Jump to content

Կիկոսը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կ Ի Կ Ո Ս Ը
I

Անունը Կիրակոս էր. գյուղացիք կրճատել, Կիկոս էին կանչում։

Սուսուփուս իրեն գործին մարդ էր. ուրիշի ո՛չ խերին էր խառնվում, ո՛չ շառին: Իր կյանքում գյուղի ոչ մի գործին չէր մասնակցել, ոչ մի բանի մասին ձեն-ծպտուն չէր հանել։ Գյուղը թեկուզ տակնուվրա լիներ, աշխարհն իրար գար, Կիկոսի հոգը չէր. իրեն ինչ... Ի՛նչ ուզում է թող լինի։ Եթե որևէ մեկը նրա մոտ բորբոքված պատմեր ու բողոքեր մի անարդար բանի դեմ, Կիկոսը կամաց ղրաղ կքաշվեր, որ իսկի չլսի էլ, թե ինչի մասին է խոսքը։ Իսկ եթե ստիպեին, որ կարծիք հայտնի, նա գլուխը տմբտմբացնելով կասեր.

— Աշխարհիս ծուռ բանը հո ե՞ս չեմ դրստելու...

Կիկոսն ամեն բանից էլ ուներ, լծկան, կթան, ձի, ոչխար, մի խոսքով՝ այն ամենը, ինչ պետք է մի միջակ գյուղացու։ Տունը կառավարելու հոգսը կինն էր քաշում, խարջ ու պարտքի հաշիվը նրա ձեռին էր. Կիկոսը միայն դրսի աշխատանքին էր։ Տանն էլ ինչ ուզում էին անեն՝ առնեն ծախեն, դեն ածեն, թե տուն կրեն, միևնույն էր նրա համար, ձեն չէր հանի, ո՛չ խեր կխոսեր, ո՛չ շառ։ Միայն թե իրեն մի կտոր հաց տային ուտելու, պատռվածը կարկատեին ու մաշված տրեխը նորոգեին։

Ինքն էր ու էշը։ Երկուսն էլ համբերատար, երկուսն էլ լուռ, իրար նման, իրարից անբաժան։ Միմյանցից տարբերվում էին միայն արտաքին տեսքով։ Էն որ էշն էր, սիրուն էր, ինչքան էշը սիրուն կլինի։ Էն որ Կիկոսն էր, տգեղ էր ինչքան մարդ տգեղ կլինի։ Կիկոսի գլուխը երկհարկանի էր ու քառակուսի, ոնց որ երկու դդում տաշած, իրար վրա դրած: Ճակատը տափակ էր, եզան ճակատի պես, քիթը մեջքից կոտրած ու պինչը վեր ցցված՝ խոզի դնչի պես, քթածակերը լայն, ոնց որ զուռնի ծայրը, իսկ աչքերն էնքան ծուռ, շլդիկ էին, որ հետը խոսելիս չէիր իմանում՝ քեզ է նայում, թե՞ իր կոտրած քթի արմատին։ Բայց Կիկոսի տգեղ լինելը բնավ նրան չէր անհանգստացնում։ Նա միայն մի անգամ տգեղության դառնությունը ճաշակեց, և դա էն օրն էր, երբ խոսք բաց արին նրան պսակելու մասին, ու պարզվեց, որ գյուղում ոչ մի մարդ նրան չի ուզում աղջիկ տալ։ Բայց էդ էլ ճարվեց։ Ծաղկից մի աչքը «հատ ընկած» Թազագյուլին միջնորդով ուզեցին, և հարս ու փեսա իրար երես տեսան հարսանիքը վերջացնելուց հետո միայն։

Կիկոսն արդեն քառասունն անց մարդ էր, բայց դեռ ոչ ոք չէր տեսել նրան մի անգամ կամ բարկացած, կամ կռվելիս, կամ հայհոյելիս։ Նա չէր բարկանում մինչև անգամ իր էշի վրա, որը երբեմն համառում էր, ճամփի մեջտեղը կանգնում ու չէր ուզում ոտը փոխի։ Կիկոսը մի երկու անգամ «թոշ, թոշ» էր անում ու նկատելով, որ էշը տեղից չի շարժվում, մոտը նստում էր, մինչև էշի «կամքը թամամ ըլի»։ Համբերությամբ գերազանցելով իր իշին անգամ, նա ամեն բանի հաղթում էր, դրա համար էլ գլխին մի ճերմակ մազ անգամ չուներ։

Կիկոսն իր կյանքում լաց չէր եղել, թե հարազատներից մեռնող էր լինում, նա ասում էր.

— Մեռնողի հետ հո չենք մեռնելու. աստված տվեց, աստված էլ տարավ...

Իսկ երբ իր սիրելի էշը սատկեց, նա մի օր միայն տխրեց, մինչև որ իրիկունը մի նորն առավ ու սաղ գիշերը պատիվ արավ նրան, հետը զրուցելով իր հին իշի կյանքից։ Կինը հազիվ գոմից տուն տարավ Կիկոսին, նախատելով, որ Կիկոսն իշին ավելի է ուշք դարձնում, քան իրեն։

— Կնիկն իրան տեղը, էշն իրան տեղը, կնի՛կ, մի՛ չարանա, առանց իշի մի օրս չըլի...— հանգիստ պատասխանեց Կիկոսն ու իշի մեջքը թիմարեց, աչքերը տրորեց։

Կիկոսն իր կյանքում ոտը գյուղից դուրս չէր դրել։ Նա, ինչպես ասում են, «վագզալ չէր տեսել», շոգեքարշի սուլոց չէր լսել։ Էնքան մարդ զինվոր տարան, էնքան պատերազմներ եղան, բայց Կիկոսին հարցնող չկար։ Էդ տեսակ բանի համար նա անպետք էր։ Կիկոսը գիտեր միայն, որ աշխարհն աստված է ստեղծել, որ ինքը տարեկան երկու մատաղ պիտի մորթի ժամի դռանը, իր գործերի հաջողության ու իր մեռելների հոգու փրկության համար։ Էսքանն՝ աստծուն։

Գիտեր, որ կա թագավոր, որի հրամանով պետք է շարժվի ամեն մարդ, որ էդ թագավորի ծառաներն են ամենքը, և ինչպես ինքն էր բնորոշում.

— Մարդիկ թագավորի էշն են. երբ որ ուզի, կքշի ջաղաց, երբ ուզի՝ անտառ կտանի փայտի, երբ ուզի, բեռան տակ տնքացնելով սարը կուղարկի... Մի խոսքով՝ ինչ ուզի, էն էլ կանի։ Վերև, երկնքում աստված է, ներքև, գետնի վրա՝ թագավորը։ Սրանք են աշխարհի տերերը։

Դրա համար էլ Կիկոսը լուռ ու խոնարհությամբ կատարում էր այն բոլոր հրամանները, ինչ որ գալիս էր աստծուց՝ տերերի միջոցով, և թագավորից՝ քյոխվի միջոցով։ Կատարում էր առանց տրտնջալու, առանց բողոքելու, թեկուզ այդ հրամաններն ու պահանջները լինեին անիրավ, անարդար։ Եվ ինչպես ավետարանն էր հրամայում՝ «աստծունը տալիս էր աստծուն և թագավորինը՝ թագավորին»։

Կոռ էր լինում, Կիկոսը մեջն էր, մորեխ կոտորելու համար մարդ էր պետք, Կիկոսն էնտեղ էր, քյոխվի արտը հնձել էր պետք, Կիկոսը հնձվոր էր, մի հրաման պետք է ուղարկեին ուրիշ գյուղ, Կիկոսն էր տանում, ղուլլուղչուն ձի էր պետք, Կիկոսի ձին տանում էին, իրեն էլ ոտով ճամփա գցում, որ գնա ու ետ բերի։ Իրեն հերթն է, թե չէ, միևնույն է, Կիկոսը պետք է լիներ։ Իսկ թե պատահում էր, որ ուրիշ գյուղացիք էին նրա տեղը բողոքում, Կիկոսը հանգիստ պատասխանում էր.

- Բա էլ ո՞ր օրվա ռհաթն ենք, որ էս էլ չանենք։ Էն կոռին ինչ ասեմ, որ Կիկոսը մեջը չըլի...

II

Երբ հեղափոխություն եղավ, Կիկոսը հանդումն էր։ Իրիկունը էշն առաջն արած որ գյուղը մտավ, տեսավ՝ ողջ գյուղը աղմուկ-աղաղակ, իրարանցում, գոռգոռում էին, հայհոյում էին քյոխվին, գզրին, պրիստավին ու մինչև անգամ թագավորին։

Պատերազմից վերադարձած մի քանի զինվոր հրամայում էին սրան-նրան, կարգադրություններ անում, իսկ աղա ու քեդխուդա մարդիկ մի կողմ քաշված սմքել, տազ էին արել ու խռոված երեխաների պես քթները կախել։

Տուն հասնելուն պես՝ կինը դիմացը ելավ ու սկսեց հանդիմանել.

— Կիկոս, գլուխդ մեռնի, ի՞նչ ես իշի անգաճումը քնել. գնա է, գնա գեղամեջ, տես ինչ խաբար ա, թագավորին թախտիցը գցել են, քյոխվին ու սուդյին բռնել, ծակուռն են կոխել. գնա մի ղուլլուղ էլ դու վեկալ, քանի՞ ըտհենց եսիր ու խեղճ մնաս։

— Ասում ես՝ թագավորին թախտից գցե՞լ են...— շշմած հարցրեց Կիկոսը...

— Հապա՞... աչքն էլ չեն հանե՞լ...

— Դե, գցել են, գցել, բալքի լավն էդ ա... Ես էլ ո՞ւր եմ գնում գեղամեջ. ինձ հո թագավոր չեն շինելու։

— Ա՛ հողագլուխ, թագավոր չես դառնալ, գեղի տեր կդաոնաս, դու կկառավարես։

— Բան ու գործդ կտրել ա՞, ա կնիկ, ես զոռով եմ գլուխս պահում, գե՞ղի հետ ինչ դավի ունեմ։ Առանց ինձ էլ կկառավարեն. արի քոմագ արա իշի բեռը վրիցը վեր ունենք, արի՛։

Կիկոսի կինը բարկացավ, մարդուն անիծեց, նամուսը ցեխը գցեց, ոտնատակ արեց, բայց ինչ օգուտ. Կիկոսն իսկի այնումն էլ չգցեց։ «Կնիկ ա, կասի-կասի, տազ կանի», վճռեց նա ու իշի համար գոմի կտերը մոխիր շաղ տվեց, որ թավիլ տա, մեջքը դինջացնի։

Մի շաբաթ էր՝ գյուղն իրարանցման մեջ էր։ Ժողովներ էին անում, ճառեր ասում, նոր մարդ էին ջոկում, որ գյուղը կառավարի, իսկ Կիկոսն իր իշի պոչից կպած՝ առավոտը հանդ էր գնում, իրիկունը տուն գալի։ Մեկ-մեկ միայն նա միտք էր անում, թե առանց թագավորի երկիրը ո՞նց կկառավարվի։ Նա իր քառակուսի գլխի ամեն քունջ ու պուճախը ման եկավ, պրպտեց ու տեսավ, որ գլուխն էդ անսովոր աշխատանքից, մտածելուց ցավում է, թարգը տվեց։ Ճիշտ է, թագավորը չկար, ասենք նրա եղած ժամանակն էլ Կիկոսը նրան չէր տեսել, միայն լսել էր, բայց աշխարհն էլի էն էր մնացել։ Քյոխվի տեղակ հիմի գյուղացիներից մեկն էր կառավարում, որին «նախագահ» էին ասում, իսկ գզրի անունն էլ «սուրհանդակ» էին դրել։ Էլի տերտերը ժամ էր ասում. կնշանակե, դեռ աստվածը կար, նրա «թախտը հաստատ էր». էլի հարուստները բրթբրթացնում էին, նրանց քեֆին կպչող չկար, ու էլի Կիկոսին էին կոռ ուղարկում, նրան էին բանեցնում։ Գյուղն էլի էն հին գյուղն էր, իր հին ադաթով, Կիկոսն էլ՝ էն Կիկոսը, իր էշով ու քառակուսի գլխով։ Մենակ մի բան լավ չէր, որ հիմի հարկերն ավելի էին շատացել, կաշառք ուտողները լցվել, ու շուտ-շուտ կռիվներ էին պատահում։

Գյուղի ճամփաները կապվել էին. ապրուստը դժվարացավ, նավթն ու շաքարը կտրվեց, դրսից ճոթ ու կտոր չէր ստացվում։ Գյուղը խավարի ու կարիքի մեջ տանջվում էր։ Բայց Կիկոսն էլի առաջվա պես լուռ ու հանգիստ իր բանին էր. «Բալքի լավն էս ա»,— մտածում էր նա։

Գյուղը բաժանվել էր երկու մասի։ Մարդիկ գազազել էին։ Սովն ու կարիքը ինչե՜ր ասես չեն անիլ...

էն որ տերտերն ու գյուղի առաջվա մեծամեծներն էին, նրանք թագավոր էին ուզում, էն որ կռվից եկած զինվորներն էին, նրանք հայհոյում էին թագավորին, որովհետև մեծ կռվին խառնվել էր ու էնքան ջահելների՝ որին կոտորել տվել, որին աշխատանքի համար անպետք շինել, ոտը կամ ձեռը կռվում կորցնել տալով, էն որ մնացած գյուղացիք էին, նրանք էլ մի գլուխ էն էին ասում՝ «Ով կուզի թող լինի, մենակ թե մեր ճամփեքը բաց անի, մենք Ռուսեթից հաց, ճոթ, նավթ ու շաքար ստանանք»։

Կնանիք էլ, որ մինչև էդ ժամանակ գյուղամիջից ամաչելով էին անցուդարձ անում, բերանները կապած, ոչ մի մարդու հետ չէին խոսում, հիմի նրանք էլ էին լեզու բաց արել ու համարձակ խոսելով, որն իր սպանված տղին էր ետ պահանջում, որն իր կորած ամուսնուն։ Գյուղն էնպես էր խառնվել իրար, որ մեծ ու փոքր չէր ճանաչվում. ով որ առավոտը վաղ էր վեր կենում ու գյուղամիջում բարձր գոռգոռում, էն օրը նա էր գյուղի կառավարիչը։ Ամեն օր գյուղում մարդ էր թակվում։ Մեղավոր ու անմեղ չէր ջոկվում, ով զոռ ուներ, իրենից թույլի գլուխը կոտրում էր։ Մենակ Կիկոսն էր, որ, ինչպես ասում են, «գլուխը փեշումը դրած», իրեն բանին էր։ Նրա հետ անկարելի էր կռվել. նա լավ էր պահում իր գլուխը. ինչ-որ ասում էին, անում էր, ինչ խոսում էին, համաձայնում էր կամ սուսուփուս քաշվում մի կողմ։ Իսկ եթե բան ու գործից գցում էին, ժողովի կանչում, լուռ նստում էր ու քնում։ Տանն էլ կնիկը թե որ վրեն ճղճղար, թե Կիկոսը գյուղի ոչ մի բանին չի խաոնվում, նա հանգիստ պատասխանում էր.

— Որտեղից բարակ ա, էնտեղից էլ կկտրվի, կնի՛կ. Կիկոսը որ էնքան ղոչաղ ըլի, իրան գլուխը պինդ պահի, թակել չտա, էդ էլ մեծ հունար ա...

III

Ամեն բանի խառնված ժամանակն էր։ Գյուղացիք ստեղծված դրությունից դուրս գալու համար ո՛չ մի ճար, ո՛չ մի հնար չէին գտնում, երբ մի օր էլ գյուղում լուր տարածվեց, թե հայոց թագավորություն է ստեղծվել։ Ամենքն ուրախացան։ Մանավանդ գյուղի մեծամեծները։

Ժամում պատարագ արին, քարոզ խոսեցին, ժամից դուրս մաղթանք ու թափոր կազմեցին, օր ու կյանք մաղթելով հայոց թագավորին ու թագավորությանը։

Լուրն ստանալու երկրորդ օրը մի մարդ եկավ, ճառ ասաց, գովեց հայոց անկախությունը ու երբ ճառը վերջացրեց, հարցուփորձ արեց, թե գյուղացիք ինչ ցավեր ունեն։

Գյուղը միբերան էն էր խնդրում, որ ճանապարհները բաց անեն։

— Լավ,— ասաց ճառախոսը,— կկատարեք կառավարության հրամանները, ճամփաները կբացվեն։

— Ինչ որ հրամայեք, կանենք, թեկուզ մաղով ջուր կրել տաք, միայն թե մեզ ազատեք խավարից ու տկլորությունից։

Ճառախոսը գնաց. իսկ գյուղացիք սպասում էին անհամբեր, երբ մի շաբաթից հետո հրաման եկավ, թե գյուղում ում ոտը բռնում է, 7 տարեկանից մինչև 70-ը, պետք է կռվի դուրս գա, որ թուրքերին կոտորելով ճանապարհը բաց անի դեպի երկաթուղու կայարան ու քաղաք։ Ա՛ռ քեզ նոր տրաքոց... Ինչ էինք սպասում, ի՛նչ դուրս եկավ։ Գյուղը նորից տակնուվրա եղավ։ Կռիվ չէին ուզում. բայց ի՞նչ կարող էին անել, երբ հրամանի հետ զինված խմբեր ու խմբապետներ թափվեցին գյուղն ու սրան-նրան բռնելով զոռով կռիվ քշեցին։ Դիրքերում տրաք-տրաքոցն սկսվեց։

Կիկոսը, որ հանգիստ էշն առաջն արած ջրաղաց էր գնում, նրան էլ բռնեցին ու տարան խմբապետի մոտ. դուռը բանալով ներս հրեցին ու վրան փակեցին։

— Դու դեզերտի՞ր ես, հա՜...– գոռաց Կիկոսի վրա խմբապետը։

– Չէ՛, աղա, ես Կիկոսն եմ, Թոփալանց Կիկոսը։

– Ինչո՞ւ չես կռիվ գնացել։

— Ինձ բան ասող չի ըլել, որ հրամայես կգնամ, ինչ պետք ա ասեմ։

— Դե հրամայում եմ, գնա՛։

— Գլխիս վրա,— խոնարհ գլուխ տալով դուրս եկավ Կիկոսը, որին դուրսը «բերդանի» մի հին, ժանգոտած հրացան տվին։

Կիկոսը շվարած կանգնել էր «բերդանկան» ձեռքին պինդ բռնած ու չէր իմանում ինչ անի։ «Փառք աստծու, Կիկոսը թվանք էլ տեսավ»,— կամաց փնթփնթաց քթի տակ։ «Ասենք ամեն բանի կոռ տեսել եմ, համա կռվի կոռը չէի իմացել»,— միտք էր անում Կիկոսը։ Նա, որ իր կյանքում վառոդ էլ չէր փշտացրել, հիմի հրացանը ձեռին կռիվ պիտի գնար։ Ի՞նչ պիտի աներ, ո՞ւր պիտի գնար, ո՞նց պիտի կռվեր, փամփուշտը ո՞ր կողմից պիտի հրացանի մեջ դներ, չգիտեր։ Էսպես դմբրված կանգնել էր գյուղամիջում, երբ խմբապետը դուրս գալով հրամայեց, որ Կիկոսի էշը տանեն «աբոզի» համար, իսկ իրեն քշեն դիրքերը։

— Ի՛նձ էլ տարեք իշիս հետ, աղա՛,— կմկմալով ասաց Կիկոսը.— ինչ որ իմ էշը կանի, ես էլ էն, էս թվանքիցը խելքս բան չի կտրում։

— Ա՛յ դու ազգի դավաճան,— գոչեց խմբապետը,— ուրեմն դու չե՞ս ուզում վրեժխնդիր լինել. մի՞թե քո երակներում չի հոսում թորգոմյան արյունը։ — Աղա ջան, էդ ինչ որ հրամայում ես, բան չեմ հասկանում. Թորգոմն ո՞վ ա. ես որ կամ, Թոփալանց Կիկոսն եմ, էս սաղ գեղը գիտի, որ իմ օրում ես թվանքի ծակովը մտիկ տված չեմ. թե էշս թվանք կրակ տվող ա, ես էլ նրա պես. ախր խի՞ ես ինձ անպատիվ անում, ես թվանքի մարդ ե՞մ... — գլուխը կախ պատասխանեց Կիկոսը։

Խմբապետը զայրացավ, կատաղեց, ջղայնացավ, ետ ու աոաջ ման եկավ ու էն է՝ քիչ էր մնում մտրակը պիտի իջեցներ Կիկոսի գլխին, երբ գյուղի քահանան վրա հասավ ու միջամտեց.

— Պարոն խմբապետ, սա մի աստծու եզը մարդ է, խեղճ ու կրակ. իր օրում մեկին մի վատ խոսք ասած, հակաոակ բան արած չկա. սա իր կյանքում ճանճ էլ չի սպանել, ներեցեք, թողեք՝ իր բանին գնա. թե ուրիշ ղուլլուղ ունեք, ասեք անի, թե չէ սրա աչքերը... — քահանան կանգ առավ, զգալով, որ կարող է ավելորդ բան ասել։

— Անկարելի է,— պայթեց խմբապետը,— սա իր բռնած դիրքով կարող է վատ օրինակ դառնալ ուրիշների համար, ամենքը ոգևորված դիմում են կռվի դաշտ, իսկ սա թիկունքը քայքայում, անբարոյականացնում է։ Եթե մինչև այժմ ճանճ էլ չի սպանել, ավելի վատ իր համար, այժմ պետք է մարդու արյուն խմի։ Վաղը դուք ևս պետք է մասնակցեք պատերազմին, ուր մնաց թե սա։ Կռիվն օրհասական է և պայքարը վճռական, հասկանո՞ւմ եք...

Խմբապետը թամամ փրփրած էր:

Կիկոսը, որ շվարած կանգնել ու բան չէր հասկանում խմբապետի ասածներից, զգալով, որ բանը կարող է վատ վերջանալ, հրացանը բարձրացնելով կոթովն իշին բզեց, ասելով.

— Գնում եմ, աղա ջան, թո՛շ, թո՛շ, գնում եմ, գնում եմ։ Վա՛յ էն կռվին, որ Կիկոսով պիտի գլուխ գա... — Ու էշն առաջն արած ճամփա ընկավ, ինքն էլ չիմանալով դեպի ուր։

Խմբապետը գոհ սրտով բեղերը ոլորեց, ու կանչելով իր քարտուղարին՝ հրամայեց, որ կառավարությանը մի հեռագիր ուղարկի, թե՝ «Ժողովրդի ոգևորությունը մեծ է այնչափ, որ իր կյանքում հրացանի երես չտեսած մարդն էլ ցնծությամբ դիմում է դեպի դիրքերը»։

Խմբապետը սենյակը մտնելով հրամայեց, որ իբրև պատիժ Կիկոսի հանդգնության, նրա կովը բերեն մորթեն տղերանց համար, որոնք խմբապետի հետ էին եկել ու, դիրքերը գնալու տեղ, գյուղն ընկած՝ սրա-նրա տանը քեֆ էին անում։

Ու երբ Կիկոսի կովը գյուղամիջում մորթում էին, Կիկոսը խմբի քամակն անցած՝ իշի հետ զրույց էր անում.

— Գնանք, իշուկ ջան, գնանք. գլուխներս լավ ազատեցինք էս անգամ. գնանք հայոց ազգի թագավորի համար կռիվ անենք, ռահաթություն ա... բալքի լավն էս ա....

IV

Կիկոսն էսպես գլուխը կախ գցած, համարյա իշի կոկոզին դրած — խոր մտածմունքների մեջ գնում էր մի ճամփով, որ նրա հաշվով տանում էր դեպի դիրքերը, երբ դիմացի սարի ետևից երեք զինված մարդ ձիերը քշելով դուրս եկան ու առաջը կտրեցին։ Սրանք Կիկոսենց գյուղի երիտասարդներն էին, որոնք դիրքերից լուր էին բերում խմբապետին։ Նրանցից մեկը ծիծաղելով Կիկոսի վրա՝ հարցրեց.

— Կիկո՛ս, հրեղենդ առաջդ արած էդ ո՞ւր ես գնում...

— Հրամայել են, որ կռիվ գնամ։

— Հա՜-ա՞... — վրա բերեց մեկէլը.— բա խի՞ ոտով ես գնում, մարդ էդպես հրեղեն՝ Քյոռօղլու ղռաթ ունենա, ոտով կռիվ գնա...

— Թվանքդ ո՞նց ա, թվա՛նքդ, կարո՞ւմ ես ծտի աչքին դիպցնես,— ծաղրեց երրորդը։

— Դուք ինձ էն ասեք, ճամփեն շատ ա հեռո՞ւ, ծտի հետ ի՞նչ դավի անեմ ես. հրաման ա, կոռ ա, քաշում եմ, թողեք գնամ իմ բանին,— հանգիստ պատասխանեց Կիկոսն ու բզեց իշի պոչի արմատին, որ առաջ շարժվի։

— Արի՛, արի՛ ետ դառ, այ խեղճ ողորմելի, դու ի՞նչ կռիվ անող ես,— հորդորեց առաջինը։

— Ե՜տ դառ, ե՜տ, տուն գնանք, կռվում կտան կսպանեն, խալխն էլ հենց կիմանա, թե մարդ են սպանել,— մեջ ընկավ ստրաժնիկ Սաքին ու մտրակը իջեցրեց Կիկոսի իշի գլխին։

Խեղճ հայվանը գլուխը թափահարեց անսպասելի հարվածից ու վիզը ծռելով ուզեց դուրս պրծնել ձիերի օղակից, երբ երկրորդ հարվածն իջավ նրա գավակին։

«Օ՛ֆ» արեց Կիկոսը, կարծես հարվածն իրեն էր կպել, ու ձեռքը դրեց իշի կոկոզին, որ ճկռել էր ցավից ու ետևի ոտները չռել։

— Յանի ասենք ինձ մարդատեղ չեք դնում, էս խեղճ իշին ինչ ես ասում, ստրաժնի Սաքի, որ միսը քրքրում ես, սա քեզ ի՞նչ ա արել, թող արեք գնամ իմ ցավը քաշեմ, խի՞ եք խեղճ հայվանիս բեդամաղ անում... Ջանն ազիզ բան ա. ես կարալ չեմ ետ դառնամ էն աղա-խումբապետի երեսը, գլուխս կթակի, էսքան տարվա պահած գլուխս...

— Տո՛, սարսաղ գլխիդ ձյուն գա, ջանն ազիզ որ ասում ես, էն ա լավը, որ տանդ վեր ընկնե՞ս, թե գնաս թուրքի գյուլլիցը շանսատակ ըլես։ Ի՞նչ անենք, թե խմբապետը մի երկու գլխիդ կտա...

էս խոսակցությունն ընդհատեց մի ուրիշ ձիավոր, որը ձիու ականջը մտած՝ քշելով հասավ ու գոռաց.

— Ձեր տունը քանդվի ոչ, փախեք, որ թուրքի ղոշունը կրակ դառած գալիս ա։ Ներքի բաղերը վառեցին, հրեն ալավը երկինք ա հասել, աստծու ոտները խանձում ա...

Սա ծվծվան Ալեքն էր, որ գյուղում հայտնի էր իր «ծտի սրտով» ու «ծտի խասյաթով»։ Ինչքան ծիտն է աներես ու վախկոտ, էնքան էլ Ալեքը, և ինչպես ծիտն է սաղ օրը ճտճտում ու սրա-նրա դռանը փռած աղունից հատիկներ թռցնում, էնպես էլ Ալեքը թեթև ձեռնագող էր. մանր-մունր բաներ էր թռցնում, բախչից վարունգ, հավանոցից ձու, այգուց տանձ ու խաղող և այլն։

— Կա՛ց, կա՛ց, ձիուդ ջլավը (սանձը) քաշի, դիրքերից գալներս էս ա, ամեն բան հանգիստ էր,— խոժոռեց վրան ստրաժնիկ Սաքին։

Ալեքը վիրավորված, որ իրեն չեն ուզում հավատալ, ձին ասպանդակեց ու առաջ անցավ։

— Կա՛ց, ասում են քեզ, թե չէ հրես ծվծվանդ կկտրեմ... — ու մինչ Ալեքը ձիու բերանը կհավաքեր, Սաքինի հրացանն օդում պայթեց։

Ալեքը ձիուց ընկավ ցած։ Սաքին ու իր ընկերները ծիծաղում էին, իսկ Կիկոսի թուքը ցամաքել էր։

— Կիկոս, արևդ տափը դնեմ,— գոռաց ստրաժնիկ Սաքին,— թուրքը գլխիցդ կտրեց, եկար էդ խեղճ Ալեքին սպանեցի՞ր... Դե հիմի գնա ու լեշն իշիդ վրա դի, տուն հասցրու,—հռհռալով ավելացրեց ստրաժնիկ Սաքին, որի հռհռոցին միացան և մյուս երկուսն ու ձիերը խաղացնելով ետ դարձան ստուգելու Ալեքի բերած լուրը։ Բայց դեռ նրանք չէին ծածկվել բլուրի ետևը, երբ մի 5—6 զինված «խումբի տղա» ձիավորված դուրս եկան գյուղի կողմից իմանալու, թե ինչ հրացանի պայթյուն էր։

Կիկոսն այս ամեն անցուդարձից շշմած, կանգնել էր ճամփի մեջտեղը, երբ խաչաձև փամփշտակալներով, մեծ փափախներով, խանչալ-ատրճանակները կապած «խումբերը»[1] կանգնեցին նրա առաջ։ Նրանք դեռ չէին նկատել Ալեքին, որի ձին փախել էր, իսկ ինքը կուչ էր եկել մի քարի տակ ու վախից աչքերը ճպճպացնում էր, ստուգելով մարմնի բոլոր մասերը, իմանալու, թե գնդակը որտեղին է կպել։

«Խումբերը» շրջապատելով Կիկոսին՝ մի լավ զննեցին նրան, իրենց լեզվով ինչ-որ խոսեցին, որից Կիկոսը բան չհասկացավ, որովհետև, ճիշտ է, «խումբերը» հայ էին, բայց նրանց լեզուն բոլորովին ուրիշ էր և անհասկանալի։

Դժվար է նկարագրել, թե ինչ տանջանքներ կրեց Կիկոսը «խումբերի» ձեռին, որոնց տված հարցերից ու խոսածից ոչինչ չէր հասկանում նա, և որոնք չկարողացան իմանալ, թե հրացան արձակողը Կիկոսը չի եղել, մինչև որ նրանցից մեկը չհոտոտեց հրացանի խողովակը և ձեռք չքաշեց նրանից։ Ո՞վ էր հապա այդքան մոտիկ հրացան արձակողը, երբ միակ հրացանավորը միայն Կիկոսն էր, որին խուզարկելուց պարզվեց, որ նա իսկի փամփուշտ էլ չունի մոտը։

— Ծո՛ քեզի պես խայու... — բարկացավ նրանցից մեկը Կիկոսի վրա և խանչալը հանեց ու նորից դրեց տեղը՝ զսպելով իրեն։ — Ծո՛, ի՞նչ կնեիր հոս, իշու ձագ... առա՛ջ անցիր։

Կիկոսը շարժվեց տեղից, մոտեցավ իշին, որ քշի դեպի դիրքերը, երբ «խումբերից» մեկը նրա առաջը կտրեց ու պատվիրեց, որ դեպի ետ, գյուղը դառնա, կատաղած հայհոյելով նրան.

— Ծո, ու՞ր կերթաս, հայվան օղլու հայվան...

Կիկոսը գլխի ընկնելով, որ «խումբերը» չեն թողնում նրան դիրքերը գնալու, լեզուն հազիվ շարժելով ասաց.

— Խմբապետ աղեն հրամայել ա, որ կռիվ գնամ, ես էլ գնամ եմ...

Ձիավորները քրքջացին։

— Վայ խայերուս գլխուն, որ ձեզի պես էշերը պիտի պաշտպանեն ազգը... — գլուխը շարժելով ասաց նրանցից մեկն ու կարգադրեց, որ Կիկոսին իր իշով առաջ անեն դեպի գյուղ:

Բայց դեռ հազիվ մի տասը քայլ էին արել, երբ նրանցից մեկը նկատեց, որ ճամփի կողքին ընկած մեծ քարի տակ մի մարդ է շարժվում, հրացանը ձեռին փորսող տալով:

— Տղե՛րք, թշնամին դիրք է մտել,— գոռաց Կիկոսի վրա խանչալ հանողը, ու Կիկոսին թողնելով իր իշի հետ ճամփի մեջտեղը կանգնած, նրանք ցած թռան ձիերից ու շրջապատելով քարը, իրենք ևս դիրք մտան։ Ապա նրանցից մեկը, ենթադրելով, թե քարի տակ պահվածը թուրք է, թուրքերեն գոռաց.

― Քի՛մ սյան, թիվանգյընի վեր, չըխ դիշերի[2]։

Ծվծվան Ալեքը բան չհասկացավ. նախ, որ նա թուրքերեն լավ չգիտեր, երկրորդ՝ խոսողի թուրքերենն էլ նման չէր իր գիտեցածին։ Խոսողն օսմանլվի լեզվով էր կանչում։

«Խումբերը», տեսնելով՝ «թշնամին» չի պատասխանում, հրացաններն ուղղեցին դեպի նա և հենց էն է՝ պիտի կրակեին, երբ Ալեքը վախից բարձր ճչաց.

— Կիկոս, քե մատաղ, քոմագ արա, ինձ սպանեցին...

Կիկոսը զարմանքից քար էր կտրել. նա հենց գիտեր, թե Ալեքը մեռած է, ու ստրաժնիկ Սաքին էլ, որ իրեն շառով տվեց, քյոխվին կհամոզեր, թե Կիկոսն է սպանել, ու իրեն Սիբիր կքշեին... Բայց հիմի իր բախտից Ալեքը սաղ էր։ Նա դեռ խելքը գլուխն էր հավաքում, թե հարցնի Ալեքի հալը, երբ մի «խումբ» թուրքերեն գոռաց.

— Ձա՛յնդ, լիրբ անամոթ, հիմի էլ հայերեն կխոսի, որ մեզ խաբի:

Ալեքը նորից հուսահատ ճչաց.

— Կիկոս ջան, քոմագ արա, ինձ սպանեցին։

— Արա՛ Ալեք, էդ դո՞ւ ե՜ս... — ծոր տվեց Կիկոսը։

— Հա՛ , քե մատաղ, Կիկոս ջա՛ն, դրանց ասա, որ թուրք չեմ։

— Արա՛ Ալեք, մեռա՞ծ չե՜ս...

— Չէ՛, սաղ եմ, սաղ եմ, քե մատաղ, բա մեռելը կխոսա՞...

— Արա՛, գյուլլեն դիպա՞վ ո՜չ...

— Ձա՛յնդ կտրե, շուն շանորդի, ի՞նչ կխոսիս թուրքին հետ: Կճանչնա՞ս ինձի, կտոր-կտոր կընեմ քեզի... — գոռաց խանչալ հանողը ու, դառնալով Ալեքին, վրա պրծավ այժմ արդեն հայերեն.

— Հրացանդ քցե։

Ալեքը, որ գյուղի «սուրհանդակն» էր, մի քիչ հասկանում էր «խումբերի» լեզուն։ Նա հրացանը շպրտեց, որից հետո «խումբերը» մոտեցան սփրթնած Ալեքին։

— Ե՛լ,— գոչեց մեկն ու հրացանի կոթով ամուր հրեց Ալեքի կողքին։

Ալեքը դողդողալով վեր կացավ ու կապտած շրթունքները հազիվ իրար տալով ծվաց.

— Ղուրբան եմ ձեզ, ինձ սպանիլ մի, Հազրո ջան, բա ճնանչում չե՞ք ինձ, Ալեքն եմ, Ալեքը, սուրհանդակ Ալեքը...

«Խումբերը» հայհոյանքի տարափ թափեցին Ալեքի գլխին ու կատաղած նրա ու Կիկոսի վրա, առաջ արին երկուսին էլ դեպի գյուղը, որ խմբապետը հարցաքննի, թե ինչից է աոաջացել և որտեղից՝ հրացանի պայթյունը։

Գյուղը, որ հանգիստ վիճակում էր, մին էլ էն տեսավ, իրիկնադեմին 5—6 ձիավոր «խումբ» շրջապատած մի էշ,մի Կիկոս, մին էլ մի ծվծվան Ալեք ներս մտան գյուղի ներքի ծայրից։ Գյուղում մի շնահաչոց ու երեխանց աղմուկ-շամաթա բարձրացավ։ Առաջին նկատողն այս հանդիսավոր «հաղթական» մուտքի, բարձր ու երկար ձայնով ազդարարեց.

— Խումբերն երկու թուրք, մի էշ են բռնել, երկու թուրք մի է՜շ...

Ոնց որ թեժ կրակին քլթքլթացող ջուրը պղնձի չորս կողմից դեպի ներս է մղում եռացող ջրագնդերը, էնպես էլ գյուղի բոլոր ծայրերից դեպի գյուղամեջ թափվեցին ահել, ջահել, մարդ ու կին, որ տեսնեն, թե էդ ինչ տեսակ թուրքեր են:

«Հեռու կացեք, հեռո՛ւ», «ճամփա տվեք, ճամփա»–ն ընկավ խալխի մեջ։ Երեխաներից շատերը քիչ մնաց ձիու ոտների տակ ընկնեին։ Սրթսրթալով, ցեխ ճմբռելով ու սոթ տալով գալիս էին ու գալիս։ Մութն իր խավարի առաջին վարագույրը քաշել էր արդեն, բայց դեռ մարդաճանաչ էր. սակայն վրա վազողները, որովհետև իրենց մեջ վճռել էին, թե «խումբերի» բերած մարդիկ անպատճառ թուրքեր են, դրա համար էլ գոնե մի մարդ էլ է չգտնվեց, որ մի լավ նայի ու ճանաչի եթե ոչ Ալեքին կամ Կիկոսին, որոնք ձիավորների օղակի մեջ էին առնված, գոնե Կիկոսի իշին, որը հարսանիքի գալու առաջին լուր բերող «աղվեսի» նման առաջներն ընկած, «իշի յորղա» բռնած վազում էր, և որին ողջ գյուղը գիտեր, քանի որ ամեն տուն նրան մի քանի անգամ ջրաղաց տարած կլիներ։

Ինչ վերաբերում է Կիկոսին ու Ալեքին, նրանց հրամայված էր լուռ ու գլխակախ, առանց ձայն հանելու գնալ. և նրանք էլ մատաղի ոչխարի պես գլուխները համարյա շեքի ղաթը գցած, առաջ էին շարժվում։

— Արա՛, էն մինն էլ հլեյի թե Կիկոսն ըլի, Կիկո՛սը,–ձայն տվեց մեկը, որ ավելի էր մոտեցել:

— Բալքի դա էլ թուրքերի Կիկոսն ա, ինչ գիտաս,— ծաղրեց մոտից անցնողը։

— Ոնց որ երևում ա, էս կռիվը Կիկոսների պեսները պտեն անիլ. հալբաթ թուրքերի «խումբերն» էլ մերոնց պես, իրանք գեղումը նստել, քեֆ են քաշում ու թուրք Կիկոսներին կռիվ ղարկում,— ձայնեց մի ավելի համարձակը, որ չէր նկատել, թե ինչպես քյոխվա Սարիբեգը մոտից անցնում է և լսելուն պես վրա պրծավ. — Ձենդ կտրի, թե չէ հրես ռեխդ կքանդեմ, ըտհենց եք խոսում է, որ կարում չենք թուրքերին սրբենք, ճամփեքը բաց անենք։ Տանը վեր թափեցեք, հավ-թուխս դրեք, էլի՛, փափախներդ կնանոնց տակին դրեք ու լաչակ կապեցեք, էլի՛. էս խմբերն էլ որ ըլեն ոչ, հու օխտը կորածից մինը կըլենք...

Քյոխվա Սարիբեգը, որ շատ էր պաշտպանում «խմբերին», որովհետև նրանք քյոխվին նշանակել էին էլի իր հին պաշտոնի մեջ, ողջ գյուղն էն տեսակ թալանի ու սարսափի էր մատնել, որ մարդ չէր կարողանում առաջը ծպտուն հանի, մինչև անգամ, երբ նա զոռով սրա-նրա հարսը դուրս էր քաշում տանից ու խմբապետին տանում։

Խավարը սև ագռավի թևերի նման փռվեց գյուղի վրա։ Երկինքը հո խավար էր, խավար, գետինն էլ նրանից վատթար սև ցեխ էր։ Գյուղացիք շտապեցին իրենց տները, քանի աչքները կտրում էր ու ճանապարհը հազիվ նշմարում էին. իսկ ձիավորներն իրենց գերիներով հասան խմբապետի բնակարանի առաջ։

Այդ գիշեր ողջ գյուղի խոսակցության նյութը գերի ընկած թուրքերն էին։ Եվ այն միջոցին, երբ գյուղական խավար խրճիթներում կրակի շուրջ բոլորած տանեցիք պատմում էին կռվի ու գերիների մասին, հիշելով անիծված հայ-թուրքական ընդհարումները, խմբապետի սենյակում հարցաքննություն էր կատարվում, որին մասնակցում էր և քյոխվա Սարիբեգը, որը հիսաթափված դիտում էր, ու չէր կարողանում հասկանալ, թե ինչպես «թուրք գերիները» հանկարծ փոխվել ու դարձել են Կիկոս ու Ալեք։

Ամբողջ գիշեր, գրեթե մինչև լույս, հարցաքննությունը ոչ մի հետևանք չտվեց։

Էն որ Կիկոսն էր, պնդում էր, թե Ալեքի տեսած ձիավորները նույն գյուղացիներն էին, որոնցից մեկը ստրաժնիկ Սաքին էր, որ իրեն իշին էլ թակեց. էն որ ծվծվան Ալեքն էր, հաստատում էր, թե ձիավորները թուրքեր էին, հայերեն խոսող թուրքեր, որոնք Կիկոսին գերի էին առել ու իրեն տեսնելուն պես վրան կրակեցին թե սպանեն, չհաջողվեց, որովհետև ինքը սուտ ձիուց վեր ընկավ ու դիրքը մտավ թե կոտորի, նրանք էլ թողին փախան։ Ո՞րին հավատային...

Քյոխվա Սարիբեգը մի կողմից հաստատում էր, որ Կիկոսը սուտ չի խոսի, բայց կարող էր չճանաչել ձիավորներին, որովհետև նրա աչքերը — աչքեր չեն, մյուս կողմից էլ պնդում էր, որ Ալեքը և՛ ստախոս է, և՛ վախկոտ, նրան էլ կարող էր թվալ, որ ձիավորները թուրքեր են։ Բայց որովհետև Ալեքը սուրհանդակ էր, իբրև պաշտոնական անձի ցուցմունք, խմբապետը հրամայեց իր քարտուղարին, որ մի մանրամասն գրություն կազմի «ռազմական մինիստրի» հենց իր անունով, որի մեջ ի միջի այլոց գրում էր հետևյալը.

«Թուրքական խուժանն այգիները կրակ տալուց հետո կամեցավ անցնել մեր առաջապահ դիրքի թիկունքը, բայց հետ մղվեց, չարաչար կորուստներ տալով: Նրանցից մոտ 30 հոգի, կտրվելով իրենց թիկունքից, առանց հասկանալու իրենց ողբերգական դրությունը, կամեցան հարձակվել այն գյուղի վրա, ուր տեղավորված էր «Քարքարուտի» շտաբը — իմ գլխավորությամբ, սակայն մեր սուրհանդակը նկատելով նրանց, կրակ բաց արեց, որի հետևանքով խմբիս անդամներից 6 հոգի կայծակի արագությամբ հասան և հալածեցին թշնամուն։ Մեր կողմից ոչ մի զոհ. նրանցից առայժմ անհայտ է. ենթադրում եմ, որ ետ փախչելիս մեր երրորդ դիրքը նրանց ոչնչացրեց։ Խնդրում եմ պարգևատրության համար մի քիչ դրամ ուղարկեցեք, որպեսի հանգամանքը կոգևորի տղերանցը։

Ձեր՝ Կայծակ Ասատուր»։

Նամակը քարտուղարի կարդալուց հետո խմբապետը գրիչն առավ և իր սեփական ձեռքով ավելացրեց. «Հետ» գրության»–ը, որովհետև, նրա կարծիքով, ոչ մի նամակ կամ պաշտոնական թուղթ առանց «Հ.Գ.» չի կարող լինել։ Նրա գրածը թղթի վրա ճիշտ այնպիսի տպավորություն էր թողնում, ինչպես ցեխի վրա ման եկող հավի հետքերը։ «Հետ գրություն»–ը հետևյալն էր.

«Նամակս վերջացրել էի, երբ լուր ստացա, թե փախչող թուրքերին բոլորին կոտորել են։ Կեցցե՛ Հայաստան»։

Նամակը ծրարելուց հետո խմբապետը կարգադրեց, որ սուրհանդակ Ալեքն ինքն իր ձեռքով հասցնի կենտրոն և եղելությունը պատմի մինիստրին, իսկ քյոխվա Սարիբեգին պատվիրեց, որ Կիկոսին գյուղից հեռացնի, կորցնի, թեկուզ գլուխը կտրելու գնով, որ նա մարդու երես չտեսնի և ոչ ոքի ոչ մի բան չասի եղելության մասին։

— Տեսնո՞ւմ ես այս մավզերը,— դարձավ խմբապետը Կիկոսին,— տասը փամփուշտ ունի իր մեջ. բերանդ բաց կանեմ ու տասն էլ կդատարկեմ մեջը, եթե որևէ մեկին բան ասես։ Գնա պարոն Սարիբեգն ուր որ կտանի, ձայնդ կտրած կգնաս, ինչ որ հրամայի, կկատարես, թե չէ երդվում եմ սուրբ դաշնակցության անունով, տուն ու տեղդ մոխիր կշինեմ, քամուն կտամ։

— Լեզուս թող պապանձվի, թե մարդու չէ, որ իշիս էլ բան ասեմ,— կմկմաց հազիվ սփրթնած Կիկոսը։

Լուսադեմ էր։ Ալեքը ոտով ճամփա ընկավ դեպի «Կենտրոն», ոնց որ «խմբերն» էին ասում, որ ամեն գյուղում պատմի իր «քաջագործությունների» մասին, իսկ քյոխվա Սարիբեգն ու Կիկոսը խոնարհ գլուխ տալով խմբապետին՝ դուրս եկան «շտաբից»։

Քյոխվան դարձավ Կիկոսին, թե՝ — Հու լա՞վ իմացար ինչ ասաց խմբապետը։ Նա ուզում էր գլուխդ կտրի, ես միջնորդեցի, որ ինձ բախշի։ Հիմի արի էշդ աղաք արա ու սուսուփուս գնա մեր գոմերը։ Մեր տավարը կպահես, մինչև տենանք էս բանն ինչով ա վերջանում։

— Քյոխվա ջան, արևիդ մատաղ, քո եսիրն եմ, քո ոտքի տակի ցեխն եմ, ուզում ես արի ոտներդ լվանամ ու ջուրը խմեմ։ Էդ լավությունը չէ թե ես, վասիաթ (կտակ) կանեմ, որ իմ օխտը պորտն էլ չմոռանա...

Ու էն ժամանակ, երբ լուսը բացվել էր, ու գյուղացիք հավաքվում էին «շտաբի» դուռը, որ իմանան, թե «գերի թուրքերի» հետ ինչպես են վարվելու, Կիկոսն իր էշն առաջն արած մոտենում էր քյոխվա Սարիբեգի գոմերին, ուր նրա ապրանքն էր պահվում ձմեռը, ինքն իրեն ասելով.

— Կիկո՜ս, գլուխդ էս անգամ էլ լավ ազատեցիր թակվելուց... Թո՛շ, թո՛շ, դեսն արի, այ անտեր, դբա քյոխվի գոմերը, ի՞նչ ես շլինքդ դբա սուրբ Սարգիսը ծռել, հո մատաղ չեմ տանում մորթեմ, գիտում չե՞ս, որ հիմի իմ խաչը քյոխվա Սարիբեգն ա...

V

Թե ինչ պատահեց այնուհետև գյուղում, Կիկոսը ոչինչ չիմացավ։ Նա քյոխվա Սարիբեգի ապրանքի հետևից էր։ Պահում էր, խնամում ու իսկի չէր էլ մտածում, թե ինչով է վերջանալու կռիվը, ինչ կարող է պատահել այնուհետև, ինքը երկար պիտի մնա ուրիշի տանն անվարձ աշխատավոր, թե մի օր կազատվի։ Նա իրեն չափազանց երջանիկ էր զգում, որ աշխարհի խառնված ժամանակ ինքը մի հանգիստ ու խաղաղ անկյուն է գտել մարդկանցից հեռու, կռվից ազատ։ Երբեմն գյուղից հաց ու ալյուր էին բերում Կիկոսի ու քյոխվի շների համար, և եթե խոսք էր բացվում գյուղի դրության մասին, պատմող ջահելը հազար ու մի անօրեն բան էր պատմում «խումբերից», թե ինչպես նրանք գազազած հարձակվում են սրա-նրա վրա, ծեծում, ջարդում, կովն ու եզը գոմից դուրս քաշում, մորթում, շատ անգամ էլ էս ու էն կնկանն ու աղջկանը ձեռք գցում:

Լսում էր էս ամենը Կիկոսը, լսում ու ինքն իրեն մխիթարում.

— Ի՞նչ լավ ա՝ ես ընտեղ չեմ, թե չէ իմ գլուխն էլ կթակեն...

Գարունը բացվելու վրա էր, երբ մի օր Կիկոսի կնիկն եկավ քյոխվա Սարիբեգի բինեն մարդու մոտ ու հայտնեց, թե թուրքերի թագավորը «թախտից ընկել ա», ռսի ղոշուն ա եկել, որոնց «բոլշևիկ» են ասում, թե հայոց թագավորությունն էլ հրամայել ա, որ «խումբերը» հեռանան, ու տեղը հիմի նոր զորք ա գալիս, թե հիմի էլ առաջվա պես ամեն պատահած մարդու կռիվ չեն ուղարկում, այլ ով որ հին ժամանակ ռսի թագավորի ծառայած զինվոր է, նրանց են հավաքում, և ստիպեց Կիկոսին, որ թողնի քյոխվա Սարիբեգի բինեն ու գնա տուն, իրենց ցավը քաշի։

Կիկոսը լսեց, լսեց, մտածեց ու կնկանը, թե՝ — Կնի՛կ, կտաս գլուխս մի խաթի կբերես, արի ձեռ քաշի ինձանից, գնա բանիդ։ Կնիկը հորդորեց, մի քիչ էլ անիծեց, «հողեմ, ցխեմ» արավ, քայց ոչինչ չօգնեց։ Բանը հասավ կռվի։

— Թաղեմ քեզ, թաղե՛մ. քեզ պես մարդը ոչ ունենամ, ես էլ կասեմ, թե մարդ ունեմ, էլի՛... Մեռի էլա, պրծնեմ, ումուդս կտրեմ, անումդ քարին գրեմ, պրծնեմ, բալքի էս էրված սրտիս էլա մի հովության ըլի... — ճչաց զայրացած կինը։

— Կնի՛կ, ի՞նչ ելավ քեզ,— կարծես թե բարկացավ Կիկոսը։— Ի՞նչ ես ուզում ինձանից, հենց կիմանայիր մեռել եմ, ո՞ւր եկար, հետևիցդ հու կարմիր խնձոր չեմ ղարկել։

— Բա հմի գալի՞ս չես, էլի՜,— կրկնեց կինը։

— Չէ՛-է՛... էս երկու գոմ լիքը ապրանքը ո՞ւմ թողնեմ, որ գամ. քյոխվեն ի՞նչ կասի...

— Ա՛ հողագլուխ,— կատաղեց կինը,— դու եկել էստեղ ուրիշի ապրանքն ես պահում, քու կովն ու եզը «խումբերը» մորթեցին, 5—6 ոխճար կար, էն էլ գելն ու գողը տարան, հիմի սոված զկրտա մի տուն քյուլփաթով, տեսնեմ քյոխվեն քեզ կախվելու համար թոկի բուրդ էլա կտա՞... Քյոխվինը քիչ ա, պահի-պահպանի, թող քունը շունն ու գելն ուտեն։

— Հալա դու ես խոսո՞ւմ,— վրա պրծավ Կիկոսը,— ես իմ ջանը քարեքար, չոլեչոլ գցեմ, կռվից գլուխս զոռով ազատեմ, դու իմ տունը քանդե՞ս. բա որ տանում էին մորթոտում, շունչդ վրեդ չէ՞ր, խի՞ չիր մուղայիթ կենում։ Կիկոսը հու հարամ գյուլլի ըռխիցը գալու չէր ապրանք պահի, բա հիմի ինձ ղնամիշ անելո՞ւ ա, գլուխդ ու արևդ թակեմ էս խոլվաթ ձորո՜ւմը, խալխը ինչ կասի, ինձ կթքեն, կմրեն, որ կնկա վրա ձեռք եմ բարձրացրել... Գնա՛, գնա՛ բանիդ: Գնա քյոխվին ասա, թե որ դրուստ խումբապետը գնացել ա, թող ինձ մի քանի օրով արձակի, գամ տունուտեղս սարքուկարգ անեմ, թե չէ... քիչ ա մնում գդալը ջուր ածեք ու միջումը խեղդվեք։

Կիկոսի կնոջ համար միանգամայն տարօրինակ ու զարմանալի էր, որ Կիկոսն այդ տեսակ լեզվով է խոսում։ Կիկոսը Կիկոս ըլի ու իրան հետ էդ լեզվով խոսի՞... «Երևի կռվի ժամանակ մարդկանց սիրտն էլ է փոխվում», մտածեց կնիկը ու որպեսզի չխռովեն ու չկռվեն, համաձայնեց, որ տան դառնա ու քյոխվից իրավունք խնդրի իր մարդու համար: Կինը խնդրեց, որ Կիկոսն էշն իրան տա, մինչև գյուղ հասնելը նստի, բայց Կիկոսը երկար ժամանակ չէր համաձայնում, վախենալով թե էշից կարող է զրկվել վերջնականապես, վախենում էր, թե «խումբերը» կխլեն. բայց և այնպես համաձայնեց տալ։ Ու երբ գոմից դուրս բերեց, չուլեց ու կնկանը վրան նստացրեց, խանդաղատանքով տրորեց իշի աչքերը, սղալեց գլուխը, որի միջոցին էշը շոյված տիրոջ փաղաքշանքից, դուդեն վեր բարձրացրեց ու հոտոտեց Կիկոսի դեմքը, կարծես փնտրելով նրա շրթունքները, որ համբուրի։ Կինը, որ դիտում էր այս Կիկոսային և իշային սիրո փոխադարձ գգվանքները, գլուխը կամաց տմբտմբացրեց ու «մնաս բարովի» փոխարեն «չանչ» արավ Կիկոսին՝ ասելով.

— Հողեմ էդ շաշ գլուխդ, մի սաղ օր ու գիշեր ա ղոնաղ եմ եկել կուշտդ, իսկի մի անգամ էլա չմոտեցար ինձ. մի անգամ էլա գլուխս չսղալեցիր... մի իշի չափ էլ չկա՞մ...

էշը ճանապարհվեց, իսկ Կիկոսը կնոջ ասածների վրա քիչ միտք արավ, միտք, ու երբ նկատեց, թե կինն արդեն ծածկվում է, ետևից գոռաց.

— Աղջի՛, իշին լավ մուղայիթ կաց. նեղանալ մի, մտահան եմ եղել...

Երեք օրից քյոխվի տան նոքարն եկավ ու Կիկոսին իրավունք տվեց երկու օրով գյուղ վերադառնալ, միայն շատ մեծ զգուշությամբ, որ «խումբապետը» չտեսնի։

— Արա՛ Մուխի, բա կնիկս եկավ ասեց, թե՝ «խումբերը» քաշվել են, էդ ո՞նց զադ ա, դու էլ ասում ես՝ ծածուկ ման գամ։

— Հա՛... չէ՜... — սուտը բռնվածի պես կմկմաց Մուխին ու ավելացրեց,— ղորթ ա, գնացել են, համա խումբապետը մի 10—20 հոգով հալա գեղումն ա, նոր շտաբ պիտի գա, որ նա փոխվի:

— Բա հիմա ես ո՞նց անեմ, գնա՞մ թե չէ՜... — հուսահատ հարցրեց Կիկոսը։

— Գնա՛, գնա՛, քեզ ճանաչո՞ղն ով ա, գնա բանիդ, թե որ մի խաթի էլ ռաստ գաս, քյոխվեն սաղ ըլի, ընդեղ չի՞, կազատի, էլի...

— Հալբաթ որ քյոխվեն սաղ ըլի.. ասաց Կիկոսն ու երեսը խաչակնքելով ճամփա ընկավ դեպի գյուղ, ականջները խլշած պահելով, որ ձեն-ձուն իմանա թե չէ՝ իրան բութեն տա։

Նոր էր հասել «բաղերի քուչին», երբ դիմացի այգուց խոսակցության ձայն լսվեց․ ոտը կախ արավ, ականջները սրեց, բան չհասկացավ, մին էլ էն տեսավ՝ կողքի չափարի գլխովը մի «խումբ» ձին թռցրեց ու գլխավերևը կանգնեց։

— Ծո՛, ինձի աշե, վո՞վ ես․․․ — ձայն տվեց ձիավորը։

Կիկոսը բնազդաբար գլուխը վեր քաշեց։

— Ծո՛, իշու ձագ, դու նորե՞ն դիրքերու մեջ չես. փախած ես. որտե՞ղ էիր․․․

— Ես քյոխվա Սարիբեգի նոքարն եմ, նրա ղուլլուղչին,— կմկմաց Կիկոսը։

— Ձա՛յնդ, իշու ձագ, քյոխվա, շուն ու գել իրար կպաշտպանեք, կռիվ չեք երթա, կպահվեք, հանցանքը և կռվին անհաջողությունը մեզ վրա կբարդեն։ Քալե՛ ֆռոնթ... Քալե՛ ֆռոնթ...

— Ծո՛, Հազրո, վո՞վ է,— ձայն տվին դիմացի այգուց։

— Մեկ անգամ բռնած մարդերնիս։

Հազրոն ու իր ընկերը, որ ճանաչել էին Կիկոսին, հայհոյելով քշեցին դեպի դիրքերը։ Նրանք գազազած էին, որ իրենց հեռացնում են և տեղը նոր զորամաս նշանակում, ուստի և գյուղից դուրս, այգին ու անտառները ընկած մարդ էին որսում և քշում դիրքերը, որպեսզի իրենց գոյությունը դրանով արդարացնեն, թե դասալիքներին բռնոտում, դիրքերն են քշում։

Լավ էր, որ չծեծեցին Կիկոսին։ Իսկ չծեծեցին, որովհետև նախ ճանաչեցին ինչ անպետք մարդ լինելը, երկրորդ էլ․․․ նա լուռ հպատակվում էր նրանց ամեն մի կարգադրությանը, թեև շատ բան նրանց ասածներից չէր հասկանում, բայց խոսքընդմեջ գլխի էր ընկնում, որ նրանք շատ կատաղած են գյուղացիների վրա և պատրաստ են բոլորին կոտորելու։

Կիկոսը հոգնած ու ջարդված հասավ մի սարի գլուխ, որտեղ նրան մենակ թողին «խումբերը», պատվիրելով, որ իջնի ցած և անցնի աոաջին դիրքերը, որոնք երևում էին սարի ծայրից, ու իրենք ետ դարձան։ Գնում էր Կիկոսը թփերի մեջ ընկնելով, ոտը քարերին տալով, երբեմն անիծելով կնոջը և մտքումը հայհոյելով.

— Որ ասում են՝ կնկա խաթեն անպակաս կըլի, հո սո՞ւտ չեն ասում... Ինձ համար վեր ընկած էի, ասա ի՞նչ էիր ուզում, հը՜... — ապա ընդհատելով ինքն իրեն՝ ասում էր,—բալքի լավն էս ա՞... ինչ լավ եղավ գլուխս չթակեցին...

Մութն էր, երբ հասավ դիրքերին։ Կռիվ չկար։ Ցերեկվա կռվից հոգնած, տղերքը գլուխները իրար ծնկի դրած, հրացանները խտտած հանգստանում էին, բայց երբ Կիկոսին տեսան, ամեն բան մոռացած՝ սկսեցին ծիծաղել ու ձեռք առնել նրան.

— Տղե՛րք, հիմի որ կհաղթենք, սուրբ Կիկոսի զորությամբ,— ձայն տվեց առաջին տեսնողը։

— Տնաշեն, դե մի քիչ շուտ գայիր, էլի՛, էնքան մարդ փչացավ գյուլլի բորանի բերնին...

— Գեներալն եկել ա՞... — մեջ ընկավ մեկ ուրիշը։— Դե պլան քաշի, թե առավոտը որ կողմից սկսենք կռիվը...

Ծափ ու ծիծաղը ընկավ... Կիկոսը լուռ էր, նրան ինչ... Ի՛նչ ուզում են, թող խոսան...

— Թվա՞նքդ ուր ա, թվանքդ... — ձեռք առավ մեկ ուրիշը։

— Ի՞նչ ես սարսաղ-սարսաղ դուրս տալի, գեներալը թվանք կունենա՞, դուրբինը (հեռադիտակ) հետն ա, բոլ ա,էլի՜... Մի տես, է՜, տես ինչ դուրբին ունի ճակատից կպած,աստծու շինած դուրբին, որ համ դբա Թիփլիզ ա մտիկ տալի, համ դբա Բաքու... մի մտիկ անելում երկու քաղաքն էլ վերա ունելու...

— Սոված կըլի էդ եսիրը, մի թիքա հաց տվեք ուտի, մինչև լուսանա, ետ ղրկենք տուն գնա. ի՞նչ եք վրա տվել խեղճ մարդուն, շատ էլ թե չեն իմացել, ղարկել են...— միջամտեց հասակավորներից մեկը:

Կիկոսին կերակրեցին։

Դիրքերում տղերքը հանգստանամ են: Լուռ էր ամեն ինչ։ Կիկոսն էլ գլուխը մի հողի կոշտի վրա դրեց, թե քնի, բայց քունը չտարավ. նրա միտքն զբաղված էր մի բանով միայն, թե յարաբ իր էշն ու կնիկը ի՞նչ եղան, երբ ակամայից լսվեց մի քչփչոց. — Հողեմ էս կառավարության գլուխը. հողե՛մ. հլա, մտիկ, խմբերն եկել են մեր տներումը նստել, մեր կնանոց ծոցը մտել, մթամ թե թիկունքը պահում են, մեզ ղրկել են դիրքերը, էդ հերիք չի, էս խեղճ ու կրակ, աչքերը քոռ Կիկոսին էլ են կռիվ քշել։ Սա կռիվ անող ա՞...

— Բա որ քեզ ասում եմ՝ էս բանը բանի նման չի, իշիցը ձի չի ծնվիլ, հավից՝ արծիվ, չես հավատում... Մի կառավարության կռվողը որ Կիկոսն ըլի, նրա բանն էլ ըսենց կըլի, էլի ...

— Տո՛, մարդ հարցնող ըլի, թե ախր ում դեմն ես կռվում, է՜, ո՞ւմ դեմը... ռուսի ղոշունի առաջ մարդ կդիմանա...

— Իմացա՞ր էսօր ինչ էին բղավում դիրքերից, ասում ա՛ «տավարիշչ նի ստելյալ, սերովնա պրիդյոմ»։

— Ես նրա «պրիդյոմին» մատաղ, դե՛ գա, էլի՛, էլ ո՞ւմ ճամփեն ա պահում...

— Արա՛, տենում չե՞ս, իսկի կռիվը կռվի նման չի... ուզում չեն թե կոտորեն, կասես խաղ են անում, խա՛ղ... Նրանք որ ուզեն, մի սհաթում դիփ քարուքանդ կանեն, մի՞տդ ա, Ավստրի գրանիցում էն ինչ էին անում։ Համա մեզ դուշմանի տեղ չեն դնում. ուզում են խաղաղ վերջանա, որ մարդ չփչանա։

— Բա ճամփե՞քը խի չեն բաց անում, ճամփեքը...

— Ո՞նց չեն բաց անում, նրանք էս մեր կառավարությանն ասում են՝ թող երկիրը սավետական դառնա, ճամփեքը բաց անենք, էդ խալխը մի ազատ շունչ քաշի, սրանք էլ համաձայն չեն. էս կռիվն էլ զոռով ստեղծել են, միթամ իրանք մնան էս երկրի տերը, ու մենք էլ էսպես տանջվենք...

— Ընչի՞, էս կառավարությունը չի հասկանո՞ւմ, թե ժողովրդի թշնամին ա...

— Շատ լավ ա հասկանում, համա էն էլ ա լավ հասկանում, որ նրանք եկան թե չէ՝ իրենք թռչելու են իրանց փափուկ տեղերից։ Տեսնում չե՞ս, ոնց են էլի հին աղալարները լեզու առել ու մեր վզին նստել... Ոչով չի ուզում ո՛չ իրան ունեցած հողիցը զրկվի, ո՛չ էլ դովլաթից, ջհանդամը թե խեղճ, քյասիբ խալխը կկոտորվի...

— Հիմի քու ասելով նրանց սավետի վախտն ըսենց չի ըլելո՞ւ... էլի քյասիբին ճնշելու չե՞ն... աշխարհս զոռովինը չի ըլելո՞ւ...

— Աշխարհը զոռովինն ա ըլելու, համա էդ զոռը մեզ պեսների ձեռին կըլի... Բայլշևիկի մերը չմեռնի, որ նա մի զոռբա կամ քյոխվա, քեդխուդա ու խմբապետ սաղ թողնի, սրբելու ա, սրբելու...

Կիկոսի գուխը, որ էս տեսակ բարակ բաներից չէր հասկանում, շուտով քնի գիրկն ընկավ։

Լույսը դեռ չբացված, Կիկոսը վեր թռավ մի սարսափելի դղրդոցից, կասես թե մինը նրա ականջին մի պինդ սիլլա ծեփեց։

Կռիվն սկսվել էր։

VI

Կիկոսը կռիվն իմացել էր, չէր տեսել։ Էս ու էն սարի ծերից թնդանոթները որոտում էին, կարծես ամպերն իրար հետ կոխ էին բռնել երկնքում ու դղրդոցից սար ու ձոր շարժում, իսկ դիրքի վրա գնդակներն էնպես էին վզզում, որ Կիկոսին թվաց, թե ինքը մի հսկա մեղվանոց է ընկել, ու էդ մեղվանոցն ընկած արջի պես, չէր իմանում գլուխը որ անկյունը կոխի, որ ազատվի։

Կռիվը քանի գնում սաստկանում էր։ Կիկոսը մի անկյունում ոզնու նման փշքաղել ու կուչ եկած տազ էր արել, նա շշմել էր ու կասես գլխումը հարսանիք էր դրմբում։ Նա էնպես էր ապուշ կտրել, որ եթե էդ րոպեին մեկը նրա անունը հարցներ, նա դժվար թե կարողանար հիշել իր անունը։

Նա էնպես էր քարացել, անզգա դարձել, որ մինչև անգամ չնկատեց, թե ինչպես դիրքում կռվող տղաների մի մասը փախավ, իսկ մյուս մասը հրացանները բարձրացրեց և «ուռա» տալով անցավ հակառակ կողմը։

Դիրքը դատարկվեց։

Կռիվն էլ առաջվա պես սաստիկ չէր։ Լսվում էին հատուկենտ տրաքոցներ։

Կիկոսի գլուխն այժմ վարար ու հանդարտ հոսող գետի պես թշշում էր, երբ գլխի վերևը մի պոպոզավոր մարդ կանգնեց, հրացանը դեմ արավ դոշին ու ինչ-որ բան ասաց, որից Կիկոսը ոչինչ չհասկացավ։ Պոպոզավոր մարդը նորից բղավեց, բայց Կիկոսն էլի չհասկացավ. նրան թվաց, թէ տեսիլքի մեջ է։ Իր օրումն էդպես պոպոզավոր ու երկար, կախ ընկած ականջներով, գլխարկով մարդ չէր տեսել։ Պոպոզավորը հրացանի ծայրն է՛լ ավելի մոտեցնելով Կիկոսի կրծքին, երեսը շուռ տվեց ու բարձր ձենով կանչեց, որի վրա մի քանի ուրիշ պոպոզավորներ էլ վրա վազեցին։ Նրանք իրար հետ ինչ-որ անհասկանալի լեզվով խոսեցին, որից հետո մեկը մոտենալով Կիկոսին՝ հայերեն հարցրեց.

— Ա՜յ մարդ, հա՞յ ես...

Կիկոսը ոչինչ չկարողացավ պատասխանել։

— Քեզ հետ չե՞մ, ա՛յ մարդ, ո՞վ ես, ի՞նչ մարդ ես, անունդ ի՞նչ է։ Ի՞նչ ես պապանձվել,— բարձր ձենով կրկնեց պոպոզավորն ու թափ տվեց Կիկոսի ուսը։

Կիկոսը երազից վեր թռածի պես հազիվ կմկմաց.

— Թվանքը դենը պահեցեք, վախում եմ...

— Դե դու էլ, թե հրացան կամ մի ուրիշ զենք ունես, դեն շպրտի։

— Ես մի զադ էլ ա ունեմ ոչ, ինձ սպանիլ միք...

— Բա որ զենք չունես, էս դիրքում ինչ ես շինում։

— Ըսկի՛... հրամայել են, ես էլ եկել եմ կռիվ...

— Դե տեղից վեր կաց։

— Ըհը՜— ասաց Կիկոսը ու օրորվելով տեղիցը կանգնեց։

— Դե առաջ անցիր,— հրամայեց պոպոզավոր հայը։

— Ձեզ մատաղ, ինձ սպանեք ոչ...

— Մի՛ վախենա, ոչինչ չենք անի, առաջ շարժվիր։

Կիկոսին առաջներն արած՝ պոպոզավորները տարան մեծավորի մոտ։

— Ընկեր հրամանատար, սրան դիրքում գտանք,— ասաց պոպոզավորը մեծավորին։

— Անունդ ի՞նչ է,— հարցրեց մեծավորը։

— Կիկոս, Կիկոս են ասում ինձ... Թոփալանց Մակիչի տղա Կիրակոս... ես մի անշառ մարդ եմ, ինձ սպանեք ոչ։

Մեծավորը կարգադրեց, որ Կիկոսը նստի, մի թուղթ գրեց, տվեց մի պոպոզավորի, որն իսկույն վազեց։ Քիչ հետո երեք հոգի եկան, որոնք Կիկոսենց գյուղիցն էին, բայց քաղաքումն էին ապրում, Բալախանու զավոդներումը։ Կիկոսը թեև զարմացավ, որ նրանք էլ էին պոպոզավոր, բայց քիչ սրտապնդվեց.

— Ես ձեր արևին մատաղ, Մուսի ջան, Մուկուչ ջան, Սևան ջան... ինձ հո ճանաչում եք, ձեր խեղճ ու կրակ Կիկոսին, սրանց հասկացրեք, որ ես անշառ մարդ եմ, ինձ կռիվ ղարկողի տունը կռիվ ընկնի...

Տղաները քմծիծաղեցին ու ինչ-որ ռուսերեն բան ասացին մեծավորներին, որից հետո Կիկոսին տարան մի փոքրիկ սայլի մոտ, որի վրա մի մեծ ղազան էր դրված ու տակին կրակ վառած։ Մի պոպոզավոր բարձրացավ էս սայլի վրա, պղնձի բերանը բաց արավ, մի մեծ շերեփ ձեռը առավ, խառնեց, խառնեց ու մի աման լիքը կերակուր ածեց, դրեց Կիկոսի առաջին։

— Կուշայ, տավարիշչ, կուշայ,— ասաց ու փռան մի մեծ սև «առժանովի սոմի» հաց կողքին դրեց։

— Ի՞նչ անեմ... — հարցրեց Կիկոսը շվարած։

— Կուշա՛յ, կուշա՛յ... տա՛կ... տա՛կ... — ասաց մարդն ու հացը կտրելով մի կտոր թաթախեց, ինքը կերավ,— կուշա՛յ, տա՛կ, տա՛կ...

— Տաք, տաք ուտե՞մ,— հարցրեց Կիկոսն ու սկսեց ուտել։

— Տա՛կ, տա՛կ, մալադե՛ց,— ասաց մարդն ու պղնձի տակի կրակը թեժ արավ։

Կիկոսը, որ մալադեցը հասկացավ, է՛լ ավելի սրտապնդվեց ու ամանը խպշտեց։ Կերակուրը վերջանալուց հետո մարդը Կիկոսին թեյ տվեց, էն էլ շաքարով թեյ։

Կիկոսը, որ լավ կշտացել էր, իրեն-իրեն միտք էր անում, թե ինչու են էնպես լավ պատիվ անում էդ պոպոզավորները, որ իսկի չէին էլ ճանաչում իրեն, չգիտեին իր ով լինելը, բայց խելքը բան չէր կտրում։

Ճաշից հետո Կիկոսին նորից տարան մեծավորի մոտ, որը ժպտալով հարցրեց.

— Հը, ո՞նց ես, ընկեր Կիկոս, քեզ հո էստեղ նեղություն տվող չեղա՞վ:

— Չէ՛, աղա ջան, շատ շնորհակալ եմ, լավ պատիվ արին, հաց ու չայ տվին։ — Ուզո՞ւմ ես քեզ քո տունն ուղարկենք։

— Ոնց որ կհրամայես, աղա ջան, քու ղուլն եմ։

— Չէ՛, բանն էդպես չի. քո կամքն է. կուզես գնա, կուզես էստեղ կաց։

Կիկոսը երկընտրանքի մեջ ընկավ։ Ո՞րն էր լավ. գնալը թե՞ մնալը. չէր կարողանում վճռել։

— Էն խմբապետ աղեն թե մեր գեղումն ա, հա՜... Լավն էն ա էստեղ մնամ. թե ինձ կպահեք, թե ես մի բանի պետք կգամ,— վերջապես վճռեց Կիկոսն ու մեծավորին ասաց, գլուխը կախ սպասելով պատասխանի։

— Լավ, մնա այստեղ, միայն մի պայման կա, որ ամենքին պետք է ընկեր ասես. մոռացիր աղեն ու խազեինը:

— Ոնց որ կհրամայես, աղա ջան, էնպես էլ կանեմ։

— Ի՛նձ էլ պետք է ընկեր ասես, ի՛նձ էլ։

— Լավ ես հրամայում, աղա-ընկեր ջան, համա մի բանեմ խնդրում, թե կարելի ա...

— Ի՞նչ է։

— Ես պարապ որ մնամ, կհիվանդանամ, ինձ մի բանի դրեք, որ հլե կերած հացիս հախն էլա դուրս գա։

Ոնց որ երևաց, մեծավորին շատ դուր եկավ, նա ծիծաղելով ասաց.

— Ի՞նչ ես ուզում։

— Եսի՛մ, մի բան, էլի՛... Ա՛յ, թե որ էշս կարաք ինձ հասցնեք, ես իմ էշովն էս սաղ ղոշունին կերակուր եփելու համար փետ կկրեմ. էս հանդերին ես լավ վալադ եմ։

— Լա՛վ, ընկեր Կիրակոս, գնա էն կերակուր եփողի մոտ. կկարգադրեմ, որ քեզ մի էշ տան։

Կիկոսն ուրախ հեռացավ մեծավորի մոտից։ Նրան մի էշ տվին, որ առաջն արած քշեց դեպի մոտակա քոլուտը՝ չոր փայտ բերելու:

Կիկոսը երեք օր փայտ էր կրում։ Գիշերում էր մոտիկ թուրքի գյուղում և իրեն շատ լավ էր զգում։ Նրա բախտից կերակուր եփող Իվանը մի լավ տղա էր, որ ազատ ժամերին նրա հետ ձեռով-ոտով զրից էր անում։ Կիկոսն արդեն մի քիչ «ռուսերեն» էր սովորել։ Նա գիտեր, որ ռուսներին պետք է «տավարիշչ» ասի, կերակուրին — «բորշ», հացին — «խլեբ», բարի լույսին — «զդրաստի», նստելուն — «սադիս», կանգնելուն — «ստոյ»:

Բայց ամենից հետաքրքիր բանը, որ կատարվեց նրա հետ, դա այն էր, որ Կիկոսին էլ պոպոզավոր շինեցին ու մի սալդաթի շինել էլ հագցրին, որ չմրսի:

Կիկոսին ոչ ոք չէր նեղացնում, երբ ուզում էր փայտ էր բերում, երբ ուզում էր՝ քնում էր, երբ ուզում էր՝ ուտում էր. մի խոսքով՝ գլուխը կարգին պահում էր և իսկի չէր էլ մտածում, թե ինքը տան տեր է, տունը որևէ հոգս կամ ցավ կունենա, կինը կարող է սգալ իր անհետացած մարդու կորուստը, և նման բաներ... Մեկ-մեկ էլ թե միտն էր ընկնում իր էշը, նա մոտենում, նոր էշի մեջքը սղալում էր ու կարոտն առնում։

«Կիկոսի բանն ա դժար, թե չէ տա՞նն ինչ կա. ոնց ըլի յոլա կգնան, հո չե՞ն կոտորվելու. հենց գիտենանք մեռել եմ։ Տանիցը մի Կիկոս պակսելով տունը հո չի՞ քանդվի...» — մտածում էր ինքն իրեն։ Ու Կիկոսն էնպես էր սովորել նոր նիստ ու կացին, որ կարծես ծնված օրից զորքի համար կերակուր եփելու փայտ կրող լիներ։

Բայց մի օր էլ... Մի օր էլ, երբ փայտն իշին բարձած անտառից վերադառնում էր շվշվացնելով, հեռվից տեսավ, թե ինչպես դիրքերումն էլ պոպոզավոր չի մնացել. թե ուր են քաշվել, չգիտեր։ Թեև առավոտը փայտի գնալիս Իվանն ասաց, ձեռով-ոտով հասկացրեց, որ էդ օրը կռիվ է լինելու, բայց Կիկոսի համար դա միևնույն էր, քանի որ նա սովոր էր էդ բանին, գիտեր, թե ինչպես կռիվն ամեն օր էլ լինում է, բայց պոպոզավորներն իսկի տեղերիցը ժաժ չեն գալի։ Իսկ ո՞ւր են գնացել... Կիկոսն էնպես մտամոլոր կանգնել էր, երբ նկատեց, որ էշը հեռացել է ու սովորականի պես ծռվել էն կողմը, ուր գտնվում էր Իվանի շարժական օջախը։ Նա մի քիչ քայլերն արագացրեց բղավելով.

— Կոկը՜շ, թոկը՜շ, քու տերը մեռնի ոչ. թամամ որ էշ ես, տենում չե՞ս, Իվանն ըտեղ չի, ի՞նչ ես դուդեդ տափին դրած, լոշերդ կախ արած գնում...

Իսկ էշը փոխանակ կանգ առնելու, վազքն ավելի արագացրեց, որ շուտ տեղ հասնի ու ծանր բեռիցն ազատվի։ Կիկոսը վազեց։ Էշն էլ էր տեղ հասել, ինքն էլ. բայց Իվանը չկար։ Կիկոսը բարկացավ էշի վրա.

— Բա էդ խի՞ կանգ առար, հայվա՜ն, դե գնա, է՜, գնա Իվանին գտիր, քեզ որ ասում եմ Իվանն էտեղ չի, հավատում չե՞ս, հիմի մեր բանը ո՞նց պըտի ըլիլ...

Կիկոսը մի քիչ կանգնած մնաց, մտածելով, թե դեպի որ կողմը գնա, որտեղ գտնի պոպոզավորներին, բայց չկարողացավ մի ճամփա մտմտալ։ Թարսի պես էլ օրը ցուրտ էր։

«Էս խեղճ հայվանի բեռն էլ ա թափեմ, մեջքը կկոտրի»,— մտածեց Կիկոսն ու փայտը թափեց։ Էշը բեռիցն ազատվելով, քուցին-քուցին արավ, մեջքը թափ տվեց ու պինչը տափերին քսելով սկսեց խոտի մնացորդները ղռընդացնել, իսկ Կիկոսը փայտի մոտ նստեց, թե մի լավ միտք անի ու որոշի ուր գնալ։ Նրա միտքը էնքան մոլորվել էր, որ նստած տեղը քիչ մնաց փետանա, սառչի ու մի ասող էլ չկար, որ գոնե կրակ անի, տաքանա։

Էշն էլ, որի մարմնի տաքությունն անցել էր ու կամաց–կամաց սկսել էր սառչել, զարմացել էր, թե ինչու Կիկոսը չի մոտենում իրան, մեջքը չի տրորում ու չուլը վրան գցում, որ չմրսի։ Նա համբերությունը հատած, մոտեցավ Կիկոսին, հոտոտեց ու պոչովը կամաց բզեց նրա ուսը։ Կիկոսը լուռ էր. նա իշի փաղաքշանքին չպատասխանեց, էշը քիթը վերքաշեց ու բերանը բաց արավ, պռոշները պրպտացրեց ու թամամ Կիկոսի ականջի մեջտեղը մի պինդ զռաց։ Կիկոսը գլուխը կամաց թեքեց, որ իշի ձենն ականջը չընկնի, ու գորովագութ ձայնով ասաց.

— Կանչի՛, կանչի՛, քե մատաղ, կանչի՛, բալքի ձենդ Իվանին հասնի, ետ գա։

Բայց ո՞վ էր տվել Իվան...

էշը մին էլ փռռացրեց, քթածակերը մաքրեց, որ իր զուռնեն է՛լ պինդ փչի, երբ մի գյուլլա հըզզ արավ... ու թամամ իշի հետևի ոտների մեջտեղը։

— Պա՛հ քու տերը մեռնի, շշկլված գյուլլա, քիչ մնաց իշիս ոտները ջուր աներ. էս անտերը ո՞րդիան եկավ.., — տեղից վեր թռավ Կիկոսը և ուզեց իշին հեռացնի, բայց հենց վեր կենալը տեսավ, մի գյուլլա էլ շվշվացնելով իրա ականջի մոտովն անցավ։ — Պա՛հ քու տերը մեռնի, էս անտերը քիչ մնաց քյալլես շուռ տար,— ասաց շշկլված Կիկոսն ու մտավ իշի փորի տակը։ Բայց դեռ մի վայրկյան չանցած՝ երրորդ գնդակը թրմփաց նրա ոտների մոտ։

— Հալբաթ մեզ տեսնող կա, էլի՛,— փնթփնթաց Կիկոսը,— թամամ գյուլլախորով պտեր անիլ, մի հարցնող ըլի, թե Կիկոսը դրանց ի՞նչ ա արել, հու հետները կռիվ չի անում որ...

Չորրորդ գնդակն իշի աջ ականջի ծայրին կպավ, ու էշը ծուլ ելավ, ետի ոտներով տուր թե կտաս Կիկոսի մեջքին ու փախավ։

— Ա՛ տերը մեռած, ո՛ւր ես փախչում, էս անվիրու-վիրու[3] չոլում ինձ մենակ թողնում, էս հարամ գյուլլի ռխին, — ճչաց հուսահատ Կիկոսն ու վեր կացավ, թե ինքն էլ փախչի, երբ հեռվից մի ձայն նրան կանչեց.

— Ստո՛յ, ստո՛յ...

Կիկոսը տեղը կանգնեց ուրախացած. «հալբաթ Իվանն ա»,— մտածեց նա ու ձայն տվեց.

— Արի՛, Իվան ջա՛ն, արի՛, ես քու հոգուն մատաղ, ընհենց չոր դրավա եմ բերել, ոնց որ սպիչկա։

Ձայնն այս անգամ ավելի մոտիկից էր գալիս, որ էլի «ստոյ» էր կանչում։

— Արի՛, Իվան ջա՛ն, արի՛, տեսնում չե՞ս, տեղիցս ժաժ չեմ գալի, էս ա կաղնած եմ, էլի, էլ սրանից լավ ո՞նց ստոյ անեմ... համա էշս գիտեմ ոչ ինչ էլավ...

Ձայնը «ստոյ, ստոյ» անելով մոտեցավ, բայց ձայնատերն Իվանը չէր։ Ասենք որ Իվանը չէր, էդ ոչինչ, բայց պոպոզավոր էլ չէր, մի շատ սովորական սալդաթ էր, ռուս թագավորի ժամանակի սալդաթի նման, որը հրացանը թամամ Կիկոսի դոշին նշան բռնած մոտենում էր։ Մոտեցավ, մոտեցավ ու մի պինդ բղավեց.

— Ստո՛յ, բալշևիկ, թե չէ հրես ջիգյարդ գյուլլիս ծերով թիկունքովդ կհանեմ։

Կիկոսը նոր հասկացավ, որ Իվանը չի, հայ է, բայց լավ չէր ջոկում, թե ով էր եկողը։ — Բալշևի՞կ ես,— հարց տվեց եկողը։

— Չէ՜... — ծոր տվեց Կիկոսը։

— Հա՞յ ես...

— Հա՜...

— Ձեռքիդ զենք, հրացան-բան ունե՞ս...

— Մի զադ էլ ա ունեմ ոչ։

— Դե ձեռներդ բարձրացրու, թե չէ գլուխդ շաղ կտամ։

Կիկոսը ձեռները վեր բարձրացրեց ու ետևի ոտների վրա կանգնած արջի նման սկսեց տմբտմբալ։

— Մո՛տ արի, – ձայն տվեց հրացանավորը Կիկոսին։

— Ըհը՛, էս էլ ես, մի լավ մտիկ, ի՞նչ ես ուզում ինձանից, ես մի անմեղ մարդ եմ,— ասաց Կիկոսն ու մոտեցավ, նկատելով որ առաջը կանգնած է մի զինվոր, որ աչքերն արյունով լցված, կատաղած, ուզում էր հարձակվել Կիկոսի վրա։

— Ո՞վ ես, ի՞նչ մարդ ես, որտեղի՞ց ես,— հարց տվեց զինվորը։

— Ես էդ վերի գեղիցն եմ, անունս Կիկոս ա, Թոփալանց Մակիչի տղա Կիկոս, ինձ սաղ գեղը ճանաչում ա։

— Անցիր առաջ,— հրամայեց զինվորը։

— Հրաման քեզ, բան չեմ ասում, մենակ թող տենամ, էշս ի՛նչ ելավ, է՛շս էլ տանենք,— ասաց Կիկոսն ու ծռվեց դեպի իշի կողմը, որը մի քարի տակ կանգնած՝ վիրավոր ականջն էր թափահարում։

— Կանգնի՛ր,— գոռաց զինվորը,- չշարժվե՛ս։

Կիկոսը տեղը մեխվեց, իսկ զինվորը երեսով դառնալով դեպի վերևի դիրքերը, գոռաց.

— Եկե՛ք, եկե՛ք, բալշևիկ եմ բռնել...

Սարի դոշից երեք հոգի թփթփալով ցած թռան։ Նրանք շրջապատեցին Կիկոսին ու ապուշ-ապուշ նայում էին նրա տարօրինակ գլխարկին, շենք ու շնորհքին, երբ մին էլ Կիկոսն ուրախացած, թե՝

— Վո՜ւյ, Ունան ջան, քե մատաղ, էդ դու ես... Ադա, բա հենց ինձ եք քոռ ասում, դու էդ ո՞նց ես քոռացել, որ ճնանչում չես Կիկոսին։

Ունանը, որ Կիկոսի աներձագն էր, զարմացավ, թե ո՞նց է Կիկոսն ընկել բալշևիկների մոտ։ — Կիկո՞սն ես...

— Բա շո՞ւնն եմ...

— Բա էդ գլխիդ պո՞զն էդ ինչ ա. էդ վեր կալ, որ հավատամ, թե Կիկոսն ես...

— Ըհը՛,— ասաց Կիկոսն ու բաց արավ իր քառակուսի գլուխը։

— Տո Կիկո՜ս, գլուխդ չմեռնի, մենք էլ հենց գիտենք, թե քեզ սպանել են, դու սաղ-սալամաթ եկել ես ու ըստեղ բոլշևիկ դառե՞լ, գլուխդ չմեռնի, Կիկո՛ս...

— Դա ճանաչո՞ւմ ես սրան,— դարձավ զինվորն Ունանին։

— Լա՜վ... իմ փեսեն չի՞...

Զինվորը հենց որ իմացավ, թե Կիկոսն Ունանի փեսեն է, մյուս երկու զինվորի օգնությամբ նրան զինաթափ արավ ու առավ օղակի մեջ, ապա նրանցից մեկին ուղարկեց, որ Կիկոսի էշը բերի, իսկ մյուսին վազեցրեց, որ շտաբում հայտնի, թե՝ «գերի է բռնված, աբոզի մի մասն էլ հետը»։

Կիկոսին իր նոր իշի և Ունանի հետ առաջ արած գյուղն էին տանում իբրև «բոլշևիկ գերի», և ճանապարհին ով որ ծանոթ էր դուրս գալի Կիկոսին, նրան էլ էին ձերբակալում, առաջ քշում, ենթադրելով, թե ողջ գյուղը բոլշևիկների հետ կապ է պահպանում Կիկոսի միջոցով։

Մութն ընկնում էր։

VII

Կիկոսը մի կողմից ուրախ էր, որ տուն էր դառնում, բայց մյուս կողմից էլ տխուր էր, որովհետև խմբապետից վախենում էր։ «Վայ թե անմեղ տեղից գլուխս թակի»,— միտք էր անում նա։ «Է՛հ, ինչ ըլելու ա, կըլի... բալքի լավն էս ա»...

Էսպես մտածմունքի մեջ էր Կիկոսը, երբ գյուղի ծայրին հասավ տղերանց հետ, բայց հենց ուզեց ճամփեն ծռի դեպի իրենց թաղը՝ զինվորները չթողին և առաջ քշեցին ուղիղ դեպի այն տունը, որտեղ Կիկոսն առաջին անգամ տեսել էր խմբապետին։

«Հիմի որ բանս պրծավ,— միտք արավ Կիկոսը,– հիմի որ գլուխս թակել տվի, էսքան տարվա պահած գլուխս»։ Բայց ինչ կարող էր անել, ընկել էր՝ պետք է քաշեր. թուրքական առածն ասում է՝ «դյուշան աղլամազ»[4]։

Խավար գիշեր էր. էնքան խավար, որ եթե մատդ կողքիդ կանգնածի աչքը կոխեիր, չէր տեսնի։ Խավարը հո խավար էր, մառախուղն էլ ճանկերը թաղել էր գետնին և տափիցը կպել։ Քոռեքոռ գալով, պշպոշի տալով տեղ հասան կամ, ինչպես տղերքն էին ասում, հասան «շտաբի դուռը»։

Դռան պահապան զինվորը ուղեկից պահակից իմանալով եկողների ով լինելը, դուռը բաց արավ ու ներս թողեց, իհարկե, Կիկոսի էշը կապելով բակի ծառից. թեև Կիկոսը խնդրեց, որ էշն էլ ներս թողնեն, բայց ծիծաղից զատ ուրիշ պատասխան չստացավ։

Կիկոսը զարմացավ, երբ նկատեց, որ խմբապետի փոխարեն նստած էր մի ջահել ափիցար, զառից կտրած պլպլան ուսադիրներով, թրով, կոկարդով, չեքմաներով... մի խոսքով՝ իսկական ռուս թագավորի ժամանակի ափիցար։

«Հալբաթ թագավորն էլ ետ թախտին նստել ա», միտք արավ Կիկոսը ու մի քիչ սրտապնդեց, որ խմբապետը չկա, որ թերևս ափիցար աղեն իրեն կլսի ու կհասկանա բանի էությունը, բայց ափիցար աղեն հենց որ նկատեց Կիկոսի պոպոզը, մյուսներին դուրս ուղարկեց ու վրա թռավ Կիկոսին.

— Դու էն գերի ընկած բոլշևիկն ես, հա՞...

Կիկոսը չիմացավ ինչ պատասխանի։

— Մոտ արի, մո՛տ,— վրդովված գոչեց սպան ու ծխախոտը վառելով, սենյակի կիսախավարի մեջ սկսեց անցուդարձ անել։

Կիկոսը մոտեցավ գրասեղանին, որի վրա թղթեր էին թափթփված, մի ծայրին էլ փոքրիկ լամպ, որի ապակու փորը թղթով կարկատած էր, իսկ ծայրը մրոտ, լույսն էլ... տերն ինքը լույս համարի, պատրույգի խանձված պռոշի մի ծայրի կարմրավուն բոցը բարձրացել էր, հասել թղթի կարկատանին ու թուղթը մրկել, մյուս ծայրն էլ կասես լամպի փորն էր ընկել ու ճիգ էր անում դուրս գալ էդ նեղ տեղից՝ երբեմն «տըտ, տըտ» ձայն արձակելով։ Ափիցար աղեն, երևում էր՝ շատ էր բարկացած. նա սենյակը չափողի նման մի անկյունից մյուսն էր գնում-գալի ու պապիրոսը պապիրոսի ետևից վառում, իսկ սեղանի մոտ նստած մի զինվոր համ գրում էր, համ էլ մեկ-մեկ գրիչը պահելով նայում Կիկոսին, նրա պոպոզին, ճակատի կարմիր աստղին ու գլուխը կամաց թափահարելով, շարունակում գրել։

Կիկոսն ապշած, արմացած-պելացածի պես կանգնած էր ու մտքում ինքն իրեն ասում էր. «Վա՛յ քու տունը քանդվի, Կիկոս, ի՞նչ թե քու օրն էլ էստեղ էր հատե՜լ... Սիբիր են քշելու, Սիբի՛ր...»։

Ափիցար ադեն մի քիչ կարծես հանդարտվեց. մոտ եկավ, Կիկոսին մի լավ տնտղեց, բոյ ու բուսաթն աչքով չափեց ու մոտենալով գրասեղանին, գրպանից ատրճանակը հանեց, դրեց սեղանին, գրագիր զինվորին պատվիրեց, որ թուղթն ու գրիչը պատրաստ անի, ապա դարձավ Կիկոսին.

— Տեսնում ե՞ս այս ռևոլվերը, սրա մեջ յոթ փամփուշտ կա, եթե սուտ խոսես՝ յոթն էլ կդատարկեմ սրտիդ մեջ. իմացա՞ր... դե, ասա անուն-ազգանունդ:

Կիկոսը լուռ էր, նա զարհուրանքից գլուխը կորցրել էր։

— Ի՞նչ ես պապանձվել, քեզ չեմ հարցնո՞ւմ, ասա իսկույն անունդ ու ազգանունդ:

— Ես Կիկոսն եմ,— հազիվ պատասխանեց խեղճը, թուքը կուլ տալով։

Իսկ ազգանո՞ւնդ...

Կիկոսը չհասկացավ, թե ինչ է հարցնում, կմկմալով պատասխանեց.

— Գիտեմ ո՜չ...

— Ինչպե՞ս չգիտես, դու քո ազգանունը չգիտե՞ս... կարծում ես թե միամիտ ես գտե՞լ, թե՞ կարող ես միամիտ ձևանալ ու ծածկվել, շուտ ասա ազգանունդ։

Կիկոսը կրկին լուռ կանգնած էր։

Ափիցար աղեն դարձավ գրագրին.

— Տեսնում ե՞ս էս սրիկաներին, ինչպես համառ են...

Գրագիրը գլխով հավանության նշան արավ ու նորից գլուխը կոխեց թղթերի մեջ, քիթը համարյա կպցնելով գրչածայրին։ — Լսի՛ր,—դարձավ ափիցար աղեն նորից Կիկոսին,—միևնույն է դու մեր ձեռքից չես ազատվի, ավելի լավ է ասես՝ ո՞վ ես դու, որտեղի՞ց ես, ինչո՞վ ես պարապել մինչև բալշևիկ դառնալդ և ինչպե՞ս ես գերի ընկել մերոնց ձեռքը։ Իմացա՞ր...

— Ոնց չէ, իմացա, հընգեր աղա ջան...

— Ընկե՞ր... — պոռթկաց ափիցար աղեն,– ես քեզ ընկեր ցույց կտամ, համարձակվիր մեկ էլ կրկնել այդ լիրբ բառը, տես քեզ ինչ կանեմ...

Կիկոսը թամամ կրակն էր ընկել, անհուր կրակը, ո՞նց ասեր, ինչպե՞ս հասկացներ, որ ինքը մի անմեղ մարդ է, ո՞նց ասեր, որ աղի ասածը չի հասկանում։ Նա հազար ռանգ փոխվեց էն երկյուղից, թե իրեն գնդակահարելու են, ու հանգամանքից օգտվելով, որ աղեն սենյակում բոլթա է տալիս՝ գրագրի ականջին թե.

— Աղին ասա, որ ես էս գյուղացի եմ, ինձ Կիկոս են ասում, ասածը հասկանում չեմ, թող մի դիլբանդ[5] կանչի մեր գեղից, ինչ որ ուզի՝ դիփ կպատմեմ։

Գրագիրը հայտնեց ափիցար աղին, ու կեսգիշերին մարդ ուղարկեցին նախկին քյոխվի ետևից, որը մի քանի րոպեից ներս մտավ։

— Պարոն Սարիբեգ, ճանաչում ե՞ք այս մարդուն,—հարցրեց ափիցար աղեն նախկին տանուտերին։

Քյոխվա Սարիբեգը, որին քնահարամ էին արել, քունը դեռ գլուխը, անակնկալի հանդիպած՝ աչքերը տրորեց ու կիսախավարում պոպոզավորին նկատեց։ Վախենալով՝ մի գուցե իրեն էլ մեղադրեն մի վատ գործի մեջ, մանավանդ որ սպան գալուց անմիջապես նրան հեռացրել էր իր պաշտոնից, առանց լավ դիտելու՝ պատասխանեց.

— Չէ՛, պարոն ափիցար, ես էս մարդուն առաջին անգամն եմ տեսնում, չեմ ճանաչում։

— Հապա ասում ես, որ էս գյուղիցն ե՞ս.— զայրացավ ափիցար աղեն Կիկոսի վրա ու ոտը գետնին խփեց։

— Ղորթ եմ ասում, աղա ջան, իմ հոր գերեզմանը վկա, որ ես էս ցեղիցն եմ, ինքս էլ Կիկոսը, բա քյոխվա ջան, ինձ ո՞նց չես ճանաչում, քանի բութիլկա արաղ կըլեմ քեզ փեշքաշ բերած, քանի-քանի անգամ կըլեմ հունձդ արած, կոռդ քաշած... ըսենց էլ կրակ կըլի՞... Մարդու էլ իրան գեղումը, իրան տանը ճանաչեն ոչ...

Քյոխվա Սարիբեգը ձենից նոր ճանաչեց Կիկոսին ու մոտենալով նրան, վրան բարկացավ.

— Կիկո՛ս, գլուխդ մեռնի, ի՛նչ Կիկոս ես, բա որ դու ես, խի՞ չես վախտին ձեն հանում, էս խալխին էլ քիչ մնաց խաթի մեջ գցես...

— Քյոխվա ջան, քու արևին մատաղ, բա էլ ո՞նց ձեն հանեմ, էլ փորումս ձե՞ն ա մնացել, որ հանեմ... Էդ սև ռիվոլը տենողի փորումը ձեն, բերնումը լիզու կմնա՞... Դու իմ սրտի հալը գիտես ո՞չ...

— Ուրեմն ճանաչո՞ւմ եք սրան,— դարձավ ափիցար աղեն քյոխվին։

— Հրաման քեզ, պարոն ափիցար, ճանաչում եմ։

— Դե շուտ ասա ազգանունդ,— կրկին պնդեց ափիցար աղեն, վրա պրծնելով Կիկոսին։

Կիկոսը լուռ էր։

— Քեզ չեմ ասու՞մ, է՛յ, Կիկո՛ս ես, ինչ իշի պկու ես...

Կիկոսը կրկին լուռ էր. նա չէր հասկանում, թե ինչ է ուզում ափիցար աղեն, երբ քյոխվա Սարիբեգը միջամտեց.

— Ադա, խի՞ չես փամիլդ ասում։

— Փամիլը՜ս... Դե հայերեն ասա, որ հասկանամ, էլի՛... Փամիլըս Թոփալանց Մակիչի տղա Կիկոս ա, էլի, խի՞, ափիցար աղեն գիդում չի՞, էս գեղումը մի հատ Կիկոս կա, Թոփալանց Կիկոս, էն էլ հրես ես եմ:

— Գրի՛, Թոփալով Կիկոս Նիկիտովիչ, օն ժե Մակիչովիչ։

Գրագիրը գրեց, որից հետո սկսեց մի երկար պատմություն, թե երբ է ծնվել Կիկոսը, ինչով է պարապել, հայրն ու պապը ինչով են զբաղվել, ինչպես է ծնվել, աչքերը ծնված օրից շլդիկ են եղել, թե հետո են ծռվել, ինչու են գյուղացիք նրա Կիրակոս անունը Կիկոս դարձրել, և հազար ու մի տեսակ նման հարցեր էր տալիս, որոնց Կիկոսը չէր Կարողանամ պատասխանել, և նրա փոխարեն քյոխվա Սարիբեգն էր ասում, շատ սուտ ու ղորթ խառնելով։ Կիկոսը կանգնած տեղը փետացել էր. կեսգիշերն անց էր, իսկ հարցաքննությունը դեռ չէր վերջացել։ Կիկոսի ոտները հոգնածությունից մժմժում էին, կարծես մեկը եղինջով նրա ոտները թակելիս լիներ։ Գլուխն էնքան էր հոգնել ու ծանրացել, որ կարծես արճիճ էին լցրել։ Նա չէր կարողանում հասկանալ, թե ափիցար աղի ինչին են պետք նրա կյանքի ամբողջ մանրամասնությունները, որ ինքն էլ իսկի լավ չգիտեր...

Վերջապես հասան տեղը, երբ «խումբերը» նրան բռնեցին ու քշեցին դիրքերը, որից հետո քյոխվա Սարիբեգն այլևս չէր կարող օգնել ու մնում էր, որ Կիկոսն ինքը պատմի։ Բայց Կիկոսը ո՞նց պատմի, որ նրա գլխումը ո՛չ խելք էր մնացել, ո՛չ հարաքյաթ։ Կիկոսը ռուս թագավորին ծառայած, նրա ժամանակ զինվորություն արած տղերանցից շատ էր լսել, թե ափիցարները շատ տանջանք են տալիս, բայց սրա բանը, էս ափիցար աղի արարքը ամեն բանի տվեց անցկացավ:

— Դե հիմի դու շարունակի պատմել, թե ի՞նչ էիր շինում մեր դիրքերում, ինչո՞ւ փախար ու անցար թշնամու կողմը և ի՞նչ տեսար այնտեղ,— դարձավ ափիցար աղեն ու էլի մի պապիրոս վառեց։

Սենյակը լցվել էր ծխախոտի ծխով. Կիկոսի շունչը կտրվում էր, կոկորդը խանձվում։ Նրա կատիկը ցամաքել էր, լեզուն չորացել, նա ուզեց բերանը բաց անի ու ասի, որ ինքը ոչինչ չգիտե, ոչ մի բանից տեղեկություն չունի, երբ նրա ծանրացած գլուխը պտույտ եկավ ու էսօր ես գնացել, թե երեկ՝ «թրը՜մփ» փռվեց հատակին։

Գրագիրն ու քյոխվան վրա վազեցին, երեսովը ջուր տվին, քունքերը տրորեցին, գլուխը վեր քաշեցին ու մի ջրով լի բաժակ մոտեցրին նրա կապտած շուրթերին։ Կիկոսը հազիվ կում արավ ու ջերմոտի պես սկսեց սրթսրթալ։

Ափիցար աղեն, որ ամենի հանդեպ անտարբեր էր, իրեն-իրեն մռթմռթաց ռուսերեն։

— Ադա, բա քեզ նամուս չունե՞ս, ի՛նչ ելավ քեզ, խելքդ գլուխդ հավաքի,— կես խղճահարված ձայնով սաստեց քյոխվան Կիկոսին։ Կիկոսն աչքերը բաց արավ ու անկանոն թարթելով, դողդողացող շրթունքները հազիվ կառավարելով՝ ձայնեց.

— Ձեզ մատաղ, ինձ սպանեք ոչ... քյոխվա ջան, առավոտից մանանա չեմ դրել բերանս, գլուխս իմը չի. մի քիչ թողեք դինջանամ, խելքս հավաքեմ, էնա ինչ ուզում եք արեք... — ու նորից աչքերը խփեց ու սկսեց սրթսրթալ ու դողալ։

Քյոխվա Սարիբեգն ինչքան միջամտեց, որ ափիցարը աղեն թույլ տա Կիկոսին գնա իրեն տուն, բան դուրս չեկավ։

— Հը՛, հը՛, հազիվ է ճանկս ընկել, ես բալշևիկ բաց կթողնե՞մ, նե՛տ, բրատ, նե՛տ, շու՛տիշ... — կտրականապես մերժեց ափիցար աղեն։

— Հավատացեք, պարոն ափիցար, սա փախչող մարդ չի, սա մի հայվանի պես մարդ ա, թողեք գնա իրան տուն, առավոտն էլի բերենք, թեկուզ սաղ-սաղ մաշկեք,— միջամտեց քյոխվան։

— Ո՛չ, պարոն Սարիբեգ, սա էլ ձեր գիտեցած Կիկոսը չի՜, ձեր առաջ հիմի ուրիշ մարդ է, չե՞ք տեսնում՝ ինչպես է սուտ հիվանդ կամ հոգնած ձևանում, երբ խոսք է բացվում բալշևիկների մասին. սա չի ուզում ոչ մի գաղտնիք ասած լինի. սրան պետք է շիկացած շամփուրներով դաղել և ռոզգիներ տալ, որ գաղտնիքներ պատմի... Դուք կարող երաշխավորել, որ ձեր առաջ փռված այդ մարդը, իր տուն գնալուց հետո անմիջապես չի ծլկի բալշևիկների մոտ ու չի պատմի մեր զինվորական գաղտնիքներն ու զորքի քանակը. դուք դեռ անփորձ եք զինվորական գործում, այն էլ... նա զոնե վոյեննիխ դեյստվիյ։ Սա հո խմբապետների կռիվ չի՞, սա ռեգուլյար զորքի տակտիկա է։ Թե երաշխավոր եք, տարեք ձեր տուն, ձեր մոտ պահեցեք ու առավոտը վաղ ներկայացրեք։ Կտանե՞ք... — ոգևորված վերջացրեց իր «ճառը» ափիցար աղեն ու նորից մի պապիրոս վառեց։

Քյոխվա Սարիբեգն էլ էր մնացել կրակում. ի՞նչ աներ... Ափիցար աղեն էնպես համոզեցուցիչ ձևով էր խոսում, որ նրան էլ թվաց, թե առջևը փռված ուշաթափ ու ծանր շնչող մարդը իր տեսած ու ճանաչած Կիկոսը չի։ Հարցը շատ կտրուկ էր դրված. կարո՞ղ էր քյոխվա Սարիբեգը երաշխավորել Կիկոսին, տանել իր տուն ու պահել մինչև առավոտ... «Թե Կիկոսն իմ գիտեցած Կիկոսն ա, գլուխը թակես էլ, նա իր տանից ոտը դուրս դնող չի, չի փախչիլ».– մտածում էր քյոխվա Սարիբեգը մեռլատիրոջ պես՝ Կիկոսի գլխավերևը կանգնած. «Համա ես ո՞նց զամուն ըլնեմ էս ղայդի խառնակ, հերը որդուն ուրացած ժամանակը, չո՛րտն ա խաբար, բալքի էս մի քանի օրում բալշևիկնին Կիկոսին փոխել, մարդ են շինե՞լ... հըը՜... չէ՜, իմ բանը չի.– վճռեց քյոխվեն միտը բերելով թուրքերեն առածը, թե՝ «Բորջուն յոխտուր գյեթ ղամին օլ», այսինքն՝ «Պարտք չունես — գնա երաշխավոր եղիր»։ Գլուխը կամաց թափահարեց քյոխվա Սարիբեգն ու մի կողմ քաշվեց ափիցար աղին խնդրելով.

— Պարոն ափիցար, թե ես էլ անելու բան չունեմ, ինձ մուրախաս արեք[6], գնամ տուն...

— Հը՞... — ցուցամատը ճակատին դրեց ափիցար աղեն ու մտածեց, կարծես ցուցամատով փնտրում էր իր ուղեղի մեջ պատասխանը, որ դուրս քաշի։

Քյոխվա Սարիբեգի համար ստեղծվել էր մի հոգեմաշ դրություն. «Վայ թե ափիցար աղեն իրեն էլ թույլ չտա տուն գնալու, ի՞նքն ինչ հանցանք ունի, հո ի՞նքը չի Կիկոսին բալշևիկ շինել»...

— Դո՜ւ...ո՜ւք... — ծոր տվեց վերջապես ափիցար աղեն,— դուք կարող եք գնալ, բայց դեռ լույսը չբացված այստեղ պիտի լինեք։ Այս մեկ, երկրորդն էլ, ոչ մի մարդու բան չպետք է ասեք այն մասին, ինչ այստեղ կատարվեց, հասկացա՞ք, թե չէ լեզուդ ծոծրակովդ կհանեմ...

— Ես ղուլլուղ արած մարդ եմ, երեկվա երեխեն հո չեմ... — պատասխանեց քյոխվա Սարիբեգն ու դուրս գնաց։

— Կարգադրեցեք, որ էս լեշը տանեն, գոմը գցեն, ու մի պահակ էլ դռանը կանգնեցնեն,— պատվիրեց ափիցար աղեն գրագրին։

Գրագիրը դուրս գալով երկու զինվոր կանչեց, որոնք Կիկոսին բարձրացրին ու թևերն ընկած դուրս տարան։ Նա դուրսը մաքուր օդից ուշքի եկավ, թեև լավ չէր հաշիվ տալիս իրեն, թե ուր է ինքը, և ովքեր են իր թևերը մտած տանում, ու երբ գոմի դուռը բաց արին և առաջարկեցին ներս մտնել, նա զինվորներին մի բան հարցրեց միայն.

— Ձեզ մատաղ, բա է՞շս որտեղ ա...

VIII

Քյոխվա Սարիբեգի ու Կիկոսի հեռանալուց հետո սպան ջղայնացած ինքն իրեն մռթմռթաց. «Դրա լեզուն պետք է տակիցը կտրել, ոչինչ չի ասում, ոչ մի խոսք»... ու հանկարծ հիշելով, որ Կիկոսի հետ ուրիշ մարդիկ էլ կային, բարձր գոռաց.

— Է՛յ, պահա՛կ։

Պահակը ներս եկավ։

— Ի՞նչ արիր բալշևիկի հետ բերած տղաներին։

— Նրանք դիմացի սենյակում են, պարոն օֆիցեր։

— Ներս ուղարկիր բոլորին։

Պահակը «լսում եմ» ասաց ու մի րոպե չանցած, վեց հոգուն էլ քնահարամ արած ներս բերեց։

— Ո՞վ է բռնել բալշևիկին,— հարցրեց սպան։

— Ի՞նչ բալշևիկ, աղա,— հարց տվեց մեկը, նայելով ընկերների երեսին, որոնք նույնպես հայացքները փոխանցելով կարծես ուզում էին տեղեկանալ իրարից, թե խոսքն ում է վերաբերում։

— Ինչպե՞ս թե ինչ բալշևիկ, ա՛յ էն, որ ձեզ հետ միասին էստեղ էր։

— Կիկո՜սը...

— Այո՛, հենց նա։

— Աղա, նա ո՞րտեղի բալշևիկ ա, էն խեղճ եսիրը,- քմծիծաղեց Ունանը, որի քմծիծաղին միացան և մյուսները։ — էն հո իմ փեսա Կիկոսն ա, իմ քվոր մարդը։

— Քո փեսա՞ն... Այդ լավ է, շատ լավ է,— գոհունակության ժպիտը դեմքին ասաց սպան։ Ապա ծխախոտը վառելով մոտեցավ Ունանին ու խորամանկ տոնով հարցրեց.

— Դու լա՞վ ես ճանաչում նրան։

— Լա՜վ... հինգ մատիս պես, իմ փեսան չի՞...

— Իսկ դու տեսա՞ր, թե նա ինչպես էր կռվում մեր դեմ։

— Չէ՛, աղա, ես նրան էն վախտը տեսա, որ մեզ բերող սալդաթը բռնել էր ու մեզ էլ կանչեց, թե բալշևիկ է բռնել. ես էլ գնացի ու ճանաչեցի, բայց ինձ էլ Կիկոսի հետ բռնեց ու առաջն արավ։ Էս տղերքն էլ, որ մեր գեղիցն են, որը պատահեց ու մեզ բարով տվեց, սրանց էլ բռնեցին ու առաջ արին։ Ի՞նչ բալշևիկ, ի՞նչ բան. Կիկոսն էլ բալշևիկ կըլի՞...— պատասխանեց Ունանն ու նայեց իր ընկերներին, որոնք գլխի շարժումով զարմանքի նշան արտահայտեցին սպայի հարցի ու Կիկոսի բալշևիկության վրա։

— Իսկ ձեզնից ոչ ոք չգիտի՞, թե Կիկոսն ինչպես է փախել ու անցել բալշևիկների կողմը։

— Էն վախտը ես պազիցըմն ի, մի քիչ գիդամ,— ասաց Մինասը, որը Կիկոսի հարևանն էր։

Սպան Ունանին թողեց ու հարցուփորձ արավ Մինասին, որը պատմեց ամեն մանրամասնություն, թե ինչպես «խումբերը» չէին իմացել, թե Կիկոսը «աչքերի ինվալիդ ա», կռիվ էին ուղարկել, և թե ինչպես իրենք դիրքերը թողնելու ժամանակ Կիկոսին մոռացել էին այնտեղ։ «Մենք հենց գիդայինք,— ավելացրեց Մինասը,— թե բալշևիկնին նրան սպանած կըլեն, համա ոնց որ տեսնում ես, հրեդ սաղ ա...»։

Սպան այս ամենը լսեց, հետո տղաներին ազատ արձակեց, իսկ ինքը դառնալով գրագրին պատվիրեց, որ գրի առնի այն ամենը, ինչ ինքը կթելադրի։ Միաժամանակ նա կանչեց ձերբակալող զինվորին և մանրամասն հարցուփորձ արեց։

***

Քյոխվա Սարիբեգը, որ սիրտը դող տուն էր հասել, անկողին մտնելով՝ չկարողացավ քնել, կասես թե կրակի շեղջի մեջ պառկած լիներ։ Կինը, որ չէր հասկանում մարդու անհանգստության պատճառը, մեկ ուզեց հարցնի, մեկ էլ՝ վախենալով, թե քյոխվա Սարիբեգը կարող է բարկությունն իր վրա թափել՝ կողերը ջարդելով, լռեց։ Միայն առավոտը, դեռ լույսը չբացված՝ մարդը երբ թռավ տեղիցը ու դուրս վազեց, կինը համարձակությունը հավաքելով՝ ետևից կանչեց.

— Այ մարդ, մի թիքա հաց էլա կուտեիր...

— Հաց չէ աստծու կրակ ուտեմ, հրես որ Կիկոսի տեղ ինձ կախ կանեն, հացը նոր կիմանաս ինչ բան ա...

Քյոխվա Սարիբեգի կինը մնաց սառած, դռան շեմքին կանգնած, չհասկանալով ինչումն է բանը։ Նա գիտեր, որ Կիկոսը կորել է, բայց թե իր մարդն ինչ մեղք ունի էդ բանում, որ պիտի նրան կախեն, չէր հասկանում, որ տունը թողնելով վազեց Կիկոսի կնկա մոտ՝ մի խաբար իմանալու։

Կիկոսի կինը քնատեղից նոր վերկացած, գոմն էր մտել, որ հավերին կուտ տա, երբ գոմիցը դուրս գալիս նկատեց, թե ինչպես քյոխվա Սարիբեգի կնիկը ոտներով ցեխը ճմբռելով ու սոթ տալով վազում է դեպի իրենց տուն։

— Աղջի՛ Անթառամ, ա՜յ աղջի՜, ո՞ւր ես ըտհենց վաղ թևք ու փեշդ հավաքած վազ տալի, խեր ըլի,— ձայն տվեց Կիկոսի կինը։

— Վո՜ւյ, հողը գլխիս կենա, Թազագյուլ ջան, մարդուս փորձանք ա պատահել, քու Կիկոսի համար նրան են ուզում սպանեն, մարդիցդ խաբար-բան չունե՞ս...

— Հողն իմ էս սև գլխին կենա, ինչ էն ղայդի իգիթ մարդ կորցրի, ով գիտի, Կիկոսի որ ոսկորը ինչ գելի փայ դառավ, խաբարը որդիա՞ն ա, արի՛, արի՛, ջալդ արի, մի տեսնեմ էդ ի՞նչ ես ասում... — ձայնը կերկերալով դնդնացրեց Թազագյուլն ու փեշովը քիթը սրբեց։

Անթառամը հևիհև հասնելով պատմեց, թե ինչպես կեսգիշերին ափիցար աղեն կանչել էր իր մարդուն, թե ինչպես մարդը լուսադեմին մոտ տուն էր եկել, մինչև լույս չէր քնել, ու թե ինչպես կրկին վազեց ափիցար աղի մոտ, ասելով, թե Կիկոսի տեղ նրան են կախելու:

— Վո՜ւյ քոռանամ ես, աղջի Անթառամ ջան, էդ ինչե՞ր ես ասում, բա հարցրիր ոչ, թե, Կիկոսը որտե՞ղ ա...

— Էլ մաջալ ելավ, որ հարցնեի...

— Աղջի, ցավդ տանեմ, արի գնանք իմ հորանց տուն, իմ ախպեր Ունանը կռվումն ա լել, բալքի եկած ըլի, մի խաբար կիմանա։

Գյուղը կամաց-կամաց արթնանում էր, ամեն կտուր ծխում էր առավոտվա կրակի չիբուխը, ծուխը քուլա-քուլա դուրս տալով բուխարու անցքից, շատերն էլ ապրանքը գոմից դուրս արած, քշում էին դեպի աղբյուրը՝ ջուր տալու, երբ Թազագյուլն ու Անթառամը շնչակտուր հասան Թազագյուլի հորանց տուն։ Թազագյուլը ճռռալով դուռը բաց արավ ու էնպես ներս ընկավ, կարծես ավազակների հալածանքից փախչելիս լիներ։ Էլ «բարիլույսը» մոռացած՝ վրա թռավ դեպի գետնին փռած անկողիններն ու կիսախավար տան մեջ ճչաց.

— Ունան ջա՜ն, արևի՛դ մեռնեմ, ախպեր ջա՜ն, ո՞րտեղ ես, ինչ խաբար ունես քո սևատար փեսիցը...

Տանեցիք թառժաժ ելան, երեխեքը վեր թռան ու աչքերը չռած, վախից կուչ եկան, իսկ Ունանը, որ խոր քնի մեջ էր, կամաց ճրրաց ու շուռ եկավ մյուս կողմի վրա։

Ունանի կինը մոտեցավ Թազագյուլին, թևիցը բռնեց ու կամաց ականջին փսփսաց.

— Ախպերդ մի սհաթ ըլիլ չի, ինչ տուն եկավ, թող մի քիչ քնի քունն առնի խի՞, մարդդ տուն չի եկե՞լ. բա ախպերդ ասեց, թե գտել ա...

— Գտել ա՞, սաղ ա գտել, թե՞ մեռած... վա՜յ Ունան ջան, վեր կաց քվորդ թաղի փեսիդ հետ, ո՞րդի ես գտել նրա մեյիդը[7]...

Ու Թազագյուլը վրա թռավ եղբոր անկողնին և Ունանի գլուխը վեր քաշեց։

Ունանը քնահարամ, երազ տեսնողի պես, աչքերը հազիվ բաց արավ ու նկատելով սուգ անող քրոջը՝ չհասկացավ բանի էությունը։

— Ասա՛, է՜, ասա՛, այ գետն ու ջուրը ինձ տանի, մի տուն եթիմի տեր մնացի. էն թառլան Կիկոսին ո՞րդի թաղեցիր... սև ըլի իմ օրը ինչ սևացավ... — ու լալահառաչ սկսեց ողբալ Թազագյուլը։

— Վա՜յ իմ հալիս, մարդիս գլուխը կտրեցին ... Վա՜յ իմ օրին... – ձեն տվեց քյոխվա Սարիբեգի կինը, և մի ողբ էլ նա սկսեց, ձայնը միացնելով Թազագյուլի ձայնին...

Տունը կարծես մեռլատուն լիներ. սրանց ձայնին միացան և երեխաները, որոնք առանց հասկանալու, իրանք էլ սկսեցին լաց ու կականը։

Ունանը վրա նստեց անկողնում ու վրդովված ասաց.

— Ձեններդ կտրեցեք, բայղուշ չե՛ք հու, էս լիսածեգին ի՞նչ եք զռզռոցը գցել... Քեզ չեմ ասում, է՜յ, քիրա՜, մարդ սաղ ա, երեկ գտել եմ ու իրան իշի հետ առաջ արած բերել գեղը. թե մութն էր ու տունը չգտավ, գիտեմ ոչ, թե չէ բերել եմ ու հասցրել գեղամեջ, հրեն, է՜, էն որ հիմի մեր շտաբն ա, ափիցարի ապրած տունը։

— Սուտ մի ասիլ, Ունան ջան, իմ Կիկոսի էշը հրեն գոմում կապա՜ծ... ինչ Կիկոսը կորել ա, խեղճն ունքերը կիտած, պռոշը կախ միտք ա անում, ես նրա դարդին մատա՞ղ...

Ունանը տեսավ՝ խոսք չի լինում հասկացնել թերահավատ քրոջը, ու մինչդեռ նա սգում էր քյոխվի կնոջ հետ միասին, ինքը հագնվեց ու հրացանը վերցնելով հրամայեց.

— Վեր կացեք գնանք շտաբը, թե որ իմ բերած սաղ–սալամաթ Կիկոսին մի բան պատահած ըլի, ափիցարի ջանն եմ քաշելու էս թվանքի հինգ գյուլլեն։

Ունանը երկու սգվոր կնոջ առաջն ընկած գնում էր։ Արևը պռունգը դրել էր սարերին. գյուղը ոտի վրա էր։ Էս պատկերը տեսնողը վրա վազեց։ Էն որ տղամարդիկ էին, Ունանին հարցուփորձ էին անում, բայց պատասխան չէին ստանում. նա կատաղած մի բան էր ասում միայն՝ «հրես կիմանաք»։ Էն որ կանայք էին, մոտ եկողը սգի տոպրակը բաց արած «վա՜յ» էր անում ու ծնկներին թակելով սգում, առանց հարցնելու, թե ում կամ ինչի համար։

Հինգ րոպե չանցած՝ ամբողջ գյուղը շտաբի դռանն էր։ Ոչ ոք չէր իմանում բանն ինչումն է. ամենքն աղմկում էին, ոմանք հայհոյում էին կռիվն էլ, կառավարությունն էլ։ Իրար հետ հին հաշիվ ունեցողներն էլ բղբղում էին ու իրար վրա բռունցք թափ տալիս։ Շատերն էլ կարծելով, թե նոր զորահավաք է լինելու, գոռում էին.

— Բո՛լ ա, հերի՛ք ա, քանդվեցինք, ավերվեցինք, էլ ո՛չ հալալ հաց մնաց, ո՛չ ապրուստ, ոտի տակ կորանք, կռիվ չենք ուզում...

— Թող ռուսը գա, ռուս ենք ուզում, ռո՜ւս...

— էս ղայդի կառավարություն մեզ պետք չի. եկավ-չեկավ՝ կռիվը պոչիցը կախ արած. հալալ ապրուստներս հարամ արավ...

— Եկավ թե ճամփա բաց անի՞, թե ելածն էլ կապի, թալ կորչեն գնան, մենք մեր ճամփեն մասլահաթով բաց կանենք, կռվից զահլեքս գնաց...

— Փռոնտը բերել են դռան շեմքը կոխել, գլուխդ հանում ես թե չէ՝ գյուլլեն ճակատիդ ա կպչում։

— Ջուխտ-ջուխտ տղերքս գյուլլախորով ելան, տանս դուռ բաց անող չկա... — ճչում ու մազերը փետում էր մի պառավ կնիկ։

Աղմուկն ու իրարանցումը քանի գնում մեծանում էր. ամբոխը գրգռված պահանջում էր, որ պահակ զինվորը դուրս կանչի սպային, Ունանն ուզում էր, որ զոռով ներս մտնի, բայց զինվորը նրան ետ էր հրում և արգելում առաջ անցնել։

— Ունանին թո՜ղ, Ունանին թո՛ղ ներս մտնի, դուրս կանչի ափիցարին,— գոչում էր գրգռված ամբոխը։

Ունանը տեսավ՝ խաթրով ու խոսքով բան չի դուրս գալի, պահակ զինվորին դեն հրեց ու կատաղած ներս ընկավ և, նկատելով սպային ու քյոխվա Սարիբեգին իրար կողքի նստած առանց Կիկոսի, գոռաց.

— Ո՞րտեղ ա Կիկոսը, ի՞նչ եք արել նրան, էս սահաթին ասեցեք, թե չէ էս շտաբը հրես տակնուվրա կանեմ։

Քյոխվա Սարիբեգը նկատելով, որ բանը կարող է վատ վերջանալ, սպային խորհուրդ տվեց դուրս գալ, և խաղաղացնել բորբոքված խալխին։

Սպան սփրթնեց, վեր թռավ, ատրճանակն ու թուրը կապեց և քյոխվա Սարիբեգի հետ միասին ուզեց դուրս գալ, Ունանն առաջը կտրեց։

— Քեզնից Կիկո՛ս եմ ուզում, Կիկո՛ս, ջուղաբ տուր, եննա դուրս արի։ Սպանել ե՞ս, թե ի՞նչ ես արել...

Սպան ուզեց հարձակվել Ունանի վրա, բայց քյոխվա Սարիբեգը միջամտեց.

— Պարոն ափիցար, մեր խալխի խասյաթը փիս ա, կտան մի վատ բան կանեն, տես՝ դուրսը ինչ մեծ ղալմաղալ ա... Մի քիչ քեզ հավաքի, խալխի հետ հանաք անել չի ըլիլ, ամենքի ջիգյարն էլ դաղված ա...

Սպան կարծես ուշքի եկավ ու կանչելով գրագրին պատվիրեց, որ դուրս գա, Կիկոսին բերել տա. բայց գրագիրը գլուխը դուրս հանեց թե չէ՝ ամբոխը մի խելագար գոռում–գոչումով աղաղակեց. — Ափիցա՛րը թող դուրս գա, ափիցա՛րը, ի՞նչ ջուղաբ ա տալի խալխին, կռիվը ե՞րբ ա վերջացնում, ճամփեքը ե՞րբ ա բաց անում...

Գրագիրը շփոթված նորից ներս մտավ։

Դրությունը քանի գնում լրջանում էր. բավական էր, որ մեկը գոչեր՝ «տվեք», սաղ տունը օդը կցնդեցնեին։

— Բա որ քեզ ասում եմ, թե խալխի փիս վախտն ա, չես հավատում, պարոն ափիցար. տես թե իսկի մարդու ականջ են կախո՞ւմ... — ապա դառնալով Ունանին՝ ասաց։—Արա՛, Ունա՛ն, դուրս արի, հրեն Սիսականց գոմումն ա Կիկոսը, հանի, բեր, բալքի էդ խալխը հանդարտվի, թե չէ մի Կիկոսի խաթրու էս գեղումն արինհեղություն կպատահի։ Դու էլ, պարոն ափիցար, էստեղ կաց, մինչև խալխը մի քիչ հանդարտվի, հետո դուրս կգաս, երբ որ ես կասեմ։ Դուրս գամ, էլի ես հին քյոխվան եմ, ինձ բան չեն անիլ։

Ունանը հազիվ ճեղքեց ամբոխն ու վազեց դեպի Սիսականց գոմը, որին հետևեցին մի քանի հոգի, իսկ քյոխվա Սարիբեգը դիմացը ելավ թե չէ՝ աղմուկն էլի սաստկացավ.

— Էս դիփ քա սարքած բաներն ա, հա՞... քյոխվա Սարիբեգ,— ճչաց մի երիտասարդ...

— Ի՞նչն ա իմ սարքածը, ի՜նչը, ի՞նչ ա պատահել, ո՞ւր եք հավաքվել...

— Դու շատ լավ ես գիտում, թե ինչն ա քու սարքածը, էլ ի՞նչ պատահի, պատահածը քի՞չ ա. հիմի էլ թազա պլան եք քաշում, որ սաղ գեղը սրի քաշե՞ք...

— Սարսաղ-մարսաղ դուրս մի տալ, շաշ. մի սուս կացեք ու բան հասկացեք, ո՞վ ա քեզ սրի քաշողը։

— Չե՛նք ուզում, չե՛նք ուզում... — բարձրացավ մի աղմուկ։

— Ի՞նչը չեք ուզում, ի՞նչը, ա խալխ, հո գժվե՞լ չեք,—ձայնը բարձրացնելով գոռաց քյոխվա Սարիբեգը.– երեկ մեր զորքը հաղթել ա. կռիվը տարել ենք, դուք հավաքվել եք, թե չենք ուզում, ի՞նչը չեք ուզում...

— Կռի′վը, կռիվը չենք ուզում, թող քաշվեն գնան էստեղից, թող ռուսը գա. էդ ղայդի հայեր մեզ պետք չեն, էդ ղայդի հայի թագավոր չենք ուզում։ Նիկալային հո դրանց համա՞ր չենք թախտիցը վեր գցել։ Մինչդեռ քյոխվան սատանի լեզու էր բանեցնում, որ խալխին հանգստացնի, Ունանը Կիկոսի թևից բռնած բերեց։ Կիկոսին աոաջին տեսքից ոչ ոք չճանաչեց, բայց նրա գլխի պոպոզը, կախված ականջներն ու երկարափեշ շինելն ամենքի ուշքը գրավեցին, և նրանք թողնելով իրենց աղմուկ–աղաղակը քյոխվի ու ափիցերի դեմ, իրար հրելով շուռ եկան դեպի Կիկոսը, որի ընդհանուր տեսքը մի ողորմելի տպավորություն էր թողնում։ Ամեն կողմից հարցերի տարափ տեղացին Ունանի գլխին.

— Ադա էդ ո՞վ ա, Ունա′ն. ո՞րտեղացի ա. էդ ո՞րտեղից հանեցիր...

— Էդ ի՞նչ միլլաթ ա, հայավար խոսալ գիդա′... Ունանը ձեռքը վեր բարձրացրեց, նշան տալով, որ լռեն։

— Ճամփա տվեք, թող անց կենանք հասնենք ափիցար աղին․ էս մարդը բալշևիկ ա, երեկ ենք բռնել դիրքերումը...

Գյուղացիք բալշևիկ անունը լսել էին, բայց չէին տեսել․ ամեն մեկը աչքերը չռած ուզում էր մի լավ դիտել ու գաղափար կազմել, երբ մեկը մոտենալով Կիկոսին, դեմքը մի լավ զննեց ու բացականչեց.

— Արա′ Ունան, ղո՞րթ ա, ասում էս բալշևիկ ա, համա աչքերն էնքան նման ա Կիկոսին...

Խալխը էս սրամտության վրա ծիծաղեց։

Բորբոքված տրամադրությունն անցել էր, երբ Կիկոսին Ունանը թևից քաշելով, մի կերպ խալխի միջից ազատելով, գցեց ափիցար աղի սենյակը բղավելով.

— Ըհը′, էս էլ քու բալշևիկ Կիկոսը, մի ասա տենամ՝ ի՞նչ ես ուզում էս խեղճ ու կրակիցը, որ էնքան չարչարում ես. հրես լեզուն կապ ա ընկել։

Սպան տեսնելով Կիկոսին, ուրախացավ, որ ո՛չ փախել է, ո՛չ էլ մի բան է պատահել։ Նա ենթադրում էր, թե Կիկոսը կամեցել է գոմից փախչել, նրան պահակը սպանել է, իսկ գյուղացիք բորբոքված եկել, պահանջում են իրենց մարդուն։

— Վա՜յ Կիկոս, գլուխդ տափը դնեմ ինչ Կիկոս ես. էսքան ղալմաղալը սարքեցիր մեր գլխին, — գլուխը պտույտ տալով ասավ քյոխվա Սարիբեգը ու դառնալով սպային՝ ավելացրեց, — թող գնա կորչի իրան տուն․ քեզ ասում եմ՝ անշառ մարդ ա. թող գնա իր բանին, թե չէ էս խալխը հենց կիմանա էստեղ մարդիկ ես մորթատում։

— Ո՛չ,— պատասխանեց սպան,— դեռ ամեն ինչ վերջացած չէ, սա պետք է արձանագրությունն ստորագրի, այնուհետև հատուկ երաշխավորով կարձակեմ տուն, որ տանիք դուրս չգա. սա պետք է տնային բանտարկության ենթարկվի։

Կիկոսն, իհարկե, ոչինչ չհասկացավ. նա միայն զարմանում էր, թե ինչու ափիցար աղեն իրեն չէր արձակում, ի՞նչ է արել ինքը...

Դուրսը աղմուկը հանդարտվել էր, բայց դրա փոխարեն մի այրող հետաքրքրություն էր մտել ամեն մեկի մեջ, որ հանգիստ չէր տալի ոչ ոքի։ Բոլորն էլ դիմում էին դեպի շտաբի սենյակի միակ լուսամուտը և ձեռներն ականջներից ցած բռնելով հենվում ապակուն ու նայում ներս, որ բալշևիկին լավ տեսնեն։

— Դե՛, պարոն ափիցար, դուրս արի էս խալխին ցրի, թող գնան իրանց բանին. մեկ էլ ոնց որ երևում ա, շատ են ուզում էդ «բալշևիկին» տեսնեն, դուրս բեր, թող թամաշա էլա անեն, հետո ինչ որ ուզում ես, էն արա,— ասաց քյոխվա Սարիբեգն ու քթի տակ ծիծաղեց։

Սպան, որ ջղայնացած, ծխախոտը վառած, ոտները գետնին թակելով ետ ու առաջ էր վազում, վտանգն արդեն անցած համարելով, որոշեց օգտագործել Կիկոսի «գերի ընկնելը», և ծառայեցնել նրան իբրև պրոպագանդայի նյութ ամբոխի վրա հարձակման դիմելով, ցույց տալ նրան իր կառավարության ուժը, պատմել նրա տարած հաղթանակների մասին և կոչ անել արթնացնելու ամբոխի հայրենասիրական զգացմունքը։

Նա պատվիրեց, որ տասը զինվոր շրջապատեն իրեն, օղակի մեջ առնելով Կիկոսին, քյոխվա Սարիբեգին և Ունանին։ Ամբոխը ճեղքելով նա անցավ մոտակա կալը և բարձրանալով մի ճռճռան տաբուրետի վրա՝ էսպես ճառեց.

— Հայրենակիցներ...

Խալխը իրար հրելով, հրմշտելով լցվեց կալը։

— Տա՛զ արեք, սո՛ւս կացեք,— լսվեց ամեն կողմից։

— Հայրենակիցներ, ձեր առաջ կանգնած է մի դավաճան, մի մարդակեր, հայրենիքի իսկական դավաճան, որ լքելով մեր դիրքերը, անցել է թշնամու կողմը, բայց այդ դեռ բավական չի, այժմ էլ չի ուզում պատմել այն ամենը, ինչ տեսել ու լսել է այնտեղ։ Մեր վերջին գրոհը պսակվեց հաղթանակով. թշնամին չդիմանալով մեր քաջարի մարտիկների գրոհին, խուճապի մատնված՝ փախավ։ Մենք կհետապնդենք նրան, և վաղը երկաթուղու կայարանը մեր ձեռքին կլինի։ Ճանապարհները կբացվեն, քանի որ ինչպես արտը չի դիմանում սուր մանգաղին, այնպես էլ թշնամին չի դիմանում մեր հարվածներին։ Ես լսում էի, թե դուք ինչպես աղմկում էիք, թե պատերազմ չեք ցանկանում, մենք ևս չենք ուզում կռվել, միայն մեզ ենք պաշտպանում, հարձակվողները նրանք են։ Սակայն եթե ձեր մեջ դեռ չի մեռել ազատության գաղափարը, դուք պետք է իբրև մի սիրտ և մի հոգի, դիմեք դեպի պատերազմի դաշտը, դեպի դիրքերը, որպեսզի չգան ու ձեզ նորից գերի և ստրուկ դարձնեն։ Մենք կռվում ենք հանուն արդարության ու ազատության, և մեր կռիվը սուրբ է։ Մենք ուզում ենք ապրել լայն ու ազատ սահմաններով երկրում։ Կեցցե՛ կռիվը...

էստեղ մի քանի հոգի «կեցցե՛» տվին ու ծափահարեցին, որովհետև սովորել էին, որ անպատճառ «կեցցե», «ուռա» արտասանելիս հռետորին պետք է ծափահարել և արձագանքել։ Այս բանից ոգևորված, սպան հազաց, կոկորդը մաքրեց ու դառնալով դեպի Կիկոսը, շարունակեց.

— Ինչ վերաբերում է այս դավաճանին, սրան մենք կպատժենք անխնա կերպով. թող լավ իմանա ձեզանից ամեն մեկը, որ հեղափոխությունն իրեն հետ կատակ անել չի սիրում։ Տեսնու՞մ եք այս գլխարկը,— սպան կռանալով՝ Կիկոսի գլխից վերցրեց նրա գլխարկը,— մի՞թե մարդ կարող է այսպիսի գլխարկ ծածկել, ահա՜, նայեցե՛ք այս աստղին, այս եղջյուրին...

— Կիկո՛սն, ա՜, Կիկո՛սն ա՜, արա, սա մեր Կիկո՛սն ա։

— Բա որ ասում ի Կիկոսի նման ա՜...

— Հա՜, հա՜, հա՜, հա՜... էսքան ճառախոսությունը Կիկոսի՞ վրա էր...

— Արա՛, էդ մարդակեր հարամին դու ես ելել, Կիկո՛ս...

Սպային այլևս լսող չկար։ Կիկոսին արդեն ճանաչել էին, և ամեն մեկն ուզում էր մոտենալ և ստուգել, իսկ սպան ջղայնացած, Կիկոսի գլխարկը թափահարում էր ու գոռում, որ լռեն, բայց լսո՞ղն ով էր... Մեծ ու փոքր խառնվել էին իրար։ Սպան օգնության կանչեց իր ոտները, որոնք տաբուրետի մեջքին ամուր հարվածում էին ու է՛լ ավելի ճռճռացնում։ Մին էլ հանկարծ տաբուրետը՝ չդիմանալով հարվածներին ու ծանրությանը, ծռվեց, ու սպան, հավասարակշասթյունը կորցնելով, ընկավ, որն աոաջ բերեց մի դիվային քրքիջ, իսկ ծերունիներից մեկը, որ ոչինչ չէր հասկացել սպայի ամբողջ ճառից, բացականչեց.

— Բո՛լ ա, բո՛լ ա, ափիցար աղա, լավ բոլ քարոզ տվիր, շատ ապրես...

Սպան զայրացած հրամայեց զինվորներին, որ ուժով ցրեն ամբոխին, իսկ ինքը, խայտառակությունից ազատվելու համար, բարձրացավ իր գրասենյակը, այնքան շփոթված, որ չնկատեց, ձախ ձեռքին ամուր բռնած տանում էր Կիկոսի գլխարկը։

Խալխը շրջապատել էր Կիկոսին ու ամեն մեկը մի հարց էր տալիս։ Կիկոսը երբեք այդպես մեծ ուշադրության չէր արժանացել խալխի կողմից։ Նա էնքան շշկլվեր էր, որ չէր իմանում որին լսի, որին պատասխանի։

Կինը խալխի մեջը ճեղքելով հազիվ հասավ նրան, իսկ Ունանը դառնալով խալխին ասաց.

— Խեղճ մարդն երկու օր ա մանանա չի դրել բերանը. թողեք տուն տանեմ, մի քիչ խելքը գլուխը գա, եննա կգա, շատ կխոսեք։

Ունանն ու իր քույրը Կիկոսի թևերը մտած առաջ անցան, իսկ խալխը նրանց ետևից մեղվի ձագի նման պտույտ անելով ա աղմկելով գնաց մինչև Կիկոսի տան դուռը։

Կիկոսը, երբ ոտը տան շեմքից ներս դրեց, միանգամայն ուրախ ու ապահով, լեզուն բացվեց ու դառնալով Ունանին, հարցրեց.

— Ունան ջան, երեկ իրիկուն որ եկանք, էշս ի՞նչ էլավ...

IX

Երկու օր գյուղը դրմբում էր։ «Բալշևիկ Կիկոսի» նոր, պոպոզավոր գլխարկը հագցրել էին մի երկար ձողի ծայր ու ցուցադրել, որ ամեն մարդ թամաշա անի։ Ու գլխարկը թևերը կոտրված թռչունի պես «ականջները» կախ, կարմիր աստղը — աչքի պես ճակատից կպցրած, նայում էր տխուր-տրտում ու երբեմն քամու ուժով թևերը թափահարում, որից հաճախ վախենում էին սնոտիապաշտները, որոնք կարծում էին, թե «սատանայական գործ ա», մանավանդ որ՝ ձողի ծայրը շատ մոտ էր եկեղեցու փտած զանգատան հովանոցի պես շինած փայտե գմբեթին։

Սա, իհարկե, ափիցար աղի սարքած բանն էր, որն առավոտ-իրիկուն հենց որ նկատում էր, թե մարդիկ են հավաքվել գլխարկի շուրջը, դուրս էր գալիս շտաբից ու ճառ ասում:

Ինչ վերաբերում է գլխարկի տիրոջը, Կիկոսին, նա տնային բանտարկության էր ենթարկված. նրա մոտ ուրիշի մուտքն արգելված էր, որովհետև առաջին օրը, երբ Կիկոսը հանգստանալուց հետո, իր ունեցած խելքը հավաքեց, սկսեց պատմել Իվանի և առհասարակ «պոպոզավորների» մասին, նա, առանց հասկանալու, որ ինքը ակամայից դարձել է բոլշևիկ ագիտատոր, ոգևորված գովում ու գովաբանում էր «պոպոզավորներին», որի պատճառով ողջ գյուղը նրա տունը թափված, սրբի ուխտատեղի նման մտնում դուրս էր գալիս, ու ամեն մինն իր հերթին ավելացնելով ու ծաղկացնելով պատմում էր պատահողներին Կիկոսի տեսածների մասին:

Սկզբում սպան ուզեց անուշադրության տալ, շատ անգամ ասելով, որ Կիկոսի պատմածները սուտ են, հնարովի, բայց նա զգաց, որ ոչ ոք իրեն չի լսում, քանի որ ամենքը համոզված էին, որ Կիկոսն ինչ էլ որ լինի՝ սուտ երբեք չի խոսի: Ապա ափիցար աղեն ուզեց նորից բանտարկել Կիկոսին, բայց նրան հասկացնող եղավ, որ վատ հետևանք կունենա այդ քայլը, մանավանդ որ Կիկոսն այնքան անմեղ ու անշառ մարդ է ճանաչված, որ նրան հալածելը կնշանակեր ողջ գյուղն իր դեմ հանել: Ուրիշ ժամանակ որ լիներ, թեկուզ Կիկոսին մատաղի տեղ մորթեին էլ, ոչ ոք ձեն-ծպտուն չէր հանի, իսկ հիմի... Հիմի մի տեսակ ողջ գյուղի պաշտպանությունն էր վայելում: Այնուհետև ափիցար աղեն մտածեց Կիկոսին կոռի պատրվակով ուղարկել կենտրոն, այլ խոսքով՝ աքսորել նրան, բայց էս էլ հասկացվեց, և գյուղը մի մարդու պես բողոքեց՝ ասելով.

— Մենք քեզ Կիկոս չենք տալ, որ սարեսար, քոլեքոլ գցես, Կիկոսի տեղ ում որ կուզես ուղարկենք, մենք դիփս կգնանք...

Սպան տեսնելով, որ ոչ մի բան օգուտ չի անում, իսկ բոլշևիկների գովքը քանի գնում տարածվում է գյուղում, մտածեց Կիկոսին չեզոքացնելու համար կանչել իր մոտ և այլևս դուրս չթողնել, բայց երբ այն զինվորը, որն ուղարկվեց Կիկոսի ետևից, թե նրան բերի շտաբը, իբր պրիտակոլը ստորագրելու համար, մոտեցավ Կիկոսենց տան դռանը հավաքված ամբոխին ու հայտնեց իր գալու նպատակը, ամենքը ծաղրով պատասխանեցին, իսկ Ունանը բարկացավ զինվորի վրա՝ ասելով.

— Կիկոսն անգրագետ ա, թող պրիտակոլն ինքը, ափիցար աղեն ստորագրի ու վասն անգրագիտության անի։

Էս խոսքի վրա խալխը հռհռաց, իսկ զինվորը քոռ-փոշման ետ դարձավ շտաբը, որից հետո ափիցար աղեն՝ շտաբից մի տասը զինվոր վերցրած՝ գնաց, Կիկոսի տունը շրջապատեց, ամբոխը ցրեց ու Կիկոսի դռան մոտ երկու զինվոր կանգնեցրեց՝ պատվիրելով, որ ոչ մի կողմնակի մարդու ներս չթողնի Կիկոսի հետ խոսելու, հայտարարելով, թե «Կիկոսը տնային բանտարկության է ենթարկված»։

Իհարկե, սրան հետևեցին դժգոհություններ, անեծքներ, հայհոյանքներ և այլն, բայց սպան իր ուզածն արեց և Կիկոսին տնային բանտարկության ենթարկելով, «գյուղն ազատեց բոլշևիկյան այլասերման վտանգից», ինչպես ինքը գրեց այդ մասին կառավարությանն ուղարկած իր զեկուցման մեջ։ Այս ամենը կատարվեց աոաջին օրը:

Երկրորդ օրը սպան աշխատեց ամեն կերպ գյուղացիներին հավաքել Կիկոսի գլխարկի շուրջը ու ճառել, բայց մեծերից ոչ ոք չեկավ, ոչ մի զանգահարություն և գյուղի «սուրհանդակ» գզրի գոռգոռոցն օգուտ չարավ։ Գյուղացիք շըջապատել էին Կիկոսի տունը և պահանջում էին, որ ափիցարը Կիկոսին ազատ արձակի։ Նրանք ավելի հետաքրքրությամբ կուզեին լսել Կիկոսին, քան ափիցարին, որի ասածներին այլևս հավատացող չկար։ Սպան ամեն կերպ ուզում էր գրգռել ամբոխին ու ոգևորել կռվի գաղափարներով՝ ասելով, թե թուրքերն են հարձակվողը, մինչդեռ Կիկոսը միանգամայն ժխտում էր՝ պնդելով, որ զորքի մեջ մի հատիկ թուրք էլ չի տեսել ինքը, թե հայեր կան էն մոտիկ գյուղերից ու իրենց գյուղից, Բալախանում ծառայող հայ տղերք, բայց թուրք՝ ամենևին։

Սպան նկատելով, որ քանի գնում իր դրությունն էնքան ավելի է խախուտանում, որոշեց զոռով ցրել ամբոխը, որ Կիկոսի տան շուրջը հավաքված աղմկում էր։ Նա մի քանի զինվոր ուղարկեց, որոնց ամբոխն ընդունեց վրդովմունքով և զգուշացրեց, որ եթե սուսուփուս ետ չքաշվեն, հակառակ դեպքում գյուղը բոլորին կկոտորի ու կքշի։ Դրությունը քանի գնում լրջանում էր։ Գյուղացիք բունտ էին սարքել և կառավարությանը չէին ուզում ճանաչել։ Սպան զգալով իրերի լուրջ կացությունը՝ ետ կանչեց զինվորներին և, երկու հոգու թուղթ տալով, ուղարկեց կենտրոն՝ օգնական զորք խնդրելու, որպեսզի «ներքին ապստամբությունը ճնշի»: Բայց էն րոպեին, երբ զինվորները գյուղից դուրս եկան, հանկարծ լուր տարածվեց գյուղում, թե դիրքերում նորից կռիվներ են սկսվել, և օգնական զորք է հարկավոր։

Սպան, այս անգամ շփոթված ու ջղայնացած, ձիով դուրս եկավ գյուղի ծուռումուռ փողոցները, հարայ տվեց, ճչաց՝ «ի զեն դեպի դիրքերը», բայց ոչ մի հոգի իսկի տանից էլ դուրս չեկավ։

— Կգան, կկոտորեն ձեզ, ա՜յ անասուններ... — թնդաց սպան մի պատահած գյուղացու վրա։

— Է՛հ, գալիս են, թող գան, ջհանդամը, թե կկոտորեն, հո ջաններս էլա կդնջանա, կպրծնենք էս կռիվներից,– պատասխանեց գյուղացին ուսերը թափահարելով, որ կարծես մի բան էր ուզում մեջքից ցած գցել։

— Ա՛յ դու դավաճան սրիկա,— գոչեց սպան ու ուզեց մտրակի հարվածն իջեցնել գյուղացու գլխին, երբ մի քանի ջլապինդ երիտասարդ՝ որտեղից որտեղ մեջ ընկնելով՝ ձիուց վար առան սպային ու զինաթափ անելով, առաջ արին դեպի շտաբը ու, ներս հրելով, դուռը փակեցին ասելով.

— Դե գնա՛, որտեղ քոնն ասես, էնտեղ էլ մերը պատմի. էս գեղը դիփ Կիկոս գիտե՞ս...

Ապա դառնալով դեպի Կիկոսի տուն, դռանը կանգնած երկու զինվորին զինաթափ արին ու Կիկոսին դուրս բերին։

Ողջ գյուղը հարսանքավորի պես ցնծում էր։ Խառնված, մեծ ու փոքր իրար գլխի թափվելով, Կիկոսին շրջապատած տարան գյուղամեջ, պոպոզավոր գլխարկը ձողից ցած առան, դրին գլխին, մի լավ ծիծաղեցին նրա նոր տեսքի վրա, նստեցրին եկեղեցու պատի կողքին ընկած հին գերեզմանաքարի վրա, ստիպեցին, որ բոլշևիկների մասին իր տեսածն ու լսածը պատմի։

Զարմանալին այն էր, որ շտաբում մնացած զինվորները փոխանակ վնասելու գյուղացիներին կամ հակառակվելու ափիցար աղին բանտարկելու համար, առանց մի թթու խոսք ասելու բունտովչիկներին, նրանք էլ էին մոտեցել խմբված հասարակությանը ու ղրաղից ականջ էին դնում։

Կիկոսն առոք-փառոք նստել էր ու չէր իմանում, թե որտեղից սկսի իր պատմությունը։ Նա հազաց, կոկորդը մաքրեց ու գլուխը թափ տալով սկսեց.

— Էն ա, որ տարան մեծավորի կուշտը, նա էլ ինձ ղարկեց Իվանի մոտ։ Հիմի աչքդ բարին տենա, ինչ ես տեսա։ Էս քու Իվանը մի ջանավար ռուս ա. շե՛կ, աչքերը պլստրատին տվող, ճաղա՛ր, ամեն մի կուռը հենց մի գոմշի ոտ, բո՜յ եմ ասում՝ ըհը՜, որ մեր տուն մտնի՝ գլուխը օճոռքից կախ ընկած ունջին կառնի. հենց թափով ման ա գալի, որ մեր կտուրը նրա ոտի տակին դիմանալ չի։ Թիկունք եմ ասում՝ ըհը՜, Սումբաթի ջաղացի քարի չափ լեռ։ Դրուստն ասած, ես Իվանիցը վախեցա... Հա՛, մտիցս ընկավ, թե ասեմ, ձեռին մի ջվալի փետի չափ դագանակ բռնած՝ հենց իմացա ինձ բանհոգի ա անելու։ Ինձ բերողը էս Իվանին մի քանի ռսևար բան ասեց։ Իվանս... Հա՛, դուք իմ խոսքը մտներիդ պահեցեք, ես մի արմանալու բան պատմեմ։ Էս Իվանի կողքին մի սել կար, վրեն էլ մի ղազան, ղազանի տակին էլ կրակ էր էրում, սելի վրա ո՞վ ա տեսել օջախ շինեն... էս ղազանի կողքին էլ մի տրուբա, Թանեսի երգան չիբուխի պես՝ ծուխ էր դուրս անում...

— Հա՛, հա՛, հա՛, Կիկոս, էդ պախոդնի կուխնի ա ըլել, — ծիծաղելով ընդհատեց մի հին զինվորություն արած մեկը, որ երկու կռվին մասնակցել էր։

— Հա՛... էս Իվանս վեր թռավ սելի վրա, ձեռի փետովը ղազանը խառնեց ու մի երկաթե շերեփով մի մեծ աման խորակ լցրեց ու դրեց առաջիս, թե՝ «տաք-տաք կեր»։ Աչքերդ բարի տենա ինչ իմն էր: Մի ռսի փռան սոմի էլ կտրեց, կեսն ինձ տվեց։ Սոված Կիկոս՝ տաք-տաք բորշ ու փափակ թթվաշ հաց...

— Կիկո՛ս, սուտ չխառնես, հա՞... Ասում են բալշևիկնին սոված ու տկլոր են, սոմի հացը նրանց ո՞վ ա տվել,— միջամտեց քյոխվա Սարիբեգը:

— Սուտը շան փեշակն ա, խի՞ եմ սուտ ասում որ... հացս կերա պրծա թե չէ՝ էն նրանց պղնձի ամանը, կատիլոկ ա, ինչ ա, չայով լցրեց ու տոպրակիցը մի կտոր շաքար հանեց, թե՝ առ խմի։

— Հմի՛ որ սուտդ բռնվեց, Կիկոս. շաքարը էս քանի տարի ա վերացել ա, երազ դառել, հիվանդի համար էլ չի ճարվում։ Իվանին ո՞վ էր շաքար տվել,— նորից միջամտեց քյոխվա Սարիբեգը։

— Էդ մեզ համար ա վերացել, բալշևիկնին շաքար շատ ունեն, թե հավատում չես, հրես կգան, կտենաս։

Գյուղացիք ծիծաղեցին էս բանի վրա, իսկ Կիկոսը ոգևորված ուզեց շարունակի իր պատմությունը, երբ գյուղի գլխի սարի ծերիցը մի հավար տվող, հրացանը կրակելով, գոռաց.

— Եկա՛ն, էհե՜յ... Եկա՜ն... ներքին շենը վե՛ կալա՜ն...

Ինչպես որ թնդանոթի ռումբը պայթի ու հողը ցաքուցրիվ տա, էնպես էլ էս հավարը ռումբի նման պայթեց խալխի մեջ ու ցրիվ տվեց։ Որը դիմացի սարը բարձրացավ, որը ձին նստեց ու սկսեց գյուղամիջում ջիրիդ խաղալ, ինքն էլ չիմանալով, թե դեպի ո՛ր կողքը քշի, որն էլ բղավում-ճղավում էր ու աղմուկն ավելի սաստկացնում։ Մի դժվժոց էր ընկել, մի դժվժոց, որ ինչպես երկրաշարժի ժամանակ մարդիկ չեն իմանում ինչ անեն, ու տանը մնացածները դուրս են թռչում, իսկ դրսինները դեպի տուն վազում, էդպես էլ գնդակի արագությամբ մարդիկ գյուղի ծուռումուռ փողոցներով վազվզում էին՝ երբեմն էս կամ էն աղբակույտի կամ փեյինի մեջ թրմփալով։

Կիկոսն էր մենակ նստել գերեզմանաքարի վրա, միանգամայն անտարբեր. կարծես նրան էդ քարիցն էին կպցրել ու անիծել, որ չշարժվի տեղիցը, երբ կինը ճչալով, ու ծնկները թակելով վրա հասավ, բռնեց Կիկոսի թևից ու թափ տալով գոչեց.

— Ա գլխամեռ, ի՞նչ ես տեղդ քար կտրել, մնացել, վեր կաց է, կեր կաց. հրեն տերտերը բարգ ու բարխանեն հավաքած, փախչում ա, քյոխվա Սարիբեգն էլ ձի նստեց ու կորավ, վեր կաց տենանք` մենք ուր ենք կորչում, է՜...

— Ո՞ւր պիտի փախչենք, կնիկ. մեր տունը թողած հու քարեքար, սարեսար չե՞նք ընկնի...

— Ա՜յ քարեքար, սարեսար գա էդ գլուխդ, բալքի ումուդս կտրի, պրծնեմ, որ էլ չասեն, թե մարդ ունեմ։ Որ գան թալանեն՝ դատարկ տան սներն ես կրծելո՞ւ...

— Սարսաղ-մարսաղ դուրս մի տալ, կնիկ, ինչ թալան, ինչ զադ։ Ի՞նչս պըտի թալանեն, մի կով կար, էն էլ «խումբը» մորթեց։ Երնակ շուտ գան, մի Իվանին տեսնամ, նրանք թալան անող ե՞ն...

Մինչ մարդ ու կնիկ վեճի էին բռնվել, գյուղի ծայրին երևացին փախչող զորքի խուճապի մատնված ձիավորները և հրացաններն օդում կրակելով թափվեցին գյուղ, համարյա ձիերի պոչիցը կախ արած շներով, որոնք ամեն կերպ հալածում էին ձիերին, աշխատելով նրանց ազդրերը կծոտել։

Շուտով շտաբի դուռը կոտրեցին, սպային դուրս բերին, որն անմիջապես իր ձին հեծավ ու փախուստի դիմեց։

Սպայի հետ եկած զինվորները մարդկանց զոռով առաջ էին անում, որ գյուղից դուրս անեն, հետները փախցնեն տանեն. ինչ ապրանք էր ձեռներն ընկնում, քշում էին, իսկ ով որ չէր համաձայնում գյուղը թողնել, ծեծում էին ամենաանխիղճ ձևով ու գազազած գոռում.

— Ձեր բոլորիդ պետք է սրի քաշել, դավաճան սրիկաներ, դուք ամենքդ բալշևիկներ եք...

Մի խոսքով, այնպիսի թալան ու ծեծ էր ընկել գյուղը, որ շատերը հենց էին իմանում, թե եկող «թշնամին» հենց սրանք են, որ կան։

Էս զինվորների կատաղությունն էլ ուներ իրեն պատճառը։ Առաջինը՝ որ նրանք չէին կարողացել մի ուրիշ գյուղ էլ մտնեն, որ թալան անեն, ու թալանն էստեղ էին անում, երկրորդն էլ այն, որ վճռական րոպեին գյուղերից հավաքած պահեստի զինվորները դիրքերում խլրտում էին գցել ու, կարծես իրար հետ պայման կապած, զենքերը ցած էին գցել և, հարմար առիթից օգտվելով, անցել էին բոլշևիկների կողմը։

Այս վերջին հանգամանքը մի կողմից սրանց մեջքը կոտրել էր, մյուս կողմից էլ գազազած շուն դարձրել, որոնք դիրքից սկսել էին կրակել «դավաճանների» վրա, մի քանիսին սպանել, մի քանիսին էլ, որոնք դիրքերում էին մնացել, զինաթափ արած ծեծելով հետները բերում էին ու հայհոյանք թափում թե՛ նրանց գլխին, թե՛ գյուղացիների:

Ինչպես երկնքում ծլկող աստղը, էնպես էլ դիրքից փախչող զորքի մնացորդները, ձին մտրակելով, ծածկվում էին գյուղի հորիզոնում, ետևից մի սև գիծ թողնելով, որն աստղի հետքի պես կորչում էր երկնակամարի վրա, վեր ցցված ձիու պոչի հետ:

Փախչող զորքի թնդանոթը շուտով որոտաց վերին սարի գլխին, որն աննպատակ արկ էր նետում դաշտերի վրա, որպեսզի փախչողները մի քիչ էլ է սրտապնդեն։

Արևն իր հրե թելերը կամաց-կամաց կծկում էր։ Ձորերը մի կողմի վրա թինկը տված սպասում էին, որ իրիկունն իր անկողինը փռի, դաշտերի վրայից էլ մի մեղմ քամի էր փսփսալով անցնում էն մոր նման, որը հոգոց հանելով իր վիրավոր որդու վերքն է սրբում, գլուխն օրորելով ու անիծելով էն մարդկանց, որոնք իր ջահել մատղաշ զավակին վիրավորել, մեջքը ոտնատակ տվել, տրորել էին, գլուխն արյունլվա արել, ոնց որ էն դաշտերում նոր ծլող արտն ու խոտն էին ձիու սմբակներից ու արկերից տրորված, ջարդված ու արյունլվա...

Գյուղը մնացել էր անտեր։ Գյուղի մեծամեծները փախել էին, քիչ թե շատ բան հասկացող մարդկանցից շատերն անցել էին բոլշևիկների կողմը, մի մասն էլ փախչողները հետները գերի արած տարել էին, իսկ մի մասն էլ, ով գիտի որտեղ էր գլուխը թաքցրել, որ ազատվի «խումբերի» ու ափիցար աղաների ձեռքից։ Կանայք էին մնացել ու ջահելներից մի քանի հոգի, որոնք բնից դուրս եկող բոռերի նման ղռբռում էին ու աննպատակ չափչփում գյուղի ցեխոտ փողոցները։ Բոլորովին ճերմակ մորուքավորներից զատ, միջին տարիքով մարդ գյուղում մնացել էին Կիկոսը, մեկ էլ նրա նման մարդիկ. մի աչքը քոռ զուռնաչի Թևոսը, նրա դհոլչի կաղ Սեփոն, երկու ոտից թոփալ դալլաք Մոսին, որին գյուղացիք «շահանոց» էին կանչում, մեջքը կոտրած մղդսի Սիմոնը, որին «և ընդ հոգույդ քում» էին ասում, մի ձեռը թիլ ժամկոչ Եփրեմը, որին «և ևս» էին մկրտել, սատանաներ հալածող ջինդար Սողոմոնը, որին «սա պահեսցե» էին կոչում, որովհետև աջ ձեռքի բութ մատը և ցուցամատի ծայրերը շարունակ իրար էր քսում և լքլքում։ Մի խոսքով՝ էն տեսակ մարդիկ, որոնք ո՛չ տանն էին բանի պետք, ո՛չ դուրսը, թեև խոսելու մեջ փիլիսոփաներ էին, ճարտասան, ամենքին խելք սովորեցնող, խորհուրդներ տվող, բայց հենց որ բանը գար գործի՝ «մկան ծակին օխտը թուման տվող», մկան չափ սուր հոտառությամբ և նապաստակի չափ վախկոտ։

Բանն այն է, որ գյուղը սրանց էր մնացել, բայց սրանք էլ վախենում էին, թե տեր կենան։ Էս տեսակ անորոշ դրության մեջ էին մանավանդ ջահելները, որոնք ուզում էին մի բան էլա արած լինեն, երբ մեկ էլ տեսան՝ Կիկոսի կնիկը նրա թևիցը պինդ բռնած քարշ էր տալիս դեպի տուն, աշխարհիս երեսին դեռ չլսված հայհոյանքներ տալով։ Ջահելներից մինը, թե՝

— Տղերք, եկեք էս Կիկոսին առաջներս գցենք ու գնանք եկող զորքի դեմը...

— Ա՜յ լավ խելք... — վրա բերեց մի ուրիշը — թամամ որ գտել ես. Կիկոսը համ պոպոզավոր ա, համ էլ նրանց հետ ծանոթ...

Ասելն ու անելը մեկ եղավ։ Ջահելները շրջապատեցին Կիկոսին ու իր կնկանը։ Կիկոսին խլեցին գազազած կնկա ճանկերից ու առաջարկեցին, որ իրենց հետ միասին առաջ ընկնի դեպի եկողները՝ նրանց դիմավորելու համար, բայց Կիկոսը չհամաձայնեց։

— Ձեզ մատաղ, էդ իմ բանը չի, — թուքը կուլ տալով հազիվ պատասխանեց Կիկոսը,— ով գիդա թե կռիվն ոնց կվերջանա. էս փախչողնին մին էլ տեսար ետ եկան, էն վախտը գլուխս սոխի կնդի նման կթռցնեն...

Ջահելները պնդեցին իրենցը. — Դա ծանոթ ես նրանց հետ, գիտես նրանց վարք ու բարքը։ Էդ գլխիդ պոպոզը ու հագիդ շինելն էլ նրանցից են. դու ես, որ կաս։ Էս լավ օրին էլ որ գեղին պետք չես գալու, էլ ո՞ւր ես ապրում աշխարհիս երեսին,— ամեն կողմից վրա տվին ջահելներն էս տեսակ խոսքերով ու Կիկոսին աոաջ արին։

Որտեղից-որտեղ գտան զուռնաչի Թևոսին ու դհոլչի Սեփոյին, ու մին էլ ահա գյուղի միջին Թևոսն իր զուռնեն զլեց, իսկ Սեփոն իր կոպալներն էնպես ուժգին խփեց դհոլին, որ նրա ձենից սկսեցին դրմբալ գյուղը շրջապատող ժայռերը, որոնք երկար ժամանակ զուռնա-դհոլի ձայնին չէին արձագանքել:

Երեխաները՝ որը տկլոր, որը բոբիկ, զուռնի ձենին վրա վազեցին թռչկոտելով, միացան հանդեսին, իսկ կանայք ու ծեր մարդիկ չէին իմանում՝ լաց լինեն, թե ծիծաղեն։

Լիսն ու մութը խառնվել էր իրար, երբ զուռնա-դհոլով դուրս եկան գյուղից։ Էդ գիշեր գյուղում ոչ ոքի աչքի քուն չեկավ։ Ինչ տան որ տղամարդ էր մնացել, որը ծեր, որը վիրավոր կամ հիվանդ, հարևան կանայք իրենց երեխաներով նրանց մոտ էին հավաքվել, նրանց բութա արել, ու թուխսը կորցրած ճուտերի պես սվսվում էին։ Ծերունիները պատմում էին իրենց պապերից լսած Ղզլբաշի զորքի ավերածությունների մասին, թե ինչպես էդ կողմի գյուղերը ոտնատակ էին տվել, կոտորել ու ժողովրդին գերի տարել, ունեցածները թալանել ու գյուղը կրակի մատնել։ Էսպես էր ահա էն գիշեր խավարի մեջ կորած գյուղը, անհանգիստ ու սպասողական։ Քարերին ու ծերպերին կպած, աշխարհից կտրված էս գյուղի ամեն մի մարդու միտքը մի բանով էր միայն զբաղված, թե ի՞նչ առավոտ է բացվելու նրանց տանջված գլխին...

Մի քանի տնվոր էլ, որոնք գյուղի էս ու էն ծայրին խավար ու խոնավ հյուղերում ու գոմերում էին ապրում, շեմքին կանգնած, ձեռները խաչաձև ծալած, ծոցներումը դրած, անհամբեր սպասում էին բոլշևիկների գալուն։ Սրանք որդին կամ մարդը կորցրած մայրերն ու կանայք էին, որոնց որդին ու ամուսինը աշխարհը խառնվելուց, մեծ կռվից սկսած մինչև էդ օրը տուն չէին վերադարձել։ Էդ կորած տղաներից մի քանիսին տարել էին պատերազմ, թե ո՞ր սահմանը՝ հայտնի չէր. մեռած էին, սպանված, թե գերի ընկած, ոչ ոք տեղեկություն չուներ. ինչ որ «թագավորին թախտից գցել էին», նամակի ղաթը կտրել էր ու տանեցոց աչքը ճամփին թողել։ Մի մասն էլ, որը պատերազմն սկսվելուց առաջ, որն էլ հետո, գնացել էին քաղաքներն աշխատանքի, որ կարկտից սովամահ եղող ընտանիքին մի կերպ հաց հասցնեն կամ կարողանան մի քանի սև գրոշ աշխատեն, որ պարտքից մի կերպ ազատվեն։ Ու էդպես գնացել էին ու գնացել, անհետ կորել, գոնե ղուշի թևով էլ է լուր չէին ուղարկում կամ քամու միջոցով ապսպրանք...

Հիմի էլ Կիկոսից իմացել էին, թե նա մի քանի հոգու տեսել է եկող զորքի մեջ, ու հույսերը կապել էին նրա ասածին, թեև շատ հաճախ հոգոց քաշելով իրար ասում էին հուսահատ ձայնով. «Վայ մեզ, որ մեր ումուդը Կիկոսն ա մնացել...» և իսկույն իրենց սիրտ տալու համար, գովում, գովաբանում էին իրենց կտրիճ տղային ու մարդուն, ավելացնելով, որ նրանք «նալի ու մեխի ղաթումն էլ որ ըլեն, էլի դուրս կգան, իրենց կհասնեն...»։

Գիշերը ննջացող պառավի պես գլուխը թեքել էր ու ծանրացել։ Մարդիկ աչքերը կթել էին լիսաստղի դուրս գալուն, բայց նա կարծես «օխտը սարի ետևը պահված փերի լիներ», որ չէր ուզում իր պայծառ երեսը ցույց տալ։

Եվ եթե այդ կեսգիշերին սև խավարի և լռության մեջ մի ձայն հանող կար, ապա դա էլ գյուղի միջով հոսող առուն էր, որ ավելի շատ վշվշում էր, քան թե կարկաչում։

Մին էլ էս ահավոր լռության մեջ մի դոփյուն բարձրացավ, կարճ, արագ ու կտրուկ։ Շատերին թվաց, թե տան կտրովը երեխաների մի խումբ վազեց թմփթմփալով։

Ներքի թաղում մի ճչոց ու ծկլթոց բարձրացավ. կարծես ուրուրը վրա էր տվել թխսին ու ճուտերին: Երեխեքը մոր փեշերից քաշքշելով, երկյուղից աչքերը կկոցած, ցուցամատը բերանները դրած հեկեկում էին, չհամարձակվելով ձայները շատ բարձրացնել, իսկ մայրը մի ձեռքով պաշտպանվելով մտրակի հարվածներից, մյուս ձեռքով երեխաներին թևերի տակն էր առնում, որ լեղաճաք չլինեն։ Դա բոլշևիկ Կարոյի ընտանիքն էր։ «Խումբերը» վաղուց Կարոյին բանտն էին դրել, որովհետև նա ընդդիմացել էը խմբապետի հրամանին, անպատվել էր կառավարությանը և գովաբանել «շեկ ռսին»։ Նրան բանտարկելուց հետո տունն ու ապրանքը թալանել, կերել էին ու հիմի էլ թե ինչ էին ուզում տանը մնացած խեղճ կնկանից ու երեխաներից, ոչ ոք բան չէր հասկանում։

Խավարի մեջ հազիվ նշմարվում էին ձիու ոտները, որոնք ստվերների պես անցնում էին գյուղի միջով, օղակի մեջն առած Կարոյի կնոջն ու երեխաներին։ Կարոյի կինը՝ Սալոն, որ մարդուց պակաս համարձակը չէր, հենց որ գյուղամեջ հասավ, բարձր ճչաց.

— Կոտորվեցեք, էլի, ա՛ խալխ, կոտորվեցե՛ք, էլ ո՞ր օրվա համար եք պահում ձեր նամուսը, որ եկել են գեղի ծերին ընկած անմարդ, անպաշտպան տանը վրա տվել, մի խեղճ կնիկ գտել ու երեխանց հետ տանում են, թե կոտորեն...

Ձիավորներից մեկը մտրակելով Սալային, վրան գոռաց.

— Ձենդ կտրի՛, անզգամ լաչա՛ռ, մարդով-կնկանով, տնով-տեղով բոլշևիկ եք դաոել, ո՛չ իշխանություն եք ճանաչում, ո՛չ օրենք ու զակոն։

— Ձեզ պես անօրենների հախից եկող ա իմ մարդը, որ հիմի տարել եք ոտն ու ձեռը բխովել։ Բալշևիկ եք շինել մեզ, բա ո՞նց բալշևիկ չդառնանք...

Սալոն ու ձիավորները էսպես կռիվ տալով հասան Կիկոսի տուն և գոռգոռալով դուրս կանչեցին Կիկոսին:

Կիկոսի կնիկը՝ Թազագյուլը, դուրս եկավ տանից ու չիմանալով ում հետ գործ ունի, ասաց. «Գեղի ջահել–ջհուլը Կիկոսին տարան բալշևիկ զորքի առաջը, հրես ուր որ ա նրանց հետ կգա»։

— Քանդեցեք այս որջը,— հրամայեց մեծավորը։

Երեք զինվոր ցած թռան և Կիկոսի տունը, մարագը, գոմը սկսեցին խուզարկել։ Նրանք չէին հավատում, թե Կիկոսը տանը չի, կարծում էին՝ պահված, թաքնված է։

Խեղճ Թազագյուլը վրա էր պրծնում էս ու էն առարկան խլում զինվորների ձեռքից, որոնք խուզարկության միջոցին թալան էին անում, իսկ Սալոն նրան սիրտ էր տալիս. — Աղջի՛, լաց մի՛ըլիլ, ամոթ ա. հրես սրանց վերջը մոտեցել ա...

— Վա՜յ, Սալո ջան, քե մատաղ, ախր քու մարդին որ ղալա էին դրել, նա հլա մարդ ա, իգիթ ա, հիմի էլ ասում են բալշևիկ ա, բա իմ Կիկոսիցն ի՞նչ են ուզում, նա ի՞նչ մարդ ա, որ ինչ անի...

— Ձայնդ, անզգամ, մենք շատ լավ գիտենք, թե ով է նա. գաղտնի լրտես է և կապ հաստատող. եթե մի ձեռքներս ընկնի՜...

Մինչ զինվորները խուզարկում, տակնուվրա էին անում Կիկոսի տունը, գյուղի վերևի սարի գլխին մի թնդանոթ որոտաց, որին հետևեցին համազարկերը, իսկ գյուղից ցած, դաշտի միջին թնդաց Սեփոյի թմբուկը, որին միացան զուռնի զիլ ձայնը և երկար ու անընդհատ «ուռաները»։

— Աղջի Թազագյուլ, վախիլ մի՛, — ձայն տվեց Սալոն, —հրես գալիս են սրանց ջանի համար, հողեմ ես սրանց գլուխը։ — Ապա դառնալով զինվորներին, որոնք ձիաների ականջը մտած փախչում էին, ձայն տվեց.— հրեն, է՜, հրեն գալիս են, ես նրանց եկած ճամփին մատաղ... թե ղոչաղ եք, գնացեք նրանց հետ կռիվ արեք. եկել եք երկու խեղճ կնիկ գտել ու մի խեղճ ու կրակ Կիկոս եք ման գալի՞։

Լիսաստղը դուրս էր եկել ու իր ճառագայթները խաղացնում, փայլեցնում էր երկնակամարի վրա, մերթ ընդ մերթ ժպտալով իր մանկական խաղի վրա։ Ներքևում գրողին ավելի ու ավելի էին մոտենում զուռնա-դհոլի և ուրախ աղաղակների ձայները, իսկ մյուս կողմից ավելի ու ավելի էին հեռանում թնդանոթների ու հրացանների որոտը։

Բոլշևիկների զորքի առաջապահ գունդը հալածում էր թշնամուն, իսկ թիկունքը դանդաղ, բայց հաստատ առաջ էր շարժվում դեպի գյուղերը, հայտարարելու խորհրդային իշխանություն։

X

Լույսը դեռ չէր բացվել, որ գյուղը մտավ Կարմիր Բանակի շտաբը, որին ուղեկցում էին զուռնան, ցնծագին աղաղակներն ու պարերը։ Կիկոսը գտել էր Իվանին, որը նրան նստեցրել էր իր կողքին, շարժական խոհանոցի վրա և հետը ձեռով-ոտով զրույց էր անում։ Կիկոսը դառել էր մի երանելի մարդ, որին նախանձում էին գյուղի ջահելները, որ էնպես լավ ծանոթություն ունի բոլշևիկների հետ։ Իսկ Կիկոսը՝ սիրտը կոտրած, որ չի կարողանում պատմի Իվանին իր գլխի եկածը, մի գլուխ էն էր ասում.

— Ա՜խ, Իվան ջան, թե մի լեզուս կհասկանա՜ս, ինչե՜ր չեմ պատմիլ քեզ...

Բոլշևիկ զորքի շտաբի պետը զանազան կարգադրություններ էր անում, որ գյուղում անկարգություններ չպատահեն։ Մինչև լույսը բացվելը նա տեղավորվեց նախկին շտաբի տանը, ապա անմիջապես հեռախոսային կապ հաստատեց առաջապահ գնդի հետ, որ հալածում էր թշնամուն, և իր մոտ կանչելով այն ջահելներին, որոնք դեռ շարունակում էին գյուղում զուռնա-դհոլով ցնծալ, պատվիրեց, որ գյուղում մի խելքը գլխին մարդ գտնեն, որ ո՛չ նախկին քյոխվա լինի, ո՛չ էլ ստրաժնիկ, այլ հասարակ ռանչպար գյուղացի, որ կարողանա գյուղը կառավարի։

Ջահելները շվարեցին։ Գյուղում թե վերջերս մի էդ տեսակ մարդ կար, էն էլ Կարոն էր, որին բանտարկել էին ու ով գիտե, թե ուր տարել։ Հիմի ո՞վ կա, որ ում ջոկեն... միտք արին, միտք, ու մին էլ տղաներից մինը թե՝

— Տղերք, եկեք մի բան ասեմ, համա վրես ծիծաղեք ոչ։

— Ի՞նչ,— հետաքրքրությամբ հարց տվին ամենքը։

— Էս որ մեզանից մարդ ա ուզում, եկեք Կիկոսին ջոկենք. էն մարդը համ նրանց հետ ծանոթ ա, համ էլ իր օրում իսկի գզիր էլ չի եղել. ինքն էլ հալալ ռանչպար մարդ ա. թող նա՛ կառավարի, ինչ որ կհրամայեն՝ էն էլ կանենք... Տեհա՞ք, որ Կիկոսին տեսան թե չէ, ոնց ուրախացան... էն Իվանն էլ առավ ու իր դրոժկի վրա նստացրեց...

— Էդ լավ ես ասում համա... — առարկեց մեկը,— վախենում եմ սաղ խալխի մասխարեն դառնանք, ախր ի՞նչ կասեն, թե փլան գեղի կառավարիչն ո՞վ ա... Կիկոսը...

Մինչ ջահելները միտք էին անում, Կիկոսը Իվանին խնդրեց, պաղատեց, որ բրիչկեն քշի իրենց տան դուռը, իրեն ղոնաղը դառնա։ Իվանն էլ՝ խարաշո, տովարիշչ, ասաց ու շարժական խոհանոցը գռռալով քշեց Կիկոսի դուռը։

Երկինքը շառագունել էր. օրը բացվում էր:

Իվանը սարքուկարգ էր անում. պղնձի տակի կրակն էր վառում, որի շուրջը հավաքված երեխաներն ու կանայք ապշած պտույտ-պտույտ էին անում, երբ ջահելներից մի հինգ հոգի եկան ու Կիկոսին թե՝

— Էս զորքի մեծը մի մարդ ա ուզում, որ գեղը կառավարի, մենք էլ քեզ ենք հարմար տեսնում, հազիր ծանոթ ես սրանց հետ, ինքդ էլ հին ղուլլուղչի չես էլել, արի էս մեր գեղի կառավարիչը դառ, մինչև տենանք էս գեղի ցրված խալխը հավաքվի, էն վախտը հալբաթ նրանք մի բան կանեն։

Կիկոսը դեռ գլուխը կախ միտք էր անում, երբ կինը մեջ մտավ.

— Լավ են ասում, գնա, քանի՞ պետք ա ուրիշը քու գլուխը թակելով կոռ ղարկի. հիմի էլ դու դառ էս գեղի տերն ու տիրականը. հողեմ ես քյոխվի գլուխը, մեզ էրել-խորովել ա. դու էլ ջանդ քարեքար ես գցել էս օրվա համար, գնա՛, գնա՛, լավ են ասում։

Ջահելներն ավելի ոգևորվեցին ու սկսեցին համոզել Կիկոսին, որը կացինը ձեռին փայտ էր ջարդում Իվանի համար, շուտ-շուտ ցույց տալի փայտի չոր կտորներն ու պարծանքով ասում.

— Իվան ջան, տեսնում ե՞ս ինչ չոր դրավա յա. դու քեֆդ քոք պահի, հրես էշս կչուլեմ ու էս մոտիկ տեղից դհա լավը կբերեմ։ Ա՛, կնի՛կ, գնա տես հավերը ձու են ածել, բեր Իվանի համար մի ձվածեղ անենք, չուլն էլ հազիր արա, էս ա էշս մի դուրս հանեմ գոմիցը՜...

— Քեզ կառավարիչ են ասում, կառավարիչ,— զայրացավ կինը,— է՛շ չեն ասում։

— Գնա բանիդ, կնիկ, Կիկոսը գեղի կառավարի՜չ, իսկի ըլելու բան ա... Ես որ էս խառը ժամանակ կարենամ գլուխս պահեմ, էդ էլ մեծ հունար ա...

Ոչ մի հորդորանք օգուտ չտվեց։

Հենց էդ միջոցին էր, որ գյուղամիջում զանգը հնչեց։ Դա նշան էր, որ ժողով է լինելու։ Տղերքը մի կողմ զոռով, մի կողմ խաթրով, Կիկոսին առաջ արին գյուղամեջ, իրար հետ խոսք կապելով, ոք ամեն կերպ աշխատեն Կիկոսին համոզեն գյուղի կառավարիչ դառնալու։

Շուտով էս ու էն թաղից սկսեցին հավաքվել գյուղամեջ։ Կանայք քաշվել էին մի անկյուն և ուշադրությամբ դիտում էին կարմիրբանակայիններին։ Ծերունիներից ոմանք նստել էին քարերի վրա ու չիբուխ էին ծխում, իսկ ջահելներն էլ աննպատակ վազվզում էին ու աղմկում։

Գյուղացիներից ոմանք, որ մինչ այդ սարսափելի առասպելներ էին լսել բոլշևիկ զորքի արարքների, նրանց թալանների ու ավերմունքների մասին, զարմանում էին, թե ինչու այդքան հանգիստ ու խաղաղ էին պահում իրենց, ոչ մի մարդու վատ խոսք չէին ասում, ոչ էլ տանից հաց դուրս քաշում կամ ապրանքը զոռով գոմից հանում։ Իսկի կռվող թշնամու զորքի նման չէին։ Զորքի մեծ մասը հայերից էր, այն էլ շատերը ծանոթ, իրենց հայրենակից, մոտիկ գյուղերից:

Շտաբի մեծավորը դուրս եկավ, մոտ կանչեց բոլորին և ճառի փոխարեն սկսեց զրույց անել գյուղացիների հետ, ոնց որ նրանցից մեկը։ Ո՛չ բարձր գոռգոռում էր, ո՛չ ոտներով տափը թակում, ո՛չ ճահճի մեջ ընկածի պես ձեռները թափահարում։ Մի քարի վրա նստած հանգիստ, կես հանաքով, կես լուրջ խոսում էր նոր իշխանության, նրա նպատակների ու անելիքների մասին։

Գյուղացիք, որ սովոր էին իշխանավորի մեջ անպատճառ բռունցք ու մտրակ տեսնելու, հայհոյանք ու սպառնալիք տեսնելու, մի խոսքով՝ այն ամենը, ինչ որ վախ ու երկյուղ է առաջ բերում մարդու մեջ, հետաքրքրությամբ հետևում էին էս նոր տեսակի, «իրանց ղայդի» խոսողի ամեն մի բառին ու սիրտ առած հարցեր էին տալիս։

Զրույցն աշխույժ կերպարանք էր ընդունել։ Կանայք, որ մինչ այդ հեռու քաշված էին, նրանք էլ մոտեցան և մինչև անգամ հարցեր տվին։ Իհարկե, ամբողջ խոսակցության նյութը գյուղի ու գյուղացիների ցավն էր, իսկ էդ ցավերից ամենամեծը՝ խաղաղության ու Ադրբեջանի միջով դեպի կայարան ճանապարհ բաց անելու հարցն էր։

― Հիմի, աղա՜... — ծոր տվեց մի ծերունի... — Աղա չէ, ընկե՛ր։ Ընկեր պետք է ասեք. մեր մեջ աղա չկա, հայրիկ,— ընդհատեց մեծավորը։

— Լավ ես ասում, բալա ջան, լավ հնգերը օխան ախպորիցը լավ ա, դու էլ մեր ղայդի մարդ ես երևում, հպարտ ու գոռոզ չես, շատ ապրես, որ մեր էրված սրտին մխիթարանք ես եկել. թե որ բալշևիկ են ասում դիփն էլ քեզ պես են, հնգեր էլ եք, ախպեր էլ։ Հա, էն էի ասում։ Էդ ինչ որ զրից արիր, շատ հավան ենք։ Ես պառավ, մի ոտս գերեզմանում մարդ եմ, գլխովս շատ փորձանք անցկացած... Հրես էս ժամը ինչ ա, ժամը որ ասում են աստծու տունն ա, էս ժամի տերը՝ մեր տերտերն էլ ա շատ քարոզ տվել, համա մի բան էլա մեր աչքովը տեհել չենք. էնքան թերահավատ եմ դառել, որ քիչ ա մնում հոգիս կրակը գցեմ, աստոծս ուրանամ։ Ջուխտ-ջուխտ տղերքս սարի պես կանգնած, կռիվ տարան, թագավորի թախտը բաթմիշ ըլի, ինչ բաթմիշ էլավ։ Հույսս կապել ի աստծուն, ամեն մի տղիս ուղուրին մի–մի աչառ մատաղ մորթեցի, որ աստոծ նրանց հարամ գյուլլի ըռխիցն ազատի... Համա տղերանցս տեղ՝ նրանց սև գիրն եկավ, տունս քանդվեց, դուռս երեսիս փակ մնաց...

Ծերունու ձայնը կերկերաց, ու աչքերիցը երկու խոշոր կաթիլ արցունք կախվեց, որը չուխայի թևքովը սրբելով շարունակեց.

— Բալա ջւսն, սիրտս փուլ եկավ, կբախշես, պառավել եմ, սիրտս ամեն բանի չի դիմանում։ Հենց կիմանաս, թե իմ ցավն եմ սգո՞ւմ, չէ՛, բալա ջան, էսքան խալխի մեջ մեկը չկա, որ սիրտը դաղված չըլի։ Հրես, է՜, էս խիզանի, էս կնանոնց միջին մինն էլա կա ոչ, որ յա տղեն, յա մարդը, յա ախպերը կորած չըլի... Դիփս էլ էրված ենք... Հիմի էլ դուք եք եկել, լավ եք արել, բարով եք եկել, մեր երեսը ձեր ոտի տակը... Խոսալդ էլ իրան կարգին, համա ասա՝ էս կռիվներին մի տուտ, պուճախ, մի վերջ, մի հատնելիք, մի ծեր կա՞, թե քանի սաղ ենք, պետք ա իրար ջնջենք... Չե՛ս գիդում, է՜, չե՛ս գիդում, թե ինչ ենք ուզում։ Ուզում ենք, որ էլ թվանքի տրաքոցի ձեն չիմանանք, պատրոնը երազ դառնա, բարութն էլ դարմանի համար ման գանք, գտնենք ոչ։ Ասում ես՝ ի՛նչ ա մեր ցավը, ա՜յ, էս ամենամեծը։ Թե որ կռվին վերջ կտաք, ես իմ պառավ տեղովը կուրանամ երկինք ու հրեշտակ, ձեր առաջը խունկ ու մոմ կվառեմ... Ի՞նչ կասեք, ա խալխ,— դիմեց ծերունին խմբված հասարակությանը։

— Դրո՛ւստ ա, ղո՛րթ ա, էդ ենք ուզում,— ձայն տվին ամեն կողմից.— Արություն ապերը դրուստ ա խոսում, նրա ասածն ա...

Ծերունին ոգևորված, թափ տվեց չիբուխը, ապա թամբաքուի քիսան թափահարելով՝ սկսեց լցնել, շարունակելով.

— Էդ մին։ Գլխացավանք չըլի, բալա ջան, ցավ շատ ունենք, օխտն օր պատմեմ, հատնիլ չի, համա մինն էլ ասեմ ու պրծնեմ։

— Ասա՛, հայրի՛կ, ասա՛, մենք էլ հենց էդ ենք ուզում, որ ամեն բան իմանանք, գուցե մի ճար գտնենք,— ասաց շտաբի պետն ու գլուխը կախ ականջ դրեց։

— Մեր մի ցավն էլ էն ա, որ... հրես տեսնում ես էս իգիթ տղին, հրես որ կողքիս նստած, կուռը կտրած ու առանց մի ոտի... Սա մի ասլանի բերան ճղող մարդ էր, օխտը հարամու դեմ գնացող. հիմի եսիր ա դառել, ոտը կոտրած ճուտի պես եսիր։ Օխտը տան ումուդը, հիմի ինքն ա ուրիշի ձեռին մտիկ տալի։ Է՛հ, քանի-քանի դրա պեսերը կան... Հա՛, խոսքիս քամակին մտիկ։ Մի խի՞ չես հարցնում, թե ինչիցն ա ըսենց ելել... էս մեր հայոց թագավորությունը որ եկավ, կգիդենաս, էդ թագավորության հետ էլ թուրքի ու հայի մեջ կռիվ ընկավ։ Եկան թե՝ ով նամուս ունի ու գլխին փափախ ա ծածկում, թող կռիվ դուս գա թուրքերի դեմ ու ճամփեքը բաց անի մինչի վազգալ։ Դե գիդաս էլի, դու էլ ես ջահել, կհասկանաս։ Ջահել տղեն, որ թուր ու թվանքը կապում ա, ձին նստում, հենց ա գիդում, թե սաղ աշխարհն իրանն ա, մարդիկ էլ ճանճեր են իր առաջ։ Էդպես էլ մեր ջահելները, նրանց մեջ էլ գլխավորը սա։ Գնացին, վրա տվին, մի գեղ էլ վառեցին, ապրանքն ու հացն էլ թալանեցին, բերին, «խումբերը» տարան, ինչ արին-չարին՝ գիդեմ ոչ, վերջն են դուս եկավ, որ սա ըսհենց էս օրն ընկավ, սրա պես էլ շատերը։ Ծամփեքն էլ բացվելու տեղ, հենց պինդ փակվեցին, ոնց որ օխտն երկաթի դուռ ու կողպեք ըլեն վրեն դրած։ Հիմի խոսքս ըտեղ ա գալի թե... էդ մեր տեսած ճամփեն բաց եք անելու, թե՞ մի թազա կռիվ էլ նոր պտեք սարքիլ.. Մենք որ կանք, իրարով ապրող մարդ ենք, Ղազախի թուրքերը, որ մինչև մեր արտերը հասնելը մեզ հաց չտան, մենք կկոտորվենք, թե որ մենք էլ նրանց մեր սարերը չթողնենք, նրանք էլ էնտեղ կկոտորվեն։ Մենք էլ ենք ադամորդի, նրանք էլ, շատ էլ, թե մինս թուրք ա ծնվել, մեկէլս հայ, իսան ենք, պետք ա ապրենք, չէ՜... Մի երկու օրվա կյանքը խի՞ ենք սև անում... Դինջ ու սերով ապրենք էլի ... էդ եմ ասում, թեկուզ նեղանաս էլ, յա խելքը պակաս պառավի տեղ դնես... Թե ով ա մեզանից արդար, ով ա մեղավոր, էդ հողը կջոկի, մենակ թե իմ աչքովը տենամ, որ առաջվա պես ճամփեքը բաց, լեն ու ազատ գնում-գալիս ենք, մեր հարևանությունն էլ հաստատ ա, էլ մեռնեմ, դարդս չի։ Դե, ես պրծա, ասելիք չունեմ էլ, մնացածը դու գիդաս ու էս խալխը։

Ծերունին վերջացրեց իր խոսքը ու մեջքը պատին դեմ անելով չոփով սկսեց չիբուխի կրակը խառնել, որ ծուխը վարարի։

Մի քանի հոգի էլ դեսից-դենից հարցեր տվին, խոսեցին, բայց ամենքի ասածն էլ նույն երկու գլխավոր խնդրի շուրջն էր պտտում։ Նրանք միայն ավելի մանրամասնություններ էին ավելացնում և ավելի սարսափելի պատկերներ նկարագրում, թե ինչպես մեծ պատերազմից սկսած մինչև էդ օրը գյուղն անվերջ կռիվներից, սովից ու հիվանդություններից տանջվել ու քայքայվել է։

Ամենքն անհամբեր սպասում էին, թե ինչ կասի մեծավորը, որը գլուխը կախ լսում էր, ու երբեմն թափահարում, երբ լսում էր մեկմեկու ետևից պատմվող սոսկումների շարանները։ Նա կամաց գլուխը վեր քաշեց ու հաստատ, վճռական ձայնով ասաց.

— Խորհրդային իշխանությունը ձեր իշխանությունն է, այսինքն ձեր ծոցից դուրս եկած բանվորների ու էստեղ մնացած չքավոր գյուղացիների։ Այժմ մի բան կարող եմ հաստատ ասել, որ ձեզանից ամեն մեկը, տղամարդ թե կինարմատ, կարող է մեն-մենակ, ազատ գնալ կայարան, նրա մազին դիպչող չի լինի, ճանապարհը բաց է ու ազատ։ Եթե կուզեք՝ հենց էսօր փորձի համար կարող եք մի քանի հոգի ուղարկել մեր մարդկանց հետ կայարան, որոնք նավթ, աղ ու ալյուր են բերելու զորքի համար։ Էս մի հարցը վճռված Է։ Ինչ վերաբերում է մյուսին, որ պատերազմ այլևս չլինի, մենք հույս ունենք, որ մինչև մի երկու ամիսը դուք այլևս ոչ մի հրացանի ձայն չեք լսի։ Ինչպես դուք եք կռիվներից բեզարել, այնպես էլ ձեր հարևան թուրքերը. և որովհետև իշխանությունը ձեր ձեռքին է, և դուք էլ կռիվ չեք ուզում, պարզ է, որ այլևս կռիվ չի լինի։ Կապրենք, կտեսնենք։ Իսկ այժմ դուք պետք է ձեր միջից մարդիկ ընտրեք, որ գյուղը կառավարեն։ Ընտրեք էն տեսակ մարդկանց, որ ոչ գող–ավազակ լինեն, ոչ կռվարար-խառնակիչ, ոչ էլ նախկին տանուտեր կամ ստրաժնիկ, կամ թագավորի հին ծառայող, ղալլուղչի։

ժողովը վերջացած էր. ամենքի դեմքը պայծառ փայլում էր։ Մեծավորը մտավ շտաբի սենյակը, իսկ գյուղացիք սկսեցին սովորական աղմուկով խորհրդակցել, թե ով պետք է լինի գյուղի նոր կառավարիչը։

XI

Խորհրդային իշխանության առաջին բջիջն էր կազմակերպվում գյուղում՝ Հեղափոխական կոմիտեն կամ, ինչպես էն ժամանակ էին ասում, ռուսերեն կրճատ ձևով՝ Ռևկոմ։

Ծերերը չէին մասնակցում խոսակցությանը, որ պտտվում էր Ռևկոմի ընտրության շուրջը, իսկ եթե պատահում էր, որ կարծիք էին ուզում իմանալ, պատասխանում էին.

— Մեր դովրանը[8] անց ա կացել, հիմի ձերն ա գեղն էլ, նրա ցավն էլ, ում ուզում եք, ջոկեցեք, մենակ հենցին ջոկեցեք, որ գել չդառնա, էս գեղն ուտի։

Ջահելները կանգ էին առել Կիկոսի վրա, որն էդ միջոցին իրեն տանը Իվանին ձվածեղով էր հյուրասիրում և իսկի միտք էլ չուներ խառնվելու որևէ գործի, թեև կինը ամառվա շոգին ծառի ծերին թառած ճեճենի[9] նման ճտճտում էր ու համոզում մարդուն, որ «գեղի տերը» դառնա։

— Տղերք,— ձայն տվեց ջահելներից մեկը,— Կիկոսից հարմարը չկա, հրեն մի հոգու էլ տարել, ղոնաղ ա արել։ Գնանք բերենք, թող Ռևկոմ դառնա, թե որ էս մեծավորը համոզվի...

— Ընկեր Կիրակոս, գյուղացիք ուզում են, որ դու Ռևկոմի նախագահ դառնաս, ի՞նչ ես ասում։

— Ինչ պետք է ասեմ, հընգեր մեծավոր, ի՞նչ կոռից եմ փախել, որ էդ կոռիցը փախչեմ, գեղ ա, հրամայում ա, ես մի Կիկոս, ո՞նց ատկազ անեմ, մենակ ասեք, թե ի՞նչ պետք ա անեմ. Ռևկոմն ի՞նչ զադ ա։

— Ռևկոմի նախագահի պարտականությանն է գյուղը կառավարել. նրա ամեն հոգսն ու ցավը հոգալ, մի խոսքով՝ իշխանությունն է գյուղի մեջ։

— Հա՜... — ծոր տվեց Կիկոսը,— յանի ոնց որ քյոխվեն էլի։

— Այո՛, մոտավորապես էդպես մի բան, միայն ոչ քյոխվի պես անօրեն բաներ անող.— պատասխանեց մեծավորը և հենց ուզում էր շարունակել Ռևկոմի պարտականությունների բացատրությունը, երբ Կիկոսն ընդհատեց նրան.

— Հընգեր մեծավոր, արի մի բան ասեմ, համա նեղանաս ոչ։

— Ասա։

— Էդ իմ բանը չի, իմ տունն ինչ իմ տունն ա, էն էլ իմ կնիկն ա կառավարում, ես կարա՞մ գեղ կառավարեմ, միտքս վարիլ չի, խելքս կտրիլ չի. մի սխալ բան կանեմ, կտան գլուխս կթակեն, էսքան տարվա սաղ-սալամաթ պահած գլուխս...

— Իսկ եթե գյուղը իր պահանջի վրա պնդի, և ես էլ ստիպված լինեմ կարգադրել, որ դու Ռևկոմ մնաս, դրան ի՞նչ կասես:

— Դե որ հրամայես, ինչ կարամ անեմ, ես հրամանից կարամ փախչե՞մ։ Միթամ որ հիմի հրամայես, թե՝ Կիկոս, վեր կաց էն մեծ քարի ծերիցն ընկի, ջարդուփշուր արի, հրամանդ կարամ չկատարե՞մ, խի՛, ես քանի՞ գլխանի եմ... էս աշխարհը հեն ա ստեղծած, որ մեծավոր ու փոքրավոր ըլի. մեծավորը կհրամայի, փոքրավորն էլ կկատարի. ես որ կամ, էդ փոքրավորների ցեղիցն եմ, աստոծ ըտենց ա կամեցել, ինչ որ հրամայեք, կկատարեմ, համա ես մեծավոր դառնամ, գեղ կառավարե՜մ... սաղ աշխարհն ինչ կասի, թե տեհեք, տեհեք, անտեր գեղի գլխին ով ա իշխան դարձել...

Այստեղ մեծավորն ընդհատեց Կիկոսին ու հետաքրքրությամբ մեկ էլ դիտելով նրան, ժպտալով թե՝

— Կիրակոս, ընկեր Կիրակոս, էդ ո՞նց լեզուդ բացվել, փիլիսոփա ես դարձել, բա որ առաջին անգամ քեզ բռնել բերել էին ինձ մոտ, ինչո՞ւ չէիր կարողանում երկու բառ ասել, իսկ հիմի էդպես ճառում ես։

— Կբախշես, հընգեր ջան, ես մի խեղճ մարդ եմ. թող գնամ իմ բանին, շատ կխոսացնես, կտամ մի սարսաղ զրից կանեմ... Դե, խի, դու գիդում չե՞ս, որ շունն իր դռանը զալում կըլի...

Գյուղացիք, որ հետաքրքրությամբ հետևում էին այս խոսակցությանը, առաջին անգամ տեսան ու համոզվեցին, որ Կիկոսը էնքան էլ անխելք ու սարսաղ մարդ չի, ինչքան իրենք կարծում էին մինչ այդ, մանավանդ որ նա շատ համարձակ էր խոսում իր մեծավորի հետ, որը լսելով Կիկոսի առարկությունները, առաջարկեց գյուղացիներին նոր մարդու հանձնել Ռևկոմի նախագահությունը, որից հետո արձակեց Կիկոսին, որն ուրախությունից թռչելով հասավ տուն և դռան շեմքին սպասող կնոջը թե՝

— Կնիկ, աչքդ լիս, գլուխս խաթից լավ ազատեցի, էշս դուս քաշի, գնամ Իվանի համար չոր փետ բերեմ։

Թազագյուլը, իհարկե «հողեմ-ցխեմ» արավ, մարդուն անիծեց, իր անբախտ գլուխը սգաց, որ «ծալը պակաս» մարդ ունի. փորձ արավ համոզել Կիկոսին՝ ասելով, թե՝ «բախտը եկել, դռանը չոքել ա, դու բախտին քացի ես տալի» ու նման բաներ, բայց Կիկոսն անդրդվելի էր։ Նա էդ խոսքի կարկուտին ու կնոջ կատաղած գոռգոռոցին մի պատասխան տվեց, թե՝

— Կնի՛կ, չես ասում, թե խաթեն ա դռանս չոքել, ասում ես, թե բա՞խտն ա չոքել... Քանի՜-քանի քյոխվա, քանի՜–քանի մեծ-մեծ չինովնիկ մարդիկ կային մի ժամանակ, հիմի ո՞ւր են, որին սպանել են, որը փախել ա քարեքար, սարեսար ընկել, համա ես միշտ կամ ու կամ։ Էշս սաղ ըլի, նրա մեջքովն էնքան կաշխատեմ, որ տանդ լիսն ու կըակը անպակաս կըլի։ Ես մեծավորին էլ կխնդրեմ, թե կարելի ա մորթած կովի ու տարած եզների տեղ մի բան տա, վարից-ցանից չընկնեմ, երեխեքս էլ թաց ու ցամաք անեն... Ես ասում եմ մարդ դառնանք, մարդավարի մեր հալալ ապրուստին, վարուցանին կենանք։

Մարդ ու կնկա կռիվն էնքան շատ չերկարեց, որովհետև Կիկոսն իր էշը գոմից դուրս քաշեց, չուլը վրեն գցեց ու առաջն արած մոտիկ անտառը չոր փայտի էր գնում։

Երբ Կիկոսն իրիկնադեմին անտառից տուն էր դառնում էշին չոր փայտ բարձած ու միտք անում, թե ինչպես պետք է Իվանն ուրախանա ու շնորհակալ լինի, սարի լանջին նկատեց, թե ինչպես մեծ ճանապարհով ձիավորներ է, որ քշած գնում են, հա գնում, դեպի վերև։

«Կռվի վախտը սհենց բաներ շատ կպատահի», միտք արավ նա ու բզեց իշին, որ առաջ շարժվի ու շուտ տուն հասնի։ Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ տուն հասնելուն պես նկատեց, որ Իվանի բրիչկեն (ինչպես ինքն էր ասում շարժական խոհանոցին) տան դռանը չի։ Նրա շփոթված հարցին կինը պատասխանեց, թե ինչ–որ պոպոզավոր կար, գնացին, կռիվը շարունակվում է, իսկ գյուղը մնացել է անտեր։

— Պա՛հ, կնիկ, հիմի որ տուններս քանդվեց, թե որ դրանք ըստիան քոչեցին։—Ապա իշի բեռը քանդեց ու կամաց ցած թափեց։

Գյուղում մի անասելի աղմուկ–իրարանցում կար։ Ամենքին ժողովի էին բերել։ Ռևկոմն ընտրված էր արդեն։ Մեծ մասը ջահելներ էին, իսկ նախագահը կռնատ Արտեմն էր, ձախ թևից զուրկ մի մարդ, որի կուռը Բաքու մաշինի տակն էր ընկել «Մանթաշովի պրոմըսլումը»։

Բացի Հեղափոխական կոմիտեից, գյուղն զբաղված էր մի բոլորովին նոր ձևի մարմնի կազմակերպությամբ. դա կոմբջիջն էր, կամ կոմյաչեյկան։ Ինչպես պատմում էր կազմակերպող կարմիրբանակայինը, դա, էդ յաչեյկան էր լինելու գյուղի ամենաաչքաբաց ղեկավար մարմինը, խորհրդային իշխանության արթուն հսկող աչքը։ Իհարկե, ամեն մարդ չի կարող մտնել յաչեյկան, ուստի առաջին հերթին յաչեյկայի անդամ դարձան էն գյուղացիները, որոնք այս կամ այն կերպ դժգոհ լինելով նախորդ իշխանության քաղաքականությունից, անցել էին Կարմիր բանակի կողմը և զենքը դարձրել դեպի նախկին տերերը։ Այդպիսիների թիվը քիչ էր առայժմ, որովհետև շատերը չէին վերադարձել դեռևս շարունակվող կռվի դաշտից։

Կիկոսն, իհարկե, անմասն չմնաց այս ամենից։ Նրան էլ կանչեցին ժողովի, խոսեցին զանազան հարցերի մասին, որից նա շատ բան չէր հասկանում, և առաջարկեցին մինչև անգամ մտնել յաչեյկայի մեջ, բայց Կիկոսը հրաժարվեց։

Կիկոսի հատուկենտ պատասխանից երևաց, որ նա յաչեյկայի մարդ չէ, որից հետո նա թողեց ժողովը ու գնաց տուն ինքն իրեն միտք անելով էդ բաների վրա, թե ինչ է լինելու վերջը։ Նա կնոջ հետաքրքրությունը բավարարեց էսքան միայն ասելով թե՝

— Դրուստ ա, էդ յաչեյկան քյասիբ մարդկանց համար շատ օգտակար բան ա ասում, համա էն որ քյոխվի, սուդյի, առաջուց ստրաժնիկութին արածի, ուզբաշու[10], տերերի ու էդ տեսակ մարդկանց հակառակ ա, էդ մինը լավ չի...

Թազագյուլը էստեղ էլ մի լավ հայհոյեց իր անբան մարդուն ու հետաքրքրվեց, թե կնիկարմատը կարո՞ղ է մտնել յաչեյկա։ Կիկոսը չգիտեր։

— Քու գլխին փափախ դնողի, իմ գլխին լաչակ գցողի ձեռը կոտրի,— ասաց վրդովված Թազագյուլը, — հալա կաց մի տենամ, թե կնիկը Ռեմկո յա յաչեյկա կարա դառնա, տես աչքդ կհանեմ, յաչեյկա կդառնա՞մ, թե չէ...

Ամբողջ գիշեր գյուղը զբաղված էր իր Հեղկոմի և կոմբջջի կազմակերպությամբ։ Առավոտյան դեմ կռվից վերադարձան գյուղի տղաներից շատերը, որոնք ավելի կենդանացրին գործը։ Նրանք ափսոսանքով պատմում էին, թե ինչպես թշնամին իր հետ բանտարկված տեղից տարել է Կարոյին և փչացրել, այսինքն ճանապարհին սպանել։

Նոր կազմակերպված կոմբջջի առաջին հոգսն եղավ Կարոյի ընտանիքի դրությունը բարելավել, գոնե հացով ապահովել, որ երեխաները սովի ձեռին չկոտորվեն, ապա մի քանի թերահավատ մարդկանց կանչեց ու յաչեյկայի տղաներից երկու հոգու հետ միասին ճամփեց կայարան, որ վերջնականապես համոզվեն, թե ճամփաները դեպի կայարան, Ղազախի թուրքերի միջով, միանգամայն աներկյուղ են ու ապահով։ Գնացողները նույն երեկոյան վերադարձան պատմելով, թե ամեն բան խաղաղ ու հանգիստ է, ասելով, թե՝ «Ուզում ես գլխիդ մի սինի ոսկի դի ու ազատ-համարձակ մեն-մենակ գնա, իսկի մոտ եկող ու ասող էլ չի ըլի, թե աչքիդ վերևը սև ունք կա»։

Ամբողջ շրջանում կռիվները դադարել էին, երկիրը դարձել էր խորհրդային, միայն լուր կար, թե Զանգեզուրում դեռ կռիվներ կան, թե «խումբերը» էն սարերում դիրք են բռնել և ուզում են իրենք ժողովրդի գլխին նստած մնան։

Իշխանությունը տեղերում ամրանում էր, կառավարությունը հայտարարել էր, թե՝ «Ով որ սխալվել ա, դուզ ճամփից ծռվել, խալխին վնաս տվել ու հիմի փոշմանել ա իր արարքից և ուզում ա իր տուն գա, իր հալալ աշխատանքին կենա, կառավարությունը նրան ներում ա»։ Էսպես էր ձևակերպում գյուղացին խորհրդային իշխանության հայտարարած ամնիստիան կամ ինչպես ասում էին «մանիֆեստը» և ավելացնում, որ «շատ մեծահոգի կառավարություն ա»։

Փախածներից ու մոլորվածներից շատերը վերադարձան, որոնցից մի քանիսը դեռ թերահավատությամբ էին վերաբերվում դեպի խորհրդային իշխանության հաստատ մնալը, բայց վախենում էին այդ մասին բացարձակ խոսել։ Դրանք գյուղի նախկին տերերն էին, «ջոկ-ջոկ գռփող, մեկ տեղ ուտողները», որոնք խոսքը տեղը եկած միջոցին իրար ականջի փսփսում էին. «Թագավորի թախտից ընկնելու օրից քանի-քանիսն են եկել ու գնացել. սրանք էլ երկար չեն մնա»։

Բայց հակառակ նրանց կամքին ու ցանկությանը, խորհրդային իշխանությունն օրըստօրե ավելի էր արմատները խոր ձգում, ժողովրդին վստահություն ու հավատ ներշնչում։ Խալխը լավ էր ճանաչում էդ «ատամները հանած գելերին», և նրանց նոր անուն էր դրել՝ կոնտրիկ[11] կամ հակա։

Էդ կոնտրիկները երբեմն միայն ձայն էին բարձրացնում, եթե հարցը վերաբերում էր կրոնին կամ մկրտության, ամուսնության և թաղման ծեսերին։ «Պապական օրենքը ոտնատակ են տալիս», ասում էին նրանք, «մեռոնն ու սուրբ խաչը անպատիվ են անում»... Եվ այս ձևի աղմուկը ավելի մեծացավ, երբ մի քանի ամսում կազմակերպված կոմերիտմիությունը գրավեց եկեղեցին, վրայի խաչը հանեց, տեղը մի փոքրիկ կարմիր դրոշակ դրեց ու սկսեց իր ժողովները այնտեղ անել, ուր և հիմնեց մի փոքրիկ գյուղական խրճիթ-ընթերցարան։

Էդ օրերին էր, որ Կիկոսը բանից բեխաբար, ուզեց մի մատաղ մորթի ժամի դռանը և պատարագ անել տա իր մեռած պապերի ու հորն ու մոր հոգու փրկության համար, երբ մին էլ եկեղեցու մոտից անցնելիս լսեց, թե ինչպես երեկոյան ժամերգության տեղ կոմսոմոլի երգն է հնչում եկեղեցու ներսում։ Տերտերն էլ ինչ աոաջի օրը, երբ «պոպոզավորները» եկան, փախել էր ու դեռ չէր վերադարձել։

Կիկոսը միտք արավ, միտք ու բան չհասկացավ էս փոփոխությունից։— Հալբա՜թ,— վճռեց նա,— աստծուն էլ են թագավորի պես իրան թախտիցը վեր գցել, էլի՛, որ ժամն էս օրին ա... թե չէ գլխներին կրակ վեր կածեր...»։ Էս մտքի մեջ էր, որ առաջը ցցվեց ժամկոչ Եփրեմը ու դառնալով Կիկոսին, թե՝

- Կիկո՞ս, հը՜... Միտք ես անում, թե ես ոնց էն ժամը և-ևս արե՞լ... Սաղ աշխարհը քանդեցին, քանդեցին... Ես, ջինդար Սողոմոնն ու սուդյա Գալուստը ժողով ենք արել, ուզում ենք մի և-ևս գրենք, որ կառավարությունը էս մեր ժամը և-ևս անի. ինչ որ հավատացյալ կա հալա աստծու ճամփիցը չելած, պետք ա էդ թուղթը և-ևս անի, ստորագրի, թե չէ մեր մեռելները էն աշխարհում կրակի միջին և-ևս կըլեն, մեր հանդերն էլ կարկուտը կգա և-ևս կանի... Արի գնանք սուդյա Գալուստի տուն, նա շատ բան և-ևս կանի, կպատմի սրանց անօրինությունների մասին։ Դու էլ... նավակատիկ ա գալի, մարդ պետք ա իր մեռելների համար և-ևս անի, էս ժամի դռանը չըլի, հրեն թող էն ավագ–սուրբ նշան խաչն ըլի. մատաղդ ընդեղ և-ևս արա, մենք կգանք, և-ևս կանենք։

— Յանի՜... խնամի Եփրեմ, — ծոր տվեց Կիկոսը, — ասում ես գամ, թե ի՞նչ անեմ. թուղթ եք գրում, գրեցեք. մի քանի հետ ես թղթի տակ ձեռք եմ քաշել, որ հիմի ձեռք քաշե՞մ... Ես անգրագիր մարդ եմ, ուզում եք իմ տեղ ձեռք քաշեցեք ու «վասն անգրագիտության» արեք, ոնց որ էն վաղ վախտը պրիգորն[12] իք սարքում:

— ՉԷ՛, է՞, չէ՛... Կիկո՛ս, գիդում չես բանն ինչ տեղ ա. ժամը խլել են, տերտերին չեն ընդունում, կնունքն ու պսակը և-ևս են արել, պետք ա ժողովուրդը բողոք տա, և-ևս անի, դու հո խալխիցը ե՞տ չես մնա, էգուց էլ մի մեռել կունենաս, տանը կհոտի, առանց տերտերի հու չե՞ս թաղիլ, օրենք կա, ծես կա, աստված և-ևս կանի, արի գնանք։

— Չէ՛, ախպեր, էդ իմ բանը չի,— գլուխը բացասաբար շարժեց Կիկոսը։— Ինչ ուզում եք արեք, աստծու ցավը հու ինձ չեն տվել: Աստոծն իր աստոծ տեղովը... մեղա աստծու... որ կարում չի սրանց հախիցը գա, մի Կիկոսն ի՞նչ կարա անի։ Կտաք գլուխս մի փորձանք կբերեք, թող գնամ իմ ցավին,— ասաց Կիկոսն ու ճամփա ընկավ դեպի տուն։

ժամկոչ Եփրեմը նրա ետևից մի արհամարհական հայացք գցեց ու գլուխը թափահարելով թե՝

— Դիփդ էլ ըտհենց եք անում, որ ամեն բան և-ևս ա ըլում, է՜...

Կիկոսը տանը պատմեց կնոջը եկեղեցու պատմությունը և շատ զարմացավ, որ կինը ամեն բան գիտեր և, որ գլխավորն էր, հայհոյում էր սրբերին ու եկեղեցուն՝ ասելով, թե դրանք սուտ, հնարովի բաներ են ժողովրդին խաբելու համար, և պատմեց Կիկոսին, թե ինչպես քաղաքից մի կին էր եկել գյուղ, ժողով արել, կանանց հավաքել ու էդ տեսակ բաների մասին պատմել, ու թե ինչպես Կիկոսի կինը մտել է գյուղի կանանց «կին-բաժնի» մեջ ու շուտով յաչեյկա պիտի դառնա։

Կիկոսը մեկ ուզեց բարկանա կնոջ վրա, մեկ էլ հետաքրքրությունը բավարարելու համար հարցրեց.

— Յանի աստծուն թախտից գցե՞լ են...

— Շաշ գլխիդ ձյուն գա,– պատասխանեց կինը քիչ զայրացած ձայնով,— աստոծ թախտ ա ունեցել, որ վրիցը վեր գցե՞ն. մի գնա յաչեյկա, տես ինչեր են պատմում, է... Դիփ սարքովի բաներ են: Էհ, ես էլ մարդ եմ գտել, ուզում եմ բան հասկացնեմ, էլի՜։ Ոնց որ Կիկոս աշխարհ ես եկել, ընենց էլ Կիկոս գնալու ես, էս աշխարհից բեխաբար։ Ես «կին-բաժին» եմ դառել, տղես էլ կոմսոմոլ, դե գնա հենց քու էշի հետ զրից արա։

Կիկոսն էս ամենը լուռ ու մունջ լսում էր, առաջը դրած հաց ու պանիրը ծամելով, որը վերջացնելուց հետո կնոջը թե՝

— Է՛, ա՛ կնիկ, կնիկ ես, էլի՛, քեզ ի՞նչ ասեմ, սարսաղ–սարսաղ դուս ես տալի, բա հերո՞ւ խի չէիր ըտհենց խոսում, ժամումը մոմը ջուխտ-ջուխտ իր վառում, մատաղն էլ քու ձեռով բաժանում, հիմի եկել ես թե՝ աստոծ չկա։ Մի հալա և-ևս Եփրեմին էլ հարցրու, է՜... Համա ինձ ինչ, ես կռվի հետ դավի չունեմ. կասեն՝ աստոծ կա, ժամ գնա, կգնամ, կասեն՝ էլ աստոծ չկա, ժամիցդ դուս արի, հիմի էլ դուս կգամ, մենակ թե գլուխս թակեն ոչ, էշս էլ ձեռիցս առնեն ոչ...

Ճիշտ է, Կիկոսը էդպես պատասխան տվեց կնոջը, բայց սաղ գիշեր միտք էր անում էդ մասին ու չէր կարողանում մի եզրակացության գալ, թե առանց աստծու աշխարհիս բանը ոնց ա շուռ գալու։

Իսկ մյուս օրը հանդում, ազատ ժամին մոտենում էր էշին ու աստծու գոյության ու չգոյության մասին հետը զրույց անում, ասելով.

— Հիմի, էշ ջան, ես քու տերն եմ, ասենք քու աստոծը, ես որ ըլեմ ոչ, բա քեզ ո՞վ կպահի, էս ձորի, էս քոլի միջին գելերը կգան ու քեզ կուտեն, էլի՛, հը՛, դրուստ չեմ ասո՞ւմ... Հալբաթ որ դրուստ եմ ասում, համա որ աստծու տունը ձեռիցը խլել են, նա խի՞ չի երկնքիցը կրակ թափում խլողների գլխին, հը՞, բալքի մե՞ռել ա... Բա աստոծ կմեռնի՞...Հը՛, էշ ջան, դե մի ջուղաբ տա, էլի, վա՜յ քու տերը մեռնի ոչ, ինչ անլեզու հայվան ես։ —Ասում էր Կիկոսը ու նորից իր մտածմունքների ծովն ընկած գործի կենում։

XII

Կյանքը քանի գնում, էնքան ավելի կանոնավորվում էր: Գյուղը կառավարվում էր տեղացիներով, դրսից միայն մի կոմբջիջի քարտուղար կար, որը սովորեցնում էր, թե ինչպես պետք է կառավարվի նոր գյուղը, խորհրդային իշխանության գյուղը։ Երբեմն դասախոսություն էր տալիս, երբեմն էլ հարց ու պատասխանով օրենքներ էր բացատրում, իսկ ամենից շատ խոսում էր բնության երևույթների մասին, որ չափազանց հետաքրքրում էր սնոտիապաշտ գյուղացիներին:

էս կոմբջիջի քարտուղարը զարմանալի երիտասարդ էր. գլխին էր հավաքում ահել ու ջահել, փորձեր էր անում, ջրից գոլորշի հանում, գոլորշին նորից ջուր, «անձրև» շինում, և էդպեսությունով համոզում մարդկանց, թե ամեն բան գիտության ձեռին է, թե երկնքում ոչ մի գւաղտնիք չկա, թե ամպն ու կարկուտը սովորական բաներ են և այլն:

Իհարկե, էս բանը դուր չէր գալիս կոնտրիկներին, որոնք հարմար դեպք էին փնտրում, որ հարցերով նեղը լծեն՝ ասելով, թե ամենը աստծու ձեռին է և այլն, բայց միշտ էլ իրենց արժանի պատասխան էին ստանում ու ետ քաշվում քոռ–փոշման։

Ճանապարհը դեպի կայարան ու քաղաք ազատ էր ու բաց, ոնց որ «ջաղացի ճամփա», ինչպես գյուղացիք էին բնորոշում, կռիվները միանգամայն դադարած, հրացանի ձայնն այլևս չէր լսվում... գյուղացուն սրանից ավելի էլ ի՞նչ էր պետք։ Ամեն մեկը սկսել էր իր կոտրածը նորոգել, ճղվածը կարկատել, կորուստը փնտրել, մի խոսքով՝ առաջները գարուն էր գալիս, ու ինչ որ աշնանը չէին կարողացել ցանել, պատրաստություններ էին տեսնում, որ գարնանը լրացնեն։

Էնպես էր կյանքը ազատ ու շինարար, երբ մի իրիկուն Կիկոսը տուն դառնալիս նկատեց, որ գյուղն ինչ-որ իր տեսածը չի, էլի փոխվել է։ Ցուրտ, ղիամաթ ձմեռվա կեսին մարդիկ, փոխանակ գլուխները ծածկի տակ կոխելու, դուրս էին եկել ու... գյուղը բլթբլթացող եռման ջրի պես նորից տակնուվրա էր եղել։ Բանն այն է, որ գյուղը նորից լցվել էր պոպոզավորներով, ինչ-որ «յաչեյկա» կար, ամենքը զինված էին։ Գյուղի վերին կողմը գտնվող սարերի ծերին պահապաններ կանգնած հսկում էին. մի խոսքով՝ ինչպես պատերազմի ժամանակն է լինում։ ճիշտ էդ տեսակ դրություն էր։

Կիկոսը իր էշը «չո՜ւ, հա չո՜ւ» անելով, սառած գետնի վրայով հազիվ էր հասել տան դռանը, երբ առաջը կտրեց յաչեյկա Գավիթը ու Կիկոսի վրա բարկացավ թե՝ — Էն ի՞նչ ես խոսացել և-ևս Եփրեմի հետ։ Կիկոսը շշկլվեց։ Չէ՞ որ երկուսով էին եղել խոսելիս ժամի պատի տակ, սա՞ որտեղից է լսել։

— Բան չեմ ասել, Դավիթ ջան, ժամի մասին ենք քիչ զրից արել, վնասակար բան չեմ ասել։

— Դե, տանդ վեր կընկնես ու էլ դուրս չես գա, թե չէ, որ մին էլ քեզ տեսել ենք էդ Եփրեմ-զադի հետ, թամամ որ «և-ևս» կանենք։

Կիկոսը թուքը-մուքը ցամաքած տուն մտավ ու կնկանը պատմեց, թե ինչպես յաչեյկա Դավիթը իմացել ա իր խոսակցությունը և-ևս Եփրեմի հետ։

«Սատանի ջինս են, ինչ են, էդ յաչեյկեքը, ամեն մի պուճախում աչք ու անգաճ ունեն...» — ինքն իրեն, բայց բարձր փնթփնթաց Կիկոսը, որին կինը գազազած պատասխանեց, թե ինչ–որ կոնտրիկ կա, բոլորին էլ բռնել գոմն են ածել։

— Ի՞նչ ա պատահել, կնիկ, գեղը խի՞ ա էլ ետ խառնվել, անջախ հալալ ապրուստի տեր ինք դառել։

— Հալալ ապրուստը գլխիդ դիպչի, չոռ ու ցավ ա պատահել, «խումբերը» էլ ետ Երևանը խլել են ու գալիս են դբա մեզ, դե տղա ես, հիմի դիմացի։ Բացվել ա, որ ամեն գեղի կոնտրիկ նրանց հետ կապ ա ունեցել, դրա համար էլ դիփանանցը բռնոտել են, ու լավ կըլի, որ շանսատակ անեն. անջախ էր հացներս հալալվել, էլի ուզում են հարամ մկան պես կարասն ընկնեն, մուրտառեն։

— Բա հիմի ասում ես, որ բանը խարաբ ա, էլի՞...

— Խարաբ ա, թե խարաբ չի, ըտհենց ա։

— Բա որ քեզ ասում ի, ա՛ կնիկ, թե տեղդ ծանր նստի, ո՞նց էր իմ խելքն ու քունը։ Ուզում իր, որ Ռևկոմ դառնամ։ Հիմի ո՞նց ես, որ գան ու էս քու Ռևկոմին ժամի զանգակատանից կախ անեն. բա ձեր կին-բաժինքը ի՞նչ ա շինում, դե դուս արի, դոշդ գյուլլին դեմ արա, է՜,— հեգնեց Կիկոսը.— մի քե՛զ էլ մտիկ, ինձ էլ, ետով բանի խառնվի, է՜։ Խի՞ չես ոտդ յորղանիդ գյորա մեկնում, հը՞... ո՞ւմ աղջիկն ես, յա ո՞ւմ կնիկը... Գիդում չե՞ս, որ ինչքան աշխարհը փոխվի, էլ էտ յումրուղը քյասիբի գլխին ա դիպչելու... Դե գնա՜ հիմի կին-բաժինք դառ, ինձ էլ Ռևկոմ շինի։ Եկել են, թե՝ Կիկոս, խի՞ ես երեցփոխ «և–ևս»–ի հետ ժամի կողքին զրից արել... Կնի՜կ, հրես «խումբերը» կգան, էլ ետ կսկսվի հին նաղլը...

— Ի՛հ, հողեմ ես նրանց գլուխը, սաղ ըլեն մեր պոպոզավորնին. հրես եկել են մեզ թև ու թիկունք։ Վա՜յ նրանց շաշ հալին կենա. ասում են՝ մեր տերտերն էլ ա նրանց հետ. փարաջեն հանած, պատրոնդաշնին ջուխտ-ջուխտ կապած գալիս ա։

— Կգա, բա գալ չի՞, տունը խլել, ժամը քանդել են, բա գալ չի՞...

— Ա՛ սևասիրտ,— ճչաց կինը,— ձենդ կտրի, կիմանան կտանեն իշախառանջի պես կսատկացնեն։

Կիկոսը նոր ուշքի եկավ, որ ավելորդ բաներ շատ է խոսել ու լեզուն բունը կոխելով թե՝

— Ա՜ կնիկ, արի չուլն ինձ տու, գնամ էս գիշեր գոմումը քնեմ, աշխարհիս խառնակ վախտն ա, կգան, ունենք–չունենք մի էշ ու մի կով, կառնեն կտանեն...

Ու մինչդեռ կինը հորդորում էր, որ մարդը տանը մնա, Կիկոսը հին կարպետն ուսին գոմը մտավ և կովի առաջը խոտ գցելով, մոտեցավ էշին ու սկսեց տխուր-տխուր պատմել նրան եղելությունը.

— Մի՞տդ ա, էշ ջան, էն «խումբերը»... էն որ մեզ իրարից ջոկեցին... Էն «խումբերը» էլ ետ գալիս են, ի՞նչ պտենք անիլ...

Ապա տեղավորվելով ախոռում, գլուխը մսուրին դրեց ու կես քնի մեջ մրմնջաց.

— Բալքի լավն էս ա՜... — ու քնեց։

Առավոտը Կիկոսը վեր կացավ ու հենց էն է՝ պատրաստվում էր, թե էշն առաջ անի ու հանդը գնա, երբ յաչեյկա Դավիթը եկավ և կանչեց գեղամեջ, ու մի քանի անծանոթ մարդ նստած քյոխվա Սարիբեգի առաջվա տան սենյակներից մեկում (որ հիմի յաչեյկայի ժողովատեղն էր), առաջները թղթեր դրած կարդում ու շուռ ու մուռ էին տալիս։

Մի մեծ դավթար բաց արին, թերթեցին ու մի երեսի վրա կարդալով Կիկոսի անուն-ազգանունը, ծնված թիվն ու էլի մի քանի մանրամասնություններ նրա կյանքից ու ապրուստից, հարց տվին, թե նա երեցփոխ Եփրեմի հետ ինչ է խոսել ժամի մոտ էն իրիկունը, որի մասին մենք արդեն գիտենք։ Կիկոսը մի առ մի պատմեց, զարմանալով՝ նախ, որ իր անունը «դավթար ա ընկել», երկրորդ, որ էս անծանոթ մարդիկ ամեն բան գիտեն, ամեն մարդու ճանաչում են, ու թե որ «մուկն իր պոչը հանդում ժաժ տա, սրանք էստեղ արդեն տեղեկություն կառնեն», ոնց որ ինքն էր պատմում կնկանը։

Կիկոսին երկար չպահեցին, միայն սաստեցին, որ առայժմ տանից չհեռանա, որովհետև քննության համար կարող է պետք գալ, և շատ էլի էնպես բաներ ասացին, որից Կիկոսը բան չհասկացավ։

— Հրաման քեզ, հընգեր, տանից թե ոտս դուս դնեմ, թող երկու ոտս էլ փշրվեն, որ հրամայեք, Կիկոսը հաց էլ չի ուտիլ, մի ղալաթ ա՝ արել եմ, ես չէի գիդում, թե էդ գլխամեռ և-ևս-ի հետ չի կարելի խոսել, հիմի որ հրամայում եք, ո՛չ կխոսեմ, ո՛չ կլսեմ։

Կիկոսը տանը նստած կնկանը պատմում էր իր գլխին եկած փորձանքի մասին, երբ ներս մտավ նրա աներձագ Ունանը և պատմեց, թե ինչպես կոնտրիկները բունտ են սարքել բոլշևիկների դեմ, և թե ինչպես այժմ կռիվներ կան Երևանի մեջ ու նրա մոտերքը...

— Ունան ջան, հո վնաս չի գալ,— կես վախեցած, կես սարսափած հարցրեց Կիկոսը։

— Կարող ա գա, թե որ բալշևիկը հաղթի ոչ։

— Հեդով էդ կըլի՞ ո՜ր...

— Իմ գիդալով դա անկարելի բան ա, չունքի հիմի խալխը դիփ բալշևիկի կողմն ա, հենց ինքը բալշևիկ ա, էլ «խումբերը» կարող չեն գան, նամանավանդ, ոնց որ սուդյա Գալուստն ա ասում, թե որ էս մեր կոնտրիկներին ու մի երկու ղաչաղ գյադա կան, նրանց էլ բռնոտեն ու մի «և-ևս» անեն, ոնց որ քու բարեկամ Եփրեմն ա ասում, այ էն վախտը թամամ կազատվենք, ու «գառն ու գելը իրար հետ կարածեն»։

Ունանը էլի շատ բաներ պատմեց, բայց ամենից զարմանալին, որ Կիկոսի վրա շատ ազդեց, այն էր, որ Ունանը նկարագրեց մի նոր տեսակի մարդկանց, որոնց «չեկա» էին ասում, թե ինչպես նրանք ամեն բանի տեղ գիտեն, ամեն մարդու ծնված օրից մինչև մահվան օրը կատարած գործերը գրած ձեռներին ունեն, և որ նրանց ձեռից ինքը` առերևույթ սատանան էլ չի կարող ազատվել։ — Յանի հիմի՜... — շշմած հարցրեց Կիկոսը,— էս տանը որ մենք զրից ենք անում, նրանք տեղեկություն ունե՞ն...

— Հա՛, բա՜ս... Ով գիդա հիմի էս տան կտերը կամ դռանը կանգնած մեզ ականջ կախած լսում են, թե ինչ ենք խոսում,— վստահ պնդեց Ունանը։

— Հիմի քու ասելով էն օրը ես որ հանդումը զրից արի, նրանք տեղեկություն ունեն, էլի՛...

— Ունեն, բա՜ս, ունեն, քամին էլ ա նրանց խաբար տանում...

Եվ Ունանը հրաշքներ պատմեց «չեկայի» մարդկանց մասին, է՛լ ավելի սարսափեցնելով Կիկոսին, որի թուքումուքը ցամաքել էր, լեղին ջուր դառել։

Էս խոսակցության միջոցին էր, երբ ներս մտավ յաչեյկա Դավիթը ու հայտնեց, որ սուդյա Գալուստին ու և-ևս Եփրեմին տարել են «կետրոն» ու իրանց պես կոնտրիկների ու մի քանի ղաչաղ գող-ավազակների հետ «և-ևս» են անելու, ապա Ունանին աչքով անելով ավելացրեց.

— Կիկոսին էլ ուզում էին տանեն և-ևս անեն, համա մեջ ընկանք համոզեցինք, թե չէ... բանը պրծած էր...

Կիկոսը կայծակնահարի պես սփրթնած, դարձավ դեպի Դավիթը և լեզուն ծամելով թե՝

— Դավիթ ջան, խի, ղադաղա՞ ա, որ Եփրեմի հետ զրից անեմ։

— Ղադաղա ա, բա՜ս, ամեն կոնտրիկի հետ զրից անելը ղադաղա ա։ Նրանք կապ ունեն «խումբերի» հետ, ուզում են, որ էլ ետ նրանք գան էս գեղը, տակնուվրա անեն, կովդ գոմից դուս քաշեն, մորթեն, էս խալխի տունն ու տեղը մուրտառեն, կնկանդ ու աղջկանդ ձեռք գցեն։ Դու էդ բանին համաձա՞յն ես...

— Չէ՜...

— Չէ ու չոռ, բա նրանց հետ ի՞նչ բան ունես,— վրա բերեց Ունանը,— գիդում չե՞ս, որ նրանք էս գեղի կծոտող շներն են...

Գեղամիջում մի աղմուկ բարձրացավ, որն ընդհատեց Դավթի և Ունանի խոսակցությունը, որոնք դուրս գալով իմացան, որ Կարմիր բանակը կրկին քշել է խռովարարներին և է՛լ ավելի ամրացրել խորհրդային իշխանությունը։ Այս լուրը, որ հենց նոր էր ստացվել, ցնծություն էր առաջ բերել գյուղացիների մեջ, որոնք այնքան վախենում էին, թե կարող են նոր կռիվներ առաջ գալ և կրկին քանդել իրենց տուն ու տեղը, ապրուստը, կրկին փակել ճանապարհները և զրկել աղից, հացից, նավթից ու կտորեղենից։

Ճիշտ է, հեռու գյուղերում դեռ դիրք բռնածները չէին վերադարձել, էն կողմերը դեռ կռիվներ էին տեղի ունենում, բայց ընդհանրապես կյանքը խաղաղ վիճակի մեջ մտավ, և գյուղացիք սկսեցին սարքուկարգ անել մոտալուտ գարնան վարուցանքի համար։

XIII

Մի տարի էր անցել այն օրից, ինչ խորհրդային իշխանությունը գյուղ էր մտել և գյուղացիների «հացն ու ջուրը հալալել», ինչպես իրենք էին ասում։

Աշխատանքի ու վերաշինության մի տարերային շարժում էր սկսվել։ Գյուղը վերածնվում, վերանորոգվում, կազդուրվում էր։ Քաղաքն իր հերթին ուժեղ կապ էր պահպանում գյուղի հետ, աջակցում նրան իր հասարակական ու կուլտուրական շինարարության ասպարեզներում։ Բացվել էր խրճիթ-ընթերցարան, մի բան, որ միանգամայն նորություն էր գյուղի համար։ Այստեղ հավաքվում էին գյուղացիք աշխարհիս նորություններն իմանալու, լրագիր ու գիրք կարդալու։

Խորհրդայնացման առաջին տարեդարձի օրը գյուղում հանդիսավոր կերպով բացվեց գյուղի կոոպերատիվ խանութը, և հիմք դրվեց գյուղի բաղնիքին. խոսում էին նաև ամբողջ շրջանի կենտրոնում էլեկտրական կայան հիմնելու մասին։ Շրջանի կենտրոնում արդեն բացվել էր շրջանային հիվանդանոցը, որից շատ գոհ էին գյուղացիք, որ իրենց հիվանդներին այլևս մեծ տանջանքներով ու ծախսերով հեռու քաղաքները չեն տանելու։

Մի հարց կար միայն, որը դեռևս մնում էր հին ձևով. դա հողաբաժանման հարցն էր, որ գարնան դիմաց առաջ եկավ։ Գյուղացիք պահանջում էին, որ հողերը «շնչի» արվեն, եկեղեցուն պատկանող հողն անցնի դպրոցին, իսկ նախկին աղալարների, զոռբաների ու այսպես կոչված գյուղի «համփա-իշխան» մարդկանց հողերն էլ առնվեն տրվեն խեղճ ու անհող գյուղացիներին։ Այս վերջին պահանջն ավելի հրամայական ու խիստ կերպով էր դրվում մանավանդ այն պատճառով, որ գյուղի նախկին տերերը օրենքի ուժով զավթել էին ամենաբերրի ու ջրովի հողերը, ու էն ժամանակ, երբ գյուղը գալարվում էր սովի ճանկերում, երաշտի բաժին անելով իր արտերը, գյուղի տերերից սկսած մինչև «համփան» ամբարները ցորենով լիքը ծախում էին սրա-նրա վրա կամ խեղճ գյուղացուն «փոխ» էին տալիս, մեկին երկու ետ ստանալու պայմանով։

Գյուղի նորաստեղծ հողային հանձնաժողովի դիմումին կենտրոնից պատասխանել էին, թե առայժմ ընդհանուր հողաշինարարություն չի կարելի անել, բայց իրավունք է տրվում տեղական ներքին հողաբաժանում կատարել։

Գյուղն իրարանցում ընկավ։ Նախկին բեգերից մնացած թափթփուկները, զոռբաները, նախկին քյոխվաները, սրանց գործակից գյուղական դատավորները, դեռևս ցարական Ժամանակից մնացած խունացած մունդիրները հագին նախկին ստրաժնիկներն ու սրանց պես էլի մի քանի հոգի աղմուկ-աղաղակ էին բարձրացրել այդ «ապօրինի» որոշման դեմ և ձայները գլուխները գցած՝ գոռում-գոչում էին, թե իրենք կմեռնեն ու իրենց «պապական հողը» ձեռներից չեն տա։ Բայց շուտով սրանց ձայները կտրեցին։ Սրանցից շատերը արդեն ձայնազուրկ էին, մնացածներին էլ միացրին, ձայնազուրկ արին և անցան ներքին հողաշինարարական աշխատանքներին։

Կիկոսն այս ամենի մասին լսում էր միայն իր կնոջից, երբ իրիկունները հանդից տուն էր գալիս։ Թազագյուլը պատմում էր ու անիծում անցյալը՝ թագավորից սկսած մինչև քյոխվա Սարիբեգն ու տերտերը, որոնք խեղճ ու կրակ գյուղացիների հողերը զավթել, նրանց ճորտ էին շինել։

Կիկոսի կին Թազագյուլը մի տարում էնպես էր հեղափոխվել, որ էլ ճանաչել չէր լինում։ Նա՝ հակառակ Կիկոսի կամքի, մտել էր կին-բաժին, այնուհետև իր «պառավ հալովը», ինչպես Կիկոսն էր ասում, տանը նստելու տեղ՝ մտել էր լիկկայան, գրագիտություն սովորելու ու էդ դեռ բավական չի, հիմի էլ ինչ-որ լրագիր էր ստանում, ինչպես ինքն էր ասում — «կնանոց կազեթը», որի համար Կիկոսը շատ էր բարկացել, թե կնիկը ծախսերի նոր դուռ ա բաց արել, մանավանդ որ Կիկոսը չէր հավատում, թե կնկա կազեթը մի բանի նման կլինի։

«Կնիկն ինչ ա, թե իրան գրած կազեթն ինչ ըլի»,–ասում էր Կիկոսը, գլուխը թափահարում, բայց շատ էլ չէր ուզում խառնվի կնկա գործերին, որովհետև մի անգամ յաչեյկան կանչել էր նրան ու սաստել, որ Թազագյուլի արարքների մասին Կիկոսը ձայն–ծպտուն չհանի։

Մի իրիկուն էլ, երբ Կիկոսը տուն եկավ, կինը շատ ուրախ, գրեթե թռվռալով դիմացն ելավ ու աչքալույս տվեց.

— Ա՛ տղա, որ իմանաս թե ինչ ա պատահել, կասես, որ ծափ տամ ու պար գաս,— դիմեց Թազագյուլն ու քիչ էր մնում փաթաթվի մարդի վզովը, մի բան, որ իսկի չէր պատահել Կիկոսի կյանքում։

— Ի՞նչ ա, ա՜ կնիկ, աղջկանդ համար խնամախոս ա եկել, որ ըտենց ծուլ-ծուլ ես ըլո՞ւմ, թե՞ կովը ծնել ա...

— Չէ՛, չէ՛, արևդ ապրի, ջրովի հող են տվել մեզ, ջրովի հող ... բաղ ու բոստան պտեմ քցիլ Խաչի տակի հողումը։

— Ի՞նչ Խաչի տակի հող..

— Ա՛յ, Սումբաթովանց Վանո-բեգի ջրովի տափը մեզ են տվել։

— Սումբաթովանց հո՞ղը... — ծոր տվեց Կիկոսը։

— Հա՛, Սումբաթովանց, էն մի օրավար լեն ու բոլ ջրովի հողը։

— Ո՞վ ա տվել։

— Գեղականը, յաչեյկան, հողկոմը...

— Բա էն խալխի հողը ձեռներից առել մեզ են տվե՞լ...

— Հա, էլի՛, հա՛, նոր ես քառացե՞լ, լավ չես իմանում ինչ եմ ասում...

Կիկոսը թերահավատությամբ գլուխը բացասաբար շարժեց և դառնալով կնկանը, թե՝

— Քոմագ արա, էս իշի բեռը վեր ունենք, իշի՛ բեռը։ Հող չէ՛ մի պոզեր։ Խի՛, Վանո-բեգը մեռե՞լ ա, թե նրա ժառանգն աշխարհի երեսից կտրվել ա, որ հողը Կիկոսը վարի, էդ ըլելու բան ա՞, որ ասում ես... Շաշ խելքիդ ձուն գա, քեզ խաբել են, տնազ են արել։ Թազագյուլը, որի ուրախությունն անսպասելի կերպով զայրույթի էր փոխվել մարդու տարօրինակ վերաբերմունքից, բարկացած հրեց Կիկոսին ու դեպի տուն ետ դառնալով փնթփնթաց.

— Ես էլ կասեմ մարդ ունե՜մ... Քու մերը, որ քու տեղը մի թի էր ծնել հու գոմն էլա քերելու պետք կգար...

Կիկոսը ոչինչ չպատասխանեց, նա իշի բեռն իջեցրեց, մեջքը տրորեց, տեղավորեց, ու փեշերը թափ տալով տուն մտավ։

Թազագյուլը կես-խռով, կես-նեղացած հաց դրեց նրա առաջ, բայց ավելի լավ կլիներ եթե հացի տեղ թույն դներ, որովհետև նա Կիկոսի գլխին հացը հարամ արավ, էնքան անիծեց, թուք ու մուր տվեց։

Կիկոսը համբերեց, համբերեց ու մեկ էլ հանկարծ գոռաց կնկա վրա.

— Մի ինձ ասա՛ տեսնեմ, քոռ Թևանի աղջիկ, էս տանտերը ե՞ս եմ, թե չէ...

— Քեզ պես տանտերը որ երեկ մեռել էր, էսօր երկու օր կլիներ...

— Ա՛ կնիկ, գժվե՞լ ես, թե կողքերդ քոր են գալի, վեր կենամ հրես կտրորեմ։ Ի՛նչ ա, ուզում ես էսքան տարվա պահած գլուխս թակել տա՞ս. ես ո՞վ եմ որ Վանո-բեգի հողը վարեմ, կոկոշդ դարդա՞կ ա, թե մեջը խելքից-զադից կա՜...

— Դու չես վարիլ, ես կվարեմ. ինձ տենո՞ւմ ես, ա՛յ, ես կվարեմ, ու Վանո-բեգի աչքն էլ քոնի հետ կհանեմ ու կվարեմ...

— Հա՜, էլի՛, կվարես ու էդ հարամ տափից դուրս եկած հացն էլ կուտես, յա Սումբաթովենք կթողան, որ դու ընդեղից հավի կուտ էլա բերես։

— Դե կտենաս կանե՞մ՝ թե չէ, թող անումս Թազագյուլ չըլի, թե որ էս աշունք ես էն տափի վրա իմ շինած բաղչիցը քյալամ ու խիար թթու չդնեմ...

— Ես էդ բանին համոզ չեմ ու հրես կգնամ իրան, Վանո-բեգին էլ կասեմ, որ ես համոզ չեմ։

— Դե թող քու ոտը Վանո-բեգի շեմքը կոխի ու տես, թե գլուխդ քանի տեղից եմ կոտրում։ Ես սաղ մի շաբաթ չալիշ գամ, որ էն հողը մեզ տան, դու գնաս ասես՝ «համոզ չեմ»... թե էգուց ես քեզ բռնել չտամ, ղալեն գցեմ, քու կոնտրիկ գլուխը ղալումը փթացնել չտամ, թող ինչ ուզում է ասեն ինձ։

Կիկոսը տեսավ, որ կինը շատ է զայրացած, բարվոք համարեց լռել, մինչև փոթորիկն անցնի, ինքն էլ մի լավ միտք անի էդ բանի մասին ու մի որոշ եզրակացության գա։ Նա տեղից վեր կացավ ու ճրագն առավ, որ դուրս գնա։ Կինը կասկածելով, թե Կիկոսը կարող է հիմարաբար գնալ Սումբաթովենց տուն, ետևից ձայն տվեց.

— Ա՛ տղա, էդ ո՞ւր ես կորչում...

— Հը՛հ... — քմծիծաղեց Կիկոսը, որից դեմքն ավելի այլանդակվեց,— հենց ես գիդում Վանո-բեգի կուշտն եմ գնո՞ւմ... Հրեդ ըտենց կվախացնեմ, հա՜... Բա ինձ իսկի մարդատեղ չես դնում... Բա ասում ես՝ ինձանից վախում չես։ Տղամարդ ասածդ ուրիշ բան ա, նրա հետ բաս մտնել չի ըլիլ... Գնում եմ իշիս մի քիչ խոտից-զատից տամ ուտի, խեղճ հայվանին էսօր շատ եմ բեռ ու բարձեք արել...

— Այ էշ էր դառել քու բերողը, որ մարդու կերպարանքով չէիր ծնվել, հա՜...

— Էհ, ա՛ կնիկ, ինչ ուզում ես ասա, որ սաղ աշխարհն էլ շուռ գա, էլի փափախն իմ գլխին ա, լաչակը քո, էլի ամեն մարդ ասիլ պտի՝ էս կնիկը Կիկոսինն ա, էս երեխեն Կիկոսինն ա... Բա՜ս... ո՞նց գիտես դու Կիկոսին...

Կիկոսն առաջվա պես էլի իրան բանին էր. էշն առաջ արած հանդն էր գնում, խոտհարքի քարերը մաքրում, որ ամառը խոտ հնձելիս գերանդին քարին չկպչի։ Կամ բահով հող էր փորփրում, որ լոբի ցանելու համար փափուկ տեղ ունենա, երբ մի իրիկուն էլ տուն վերադառնալիս, նրա առաջը կտրեց Սումբաթովանց Վանո–բեգի տղեն ու զայրացած հարձակվեց վրան.

— Կիկո՛ս ես, ինչ զահրումար ես... Ես քու գլխին փափախ դնողի հոր քյալլեն շներին տամ, խի՞ չես կնգանդ կապը քաշում,— ասաց նա։

Կիկոսը շշկլված կանգ առավ ճամփի միջին ու փնթփնթաց.

— Թոկը՜շ, թոկը՜շ, ա՛ տերամեռ, մի կանգ առ, տենամ էս աղա մարդն ինչ ա ասում, է՜։ — Չոռ ու ցավ, աստծու կրակ ա ասում, էշը դո՞ւ ես, թե դա, ա՛ հայվան, քեզ ասում եմ կնգանդ կապը քաշի, թե չէ կտամ մի աչքն էլ ես կհանեմ...

— Կնիկը՜ս... — ծոր տվեց Կիկոսը։

— Կնի՛կդ, հա՛, կնիկդ, քոռ Թազագյուլը։

— Ի՞նչ ա արել կնիկս։

— Դու էլ միթամ բանից բեխաբար ես, էլի՛, էշը դու ես, ինձ իշի տեղ ես դնո՞ւմ... Հրես որ գլուխդ տապակ անեմ, էն վախտը կիմանաս կնիկն ու մարդը։ Կնիկդ էն ա արել, որ իրան ախպոր հետ միատեղ գնացել ա իմ Խաչի տակի հողը, իմ պապական ժառանգությունը վարել ու հիմի էլ ուզում ա ցանի։

— Ո՞նց թե վարել ա. ո՞ւմ հողն ա վարել, բա էդ ղայդի անօրեն բան կըլի՞. խի՞, դու մեռած ես, որ նա իր կնիկ տեղովը քո հողը վարի՞... Ես բանից բեխաբար եմ։ Համ էլ... տղամարդ մարդ եմ, կնգա գործերին չեմ խառնվում, վարողը հու ես չեմ, ես քանի՞ գլուխ ունեմ, որ Սումբաթովանց Վանո-բեգի հողին ձեռք տամ, յա քամի դառնամ նրա կողքովն անց կենամ։ Թո՛շ, թո՛շ...

Ու իշին բզելով Կիկոսը ճամփեն շարունակեց։

— Կիկո՛ս, էհե՜, Կիկո՛ս, լավ միտդ պահի էս օրը, թե որ կնգանդ կապը ձեռդ չհավաքես, մի օր թե օջախդ արին չկապեմ, թող ինձ Վանո-բեգի տղա Խուրշուդ չասեն ու սև շուն կանչեն ետևիցս։

Կիկոսը գլուխը կախ, ոտները քարշ տալով, ճամփի քարի ու ցեխի հետ կռիվ տալով հազիվ տուն հասավ, իրեն-իրեն շարունակ փնթփնթալով. «Համա թե կտաղած էր Խուրշուդ–բեգը, հա՜... Լավ որ գլուխս չթակեց, էս պահած, պաշտած գլուխս... Խալխն ի՜նչ կասեր, թե Կիկոսը գլուխը պահեց–պահեց ու վերջը կնգա արարքի համար թակել տվեց...»։

Էս մտքերի մեջ Կիկոսը տուն հասավ։

— Թազագյո՛ւլ, այ աղջի՛, Թազագյո՛ւլ... աղջի, մի դուրս արի, ճրագը դեսը պահի, իշիս բեռը վեր ունեմ...

Բայց տանից դուրս եկող չկար։

— Թազագյո՛ւլ, աղջի՛, քեզ չեմ ասո՞ւմ, ա քառ, քառի աղջիկ...

Ձայն չկար։ Կիկոսը մի կերպ իշի բեռը վերցրեց, տուն մտավ, որ կնկանը մի լավ պատիվ անի, բայց տանը մարդ չկար։ Կրակի անթեղը քանդեց, փչեց պեծերին, ճրագը վառեց ու սկսեց քունջ ու պուճախը ման գալ։

— Էս ասենք թե ինքը տանը չի, բա էս լակոտնի՞ն ուրեն կորել,— փնթփնթաց նա։ Ապա դուրս գալով էշը գոմն արավ ու մեջքը տրորեց, խոտից-բանից առաջը գցեց ու կրկին վերադարձավ տուն։

Կիկոսը կրակ արավ, տրեխները հանեց, գուլպաները օջախի քարի վրա փռեց, որ ցամաքեն, տրեխների ցեխը մաքրեց, քանդված կղերը կապ գցեց, կարկատեց, սուտ-սուտ մլուլ արավ, որ քունը չտանի, միտք արավ Խուրշուդ–բեգի ասածների վրա ու հենց էդ մտքի ծովն ընկած էլի քունը տարավ, քնեց։

Կիկոսը շատ էր քնել, թե քիչ, մին էլ էն իմացավ, որ Թազագյուլը, տղեն ու աղջիկը աղմուկով տուն մտան։ Կիկոսն աչքերը տրորելով վրա նստեց ու հորանջելով դարձավ կնոջը.

— Էդ ո՞ւր եք կորել սաղ տնով-տեղով:

— Քեզ ինչ,— պատասխանեց Թազագյուլը։

— Ո՞նց թե... Ես էս տան տերն ե՞մ, թե չէ...

— Տան չէ, դու մի իշի տեր ես, իշի՛...

— Տեր մեղա՜,— փնթփնթաց Կիկոսը,— դու ինձ համբերություն տաս։ Ասելու ե՞ս, թե չէ... լակոտներդ առած կեսգիշերին որտե՞ղ ես ման գալիս, նամուսս ոտիդ տակն առած, բա հերիք չի՞...

— ժողով կար, սրանք գնացել էին կոմսոմոլի ժողով, ես էլ ուրիշ ժողով...

— Ի՞նչ ես դառել...

— Միթամ որ ասեմ, բեյինդ կմտնի՞... Մոպր եմ դառել, Մոպր,— պատասխանեց Թազագյուլը ու սկսեց անկողինները փռել:

— Էդ էլ ի՞նչ նոր բան ա...

— Հրես որ Սումբաթովանց մեզ տված հողի կեսը սաղ գեղով վարենք ու ցանենք, ինչ էլ որ հնձենք ու ծախենք, փողն էլ ղարկեն Եվրոպա, էնտեղի բալշևիկ ու մեկ էլ հեղափոխական դուսաղների[13] համար, էն վախտը կհասկանաս Մոպրի զորությունը։

Կիկոսը միտք արավ, միտք ու բան չհասկանալով՝ եզրակացրեց.

— Ասա, սատանական գործի վրա եք էլի... Ձեռք պտես քաշիլ էդ հողիցն ու էդ ղայդի սատանական գործերից, թե չէ՜... Սումբաթովանց Վանո-բեգի տղեն հենց կատաղած էր, որ քիչ մնաց ճամփին գլուխս տասը տեղից ճղեր։ Ասում ա՝ «կնգանդ կապը քաշի, թե չէ տուն ու տեղդ կվառեմ, մոխիրը քամուն կտամ»։

— Հողս նրա գլխին կենա, թող մի քիչ էլ սարսաղ-մարսաղ դուրս տա, տես թե գլուխը որտեղ եմ փթացնել տալիս։ Նրանց դովրանը ջուրն ընկավ, ջուրը,— պատասխանեց Թազագյուլը հպարտ ու վճռական։

— Է՜, կնիկ, աստծոդ էլ ես ուրացել, մարդուդ էլ, քեզ հետ ես ի՞նչ զրից անեմ, քոռ բախտս թարսվել ա... Կնիկն էլ որ ժողով գնա, հող խլի, ուրիշի ապրուստը խլի, սրա-նրա վրա լեզու բանացնի, էլ էն աշխարհումը դուզ բան կլի՞...— հառաչեց Կիկոսն ու քուն մտավ իրեն-իրեն փնթփնթալով,— բալքի լավն էս ա՞...

Լուսը բացվելուն պես Կիկոսը մի հաց փեշումը դրեց ու կնկանն առանց մի բան ասելու գոմը մտավ, էշը չուլեց ու ճամփա ընկավ դեպի հանդը։ Գյուղից նոր էր դուրս եկել ու ճամփեն ծռել, երբ նկատեց «սա պահեսցե» ջինդար Սողոմոնին, որը ձեռնափայտին հենվելով, կաղ ոտը քարշ տալով, գնում էր։

Կիկոսը գիշերվա դեպքը հիշելով, իրեն-իրեն փնթփնթում էր, երբ հասավ ջինդար Սողոմոնին։

— Բարի լույս քեզ, եղբայր Կիրակոս, սա պահեսցե,— ասաց ջինդարը,— ո՞ւր ես գնում էսպես վաղ, սա պահեսցե, առաջ բարի։

— Աստծու բարին, տիրացու ջան,— պատասխանեց Կիկոսը։ — Կնիկը կըլի տան սարքուկարգ անող, գզող ա մանող, թխող ու կարկատող. կնիկն ի՜նչ, գեղամեջն ինչ, գեղականի գործին խառնվելն ինչ, ժողով անելն ու հողեր խլելն ինչ... — իրեն-իրեն մտքի թելը շարունակելով փնթփնթաց Կիկոսը։

— Ի՞նչ է պատահել, եղբայր Կիրակոս, ի՞նչ ես գանգատվում, սա պահեսցե, կնիկդ ի՞նչ է արել... էշդ կանգնացրու, մի վրեն նստեմ, հոգու վարձք ա, ոտս շատ է նեղացնում ինձ, սա պահեսցե, համ էլ պատմի տեսնեմ՝ էդ ո՞վ ա քեզ բեդամաղ արել։

— Թոկը՜շ, թոկը՜շ, տիրացու ջան, արի՛, արի՛ նստի ու սուրբ անգաճդ բաց արա, պատմեմ...

Ջինդար Սողոմոնը նստեց Կիկոսի իշին, իսկ Կիկոսն էլ իշի կողքն ընկած, պատմեց ջինդար Սողոմոնին, թե ինչպես իր կինը՝ Թազագյուլը տուն ու տեղը երեսնիվար գցած՝ այժմ շարունակ ինչ-որ ժողովների ետևից է ընկել, թե ինչպես իր տղին ու աղջկանն էլ խելքից հանել, կոմսոմոլ է շինել, թե ինչպես ուրացել է ժամ ու պատարագ, խաչ ու սուրբ, իր հալալ աշխատանքը թողած Սումբաթովանց Վանո-բեգի հողն է զավթել ու էսպես շատ բաներ։

— Մեղա՜... մեղա՜ քեզ, տե՜ր... սա պահեսցե,— գոչեց ջինդար Սողոմոնը մորուքը շփելով։— Ո՜վ դու դիվահալած Նարեկացի, ո՜վ դու չարքեր կապող Կիպրիանոս... սա պահեսցե, եղբայր Կիրակոս, աստված փախել է գյուղից, սատանան բուն է դրել անհավատների սրտում, պատվական կնիկդ՝ Թազագյուլը, դիվահար է դարձել, սատանայի ճանապարհով է գնում, սա պեհեսցե, գեհենի զոհ է դառնալու, հոգին այրվելու է սանդարամետի կրակում...

— Տիրացու ջան, մի ճար, մի հնար արա, տունս քանդվում ա, օջախս մուրտառվում,— սարսափած գոչեց Կիկոսը,— ես էլ եմ սատանական գործ գիդում էդ ամեն բանը, Թազագյուլս սատաներոց ա ըլել, տունս դառել ա սատանի բուն...

— Սավո՛ւղ, Սավո՛ւղ... — գոչեց ոգևորված ջինդարը,— սա պահեսցե, եղբայր Կիրակոս, գիր կանեմ, գիրկապ կանեմ, չարքերը կկաշկանդեմ, Գեղարդը կնկարեմ, Սավաղը դարձի կգա...

Կիկոսը թեև չէր հասկանում, թե ում մասին է խոսում ջինդարը, ինչ Սավուղ է, որի մասին նա առաջին անգամն է լսում, բայց հաստատ վճռեց իր մեջ, որ իրոք կինը հար, այսահար է դարձել և խնդրեց ջինդարին, որ գիր անի։

— Ես քու ոտքի տակի հողն եմ, տիրացու ջան, ասա′, ի՞նչ անեմ, որ Թազագյուլս էլի տունը նստի, ձեռք քաշի գեղամիջից, կին-բաժնից ու Սումբաթովանց հողից։

— Սա պահեսցե,— ասաց ջինդարը,— մի տարուց ավելի է մատաղ չես մորթել, աստված վրեժ է լուծում, պատիժը կնգանդ ու երեխաներիդ գլխին թափելով․ մի մատաղ կխոստանաս, որ Վարդավառին, աստվածածնա տոնի օրը, Խաչի տակին մորթես։

— Ղաբո′ւլ եմ, ղաբո′ւլ եմ, տիրացու ջան, նոր ծնած հորթս խաչին ղուրբան...

— Սա պահեսցե,— շարունակեց ջինդարը,— Հիսուսն էլ այսպես նստած էր ինձ պես ավանակի վրա, երբ մտավ Երուսաղեմ ու հանդիպեց քեզ պես մի հավատացյալի, որին Զաքեոս էին ասում։ Սա պահեսցե, ով դու Կիրակոս-Զաքեոս, մատաղդ թող հաստատ լինի։ Հիմի քեզ խիստ պատվեր տամ, Թազագյուլի հետ չկռվես, հետը հանգիստ կխոսես, որպեսզի սատանան է՛լ ավելի չկատաղի, մինչև ես գիր կանեմ, կվերջացնեմ։ Իրիկունը Թազագյուլի մազերից մեկը կպոկես ծածուկ, որ չիմանա, քնած ժամանակ պոկի, կբերես երկու հավ, մեկը սև, մյուսը սպիտակ, սև հավը կմորթենք,նրա արյունը կխառնենք զափռանքի ու Թազագյուլի մազի հետ, սպիտակ հավի հրեշտակային անմեղ փետուրներից մեկը կպոկենք, գրիչ կշինենք և գիր կանեմ, սա պահեսցե, դու էլ կտանես, ծածուկ կկարես վրան, և ողորմությամբն աստծու; անեն ինչ կվերջանա...

Հասել էին ջինդարի այգուն։ Ջինդարն իջավ իշից, մտավ իր այգին, իսկ Կիկոսը ճամփեն շարունակեց, մտքում օրհնելով բախտավոր ժամը, որ հանդիպեց ջինդար Սողոմոնին։

Մինչև իրիկուն Կիկոսը հոգու անհուն բերկրությամբ ծրագիր էր կազմում, թե ինչպես պետք է մազը պոկի, ո՞ր հավն է բռնելու, որ ջինդարին դուր գա, և աղոթքը կտրուկ լինի։ Նա այնքան էր տարվել հրաշագործ ջինդարի անելիք «գրի» զորությունով, որ հաճախ գործը կիսատ թողած ձեռները վեր-վեր էր բարձրացնում, քթի տակ պարի եղանակով դնդնացնում, մինչև անգամ փորձ անում պարելու կամ հանկարծ վազում էր իշի մոտ, նրա գլուխը գրկում, համբուրում, պատմում իր ապագա երջանկության մասին...

Խավարը կամաց-կամաց իջնում էր գյուղի վրա, երբ Կիկոսը տուն հասավ, բայց դեռ իշի բեռը չէր քանդել, երբ Թազագյուլը կատաղած վրան հարձակվեց.

— Ա տղա′, քեզ ասում չեմ ձեռ քաշի էդ կոնտրիկ շների՞ցը... ի՞նչ ես առավոտս էն սատանաների պապին, էն ջինդար Սողոմոնին առոք-փառոք իշիդ վրա բազմացրել, հը՞... Ի՞նչ եք երկար-բարակ զրից արել, մի պատմի...

Կիկոսը շվարած կանգնել էր իշի կողքին, մռութը կախ ու չէր կարողանում հասկանալ, թե ով է տեսել, ով է կնգանը լուր տվել․ չէ՞ որ ճամփին ոչ ոք չի պատահել, ոչ մի մարդ չի տեսել։ «Հալբաթ ես աշխարհում ծածուկ բան չի մնում, էլի՜», միտք էր անում Կիկոսը, երբ Թազագյուլն ավելի բարկացած ու կրակ կտրած գոչեց.

— Ուզում ես կաշիդ մաշկե՞լ տամ, գլխովդ հանեմ... Եվ-ևս Եփրեմի նաղլը մտիցդ ընկել ա, թե՞ կարոտը քաշում ես։ Հողեմ գլուխդ, յաչեյկեն ու լավ֊լավ տեղերն ու մարդիկ թողած, կոնտրիկների հետ ես մասլահաթ անո՞ւմ... լավ բաներ կսովորես նրանցից... «Սա պահեսցե, եղբայր Կիրակոս, խաչ գնա, մատաղ մորթի, խունկ ու մոմ վառի, սա պահեսցե» չասե՞ց ջինդարը,— տնազ արավ Թազագյուլը։

Կիկոսը, որ ջինդար Սողոմոնի պատվերի համաձայն որոշել էր կնոջ հետ չկռվել, իշի բեռը կամաց-կամաց քանդելով քթի տակ փնթփնթաց.

— Ես կռիվ անելու գլուխ չունեմ, ի′նչ ա, միջիդ սատանեն նեղացել ա, որ մի խեղճ ու կրակ պառավ ու կաղ մարդու իշիս վրա նստեցրե՞լ եմ... էս տանը ես իմ իշի վրա էլ իրավունք չունե՞մ...

— Ի′հ, բոյդ չափեմ, քու Կիկոս բոյը, բալքի սրտիս մի հովություն ըլի,— չանչ արավ Թազագյուլն ու տուն մտավ։

Կիկոսն իր մտքում հաստատ որոշեց, որ իրոք կինը դիվահար է, թե չէ, ո՞վ էր նրան իմաց տվողը, որ ջինդարը, սատանաներին գիրկապ անող էդ պատվական մարդը, Կիկոսի իշին նստել ա։ «Էն ա սատանեն իրան հակառակ մարդուն իշիս վրա տեսել ա, ու Թազագյուլին կատաղացրել, —՚ վճեց Կիկոսն, ավելացնելով,— հրես հենց սատանին խռկեմ, որ իսկի դու էլ չիմանաս թե էդ ոնց էլավ»։ Ապա էշը գոմն անելով, մոտեցավ հավերի թառին, մի քանի հատ բռնոտեց, մոտեցրեց գոմի դռանը, դուռը մի քիչ ծերպ արավ, որ աստղալուսով սևն ու սպիտակը ջոկի։ Ուզած հավերը ջոկեց, ոտները կապեց, գցեց ախոռի մեջ ու մտքումն ուրախացած հանգիստ տուն մտավ։

Կիկոսի բախտը բանել էր։ Թազագյուլը գլուխը լվացել, մազերը սանրում էր։ Կիկոսն ուշի-ուշով հետևում էր, թե որտեղ է գցում Թազագյուլը սանրի հետ պոկված մազերի փունջը, ու երբ կրակն անթեղեցին ու քուն մտան, Կիկոսն օջախի կողքին մեկնվելով մոխրի միջից հանեց մի փունջ մազ ու գող կատվի պես, ոտների ծայրերին հենվելով, զգուշությամբ դուրս եկավ տնից։ Նա մտավ գոմը, հավերը դրեց թևի տակ, չուխի փեշով ծածկեց ու քայլերն ուղղեց դեպի ջինդար Սողոմոնի տուն։

Ջինդար Սողոմոնն «աղոթքի վրա էր», երբ ներս մտավ Կիկոսը։ Սև հավն իսկույն մորթվեց, որի արյունը մի խեցու մեջ հավաքեց ջինդարը, հետը խառնելով մի ինչ-որ հեղուկ, ապա սպիտակ հավի փետուրներից մեկը պոկելով ծայրը սրեց, Թազագյուլի մազերի փունջն էլ գցեց հեղուկի մեջ, խառնեց ու մի ծալմլված թղթի կտոր ծնկանը դնելով՝ հրամայեց Կիկոսին, որ առաջը չոքի ու վառած մոմը ձեռքին բռնած լույս անի։

Կիկոսն էս «սուրբ արարողությունից» հուզվել, շփոթվել, կաս-կարմիր էր դառել։ Նա չոքած տեղը քրտնել ու դողում էր, աչքը չհեռացնելով ջինդարի բերանից, որ ինչ-որ անհասկանալի բաներ էր մռթմռթում ու ծնկանը դրած թղթի վրա տարօրինակ դեմքեր ու պոզավոր մարդկանց գլուխներ էր նկարում։

Ծիսակատարությունը վերջացավ։ Ջինդարը գրված թուղթը եռանկյունի ծալեց, կարեց մի փալասի մեջ ու տվեց Կիկոսին։

— Սա պահեսցե, եղբայր Կիրակոս, ահա քեզ թել ու ասեղ, էս գիրը կտանես ու գիշերս կկարես Թազագյուլի շորից, այնպես ծածուկ, որ չիմանա, թե չէ գիրն իր զորությունը կկորցնի։ Սա պահեսցե, տե′ս, մարդու բան չասես, թե չէ՜... սա պահեսցե, սատանաներն ավելի կկատաղեն, և դու ինքդ էլ դիվահար կդառնաս։ Ահա՛, բռնի՛, հետդ տար սև հավի ոտներն ու գլուխը, դա խաչի բաժինն է, էգուց առավոտ հանդը գնալիս խաչի քարի առաջին կդնես, որ աղոթքս տեղ հասնի, խաչը բարեխոս լինի Մարիամ աստվածածնի առաջ... Մատաղը չմոռանաս։ Համբուրիր սուրբ ավետարանը, որ միակ պահապանն է հավատացյալների։

Ջինդարը Կիկոսին դեմ արավ սև կազմով մի փոքրիկ գիրք, որի վրա մի խաչ կար նկարած։ Կիկոսը երեսին խաչ հանեց, կռացավ, համբուրեց գիրքը և որ զարմանալի էր, արտասվեց։ Արտասվեց այն Կիկոսը, որի աչքերը մինչև այդ չգիտեին ինչ բան է արտասուքը։ Կիկոսը գիրքը համբուրելուց հետո ջինդարի ձեռքերն ու փեշերն էլ համբուրեց, հավի գլուխն ու ոտները դրեց գրպանը և թեթևացած սրտով դուրս եկավ ջինդարի տանից, կարծես կրծքից մի ջաղացքար էր ընկել, որը ծանրացած ճնշում էր մինչև այդ։ Իսկ սև հավը կրակի վրա դրած պղնձի մեջ քլթքլթալով եփում էր... ջինդարի համար։

Կիկոսը նախքան տուն մտնելն անցավ գոմը, գրպանից հանեց «գիրը», շոշափեց ու դառնալով իշին, որն ուրախացած քնքռստում էր, թե տերը խոտ է տալու, գլուխը շոյելով ուրախ տրամադրությամբ բացականչեց.

— Ճարը գտել եմ, է′շ ջան, հրես ձեռիս ա, կաց մի քու գլխիցը մի քիչ կախ տամ, որ քու միջի սատանեքն էլ կորչեն, թե չէ մին-մին սարսաղվում ես, դուզ ճամփեն թողած, քարերն ու ղռերն ընկնում...

Առավոտը Թազագյուլը ջուրը գնալիս զգաց, թե ինչպես թիկունքը հարում է մի ինչ-որ կոշտ բան։ Տուն դառնալով նա հանեց իր բաճկոնը և... օ՜, զարմանք, մի եռանկյունի «գիր» կարած էր մեջքին, չհասկանալով, թե բանն ինչումն է, նա, վազեց դեպի գոմը, որ Կիկոսին հայտնի, բայց Կիկոսը չկար։ Թազագյուլը պոկեց «գիրը», վազեց կոմբջիջի քարտուղարի մոտ, որը ժպտալով հայտնեց, թե ինքն արդեն գիտե այդ մասին։

Մարդ ուղարկեցին Կիկոսի ետևից, որին կես ճամփից ետ վերադարձրին, իսկ ջինդար Սողոմոնի տունը խուզարկելով տակնուվրա արին ու ինչ որ գրքեր կային, հավաքեցին, բերին գործկոմ։ Գիքերը փաթաթեցին, որ ուղարկեն կենտրոն, իսկ Կիկոսին ու ջինդար Սողոմոնին գոմը գցեցին, բանտարկեցին, որ հինգ օր մնան, մինչև կիրակին գա ու հասարակության առաջ պատմեն ամեն ինչ։

— Կնգա խաթեն որ ասել են, թամամ էս ա, ա′յ տիրացու Սողոմոն,— հառաչելով ասում էր Կիկոսը,— բա հիմի բանը ո՞նց պտփ ըլիլ...

— Սա պահեսցե, եղբայր Կիրակոս, չարը հետևում է մեզ. Ոսկյան ու Սյուքասյան նահատակներն էլ շատ տանջվել են չարի ճեռից, սա պահեսցե... Բայց, եղբայր Կիրակոս, ո՞վ է նրանց ասել, թե ես եմ գրել էդ «գիրը», նրանք ի՞նչ գիտեն, թե ես երկու հավ եմ ստացել քեզանից, դու մարդու բան ասե՞լ ես, սա պահեսցե...

— Իմ հոր արդար գերեզմանը վկա, թե ես մի իսանի էլ ա բան ասած ըլեմ, քու կշտիցը գնացել եմ իշիս կուշտը ու մենակ նրան եմ շանց տվել էդ «գիրը», թե էշս մարդու բան ա ասել, ես էլ ընհենց։ Համա... դու գիտե՞ս ոչ, թե էդ յաչեյկեքն ինչ ղայդի զադեր են, նրանք ամեն բան տեսնում ու լսում են. ես ի՞նչ գիդամ, թե հիմի էս գոմի աղբա ծակիցդ մինը անգաճը խլշած մեզ լսում չի՞... Լավն են ա տազ անենք, տենանք ինչով ա վերջանում, թե որ էս մի հետն էլ գլուխս թակելուց ազատեմ, թեկուզ տասը տարի էլ ղալա քաշեմ, վեջս չի, մենակ թե գլուխս, էսքան տարվա պահած գլուխս, թակել չտամ...

— Սա պահեսցե, եղբայր Կիրակոս, խորհրդային իշխանության ժամանակ մարդ չեն թակում, սա պահեսցե... Չեն թակում, բայց..․, սպանում են, գյուլլախորով անում... Քեզ կազատեն, իսկ ինձ... սա պահեսցե...

— Է՜հ, է՜հ... — հառաչեց Կիկոսն ու գլուխը դնելով ախոռի փայտին, կես քնի մեջ փնթփնթաց,— բալքի լավն էս ա՜...

Հինգ օրը հինգ տարու չափ դանդաղ անցավ։

Կիրակի էր։ Ողջ գյուղը հավաքվել էր Մինասի կալը։ Կենտրոնից մարդ էր եկել։ Գյուղացիք հետաքրքրվում էին և զարմանում, թե ինչու է կառավարությունը և կոմբջիջն այդքան մեծ նշանակություն տալի էդ չնչին, հասարակ, աննշան, «ոչինչ գործին»։ Ցուցադրական դատ էր։ Կինը, Թազագյուլը վկա էր կանգնած իր ամուսնու՝ Կիկոսի դեմ, պառավները մազ էին փետում այս սարսափելի, չտեսնված բանի համար, որ կնիկն ուզում է իր մարդուն պատժեն։

Խոսեց կենտրոնից եկածը, խոսեցին կոմբջիջի անդամներից մի քանիսը, կոմերիտները կրակված ճառեր էին ասում սրբերի ու սատանաների մասին, և որ զարմանալի թվաց ամենքին, դա այն էր, որ ամբողջ պատմությունը մանրամասնորեն գրված էր լրագրում։

Ցուցադրական դատը վերջացավ նրանով, որ ջինդար Սողոմոնին երեք, իսկ Կիկոսին մեկ տարով պայմանական բանտարկության դատապարտեցին։ Դատավճիռը հայտնելիս Կիկոսը լուռ լսում էր, բայց բան չէր հասկանում։ Նրա գլուխը թմրել էր բազմաթիվ ճառերից ու աղմուկից։ Երբ կենտրոնից եկած ընկերը դատավճիռը հայտարարեց, զգալով, որ Կիկոսը վճռի միտքը չի հասկանում, հարց տվեց․

— Վճիռը հասկացա՞ք, քաղաքացի Կիրակոս։

— Հը՞,— քնից սթափվածի պես հարցրեց Կիկոսն ու գլուխը թափահարեց։

— Վճի՛ռը, վճի՛ռը, դատարանի որոշումը ձեր գործի մասին հասկացա՞ք,— կրկնեց կենտրոնի ընկերը։

— Հըը՜... հասկացա ոչ, բախշի՛ ինչ պատիժ տալիս եք տվեք, մենակ թակեք ոչ։ Մին էլ... ինձ մի լավ բացահայտ ասեցեք, թե ձեր օրենքն ի՞նչ բան ա ղադաղա անում ինձ, որ ես էլ ղալաթ չանեմ, սխալմունքի մեջ ընկնեմ ու ղալա քաշեմ, ինքն էլ մեր լիզվով ասեցեք, գրափառը հսկանըմ չեմ։

Յաչեյկա Դավիթը խոսք վերցնելով դարձավ Կիկոսին, թե՝

— Առաջինը, որ կասեմ քեզ, Կիկոս, էդ էն ա, որ դու կոնտրիկների հետ շատ ես զրից անում։ Մի անգամ և-ևս Եփրեմի հետ քեզ բռնեցինք ու բաշխեցինք, հու գիտես, թե ինչ եղավ և-ևսը։ Հիմի էլ կնիկդ կին-բաժնի ու ՄՈՊՐ-ի մեջ գործ ա կատարում, գրիլ-կարդալ ա սովորել, լիսավորվել, կազեթ ա կարդում, դու հակառակ ես, ու կնգանդ դիվահար ու այսհար հաշվելով՝ գնացել ես ջինդար Սողոմոնին «գիր» անել տվել ու կնգանդ վրա ծածուկ կտրել, էս էլ երկու։ Հիմի վճռեցին, որ մի տարի ղալա քաշես, բայց որովհետև հաշիվ արին ու տեսան, որ էս բաները դու առանց հասկանալու ես անում, չունքի սովետական իշխանության զակոնները գիտում չես, դրա համար էլ քեզ ազատում են, որ քու բանին կենաս, բայց երբ որ մին էլ էդ տեսակ բանի մեջ բռնվես, էն վախտը քեզ ուրիշ պատիժ էլ կտան, էս մի տարին էլ վրեն կավելացնեն, թե չէ հու քեզ լավ կպահես, էն ա ազատ քու ցավին կկենաս, քու տանն ու քու գործին։ Հիմի հասկացա՞ր...

— Հա՛, քե մատաղ, լավ բեյինս մտավ, էլ ես ըլեմ ես, մի մարդու հետ էլա զրից անե՞մ... Թե որ մին-մին իշիս հետ զրից եմ անում, էն էլ կկտրեմ։ Թե որ Կիկոսին էլ խոսալիս տենաք, թող էս մին, էն էլ երկու ըլի...

Դատը վերջացած էր։ Մարդիկ աղմկելով ցրվում էին դեպի իրենց տները, որոնցից շատերը մոտենում էին Կիկոսի քեֆը հարցնելու կամ իմանալու դեպքի բոլոր մանրամասնությունները, բայց Կիկոսը, հաստատ իր խոսքին, ոչ ոքի հետ չէր խոսում ու չէր էլ ուզում լսել։

Թազագյուլը խտտեց սպիտակ հավը, որը դատարան էր բերված որպես իրական ապացույց, իսկ սև հավի ոտներն ու գլուխը, որ գտել էին Կիկոսի գրպանում և դրել սեղանի վրա, վերցրեց ու շպրտեց ջինդար Սողոմոնի դեմքին, գոչելով.

— Հողս քու սատանա գլխին կենա, փափուկ միսը դու ես կերել ու էս ոսկոռնին խաչի համար ղարկե՞լ... Տար էս էլ լափի, որ գրածդ գիրը է՛լ կտրուկ ըլի...

Ծաղրված ու անպատված ջինդարը գլուխը կախ, կաղ ոտը քարշ տալով գնաց դեպի իր տուն, իսկ Թազագյուլը մոտենալով շշմած Կիկոսին, հրեց դեպի տուն.

— Կորի՜, տուն կորի՜, ա նամուսդ տափը մտած, սաղ գեղում խաղք ու խայտառակ արիր մեզ։

Կիկոսը համր ու դանդաղ քայլերով, գլուխը կախ ու մեջքը կորացած՝ Թազագյուլի առաջն ընկավ, ու երբ տուն հասավ, թեքվեց դեպի գոմը։

— Ո՞ւր ես կորչում, ա սևասիրտ, տանդ դուռն էլ ես կորցրե՞լ... — Աղջի՛, դե՜ բոլա՛, ինչքան թուք ու մուր տվիր, թող մի տենամ էշս ոնց ա, մի շաբաթ ա երեսը տեսել չեմ,— ասաց Կիկոսն ու մտավ գոմը, իշից կարոտն առնելու...

XIV

Ամառվա սկիզբն էր։ Դաշտերում տեղ-տեղ խոտ էին հնձում, որ մի կերպ գոնե եղած խոտն ազատեն արևի ալավներից, որոնք անխնա այրում էին, խորովում, կանաչ խոտը ոտի վրա չորացնում։ Գարունը ցամաքային էր անցել, իսկ ամառն էլ խիստ շոգերով էր սկսվել, սպասվում էր մեծ երաշտ, որը սպառնում էր ոչնչացնել գյուղի արտերը։ Չափազանց շոգից գերանդին խոտ էլ չէր կտրում, գյուղացիք աշխատում էին խոտը հնձել առավոտվա ցողի հետ կամ լուսնյակի լուսով։

Արտերը, որոնք բարձրացել էին մոտ երկու թզաչափ, դեռ հասկ չգցած դեղնին էին տալիս։ Հողը ճաքճքել էր, չորացել և մարդկանց ոտներն էր այրում։ Ամբողջ հույսը մի առատ անձրևն էր, որին սպասելուց գյուղացիք հուսահատվել ու վիզները ծուռ շարունակ դեպի երկինք էին նայում, որի վրա շաբաթներով ամպի կտոր էլ չէր երևում։ Իսկ ջրովի արտ ունեցողները հերթ էին նշանակել, որ կարողանան գոնե մի անգամ ծարաված ու խաշված արտին ջրի կաթիլ հասցնեն։ Ջրի համար տեղի ունեցող կռիվները հաճախակի երևույթ էին դարձել։ Իրարից ջուր էին խլում կամ ջրի կեսը գողանում պարտեզների ու բանջարանոցների համար։ Սնոտիապաշտ պառավներն սկսել էին մի չլսված արշավանք յաչեյկայի դեմ։ Մինչև անգամ գյուղում երևաց վաղուց մոռացված «նուրի-նուրին»[14], որի դեմ կռվել սկսեց կոմերիտմիությունը, խլելով «նուրին» և պատառոտելով նրա շորերը։ Սակայն մեկ-մեկ, սարսափելի շոգին, էլի լսվում էր գյուղի այս կամ այն խուլ անկյունում «նուրին» ման ածողների ձայնը։

Նուրի-նուրին եկել ա,
Աջբա հուրին եկել ա՛,
Շիլա շապիկ հագել ա՛,
Կարմիր գոտիկ կապել ա՛։

Ձու բերեք, թաթին դնենք,
Յուղ բերեք, վարսը քսենք,
Մեր նուրինի փայը տվեք,
Ուտենք, խմենք, քեֆ անենք։

«Նուրին», իհարկե, անձրևը չէր բերում, իսկ շրջանային բժիշկը և գյուղատնտեսը հաճախ դասախոսություններ էին կազմակերպում բնական երևույթների մասին և ժողովների մեջ հրահրում այն միտքը, թե անհրաժեշտ է առու անցկացնել մոտակա գետից, որ հանդն ազատվի հետագայում նման երաշտներից»։ Գյուղում մինչև անգամ կազմվեց «արխի ֆոնդ» և մի հանձնաժողով, որ դիմումներ անի կառավարությանը, աջակցելու համար ոռոգման գործին։

Կիկոսը, իհարկե, էս տեսակ բաների չէր խառնվում։ Նա առհասարակ լուռ էր, չէր խոսում, մեկ-մեկ միայն փնթփնթում էր շոգի ու երաշտի վրա, բայց վախենում էր գոնե ծածուկ աղոթք անելուց, որ անձրև գա։ Վայ թե տեսնեին, թե Կիկոսն այսինչ տեղն աղոթք է արել ու պատժեին, թեև ջինդար Սողոմոնը նրան ասել էր, թե ամեն մարդ ազատ, իրեն համար կարող է աղոթք անել, և ոչ ոք նրան էդ բանի համար չի պատժի, բայց էլ ջինդար Սողոմոնի ասածներին հավատա՞լ կլիներ...

Մի իրիկուն էլ, երբ Կիկոսը հանդից տուն դարձավ, Թազագյուլը նրան հայտնեց, թե ինքն ու իր եղբայր Ունանը երկու օր է ինչ հերթով ջրում են Սումբաթովանց Վանո-բեգից վերցրած հողի արտը, թե ՄՈՊՐ-ի բաժինն արդեն ջրել, վերջացրել են, իսկ մնացածի կեսը պետք է ցերեկով ջրվի, կեսը գիշերով, և ավելացրեց, թե Ունանը գիշերով արդեն ջրել է, իսկ առավոտը վաղ Կիկոսը պետք է գնա, որ մնացածը ցերեկով ջրի, վերջացնի, ջուրն ուրիշին տալու համար: Կիկոսը միտք արավ, միտք ու կնոջը թե՝

— Էն ա մնացածն էլ էգուց դու ջրի, էլի՜...

— Էգուց շրջանում ժողով կա ՄՈՊՐ-ի ու ՓՈԿ-ի մասին, ես անպատճառ պետք ա գնամ մեր գեղի կողմից,— կտրուկ հայտնեց Թազագյուլը։

— Դե՛, թող Ունանը ջրի, ջանը հու դո՞ւս չի գալ,– առարկեց Կիկոսը։

— Ունանն էգուց խոտ ա հնձելու, նրա խոտը չորանում, փչանում ա... Քու ջանը հո դո՞ւս չի գալ, էդ մի բանն էլ դու արա, էլի՛, էն արտի հացիցը դու ուտիլ չպիտե՞ս...

— Չէ՛, ուտիլ չի պտեմ, էն արտի հացը հարամ ա...

— Ո՞նց թե հարամ ա, ա՛ սևասիրտ, էս երկու տան ումուդն էն մի հատիկ արտն ա, դու ասում ես հարամ ա՞,— զայրացավ Թազագյուլը։

— Էն խալխի տափը խլել եք, վարել, ցանել, թե ինչ ա, կեսը ղարկեք գրանիցա[15], կեսն էլ ով գիդա, թե ինչ անեք, բաս նրա՞նք ինչ պտեն ուտիլ, իսկի վախո՞ւմ եք էն վերի կապիտից[16] ... էն ա, հրեդ ըտհենց բաներ եք անում, է՜, ինչ երկինքը գլխներիդ խռով ա կացել, մի պուտ անձրև էլա կաթում չի... էդ բանի միջին արին կա, ես խառնվողը չեմ, դուք գիդաք։ Ես Խուրշուդ-բեգին խոսք եմ տվել, որ իմ ոտն էն տափը կոխի ոչ,— պնդեց Կիկոսը և համառ դիրք բռնելով ներքևի պռոշը կախեց։

— Ա՛ տղա, հալա հին խելքին ե՞ս, ա՛ քու բերողի արքանը[17] չորացել էր, քեզ ինձ համար մարդ չէր ծնել, ուզո՞ւմ ես, էդ փեյնով լիքը կարկաժդ ղալումը փթացնել տա՞մ... Սումբաթովանց դարդը քեզ են տվե՞լ, հողս նրանց օձ խուզող ու ասեղ մաշկող գլխին կենա. թե մտի՞ցդ ընկել ա, որ մի խան ցորենի պարտքը չորս տարի տալով, տալով կարում չինք թե պրծնենք... Դե, էս ա քեզ ասում եմ, էգուց առավոտ ծեգի հետ, թե գնացել չես էն արտը ջրել, թե քու ձեռն ու ոտը կապել չտամ, օխտն օր օխտը գիշեր սոված, ծարավ, գորում, դառը երեսիդ փակ պահեմ, թող իմ անումը: Թազագյուլ չըլի, Ալաբաշ ըլի,— բորբոքված ասաց Թազագյուլը ու քայլերն ուղղեց դեպի դուռը։

Կիկոսը կարկուտի տակ ընկածի պես շշմել էր, բայց ուշքի գալով դիմեց կնոջը.

— Էդ ո՛ւր ես գնում, աղջի՛։

— Գնում եմ աչքիդ լիսը հանողի կուշտը, հրես գնում եմ յաչեյկին ասեմ, թե դու կոնտրիկ ես, որ գան կաշիդ գլխովդ հանեն,– սպառնաց Թազագյուլը։

— Դե՛, լա՛վ, լա՛վ,— սարսափած վեր թռավ տեղից Կիկոսը,— էս տանը մարդ ու կնիկ խոսք ու զրից էլ չեն կարալ անե՞ն... բան էր, ասեցի, հու արի ոչ, թող մի խելքս, գլուխս հավաքեմ բալքի քու ասածն ա լավը, յաչեյկե՞ն ինչ բան ունի՝ մարդ ու կնկա գործին խառնվի... Ես վախենում եմ զուր տեղը մշակութին անեմ, անհախ, անփող, չունքի Վանո-բեգն ասել ա՝ «Թող վարեն ու ցանեն, տենանք ո՞վ պտի հնձիլ...»։

Թազագյուլը նոր բան իմանալով՝ ետ դարձավ ու կրկին հարձակվեց Կիկոսի վրա.

— Ի՞նչ, ի՞նչ... ո՞ւմ ա ասել, որտե՞ղ ա ասել, ե՞րբ ա ասել...

— Եսիմ ո՞ւմ ա ասել — չքմեղանալով պատասխանեց Կիկոսը.— դա հո գիդաս, որ ես էլ մարդու հետ զրից չեմ անում... Սարին ու քարին ա ասել, ջրին ու փետին... Զրից էր, ասեցի, էլի՜, ի՛նչ ես բարակ ծերիցը բռնած դբա հաստը գնում...

— Լավ ա ասել, ինչ որ ասել ա... Նրա ասիչը[18] խի՞ ա բլբլում, որ ասում էլ ա... Դե, թող նա քամի դառնա էն արտի կողքովն անց կենա, տե՛ս, թե նրա մոխիրը քամուն եմ տալի՞, թե չէ...

Մարդ ու կնկա զայրույթը կարծես իջել էր։ Թազագյուլը շարունակ անիծում էր թագավորից սկսած մինչև բեգերը, իսկ Կիկոսը շորերը հանելով փաթաթեց, բարձի տակ դրեց գլխատակին, որ քնի, կամաց փնթփնթալով.

— Յարաբ, որ կնիկն էր ըլել աշխարհիս դատ ու դատաստան կտրողը, մեր հալն ի՞նչ կըլեր...
XV

Առավոտը վաղ, Կիկոսն էշն առաջն արած գնում էր Խաչի տակի արտը ջրելու, թեև մտքումն էնքան էլ համաձայն չէր էդ բանին։ Երբ հասավ Խաչին, ճամփան ծռեց ու հեռվից անցավ, հակառակ իր սովորության, որովհետև նա վաղ ժամանակները միշտ ներս էր մտնում քանդված մատուռը, համբուրում խաչքարերը և աղոթում։ Նա վախեցավ Ունանից, որը կարող էր նկատել և խայտառակել իրեն։

Տեղ հասավ, էշը կապեց ծառիցը, Ունանին ճամփեց տուն, ջրի հոսանքը փոխեց, ապա ետ դառնալով մեջքը ծառին դեմ արավ, հաց ու պանիրը խուրջինից հանեց ու սկսեց նախաճաշել, միտք անելով աշխարհիս անցուդարձի մասին։ Ապա դարձավ մոտը կանգնած իշին, որը հոնքերը կիտած ու ականջները կախ, կարծես ննջելիս լիներ։

— Հե՜յ գիտի հա՛, էշ ջան... էս ծառիցը քանի՜-քանի՜ հրեղեն ձի են կապել Սումբաթովանք, էս իմ նստած տեղն ինչքան քեֆեր են արել Սումբաթովանց բեգերը... Հիմի... հիմի Սումբաթովանց հրեղեն ձիու տեղ Կիկոսի էշն ա կապած, Վանո-բեգի հոր տեղն էլ Թոփալանց Կիկոսն ա նստած, ոնց որ էս մուլքի տերը։ Աստոծը... մեղա՜ աստծու, կա ոչ, մաշել ա, թագավորին սպանել են, բեգերին ու աղալարներին հենց օրն են գցել, որ շունը ձեռներիցը հաց չի ուտիլ... Ա՛յ, էշ ջան, հիմի կհավատամ, որ աշխարհս շուռ ու պարան ա ըլել, քյասիբի լիզուն երկարել։

Կիկոսը զրույցն ընդհատեց, վեր կացավ, ջուրը կրկին փոխեց, ապա դես-դեն մի լավ աչք ածեց, որ համոզվի, թե մարդ հո չկա՞, որ իրեն լսի, ու մոտենալով իշին, աչքերը տրորեց ու շարունակեց իր զրույցը.

— Էշ ջան, բա որ հիմի էլի ամեն բան փոխվի, թագավորի տեղ մի ուրիշ թագավոր թախտին նստի էլ ետ առաջվա պես պրիստավը, քյոխվեն ու աղալարնին գան, մեր բանը ո՞նց կըլի, հը՞... Գլուխս թակիլ չե՞ն, թե ես ոնց եմ ջուռյաթ արե[19] Սումբաթովանց հողը մտե՞լ... Թազագյուլին հու կտոր-կտոր կանեն, էս դիփ նրա սարքած բաներն ա... Հը՞, էշ ջան, խելքդ ի՞նչ ա կտքում էս բանիցը. ես ինչ ջուղաբ կտամ...

Իսկ էշը միայն պոչն էր շարժում, որ վրա թափվող ճանճերից ազատվի, որովհետև արևն արդեն շիկացած երկաթի պես դաղում էր, իսկ ճանճերը հավաքվելով ստվերի տակ, անխնա կծոտում էին խեղճ հայվանին։

— Հիմի արի, քեզ մի ուրիշ բան էլ ասեմ, էշ ջան։ Էս խաչը որ կա՞, կարկուտի խաչն ա, թե որ տարեկան մի քանի մատաղ չմորթվի սրա տակին, գեղի հանդերը կարկուտը կսրբի, կտանի։ Էս մի տարուց ավել ա, սրա տակին մատաղ չի մորթվել։ Բա որ սա էլ կատաղի ու սաղ արտերը կարկտահար անի, տեղը չի՞ էդ անհավատ անօրեններին... Իսկի գիդա՞ս, թե Սումբաթովանք տարին քանի մատաղ են արել էս խաչի տակի՞ն... հինգը, վեցը։ Նրանք խաչի սիրտն են շահել, խաչն էլ բարեխոս ա ըլել նրանց արտերի համար, լեն ու բոլ ջուր ա տվել, որ ջրեն, կարկուտիցն էլ ազատել ա, թե չէ է՞ս ինչ ա, էս ջո՞ւր ա, կասես մկան ցեթ ըլի, էնքան բարակ ա, հիմի հախը չի՞, որ գնամ մի աղոթք անեմ, մատաղ խոստանամ, բալքի ջրերը վարարեն, կարկուտ էլ գա ոչ...

Կիկոսը մի քանի քայլ արավ դեպի խաչը, բայց մեկ էլ մտածելով, թե կարող է տեսնող լինի, ետ դարձավ ծառի տակը։ Դեսից-դենից քիչ խոտ հավաքեց, վառեց իշիցը մոտիկ, որ ծուխ անի, ճանճերին քշի ու ինքը երկար ու մեկ ձգվեց ստվերի տակ։

Շատ էր քնել, թե քիչ, մին էլ հանկարծ վեր թռավ տեղից սարսափահար ու մոտենալով իշին, պատմեց տեսած երազը։

— Էշ ջան, երազումս տեսա, թե ոնց էս մեր կողքի խաչը, մի մեծ ու սիպտակ մորուքով մարդ, եկավ գլխավերևս կանգնեց ու պինդ ձենով վրես բղավեց. «Կողքովս անց կենալիս խի՞ ինձ բարի լուս չասեցիր, դե՜ հրես տես քեզ ինչ եմ անում...»։ Ու ղամշին քաշեց, թե գլխիս վրա բերի, վեր թռա... Հմի ի՞նչ ես ասում, էշ ջան, գնամ ոչ սրբի ոտներն ընկնեմ ու քարերը լիզեմ հը՞... հու տե՞նող չկա...

Կիկոսը տարակուսեց, ապա իրեն-իրեն մռթմռթալով, շարժվեց դեպի արխը. «Կաց, հալա մի ջուրը փոխեմ, ետով միտք կանեմ»։ Սակայն որքան մեծ եղավ զարմանքը, երբ արխին մոտենալով նկատեց, որ ջուր չի գալիս։

— Ջո՞ւրս էս ով կտրեց,— շվարած կանգ առավ Կիկոսը բահը ձեռին,— գնա՞մ ոչ մի տենամ էս ինչ հարամզադա ա կտրել, գլուխը տապակ անեմ... Արի՛, էշ ջան, արի քեզ էլ տանեմ ջուր տամ, ծարաված կըլես...

Ու Կիկոսն իշի կապը քաշած առաջ ընկավ դեպի ջրի ակը։ Դեռ հեռվից էր, որ Կիկոսը նկատեց Խուրշուդ-բեգին, որը ջուրը կտրել, արել էր քարերի մեջ ու ինքը նստել մոտը, ձիու կապը ձեռին բռնած: Կիկոսը մի րոպե կանգ առավ, նա մտածում էր, առաջ շարժվի՞, թե ոչ, երբ Խուրշուդ-բեգը ձայն տվեց.

— Արի՛, արի՛, մոտիկ արի։

Կիկոսն անվստահ քայլերով առաջ շարժվեց ու թուքը կուլ տալով դիմեց Խուրշուդ-բեգին.

— Բարի օր քեզ, Խուրշուդ-բեգ։

Խուրշուդ-բեգը չպատասխանեց։

— Ջուրը դու ես կտրե՞լ,— հարցրեց Կիկոսը։

— Քո՞ռ ես, տենում չես, որ ես եմ կտրել,— զայրացած պատասխանեց Խուրշուդ–բեգը։

— Բա էդ ի՞նչ ես ջրում։

— Արտ։

— Խուրշուդ-բեգ, բա էս ղայդի արտ կըլի՞, էս քարերն ու ղռե՞րը...

— Քար ու ղռե՞ր... — կատաղած հարձակվեց Խուրշուդ–բեգը,— տո շո՛ւն շան-տղա, դու քանի գլխանի ես, որ եկել ես իմ պապական հողը վարել, ցանել, հիմի էլ ջրում ես ու իմ արտին էլ քար ու ղռեր ես ասում... հրես քար ու ղռեր շանց կտամ քեզ։

Խուրշուդ-բեգը մի քար վերցրեց ու շպրտեց դեպի Կիկոսը, որը փախավ ու քարից խուսափեց. էշին թողնելով արխի մոտ կանգնած։

— Խուրշուդ-բեգ,— հեռվից ձայն տվեց Կիկոսը,— ես հու կռվի չեմ եկել, դու էլ գիդաս, թե ով ա քու տափը խլողը, վարողն ու ցանողը, ես ի՞նչ մեղք ունեմ, ինձ ասել են՝ ջրի, ես էլ ջրում եմ, հիմի էլ դու ասում ես՝ ջրիլ մի, էլ ջրիլ չեմ, էլ քար ու փետ շպրտե՞լդ ինչ ա... Բո՜, բո՜... է՞շս, ուր ես տանում, էշս, — գոչեց Կիկոսը, տեսնելով թե ինչպես Խուրշուդ-բեգն իշի կապը քաշած, տարավ ձիու մոտ։

— Ես քեզ էշ շանց կտամ, դե′, տղա ես, մոտ արի, տես գլուխդ քանի տեղից եմ տապակ անում,— հարձակողական դիրք բռնեց Խուրշուդ-բեգը։

— Աստոծ, երկինք, հող ու ջուր, սուրբ ու մասունք, որ էս բանումը ես կամ ոչ, մեղք չունեմ, գնա կնկանս հետ կռիվ արա, էշս ինձ տուր, էլ ես էս արտը չեմ գալ, սրանից եկած հացիցը կտրիլ չեմ, է՞շս ինչ ա արել... Ըհը′, հրես դեն եմ գցում էս բահը, էլ ջրիլ չեմ, մենակ թե էշս ինձ տուր,– աղաչական ձայնով դիմեց Կիկոսն ու ձեռի բահը շպրտեց։

— Մարդ ու կնիկ ինձ համար դիփ մեկ ա,— գոռաց Խուրշուդ-բեգը,— ես եկել եմ ըստեղ, որ ով պատահի, տեղնուտեղը սպանեմ,— այս ասելով Խուրշուդ-բեգը Կիկոսի էշը կապեց մի թփից, ձին նստեց ու քշեց Կիկոսի վրա։

Կիկոսը հազիվ բարձրացավ ծառը։ Խուրշուդ-բեգը կատաղած ձին քշեց ուղղակի արտի մեջ, մի քանի անգամ դես-դեն վազեցրեց, ջարդեց, տրորեց նոր ջրած արտը, անցավ նաև «ՄՈՊՐ»–ի բաժինը, ձիու ոտի տակը տվեց ցանքսերն ու ետ դառնալով Կիկոսի էշը ձիու առաջն արավ ու հայդե, դեպի գյուղ։

Կիկոսը ծառի վրա նստած, թոխմախով գլխին տվածի պես շշմել էր էս հանկարծակի անցուդարձից և չէր հասկանում, թե Խուրշուդ-բեգն ինչու տարավ նրա էշը։

Արևը թեքվում էր սարի ետևը։ Կիկոսը թեև համոզված էր, որ ոչ ոք չկա ջրի մոտ, որ Խուրշուդ–բեգն արդեն վաղուց գյուղումն է, բայց և այնպես չէր համարձակվում ծառից իջնի ու ջուրն անի արտի մեջ։ Նա ծառին թառած իրեն-իրեն փնթփնթում էր.

— Շատերն էլ ասում են, թե երազը սուտ ա։ Այ, թե սուտ ա... Համա գլուխս ինչ լավ ազատեցի թակելուց... Քարը թամամ կարկաժս ծակիլ պտեր... Որ ասում եմ՝ էս բանի մեջ արին կա՞... Յարաբ էշս տարավ, թե ի՞նչ անի... Ասենք էշս տարավ, համա մեծ ղոչաղութին արի, որ գլուխս թակելուց ազատեցի,— մխիթարեց իրեն Կիկոսը։ Ապա փափախը վերցնելով քառակուսի գլուխը շոյեց ու սկսեց հետը զրուցել.

— Գլուխ, ա՛յ գլուխ, ա՛յ իմ գլուխ ա՛յ իմ պահած ու պաշտած գլուխ, յարաբ իմ պատիվը հասկանո՞ւմ ես, թե ոնց եմ քեզ լավ պահում... Էսքան թագավոր թախտից ընկավ, աստծու տունուտեղը խլեցին, գեղի մեծամեծներից ու բեգերից տուն ու հողեր խլեցին, քյասիբների վրա փայ արին, էսքան կռիվ, մարդասպանութին ելավ, իսկի քեզ դիպչող ելա՞վ, մինը քեզ ձեռ տվու՞ց... Գլուխ... տենում ե՞ս քեզ ոնց եմ պահում... էսքան տարի ա, մինը քեզ թակած կա՞, էսքան տարի, ա, մինը քեզ ուշունց տված, բեդամաղ արած կա՞ իսկի։ Ձմեռն էս փափախն եմ դնում վրեդ, որ տաք կենաս, մրսես ոչ, ամառն էլ մազերդ ածիլում եմ, որ հով–հով ապրես։ Քեզ էլ... մի օր ըլել ա՞, որ ուսերիցս քաշ պահեմ, ուր որ ասել ես, գնացել եմ, ես նեղ-նեղ տեղեր եմ ընկել, քարերի ու փետերի վրա եմ քնել, համա քեզ համար ամեն անգամ մի փափուկ բան եմ գտել, որ վրեն դինջանաս։ Պատահել ա, ես սաղ տարին ջրի երես չեմ տեսել, համա ամեն օր քու երեսը լվացել եմ, թամզել, սիրունացրել... տեսա՞ր, թե Խուրշուդ-բեգը ձիավորված, ոնց էր ուզում քեզ թակի, համա քեզ ծառը հանեցի, որ ձեռը հասնի ոչ... Տեսա՞ր, որ քարը շպրտեց, ոնց փախա՜, թե քեզ ազատեմ... որ դիպել էր, ի՞նչ կըլեր քու ճարը... Գլուխ ջան, աշխարհս փոխվել ա, շուռ ա եկել։ Առաջ ինչ բանի որ ղուլլուղ ենք արել ու հավատացել, պաշտել, հիմի պետք ա ուրանանք, ասենք՝ դիփ սուտ են ելել։ Քու խելքը չի կտրում, թե դա ինչ բան ա, համա ես շատ լավ եմ գիդում։ Ասում են ուրացի, դու էլ ուրացի, ասում են աստուծն ա սատանեքը սուտ են, ասա սուտ են, թե ասեն մածունը սև ա, ասա սև ա... Գլուխ, ա′յ, ըսենց անելով քեզ պահել, պահպանել եմ, հասցրել էս օրին, որ հիմի էլ մարդ չեն թակում, հիմի արխեին կաց, գլուխ ջան, համա ղադրս իմացի, պատիվս պահի...

Կիկոսն էսպես իր գլխի գովքն էր անում, երբ աննկատելիորեն մթնեց, ու Կիկոսը մնաց ծառի ծերին։ Նա ուշքի գալով իրեն հարց տվեց.

— Էս ա մթնեց, բա հիմի ես ի՞նչ անեմ, վայ թե ծառիցը վեր գամ, Խուրշուդ–բեգն ըստեղեք ըլի, գլուխս թակի, էս պահած, պաշտած գլուխս։ Ա՜խ, Թազագյո′ւլ, Թազագյո′ւլ, էս ինչ կրակի մեջ գցեցիր ինձ հա՜, ա′ քոռ Թևանի աղջիկ Թազագյուլ... — Չոռ ու ցավ, Թազագյուլը գլուխդ տափը դնի, պրծնի քեզանից Թազագյուլը․․․

Կիկոսը հանկարծակիի եկավ։ Թազագյուլի ձայնն էր։ Կիկոսը չէր կարողանամ հասկանալ ու բացատրել, թե Թազագյուլը որտեղից է բուսել իր ետևի կողմը, ծառի քամակին։

— Աղջի Թազագյո՜ւլ, էդ դու ե՞ս,— ստուգելու համար հարց տվեց Կիկոսը։

— Բա աչքդ հանողն ա՞,— զայրացած պատասխանեց Թազագյուլը։— Ա՛ տղա, ի՞նչ ես սև բայղուշի պես թառ ըլել էդ ծառի վրա...

— Ասում չես թե մահից ազատվել եմ, կնիկ, Խուրշուդ-բեգը քիչ էր մնում սպանի, լավ էր, որ ես ի էստեղ, թե չէ դու որ ըլեիր, հիմի մեյիդդ[20] տանը դրած, վրեն սուգ անելիս կըլին...

— Աֆֆերի՛մ, Կիկո՛ս, ղոչաղ ես, գլուխդ լավ ես ազատել,— հեգնեց Ունանը, որը Թազագյուլի կողքին կանգնած էր,— դրա համար էլ ըտենց ծառի վրա նստած թարիֆ ես անում[21]... Վեր արի ծառիցը, վեր արի, այ աննամուս...

— Դե հրես ես կպատմեմ, ու դուք էլ կտենաք, թե աննամո՞ւս եմ, թե չէ,— ասաց Կիկոսն ու ծառիցն իջավ։ – Իսկի բանից խաբա՞ր եք, թե հենց խեղճ Կիկոս եք գտել, որ անիծքաչոր անեք․․․ Ա՛յ, թե ոնց ելավ բանը․․․

Կիկոսն սկսեց իր պատմությունը ու երբ հասավ էն տեղին, թե ինչպես Խուրշուդ-բեգը ձին քշեց նրա վրա, իսկ ինքը ծառը բարձրացավ, որ գլուխն ազատի, որից հետո Խուրշուգ-բեգը ձին քշեց ու արտը տրորեց, մեկ էլ էն զգաց, թե ինչպես փայտի մի ուժեղ հարված կպավ գլխին, որից Կիկոսը ուշաթափ ընկավ գետին, լսելով հարվածող Թազագյուլի խոսքերը.

— Դե՛, հիմի գնա ու գլուխդ թակելուց պահի, հողեմ էդ աննամուս գլուխդ... ***

Թե ինչ արին Խուրշուդ բեգին իր արարքի համար, ինչ պատիժ տվին նրան, դա ամենևին չէր հետաքրքրամ Կիկոսին։ Նրա ցավն իրեն հերիք էր։ Գլուխը թակել էր տվել, էնքան տարվա պահած գլուխը։

Կիկոսը ոչ ոքի հետ չէր խոսում այդ մասին, թեև ողջ գյուղը գիտեր։ Նա կնկանից խռովել էր, գիշերներն էլ տանը չէր քնում։ Քանի ամառն էր, Կիկոսը քնում էր գոմի կտերը, իսկ երբ ձմեռնացավ, նա բարվոք համարեց մտնել գոմը և իր իշի կողքին թեք ընկնել։ Շարունակ հոգոց էր քաշում, երբեմն դիմելով իր միակ զրուցընկեր իշին.

— Է՛հ, էշ ջան, էս աշխարհումս էլ իմ ապրիլը հարամ ա. մարդամիջից ընկա, գլուխս թակել տվի... Բա մարդ էլ էսքան տարի գլուխը պահի, հազար ու մի փորձանքից ազատի, բերի հասցնի էն օրին, որ էլ մարդ չեն թակում ու հենց էդ վախտը թակել տա՞... Բա սա օրե՞նք ա... Թակողն էլ ո՛վ ըլի, ով, իրան կնի՞կը... Հե՜յ գիտի հա՛, Կիկոս, խանչալիդ քարը վեր ընկավ, աստղդ ծովն ընկավ...

... Ու ապրում է Կիկոսը իր միակ ցավը սրտում։ Ապրում է առաջվա պես իր էշից անբաժան ու երկար մտածելուց, ախ ու վախ քաշելուց, երբեմն մխիթարում է իրեն, ասելով՝

— Բալքի լավն էս ա՞...

  1. Գյուղացիք դաշնակցական խմբերի բոլոր տղաներին «խումբ» էին ասում:
  2. Ո՞վ ես,հրացանդ տո՛ւր, դուրս եկ:
  3. Անվայրի-վայրի։
  4. Ընկնողը լաց չի լինի:
  5. Թարգմանիչ։
  6. Արձակեք:
  7. Դիակը։
  8. ժամանակը։
  9. Ճպուռ։
  10. Անտառապահ։
  11. Կոնտրռևոլյուցիա բառի կրճատումն է:
  12. Ռուսերեն՝ «միրսկի պրիգովոր» — «համախոսական վճիռ»:
  13. Բռնավոր, բանտարկյալ. երբեմն ժողովուրդը գործ է ածում նաև գերի իմաստով։
  14. Հին Ժամանակ գյուղերում սովորություն է եղել, որ երաշտի ժամանակ մի շերեփի գլուխ փաթաթել են թաշկինակով, կողքից կապել փայտե ձողիկներ (ձեռներ), հագցրել կարմիր շապիկ, կապել կարմիր գոտի ու դռնեդուռ ման ածել, ձու, յուղ, և այլ մթերքներ հավաքել մատաղ մորթելու համար, որ անձրև գա։ Բաժին տվողը սովորաբար մի ամանով ջուր է ածում «նուրինը» գլխին, որով ուզում է ասել, թե «գլխիդ թող անձրև գա, ջուր թափվի»։ «Նուրին» անձրևաբեր է։ Սրա հակառակը կա և «Ճոլին», որն «արևաբեր» է։
  15. Ուզում է ասել՝ արտասահման, ակնարկելով «ՄՈՊՐ»–ին։
  16. Կապույտ, ակնարկում է երկինքը։
  17. Արգանդ։
  18. Ասող, ակնարկում է լեզուն։
  19. Համարձակվել։
  20. Դիակ։
  21. Գովաբանում ես։