Jump to content

Կյորա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՅՈՐԱ

(Գյուղի տպավորություններ)

Քերծերի մեջ պահված մի գյուղ է Կյորան՝ սրածայր ժայռերով, քարանձավներով շրջապատված, գետնափոր տներով, ուր արևի շողերի մի խուրձ է թափանցում փոքրիկ հերդիկից և հազիվ է լուսավորում քարայրի ներսը:

Ծնկներդ դողում են ու ցավում, մինչև նեղ կածանով Կյորա կիջնես:

— Ինչպես են ապրում, ինչո՞ւ այս խորխորատից դուրս չեն եկել,— պատրաստվում ես հարցնելու հանդիպած գյուղացուն:

Իրենք էլ են բեզարել:

— Ոչ մի շինարար աշխատանք չենք ուզում կատարել, — ասում են գյուղացիք:

— Ղզլբաշի ժամանակ Կյորան «պենդոտ» (բերդ) է եղել: Մեր պապերը դրա համար են հավաքվել էստեղ,— ասում էր մի ալևոր:

— Հիմա փուչ տեղ է, էստեղ ապրել չի լինի:

«Պենդոտի» ավերակները մինչև այժմ էլ կան: Ձորի երկու ափին բարձր ժայռերի մեջ թաքստոցներ և անցքեր կան, որտեղից կրակել են ղզլբաշի ժամանակ: Այդ ամրոցում գյուղացիք հիմա խոտ են դարսում:

Կյորան աղքատ է, անչափ աղքատ: Յոթանասուն ծուխն ունի մի ձի և մի ջորի: Ամենից ունևոր գյուղացին ունի 20 ոչխար, 2 կով, մի կամ երկու լծկան և մի էշ: 25 տուն լծկան ու կթան չունեն:

— Հավ էլ չունեն իսկի, նրանց շեմքում կատու էլ չի մլավում:

Աղքատներն ամառը հասկաքաղ են անում, մի փոքր հարցով սրա-նրա արտը քաղհանում, շալակով փայտ են բերում, ծախում կամ թե հարևան գյուղերում մշակ վարձվում: 20 տուն գաղթել է Բաքու և աշխատում է նավթահորերում: Այնտեղ նրանք ավելի լավ են ապրում, քան գյուղում և գյուղ վերադառնալու մտադրություն էլ չունեն.

Դպրոց չունեն: Եկող տարվա համար որոշել են մի սենյակ պատրաստել: Նստարանների վարձը Բաքվի միությունն է խոստացել տալ:

— Վարժապետ չունենք, մեր գյուղը դժվար թե գան, — ասում են գյուղացիք:

Իրենց գյուղից մեկին ուղարկել են Բաքու, որպեսզի կուրսերում ավարտի, ուսուցչության պատրաստվի: Հիմա էլ ցենզի խնդիր կա, խեղճը շվարել է, հույս չունի, թե կկարողանա քննություն տալ:

— Աղքատ ենք, համա գիտակից, — մի առանձին հպարտությամբ ասում է ընկեր Արամայիսը՝ բջջի քարտուղարը:

Գյուղում կա 60 պիոներ, որոնք լավ կազմակերպված են, կանանց միությունը 45 անդամ ունի: Ձմեռվա ընթացքում կանոնավոր պարապել են:

— Նոր կենցաղն սկսել է տիրապետել, — ասում է ընկեր Արամայիսը և պատմում է, թե ինչպես է մեռնում գյուղում չքավոր մի երիտասարդ: Քահանան պատրաստվում է թաղելու, իսկ իրենք մինչև լուսաբաց նստում են ու սովորում հեղափոխական երգեր, դրոշակ պատրաստում և առավոտյան մեծ շուքով թաղում:

Հողը պակաս է, տեղը քարոտ:

Հողային խնդիրը խճճված է:

Այս տարի ցանքսերը երաշտից ու ձմռան ցրտերից վնասվել են. մուկն էլ մի կողմից է վնասել:

Հույս են դրել այգիների վրա, գուցե մի բան ստացվի: Այգիներում էլ հիվանդություններ են տարածվել, իսկ գյուղացիք՝ բժշկության ձևերին անծանոթ են:

— Էս Կյորում ապրելով մի լայն օրի հասնելու չենք, — ասում է մի գյուղացի, որ եկել էր մեզնից նոր լուր իմ անալու: Գյուղը ջուր էլ չունի:

Դարերի ընթացքում որքա՛ն աշխատել են ջրի փոքրիկ առվակները քերծից քերծ տանելու: Մի տեղ ժայռն են ծակել մի քանի սաժեն երկարությամբ, մի այլ տեղ հսկա թմբեր շիինել կամ նավեր անցկացրել, որոնք լարախաղի պարանի պևս ձգվում են մի քերծի գլխից դեպի մյուսը: Եվ ինչպիսի վտանգավոր ձևով են մաքրում այդ նավերը կամ ժայռեր պայթեցնում նոր առու անցկացնելու: Պատահել է, որ նավի գլխից մարդիկ ձորի անդունդն են ընկել: Սարի գլխին մի տափարակ տեղ կա, գյուղի համար շատ հարմար, և ահա որոշել են ամբողջ գյուղով ձորից դուրս գալ և այդ տափարակում նոր գյուղ հիմնել, սակայն որոշումն անկատար է մնացել, միջոց չունեն:

— Էս հեռու ձորին ո՞վ է օգնում, — ասում են, — օգնություն որ լինի, մենք էստեղ չենք ապրի:

Վտանգավոր էլ է: Շատ անգամ ժայռերը փլվում են, մարդ ու անասուն տակովն անում: Քանի՛ գլուխ անասուն է գլորվել նեղ կածանից դեպի անդունդը: Հենց հիմա էլ գյուղի վերևում մի ահռելի ժայռ կա, որը ճաքել է և մոտ է փլելու: Եթե դինամիտ լինի, վտանգը կարելի է կանխել:

Մի քանի տարի շարունակ գյուղը դաշտում ջրի ակունք է փնտրել: Դաշտում էլ ջուր չկա: Գութանավորին էշով են ջուր տանում:

Ջրորսների այդ բազմությունը շատ տեղեր է փորել, ջուր գտնելու հույսով: Եվ գյուղում որքան են ուրախացել, երբ մի գեղեցիկ օր, հողի երեսին խոնավ շերտը վարելուց հետո, կանոնավոր առու է գոյացել: Փրկության ուղին գտել են, ելք են ստեղծել, բայց միջոց չունեն նոր գյուղ հիմնելու:

Ջրորսները հիմա էլ շարունակում են ջրի ակունք փնտրել լերկ ժայռերի մոտ, ամռան կիզիչ արևի տակ:

* * *

Աղբյուրի մոտ հանգստանում ենք: Կին ու աղջիկ ջրի են գալիս: Մեզ տեսնելիս մի քիչ շփոթվում են, ոմանք երեսը կիսով չափ ծածկում: Լսում եմ ինչպես միմյանց հարցնում են, թե ովքեր են սրանք:

— Ամոթ չլինի հարցնեի ո՞րտեղացի եք, — դառնում է մեզ մի տարիքավոր կին, կուժը աղբրի տակ դնելով:

Ես պատասխանում եմ, ու մի քիչ անց՝ էլի հարցնում է, այս անգամ՝ թե ինչու ենք եկել:

— Նանի՛, եկել ենք բաղերին ճար խփենք, — ասում է մի կոմսոմոլ:

Նանին չի հավատում, թե այգիները դեղ սրսկելով կարելի է բուժել:

Նայում է մեզ, մեր գործիքներին ու ծոր տալով ասում.

— Է՛, դրանով բան չի լինի: Ցավը տվովի է, ինչ կարող եք անել:

«Տվովի» ասելիս, գլուխը դեպի երկինք է բարձրացնում, ինչպես հավը ջուր խմելիս:

Նանին գնաց ու քիչ հետո մի փոքրիկ տղայի թևից բռնած հետ եկավ:

— Կարա՞ք սրան մի ճար արեք, մինուճարս է, — ասեց ու փոքրիկի շապիկը վեր քաշեց: Երեխայի պորտի տակ մի մեծ ուռուցք կար, որից նա շատ էր նեղվում:

Ասում եմ, որ բժիշկի մոտ տանի:

— Բա դուք մի ճար չունե՞ք, — նորից է հարցնում ու զղջալով հետ դառնում:

Աղբյուրին է մոտենում մի պատանի, ծաղկատար դեմքով, ծաղկից կուրացած աչքերով: Փայտով գետինը շոշափելով՝ նա հասնում է աղբյուրին, մի կուշտ խմում է ու էլի հեռանում:

— Կույր է, գիշերն էլ մենակ հանդ է գնում, եզները պահում: Տան միակ աշխատավորն է, — ասում է գզիրը, որ երկու ժամ գյուղում ման գալուց հետո հազիվ կարողացել է մի լղար էշ գտնել, դեղորայքն ու գործիքներն այգիները տանելու համար:

Ճանապարհ ենք ընկնում: Այգիները չորս վերստ հեռու են: Պետք է բարձրանալ սարն ի վեր, իջնել, նորից վեր ելնել ու այսպես մի քանի անգամ:

Որոտում է, անձրև է գալու, շտապում ենք: Գզիրը բզում է էշին և մերթ ընդ մերթ հետևից հրում:

— Մի տուն է պահում է՛, ութ շունչ էս քուռակին են նայում, — ասում է և սրածայր մահակով կրկին բզում:

Անձրևը կաթկաթում է և հանկարծ փոխվում կարկտի:

Տասը րոպե չանցած՝ գետինն սպիտակին է տալիս: Կարկտին հաջորդում է անձրևը, վարար անձրև, ասես դույլերով են ջուր թափում:

Գզիրը ավելի է բզում, նզովում, «վաշ» անում, որ կարկուտն արտերին վնասեց, որ հեղեղ է լինելու և նորից ու նորից հրում, բզում իշին:

Այգիները դեռ հեռու են, որոշում ենք վերադառնալ: Մեր եկած ճանապարհն անճանաչելի էր դառել: Ամեն քայլի վրա մանր վտակներ, պղտոր անձրևաջուր ու սրընթաց գետակներ, որ շառաչով, ահագին քարեր տանելով թավալգլոր իջնում էին սարի լանջով:

Ցեխ է, սայթաքում ենք: Շորերս սպունգի պես անձրև է ծծել:

Արագացնում ենք մեր քայլերը:

Վայրէջքն ավելի հեշտ է: Աղբյուրի մոտ, ձորի միջով, մի ահագին գետ է անցնում:

Մի կերպ քարերի վրայով ցատկում ենք վազում ու մտնում առաջին պատահած գոմը:

Գզիրը տոնից տուն է ընկնում՝ փոխնորդ շորեր հավաքելու: Մեկից մի բլուզ, մյուսից՝ տրեխ, երրորդից շապիկ է բերում մեզ:

— Մի տան լավ շորեր կար, չտվին, — ասում է գզիրը, — Բաքվից են բերել, ազիզ են պահում:

Անձրևը չի դադարում:

Հավաքվում ենք «կանցելարը», որ ներքնահարկ մի սենյակ է:

Հեղեղը փոքրիկ լճակներ է գոյացրել կանցելարի հողե հատակի վրա:

Գզիրը ցախ է բերում, հենց կանցելարում էլ կրակ անում: Տաքանում ենք: Գյուղացիք մեկ-մեկ հավաքվում են:

Բոլորն էլ բոբիկ, թրջված, ոմանք մի հնամաշ կարպետ ուսերին: Խռնվում են կրակի շուրջը:

Խոսքը հեղեղի մասին է: Մի տեղ հեղեղը արտն է սրբել, տարել, մի ուրիշ տեղ այգում կարասներն են ջարդվել, ոչխար է ընկել հեղեղի բերանը, ջաղացի առուն է քանդվել:

— Դրանց էշը ջրի մեջ տաշեղի նման վեր ու վար էր անում, — հայտնում է մեկը:

Մի քանի օր առաջ արտերը երաշտից խանձվում էին, հիմա էլ հեղեղն է վնասել:

— Էդ լավ եղավ, որ թրջվեցիք, — ասում է մեզ մի ալեվոր, — գյուղացու հալն իմացե՛ք:

Խորհրդի նախագահը գանգատվում է, որ մկների դեմ պայքարն ուշացնում են: Ինքն այդ մասին վաղուց է հայտնել շրջգործկոմին:

Հետո պարզվեց, որ մկների մասին ուղարկված դիմումը շրջգործկոմի գրասենյակից հողբաձին է հասել...տաս օրվա ընթացքում, այնինչ երկուսի միջև միայն մի արշինանոց պատ կա, դռներն էլ իրար կից են:

* * *

Կանցելարում կրակը թեժացնում ենք:

Բաքվից նոր եկած մի բանվոր, որ հանդում թրջվել ու ցեխոտվել է, մոտենում է կրակին:

— Է՛հ, տասը տարի քաղաքում չարչարվես, մի քանի օր գյուղում չապրես: Էս ինչ հալ է՛...

Սկսում է Բաքուն գովել:

— Ութ ժամ աշխատի, եկ տանը քնի՛ր, ինչքան ուզես:

Կուչ ենք եկել կրակի շուրջը: Բոցը կարմիր լեզվակներով լիզում է ցախերն ու լուսավորում ներքնահարկ կանցելարը: Անձրևը չի դադարում:

Դուրսը մութ է արդեն: Քամուց խշշում են դարավոր ընկուզենիները, իսկ ձորերում հեղեղն է վշշում, ահագին քարեր իր երախի մեջ առած: Մթի հետ զարզանդ է իջնում գյուղի վրա:

Մոթալ փափախի տակ, չիբուխին զոռ տալով, մի միտք են անում գյուղացիք.

— Ինչքա՛ն վնաս տվեց հեղեղն այսօր...