Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կը գըրե մայրս. «Ո՞վ իմ որդյակըս պանդուխտ,
Դեռ մինչև ե՞րբ պիտ անծանոթ լուսնի տակ
Օրերդ անցնին, դեռ մինչև ե՞րբ հեգ գըլուխդ
Ես չըսեղմեմ լանջքիս տաք։
5
Հերի՞ք օտար սանդուղներե ելլեն վեր
Ոտքերդ որ օր մ՛ափերուս մեջ տաքցուցի.
Հերի՛ք ալ սիրտդ ուր իմ ծիծերս եմ պարպել՝
Դատարկ սըրտես դուրս հյուծի։
Զահրակին տակ թևերս աշխատ հոգներ են.
10
Կհյուսեմ պատանքս ա՞լ ծամերովս ըսպիտակ.
Ա՜խ, քեզ տեսնեն անգամ մաչքերս ու փակեն
Թող հոգիս ա՞լ իրենց տակ։
Դըրանս առջև կը նըստիմ միշտ տըխրալիր
Լուր կուզեմ վրադ ամեն կռունկե՝ որ կանցնի․
15
Այն ճյուղն ուռի՝ զոր քու ձեռքով տընկեցիր,
Վըրաս կընե հովանի։
Իրիկունները զո՞ւր դարձիդ կը սպասեմ․
Կու գան կանցնին գյուղին քաջերը համակ.
Մշակը կանցնի, կանցնի կովարծը վըսեմ.
20
Կը մնամ լուսնին հետ մինա՜կ։
Ավերակ տան մեջ անտերունջ եմ թողված,
Մերթ շիրիմիս, միշտ օճախիս ծարավի.
|
|
Կրայի մը պես՝ որուն աղիքն իր կոտրած
Պատյանին դեռ կը կըցվի։
25
Եկո՜ւր, որդյա՜կ, հայրենի տունըդ շենցուր.
Դուռն են կոտրեր, մառաններն ո՛ղջ դատարկեր,
Կը մըտնեն ներս լուսամուտեն ջարդուփշուր
Գարնան ամբողջ ծիծառներ։
Այն բազմաթիվ հոտեն, գոմին մեջ, եղո՜ւկ,
30
Մընացեր է խոյ մը մի այն քաջարի՝
Որուն մայրն օր մ՛ — հիշե՛ որդյակ — դեռ գառնուկ
Կերավ ափիդ մեջ դարի։
Թեփով բրընձի և առվույտով պատվական
Սընունդ կու տամ արդ անոր պերճ դըմակին.
35
Տոսախ սանտրով կը սանտրեմ բուրդն աղվական.
Ան զոհ մըն է թանկագին։
Դարձիդ պըճնած վարդերով գլուխն իր համակ՝
Պիտի մորթեմ կյանքիդ համար ծաղկատի․
Իր արյան մեջ պիտի լըվամ, քա՞ղցր որդյակ,
40
Ոտքերդ հոգնած պանդուխտի»։
|
|