Ես չեմ սիրի սովդաքար
Ու չեմ գնա բազազին,
Որ աստուծո ողջ օրը
Զոռ է տալիս իր գազին:
Եվ գիշերն անհանգիստ
Նրա չոթքի չըկչըկոց,
Մարդի զահլա է տանում
Դաֆթարների ողջ կապոց:
Գնա՜, կորչե՜ սովդաքար
Իր փողի սնդուկներով,
Նրա արծաթը չէ բերում
Այրված սրտիս հանգիստ զով:
Ես չեմ սիրի փեշաքար
Ու չեմ գնա ոսկերչին,
Նրա գոհարը չէ արժում
Սիրուն աղջկա մի պաչին:
Խիստ ագահ է ոսկերիչ,
Թեև ոսկու հետ խաղում
Եվ ժանգակեր մետաղից
Իր օգուտն է նա քաղում:
Գնա՜, կորչե ոսկերիչ,
Նա է նույնպես մեքենա,
Որպես իր մուրճն ու փուքսը,
Որով իր գործը գործե նա:
Ես չեմ սիրի քահանա,
Ու չեմ գնա տերտերին,
Նա որսում է շիլափլավ
Սնունդ տալու իր փորին:
Եվ գիշերն անդադար
Նրա սաղմոս, շարական
Չեն իմ ականջներին
Անուշ ձայներ դուրեկան:
Թո՜ղ կորչե տեր Մարկոսը,
Նա մի քուրմ է կեղծավոր,
Եվ իր մաշտոց, տոնացույց
Շինեց ուռկան զորավոր:
Ես չեմ սիրի չինովնիկ,
Թեև ծերուկ գեներալ.
Թո՛ղ թե, ուներ նա գյուղեր,
Հարյուր հազար իմպերիալ:
Ես զզվում եմ նայելով
Նրա ահագին քըթին.
Ուր սպիտակ բեղերը
Դեղին է ներկել բուռնոթին:
Գնա՜, կորչե՜ չինովնիկ,
Ինձ զարհուրանք է բերում,
Եվ արյունոտ ձեռքերեն
Մահվան հոտ է միշտ բուրում:
Ես կըսիրեմ ստուդենտ,
Մի նորահաս ուսանող,
Սիրո պաշտող մտերիմ,
Գեղեցկության է հարգող:
Թեև նա ման է գալիս
Հին հագուստով, կոշիկը ծակ,
Պանդոկումը պարտք ունի,
Եվ գրպանն է միշտ դատարկ:
Բայց սրտումը կիրք ունի,
Բորբոքվում է նոր կյանքով,
Երակներումը վազում է
Արյունը ջերմ հոսանքով:
Երբ իմ առջև ծնկաչոք
Մորմոքում է` նա լացում,
Եվ ախտալից աչերեն
Տաք արտասուք է բացում:
Քանի՛ ազդու հայտնությունք,
Որքա՛ն անուշ հրապույր,
Երբ քաղում է իմ թըշեն
Մի վարդենի տաք համբույր…
Կեցցե՜, կեցցե՜ ուսանող,
Նոր սերունդը մարդկության,
Ես իմ անձն և իմ սեր
Նրան կըզոհեմ հավիտյան: