Jump to content

Կեցվածքը էությունից տարբերենք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՑՎԱԾՔԸ ԷՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԲԵՐԵՆՔ

-Ինչպե՞ս եք պատկերացնում դեպուտատի աշխատանքը հայոց խորհրդարանում։

-Դժվար է մեկ-երկու նախադասությամբ այդ հարցին սպառիչ պատասխան տալ։ Հայոց ներկայիս խորհրդարանի աշխատանքին մասնակցելու հնարավորություն եմ ունեցել մեկ-երկու անգամ եւ խոր հիասթափություն եմ ապրել։ Ինչո՞ւ։ Կոնկրետություն եւ գործարարություն չկա։ Շատախոսության ու փաստարկներով փայլելու, տեսնվելու-երեւալու մարմաջը շատ է զգացնել տալիս։ Պահի վճռականության զգացողությունը, ընդհանուր առմամբ, ցածր է։ Ավելի պարզ. վաղուց մենք ներքաշված ենք չհայտարարված պատերազմի մեջ։ Անընդհատ դիմումներ ենք հղում Մոսկվա՝ ինքներս էլ իմանալով, որ դա ոչինչ չի տա մեզ։ Այսօրվա իրավիճակում մենք պիտի առաջնորդվենք միայն ու միայն նրանով, ինչը մեզ հուշում է իրադրությունը։ Ճշմարիտ, հիմնավոր որոշումներն անհրաժեշտ են, բայց այնպիսի մի խարխլված երկրում, ինչպիսին մերն է, միայն որոշում ընդունելով ոչ մի տեղ չես հասնի։ Գործնականություն է հարկավոր։ Որոշման արժեքը նրա իրագործելիության մեջ է։ Հայաստանի հետ Արցախի վերամիավորման որոշումն ընդունելուց հետո բավական ժամանակ է անցել, ի՞նչ ենք արել։ Համարյա՝ ոչինչ։ Ավելին, այդ ընթացքում շատ հարցերում տանուլ ենք տվել։ Մեր խաղաքարտերը բացում ենք, թշնամին հակառակ քայլերի է դիմում, ակտիվանում, իսկ մենք շարունակում ենք երկնքից ազատություն սպասել։ Նոր, գործունյա խորհրդարանի ստեղծումը շատ կարեւոր է։

-Ի՞նչ եք հասկանում կոնկրետություն, գործունյա լինել ասելով։

-Մի՞թե պարզ չէ։ Խոջալլուն ազերիները մեր քթի տակ քաղաք են դարձնում զուտ նրա համար, որ Արցախի դեմոգրաֆիական քարտեզը փոխեն։ Արգելենք՝ մեր ուժերով։ Գորիս-Ստեփանակերտ ուղին փակ է, քանի դեռ չենք բացում, ուրեմն՝ մնացած մեր խոսքերն ու խոստումներն ավելորդ են ու անվայելուչ։ Այն, ինչ ուզում են իրագործել թուրքերն Արցախում, դա կործանարար է, դա, ինչ գնով էլ լինի, չպիտի թույլ տալ։ Արցախյան պրոբլեմի լուծումն ուշացնել, ուշադրությունը փոքր-ինչ շեղել այդ խնդրից, նշանակում է ազգային ընդհանուր շահերը շրջանցել։ Արցախի հարցն ամբողջ եւ ամբողջական Հայաստանի հարցն է։

-Ձեր կարծիքով, ո՞րն է ազգային ամենաանհետաձգելի խնդիրն այսօր։

-Ես արդեն ասացի։ Այժմ, ցավոք, ազգային շահերի, խնդիրների մասին խոսելը դարձել է ասես սովորույթ, մանավանդ՝ դեպուտատության մի շարք թեկնածուների համար, չէ՞ որ ժողովրդի մոտ դա, այսպես ասած, ընդունված խնդիր է։ Այստեղից էլ՝ խոստումների չափի անցումը, այստեղից էլ՝ «երկնքից աստղեր» քաղելը։ Ռեալություն է պետք։ Ամեն թեկնածու պայքարում է, որ ինքն անպայման տեղ գրավի խորհրդարանում՝ հայ ժողովրդի խնդիրների լուծումը մեծապես կապելով իր անձի հետ։ Սա լավ չէ։ Էլ չենք մտածում՝ որպեսզի կարողանա մեզանից ամեն մեկը մի կարգին գործ ձեռնարկել, դրա համար անհրաժեշտ է նաեւ ուրիշ, ավելի կարեւոր անհրաժեշտություն։ Այսինքն՝ պիտի հոգանք, թե ինչպիսի՞ մարդիկ տեղ կունենան խորհրդարանում։ Այսքանից հետո միայն կարելի է խորհրդարանի հետ հույսեր կապել։ Բայց դեռ նոր խորհրդարանը չկազմավորված՝ խոստումներ ենք տալիս փափուկ-փափուկ։ Բազմախմբակայնության բազմապառակտումներից ձեռք քաշենք։ Մեր աչքի առաջ («ազգային շահերն» այցետոմս արած) մեր շարքերը սողոսկող անարժանիների, «դելեցների» նկատմամբ անհանդուրժող, անզիջում լինենք։ Կյանքի հետ գունափոխվողները շատ են, մեր շարքերը պիտի զտարյուն մաքրությամբ փայլեն, քանզի պայքարը ճակատագրական է, խիստ։

1990թ.