնանք, բալաս... Տավարի գալու վախտն է։

Եվ փայտը գետնին խփելով ծերունին հեռացավ։ Կանգնածները լուռ նայեցին նրա հետևից։

Մինչև մութն ընկնելը մարդիկ չէին հեռանում խանութի մոտից։ Երեխաները, անսալով ծնողների կանչին, ֆուրգոնի ձիերի սանձից բռնած ութ-տասը հոգով, ձիերը տանում էին ջրելու։ Ինչ հպարտությամբ էր քայլում սանձ բռնողը, իսկ մյուսները ետ ու առաջ էին վազում, զմայլանքով ձիերի փնջերն ու զանգուլակները նայում։ Նրանք երբեք այդպիսի գեղեցիկ ձիեր չէին տեսել։

Գիշերով նրանց տանը հավաքվել էին տասը-տասնհինգ հոգի։ Ֆուրգոնչիներն էին, գերմանացին, պամոշնիկ Անտոնը, ուստան, Գըդլ-Պուղին, [ 498 ] Շալուն Սիմոնը և մի քանի մոտ ազգական ու բարեկամ։ Երկու անգամ մարդ էին ուղարկել քահանայի հետևից։

Բակում, խարույկի առաջ մի մարդ կտրատում էր սյունից կախած ոչխարը։ Սիմոնի կինը մեծ շերեփով խառնում էր կաթսան, շուտ-շուտ ածխակոթերը կաթսայի տակ հրում։ Շողերը, Եփրեմի կինը, նրա մայրը շտապ-շտապ սանդուղքով վեր ու վար էին անում, տանում հաց, գինի, միս, պանիր, կանաչեղեն... Ընթրիքը գնալով թեժանում էր։ Լայն պոտնոցների վրա դարսած խաշլաման ու խորովածն իրար հետևից էին տանում։ Եփրեմը գինու մի փոքրիկ կարաս էլ էր բաց արել։ Ֆուրգոնչիները ձիու նման էին խմում քաղցր գինին և ճաքճքած մատներով, կեղտոտ եղունգներով բռնում մսի մեծ կտորները։ Նրանց ձեռքերից ձիու քրտինքի և կաշվի հոտ էր գավիս, սակայն նրանք այդ չէին զգում։ Գերմանացին էլ էր տաքացել։ Նա դեն էր գցել պլաշչն ու պայուսակը և ագահությամբ դատարկում էր գինու գավաթները, ուշադրություն չդարձնելով այն կենացներին, որ ասվում էին, և ոչ էլ խմելու կարգին։ Ուստա Նազարը փորձեց երգ ասել, բայց ֆուրգոնչիներից մեկը քթի տակ ծիծաղեց։ Սիմոնը գլուխը կախ ուտում էր, ինչպես կուտի առատ սեղանի մոտ նստած աղքատը։ Եփրեմը բացվել էր. շատ հազվագյուտ էր լինում նրանց տանը այդպիսի ճոխ ընթրիք։ Եվ խմում էր առանց քաշվելու եղբորից, խմում էր ու պարապ գավաթը գլխիվայր շրջում։ Իսկ գերմանացին հռհռում էր...

− Ես տեսնում եմ, որ հայերը գործունյա մարդիկ են,− ասաց նա։

− Ասա՝ հայի մեռել գետնի տակ էլ կբանի,− վրա բերեց ուստա Նազարը։ Սակայն նրա ասածը Եփրեմը չթարգմանեց։

− Հենրիխ ջան,− ասաց Եփրեմը,− խմի, գործի ժամանակ էլ քրտնի... Խարաշո, եյ բող։

− Ես մի այդպիսի սղոցարան էլ սարքել եմ Լոռի... Ըմ... Էլի հայ էր, հարուստ հայ... Թիֆլիս էլ աներ ունի...

− Եփրեմ, մի հարցրու տես նրանց մաշինն ինչ թավուր էր,− ասաց Մկրտումը։

− Սաղ մի ֆիրմայի է, բրատ ջան, արխեին կաց,− ասաց Եփրեմը գլուխն օրորելով։

Քեֆի տաք ժամանակ Մկրտումը վեր կացավ և աննկատելի դուրս եկավ:

− Էն տղայի համար մի քիչ հաց-մաց շինի,– ասաց նա կնոջը։ «Էն տղան» Գոդին էր, որ այդ գիշեր պահակ էր մնացել ֆուրգոնների և խանութի առաջ շարած ապրանքի մոտ։ [ 499 ]

Գոդին յոթ-ութ տարի էր, որ նրանց տան մշտական ծառան էր։ Նրա չեչոտ անմազ երեսին նայողը դժվար կորոշեր տարիքը։ Վանող մի արտահայտություն կար նրա աչքերում։ «Լորդուն ինչքան էլ վնասատու չի, բայց էլի կերպարանքն օձի է», ասել էր նրա մասին Ավան ամին։ Եթե գյուղում մեկի շունը օր ցերեկով գետնին զարկեր իրեն, գետինը չանգռեր, փսխեր և շնչահեղձ լիներ, պիտի ասեին, որ Գոդին է ասեղ տվել։ Բայց մի քանիսն էլ ուրիշ կարծիքի էին՝ որ նա խեղճ է, վախկոտ, «աստծու թակածը»։ Համենայն դեպս նա Կարմրաքարի առեղծվածներից մինն էր։ Եվ ինչեր չէին ասում... իբր թե, ինչպես ասում էին պառավներից մի քանիսը, Գոդու աչքերը հետևն էլ են տեսնում և դրա համար էլ վախենում էին ափաշկարա նրա հետևից չանչ անել։ Նա կարմրաքարցի չէր և այդ շրջանիցն էլ չէր։ Տեր Նորընծան հաստատում էր, որ նրա «գրոց անունը» Գեդեոն է։ Մի քանի անգամ հարցրել էին նրան այդ մասին, Գոդին ուսերը թոթվել էր և ծիծաղել սառն ու չար ծիծաղով։ Նրա մասին հաստատը հետևյալն էր՝ նա օձ էր որսում, կարողանում էր առանց վախի ձեռք տալ նույնիսկ թունավոր օձին և ապա՝ սուլում էր այնքան հիանալի, որ ոչ մի հովիվ սրնգով նրան չէր հասնի։ Եվ երբ գիշերները նրա սուլոցն էին լսում՝ խեղճ, սիրտ կտրտող երգը, ասում էին, որ Գոդին «աստծո թակածն է»։

Գյուղը քնել էր ու միայն Հիբանի տանն էր աղմուկ, ծափ, հռհռոց։ Խանութի մոտ, կրակի առաջ Գոդին նստել էր ու ննջում էր։ Մկրտումի ոտնաձայնից վեր թռավ։

− Հը՞... հո սովել չես,– ասաց Մկրտումը,− առ։

− Մարդ-մուրդ հո չի՞ երևացել,− հարցրեց։

− Չէ... Համա խոսում էին Բոլոր-քարի մոտ,− ասաց Գոդին։

− Ո՞վ էր...

− Ավան ամին էր, Չետանց Ունանը, Արզումանը...

− Հը՞։

− Ավան ամին ասում էր, թե սրա վերջը լավ չի լինելու։ Ժողովրդական հողում բերես զավոդ սարքես, առանցի մի թույլտվության, մի թղթի− չի կարելի... Ասում է ջամահաթի որոշը պիտի լինի, թե չէ զակոնին անուն− դանակ է...

− Հետո՞...− անհամբեր հարցրեց Մկրտումը։

− Ասում է ժողովուրդով պետք է միրսկի տանք, թող Քառասնաջուրը խազնեն մեզ ծախի...

Մկրտումը քահ-քահ ծիծաղեց, գարու տոպրակի վրա կռացած ձիերը ականջները խլշեցին և մի պահ չծամեցին։ [ 500 ] − Քառասնաջուրը...− Ու կամաց հարցրեց.– հա քեզ չտեսան...

− Չէ...

− Լավ։ Դե մղայիթ կաց։ Ֆուրգոնչիները մի քիչ քեֆով են։ Ուշքդ վրադ պահի, քնով չանցնես,− ասաց Մկրտումը և շրջվեց տան կողմը։ Նա մի քանի քայլ էր արել, երբ Գոդին հետևից կամացուկ ասաց։

− Մկրտում ափի...− Մկրտումը ետ նայեց։− Բա մեր բանը ե՞րբ պիտի գլուխ բերես։ Ախր վախտ է անց կենում... Վախենում եմ, որ...

− Ինչը՞:

− Էն էլի, որ քեզ գոմումն ասի...

Մկրտումը ծիծաղեց։

− Չես դիմանում հը՞... Լավ, իրիկունս անպատճառ կասեմ։ Սիմոնին էլ, մորն էլ։ Իմ հոգուս պարտքը։ Էս անտերը մի խոտ գցենք։ Հարսանիքդ ալբահալը գլուխ բերեմ։ Մի հարսանիք անեմ որ...

Եվ գնաց։ Գոդին ժպիտն երեսին դեռ երկար ժամանակ նայում էր մութին և լսում հետզհետե հանգչող ոտնաձայնը։

5

Փոշին հասա շերտով նստել էր ճանապարհի եզրին բուսած արևածաղկի թերթերի ու կարտոֆիլի թփերի վրա, առուն բարակել էր և օձանման պտույտներով բակերն էր մտնում, շտապ կտրում փողոցի լայնքը և արևի տապից փախչելով, իջնում բանջարանոցները, ուր արևածաղիկն ու եգիպտացորենը բարդիների պես ստվեր էին գցում առվակի վրա։

Գյուղի փողոցներում անց ու դարձը դադարել էր, բակերում մարդ չէր երևում։ Միայն Բոլոր-քարի մոտ աշխատանքի անընդունակ երկու ծերունի, որպես լուծից բեզարած եզներ, նստել էին, ջրակալած աչքերը հառել առվակին։ Ով գիտե ինչ էին մտաբերում ծերերը վազող ջրին նայելիս։ Երիտասարդ օրերի կարո՞տն էին քաշում, երբ ամառվա տապին հանդից տուն չէին գալիս և քնում էին թարմ խոտի վրա՝ երեսն աստղկա երկնքին, թե՞ հաշտ էին և դատապարտվածի նման սպասում էին անողոքին, որ պիտի գար և ուշանում էր։ Գուցե և ոչ մի միտք պտույտ չէր անում նրանց ուղեղում, ինչպես կամնը կալում և հենց այնպես նստել էին՝ քարացած, իբրև արձան, իբրև Բոլոր-քարի մի մասը։

Նրանց դիմաց, կիսաքանդ մարագի ստվերում, երկու հորթ ականջներն էին շարժում և որոճում։ Եկեղեցու գավթում հոտից ետ մնացած ոչխարը, որի դմակը փաթաթված էր թաղիքի մեջ, պոկոտում էր պատերի տակ բուսած չոր խոտը։ Գայլը ցրիվ էր տվել դմակը, տերը փաթաթել [ 501 ] էր վերքը, որ շոգից ու կեղտից որդնոտել էր։ Քաղցած ոչխարը և պոկոտում էր խոտը, և ցավից դմակը պատերին ու քարերին քսում։ Գավթի ստվերում, փալանը փորի տակ կախ, շշմած կանգնել էր մի էշ և նայում էր ոչխարի շարժումներին։ Արթուն և առույգ էին միայն աքլորները, որ քրքրում էին փողոցի աղբն ու արուի հպարտությամբ կանչում հավերին։

Ծառի տերևն էլ չէր դողում։ Եվ տոթին, երբ մեղուներն էլ էին խմբերով իջնում առվակի խոնավ ափերին,− Բոլոր-քարի մոտ նստած երկու ծերունին լսում էին Քառասնաջրում թափվող ջրի ձայնը և բարակ դրնգոցը։ Նրանց համար նորություն էր այդ․ կարծես երկաթյա թևերով մի թռչուն իջել էր ձորը և նվում էր՝ թևն արնոտ բուի նման։

− Էլ էն Քառասնաջուրը չի հե՜յ...− ասաց ծերունիներից մեկը ննջացող ընկերոջը։

− Ասում է ձորի մասրիքը չորացել են,− պատասխանեց նա և աչքերը՝ շոգից, հոգնածությունից, ծերությունից փակվեցին։

Ծերունին ճիշտ էր ասում։ Քառասնաջուրն էլ առաջվա փոքրիկ ձորակը չէր, ուր այնքան առատ էր լինում մասուրը, իսկ քարերի արանքում մանուշակի ու մորենու թփեր։ Թիթեղյա ծածկոցը թուխպի պես թևերը փռել էր, հենվել սյուների վրա, որոնց արանքում վագոնետները բարակ ռելսերի վրա ետ ու առաջ էին գլորվում։ Ճիշտ մեջտեղը, գերանների վրա ամրացված էր ստանոկը։

Պողպատյա սղոցը պտտվում էր, գերանը դժկամությամբ էր իր սպիտակ բունը մոտեցնում, սակայն վագոնետը գլորվում էր և սղոցի սրածայր ատամները քրքրում էին փափուկ միջուկը, ավազի նման շպրտում։ Սղոցը զիլ էր զրնգում, երբ դեմ էր առնում կարծր կոշտի, ավելի արագ էր պտտվում, տաքանում և կոշտը ճեղքում։ Գերանը երկու կտոր անելուց սղոցն ավելի հանդարտ էր զրնգում, նեղ ձորից դուրս եկող գետակի պես և սպասում, որ մի այլ գերան, սպանդանոց քշվող եզան նման, վիզը մեկնի սուր դանակի տակ։

Ամբարտակից ջուրը բաց խողովակով թափվում էր հսկա անիվի վրա, որ հագցված էր երկաթյա երկար ձողին։ Քառասնաջրի երկու ափին գտնվող փայտի սյուներն իրենց վրա էին կրում ոչ միայն գլխավոր անիվի և ձողի ծանրությունը, այլև նույն ձողին հագցրած փայտյա մի ուրիշ անիվի, որի բոխի փայտից շինած ատամները խրվում էին չուգունե պտուտակի ատամների մեջ։ Տասը փութ ծանրություն ունեցող այդ պտուտակը, որ ավելի կարճ ձողի էր հագցրած և հենվում էր ցածր սյուների վրա,− իր հերթին դարձնում էր մի այլ պտուտակ, որի ձողին ամրացրած երկաթյա անիվը հաստ փոկերով միացված էր ստանոկին։ Այդ ամենը [ 502 ] շարժվում էր, վզզում, զրնգում այն ջրով, որ ամբարտակի բարձրությունից թափվում էր մեծ անիվի վրա։ Ինչքան մոտենում էին ստանոկին, այնքան պտուտակներն ավելի արագ էին դառնում և մեծ անիվի ծանր պտույտը և փոկերը հարյուրապատիկ արագ թափ էին հաղորդում վերջին պտուտակին։ Հերիք էր շլյուզի փականն իջեցնել, որ նույն վայրկյանում դադար առնեին փոկերը, պտուտակներն ու անիվները և սղոցները մնային գերանի մեջ խրված, ինչպես թափով նետած սկավառակ:

Գերմանացին գնացել էր, պատմությունների և հիշողությունների մի շարան թողնելով գյուղում։ Նրա մասին պատմելուց և՛ ծիծաղում էին, և՛ զարմանք արտահայտում։ Եթե սղոցները չզրնգային, գուցե կասկածող լիներ, որ նա ամենևին Կարմրաքար չի եկել։ Եվ այն ինչ ասում էին, թե թութուն էր ծամում, չարանալուց թքոտում, ոտը գետնովը տալիս, թե նա մշակների ներկայությամբ նույնիսկ Մկրտումի վրա էր չարացել, «տուռակ» անվանել, որովհետև քանդել էր տվել ստանոկը, մաս-մաս Քառասնաջուր տեղափոխելու համար։ Ըմբովի Թյունու բեղը կտրելու պահանջը,– ահա այսպիսի պատմությունները հավատալի էին դառնում, երբ մարդիկ տեսնում էին նրա «ձեռացագործը», ինչպես ասում էր Տեր Նորընծան։

Բայց ինչ կարծիք էլ հայտնեին, ինչքան էլ զարմանային նրա հնարագիտության վրա, այնուամենայնիվ «Լեմսը» պարզամիտ և համարձակ մարդու համբավ էր թողել։ «Զհինով մարդ էր, համա հալալ կաթնակեր էր»,− այս էր գյուղի ընդհանուր կարծիքը։ Ամենից շատ պատմում էին Մկրտումի վրա չարանալու մասին, պատմում էին թուքը կուլ տալով, և քահ-քահ ծիծաղում, երբ պատմողը կրկնում էր Մկրտումի պատասխանը. «Շաշի մինն է, կտա կկոտրատի...»։

Սղոցարանը նա սարքել էր քառասուն օրում։ Այս էլ զարմանք էր պատճառում, որովհետև գալու երրորդ օրն իսկ նա այդպիսի ժամկետ էր սահմանել, որ կասկածի տակ էին առել գյուղացիք։ «Քառասուն օրում թե նա գլուխ բերե՜ց, ըհը, ես բեղս կկտրեմ»,− ասել էր Ըմբովի Թյունին, որի ավել անունը «Թարսի ձի» էր, միշտ հակառակ և շատախոս լինելու համար։ Այս մարդուն էր պահանջել գերմանացին, երբ ճիշտ ժամանակին առաջին գերանը սղոցել էր՝ Արզումանի և Գըդլ-Պուղու հետ:

Գյուղում եղած ժամանակ նա մտերմացել էր միայն Արզումանի հետ։ Բացի քահանայից, որին տեսնելուց գերմանացին պատկառանքով էր բարձրացնում լայնեզր գլխտրկը, բերանից ծխամորճը հանում,– մնացածը մի հավասարի մարդիկ էին նրա աչքին, գորշ պատ, որի աղյուսներն իրարից ոչնչով չեն տարբերվում։ [ 503 ]

Նրա շինած «զավոդը» խոսակցության նյութ էր ոչ միայն Կարմրաքարում, այլև սարերի վրա, ուր վրանների տակ Սալյանից, Մուղանից և Արաքսի տափարակներից հազարավոր մարդիկ էին ապրում։ Ոմանք հատկապես, ոմանց էլ ճանապարհով անցնելիս, հետաքրքրությունից դրդված ձիու գլուխը դարձնում էին Քառասնաջուր, տեսնելսւ Մկրտում քիրվայի հարստության աղբյուրներից մեկը։ Եվ նրանց աչքում Մկրտումը դառնում էր խանի չափ զորություն ունեցող մարդ. «շատ առաջ կգնա էն հայը»,− ասում էին նրա մասին:

Բայց մարդիկ կային, որոնք ոչ միայն ոտ չէին դրել Քառասնաջուր, այլև սղոցարանի մասին խոսք բացվելուց իրենց դժգոհությունն էին հայտնում։ Ունանը հավատացնում էր, որ «զավոդի» պատճառով ձորի ջուրը համն ու գույնը փոխել է։ Նրա ասելով բոստաններում լոբու դեղնելը ջրի «նադինջ լինելուցն» էր, ջուրը «հարաքաթ» չուներ, որովհետև ամբողջ ուժն անիվի վրան էր թափում։

Ավան ամին, երբ լսում էր կտրած ծառերի մասին, չէր կարողանում զայրույթը զսպել։ Ավելի հաճախ նա Քառասնաջրի անտառի մասին էր խոսում և կարծիք հայտնում, որ սղոցարանի պատճառով մոտակա անտառը պիտի ոչնչանա, հողերը պիտի ընկնեն Հիբանի տղաների ձեռքը:

− Է՜հ, Ավան ամի, դու էլ դաղած կաշի ունես նրանց հետ, հա՜ բշտում ես,− ասում էր մեկը։

− Չես թողալու քյասիբը հաց ուտի... Զավոդը որ չբաներ, Շալուն Սիմոնը կաղնուտի ձորը կգնար,− վրա էր բերում մյուսը։

− Թե Քառասնաջուրն իրենցն է, գերանն ինչի՞ են Կաղնուտից բերում։

− Էն եղոտ պատառ է. որ կերան, հետո էլ Քառասնաջրի ջանին էն ընկնելու,− պատասխանում էր մեկը, որի սրտում Ավան ամու ասածը կասկած էր հարուցում:

− Չորս օր է բոստանս ջրի համար բառաչում է։ Որ մթնում է, ջուրն էլ ցամաքում է։

− Այ քո բոստանը... Կատուն միջին թավալ չի տա:

− Նրանց ինչ կա՜... Օրենքից են վախենո՞ւմ, թե Կարմրաքարի տկլորներից։ Միտդ չի՞ Եփրեմը Բեկտաբեգովի հետ, Հիբանի մեծ արտի տակին, ոնց էին խտիտ-խտիտի արջապար տալի՜...

Խոսքը անցյալ տարվա կերուխումի մասին էին, որ սարքել էին Հիբանի որդիները պրիստավ Բեկտաբեգովի Կարմրաքար գալու առթիվ: Արտի ծայրին մնում էր այն կաղնին, որին հարբած պրիստավը թրով [ 504 ] զարկել էր։ Հաստ շրթունքի նման հարվածի տեղում կեղևը սպի էր կապել։

Տարօրինակ էր ջաղացպանի վերաբերմունքը։ Ով էլ ջաղաց գար, նա հարցնում էր.

− Հիբանի փաբրիկը ծուխ չունի, հը՞, այ կարմրաքարցի։ Ձեր գյուղումն էլ ինչ մասխարություն կա...− հարցնում էր և ծիծաղում՝ սուր, սարկաստիկ ծիծաղով, կարծես ներսում մաղձը կաթ-կաթ թափվում էր, ինչպես դառն դեղ։ Նրա վերաբերմունքի մեջ տարօրինակն այն էր, որ նա սղոցարանը հիմնելուց հետո Կարմրաքարը համարում էր ուրիշ գյուղ, այդ հակադրում էր մի այլ Կարմրաքարի, որի բնակիչներից միայն ինքն էր մնացել։

Տեր Նորընծան խուսափում էր իր կարծիքը հայտնելուց։ Սղոցարանը նրա համար ոչ միայն անհասկանալի «երևույթք» էր, ինչպես երկնքից ընկած մետեորը, այլև կապված էր հեղեղի գիշերվա, իր ծանր մտքերի, արքայական խնձորենու կայծակահարման և իր սարսափելի երազի հետ։ Երբ խոսք էր բացվում Քառասնաջրի շուրջը, մի ծանր նախապաշարում ծխի նման բարձրանում էր նրա ուղեղում: Եվ նա սպասում էր փորձանքի, դաժան բոթի, որ կայծակնահար պիտի աներ իրեն ցցաչոր կաղնու նման։

Իսկ սղոցները զրնգում էին, միանգամայն անտարբեր, թե Կարմրաքարում ով ինչ է ասում։ Գիշերը շլյուզը փակում էին։ Քառասնաջուրը մեռնում էր՝ ոչ ձայն, ոչ ծպտուն։ Ջուրը մռռալով հավաքվում էր, բարձրանում և ապակյա հալոցքի նման ամբարտակից թափվում։ Ձորի բարակ քամին թաց տախտակների բույրը տանում էր հեռու, մինչև լեռան լանջը, ուր խուլ խշշում էին ծեր կաղնիները...

...Արևը թեժացրել էր թիթեղյա կտուրը՝ ինչպես թոնրի պատ։ Արզումանը շապկանց ու ոտաբոբիկ հրում էր վագոնետը։ Եգորը սեպերը գերանի բացվածքի մեջ էր խրում և մուրճով խփում։ Մյուս սղոցի մոտ Պուղին և զրիկեցի մի երիտասարդ նույն աշխատանքն էին կատարում։ Միայն երբ հարկավոր էր գերանը վագոնետի վրա դնելու՝ չորսն էլ միասին էին բարձրացնում։

Զրիկեցին առաջին օրվանից զգացել էր այն խուլ հակամարտությունը, որ կար Պուղու և Արզումանի միջև։ Նա տեսել էր և այն, որ սղոցարան գալուց Մկրտումը Պուղուց է հարցնում տախտակների հաշիվը, գերանների չորն ու թացը։ Իսկ Արզումանն առիթ չէր փախցնում խոցելու նրան։ Նրանց միջև տեղի ունեցած սուր խոսակցությունը երբեմն պատճառ էր դառնում, որ իրարից խռով մնան: Բայց նույնիսկ այդպիսի օրերին [ 505 ] Արզումանը հանաք անելուց չէր դադարում։ Լավ տախտակին «մատուշկա» էր ասում, վատին՝ «ղարաչի», ծռված և ճաքճքած տախտակին՝ «Թելունց պառավ»։

− Եգոր ջան, էս երկու վերշոկանոցն էլ Սայի դայու համար քաշենք։ Թող երկար լինի, որ հալիվորի ոտները սլաբոննի մեկնի... Էնքան քոռ-քոռ քարերին է տվե՜լ...

Հանաք անելուց զրիկեցին չէր կարողանում փռթկոցը պահել: Իսկ Պուղին զայրանում էր, աչքով սաստում։ Արզումանը շարունակում էր.

− Ի՜նչ ես ծիծաղում, ա՜լ զրիկա զկեռ... Ձեր գյուղացի էն մի նստելում ութ լավաշ ուտողի համար ղարաչուց մին ղութի շինեմ, որ կողքաճաղերը կոտրատի։ Թե չէ Զրիկը կերել է, նա մարսել...

Սղոցարանի մասին նա էլ իր կարծիքն ուներ։

− Պիլնին զբորնի պունկտ է... Գյուղացու տղորց նման գերանները տաշում ենք, կլպում, փեչատը գնում։ Դե ջոկի թե որ ծառիցն էր...

Կացինը գոտու արանքը խրած մի մարդ ներս մտավ։

− Բո՜... Շինական, ա՜յ դու բարով.... Մենակ դու չէիր եկել էս թազա ուխտատեղը։ Հը՜, ի՞նչ կա...

Շինականը մոտեցավ ստանոկին։ Մի պահ զարմացած նայեց ո մոռացավ այն, ինչի մասին մտածելով գալիս էր։

− Հերսոտ ես երևում,− հարցրեց Արզումանը։

− Բա ոնց չհերսոտեմ... Վեց ամիս է ինձ անկրակ խորովում է...

− Ո՞վ։

− Հիբանի տղան, ո՞վ։ Հերու դուքանից ոչ բարով տասը մանեթի կտոր առա տան տկլորության մասին...Քո ազիզ արևը, մի տարի է, շաբաթն երկու անգամ իմ էշով փետ եմ բերել, դռանը կիտել։ Որ տեսնես, կասես քսան արաբա չի կրի։ Հիմի ուրանում է, ասում է փետի փողն էն գլխիցն եմ տվել, դու իմ փողը բեր, թե չէ տունդ գրել կտամ։ Ոտներն ընկա, աղաչեցի, ասի բանի ժամանակ է, մի քիչ խոտ ունեմ, խանձվում է, վերև աստված ներքև դու, ինձ ազատի։ Ու՞մ ես ասում, լսողն ո՞վ է։ Վերջը թե կացինն առ գնա Կաղնուտի ձորը։

− Պամոշնիկին գանգատ ես արե՞լ,− հարցրեց Արզումանը։

− Է՜հ,− և Շինականը հուսահատությամբ ձեռքն օդում ճոճեց։

− Փետն ուրիշին ծախի,− ասաց Եգորը։

− Ա՜յ որդի, որ անփող էլ տաս, ով սիրտ կանի նրա դռնից փետ տանի։

− Մարդ գցի մեջտեղ, թող մի բան պակասեցնի,− առաջարկեց Պուղին։ [ 506 ]

− Ինչ ասեմ է՜... իմ հաշվով հիսուն մանեթի փետ եմ բերել, բա զուր կորչի՜...

− Ոչ էն ես անում, ոչ էս։ Դե գնա Կաղնուտը,− բարկացած ասաց Պուղին և մոտեցավ վագոնին։

− Լա՜վ ես ասում,− ու մի քիչ մնալուց հետո դանդաղ քայլերով ճանապարհ ընկավ։

Եգորի մտքերը խռնվել էին: Ե՛վ նեղսրտում էր, որ չօգնեց Շինականին, և՛ չարանում ինքն իր վրա, թե ինչու չասեց մտքինը։ Հիշեց Բագրատին՝ Շինականի որդուն, որ «աղբերացու էր»։ Նրան ճանապարհ գցեց մինչև Լուս խաչերը... Բաժանվելուց ասաց. «Հորս վիզը ծուռ չթողաս»... Գուցե հայրը հենց իրենից էր եկել օգնություն խնդրելու։ Իսկ ինքը չհասկացավ։ Ինչ կասի, երբ Բագրատն իմանա... Ո՞վ գիտե ինչ նեղումն է։

Եգորը ետ նայեց. կածանով Շինականը բարձրանում էր։ Եվ հանկարծ կանչեց.

− Ամի հե՜յ,− կանչեց ու վազեց։ Արզումանը ձայն տվավ, սակայն նա չլսեց։

− Տես, ինչ կատաղած լակոտ է՜...— ասաց Պուղին, երբ լռություն տիրեց.− փորը մի քիչ տաքացել է։

− Դու էստեղ ստարշի՞ ես։ Քո փորն ինչո՞ւ է ծակում,− գոռաց Արզումանը, մի քայլ անելով նրա կողմը։

− Բա դու ի՞նչ ես...

− Ես քեզ նմանի ազրայելն եմ. շպիո՛ն։

− Բերանդ հավաք պահի՛։

− Դե սու՛ս, թե չէ սեպը բողազդ կկոխեմ։

− Ու՞մ։− Եվ երկու ախոյանները մոտեցան իրար։ Զրիկեցին գլուխը կորցրել էր:

− Քո,− և ծանր ապտակը լախտի նման տրաքեց Պուղու երեսին, աչքերի առաջ մթնեց, օրորվելով ընկավ գետնի վրա։

Արզումանը կանգնել էր, հևացող կուրծքը դուրս ցցած։ Ձեռքի թաթը տժում էր։ Զրիկեցին վազեց Պուղուն բարձրացնելու, բայց նա ճարպիկ ոստյունով թռավ և ամբողջ թափով հրեց Արզումանին։ Իրար բռնեցին՝ պինդ, ինչքան ուժ ունեին հաղթ բազուկներում։ Ու մեկ էլ Պուղու քթից արյունը շատրվանի պես դուրս պոռթկաց։ Նա ձգվեց, գետնին ընկած երկաթե սեպը վերցնելու, բայց Արզումանը ամբողջ ծանրությամբ ընկավ նրա վրա, ոտքով մեկնած ձեռքը սեղմելով։

Հանկարծ մեկը ձգեց Արզումանին։ Զրիկեցին մոտ վազեց։ Երկաթե [ 507 ] ձողերի նման մատները սեղմեցին Արզումանի կոկորդը, թուլացավ ու ետ-ետ քաշվեց։ Պուղին տեղը կանգնեց։

− Ինչ եք իրար մսի ելել,− գոռաց Մկրտումը, Արզումանին բաց թողնելով,− էս ի՞նչ է... Ես էլ ասեմ գործ են անում։ Էս սհաթին ռհելդ քաշի,− դարձավ նա Արզումանին։− Մշա՞կ ես, թե մարդասպան: Քեզ էտապով քշել կտամ...

− Ես քո իմացած կարմրաքարցին չեմ,− պատասխանեց Արզումանը։ Նրա աչքերը բոցկլտում էին, ռունգները փնչացնում՝ ասես օդ չկար:

− Բա ո՞վ ես... Գեներալ Կուտուզովի տղան ե՞ս։

− Արինը գլխիս է, հա՜, Մկրտում... Մարդդ ճանաչի։− Արզումանի աչքերը այնպիսի կատաղությամբ ոլորվեցին, որ Մկրտումն էլ ահ զգաց նրա արնակալած սպիտակուցներից։

− Եգորն ո՞ւր է,− դարձավ նա զրիկեցուն։ Պատասխանի փոխարեն նա կմկմաց:

− Էս սաղ նրա գլխին չէ՞ր... Շինականն էր եկել էստեղ... Գնաց նրա հետ։ Ես ասի առանցի հարցմունքի չի կարելի, ասում է՝ դու ի՞նչ է, զավոդի ստարշին ե՜ս,− պատասխանեց Պուղին, արյունը արխալուղի փեշերից սրբելով։

Հենց այդ րոպեին Եգորն իջավ կածանով։ Նա ժպտում էր։ Շինականը շատ էր ուրախացել, երբ նա առաջարկել էր իր մի ամսվա վաստակը՝ վեց ռուբլին։− Պա՜ պա՜... Ես հաց կհավաքեմ, քո արյուն քրտինքդ չեմ տա էն արնախումին,− պատասխանել էր.− մի ցանի օր էլ կբանեմ, հալբաթ Բագրատիս քյոմակը կհասնի։

Նրա դեմքին ժպիտը սառավ, երբ տեսավ Արզումանի պատրած շապիկը, Պուղու արնոտ երեսը։ Մկրտումն հոնքի տակից նայեց նրան։

− Մոտ արի,− ձեռքով նշան արեց։ Եգորի ծնկները դողացին, աչքը գցեց Արզումանին։

− Մոտ արի, ասում եմ,− բղավեց Մկրտումը, մի քայլ անելով նրա կողմը։

− Ի՞նչ ես ուզում էն երեխից,— մեջ մտավ Արզումանը,— ես եմ ասել, որ գնա...

Լսվեց ոտնաձայն։ Արզումանը ետ նայեց, արագ քայլերով գալիս էր պամոշնիկ Անտոնը։ Թփի մոտ կանգնել էր Գոդին։

− Էս ի՞նչ շամաթա է... ի՞նչ բունթ է,− կանչեց նա մոտենալով Արզումանին։ Մկրտումն առաջ ընկավ։ Ապտակի ձայն լսվեց, ասես ապակի ջարդեցին։ Արզումանը փորձեց վրա վազել, բայց Անտոնն առաջը կտրեց։ [ 508 ]

− Էս օրե՞նք է, որ դու երեխուն թակում ե՜ս... Ուժդ նրան պատեց հա՞...− բղավեց Արզումանը։ Եգորը կանգնել էր տեղում, ականջը վառվում էր։ Այտի վրա մատների կարմիր հետքը պարզ նշմարելի էր։ Նա զայրույթից պռոշն էր կրծոտում, հազիվ էր զսպում արցունքը, որ մեկ լցվում էր, մեկ հալվում։

− Գնանք,− ասաց Արզումանը Եգորին.− Համա էսօրը չմոռանաս հա՜, խազեին ջան...

Մկրտումը չար աչքերով նայում էր հեռացողներին։

* * *

Արևը հասուն մրգի նման թեքվել էր։ Ստվերները երկարում էին, ձգվում դեպի արևելք։

Ավան ամու այգում կանաչի վրա նստոտել էին մի քանի հոգի։ Դարբին Վանեսը մեկնվել էր մեջքի վրա, աչքը գցել գառան չափ սպիտակ ամպին, որ ասես արածում էր՝ մեկ հանդարտ, մեկ էլ սուրում ջինջ երկնքի վրա։ Դարբինն ականջը կախել էր զրույցին։ Եվ միտք էր անում, իզուր են խոսում Ավան ամին էլ, Շուղանց հալևորն էլ... Միայն ինքը գիտե ուղիղ ճանապարհը։ Իսկ նրանց ասածը՝ ինչպես անտառի արահետը թուխպ օրին։ Կգնա՜ս, կգնաս, և մեկ էլ տեսար էլի նույն տեղն ես...

Խոսակցությունն սկսվել էր Արզումանի և Եգորի հետ պատահած դեպքից։ Արզումանը ինքն էր եկել Ավան ամու մոտ և եղելությունը պատմել։

− Ես իմ հոր տղան չեմ լինի, եթե պիլնումը նրա գլուխը չմաշառեմ,– ասել էր Արզումանը, մի քիչ զայրացել, հետո դառնացած վերջացրել,

− Դուռակը ես եմ... Ասա ի՞նչ ունես Կարմրաքարում։ Չէ՛, ինչ պլան ուզում ես գյուղի համար քաշի, ես մնացողը չեմ։ Կալը պրծնի թե չէ, հայդա, պիշի պրապա՜լ,− հայտարարել էր և գնացել Եզնարածի առուի տակ ընկած չիմանները, ուր խոտ էին հարում։

− Քո ասելով ուրեմն անբան կովի պես սուս անենք էլի,— դարձավ դարբինը Շուղանց ալևորին։

− Ա՜յ որդի, որ սուս չանես, ի՞նչ պիտի շինես։ Բզի գլխին յումբուզով կտա՞ս, թե չաքճով։ Էսպես եկել է, էսպես էլ գնալու է, մինչև պատանդ էլ մաշի, ոսկորդ էլ... Անբան կո՜վ։ Բա ինչ ենք։ Կթում էլ [ 509 ] են, կուրծդ էլ են կտրում,− թեկուզ խոսելուց խզզացնում էր, շունչը երբեմն կտրվում էր, բայց ուշք չէր դարձնում։− Աստծու ճանապարհից դուրս ես գալի, սատանի ճանապարհը մտնում...

Ծերունու վերջին խոսքը դարբնի ցույց տված ճանապարհին էր վերաբերում։ «Մեկի փորը ծխով լցրու, տես ոնց են խելքի գալիս»,− հայտարարել էր դարբինը։

− Դե մի առակ ասեմ, լսի,− չիբուխի կրակը թեժացնելով ասաց Ավան ամին։− Տես վերջում ինչ եմ ասելու... Հա՜, հորթարածի առաջից հորթն ագին ցցում է, կետ անում։ Էս նաչարը շատ է չարչարվում, վերջը մի կերպ բռնում է։ Հիմի բռնել է, էնպե՜ս է լաց լինում։ Մի ղարիբ մարդ ճանապարհով անց կենալիս տեսնում է հորթարածին. ա՜յ տղա, ասում է, ագին ձեռիդ է, էլ ինչու ես լաց լինում... Ասում է սրա համար չեմ լաց լինում, հրեն մնացածների ագին էլ է ցից։

Ունկնդիրներից մի քանիսը ծիծաղեցին, բայց Ավան ամին շարունակեց.

− Հիմա մեր գյուղի բանը։ Մի երեխու սիլլա տալով աշխարհ չի քանդվի։ Ես էդ օրը չեմ լաց լինում։ Հրեն Քառասնաջուրը մեր ձեռքից խլելու է... Էն որ մավթուլներ է բերել, բա ինչի համար է։ Վերի լավ հողերն իրանը, առուտուրն իրանը, օրենքի մարդն իրանը... Բա մենք էլ ժողովուրդ ենք չէ՞... Գեղովի խելք–խելքի տանք, մին էլ տեսար ըհը, լույսը բացվեց... Թե չէ ես էլ գիտեմ, որ օձի ագին կտրելով, օձն էլի կենդան է մնում։

− Ավան, ասում է՝ անողը պրծավ, ասողն ընկավ կրակը... Էդ խոսքն էլ մի ասի։ Գյուղացին ե՞րբ է մի բան շինել, որ հիմա շինի... Քանի մարդ թակած կլինեն հեր ու տղա, ի՞նչ արինք: Է՜հ, էլի լուծը կմաշի, մեր վիզը չի մաշի։ Նրանք էլ Կարմրաքարի ցավն են է՜լի... Բա առանց ցավի գյուղը կլինի՜...— և հազը բռնեց։ Խոսակցությունը մի պահ դադարեց։ Ծերոլնին հազում էր, խշշում էր կրծքի վանդակը, կարծես թոքերի փոխարեն ոսկորներով լի չոր պարկեր էին։

− Է՜հ, մեր սիրտը մսից չէ. մենք մղկտալ չգիտենք,− դանդաղ ասաց Ավան ամին, տխուր շեշտով, կարծես ծանր ու դառն խոստովանություն էր ասում։− Ջուրն ինչպես որ եփում է եփում, հովանում, անպետքանում, էնպես էլ մենք։ Մեր միսը կերել, ոսկորն են թողել, էլի համբերում ենք... Մեր ապրուստն էլ ապրուստ է՜... Շան թեփով ենք ապրում։ Մի քանի տարի էլ ապրենք, մի պարկ թեփ էլ ավելի կուտենք...

− Ջուրն արդեն հասել է կամրջին։ Էսօր էգուց կամուրջը տանելու է,− լռության մեջ, իբրև վճիռ, հայտնեց դարբին Վանեսը։ Զրույցն աննկատորեն [ 510 ] մանր առվակների բաժանվեց, կորավ շատ հասարակ առօրյայի ծանծաղուտում...

...Թավշյա թաթերի վրա՝ անշշուկ մոտենում էր ամառվա լուսնյակ գիշերը: Ծղրիդները զարթնել էին։ Կամուրջի տակ գորտերը մեկ-մեկ կռռում էին, ջրից գլուխները հանում և պլշած սպասում, թե երբ պիտի լուսինն արծաթ շաղ տա ջրի երեսին: Հանդարտ ու խուլ աղմուկը, որ ելնում էր ճահճուտներից, թփերից՝ ուր ծտերն էին ճկում, այգիներից,− մի աղմուկ, որ ով գիտե բյուրավոր ինչպիսի՜ ձայներից էր գոյանում,− ննջի նման իջնում էր գյուղի վրա։

Դաշտում տեղ-տեղ կրակներ էին վառել: Մի քանի գերանդավոր իրիկվա կիսամթնում դեռ հարում էին։ Արևից տաքացած գերանդին հովանում էր լուսնի զով շողերի տակ։

− Հրե՜ հա, կասես գյուղը ձիավոր եկավ,− ասաց Արզումանը Սալբուն։ Շների հաչոց լսվեց։ Սալբին նայեց ու թիկն տվավ խոտի դեզին։

− Պամոշնիկ Անտոնի դռանը վեր եկավ,− ասաց նա։

Քիչ հետո շները նորից կլանչեցին։ Սև ստվերի նման ձիավորը սլացավ գետն ի վեր, դեպի վերի գյուղերը։ Փոշու ամպը վազում էր ձիավորի հետևից, վազում էր ու չէր հասնում։

− Է հե՜-հե՜յ... Վա՜-սի՜լ... Վա-սի՜լ...− ալիքաձև տարածվեց գզիրի ձայնը։ Կանչում էին գրագիր Վասիլին, որ ով գիտե որ չիմանում էր քնած։

Կանչում էին, որ կարդար ուրյադնիկ Երոշի բերած շտապ և գաղտնի գրությունը պատերազմի և զորահավաքի մասին։

Գյուղում այդ մասին ոչ ոք չգիտեր։ Ծրարը դեռ փակ էր։

* * *

Պատերազմի լուրը պայթեց, ինչպես որոտը պարզկա երկնքում։ Կարծես հրթիռ էր, որ պայթյունով վեր սլացավ, ճեղքեց խավարը, գյուղի վրա կրակի անձրև մաղեց և հալվեց։ Առօրյայի մանր հոգսերը հանկարծ խառնվեցին, ինչպես կռունկի երամն ամպ գիշերին։

Շուղանց Իսոն դարբասի քարին նստած տրեխների հողն էր թափ աալիս, երբ տեսավ Չանեն ծուռ Ունանին՝ մի խուրձ կանաչ խոտ մանգաղին հագցրած։

− Հը՞,− հարցրեց Ունանը, խուրձն ուսից իջեցնելով։ [ 511 ]

− Ի՞նչը:

− Բաս լսել չե՜ս...

− Ա՜յ է՜, սուտ կլինի.− Տեսնես Վասիլն էսօր քանի փարչ է խմել, պրիստավի հրամանին գլխու չի... Մեր Սղոմունն ասում է թուղթը իսկի փեչատած էլ չի... Կարելի է որ ուրյադնիկը փոխս գցած լինի։ Խելքդ ի՞նչ է կտրում,− դարձավ Ունանին, ասես ուզում էր իր երկմտանքը վերացնել:

− Ի՞նչ ասեմ... Բանի էս փիս վախտը կռիվ գցողի տղան եթիմ մնա։ Հունձ ունենք, կալ ունենք։ Բա մեր սրտից ջուր խմած մի մարդ չկա, որ մեծամեծաց հասկացնի ժողովրդի ավհալաթը...− Ու մի քիչ մտածելուց հետո հարցրեց.− Իսո՛, Ղարսա կռիվը ձմեռնամուտին չէ՞ր...

− Բա ի՞նչ։ Էն էր, յապոնացունն էր։ Չէ՛, էստեղ մի հնարք կա, ասենք գլխու չենք։ Թե բեզարած չես, գեղամեջ գնանք, տեսնենք ինչ էն խոսում:

Բոլոր-քարի մոտ այդ ժամանակ մարդիկ լսում էին քաղաքից նոր վերադարձած Հասրաթենց Սիմոնին, որին պրիստավը կանչել էր երկու տարի առաջ պատահած սպանության գործով, իբրև առաջնակարգ և շատ «խորհրդավոր» վկայի, որն ըստ նախնական քննության տվյալների, կապ պիտի ունենար դեպքի հետ, այնինչ Սիմոնը կտրականապես հրաժարվում էր ճանաչելու սպանվածին էլ, սպանողին էլ։

− Էստեղ են ասել, անողը պրծավ, ասողն ընկավ,− դառնացած ասաց Սիմոնը, թեկուզ ունկնդիրներից և ոչ մեկն էլ չէր կասկածում նրա անմեղության։ Սպանությունը կատարվել էր գյուղից շատ հեռու, Վերի կապում, հենց ճանապարհի վրա: Սիմոնը քաղաքից վերադառնալուց տեսել էր և շտապել տեղեկացնելու պամոշնիկ Անտոնին։ Այդ օրից էլ նրա անունը կապվել էր խորհրդավոր սպանության հետ։ Սակայն այդ նույն օրից էլ Սիմոնը հանդիպած յուրաքանչյուր մարդու պատմում էր իր գլխով անցածը, մինչև վերջին մանրամասնությունը և երբ լսողը իր վերաբերմունքն էր արտահայտում, ասելով հին խոսքը, թե «ցավ չունես, գնա վկա գրվիր»,− Սիմոնը նորից էր կրկնում՛ իր պաամաթյունը, որպես ապացույց այդ հին ասացվածքի ճշմարտության։

Բոլոր-քարի մոտ հավաքված մարդկանց հետաքրքիր չէր Սիմոնի վերջին հանդիպումը պրիստավի հետ։ Բայց Հասրաթենց Սիմոնը երբեք այդքան ունկնդիր չէր ունեցել, և նա պատմում էր իրը,− մինչև մեկն ու մեկը կանչեր.

− Դե՜ սպանեցիր, էլի՜... Բան ասա, բան լսենք,− և Սիմոնը դառնում էր պատերազմի լուրին. [ 512 ]

− Մին էլ նաչալնիկը փոշտից դուրս եկավ, թե՝ ժողովուրդ, ուռռա՜... Հուռռա տվին, պատերից կարմիր կապույտ թղթեր կպցրին... Պրիստավն ինձ հետ էդ ժամանակ խոսում էր... Նա դեռ գլխու չէր...

− Սիմոն, թղթերը դու տեսա՞ր...

− Բա ո՜նց...

− Ի՞նչ էին խոսում քաղաքի մարդիկ:

− Ի՞նչ պիտի խոսեին, ամեն մարդ իր դուքանում, իր առևտուրի հետևից: Ինձ ճանանչ մի դուքանչի ասում էր՝ շաքարը շատ կթանկի, նմանապես կտորը։

− Ո՞ր թիվն են կանչում,− հարցրեց Շինականը:

− Էդքանը չտեղեկացա... Համա ասում էին, որ մեր մհալի ժողովուրդը հազար մարդ կտա։

− Հազա՜ր։ Էլ տակին ի՞նչ կմնա։

− Ղալմաղալը որ չլիներ, շատ բան կտեղեկանայի պրիստավից, համա եկան, թե նաչալնիկը վռազ կանչում է։

− Ի՞նչ ղալմաղալ, Սիմոն։

− Այ եսիմ է՜... Մեկ էլ դուքանները կապեցին, զորքը, ժողովուրդը մեյդան թափվեցին... Ուռռա՜... հա ուռռա։ Հենց ուզում էի իմանամ, թե իմ գործը ոնց կլինի, ձեռքով արեց, թե գնա... Ես ասեմ մանեֆեստի տակով անեն։

− Սիմո՛ն, տեղեկացա՞ր, լավ գերանդին քանի է,− հարցրեց մեկը։

− Անդարդի մինը, գերանդուի վախտ ես գտե՞լ,− վրա բերեց Իսոն։ Ծերունու հազը նորից բռնեց, ու գլուխը տմբտմբացնելով ձեռքը կրծքին սեղմեց, որ ներսում մի բան պոկվեր ու հանգստանար։

− Տերտերն էն օրը զուր չէր ասում, թե երկիրս պիտի խառնվի,− ասաց Ավան ամին, որ մինչ այդ լուռ լսում էր խոսակցությունը։ Բոլորը լռեցին ու միայն ծերունի Իսոյի կուրծքն էր խզզում, ինչպես սղոցը։ Ավան ամին շարունակեց.

− Էդ մեզ նման խավար ժողովուրդն է, որ բանից խաբարություն չունի... Թե չէ ուսումնագետ մարդիկ կանուխ էին իմանում... Տերտերն ասում է՝ սերբիացին որ թագավորի տղին սպանեց, էն օրը հայտնի էր, որ կռիվ պիտի լինի:

− Բա մեր ցանքը, մեր կալը,− հարցրեց Շուղանց Իսոն։

− Քարը որ գլորվում է, մամուռը չի պահում, ա՛յ Իսո... Տերության ինչ հոգն է, թե ձեռդ նեղումն է։ Հրաման հանեց՝ տուր, տուր։ Ի՞նչ պիտի անես,− պատասխանեց Ավան ամին։

− Լա՜վ, տանք... Թագավորի հողից ու՞ր պիտի փախչենք։ Ախր դե [ 513 ] տակին մնացածը չի կառավարում։ Էն խաչած հողին ոչ արժանանամ, թե սուտ ասեմ, հրես հանդից կոտրատված եկել եմ, տանը մի գցելու չայ չկա: Բա որ մեր երեխուն տանեն, էն է ինձ գցեմ գետը... Սելավն եկավ, կալատեղս քանդեց, մինչի հիմա էլ խանգարված է մնացել։

− Ա՜յ Իսո, հազար ասի, ո՞վ է լսողը։

− Բա վերջը, մի լուս չի՞ հասնելու մե՜զ։ Էսպես խավար պիտի մնա՜նք...

− Ջաղացդ էս է, թեփն ալյուրի հետ կես է. կաղաս էլ էս է, չաղաս էլ էս է... Բա՜, Իսո։

− Ջրին ասին թե ինչի՞ ես խշշում, ասաց՝ տեղս քարոտ է... Հիմա մեր օրն է։

− Լա՜վ, դարդ մի անի է՜,− ասաց դարբինը։− Սրան ռուսի թագավոր կասեն... Երկու ամիս չի քաշի՝ փափախներով խռիկ կտա գերմանացուն, տանի ծով կածի։ Շա՜տ շատ երկու ամիս դիմանան։ Հերու վարժապետն ասում էր, թե նրանց հացն առնովի է։ Հաց որ չունենա, ինչ պիտի անի։ Դու ասա հացի բանը լավ գնա։

− Հազարաստեղծ աստված, քո խեղճն ենք... Մեծ գետի ճանապարհը մեծ է լինում... Դու ասա, որ մեր աղբյուրը չցամաքի,− ասաց Շուղանց ալևորը։

− Իսո ամի, հարուստի տունը ղոնաղ եկավ, աղքատի ուլը մորթեցին։ Տրաքոցը որ ընկավ, մենք հո էս գլխից ենք ոտան տակի կորչելու,– տխրությամբ հարեց Ունանը։

Նա նստել էր անկյունում ու մտածում էր իր կրտսեր եղբոր մասին, որ երկու տարի առաջ վերադարձել էր զինվորությունից։ Ինքը Ծիրանի տափն էր վարում, երբ տեսավ իր փոքր աղջկանը բլուրն ի վեր բարձրանալիս։ Մաճը բաց թողեց ձեռքից. «չլինի՞ մի փորձանք է պատահել տանը»... Եվ մոտեցավ աղջկանը. «Խաչանը ե՜կել է՜...» կանչեց աղջիկը։ Քիչ հետո երևաց և Խաչանը։ Ինչ ուրախությու՜ն էր։ Մոտեցավ ու փաթաթվեցին իրար: Այս հիշելուց Ունանը ժպտաց, նրա աչքերում արցունք երևաց։ Ի՜նչ լավ էր վարում Խաչանը հենց առաջին օրը, կարծես չորս տարի զինվորության մեջ չէր եղել։ Ունանը միտք ուներ մաճկալությունը թողնելու։ Ահա քեզ... Խաչանը գնալու է... կինը, երեխան։ Ինչպե՞ս պատահեց։ Գուցե սու՞տ է. բայց մարդիկ խոսում են։ Ու ոչ մի օր չի հիշում իր կյանքում, երբ աշխատանքի եռուն ժամանակ այսքան բազմություն հավաքվեր Բոլոր-քարի շուրջը։ «Տրաքոցը որ ընկա՜վ»... Եվ Ունանը հիշեց իր խոսքը։ Էդ ո՞վ գցեց տրաքոցը... Հանդարտ վար էին անում... [ 514 ] Երեկոյան դեմ եզներն արձակեցին։ Փեշի հողը թափ տալով մոտեցավ առվին, որ ձեռքերը լվանա։ Հանկարծ Խաչանը մոտեցավ, թե հրաման է եկել... Եվ ձեռքերը մնացին անլվա, նստեց առվի եզրին։

Փողոցում երևաց քահանայի կռացած սիլուետը։ Նա դանդաղությամբ էր քայլերը փոխում, կարծես կորցրել էր մի բան, որ ուր որ է պիտի աչքին ընկնի իրիկվա կիսամութում:

− Հրես տերտերը գալիս է: Նա խաբար կունենա,− ասաց Չետանց Ունանը։

− Ո՞րտեղից պիտի ունենա։ Սաղ օրը Նռանձորի բաղից դուրս չի գալիս։ Էսօր ասում էր, թե հեղեղի գիշերը փիս երազ եմ տեսել։ Քառասունքը թամամելուց վախենում է գյուղի գլխին փորձանք գա,− ասաց Ավան ամին։

− Սրանից էլ պինդ փորձա՞նք,— վրա բերեց ծերունի Իսոն։

− Տերտեր, էսօր շատ ես միտքարար,− ասաց Ավան ամին, երբ քահանան մոտեցավ քարին։ Մի քանի հոգի իրար սեղմվեցին, նրան տեղ անելու համար։ Տեր Նորընծան քթի տակ ողջունելուց հետո, կանգնեց մի պահ, ասես միտք էր անում, թե ում մոտ է իրեն վայել նստելու, և ապա ծխատուփը հանելով, նստեց Շուղանց Իսոյի և Ավան ամոլ մեջտեղը։

− Ա՜յ Իսրայել, մտքիս հետ ներհակ ընկած գալիս էի...

− Տերտեր, էդ գազեթներում ի՞նչ են ասում կռվի մասին...− հարցրեց մեկը։ Բոլորը շունչ պահած սպասում էին նրա պատասխանին։

− Օրհնյալ, ճրագդ միշտ վարգար մնա... Մեղքը պտույտքի պես մի փորձանք է և ոչ եթե մարդ արարածը հոգին ծախի,− ասաց նա։ Տերտերը քթումն էր խոսում, ձայնը զրնգում էր, ասես պարապ կարասի մեջ էր հնչում, և որովհետև միալար էր խոսում ու մի քիչ էլ ծոր տալով, դրա համար էլ բառերն իրար էին խառնվում, քսվում էր այնպես, ինչպես գետի խուլ վշշոցը մութ գիշերին։ Քահանան կարծես ինքն իր հետ էր խոսում և ոչ ոքի չբավարարեց նրա պատասխանը։ Ինքն էլ զգաց այդ և ավելացրեց.

− Առաջաքայլ և գիտակից անձնավորությունքը հողագնդիս երեսին պակասել են, էլ ու՞մ մեղապարտես էս խառնակչության համար։ Եփեմերդին ասում է, թե եղիցի արյունահեղ պատերազմ, թագավոր հյուսիսական ընդ արևելս, կոտորած ժողովրդյան, քարեկարկուտ և սև անձրև, և սով մեծ...

— Եվ սով մեծ...– կրկնեց Շուղանց Իսոն։ Ամենից շատ Ունանը սարսափեց այդ խոսքից: Ու դարձյալ հիշեց եղբորը, իրենց մեծ տունը, [ 515 ] երեխաներին, որոնք ճտերի նման թխսամոր հետևից վազում էն, հացն ուտում այնքան ագահ, ինչքան շերամի որդը թթենու տերևները... Շաբաթը մի տաշտ հերիք չի անում։ Եվ ի՜նչ ցորեններ կան այս տարի,− մտածեց Ունանը։ Ջաղացպանն իզուր չէր ասում, թե տարին գլխակեր է... Իմաստուն մարդ է ջաղացպանը... Միայն նա կարող է ասել, թե ինչ պիտի անել, որ Խաչանին զինվոր չտանեն։

− Յարաբ տեսնես մեր եզինքը ջրե՞լ են,− ասաց նա բարձրաձայն, և փեշերը թափ տալով վեր կացավ տեղից, իջավ ներքև։ Նրա ականջին ընկավ Չետանց Ունանի հարցը...

— Տերտե՛ր, գերմանացին խաչապաշտ չի՞...− Ունանը քայլում էր ու մտածում. գերմանացին խաչապաշտ չի՞... Հա՛, Խաչանն էլ է ավազանում մկրտված... Ի՜նչ պարզ միտն է այն օրը: Կնունքին մի ոչխար մորթեցին... Ի՞նչ խաչապաշտ։ Ունանն անցավ եկեղեցու մոտով, մի վայրկյան կանգնեց ու գլուխը թեքեց վեր։ Արդեն տարիքն առած մարդ էր, բայց չէր հիշում, թե երբևիցե գիշերով նայած լիներ եկեղեցու խաչին։ Նրան տարօրինակ թվաց, որ գմբեթի գլխի խաչը փայլում է զոդած խոփի նման։ Խաչապաշտ են Խաչանը, գերմանացին, ռուսը... Այն մարդը, որ Քառասնաջրում զավոդ սարքեց։ Նա շատ հարգանքով բարևում էր տերտերին։ Իսկ հիմա... Հը՞, իսկ խաչը... Հենց այնպես է դրված, որ Թելունց պառավն աղոթք անի, երեխաներին բերեն և ավազանում մկրտեն, պսակի ժամանակ Տեր Նորընծան օրհնի։ Ու մի բան Ունանի ներսում պոկվեց, սուզվեց ինչպես քարը խոր լճի մեջ։ Տեղը մնաց դատարկ, ծառի փչակի պես և թե՜թև, ինչպես քամու բերանն ընկած տերևը...

Իսկ քահանան պատմում էր, որ գերմանացիք ուրիշ տեսակի խաչապաշտ են, «ֆրանսացոց ազգաբնակությունը» ուրիշ, «անգլիացու հավատքն այլակերպ է», յապոնացին կրակապաշտ է, ռուսաց ժողովուրդը պրավասլավնի խաչապաշտ է, որովհետև խաչը ծուռ են կնքում։ Չետանց Ունանի գլխում մի հարց պտույտք էր անում, ինչպես կամը կալում։ Երբ տերտերը լռեց, նա անհամբեր հարցրեց.

− Տերտեր, բա էդ խաչապաշտ ազգերը ո՞նց են իրար մսի ելել... Էնա թող գնան յապոնացու երկիրն առնեն էլի...

Քահանան հանկարծակիի եկավ։ Ու նորից հիշեց այն, ինչ ամենից սոսկալին էր նրա համար։ Չետանց Ունանն էլ...− մտածեց նա։ Եկեղեցու աջ կամարի տակ նրա մշտական տեղն է... Ձմեռը մի կիրակի չի բաց թողնում, գալիս է, ծունր դնում, փափախը գետնին ու գլուխը կախում: Բեմի վրայից քանի՜ անգամ է խաչակնքել նրա կողմը։ Տեր Նորընծան զգաց այն, ինչ ծանոթ է խրոնիկ հիվանդություն ունեցողին. ահա նշանը, [ 516 ] առաջին ծանոթ նշանը, որից հետո երկրորդը պիտի երևա, սիրտը բաբախելու է, հետո սրարշավ վրա է տալու ծանոթ և սարսափելի ցավը։

− Հավատն էս բանի մեջ խառնվում չի,− վճռական հայտարարեց դարբին Վանեսը և օգտվելով այն ազդեցությունից, որ ունեցավ իր ասածը, մի քիչ առաջ եկավ և շարունակեց,− ամեն տերությունն իր հաշիվն ունի... Ռուսը տաճիկի հետ է կռիվ անելու... Գերմանացին ֆրանցուսի հետ: Թե չէ ինչ խաչապաշտ, ինչ կրակապաշտ... Էս էն Շահ Իսմայիլի վախտերը չեն...

− Հա՜, դե դու Հնդստանու կոնսուլն ես, դու ամեն ինչ գիտես...− հեգնական տոնով ասաց Ըմբովի Թյունին, որի մշտական սովորությունն էր հակառակ խոսելու։ Իզուր չէին նրա անունը դրել «թարսի ձի»։

− Դե Վանեսի ասածն է էլի՜... ինչ ես հակառակում,− մեջ մտավ Շինականը,− Լեմսը որ եկել էր զավոդը շինելու, քիչ էր մնում բեղդ պոկեր։ Բա նա խաչապաշտ չէ՞ր...− Մոռացված այս դեպքը հիշեցնելը շատերին ծիծաղեցրեց։ Նույնիսկ քահանան ժպտաց, և մոռացավ այն, ինչի մասին համառ մտածում էր։

− Որտեղ սպաս տեսնես, գդալդ մեջ ես կոխում,− զայրացած դարձավ Թյունին՝ Շինականին։ Բայց նրա խոսքը չլսվեց ծիծաղի աղմուկում:

− Է՜, մեր օրը լաց եղեք... Ի՜նչ եք մասխարի գցել,− ձայնը բարձրացնելով ասաց Ավան ամին։ Նրա հանդիմանական խոսքը ծանր ազդեց լսողների վրա. նույնիսկ քահանան փշաքաղվեց։ Նրան թվաց, թե հանդիմանության մի մասն էլ իր ասածի առթիվ է։− Սրան յոթը տերության կռիվ կասեն: Չոբանի կռիվ չի, որ մահակներով իրար չափեն։

− Լավ է՜, Ավան ամի, էդքան հասկանում ենք, բա մեզ ի՞նչ ճանապարհ ես ցույց տալիս,− հարցրեց Չանեն ծուռ Ունանը,− վեր կենանք ռուսի թագավորի դեմ բունթ անե՞նք...

− Չէ՛,− ընդհատեց Ավան ամին,− էգուց էս գնացողների ո՞վ պիտի կալսի, նրանց կարտոլն ո՞վ պիտի հավաքի... Իսկի մին խորը մտածու՞մ ես։ Սաղ գյուղն տակովն է լինում, մի քանի մարդկանց սիրտն է դինջանում։ Լա՜վ սարքվեցին Քառասնաջրում... Էս ջահելներն էլ որ գնան, Սային ու ես պիտի նրանց առաջն առնե՜նք։

− Դրա ժամանակը չի, Ավան ամի,– պատասխանեց դարբինը։ Ավան ամին զարմացած նայեց նրա կողմը: Ու չիբուխը դողաց՞ Մթնում ոչ ոք չնկատեց այդ և ոչ էլ Չետանց Ունանի դառն ժպիտը։

− Էն ո՞ր օրվանից,− հարցրեց Ավան ամին:

− Էսօրվանից,− կտրուկ պատասխանեց դարբինը։ Նրանք հասկացան [ 517 ] իրար։ Ի՞նչ պատահեց դարբնի հետ այդքան կարճ ժամանակում... Նա այգում հայտարարեց, որ կարճ ճանապարհը «մեկի փորը ծխով լցնելն է»։

− Ես ասում եմ, որ բոլորս պետք է սեր միաբան լինենք։ Կռվի ժամանակ հայերի մեջ խառնակչություն չպիտի լինի,− ասաց դարբինը կռահելով Ավան ամու երկմտանքը:

− Դե փիս չի ասում հո՜,− վրա բերեց Շինականը: Դարբինը նրա ասածից խրախուսված՝ շարունակեց.

− Մենք էլ մին ժողովուրդ ենք չէ՜... Մեր մեծամեծերը մեզ համար մի պլան քաշած կլինեն։ Էսօր էգուց Տաճկաստանն էլ է կռվին հասնելու... բա մենք սուս պիտի նստե՞նք:

− Ա՜յ հիմա «շաշ ուստա» ես,− վրա բերեց Ըմբովի Թյունին, նրանից վրեժ առնելու համար։ Այս անգամ նրան հաջողվեց, որովհետե ծիծաղեցին այնպես, ինչպես «Թարսի ձի» ասելուց: «Շաշ ուստան» դարբին Վանեսի մականունն էր։ Այդպես էին կոչում անկանոն և շփոթ աշխատելու համար։ Նա շատ լավ գիտեր իր արհեստը, բայց քմահաճույքով էր աշխատում։ Երբեմն մաշված, ճաքճքված խոփն այնպես էր սարքում, որ տերն անգամ չէր ճանաչում, իսկ երբեմն էլ մուրճով այնքան էր ծեծում, որ խոփը կորցնում էր ձևը։ Թոնրից նոր հանած լավաշի համար տասը ռուբլու աշխատանք կաներ և ընդհակառակը՝ գերանդուին կցան տալու համար հանկարծ ավելին էր պահանջում, քան գերանդուն արժեր։ Ինքնուս արհեստավոր էր, նա և՛ հյուսն էր, և՛ ատաղձագործ, և՛ դարբին։ Նրա շինած կողպեքների նմանը քաղաքում էլ չէին կարողանում գտնել։ Բայց ամենից լավ «ձեռացագործը», ինչպես ասում էր Տեր Նորընծան, հրացանն էր, նա այնպես շնորհքով էր հրացանի փողը փոխում, կտրում մանր, նորոգում, որ տեսնողը չէր հավատա, թե Կարմրաքարի դարբնի գործն է։

Երկու կիրք ուներ դարբինը, մեկը՝ որսորդությունն էր, մյուսը՝ զանազան արկածների պատմություններ լսելը։ Նա ոչ միայն լավ նշան էր խփում, այլև գիտեր, թե որ գազանը ինչ տեղով է անցնում ամառը, ձմեռը, գիշեր թե ցերեկ։ Ամբողջ ձմեռը որս էր անում, երբեմն ձյուն ձմոանը երկու երեք օրով տուն չէր գալիս։ Այդ օրերում գյուղում գիտեին, որ նա մեծ որսի է հանդիպել՝ արջի, քարայծի, կխտարի... Եվ տուն էր գալիս մռայլ, երեսն ու ձեռքերը վառոդի ծխից սևացած։ Նա հազիվ էր ստորագրում իր անունը, բայց երկաթե կտորտանքի, ժանգոտած մեխերի և մանգաղների կողքին, դարբնոցի մուրից սևացած դարակի վրա չորս-հինգ գրքեր կային։ Նրա սիրած գիրքը «Կայծերն» էր, բայց ամենալավը՝ [ 518 ] «Բուլղար ավազակապետի պատմությանը»։ Աշխատանքի ընթացքում, փողոցով անցնող աշակերտին, կամ հենց նրան, ում երկաթն էր շիկացնում, ստիպում էր, որ մի քիչ կարդա։ Շատ անգամ էր նա Եգորին կանչում իր արհեստանոցը։ Նրա ասելով Կարմրաքարում ոչ մեկը Շինականի տղայի՝ Բագրատի նման «սրտանց» չէր կարդում։ Դարբինը թոփը կրակի մեջ էր դնում ու նստում կարդացողի մոտ։− Ուստա, սպիտակում է...− ասում էր խոփի տերը։ «Հանի թող հովանա... Հրես էն տեղին ենք հասնում»։ «Էն տեղը» արկածների հանգույցներն էին, երբ, օրինակ, բուլղար ավազակապետը շղթան սղոցում է ու պիտի իրեն բանտի պատուհանից գցի... Եվ հանկարծ ծառս է լինում, կաս-կարմիր խոփը հանում ու զայրույթից թե հրճվանքից մուրճն այնպես զարկում, որ հնար չէր զարկերը հաշվելու։ Իսկ խոփի տերը, սրտի դողով, մեկ խոփին էր նայում, մեկ կայծերին, որ թռնում էր ծանր մուրճի տակից։

Բոլոր-քարի մոտ նստածների զրույցին նոր նյութ տվավ Մուքելի տղայի գալը։ Նա քաղաքից էր վերադառնում։ Երբ նկատեց հավաքվածներին, նա գլխի ընկավ, որ պատերազմի լուրն արդեն գյուղն է հասել։ Եվ քայլերը փոխեց նրանց կողմը։

− Ո՞ր թիվն են տանելու, չիմացա՞ր,− հարցրեց Շուղանց Իսոն։

− Ութ տարվա զապասն են հավաքում, Իսո դայի... Խոսք կա, որ աշունքն էլի կանչեն։

− Ուրեմն մինչև աշունքը կռիվ պիտի տա՞նք,− հուսահատ ասաց ծերունին։ Եվ ապա ինքն իր ձեռքն օդում տարուբեր արեց, մրմնջալով «տարա՜ն... գնա՜ց»։

− Էլ ուրիշ ի՞նչ էին ասում... ճոթ ու կտորի կողմանից, թանկից, էժանից,− հարցրեց Ավան ամին:

− Խոսք չկա։ Դուքանները տրաքվում են ապրանքից։ Հա՜, ղազախները գնացին։ Մի թամաշա էր, որ...

− Ես էլ տեսա,− վրա բերեց Հասրաթի Սիմոնը։

− Դե սուս է՜, թող տեսնենք, ինչ է ասում,− սաստեցին նրան։

− Վարդապետը, քահանեքը, քաղաքի պաչոտնի առուտուրականները խաչով, խաչվառով տարան նրանց ճանապարհ գցեցին... Ղազախների գեներալը կռացավ, վարդապետի աջն առավ։

− Հայր Սիմոնը շատ հարգևոր է մեծամեծաց ասպարեզներումը, ուսյալ մարդ է,− ասաց քահանան։ Նրան հաճելի էր այն, որ գեներալը համբուրել է հայր Սիմոնի աջը, և քահանան պատրաստվեց հիշեցնելու այդ դեպքը, երբ Մուքելի տղան շարունակեց իր պատմությունը։

Իսկանդարովը, Աբգարովները, Գևորգ բեյի տղերքը, դաստա [ 519 ] կապած, ոսկին մեծ պատնոցի վրա դարսած եկան նաչալնիկի դռանը կանգնեցին... Նաչալնիկը դուրս եկավ, ռուսերեն խոսեց, էնքան չհասկացա։ Համա ամեն խոսքին ուռա էին կանչում: Հետո պատնոցը ներս տարան...

− Ուրեմն նվիրատվություն ենք անում զորքի հարկավորության մասին,– մեկնաբանեց Տեր Նորընծան, որը մեծ հիացմունքով էր լսում «Միքայելի որդու» պատմածը քաղաքի ոգևորության և եռուզեռի մասին:

− Այ հայություն,− ոգևորված բացականչեց դարբինը։

− Մի պատնոց կտան, փոդրաթից տասը դուրս կբերեն,– կծու շեշտով հարեց Ավան ամին։

− Մինչի դուրս գալուս սհաթն էլ քաղաքն ուրախությունից դրնգում էր,− եզրափակեց Մուքելի տղան։

− Շաշվել են, ինչ է... Մարդ էլ կռվի համար ուրախանա՞... Խելքս բան չի կտրում։

Ավան ամին դեռ խոսքը չէր ավարտել, երբ մի ձիավոր ձին թափին քշած, անցավ փողոցն ու ծռվեց դեպի «պամոշնիկի օթախը»:

− Զրիկա գզիրն էր,— հայտարարեց Շինականը:

− Վեր եկ գնանք Անտոնի մոտ,− ասաց Շուղանց Իսոն,— բալքի թազա հրաման կա...− և համարյա բոլորը տեղներից վեր կացան։

− Տեսնեմ մեր մադյանի առաջը խոտ գցող եղա՞վ թե չէ,– ասաց Չանեն ծուռ Ունանը, մթնում տափտափելով:

− Է, ինչի վրա ես միտք անում,− պատասխանեց Շինականը:

− Քուռակամեր է ախր...

...Խարույկի վրա կախած կաթսայի մեջ քլթքլթում էր ջուրը, թշշալով ընկնում կրակի վրա։ Ընթրիքի համար վաղահաս կարտոֆիլ էին եփում։ Խարույկի մոտ, գետնին խրած փոքրիկ զնդանի վրա ջաղացպանը մուրճով ծեծում էր գերանդու ծռած բերանը, Սիմոնը, որ նոր էր վերադարձել Կաղնուտի ձորից, դանակով քերում էր կացնի կոթին հենած կաշվի ձողը։ Նրա կողքին պառկել էր Արզումանը և ձեռքի ճիպոտով մերթ թեժացնում էր խարույկը, մերթ հեռու թռչող կրակները հավաքում։ Երկու հնձվոր, երեկոյան սառնությունից պաշտպանվելու համար չուխաներն ուսերին գցած՝ թիկնել էին խոտի խուրձերին։ Նրանցից մեկը ծխում էր, մյուսը՝ աչքերը բաց անում, նայում քլթքլթացող կաթսային ու նորից փակում: Խարույկից քիչ հեռու ջաղացպանի կինն ու Սալբին ավելուկից շարան էին կապում։ Սալբին երբեմն մասրենու ձողով խառնում էր կաթսան, մի կարտոֆիլ հանում, մատներով սեղմում ու կիսաեփը մեջը գցում: Երբ աղջիկը ձեռքը մեկնում էր կաթսային, ննջողը գլուխը վեր էր [ 520 ] բարձրացնում, իսկ երբ Սալբին նստում էր իր տեղը, հնձվորը հոգնած գլուխը թեքում էր խրձանը։

Արզումանը Սիմոնին պատմել էր սղոցարանի դեպքը։ Պատմել էր ներքին հպարտությամբ, մի քիչ ավելին, քան իրականում էր եղել, պատմել էր այն անխուսափելի ձևով, որ հատուկ է երիտասարդ մարդկանց, երբ այդ պատմությանն ունկնդիր է և նրանց սիրելին։ Սիմոնն անորոշ պատասխանել էր, թե չար մարդու վերջը լավ չի լինում։ Անհայտ էր, թե ո՞վ էր այդ չարը՝ Մկրտո՞ւմը, թե Արզումանը։

Հանդարտ էր խարույկի մոտ... Ջուրը թշշում էր, մուրճի հարվածներից գերանդին այնպես մեղմ էր դրնգում, կարծես խոր սափորի մեջ ջրի կաթիլներ էին ընկնում... Արզումանը գլուխը վեր էր բարձրացնում, նայում Սալբուն, որի ստվերն ընկել էր խոտերի վրա։ Աղջկա երկայն արտևանունքներն ավելի էին թանձրացնում աչքի խոռոչի սևությունը։ Երեսը վառվում էր՝ հոգնածությունից ու կրակին հաճախ մոտենալուց:

Շուտով ընթրիքի կնստեն... Ապա գերանդիները, զնդանը, մուրճը, ջրի կուլան կպահեն խուրձերի տակ և կցրվեն տները։ Ջաղացպանն իր կնոջ հետ կգնա ներքին կամրջով, իսկ մայր ու աղջիկ կիջնեն գետի վրա և քարերի վրայով կանցնեն գետը, կբարձրանան այգիների կողմը, կծռվեն փուլ եկած պատի կողքով, և տան դռնակը կճռճռա։ Դաշտում կմնան Արզումանը, երկու հնձվորները, որոնք ընթրիքից հետո պիտի քաշվեն չոր խոտերի մեջ և քնեն մեռածի քնով։ Ու լուսինը մայր պիտի մտնի, խավարը պիտի թանձրանա... Արզումանն անցնելու է քարերի վրայով, ջրի միջով, նրանց հետքով և փուլ եկած պատի մոտ կուչ գալու այնքան, մինչև դռնակը նորից ճռռա և շալի մեջ փաթաթված մի ստվեր անձայն, անշշուկ մոտենա իրեն... Մոտենա ինչպես երկու օր առաջ, երբ ճյուղքին քնած մի թռչուն թևին արեց, աղջիկը դուրս պրծավ նրա գրկից և Արզումանին թվաց, թե պատի վրայից մարդ իջավ։ Սպասեց, շատ սպասեց, և դուռը չբացվեց։

Սղոցարանից վերադառնալուց Արզումանը կռացավ, որ աղջկա ոտքերի մոտ ընկած կիտուկը կապի,− կամացուկ նրան ասաց, «էսօր կգաս»։ «Հերս տանն է»... «Կգաս, բան եմ ասելու»... Եվ Սալբին կարմրեց, եղանով շուռ տվավ արդեն շրջած կիտուկը։

Ներքևում չոր խոտերը խշշացին։ Արզումանը տեղից վեր ելավ, Սալբին էլ նայեց... Մի ստվեր վազում էր մութի կողմը։

− Եգորն է,− կամացուկ ասաց Սալբին, սակայն բոլորը լսեցին, բացի հնձվորից։ Ու Եգորը հևիհև պատմեց, թե ինչ հրաման էր բերել Երոշը: [ 521 ] − Օ՜ ե՜... Չթողին էլ էս խոտը տեղաց անենք... Ասի անձրև չգա, չթրջի,− ասաց Արզումանն այնպիսի հանգստությամբ, կարծես ոչ թե պատերազմի լուրն էր լսել, այլ անախորժ բեգյառի, ու հարկավոր էր երկու օր գնալ «թագավորական» ճանապարհում խիճ ջարդել: Սիմոնը խոսք չգտավ ասելու, ջաղացպանը դադարեց գերանդին ծեծելուց։ Նա մեկ Արզումանին էր նայում, մեկ Եգորին։

− Կարմրաքարի գլխին հլա շատ փորձանք է գալու,− ասաց նա: Արզումանը նայեց Սալբուն։ Երկուսի հայացքն իրար դիպան։ Ասես ծիածանի պես կամուրջ կապվեց և չասված խոսքեր կամրջի վրայով սրտից սիրտ անցան։

− Էսպես թագավորին ես... վախտը գտա՜վ,− ասաց Արզումանը։− Բեր, կարտոլը բեր ուտենք։

Լուռ ընթրեցին։ Մոռացան հնձվորին էլ զարթեցնելու։ Նա խոր քնի մեջ մշշացնում էր, ինչպես հոգնած եզը ուռենու ստվերում։

Աստղազարդ երկինքը ջինջ էր, ինչպես լեռնային լճակը։ Հնձած խոտերի մեջ ծղրիդները կանչում էին։ Շատ մոտիկ մի լոր բռռալով թռավ խոտի միջեց։ Սալբին կլպում էր կարտոֆիլը, հոր առաջ դնում։ Ու մի սպիտակն էլ զգուշությամբ գլորեց Արզումանի կողմը։ Արզումանը նայեց նրան, աղջկա արցունքոտ աչքերում խարույկի կրակն արտացոլում էր։

− Եգո՛ր, վեր կաց... Տեսնենք ինչ թուղթ է ստացել պարոն Վասիլը։− Ու երկուսով իջան գյուղի վրա։

Պամոշնիկ Անտոնի «կանցելարը», որ Կարմրաքարում ավելի շատ հայտնի էր որպես «պամոշնիկի օթախ», որովհետև այն միաժամանակ և բնակարան էր,– գյուղական մնացած սենյակներից տարբերվում էր միայն ոտքը կոտրած սեղանով, որի վրա, ինչպես և պատուհանին, դարսված էին մի քանի մատյաններ, որոնց մոտ, պատուհանի հովին,− ուր կոտրած ապակու անցքը տրեխի քողով կապկպած էր, որ կատուն ու հավերը ներս չմտնեն, երբ տանը մարդ չէր լինում,− պատուհանին դրված էր մածնի մերուցքը:

«Օթախ»-ում կանգնելու էլ տեղ չկար: Անտոնը, որ նոր էր վերադարձել Հիբանի ամարաթից, գրագրին թելադրում էր տանուտերի ուղարկած գրության պատասխանը, որ պիտի ուղարկեր Զրիկից եկած գզիրի ձեռքով: Տանուտերը դրել էր այն, ինչ հայտնի էր ուրյադնիկի հանձնած ծրարից։ Բացի այդ, նա կարգադրել էր լուսաբացին կազմ ու պատրաստ ունենալ զորակոչի ենթարկվածներին։

Վասիլը դառնացած գրում էր պատասխանը և թեկուզ գլխավերևը կանգնած Անտոնը թելադրում էր նրան, բայց նա գրում էր այնպես, ինչպես [ 522 ] ինքը գիտեր։ Նա դառնացած էր և նրա համար, որ «օթախ»-ում եղած մարդկանց մոտ թելադրում է Անտոնը, բայց ավելի շատ՝ իր հանգիստն այդպես անակնկալ կերպով վրդովելու համար։ Պամոշնիկը նկատում էր այդ, սակայն շարունակում էր թելադրելը:

Այդ երեկոյան Վասիլը, որ գյուղում թունդ հարբեցողի հռչակ ուներ և, ինչպես քահանան էր ասում, «այդ տկարության կողմանից իրյան պապին էր քաշել»,− Վասիլը հարբած քնել էր գետափի ուռիների տակ, երբ թափահարելով նրան զարթեցրեց գզիրը։ Գաղտնի գրության անունը նրան սթափեցրեց։ Ու թոնթորալով վեր կացավ, բարձրացավ «օթախ»-ի կողմը։ Գրության բովանդակությանը տեղեկանալուց հետո, խորիմաստ «հը՜մմ» արեց։ Անտոնը դուռը փակել էր։− Հը՞։− անհամբեր հարցրեց նա։− Հե՜չ, պրիստավն է գրել...− ծույլ-ծույլ ասաց Վասիլը, հաստատ իմանալով, որ իր պատասխանը չարացնելու է պամոշնիկին, նա սպառնալու է տանուտերին ռապորտ գրելով, և վերջում՝ աղաչանքով խոստանալու է «էն զահրումարից» մի շիշ։ Երբ Վասիլը գրությունը կարդաց ու թարգմանեց, պամոշնիկ Անտոնի գլխին ասես տունը փուլ եկավ...− Ոնց թե կռիվ,− ասաց ու նստեց սկամուն։ Ապա մեկից ծլոնգ եղավ, դուրս եկավ ու դուռը փակելուց գրագրին պատվիրեց, որ ոչ ոքի չհայտնի գրության մասին՝ մինչև իր վերադարձը։

Իսկ լուրը տարածվեց կայծակի արագությամբ։ Վասիլն ինքն էր հայտնում եկողին՝ կարծես նրան ուրախություն էր պատճառում այն արտահայտությունը, որ ունենում էր յուրաքանչյուր լսող։ Վերադարձին Անտոնը զայրացավ, երբ տեսավ օթախում հավաքված մարդկանց։

− Այ խալխ, չամիչ չեն բաժանու՜մ... թողեք մի տեսնենք ինչ պատասխան ենք տալիս... Մի աշիբկա լինի, նոմերը սխալմունք պատահի, դե եկ էդ դարազումեննու պատասխանը տուր... Սա թագավորական գործ է, հանաք մասխարա չի ...

Վասիլը շտամպը մոտեցնում էր բերանին, փչում, ռունգները լայն բաց արած ներս ծծում օղու հոտը, որ ելնում էր իր շնչի հետ։ Փչում էր, ծույլ ծույլ շարադրում և քմծիծաղ տալիս պամոշնիկի խոսքերի վրա։

Արզումանը դռան մոտ կանգնածներին հրելով ներս մտավ։

− Չեստ իմեյու յավիցա, վաշ բլաղարոդի,− բղավեց նա զինվորական պատիվ տալով Անտոնին։

− Կանցիլարը շուտկի տեղը չի՛,− զայրացած պատասխանեց Անտոնը և դարձյալ կռացավ սեղանին։

− Հա՜, լավ... Ռապորտը գրի, թե չէ գիտե՜ս՝ պալևոյ սուդ, կաշիդ մեջքիցդ կհանեն... վա՜յ, Վասիլ Պետրովիչ, դու էլ էստե՞ղ... Ուրեմն [ 523 ] հանաք չի էլի՜ կանտորա, պիշետ։ Հե՜յ, մերը չմեռնի թագավորի։ Ձեռաց գլխի ընկավ, որ Կարմրաքարում զուր հաց ուտող շատ կա։ Սիմոն ապեր,− դարձավ նա մի կարճահասակ ալևորի, որին սեղմել էին անկյունը,− դու էստեղ ի՞նչ գործ ունես։ Քո թայերը թանովը կերել են, երազ են տեսնում։

− Երեխան էլ է,− լացակումած ասաց ծերունին։

− Ստեփա՞նը։ Նա ո՞ր թվի սալդաթն է որ...

− Եսի՜մ... Վասիլի մոտ է թղթերը։

− Վասիլ Պետոովիչ, բա քեզ հետ ե՞րբ ենք մի կատիլոկից բորշ ուտելու։ Թե՞ մնում ես, վիզդ հաստանա, կուղի նման ընկնես խալխի կնանոց ջանին։

− Ասում եմ բերանդ շատ ցրիվ մի տա,− կանչեց պամոշնիկը։ Իսկ Վասիլը գլուխը կախել էր թղթի վրա, իբր թե չի լսում։

− Դե լավ հա՜... Խանչալիդ քարը վեր չընկավ։ Էնպես չի՞, Վասիլ Պետրովիչ... Դավթարում ադրեսս գրի. 117 պենզենսկի պոլկ, տրետի բատալիոն, ավտարո ռոտա պալաչիտ Արզումանու Եդիգարովու... Ադրես գրելիս հավից ճուտից շատ չհավաքես, թե չէ մին էլ տեսար եկա դիվանիդ։

Մի քանի հոգի ծիծաղեցին, մեկը կամացուկ ասաց.

− Երանի Արզումանին։ Գայլի սիրտ կերած է,− Արզամանը լսեց։

− Բա սուգ անե՞մ։ Ինչ եք կարասն ընկած մկան նման թռսխել... Մին էլ տեսաք ցեպ կապած ետ եկանք, դավայ դավայը գցեցինք...

− Ուր է, լեզվիդ մատաղ, քո ասածը լինի,− մրմնջաց Սիմոն ապերը,− սաղ սալամաթ ետ գաք... Մենք էլ նաչար ենք։

− Դե, ժողովուրդ, լսեցի՞ք,− դարձավ պամոշնիկը ներկա եղողներին։ Դրսում հավաքվածները մոտեցան դռանը։– Սպիսոկը սա է...– ու նորից կարդաց անունները։− Լույսը չբացված գյուղամեջին հավաքված լինեն, երեք օրվա պաշարով... Դե հիմա շաղ եկեք, տեսնենք ինչ ենք անում...

− Հա, արևիդ մեռնեմ,– աղաչանքով ասաց Սիմոն ապերը, որի որդու անունը ցուցակում չկարդաց, բայց մի մատյան ևս պիտի քրքրեին,− մեր հոգատար իշխանը դու ես... Բոլորը քո ձեռքիդ են նայում...

Բազմությունն սկսեց ցրվել:

− Եգո՛ր, գնա տուն, ես մեր բաղովն անցնեմ,− ասաց Արզումանը և կորավ մթության մեջ։ [ 524 ]

* * *

Գյուղի վրա բացվեց մի պղտոր առավոտ։ Մոխրագույն ամպերը ծխի նման բարդ բարդ վեր էին ելնում, կարծես վիթխարի կրահորի բերան էին բացել։

Առավոտյան մուժի մեջ ծլնգացին եկեղեցու զանգերը, ժամհար Բարսեղը սովորականից կանուխ էր զարթնել և կաղ ոտը քարշ տալով բարձրացել զանգակատունը: Հեռվից նայողին այնպես էր թվում, որ ոչ թե ժամհարն է քաշում զանգի պարանները, այլ զանգերն են ձգում նրա թևերը, նախ՝ աջը, ապա՝ ձախը: Կաղ ոտը ձգած, գլուխը գետնին խոնարհած, Բարսեղը կարծես արձանացել էր, մոռացության տվել ծանոթ գավիթը, պարանների կշկուռը, որ սեղմում էր բռան մեջ, զանգակատանը բույն դրած աղավնիներին, որոնք ամենօրյա ձևով թռան, երբ ինքը սանդուղքով վեր բարձրացավ, և շար ընկան գմբեթի ծայրին:

Ժամհարը կանուխ էր զարթնել: Գիշերն էլ անկողնում կողքից կողք էր շրջվել, կարծես ներքնակի մեջ փշեր էին լցված: Նա երբեմն գլուխը վեր էր հանում, նայում պատուհանին։ Ինչ երկար էր ամառվա այս գիշերը...

− Սամսո՜ն, քնել չե՞ս...− ձայն էր տալիս որդուն։

− Չէ՜...

− Քնի, բալաս։ Երկար ճանապարհ ես կտրելու:− Իսկ ժամհարի կինը մթնում ման էր գալիս, պղինձները զրնգացնում, սնդուկը բաց անում ինչ-որ բան հանում, կապում: Լսելի էր զսպված հեկեկոցի ձայն, որ դադարում էր, երբ Սամսոնն ու հայրը լռում էին։ Մայրը հեկեկաց բարձրաձայն, երբ խոսքի միջին ժամհարն ասաց.

− Հրես մեր տանն եմ ասում... նամակդ մշտական թող անպակաս լինի: Դու էլ քեզ մղայիթ կաց... Հազար շառ, հազար փորձանք:

Մոր հեծկլտոցի ձայնից երեխաներն էլ զարթնեցին։ Ամենափոքրը տեղերում նստեց ու կանչեց մեծ եղբորը։ Երեխան կարծում էր, թե նա գնացել է, ու իրան քնած են թողել:

− Բարսե՜ղ, օրհնյալ... բավական է,– ասաց Տեր Նորընծան եկեղեցու բանալին գրպանից հանելով:

− Էսօր շատ դարդոտ է զանգերը քաշում,− ասաց մի պառավ։

− Նաչարն ի՞նչ ունի: Մի տուն քուլփաթի պահողը Սամսոնն է,− ու ներս մտան կիսամութ, խոնավ ու քարակոփ եկեղեցին:

Շատ երդիկներից էր ծուխ բարձրանում: Կապույտ ծուխը վախվխելով ձգվում էր վեր, ու սառը քամին նրա բաշից բռնած, թռցնում էր, կտուրներից [ 525 ] պոկում։ Եփում էին, թխում։ Կանուխ էին վեր կացել և նրանք, որոնք զինվորացու չունեին, գնացողը մեկի փեսան էր, մյուսի հորաքրոջ տղան... Պառավ կանայք, շալերի մեջ փաթաթված, դողացող ստվերների նման մեկ-մեկ անցնում էին գյուղի դատարկ փողոցներով ու կորչում եկեղեցու ներսի մթության մեջ։ Բոլորն էլ համարյա նույն ձևով էին ծնկադրում, փղձկում, ճակատը կռացնում եկեղեցու սառը հատակին: Ոչ ոք չէր լսում Տեր Նորընծայի ձայնը, որ արձագանք էր տալիս ծանր կամարների տակ, ինչպես հարվածը դատարկ կարասում: Կանայք ու ծերերը երկար չէին մնում։ Հենց արցունքը ցամաքեր թե չէ, դուրս էին գալիս և շտապում տուն՝ մի բան էլ պատվիրելու գնացողին, մի քիչ էլ նայելու նրանց։

− Հիբանի տղերքն ի՞նչ են լսել, որ առավոտ կանուխ դուքանը բաց են արել,− հարցրեց Թելունց պառավը ժամհարի կնոջը։

− Է՜հ, նրանց սրտի խորհուրդն ո՞վ կիմանա,− պատասխանեց կինը:

Այդ առավոտ Կարմրաքարում ամենից վաղ զարթնողը Մկրտումն էր։ Լույսը չբացված Եփրեմը քաղաք էր գնացել տեղեկանալու ապրանքի գներից ու կատարվող իրադարձություններից։ Մկրտումը նրան շատ հանձնարարություններ էր տվել, մի քանի անգամ էր կրկնել իր ասածը, կրկնել էր տվել եղբորը, ինչպես ուսուցիչն՝ աշակերտին։ Գիշերով Մկրտումն ինքն էր վեր կացել, իջել ներքև, Եփրեմին զարթեցրել, Գոդուն պատվիրել ձին թամբելու և եղբորը ճանապարհ գցելուց մի անգամ էլ ապսպրել քաղաքում անելիքը և գնացել խանութ։

Մկրտումը խանութի հատակին փռել էր գույնզգույն և էժանանոց թաշկինակներ, որոնց մեջ բուռ-բուռ լցնում էր չամիչ, պնդուկ, նոխուդ, ապա թաշկինակները կապոց էր անում, դարսում։ Խանութում ոչ ոք չկար։ Ամեն մի թաշկինակ կապելուց հրճվում էր, ինչպես մայրը, որ քնած երեխայի գլխավերևն ընծա է դնում։ Մկրտումը մի վայրկյան մտածեց, ապա ետ դրեց կապած թաշկինակները, սկսեց բաց անել: Մրգեղենն իրար էր խառնվել։ Ու նա ձեռքը մեկնեց, դարակից վերցրեց մի կապ ծխախոտ, սկսեց մեկմեկ դարսել կապոցների մեջ։ Մեկ էլ հավաքեց ծխախոտը, բարձրացավ վերևից ավելի աժանը և հասարակը վերցնելու։ Պատերազմի լուրը նրա վրա ևս շշմեցուցիչ տպավորություն էր արել։ Բայց այդ տևել էր միայն մի վայրկյան, ինչպես թեթև գլխապտույտ: Ու շատ հասարակ դասավորել էր այն բոլորը, որ բերելու էր պատերազմը [ 526 ] գյուղի և իրենց տան համար։ Պամոշնիկ Անտոնին նա սառնասրտությամբ պատասխանել էր.

− Սա պետք է լիներ... Անկարելի էր... Էս տրաքոցին վաղուց էին սպասում։− Զորակոչի ենթարկվածների ցուցակում միայն Գըդլ Պուղու անունն էր, որ դժգոհություն առաջացրեց նրա դեմքի վրա։

− Բա պիլնի՞ն,− մտածեց նա։− Ու մինչև Անտոնը մյուսների անունները կթվարկեր, Մկրտումն իր անելիքը որոշեց։

Փողոցներում անցուդարձն սկսվեց։ Գրաստներին ուտելիք ու գործիքներ բարձած մի քանի հոգի գնացին աշխատանքի։ Ինչքան էլ դաժան ու հանկարծակի էր պատերազմը, բայց և այնպես հարկավոր էր խոտը հարել, հարածը կիտուկներ անել, այգին ջրել, դեղնած գարիներին նայել, որ հունձը չուշանա։ Երբեմն տներից երեխաները վազում էին Բոլոր-քարի մոտ՝ նայելու հո չեն հավաքվել. կամ թե բարձրանում էին կտուրը և նայում պամոշնիկի «օթախի» կողմը, որի առաջ տկլոր ձին դեռ կանաչ էր ուտում։

Իրենց դարբասի անկյունում Ունանը եղբորը համոզում էր այն, ինչի մասին երեկոյան խոսել էր, ու Խաչանը գլուխն օրորելով ասել էր. «վախենում եմ...»։ Ունանը եղել էր ջաղացպանի մոտ. ճիշտ է, նա հայտնել էր միջոցը, սակայն ավելացրել էր. «համա անտերն իսկական զահրումար է... Ջանով տղամարդ պիտի լինի, որ դիմանա... Էն առաջ էր, հիմա Կարմրաքարում ու՞ր է էդպես ոսկոր...»։ Խաչանից Ունանը պահել էր ջաղացպանի խոսքը, թե տղամարդը միայն կարող է դիմանալ այդ «զահրումարին...»։

Մի ներքին ձայն Խաչանին ասում էր, որ միջոցը վտանգավոր է։ Բայց սիրտը մղկտում էր... Ինչպե՞ս պիտի ապրեն տունը, կինը, երեխան։ Ամբողջ գիշերը կինը արցունք էր թափել բարձին, օրորոցի վրա, երբ կռացել էր երեխային ծիծ տալու: Ու հենց ուզում էր բերանը բանա, բարակ աղբյուրի նման արցունքը ծլլում էր։ Այս երկընտրանքը Խաչանին ծանր մտատանջության մեջ էր գցել։ Իսկ եթե խմի մի գավաթ ծխախոտի ջուր, ինչպես Ունանն էր ասում, կազատվի՞ ու տանը կմնա՞... Խաչանը կրկնում էր մոլորվածի նման, «տեսնենք, կամիսիա ընկնենք... Բալքի բրակ են դուրս բերում»։

Հանդում մենակ մնացած եզան բառաչի նման հանկարծ լսվեց գզրի հուժկու ձայնը.

− Հե՜յ, հե՜... գնացողը գա մեյդանը, հե՜յ...

− Բայղու՛շ,− ասաց Թելունց պառավն ու ձեռը չանչ արեց ձայնի ուղղությամբ: [ 527 ]

Խաչանը տեղում ձգվեց։ Այդ կանչը նրան ազատեց երկընտրանքից, պիտի գնալ: Ու շրջվեց դարբասով ներս։

− Կա՛ց,− ասաց Ունանը, ձեռքը գրպանը տանելով։− Ձեռքի խաշլուղ կանես, մինչև տեսնենք։ Երեկ երկու բեռ խոտ եմ ծախել զրիկեցի Բախշուն...− ու նրա ձեռքին դրեց խոտի վարձը։

− Գալի՞ս են,− ասաց մեկն ու վազելով իջավ ներքին թաղը։ Մի երեխա կտուրից կանչեց.

− Անտոնը ձին թամքում է...

Եվ իրարանցումն ընկավ։ Սկսեցին կապել, կապկպել, տնետուն վազել թելի, պարանի, հաց փոխ առնելու, գրաստներ սարքելու։ Մի մայր ծնկներին խփեց. նա մոռացել էր պաշարի մեջ աղ դնելու ու ճիգ էր անում հիշելու, թե որտե՞ղ է աղի պարկը։

Կարմրաքարից գնում էին Շուղանց Իսոյի տղան, Խաչանը, Սիմոն ամու որդին, որի անունը գտնվել էր վերջին ցուցակում և հայրը լացակումած վերադարձել էր տուն, մարդ ուղարկել, որ ոչխարատեղից նրան կանչեն։ Գնում էր և Դիլբարի Թևանը, որ Արզումանի հետ էր զինվորությունից վերադարձել, իրեն հետ բերել նախշուն մի ցուցանակ, վրան գրած՝ «ռաստովսկի պարիկմախեր»։ Թևանի միտքը, որպես կետ նպատակ, Կարմրաքարում վարսավիրանոց բաց անելն էր։ Պատերազմի լուրը լսելուց, նա անմիջապես կապոտել էր ցուցանակը, գործիքների մի մասը, պինդ մեխել և տնեցոց պատվիրել մինչև իր վերադարձը չբացել։ Իսկ մնացածը՝ ածելիները, մկրատը, գլուխ խուզելու մեքենան հետը տանում էր։ Կանչում էին Գըդլ Պուղուն, ներքի թաղից երեք հոգու, ժամհար Բարսեղի որդուն։

Գյուղի ծայրին, Զրիկից եկող ճանապարհի վրա, երևացին մի քանի ձիավորներ, որոնք քշելով եկան հրապարակը։

− Գալիս ե՜ն,− ձայն տվին հավաքվածները։ Լսվեց դմբդմբոց, ապա զուռնի բարակ ձայնը: Երևաց տանուտերի սպիտակ ձին, ապա ուրյադնիկ Երոշը, որից հետո ձիավորների ու հետիոտն մարդկանց խուռն բազմությունը։

− Սարի արջերն եկա՜ն,− ձայն տվեց մի երիտասարդ ու վազեց դեպի փողոց։ Կարմրաքարցիք վերի գյուղացիներին այդ անունով էին կոչում անտառապատ լեռան տակ բնակվելու համար։

− Խալխի սրտին դանակ տաս, արյուն չի կաթի, սրանք էլ հարսանիք են գնում,− ասաց Ունանը։

Վերի գյուղի եկողները հասան Բոլոր-քարի հրապարակին ու կանգ առան։ Այնտեղ արդեն հավաքվել էր մի ուրիշ խումբ, որ ստվարացել [ 528 ] էր զուռնա դհոլի աղմուկից։ Մի քանի հոգի մոտեցան տանուտերի ձիու սանձը բռնելու։ Խռնված բազմությունը ճեղքելով, նրան մոտեցավ պամոշնիկը։ Նրանց մոտ կանգնած մարդիկ լսեցին տանուտերի հարցը և Անտոնի պատասխանը՝ «սավսեմ հազիր ենք»։

Ինչպես երկու հոտ խառնվում են իրար, երբ մակաղելու են քշում, գիտես էլ վերի գյուղից եկած բազմությունն ու Կարմրաքարի փողոցներում սպասողները իրար անցան։ Մեկը փնտրում էր իր բարեկամի որդուն, մյուսը Կարմրաքար գալու առիթից օգտվելով խոսում էր խոտի գնի մասին, պատվեր տալիս Կարմրաքարի բարեկամին, երրորդն իր հեռավոր ազգականի տեսությանն էր վազել և շտապ պատմում էր, թե ովքեր են գնում իրենց գյուղից, ինչ են խոսում Զրիկում։ Անսովոր եռուզեռ էր, և հրապարակն ու նրան միացած փողոցները սևացել էին ձիավորից ու հետիոտն մարդկանցից, որոնց մի մասը ուղեկցելու էր մինչև քաղաք, մյուս մասը վերադառնալու էր Կարմրաքարից։

Պամոշնիկը մեկ տանուտերի հարցին էր պատասխանում, մեկ՝ գզիրին կամ առաջին հանդիպած կարմրաքարցուն ուղարկում ուշացողներին շտապեցնելու։ Տանուտերը, որի տեսքին առանձին փառահեղություն էր տալիս երիտասարդ ու կայտառ ձին, մանավանդ երբ անհամբերությունից փռնչացնում, ոտով գետինը դռփում և կարմրած ռունգներով օդը ծծում, սանձը կրծոտում,− տանուտերրը դիտում էր հավաքված բազմությանը, և ավելի հեռուն՝ կտուրների վրա խումբ-խումբ կանգնած հարս ու աղջիկներին։ Նրա վզից կախած պղնձե շղթան ու կլոր նշանը լրացնում էին տեսքի հանդիսավորությունը։ Գլխի թեթև շարժումով նա ընդունեց իր գյուղացիների բարևը, որոնցից մի մասը իրենց պարտքն էին համարում մոտենալ և լուռ սեղմել նրա ձեռքը։

− Բա ինչու՞ չես իջնում,− հարցրեց Մկրտումը,− զակուսկի կանեիր, մինչի հավաքվեին․․․

− Շնորհակալ եմ, Մկրտում․․․ Տեսնում ես էլի՜, գլուխս ինչքան է խառնված։ Ետ դառնալիս ղոնաղդ եմ։

Տեր Նորընծան հենվել էր եկեղեցու պատին։ Նա առավոտյան արարողությունը նոր էր ավարտել, ավելի ճիշտ համառոտել, որովհետև զուռնա դհոլի ձայնին եկեղեցում եղած ծերերն ու պառավները դուրս էին եկել, շտապել տները։ Քահանան նայում էր ապակյա աչքերով, նայում էր խռնված բազմությանը, ձիավորներին,− ինչպես գետափի չոր կոճղը սրընթաց հոսանքին։ Նրա կողքով շտապ անցնում էին մարդիկ, որոնցից ոմանք չէին նկատում նրան, ոմանք գլխով բարև էին տալիս։ Նա գիտեր, որ սպիտակ ձիուն նստածը տանուտերն է․․․ Ահա նրա հետ [ 529 ] խոսում է Մկրտումը. նրա կողքին «Գեդեոնն» է՝ Գոդին, մի պարկ շալակած։

− Տերտեր, ճանապարհից հեռու կաց... Մարդը շատ է, կվնասեն,− քահանան չիմացավ թե ով ասաց։ Եվ մեքենայաբար քայլերը փոխեց դեպի դիմացի կտուրը։ Ամբողջ գյուղն էր հավաքվել։ Եկել էր նույնիսկ կույր Սային, որ մեջքը Բոլոր-քարին հենած լսում էր խոսակցությունները, կանչը, ձիերի վրնջոցը, մանուկների լացի ձայները, մեկի զիլ ծիծաղը... Ավան ամու կողքին կանգնել էր ուստա Նազարը և փափախով սրբում էր ճակատի քրտինքը։ Ավան ամու այգուց նա երկու կողով խնձոր էր բերել և սպասում էր, որ բաժանի։ Ուստան երեխայի նման ուրախացել էր և՛ նրա համար, որ գնացողներին Ավան ամին խնձոր է բաժանելու, և՛ նրա, որ ինքն է բերել կողովները։

− Ավան ամի, հենց հազրվել ես, ասես դու էլ ես գնալու,– ասաց Արզումանը, աչքը գցելով նրա կոկիկ ու պինդ կապած տրեխներին։

− Կոտորվելուն մենք ենք, որ չեն տանում,− ասաց ու բաց արեց կողովը,− առաջինը քեզ,− ու բռով լիքը լցրեց նրա գլխարկի մեջ։ Խնձորների բաժանելն իրարանցում առաջացրեց։ Շատերը մոտեցան։ Գզիրն էլ մեկնեց իր գլխարկը, իսկ Թելունց պառավը կտուրից կանչեց.

− Հրեն ծառերը կոտրատվում են էլի՜... Հասնելուց կուտես, երեխոց փայը մի կտրի։− Գզիրը փոշմանած ձեռքը ետ քաշեց, կորավ բազմության մեջ։

− Պա՜ պա՜... Կարմրաքարը զարգացել է՜... Էս վախտ կտրմիր խնձո՜ր,− ասաց Արզումանը և խնձորները ձեռքին մոտեցավ կտրանը, որի վրա կանգնած էին ջաղացպանի կինը, Բարիկոն, Սալբին, իր խորթ մայրը, ու թվաց, թե պարտեզից խնձոր է քաղել, ինչպես մանկության օրերին և ծոցերը լցրած շտապում էր յուրայինների մոտ։ Թեկուզ Սալբին գլխաշորը երեսի վրա էր քաշել, բայց և այնպես նրա կարմրելն Արզումանը նկատեց։

− Տեսեք է՜... Ավան ամին ինչ հոգեպահուստ է ունեցել,– ասաց և խնձորով լի գլխարկը մեկնեց։

− Պահի՛, ճանապարհին կծարավես,– ասաց խորթ մայրը:

− Չէ՜, վեր կալեք,– և դարձավ Բարիկոյին,– աղջի, Եգորին չե՞ս տեսել...

− Հրեն է՜, Խաչանի կողքին...− ջաղացպանի կինը խնձորներից մեկը վերցրեց և մեկնեց Սալբուն: Աղջիկն ամաչելով խնձորը պահեց գոգնոցի տակը։ [ 530 ]

Գզիրը տեղեկացրեց, որ բոլորը ներկա են։ Վասիլը պատրաստ ծրարը հանձնեց։ Մկրտումը Գոդուն նշան արեց պարկը մոտեցնելու։

− Էդ ի՞նչ է, Մկրտում,− ժպտալով հարցրեց գզիրը։

− Հե՛չ, ասում եմ տղերքն ուրախ գնան,− ասաց և մի կապոց, որ վերև էր դրված, մեկնեց տանուտերին, երկրորդը՝ ուրյադնիկ Երշոյին, որ ձիու վրայից կռացել էր պարկի վրա, վիզը ձգել, ասես ուզում էր մինչև տակը տեսնել։

− Իմ հոգուս պարտքը՝ տեղ հասնելուց նաչալնիկին էս մասին ռապորտով հայտնեմ,− ասաց տանուտերը, մատներով կապոցը տնտղելով։

− Էհ, սա ի՞նչ է որ,− կեղծ համեստությամբ պատասխանեց Մկրտումը։

Գնացողները մեկ-մեկ մոտենում են, կապոցներն ստանում։ Խաչանը ստացած կապոցը դրեց փոքրիկի գրկին։ Դիլբարի Թևանը հենց տեղն ու տեղը բաց արեց մրգեղենը, զգուշությամբ լցրեց գրպանը ու թաշկինակը տնտղեց։

− Փեշքեշ ձիու ատամին չեն նայի, է՜յ,− ձայն տվավ մեկը։ Թևանը թաշկինակը ծալեց ու տեղավորեց պայուսակում։

− Ես էլ ասեմ առավոտ կանուխ դուքանը ինչի էր բաց,− ասաց Թելունց պառավը կողքին կանգնած մի կնոջ,− նա էլ ջան է չէ՜, ասենք մի քիչ չար նախանձ է...

− Հալբաթ նրա սիրտն էլ է մղկտում,− պատասխանեց կինը։ Եվ Մկրտումի ընծաների լուրը բերնե-բերան տարածվեց։

− Արզումա՛ն, է՜յ, մոտեցի՜,− կանչեց պամոշնիկը։ Մկրտումը վերջին կապոցը ձեռքին նայում էր նրան։

− Խազեինս կոտր կընկնի, լավ չի՛,− բարձրաձայն ասաց Արզումանը։ Տանուտերն ու Մկրտումը իրար երեսի նայեցին։ Պամոշնիկը նրան ինչ-որ բան ասաց։

− Դե լա՜վ, բարիշեցե՜ք... Բա էսօր էլ մարդ իրարից խռով մնա՜,− կանչեց տանուտերը։ Մկրտումը մի քայլ արեց։

− Վաշ բլաղարոդի, իմ առուն դրա աղբյուրից ջուր չի խմի՜...− ասաց Արզումանը և շրջվեց, բազմության մեջ Եգորին գտնելու։

Տանուտերը Անտոնին մի բան ասաց ու ձին շարժեց։ Ուրյադնիկն ու մնացած ձիավորները հետևեցին նրան։ Գզիրը սանձից բռնած բերեց Անտոնի ձին: [ 531 ]

− Ռոտա ստրոյսա՛,− բղավեց Արզումանը,− դե լաց եղեք, նանի, զիզի, հոքիր... Սար ու քոլերը ձեզ: Էլ տեսնելու չենք... Պա, պա՛, պռոշտին ջրի գին է,− ու վազեց կտուրի վրա հավաքված կանանց կողմը, շտապ-շտապ սեղմեց նրանց ձեռքը։ Սալբին երեսը շրջեց, արցունքները պահելու համար։ Եգորը մոտեցավ Արզումանին։

− Արի հետս, բան եմ ասելու...

Իրարանցումը գագաթնակետին հասավ։ Կտուրներից իջան ու խումբ-խումբ հավաքվեցին սրա նրա մոտ։ Ձիավորներն զգուշությամբ առաջ անցան։ Շուղանց Իսոյի հիվանդ կինը, որ անկողնուց վեր էր կացել, ճչաց ու կախվեց որդու վզից։ Իսոն արցունքը սրբելով, կնոջ թևից բռնեց։

− Աղջի, երեխի սիրտը խարաբ մի՛ անի, թող պարզամիտ գնա...

− Տերտեր, չեղավ էլի՝ մեր գլխին Ավետարանդ պահես, ասես համո՞զ ես,− ծիծաղելով ասաց Արզումանը և սեղմեց տերտերի ոսկրոտ մատները։

Արզումանը կտուրից նայեց սևացած փողոցին։ Մեկը հեկեկում էր, գլուխը պատին հենած, մի ուրիշը արցունքը սրբելով հուսադրում էր գնացողին։ Խաչանը երեխային դրել էր ուսերին և զրուցում էր Ունանի հետ, իսկ կինը նրանից քիչ հեռու կանգնել էր, կապոցը ձեռին։ Փողոցում երևաց ջաղացպանը։ Նա ՛աչք էր ածում մեկին, Արզումանը տեսավ նրան ու մոտ վազեց.

− Անդրի ամի՜...− ու ջաղացպանը գրկեց նրան։

− Ես մեռած, դու սաղ... Արզուման, սալամաթ վերադառնաս, դու էլ խեղճ ես...

− Գալու եմ, Անդիի ամի։ Հալա ի՜նչ օրեր ենք տեսնելու՜...

Կտուրի վրա խորթ մայրն էր, ջաղացպանի կինը, Սալբին։ Տերտերի կինը մի խմբից մյուսն էր վազում։ Թևերը լայն բաց արած, իբրև ծեր սագ, լնգլնգալով մոտեցավ Թելունց պառավն ու փաթաթվեց Արզումանին.

− Մի մոր տղա էլ դու ես, բալա ջան, ինչ ես եթիմի պես կանգնել...– Արզումանը զգացվեց, աչքերը տաքացան։

− Չորտ ևո, խայտառակ են անելու հա՜,− ասաց նա, թևով աչքերը սրբելով:

Պամոշնիկ Անտոնը ձգեց ձիու սանձը։ Նրա առաջից գնում էին դհոլ զուռնան ու հետիոտն մարդկանց խումբը։ Եվ թափորը շարժվեց դանդաղ, անկանոն,− շարժվեց, ասես այդ զանգվածն իբր կենդանի միս պոկում էին գյուղի մարմնից, կտրատվում էին հազարավոր թելեր, անասելի ցավ պատճառում թե՛ նրանց, որոնք պաշարը շալակած գնում [ 532 ] էին ու կարոտով նայում ծանոթ տներին, կտուրի վրա հավաքված աղջիկներին, կանանց, և թե՛ նրանց, որոնք դատապարտված էին մնալու և սպասելու։

− Ավան ամի, էհ մնաս բարով,− ասաց Արզումանը։

− Չէ, գնանք... Մինչի Լուս Խաչերը հետդ կգամ։

− Արզումա՜ն, Արզումա՜ն...− Ուստա Նազարն էր վազում։

− Ուստա ջա՜ն...− ու փաթաթվեցին իրար։

− Բարով վերադառնաս,− մրմնջաց ուստան։

− Արխային կաց, մնացողը չեմ։

− Ավան ամի, նամակս քեզ վրա է գալու,− ու քիչ անց ավելացրեց,− աչքդ էս երեխու վրա պահիր, մինչև տեսնենք,− ասաց Արզումանը, ցույց տալով Եգորին։ Ավան ամին լուռ էր, մտքերի հետ։

Արզումանը Եգորին մի կողմի վրա քաշելով, կամաց ասաց.

− Գլխի ես չէ՞ մեր բանը... Սիմոնի աղջկա հետ...– ու նայեց նրա աչքերին։ Եգորը շիկնեց։– Հա, լավ, հո երեխա չես... Դե, վերջը, կարճ ասեմ։ Ականջովս է ընկել, որ խազեինը Գոդու համար է ուզում առնի... Էդպես խոսք բացվել է: Հա՛, աղջիկը չի ուզում։ Հիմա մեր բանն էլ էսպես գնաց: Չորտ ևո, կարող է գամ, կարող է չէ... Էդ մեր ֆելդֆեբել Իվան Իվանովիչը կասի... Աղջիկ է էլի, մի քիչ լաց կլինի, վերջը գլուխը կախ կգնա։ Ի՞նչ պիտի ասի։ Թե որ չեկա, ուրիշի մեղքի տակին ինչի ընկնեմ։− Ես էլ սովեստ ունեմ, չէ՞... Հա, ինձ հանգամանքները մանրամասն կգրես։ Ղուշի թևով էլ է կհասնեմ։ Թե չէ, հո չէ...

Եգորի աչքերը արցունքոտվեցին։

− Տղամարդ կաց։ Արզումանի գլուխը քարի տակին չի մնա...

Լուս Խաչերում կանգ առան։ Իրենց արտի կողքին կանգնել էր Խեչանը: Արտը ծովի նման ծփում էր. ծանր հասկերը քսվում էին իրար,հնչեցնում տխուր լարի նման։

− Ունանը կհնձի, արի՜,− ասաց Արզումանը։

Եվ անխոս բաժանվեցին։ Մնացին միայն նրանք, որոնք մինչև քաղաք պիտի ուղեկցեին։

Ճանապարհը շարունակեցին։ Արզումանը ետ նայեց։ Կողք-կողքի գնում էին Ավան ամին ու Եգորը... Հեռվու՜մ, արտի եզրին կանգնել էր Սալբին, կանգնել էր ու նայում էր։ Հանկարծ արտերի միջից դուրս եկավ իրենց պառավ Բողարը ու փաթաթվեց ոտներին։

− Բողա՜ր... Բողա՛ր, ետ դառ...

Շունը նստեց հետևի ոտների վրա, լեզուն հանեց շոգից: Արզումանը [ 533 ] մի անգամ էլ սաստեց շանը վերադառնալու... Երևում էին գյուղի ծայրի տները, եկեղեցին ասես փոսի մեջ էր։ Արզումանը ձեռքով արեց աղջկանը և վազեց ընկերներին հասնելու...

Բողարը մի քիչ էլ սպասեց, մինչև Արզումանը փոքրացավ սև կատվի չափ։ Ու շունը վերադարձավ։

ԶԵՅԹԱՅԻ ԱՎԵՐՈՒՄԸ
(Մի գլուխ «ԿԱՐՄՐԱՔԱՐ» վեպից)
1

Կեսգիշերին Զեյթայի դիրքերը լռեցին։

Քյուրդ Մուրոն շվարել էր։ Նրա հաշվով թշնամին պետք է ուժեղացներ դիմադրությունը, սպասվում էր և հարձակում։ Այնինչ թշնամին պատասխանեց լռությամբ։ Նրա «ատրյադը» երկու վիրավոր էր տվել, որից մեկը բառաչում էր ինչպես մորթվող անասունը, հայհոյում «մեռել, կենդան», հայհոյում ֆելդշեր Եղիշեին, խմբապետին, թշնամուն, աստծուն, անհայտ մարդկանց, հայհոյում էր կատաղած,− կարծես հայհոյանքը մեղմացնում էր ջարդված ազդրի վերքի մրմուռը։ Մյուսը Զրիկի ձիավորներից էր։ Նա ավելի ծանր էր վիրավորվել, և բարեկամները նրան կիսամեռ վիճակում գիշերը տարել էին գյուղը։ Գնդակը ջարդել էր մեջքի ողնաշարը։ Իսկ Մուրոն հայհոյել էր նրան.

− Հարիֆ, կռնակդ դարձրիր, հա՜... Հախն է քեզ, իմանսըզ...

Այն կողմի դիրքերը լռել էին, բայց այս կողմից՝ սարսափից և անքնությունից ջղայնացած զինվորները անկարգ կրակում էին։ Նրանք սողալով, ոմանք թփերի և քարերի հետևը թաքնվելով, կամաց-կամաց բարձրանում էին լեռը։ Կիսամթնում երևաց Բեղլու Վարդազարի սպիտակ ձին։ Երեք ձիավորի հետ նա սլացավ լեռան գագաթը: Սլացավ գոռալով, աղմկելով։

Թյուրդ Մուրոն խուլ մռնչաց, երբ կիսամթնում տեսավ ձին ու ձիավորը։ Եվ մռնչալով երեսը շրջեց։ Նա հիշեց խնջույքը, Բեղլու Վարդազարի ծանր խոսքը։ Հիմա էլ նա է գրավում դիրքերը։ Այդ միտքը ծանր մտրակի նման շառաչեց։ Եվ նա ցանկացավ, որ թշնամու դիրքերից կրակեն, ձին ու ձիավորը գլորվեն։ Բայց դիրքերը լուռ էին, ինչպես քարերը։ Սպիտակ ձիավորը լեռան գագաթին կանգնել էր ու հեռադիտակով նայում էր դեպի ներքև։

Բացվում էր գարնանամուտի առավոտը... [ 534 ]

Ձյունը դիմացի սարալանջին սպիտակին էր տալիս, բայց ձորերն ու գետահովիտները սև էին։ Ձյունի ջրերը քչքչալով գնում էին, ցող շարում կանաչի վրա։ Անտառը սևին էր տալիս։ Լուսաբացի խաղաղ օդը ճեղքեց ճնճղուկների երամը, որ քարերի վրա պտույտ արեց, ապա թռավ դեպի անտառը։ Շատ հեռվում սպիտակ ծուխ էր բարձրանում։ Կաղնուտի ձորում խոզարածները զարթնել էին։

Քյուրդ Մուրոյի «ատրյադը» հևիհև բարձրանում էր լեռը... Կարճ արահետներով գնում էին հետիոտն զինվորները։ Այստեղ, այնտեղ թփերի հետևը գլուխները հանում էին գյուղացիները։ Նրանցից մի քանիսը զենքով էին, իսկ մեծ մասն ուներ շամփուրներ, երկաթի լինգեր, ջուալներ, պարկեր։ Ամբողջ գիշերը նրանց խումբը ցրտից դողալով սպասել էր կռվի ելքին։

Երբ ձիավորները ետ էին նահանջել, այդ խումբը, որ մեծ մասամբ Զրիկից էր, ավելի շուտ էր վերադարձել գյուղը և լեղապատառ պատմել, որ թուրքերը լուսադեմին կմտնեն գյուղը։ Աղմուկ իրարանցում անելուց հետո, նրանք նորից էին վերադարձել դիրքերը, տաքացել խարույկների մոտ, ոմանք հսկել էին ձիերը, ձիերի տոպրակից ծածուկ գողացել էին գարի, լցրել գրպանները։

Քաղցածների այդ խումբը, ագռավների երամի նման, սպասում էր, որ հաղթողը մաշկի որսը, որպեսզի իրենք ուտեն լեշը։ Նրանք կրնկակոխ հետևում էին զինվորներին, նրանցից յուրաքանչյուրն իր մտքում վաղուց որոշել էր, թե ու՞մ տունը պիտի գնա, ի՞նչ կա այն տանը, որտեղ թաքցրած կլինեն տնամեջը։

Երբ լեռան գագաթից Քյուրդ Մուրոն բղավեց. «Հառա՜ջ, տղերք» և կեռ թուրը շողշողաց լուսադեմին, ձիավորները սուսերամերկ սլացան դեպի գյուղը, թռան իբրև բազեներ,− սակայն ոչ մի տան, ոչ մի պատուհանի և ոչ մի թփի հետևից գնդակ չարձակվեց։ Գյուղը լուռ էր, և միայն ներս խուժողների ձիերի սմբակներն էին դոփում սառած գետնին։

Դեռ մութը չընկած, Զեյթան քոչել էր։

Նրանք վաղուց էին սպասում այդ հարձակմանը։ Չոլախ Պուղանի բերած տեղեկությունը միայն հաստատել էր նրանց սպասելիքը։ Նույն գիշեր առանց աղմուկի, քոչ ու քարվանով գյուղը ճանապարհ էր ընկել դեպի լեռնաշղթայի ձյունոտ գագաթը, այնտեղից իջնելու տաք հարթավայրը:

Գյուղում մնացել էին 20-30 ձիավորներ, որոնց անակնկալ դիմադրությունը շփոթեցրել էր Քյուրդ Մուրոյին և հնարավորություն տվել, [ 535 ] որ ժողովուրդը բավական հեռանա։ Կես գիշերին ձիավորները մեկ-մեկ իջել էին դիրքերից, վերջին անգամ նայել իրենք տուն ու տեղին և ինչպես գիշերահավը, անաղմուկ, ասպանդակել ձիերը, առաջ անցած քոչին հասնելու։

Լուսադեմին «ատրյադը» մտավ Զեյթա։

Նրանից առաջ հասել էին շամփուրավորները, լինգավորները, պարկավորները։ Հետնապահ ձիավորները դեռ գյուղը չէին մտել, երբ նրանցից առաջ անցավ կանանց մի խումբ։ Կարծես քարերի տակից էին բուսել, այնպես անակնկալ էր նրանց երևալը։ Նրանք էլ էին շտապում դեպի Զեյթա, դեպի թալան։

Առաջին մտնողները սկսեցին բաց անել տների փակ դռները... Մի տեղ օջախը դեռ տաք էր ու մխում էր վերջին աթարը։ Օջախի մոտ ընկած էր մեծ կաթսան, որ չէին, կարողացել տանել։ Ինչքա՜ն խոսք ու զրույց էր եղել այդ կաթսայի շուրջը։ Ով գիտի տան պառավ «կաճեն» ի՞նչ արտասուքով է բաժանվել սևացած պղնձից։

Մի ուրիշ տան դուռը պատել էին քարով։ Նոր ծեփը մատնում էր գիշերվա աշխատանքը: Մեկի մարագը կրնկահան բաց էր, կարծես տերը դիտմամբ էր բաց թողել, որ թալանողը միջի հարդն ու խոտը տանի և նրա աչքը չտեսնի ընկուզե փայտից քանդակած դուռը, որի նախշերը հին էին, շա՜տ հին։

Կար մի գոմ, որ մաքուր ավլած էր, ճրագն իր տեղը, ցախավելն ա թիակը կողք-կողքի. նույնիսկ հորթանոցում ամանի մեջ ջուր կար։ Կարծես հիմա հորթերը սարից պիտի գային։ Մի ուրիշ տան ոչինչ չկար, սրբել, տարել էին, բացի երեխայի պատռոտված տրեխները, որ շպրտել էին տան մեջտեղը:

Կես ժամ չանցած սկսվեց թալանը։ Ինչքան բացվում էր օրը, այնքան Զեյթայի փողոցներում ավելի շատ էին երևում մարդ ու կին, ձի, ձիավոր։ Հարյուրավոր բազմության մեջ, եթե գոնե մի երեխա լիներ, կարելի էր կարծել, որ քոչողը հենց նրանք են, որոնք փողոցում, տան բակերում կիտում էին այն ամենը, ինչ մոռացել էին, կամ շտապելուց թողել տան տերերը՝ պղինձ, կարասի, արոր, ուրագ, մորթի, պանիր, մաշված կարպետ, ալյուր, ցորեն։ Ավարառուները բաժանվել էին փոքրաթիվ խմբերի, խմբի մի անդամը հսկում էր, մյուսները հավաքում և դարսում էին ինչ ձեռք էր ընկնում։

Արդեն սրբել էին տնամեջը։ Վերջին եկողները վերցնում էին այն, ինչ առաջինները չէին վերցրել անարժեք լինելու պատճառով: Սկսվել էր գետնի փորփրելը: Գործի էին լինգերը, շամփուրները, սրածայր փայտերը: [ 536 ] Ծակծկում, խփում էին գետնին, պատերին։ Գետնի դրմբոցից գտնում էին թաքցրած իրերի տեղը, հորի բերանները և ագահությամբ փորում գետինը, ոմանք մատներով, ինչպես մարդագայլը գերեզմանը: Շրջում էին հորի բերանի քարերը և դուրս հանում փախածների պահուստը։

Երիտասարդ արևը ամպերի հետևից երեսը հանել և կամաց լողում էր սառը ոլորտում։ Նրա շողերը խաղում էին սվինների հետ. շողշողում էին շամփուրները, պղինձները, սամովարները, սակայն այդ օրը բազմությունից ոչ մեկը գլուխը վեր չհանեց և արևին չնայեց: Կարծես ամաչում էին և վախենում, որ արևը կծակծկեր նրանց աչքերը և աչքերի ագահությունը։

Անցել էին վերջին արարին: Հանում էին դռները, երկաթե փենջարաները, տան գերաններն ու սյուները։ Փոշի էր բարձրանում փլվող տներից, աղմուկով նստում էին կտուրները, պատերը ճեղք էին տալիս, ինչպես երկրաշարժի ժամանակ։ Ահա մի տեղից պատից քար ընկավ, ջարդեց մեկի գլուխը, որ գարու ծանր պարկը շալակին անցնում էր պատի տակով, հետևից նրա կինը՝ բեռնավորված ջուլ ու փալասով։

Կինը ճչաց, սակայն ոչ ոք չվազեց նրա ճիչին։ Արյունը խառնվեց հողին։ Կինը ետ քաշեց մարդու դիակը, ուղղեց գարու պարկը։ Մի քիչ գարի է թափել։ Ե՛վ լալիս է, սգում մարդու համար, և՛ գարին բռով լցնում պարկը։ Նա մղկտում է աղիողորմ, անիծում է իր դառը վիճակը, աղքատությունը, տանը թողած երեխաների անունները մեկ-մեկ հիշում, սակայն աչքը գարու պարկին է, որ ծածկել է փալասներով, որպեսզի ոչ ոք չտեսնի։ Կինը արցունքն աչքերին նայում է փողոցով արագ անցնող բեռնված ու դատարկ մարդկանց, խնդրում, աղաչում է, բայց մարդիկ զբաղված են։ Մեկը միայն մոտեցավ և շտապ խոստացավ իր ձին բերելու, դիակը գյուղը տանելու։

Մի տեղ մոռացել էին շունը։ Հավատարիմ պահապանը հաչել էր առաջին ոտնաձայնից։ Շղթան արդեն սեղմում էր կոկորդը, բայց կենդանին դեռ խզացնում էր և ջղաձգությամբ առաջ նետում իրեն, բերանը բաց ու խուփ անում նրանց վրա, որոնք շան հաչոցին ոչ մի ուշադրություն չդարձնելով երկաթյա լինգերով սեղմում էին գերանը՝ դուռը պոկելու համար։

Զեյթայի հրապարակում «ատրյադի» ձիերն ախորժակով խժռում էին թալանած խոտը։ Ինքը՝ Քյուրդ Մուրոն մուշտակի մեջ փաթաթված մեկնվել էր խալու վրա և ննջում էր՝ գլուխը խուրձին։ Զինվորներից մի քանիսը հսկում էին ձիերը, մյուսները խառնվել էին շամփուրավորներին [ 537 ] և հաղթողի իրավունքով պահանջում ու խլում էին ավարի թանկագինը: Գյուղի շրջակայքն ուղարկած հետախույզները տեղեկություն էին բերել, որ թշնամու հետքը չի երևում։ Նրանք ձյունի վրա տեսել էին նախիրի ոտնատեղ, բայց որովհետև ոտնատեղերի շատը ձյունով ծածկված էր, նրանք հավաստիացնում էին, որ Զեյթան գաղթել է երեք օր առաջ։

2

Քյուրդ Մուրոն նոր էր աչքը փակել, երբ Անդրսակից եկած ձիավորը նրան զարթնեցրեց և հայտնեց, որ պորուչիկ Կրասիլնիկովը շուտով պիտի գա, և որ նա կարգադրել է գյուղի չորս կողմը պոստեր դնելու, որպեսզի առանց «մեր գիտության» ոչինչ դուրս չտարվի։

− Հարիֆ, պոստը մարդ կա՞,− բղավեց խմբապետը։

− Սերոբը հոն է,− պատասխանեց մի ձայն։

− Է լա՜վ,− և մուշտակը նորից քաշեց գլուխը։

Իսկ նոր եկած ձիավորը իր քրտնած ձիու սանձը մեկնեց պահակին ու շտապեց դեպի տները։

Օրը կեսօր չէր եղել, իսկ Զեյթան մրջնոցի նման սևացել էր մարդկանց ու կանանց բազմությունից։ Ամեն կողմից թափվել էին։ Կարմրաքարից եկել էին Չոլախ Պուղանը, Մուքելի տղան, Սիմոնը... Պուղանը Ավան ամու հանձնարարությամբ եկել էր տեսնելու, թե ի՞նչ է կատարվում:

Նա աչքին չէր հավատում։ Երեկ առավոտ նա այս գյուղումն էր։ Այս պատին մի «կաճե» թրիք էր ծեփում։ Ահա դեռ մատների հետքը մնում է։ Այս ցախի մոտ ինքը խոսեց Թեմուրի հետ։ Ահա տաշեղների կտորները. Թեմուրը տաշում էր արորի սեպը։ Օրերը տաքանում են, վաղը մյուս օրը պիտի վար սկսվի։

Եվ նա զարմացած դռնեդուռ էր ընկնում, խառնվում բազմությանը և դժվարանում էր ճանաչել ծանոթ տները։ Նա մեկին հանդիմանեց, բայց մի ուրիշը հրեց նրան և մինչև ոտքի կկանգներ, երկու զինվոր հռհռալով անցան նրա կողքով։

− Թախ թոփա՞լն էլ թալնի եկած է...

Չոլախը բղավեց, որ ինքը թալանի չի եկել, բայց փլվող տան աղմուկը խլացրեց նրա ձայնը։ Նա կաղեկաղ իջավ Թեմուրի այգին։ Նոր տունկիների բողբոջները սևացել, ուռել էին։ Մի տեղ բացվել էին առաջին մուգ կանաչ տերևները։ Պատից քար էր ընկել. երևի անցել էին վրայով։ Չոլախը պատի քարերը բարձրացրեց, դրեց տեղը։ [ 538 ]

Ու հոգնած նստեց պատի տակ։ Արևը ջերմացնում էր քարերը։ Բանջարի ծիլերը աղվամազի նման սպիտակին էին տալիս։ Կարմիր բողոճները խռնվել էին քարերի տակ։ Նրանք զուգավորվում էին. ծանրած էգերը տաք ավազի մեջ թաղվում էին և շարում սպիտակ ձվերը։ Քարի արանքից մի խլեզ գլուխը հանեց, շարժեց լեզուն և համոզվելով, որ վտանգ չկա, պառկեց քարե անկողնու վրա։

Զեյթայի իրարանցման աղմուկը հասնում էր նրան։ Պորուչիկ Կրասիլնիկովը մի քանի սպաների հետ եկել էր։ Նրանց միացել էին Անդրսակի Կոլյան, կոմիսար Տիգրանը և մի քանիսները, որոնք սեփական ձիեր ունեին, ձիեր, որոնք միշտ կերել էին ուրիշի քրտինքի գարին, ինչպես տերերն՝ ուրիշի վաստակը։ Պորտաբույծ այդ մարդիկ թղթի վրա հիշատակվում էին զանազան պաշտոններում, սակայն մեծ մասը թրև էր գալիս սպաների հետ և կազմում էր, ինչպես Կոլյան էր անվանել, «ոսկե կամպանիան», որի թագուհին Իվան բեյի աղջիկն էր։

Այդ «ոսկե կամպանիային» մի քանի հոգի միացել էին «ինտերեսի» համար։ Նրանք կռիվ չէին տեսել, եկել էին տեսնելու «ահեղ պատերազմ»։ Սակայն գյուղ մտնելու առաջին ժամից հիասթափվեցին և չտեսան թշնամուց գերված բանակներ, թնդանոթներ, դիակի կույտեր։ Սպանվել էր միայն մեկը և այն էլ ավարի ժամանակ։ Սպանել էր ոչ թե թշնամու գնդակը, այլ պատից ընկած քարը։ Մի քանիսն էլ նույն եղանակով ջարդել էին թևերը։ Մեկի ոտքն էր վնասվել, հորի բերանի սալ քարը ճեղքել էր թաթը։ Իսկ թշնամին չէր թողել ոչ մի դիակ, ոչ մի վիրավոր։ Եթե ունեցել էին սպանվածներ, կամ տարել էին դիակը, կամ հողին հանձնել:

Եկել էր պորուչիկը և բերնեբերան տարածվել էր նրա հրամանը՝ ոչ ոքի առանց խուզարկության գյուղից բաց չթողնելու։ Գյուղի զանազան ճանապարհներին արդեն հսկում էին ձիավորները։ Գյուղացիներից նրանք, որոնք ճողոպրել էին մինչ այդ, մնացողների նախանձի առարկան էին։

Նրանք իրար ականջի փսփսում էին այն կածանները, որոնցով կարելի էր ավարն անցկացնել ձիավորների օղակից։ Սակայն ժամ առ ժամ շղթան պինդ էր սեղմվում։ Մի քանիսը ետ էին վերադարձել։ Պտտվում էին լուրեր, որ պորուչիկը ձիավորներ է ուղարկել Զրիկ և մյուս գյուղերը՝ տները խուզարկելու։

Իսկ հրապարակում մի սպա և «ոսկե կամպանիա» Կոլյան ցուցակագրում էին գորգերը, նախիրը, ցորենը, գարին, որ ամբոխը հանել էր գոմերից, հորերից, տներից։ Այդ ամենը պետք է գնար «բանակի պետքերին», ինչպես հայտարարել էր պորուչիկը։ Մուրոյի ձիավորներից մի քանիսն առաջ էին անում հավաքած տավարը դեպի Անդրսակ։ [ 539 ]

Գյուղի հրապարակը նմանվում էր արևելյան խառնիխուռն շուկայի։ Մի տեղ պղինձն էր դարսված, մեծ ու փոքր կաթսաները, կժերը, դորակները, մյուս տեղը՝ զանազան ձևի հին ու նոր սամովարներ, երրորդ տեղը՝ մթերքը։ Կարպետների և գորգերի փոշին երկինք էր բարձրանում և խառնվում փլված տների փոշուն, ձիավորների խարույկների ծխին ու կրակին, որի շուրջը մորթած անասունների արնոտ կաշի էր, փորոտիք, բաց ու սառած աչքերով եզան գլուխներ, որոնց երակներից դեռ կաթկթում էր արյունը։

Զինվորները մտրակի կոթով, գռռալով, հայհոյելով ավերակ դարձած տների թաքստոցներից և փողոցներից դեպի հրապարակն էին քշում մարդկանց ու կանանց։ Ոմանք շտապում էին թաքցնելու այն, ինչ քիչ առաջ ահագին դժվարությամբ հանել էին թաքստոցից, ոմանք թողնում էին շալակը և մտածում գլուխն ազատելու։

Կանայք կախվում էին ձիերի վզից, մտրակներից, ասպանդակների երկաթից և նրանցից յուրաքանչյուրը աղիողորմ ձայնով, լալով աղաչում էր «մի կոտ գարի», «մի բուռ աղ», «էս պարկ ալյուրը տանը մնացած եթիմների համար...»։ Իսկ ձիավորները քշում էին մտրակով, ձիու գլխով, քշում էին ինչպես տեղին անվարժ նախիրը։ Ոմանց հաջողվում էք ճողոպրել և՛ ծոր-ծոր քարերով, և՛ քարափներով, երեսն ու ձեռքերը արյունլվա մայրը ազատվելով թակարդից, վիրավոր գազանի նման շտապում էր որջը, քաղցից բերանը բաց արած ձագուկների մոտ։

Փողոցների աղմուկը հրապարակում ավելի էր սաստկանում։ Մեկը գոռում էր, որ պարանը տնից է բերել, մյուսը հարևանին վկայության էր կանչում, թե գարու տերը՝ Իմրանը իրեն տալացուկ է երկու սոմար և նա միայն մի սոմար է վերցրել, երրորդը խնդրում էր ամեն ինչ առնել, միայն կռոճ աղը թողնել նոր ծնած կովի համար։

Սակայն ոչ ոք ուշադրություն չէր դարձնում ո՛չ նրանց բողոքին, ո՛չ աղերսին։ Ամբոխի մեջ արդեն լսվում էին ինքնանախատինքի և անեծքի կանչեր.

− Հարևանի մալը հարամ է, ա՜յ խալխ...

− Սրա տերը հրեն սարումը սառչում է...− Եվ կանչողը ձեռքը մեկնում էր կարպետին, որի մի ծայրից քաշում էր զինվորը, մյուսից նոր տերը։

Ճշմարիտ էր կանչում մարդը։

Այդ րոպեին, երբ գյուղի հրապարակում խլխլում էին տներից հավաքած գույքը, տերերի առաջապահ մասը մեծ տանջանքով, բուք ու բորանը ճեղքելով արդեն անցել էր լեռնաշղթան, նրա ձյունոտ լանջերին [ 540 ] խոթելով բուքից խռնված և մոլորված անասուններին: Ինչ գնդակը չէր արել, կատարում էր դառնաշունչ բորանը։ Երբ հալչեր ձյունը, լեռնաշղթայի կատարին բացվեր կանաչը, պիտի երևային ձյունում խեղդված և գայլերից հոշոտված անասունների մարմարի նման սառն ու մաքուր ոսկորները։

Չոլախն աղմուկի վրա գնաց դեպի հրապարակը:

− Օխա՜յ, ձեր տեղն է,− ասաց նա։ Երբ ձիավորը բռունցքով խփեց Մուքելի տղային, Պուղանը ուրախացած վեր-վեր թռավ։

− Հրեդ հա՜, մե՛կ էլ, մե՛կ, էլ, մե՛կ էլ...− Չոլախը բազմության մեջ տեսավ Շինականին։

− Դո՞ւ էլ,− ու հանդիմանանքով նայեց նրան։

− Պուղան, էս մեր Ֆահրատի եթիմների պղինձեղենն է... Հավաքել եմ շան փայ չլինի։ Հիմի ճամփեքը պաստավոյ են դրել։

Պուղանը նրան գլխով արեց։ Շինականը կապոցը շալակից իջեցրեց։ Տների հետևով նրանք հասան Թեմուրի պարտեզը։

− Դի՛ր տափին...− Ու թռավ ցանկապատից, ցախերը հանեց, ծածկեց բեռը։

− Պուղան, ախր մեշոկը ի՛մն էր,− տրտնջաց Շինականը։

− Հետով,– խեղդված ասաց Չոլախը,− թող հանդարտվի, հետով։

Շինականը չոր ցախերի մի կույտ ավելացրեց վրան, ապա քար լցրեց, որ քամին չցրեր ցախերի կույտը։ Ու բաժանվեցին. Շինականը դեպի գյուղը, Պուղանը՝ Կաղնուտի ձորը։

3

Մարցա ձորը Զեյթայի տակովն է անցնում։ Բարակ առուներ են, որոնք ջրում են գյուղի բոստաններն ու չիմանները, ապա աստիճանաբար միախառնվում, միանում Զեյթայի ձորով եկող ջրին և Կարմրաքարին չհասած՝ անունն ու գույնը փոխում, մտնում Կարմրաքարի հանդերը, իբրև Մարցա ջուր:

Չոլախը ջրի ափով իջնում էր ինքն իր մտքի հետ։ Ինչպես ալիքն ալիքին հրում էր ու չէր հասնում, այնպես էլ նրա մտքերը վազում էին, մեկը չլրացած, մյուսն էր ծնվում։ Այդ խեղճ մարդը մտածում էր լսածի և տեսածի մասին։ Կարծես այդ օրը Զեյթայում մնացել էր մի ուրիշ Չոլախ և նրա փոխարեն վերադառնում էր ծանր խոհերով մարդը, որ ելք էր փնտրում, հազար դուռ է բախում ու ելքը չի գտնում։

Նա հիշում էր գյուղի խաղաղ առօրյան, ապա պղտորվելը։ Առաջ [ 541 ] փլվեց մի պատնեշ, մի վարար ջուր մտավ պարզ ծովը: Պղտորվեց ջուրը, հետո ուրիշը, երրորդը։ Չտեսնված մարդիկ երևացին։ Ու՞ր գնաց Թեմուրը։ Նա ծանր էր լսում. երևի կրակոցները չի լսել։ Եվ ավելի լավ, խաղա՜ղ, անվրդով կմեռնի։ Իսկ ինչու՞ նա պիտի մեռնի տաք հարթավայրում և ոչ թե հայրենի տանը։

Նրա ուշադրությունը գրավեցին վերևից լսվող մի քանի ձայներ: Վերևը ճանապարհն էր։ Երևում էին ձիերի և ձիավորների գլուխները։ Մի սպա կռացել էր ձիու դիմացը կանգնած կնոջ կողմը։ Կինը մի պարկ էր շալակել։ Չոլախը պատի տակով բարձրացավ դեպի վեր: Ճանապարհից քարեր էին թափվել, տեղը զառիվայր մարգագետին էր, որի վրա բուսել էին մասրենու թփեր։ Տերը կիտել էր քարերը, այդ անմշակ սարալանջը դարձրել խոտատեղ։

− Էս Ֆահրատի եթիմների ղորուղն է,– հիշեց նա։

Վերևից ձայներն ավելի պարզ լսվեցին։ Չոլախը տապ արեց պատի տակ։ Նրա ականջին էր հասնում խոսակցությունը։ Ձիավորը բղավեց.

− Քավթա՛ռ, քեզնից ի՞նչ է գնում...

Չոլախը գլուխն զգուշությամբ վեր հանեց։ Շալակով կինը ուսի պարկը մեկնեց պառավին։ Պառավը երեսին խփելով գնաց։ Սպան իջավ ձիուց... Ձին գլուխը կախեց ճանապարհի վրա։ Մարդը քաշեց կնոջ թևից և կինը ներքև իջավ։ Ապա նրանք ծածկվեցին մասրենու թփի հետևը:

Չոլախն աչքերին չհավատաց։ Ինչ տեսել էր այդ օրը, չքացավ այս տեսարանի առաջ։ Նա զայրույթից գունատվել, դողում էր։

− Պառավի հարսն էր... Մի պարկ ալյուրի համար...

Այդ ամենախոր վիհն էր, որ ճեղքվեց նրա առաջ... Ավելի հեռուն էլ ոչինչ չկար նրա գիտակցության համար: Սարսափելին էլ ուրիշ բարձունք չուներ։ Չոլախը գլուխը կախել էր գետնին։ Նրա երեսը տաքացել էր, ուզում էր գլուխը վեր հանի, բայց չէր կարողանում: Ամո՞թն էր, վա՞խը, թե՞ մի ուրիշ զգացում, որ նրան մեխել էր այդ դրությամբ։ Նրա աչքն ընկավ քարերին։ Այստեղ էլ տաքանում էին նույն կարմիր բողոճները։ Ամեն տեղ նույնն է, նույն գարունը, ջրերը... Ու հողի վրա մարդուն դժվար է ապրելը։

− Հայ է՞...− հարցրեց Չոլախը և գլուխը վեր հանեց։ Սպան բարձրանում էր դեպի ճանապարհը, իսկ կինը գնում էր ճանապարհի տակավ: Գնում էր և օրորվում, կարծես հիմա պիտի ընկներ:

− Հայ է՞,− նորից կրկնեց իր հարցը և աչքերը փակեց,– էս բողոճը հա՛յ է, էս ջրերը հա՛յ են, Թեմուրը հա՛յ է, ես հա՛յ եմ, նա հայ չի՛, չի՛, ասում եմ:− Կարծես խոսում էր աներևույթ մարդու հետ: Եվ քար շպրտեց դեպի ներքև: [ 542 ]

Պատի գլխին մի այլ ձիավոր խոսեցնում էր մի ուրիշ կնոջ: Չոլախը որ նայեց, կինը շրջվել էր դեպի ջուրը և աչքերը լայն բաց արած, նայում էր անտառին: Չոլախը ճանաչեց Վարսենիկին։

− Էս լիրբն է՞լ է էստեղ,− զարմացավ նա և աչքը չկարողացավ պոկել նրանից։

Ի՞նչ էր մտածում Վարսենիկը։ Փոքրիկ բեղերով մի սպա նրա չորս կողմը շուռ էր գալիս, բարձրանում ոտների վրա, որ նրա ականջին խոսք ասի։ Իսկ Վարսենիկն արձանի նման կանգնել էր։ Ոտների առաջ, քարի վրա մորթե պարկն էր։

− Համոզում է,— մտածեց Չոլախը։

Հանկարծ շառաչեց ապտակը, փոքրիկ բեղերով մարդու գլխարկը թռավ մի կողմ։ Մի ձիավոր շտապեց։ Կինն իրեն գցեց դեպի չիմանը, ձիավորը կրակեց երկու անգամ։ Չոլախը տեսավ Վարսենիկին թփերի հետևը ու աչքից չքացավ։ Ձիավորը ձին քշեց, բայց ձին վախեցավ լանջից, ետ քաշվեց ու ծառս եղավ հետևի ոտների վրա։ Փոքրիկ բեղերով մարդը գլխաբաց վազեց նրա հետևից։ Ներքևից լսվեց ատրճանակի կրակոց։ Քիչ հետո, մարդը հայհոյելով, իբրև հարբած բարձրացավ դեպի ճանապարհը։ Թփի վրա ծվեն-ծվեն դրոշակի պես օրորվում էր Վարսենիկի շալը։ Մարդը մոտեցավ, նայեց ու մի անգամ էլ կրակեց։ Գնդակը տրաքեց քարին ու քարից կտորտանք թռավ։ Վերից մեկը ծիծաղեց, իսկ մարդը ռուսերեն խոսք ասաց։ Երևի հայհոյում էր։

Չոլախը սողալով իջավ ձորը, թռավ բարակ ջուրը։ Երբ մտավ անտառը, մի քիչ հանգստացավ։ Ապա գնաց ջրի ափով... Ոչ մի տեղ ոչ մի հետք։ Փախել է կամ պահվել է անտառում։

Եվ կաղ ոտի կողմը ծռվելով, արագ անհետացավ մթին թավուտներում, ինչպես գազանը։ Նա գնում էր, կարծես իր կյանքում միայն մի անգամ էր մարդուն տեսնել, նրա գործը, նրա կյանքը և սարսափահար շտապում էր տեսածը պատմելու Կաղնուտի ձորի միամիտ մարդկանց։

Երեկոն իջավ խաղաղ, ինչպես իջնում է գարնանամուտի մաքուր և անփոշի երեկոն։

Խաղաղվեց Զեյթան, ձորը, անտառը։ Ոչ տուն էր երևում, ոչ ճրագ, ոչ շան հաչոց էր լսվում։ Միայն հրապարակի խարույկն էր, որի կարմիր լույսերի տակ, ծխի քողի արանքով երևում էին ձիու հաստ գավակներ, գլուխներ։ Խուրձերի վրա նստոտել էին Քյուրդ Մուրոյի գիշերապահ ձիավորները։ Կրակը կարմիր շողք էր գցում արծաթ թրերի ու պողպատի վրա։

Խարույկը հաստ գերաններից էր, որ հավաքել էին մոտակա տներից։ Նրանց ծայրերը վառվելուց հրում էին։ Երեք վիթխարի գերան եռոտանու [ 543 ] ձևով դեմ էին արել իրար։ Ու գագաթից, ճիշտ խարույկի վրա, կախել էին գոմեշի չափ խոշոր տավարի մարմինը, որ թեժ կրակից կարմրել ու ճարպ էր կաթկթում։ Դրանից բոցն ավելի էր բռնկվում։

Երեկոյան դեմ, երբ Զեյթան դատարկվել էր, հանկարծ ձիավորները նկատել էին ամեհի ցուլը, որ սարից պոկված ժայռի նման, գլորվում էր դեպի գյուղը։ Նա մռնչում էր կատաղությամբ, փորփրում ձյունը, ամուր ճակատը խփում քարին, սառած գետնին, կարծես ուզում էր գլուխը ջարդել:

Ձիավորներից մեկն ասել էր, որ ցուլը կատաղած է։ Մի քանիսն իրոք հավատացել էին և մոտեցել ձիերին։ Եթե ցուլը հարձակվեր, նրանք պատրաստվում էին ձիերը հեծնելու։ Իսկ ցուլը գյուղի վերևը մռնչացել էր, թաց ռունգով հոտոտել գարնանամուտի գետինը։ Նախիրի՞ց էր ետ ընկել, ճանապա՞րհն էր մոլորել, թե՞ երնջի հոտ էր ընկել քթովն ու վերադարձել էր գյուղ։

Աղբյուրից ցուլը կուշտ ջուր խմեց, հանգստացավ։ Զինվորներից մի քանիսը մոտեցան, ցուլն արնոտ աչքերով նայեց նրանց։ Նրա ճակատից արյուն էր կաթում, կաշին քերծել էր։ Ցուլը նայեց, ապա հաղթ վիզը կեռացրեց, գլուխը խոնարհեց, որպեսզի ոստյուն գործի։ Այդ վայրկյանին երկու հրացան միասին պայթեցին ու նա ոստյունի փոխարեն գլորվեց մահվան ցնցումներով։ Մեկի լայն թուրը վերջ տվեց նրա ցնցումներին ու խռոցին։

Այդ ցուլն էին կախել գերանների եռոտանուց։ Նրա մարմինը կարմրել էր և կրակի ցոլքը խաղում էր մկանների ողորկ խուրձերի վրա։ Եթե զինվորների շողշողուն զենքերը չլինեին, հեռվից դիտողը կկարծեր, թե քարե դարի մարդիկ են հավաքվել խարույկի շուրջը և կրակի վրա կախել մի կենդանի, որից այժմ մնում են բրածո ոսկորներ։

Գիշերը թանձրանում էր։ Խարույկի լույսը հասնում էր մինչև դիմացի անտառը։ Լուռ տները չէին նմանվում ավերակների, որովհետև ոչ նրանց պատերն էին մամռոտ, ոչ սևացած գերաններն էին երևսմ։ Կարծես համր տների տակ քնել էր հողի մշակների հոգնած բազմությունը, քնել էր վարուցանքից հետո ու գիշերապահների կրակն էր հսկում նրանց անվրդով քունը։

Սարից քամի իջավ։ Քամին խաղում էր կրակի ալիքների հետ, մերթ կրակը պառկում էր գետնի վրա, մերթ ծուլ լինում մինչև եռոտանու գագաթը: Ցուլը ոսկեգույն էր դառնում։ Կրակի շուրջը հավաքվածների ստվերը ձգվում էր մինչև անտառը։

1928