Կյանքի երգը
Ահաբեկիչ կնճիռներուն մեջ կյանքին
Լալահառաչ, սուր հծծյուններ ինձ ըսին.
«Ամեն հույսեր մեծ պարապին կը հանգին,
Ունայնություն մը կը պրկե կյանքը սին:
Ամեն ծաղիկ խամրում մ’ունի իրեն մոտ,
Ու ամեն կյանք՝ մութ ստվեր մը իր ետին.
Ծաղիկներու բուրումին պես խնկահոտ
Ամեն հույսեր դեռ չըծլած կ’անհետին»:
Բայց մխացող խոհերուս մեջ ծիրանի
Լույս մը հանկարծ սըպրդեցավ շողալով,
Կյանքի փարփառ երգն ոսկեսար, գեղանի,
Որուն ցվերջ ունկնդրեցի դողալով:
«Տխուր ողբեր թող չքանդեն քեզ,- ըսավ,-
Թող չցնդին ոսկի հույսերդ ցիրուցան.
Իր վերջն ունի ամեն կնճիռ, ամեն ցավ՝
Զինք մոռցնող ժպիտները լուսացան:
Ահա ի՛նչպես, տես, կապույտն ալ կամարին
Մերթ ամպերու գորշությունով կ’աղարտի,
Անձրևին տակ իր ժպիտներն կը մարին,
Անձրևին,- այդ լաց,- սակայն երգն է ավարտի:
Ամեն անձրև արև մ’ունի իրմեն վերջ,
Ինչպես ամեն լաց իր ժպիտն արփենի.
Ու տևական ուրախություն մը միշտ պերճ
Պի՛տ հաջորդե ժպիտենրուն երբեմնի»:
1903, հունվար