Jump to content

Կես գիշեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿԵՍ ԳԻՇԵՐ

Կես գիշեր է, մռա՜յլ գիշեր. մենակ նստած սենյակում
Մտածում եմ — և բյուր վշտեր սիրտս ու հոգիս են մաշում.
Մտածում եմ — շուտո՞վ արդյոք դու արշալույս ոսկեվառ,
Կը հալածես երկրին տիրած դժնատեսիլ այս խավար…

Բայց մռայլը գիշերային, մռայլ թա՜նձր, անթափա՜նց
Ամենուրեք, ամենայն տեղ յուր թևերն է տարածած.
Եվ տխուր է մայր-երկիրը, տխուր որպես սգավոր,
Նա տանջվում է խավարի մեջ՝ կարոտ օրվան լուսավոր։

Տխուր է և՛ իմ խեղճ հոգին, մռայլ որպես այդ գիշեր,
Նորան հալում ու մաշում են ազգիս ցավերն ու վշտեր…
Եվ նա տանջվում, տառապում է մայր–երկրի պես ցավագար,
Խղճուկ ազգիս աղերսում է նա երկնքից օր պայծառ…

Կես գիշեր է, մռա՜յլ գիշեր. մենակ նստած սենյակում
Մայր երկրի հետ և ես տխուր լույս օրվան եմ սպասում…
Օ՜, հանդարտվի՛ր, դու խեղճ երկիր և դու սիրտ իմ խռովահույզ,
Ահա մըռայլն հալածվում է… քաջահաղթ է արշալույս…
1890, 5 մայիսի