Կարսի պայմանագրի (չ)վավերացման և հարակից հարցերի շուրջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կարսի պայմանագրի (չ)վավերացման և հարակից հարցերի շուրջ

Արա Պապյան

Ընդամենը 2 միջազգային համաձայնագիր կա գոյություն ունեցող սահմանների ճանաչման վերաբերյալ՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը:
Ահմեդ Դավութօղլու, Թուրքիայի ԱԳ նախարար, Թուրքիայի ազգային մեծ ժողով, 21 հոկտեմբերի, 2009թ.


Այսօր արդեն ակնհայտ է՝ Հայաստան-Թուրքիա զույգ չարաբաստիկ արձանագրությունների վավերացման գործընթացն ինչ ելք էլ ունենա, այլևս նախկին իրավիճակին վերադարձ չի լինի: Որոշ անհեռատես մարդիկ ջինը բաց են թողել քաղաքական սրվակից և այսօր դժվար է կանխատեսել, թե ինչ վարքագիծ կունենա այդ, մեզանից արդեն որևէ կախվածություն չունեցող, քաղաքական արարածը: Հետևաբար, մենք դեռ երեկվանից պիտի սկսեինք պատրաստվել բազմաթիվ քաղաքական և հատկապես իրավական հարցերի մոտալուտ վերարծարծմանը և վերարժեվորմանը: Հաշվի առնելով Թուրքիայի դիրքորոշումը՝ այդ հարցերի մեջ առանձնակի կարևորություն ունի Կարսի պայմանագրի իրավական կարգավիճակի հարցը: Չնայած հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ նշյալ փաստաթղթի ունեցած հույժ կարևոր դերակատարությանը՝ առ այսօր Կարսի պայմանագիրը քննության չի ենթարկվել միջազգային իրավունքի տեսանկյունից: Եղած հրապարակումներն առավելապես գաղափարախոսական բնույթի են և վերլուծում են պայմանագրի քաղաքական հետևանքները, առանց անդրադառնալու բուն պայմանագրի իրավական էությանը: Քանի որ Կարսի պայմանագրի իրավական կարգավիճակին վերաբերող հարցերը բազմաթիվ են ու բազմազան, ուստի, մեր ուժերի ներածին չափով, մի քանի հոդվածով կփորձենք լուսաբանել որոշ հարցեր:

Կարսի պայմանագիրը (13 հոկտեմբերի, 1921թ.)[1] երկկողմ պայմանագիր է: Այն ստորագրել են, ինչպես գրված է պայմանագրի նախաբանում, «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը, մյուս կողմից Ռուսաստանի Սովետական Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության մասնակցությամբ» (при участии, with the participation): Վերոշարադրյալից ակնհայտ է, որ ՌՍՖՍՀ-ն Կարսի պայմանագրի կողմ չէ, այլ զուտ մասնակից, այսինքն՝ նա չի ստանձնում պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտավորություններն ամբողջությամբ, այլ նրան վերապահված է միայն որոշակի գործառույթ: Անշուշտ, այդ գործառույթը քաղաքական վերակացուի դերն էր, քանի որ բոլշևիկները դեռևս Մոսկվայի պայմանագրի (16 մարտի, 1921թ.) 15-րդ հոդվածով պարտավորվել էին հետևյալը. «Ռուսաստանը ստանձնում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ իրականացնել անհրաժեշտ քայլեր, որպեսզի ապահովի վերջիններիս կողմից Թուրքիայի հետ կնքվելիք համաձայնագրում սույն պայմանագրի այն հոդվածների ճանաչումը, որոնք ուղղակիորեն վերաբերում են իրենց»:[2]

Կարսի պայմանագրի վավերացման հարցը. Լայնորեն հայտնի փաստ է, որ Կարսի պայմանագրի վավերաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել 1922թ. սեպտեմբերի 11-ին Երևանում:[3] Կողմերից մեկը՝ քեմալականները, նշյալ պայմանագիրը վավերացրել է 1922թ. մարտի 16-ին (Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրենք #207)[4] [առայժմ մի կողմ ենք թողնում այդ կառույցի լիազորությունների հարցը]: Սակայն Կարսի պայմանագիրը չի վավերացվել երկրորդ կողմ հանդիսացող, այսպես կոչված, երկրներից և ոչ մեկի՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, կողմից [առայժմ մի կողմ ենք թողնում նաև սրանց լիազորությունների հարցը]: Կարսի պայմանագիրը թուրքերի հետ նույն օրը՝ 16.03.1922թ. (Մոսկվայի /16.03.21/ պայմանագրի առաջին տարեդարձի օրը) վավերացրել է Համառուսաստանյան կենտրոնական գործադիր հանձնաժողովը (ВЦИК – Всероссийский Центральный Исполнительный Комитет):

Ըստ այդմ, այս վավերացումը երբեք չի կարող դիտարկվել օրինական, հետևաբար իրավական հետևանք ստեղծող, քանի որ ռուսաստանյան այդ կառույցը ոչ ներքին, ոչ միջազգային օրենքի տեսանկյունից նման լիազորություն չուներ և չէր կարող ունենալ: Չի կարող մի երկրի կառույց վավերացնել մեկ այլ երկրի կամ երկրների ստորագրած պայմանագիրը: Հարավային Կովկասի երկրների ռազմակալումից հետո (Ադրբեջան՝ 1920թ. ապրիլ, Հայաստան՝ 1920թ. դեկտեմբեր, Վրաստան՝ 1921թ. փետրվար) մինչև 1922թ. դեկտեմբերի 30-ը, այսինքն՝ մինչև ԽՍՀՄ ձևավորումը, վերոհիշյալ երեք երկրները, գոնե ձևականորեն, անկախ էին: Այսինքն, գոնե պաշտոնապես առանձին էին և մաս չէին կազմում Ռուսաստանին: Օրինակ, Հայաստանի պարագայում դա ամրագրված էր Հայաստանի Հանրապետության և ՌՍՖՍՀ ներկայացուցչի միջև 1920թ. դեկտեմբերի 2-ին ստորագրած իշխանության փոխանցման հայտարարագրի առաջին կետում, որով Հայաս տանը հռչակվում էր «անկախ սովետական սոցիալիստան հանրապետություն»:[5]

Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ քեմալականների և բոլշևիկների կողմից Կարսի պայմանագրի, այսպես կոչված, վավերացման պահին (16.03.1922թ.) արդեն գոյություն չուներ նշյալ պայմանագրի կողմերից մեկը: Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ՍՍՀ-ները դադարել էին գոյություն ունենալ, քանի որ դրանից 4 օր առաջ՝ 1922թ. մարտի 12-ին, ձևավորել էին նոր միավոր՝ Անդրկովկասի ՍՍՀ-ների Դաշնային Միությունը (Федеративный Союз Социалистических Советских Республик Закавказья – Закфедерация).

Ի դեպ այն, որ նորաստեղծ միավորն իրեն չէր դիտարկում ՌՍՖՍՀ կազմում կամ նրա ենթակայության տակ, ամրագրված է Դաշնային Միություն ստեղծելու մասին պայմանագրի (Союзный договор об образовании Федеративного союза социалистических советских республик Закавказья, 12.03.22) 13-րդ հոդվածում. «Հանրապետությունների միությունը ՌՍՖՍՀ-ի հետ հարաբերությունները հաստատում է միութենական պայմանագրի հիման վրա»:[6]

Եզրակացություն. Կարսի պայմանագիրը չի վավերացվել Հարավային Կովկասի և ոչ մի երկրի կողմից՝ այդ թվում նաև Հայաստանի ՍՍՀ միավորի կողմից, հետևաբար նշյալ, այսպես կոչված, պայմանագիրը, իրավական հետևանքներ չի ստեղծում նրանց համար:


Ծանոթագրություն[խմբագրել]

  1. Договор о дружбе между Армянской ССР, Азербайджанской ССР н Грузинской ССР, с одной стороны, и Турцией – с другой, заключенный при участии ՌՍՖՍՀ в Карсе . [Документы внешней политики СССР, т. 4, М., 1960, ст. 420-429.].
  2. Soviet Treaty Series, v. I (1917-28) (compl. & ed. by Shapiro L.), Washington, 1950, p. 101.
  3. Soviet Treaty Series, Ibid, p. 136; Документы внешней политики СССР, т. 4, Москва, 1960, ст. 429; Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Երևան, 1972, էջ 527:
  4. Gunduz Okcun. A Guide to Turkish Treaties (1920-1964), Ankara, 1966, p. 4.
  5. Международная политика новейшего времени в договорах, нотах и декларациях. Ч. 3. От снятия блокады с Советской России до десятилетия Октябрской революции. Вып. 1. Акты Советской дипломатии / Сост. и ред. Ю.В. Ключников, А.В. Сабанин, М., ХКИД, 1928. ст. 75-76.
  6. Образование СССР, Сборник документов, М., 1972. ст. 259.


7 փետրվարի, 2010թ.