Jump to content

Կյանք (Ալեքսանդր Ծատուրյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿՅԱՆՔ

Ո՛չ, ատելի չես, դու, կյա՛նք վշտալից,
Երբ քո խռովահույզ, բազմահոգ գրկում
Տանջելով մարդուն — նաև կարեկից,
Անկեղծ ընկեր ես նորան պարգևում։

Ծանր չէ՛ քո խաչն, երբ մենք կորացած
Այդ խաչի տակին՝ խուլ հառաչելիս,
Ունենք մտերիմ, որ մեզ համազգաց,
Մեզ հետ խնդում է և մեզ հետ լալիս…

Երբ գիտենք, որ կա գոյության կռվում
Մեզ սիրող մի սիրտ — անձնուրաց ընկեր,
Որ միշտ պատրաստ է տանջանքի ժամում
Յուր սիրով սրբել մեր արտասուքներ։

Եվ որպե՜ս անհագ, որպե՜ս համարձակ
Հառա՜ջ, միշտ հառա՜ջ ձգտում է հոգին,
Երբ կյանքում, որպես հուսատու հրեշտակ,
Ընկերն ընկերին սեղմում է կրծքին։

Այնտեղ, մըտերիմ սիրառատ գրկում
Եվ փուշն է — ծաղիկ, և՛ լացը — ծիծաղ.
Այնտեղ ձըմեռն է գարնան պես ժպտում,
Այնտեղ և մահվան համբույրն է խաղաղ…

Ո՛չ. ատելի չես, ո՛վ կյա՛նք վշտալից,
Երբ քո խռովահույզ, անվերջ փոթորկում
Տանջելով մարդուն — դու և կարեկից,
Անկեղծ ընկեր ես նորան պարգևում։
1892