Jump to content

Կենտրոնն ամեն տեղ է, իսկ շրջագիծը՝ ոչ մի տեղ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿԵՆՏՐՈՆՆ ԱՄԵՆ ՏԵՂ Է, ԻՍԿ ՇՐՋԱԳԻԾԸ՝ ՈՉ ՄԻ ՏԵՂ


Չլիներ անհայտը՝ առուն չէր կարողանա հոսել,
չլիներ անհայտը՝ հավքը թռչել չէր կարողանա,
չլիներ անհայտը՝ աշխարհում ճանապարհ չէր ծնվի։

Ոչինչ հայտնի չէ առանց անհայտի։
Առանց անհայտի ոչինչ է հայտնի։

Ինձ մոտենում ես այնպես, ասես դու ես
հնարում մարդու առաջին քայլերը։

Սեր հայտնելու ամենաանհաջող
տարբերակը, երեւի, սեր հայտնելն է։

Հայացք՝ անհասի նման։

Ճեպընթացի դանդաղություն՝
օդում կախված, անճշմարիտ։

Բառերն ընդամենը մոտավոր սլաքներ են,
մի ապավինիր նրանց։ Եվ
տես, թե ինչպես է առուն գլուխը հանում մեկ-մեկ ափերից
եւ մաքրում կտուցը՝ պատահած քարերին քսելով։

Ձեռքս չանցներ քո մարմնի ծարավուտներով, հազիվ թե
դաշտերը ծաղկեին այս տարի,
եւ դեռ հարց է՝ արեւը երբեւէ
դուրս կգա՞ր արդյոք։

Վախվորած հովի գուրգուրանքներում չհասունացած
փոթորիկներ են լինում միշտ եւ՝ կիսաքաղցր դավ։ Միտքը

տերեւի մեջ թառամել է։ Վերհիշիր ծառի երեկվա
խշշոցները, եւ առուն կմտաբերի մոռացած խոսքերդ։

Մոտեցիր, մինչեւ կխմեմ աչքերիդ մութ գիշերները եւ երգեր
կհորինեմ անհասանելի ու անգո լույսի մասին,
դաշունահարիր հոգիս, չէ՞ որ
ամբողջը ոչ ամբողջն է։

Վայրկյաններն՝ իրարից որքան էլ մոտիկ, երբեք չեն հանդիպում։
Իսկ դու հեռացել ես, որ
հնարավորություն ունենաս վերադառնալու։ Ո՞նց չեմ հասկանում։

Ալանուս դե Ինսուլիսը պատառոտում է իրեն՝ առուն, ճամփան
եւ հավքը ուր էլ հասնեն կամ չհասնեն, կենտրոնն ամեն տեղ է,
իսկ շրջագիծը՝ ոչ մի տեղ։ Առաջին ժպիտը դո՞ւ ես հնարել։

Աշխարհում ամեն ինչ սուտ է, բացի անհայտից։