Jump to content

Կենդանիների վեճը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԵՃԸ

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում։

— Իհարկե, նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,— ասում է եզը,— և գիտե՞ք ինչու համար։ Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում։ Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում, երեխանց համար հագնելիք առնում։ Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել։

— Այդ ճշմարիտ ես ասում,— ասաց կովը։— Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել։ Այս մեկ։ Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթովս եմ պահում։ Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է։ Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն։

— Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,— սկսեց շունը։— Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը։ Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին։ Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս։ Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա։ Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ։ Բայց գիտեք ինչ կա։ Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը...

Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում։

Ասած է՝ շունը որ հաչել սկսի, էլ չի դադարիլ։ Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ շան լեզվիցն ազատեց, ասելով․ «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով ես ձեզ ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»։

1902