Jump to content

Կարոտել է գարունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Կարոտել է գարունը։ Շա՜տ։
Գարունը մեզ բաց չի թողնում
գրկից այսօր,
եւ այդ սիրուց գարունվում ենք,
երես առնում։
Քո եւ ծաղկի բացումը ինձ
ընծայում է այս գարունը,
ու չգիտեմ գարնան «ցավից»
ինչ եմ ասում,
ինչ եմ լռում։
Հիմա բոլոր տղաների
ձեռքերն արդեն բողբոջում են
աղջիկների
մերկ թեւերին,
հիմա շատ քիչ
մարդ կլինի չխենթացած։
Իսկ գարունը բարեհոգի
ծիծաղում է,
դե, երեւի, քեզնով, որ դու
չէիր ուզում ինձ հետ քայլել,
եւ, իհարկե, ներում է քեզ,
որ ինձ մոտ ես դու ի վերջո...
Ու քայլում ենք՝
չիմանալով, որ թռչում ենք։
Մոռանում ենք
տանող ճամփան լավ ճանաչել։
Ծանոթ գարո՛ւն,
անծանոթ բույր
մեզ տանում են անվերադարձ։

Նայի՛ր,
ծառին ծիտ է նստել,
մոտենում ենք, բայց չի թռչում,
ուրեմն՝ իրար սիրում ենք մենք...