Jump to content

Կնամա՞րտ թե ցլամարտ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կնամա՞րտ թե ցլամարտ
ԿՆԱՄԱ՞ՐՏ ԹԵ ՑԼԱՄԱՐՏ
Արամ Անտոնյանին

Ի՛նչ գլուխը լար, ալ կրնա՞ր քաշել, ո՞ր մեկս կրնայինք, բաց գերեզմանն էր փնտռածը, աստված երեսին հայնցավ ու նորեն բաց դռնակ մը ցցուց առջևը։

Գեղը լեցնող մեծ դեպքի մը շուրջը դարձած ասուլիսներեն ծիվ մը բան, որ հիմա աղբյուրին հարսներուն ծրարվուկ բերվըներեն երկնցած կերթա, հեղ մըն ալ ան ժամուն ճամփուն վրայի տռտռան մամիկներուն ժոռոտ ակռաներուն վրա կհանկուրցվի։

Չի լսված բան, չի տեսնված բան, որուն ենթական գիտնալ, որ խեցիի կտոր մը չէ ամենևին, շան լակոտ մըն ալ չէ։

***

Տարի մը միայն նշանված կմնար ան աղջիկը, անկե վերջ, Տեբոյենց հարսն էր։ Հիշողներ կային, որ հարսանիքին օրը, սանամայրը եղած էր ըսող մը թե՝ «սև հարսը խժիկ կերած պիտի ըլլեր աղջկնության ատենը»։ Իրավ ալ, դեկտեմբերի ճերմակ առավոտ մը, դուրսը անանկ չոր, կծու հով մը կար, որ պսակեն դարձող ան քանի մը տարեց հարսնևորներու փեսամանտիքը պզտիկ-պզտիկ, եթե գինիի ծով մըն ալ երթային ցամքեցնեին, տեղերնին, նորեն, ապահովաբար, չպիտի կրնային տաքնալ։ Անոնց դեպի հարսնետուն տուն անցքին ատենը, առանց թմբուկի ու զուռնայի, անշուք, թափթփուն թափորը բռնազբոս քալվածք մը կմատներ։ Հարսնևորներուն համար քիչ տրտմություն չէր ան իսկ երևույթը, որ մեկը չէր ուզած իր դռան առջև «խոնչայի պատիվ մը» ընել պուտ մը գինիին կորուստովը, որու ի՛նչ փույթ. ցուրտ էր, մեյ մըն ալ խորհողը կխորհեր թե Տեփո-Աստուրը պատվելու տեղ, կարելի է, ավելի աղեկ մարդավարությունը ըլլար պիտի, եթե տանիքին ճնճղուկներուն ափ մը կորեկ նետեր։

Ատ օրը, կերևա, ցվքներուն եզերքը, անծեղներն ալ ծուռ թառած էին։

Գյուղին մութ ծածքերեն դուրս եկած կետայի տղա մը՝ փշոտ մորմենի մըն է կըսեին, որուն վրա թերևս կաթ մը արջև ալ չէ ինկեր, ու հիմա չի զարմանալու համար, մարդ իր երեկի փորցավը միտք բերելու պետք կըզգա, որ՝ աչքի չառնված այն շատ հասարակ, շատ աննշան ու գռզիկ թուփին վրա, նանկ սիրուն աղջիկ մը կերթա «նշծաղիկի» մը անակնկալը ըլլալ։

Գեղեցիկ էր աղջիկը, գեղեցիկ մարգրիտ մը սակայն, որ ծովին անկոխ մեկ եզերքը ինկած, զինք փնտռողին չի հանդիպիր, վերջը, օր մը, դիպվածի քմայք, բոբիկ հովիվի մը ոտքին տակ կուգա։ Գեղեցիկ էր, անոր միայն աչքերուն հրապույրին հանդիպողը, պարեխի «օձին անգին քարը»՝ այդ կախարդիչ շողյունը տեսնելու պատրանքը կունենար։ Այդ պատճառով կարելի է խենթ պիտի ըսեիք գյուղի տղոցմե անանկներուն, որ ատ աչքերուն սիրովը, անոնց հալած ու բևեռված որևէ մեկ կետին վրա, նույն մեռցնող աչքերը տեսած ըլլալու արբշիռ ցնորք մը կպատմեին։ Աղվոր տանձ, արջն ալ աղվոր, անլի հեգնություն մը իր տեսակին մեջ, որ հարսին երևումներեն հոգիի լռին հատնումը զգացողներուն վերջին հուսահատ ծնծնալը կերևար։ Բալց ա՛լ եղած էր ըլլալիքը ու մեկը չի կար, որ չի գիտնար, թե իրենցմե ոչ մեկունն է ան, անոր եբենոս մազերուն վերջին թելն ալ իրենցը չէ։

Հանդիպում, բախտ, եկեղեցի ու բոլոր ասոնցմե առաջ, աղջիկը, որ անտեր մըն էր, անտեսված մը, և ապա նախապաշարում թե՝ անտեր մեծցած է անիկա, կրնա քած խոզ մը ըլլալ, որ գացած տունը չուզե պարտկվիլ, աչքը դուրսերը ու ետքն ալ իր տիրոջ գլխուն հազար դժբախտություններ բերե, բոլոր այս պարագաները ու պայմաններու իրավն անիրավն հիմա հետևանքի մը հանգած վերջապես, լսողը շատ ուշ մնացած կերևար իր քիթին ծակտիքը լենցնելու թե՝ Վարդեր Տեբոյենց տղին գացեր մեկ հատիկ հարսն եղած էր։

Համեստ բարքը, խնտվտուն երեսն ու դուռ դրացնի հետ տաքուրին շողվղտանքը, Աստուրին սիրույն, գլուխը «քարին փետին» զարնելու ու դեռ ատ գլուխը, հոգին ալ, կրակին մեջ խորովելու տինճ անձնավորությունը գեղովին վկայած հատկանշությունը կմնային կնկան մը, որուն մասին սկիզբները, ինչպես հիմա, անմիջապես վերջն ալ, անսգյուտ կաթնտու մըն է ըսին, որ Աստուրին պես շվոտի ձագի մը վիճակված է։

Շվոտի ձագ, աս ալ իրավ այսպես, հասարակային կարծիք, հայեցողություն աս մեկ տեսակետով գոնե, սխալած չպիտի ըսեիք, կհուսամ, եթե քիչ մը համբերել գիտնայիք։ Աղջկան դեմը ելլող տղան, դեղի համայնքի մեջ անոնցմե էր, որոնք իրենց ժամուն ավազանը մկրտվելու երրորդ օրերնին, չեն ալ ուշանար, կերթան մեկե միտքե չանցած աղտեղություններու մեջ բադի կտուց մը կխառնշտկեն։

Աս մեկն ալ այսպես, օրանեն իջնելե ետքը, շիտակ իր տեղը գացած էր, օտար դուռ մը, ուր իրեն պատվիրված գործերը եղեր էին, հովվություն՝ ամառը, ցուրտ եղանակին ալ իր տերերին հետ, անոնց որսկան շուները լեռը պտտցնելու չարքաշ, բայց ստորին տեսակե արհամարհ ծառայություն մը։

Մայրը ատ դուռներուն վրա, մեռնելեն հետո, զոր ան ատեն թաղելու համար, գեղին տերտերը քիթ փինչ մը ըրած էր, երթալով կծանրանա կացքը ու ստիպված կուգա անգամ մըն ալ իր մոտիկ ճանչվորներեն մեկուն քով լծվար մշակի տրեխը հագնիլ։

Աակայն, ո՛ր դուռ որ կերևա, ո՛ր հարուստի, ո՛ր հողտերի, սա տղան ան իր երկու ավուր տիրուն ալ քիթեն արին աղջուր կրերե։

Գեղին մեջ ծնած, լայնցած որևէ հասարակային ու ընտանեկան խնդիրներու ատեն, Աստուր իր տեղին վրա պիտի երևնար միշտ, անոր բերնեն վար գավաթ մը քամ օղիին հետ, ձեռքն ալ սլուկ հինգնոց մը քշողը, ալ զինքը ապահովապես, աղբոր պես մտերիմ ու կես գիշերին արթննալու պատրաստ վկա մը կրնար շինել, ինչ ատեն, ինչե որ պետք ունենար։ Ալ ի՛նչ գիտնամ, ի՛նչ տեսակ լակոտ մը, որուն համը սակայն հետզհետե հասկցված էր ամենքեն ալ, տեղ մըն ալ ամիսը երկուք չեղած՝ զինք դուրս հրողը, վտանգավոր բան մը դուրս նետածի պես շունչ կառներ։ Ի՛նչ ընեք, ալ ի՛նչ կար ընելիք, տարիքին քսանհինգերորդին վերջին իրիկունը, եթե չեմ սխալիր, հասարակ բանվորի որողչեքով տեղե-տեղ շրջիկ մշակության երթալու որոշումը կուտա։ Էն ետքի խելքը, որ տուն կկանչե, և որով մեկ երկու տարի ինքնիրենը ապրելու ինքնամփոփումով մեկուն երեսը չուզեր նայիլ, մեկու մըն ալ սրունքին վրա ժանիք չի փորձեր։

Աստուր մարդ էր եղած՝ կըսեին, ինք գոնե այսպես կհավատար ու Զատկի, Ծնունդի, ինքն ալ իր տունը կառներ կմնար, որ տերտերը կարգով մը, իր տեփուրին վրա իր աղն ու հացն ալ գա օրհնե։

Այս վիճակին մեջն էր, որ քիչ մը դրամ մեկտեղած ըլլալու աջողվածքով, աղջկան մը կտուցեն բռնելու առեջքը կսարքե մտքին մեջ, բայց որո՛ւ պիտի դիմեր, քիչ մը ոչխարի ինքնագիտակցությունն ալ բավական չէ՞ր, որ կարող ըլլար ըմբռնել, անդրադառնալ թե՝ դեռ ինք հայտնի մշակ մը՝ ու էվել ոչինչ կպցուց իր անունին վրա։ Իր ետևեն զինք մարդ ճանչնալու փորձվողները շատ ավելի իր մեկ քանի երկչոտ ազգականներն էին, որոնք, խեղճերը, հազար ու մեկ պատճառներ ունեին զինք քիչ մըն ալ մարդու անունով փաղաքշելու։ Ինչ ընեին, վաղը Աստուր նորեն կկատղի, նորեն կելլե կավառ մը կփլցնե ու նորեն իրենց ճինսը պիտի ըլլի տուժողը։

Շվոտի ձագը մարդու խորհուրդ չի հարցուցած՝ երա՞զ կտեսնե, թե հավահմայե մը կարտոնվի, չգիտցվիր, կփնտռե, կգտնե ուզածը, կնշանվի ու ժամանակ վերջը ազգական ըսվածներեն հենց հարսնառի ներկայություն մը կխնդրե ու կփակե խնդիրը։ Դեմի չի համակերպվողն ալ ան աղջիկը չպիտի ըլլար հարկավ, որ իր հարուստ ծնողքին հանկարծական անհետացումեն ետքը, մորքրոջ թևին տակ գացեր էր թառիլ, ինչ որ հետո ասոր ալ ետևը լալու դժբախտությունն իր սուգն ավելցուցած՝ վաղին սոսկումեն ավելի բան մը կմտմտար, որ տեղեն խախտած ժայռի ահագնությունով, շիտակ իր վրա, իր բույնը տրորելու կսպառնար։ Վարդեր՝ հասուկ աղջիկ, գիտեր այս բոլորին վախճանը, այնպես որ, դուրսեն եթե հորթուկի բառաչ մըն ալ լսեր, գիտեր, թե զինք իր մութ խոռոչեն լույս աշխարհ հրավիրող ձայնը պիտի ըլլար։

Այդ ձայնն էր, որ Տեբո-Աստուրեն կհասներ իրեն, որու շնորհիվ վայրկյան մը և ոչ ավելի վերջը, անոր հետ մեկ արին, մեկ մարմին, գոնե ինչպես տերտերը հանձնարարած էր ու սըկե դեռ ավելի թունդ, ավելի հանդիսավոր խոսքը շեշտված…

Սկիզբները իրար եթե հեռվեն տեսած էին ամչցածի կամ քիչ մը վախկոտի հապճեպով, թեև տղին համար չի հարմարած մտածություն, հիմա ավելի մոտեն, երես երեսի, մեկ բարձի վրա, զիրար ավելի մոտեն գնահատելու լայնկեկ պատեհությունը կար իրենց։ Հավնած կին, գգվանքին չափն ու ուժգնությունն ալ մեկեն մյուսը, ամբողջությամբ տեղը։ Թեև իրավ է, որ կինն է միշտ իր հինգ մատները էրկանը դեմ ճրագ ընողը ու վառողը, կնոջ մատուցումը միշտ ավելի շատ կփախի։

Աս տարին ահա անմիջապես Տեբոյենց տղին բրշակը շեն կերպարանք մը կառնե, հավ, կով կպահվի, օրվան առտուն անոր բխերիկեն ալ կապտորակ բարակ մուխ մը կծառանա, դուռը բանուկ ճռինչ կերկնցնե, նշան թե՝ հոն մարդու մուտը, ելք, մարդու ստվերը կխաղա։

Ու հոն կերևան մեկ-երկուքը իր հին ընկերներեն ու նորերեն ալ անանկները, որ ստիպող պետքով մը գեղին ան օտար մեծ հողտերեն իբր ընտանի դեմքի մը, ապսպրանք մը ընելու իր վարժ լեզվին միջնորդությունը կխնդրեն, բոլորն ալ դուրս գալու ատեննին չեն զսպվիր հռչակելու, թե Վարդեր այդ երբեմնի ամայության մեջ լքված փեթակին թագուհի մեղուն եղած է, ու կավելցնեն, անոր որևէ մեկ հպումը, շունչը, աչքերը փեշերուն հովն ու պզտիկ շարժուձևն անգամ իրենցմե ինչքան ալ բևեռու աչքերով դիտված, երբեք-երբեք իրենց միտքը վայրկյան մըն ալ չի մթնեցներ։

Աստուր անգամ մը ծնած օրն է խնդացեր՝ կըսեին, նախանձի հով արտահայտությամբ, անգամ մըն ալ հիմա, որ իր աղվեսի անհույս ծակին մեջ խանըմ-խաթուն մը ունի։ Այս խանըմ-խաթունին, այս փեթակի թագուհիին իրենն էին տունին հոգը ամբողջ ու այն ծանր-ծանր աշխատությունները, որոնց տեսակը, եղանակին համեմատ―դաշտը պիտի երթար գտներ։ Գարունը քաղանքը, խոտունցը, մյուս ատեններն ալ հասկաքաղ, բամպքաղ ու վառելիքին հավքտուքը՝ հեռուն տափաստաններու երեսեն, իր գիշերվան քունը կիսող չարչրկանքներն էին։ Զվարթ համակերպողն էր գեղի կնկան ճակատագրին։ Գեղը, այդ առանձնուկ միջավայրը, ուր չես գիտեր, թե որ մեկնակետե սկսած է կնոջ մը ճամփորդությունը փշոտ կարկառուտներու վրայեն և ո՞ւր օր մը պիտի վերջանա այն։

Գեղը եթե էրիկ մարդ հող չի խառնշտկեր, չուզեր աղորիք երթալ, չուզեր ամառ գիշերվան ջուրի ջրտուքի վազել, աշխատություններ, զոր նորեն կինը պիտի հասներ կիսել, դուք ալ կարծեմ ինծի հետ հավանող մը պիտի ըլլայիք, որ էրիկ մարդ ըսված այդ գլեթները, անանկները մասնավորապես, որ հողագործ տուներու մեջ չեն ապրիր, տարին անգամ մը կաղամախի պես կտրտվեին ու ժիր կնձնիի մը պես ալ մարագին առիքին տակ սյուներու գործածվեին։

Աստուր, որ ճուվելեկ մըն էր, հիմա ծուլցած մանավանդ քիչ մըն ալ կնկանը դեպի ամեն աշխատություն պատրաստ վազքերեն, մարագը նետել փակելու չափ ավելորդ մը կդառնա հետզհետե։ Արևամոլի այս մեղկ մեկուսիկ փախչտուքներով գործե, երկարկեկ ժամանակ մը կթողու ետին ու դեպի հարսանիքին առավոտը յոթերորդ տարիի մը կատարեն կհայի։ Այսչափ ատենի մեջ երկու տղեկներու մահը լացեր են միայն, ու ալ ուրիշ առիթով ոչ իսկ կույր կասկամ մը կանցնի իրենց տանիքեն։ Կապրեին, ինչպես գեղին ճուվելեկ տնվորը կապրի, ամեն պարագայի տակ, հացը Վարդերեն՝ ոսկորն ալ Աստուրեն։

Օրին մեկը, աշխարհքիս կրկնված պատմությունը միշտ, կինը գեշ երազե մը կարթննա։ Աստուր շեղում մը ըրած է, ամիսին շատը գեղի մոտակա գեղը կանցնե, նոր Գեղ, որ Շնթիլեն Սև Գետակով միայն բաժնված, վերջին տեղեն վազող ծեր մը մինչև հոն չի հոգնիր։ Հիսուն-վաթսուն տարի առաջ, Թլկատինեն ծնած շենիկ մըն է եղեր, տասը-տասնհինգի չափ հողվար տուներու համախմբում մը։

Աստուր հոն է շարունակ, ուրկե գլուխը կելլե, ոտքը չելլեր, ու ամեն ատեն ալ ջանքեր մը ունի կնոջը հավտցնելու, թե հոն ծանոթ հողտեր տան մը «ճըռճըռը» քաշելու կերթա, շահավետ գործ, զոր լմնցնելե ետքը, դեռ իրեն ուրիշ խոստումներ ալ կըլլան, որ ուրիշ ավելի փոր կշտացնող զբաղումներ պիտի տրվին։ Այդ պատճառով ցերեկեն ետքը մեծավորին աչքեն հեռանալ շատ հաճելի մարդավարություն չէ եղերւ: Ու իր տունն ալ ի՞նչ ուներ, որ Վարդեր երեսի վրա պիտի ձգեր։

Կինը առաջին առիթներով կհավատա այս ըսվածներուն թեև, որ այն տարաժամ մեկնումներուն ու անհայտացումին ստիպողությունը կբանաձևեն, կբացատրեն երբեմն կրակ երդումներով շեշտված, բայց ալ օր մը, վերջ ամեն միամիտ համբերության, ամիսներու շարքի մը ետևեն, կծակի միտքը ու հոն մեկ վայրկյանեն մյուսը այնքան մը բան կլեցվի, որ խեղճը ջաղացքի քարի մը չափ ծանրցած, նստած կայնած տեղը, քթին վրա թառող ճանճին անգամ քըշ ըսելու սիրտը չունենար։

Ի՛նչ էր աս եղածը այս չափ հանկարծ, ու ի՛նչ է ան, որ նոր պիտի ըլլի, իրերու այս աստիճան փոխված կասկածելի երևույթե մը ետքը։ Ինքը ե՞րբ աղոթելու ատեն, երեսն արևելք չի դարձուց, ե՞րբ մեծ կրակի մը վրա ջուր թափելու պահուն աստված չհիշեց, կիրակնամուտքին ե՞րբ թել անցուց ասեղը ու կիրակնամուտքին խունկ չի ծխեց մեռածներու հոգուն։ Աստծու հետ այսչափ կպչուն հարաբերության մեջ, դուռ դրացնի հետ հաշտ, Աստուրին հանդեպ ալ ի՞նչ թերություն պիտի ըլլար գործածը։ Ալ ի՞նչ մեղք պիտի ունենար, որ հիմա մեկ օրեն մյուսը, կրակ կառնե գոգնոցը ու բույնին մեջ, բուն իսկ իր նստած տեղը, սև օձի մը գլուխը տեսնելու արհավիրքներով պաշարված կգտնի իր միտքը։

Երեկ կնայեր, այսօր կնայի, ամեն գիշեր շունչը կբռնե ու կսպասե, որ մեյ մը սա դռան ձայնն առե։ Աստուր աս գիշեր ալ չի դառնար, ու ինք ատ գիշերին համար ալ հույսը կտրած՝ գլուխը բարձին վրա կնետե, քուն չըլլար, դիվահար ըլլալու սոսկումներ կանցնե, բարձին վրա, անկողնին մեջ, կարիճներու զեռում մը կա։

Վարդեր ուշ անդրադարձավ, բալց լսեց վերջապես, ու հիմա ընդարձակը լսած է, իր մոտը ու իրմեն հեռուն անցած դարձածներուն վրա։

Էրիկը դեմի նոր գեղը հարս մը կսիրե, Շուշանը, ու կըսեն, ու լսած է նաև, որ այդ հարսին հետ այնքան կսկուծ հարաբերություն շիտկեր ու ձեռքոտեր է որ, կասկած կա թե, լքանե զինք շատ չանցած, ու զայն իրեն տեղացու մը բերե: Շուշանը Վարդերին տեղացո՞ւ մը։ Ան չէ՞ ատ հարսը, որ էրիկը հողը դնելու երկրորդ առտուն, ձեռքը հինա դրած է եղեր, մյուս օրն ալ տղային մեկուն հետ զույգ մը արծաթ ապռճան ապսպրեր է քաղաքը: Շուշան ան երես ելած հարսներեն, որոնց տեսակը ծանոթ թվականե մը շաբաթ մը վերջը անմիջապես սա նոր գեղին ու ան հիներուն մեջ ալ սունկի պես բուսած։ Շուշանը բոզ մըն է:

Աստուրին կինը լսած էր այս բոլորը ու վերջին մեկ-երկու ամսվան մեջ մանավանդ, ալ որևէ նոր հայտնություններու պետք չէր տեսներ:

Հիմա ինքն է, որ կրնա մեյմեկ հիշել, թե ինչո՞ւ իր մարդուկը երբեմն տուն հանդիպելուն, հևնիհև ներս կիյնար ու հովի պես դուրս կխոյանար. ամենեն չնչին դիտողություն մը ուշացումները, մոռացումները ակնարկող, անոր պատճառ կուտար, որ զինք ոտքին տակ քարի մը պես սղկեր. կերակուրը չէր հավներ, վրան մոռցված ճերմակեղենը փոխելու պահուն հագուստի մեկը-երկուքը խելագարի մը ըղունկներով բզիկ-բզիկ ընելու բարկանքներ մը կցուցներ։

Շատ գիշերներ անկողին չէր գար, գալու ատենն ալ արյունոտ կսմիթներու ու կռուփներու տակ, կուրծքն ու միսերն ալ իրենը չէին ըլլար։

Կհիշեր հիմա մոտավորապես այն նշանակալի օրվան իրիկունը, որ էրկանը հետ սեղան նստելու բախտավոր հանդիպումով, երբ կերակուրը կլմննար, ու մարդը դուրս թռնելու պատրվակ մը գտած՝ զինք մինակ կձգեր, ի՞նչ եղավ իր սիրտը, աչքերն ինչպե՞ս դարձան հանկարծ, ու ինտոր մահվան քրտինքներով անկողին ինկավ, որ ատեն դրացիներուն ժմնցուցած հում կաթին, հում հավկիթին ու տարած խնամքներուն շնորհիվ, միայն կրցավ աչքը բանալ, ուշաբրիլ, ամբողջ շաբաթի մը մեռածութենեն ետքը:

Անցուց, տարավ ասոնք լռին ինքն իր մեջը, ինքզինք ուտելով․ չեղավ ատեն մը, որ տերտ լար մեկու մը, միայն անգամ մը Կարմրիի տեր Թորոսը Շնթիլ եկած տեսնելով, տուն կտանի գաղտուկ մը, «թուղթ հայիլ կուտա», ուրկե սև հավի արյունով գծգծված երեք թղթի ծրարիկներ առնելով, ինչպես թելադրած էր քահանան, թուղթին մեկը իրենց դռան շեմքը կթաղե, երկրորդը կայրե, մյուսն ալ Սև գետակին եզերքը ջուրն ի վար կուտա: Այդչափ, ու ավելի բան մը չէր ըրածը։ Այդ փորձով, օրը հիսուն ծունկ ալ աղոթելե ետքը, կըսպասեր, որ Աստուր ինքնիրենը խղճմտության գա ու «վազն անցնի ան խարա սեվտայեն», որը, կասկած չուներ թե մեկ օրեն մյուսը իրենց օճախը պիտի մրեղեր։

Աստուր, աղնձված սիսեռ, սպասել, որ անոր վրա թափած արցունքը, անձրևները, նույնիսկ արյունը սև հավին, կանանչ ծիլ մը երևցնեն, վերադարձ մը իրենին կուշտը, սրտի պարապ հատնում մը պիտի ըլլար։ Մարդն արդեն այնքան մը առաջ տարեր, հասունցուցեր էր բանը, որ շնթլցիներուն կաղն ու կույրը ալ լարված հետաքրքրությունով սպասող կերևան թե Տեբո-Աստուր եթե ոչ այսօր, ալ վաղը անպատճառ նորգեղցի Շուշանը Վարդերին տեղացու պիտի բերե։

Այսօր վաղը ու ահա ինչ որ կսպասեին։ Բոլոր գեղացիք ցնցումի վայրկյանի մը մեջ խորունկ մռնչյուն մը կպարպեն կուրծքերնեն։

«Չի բուսնեիր բարով, Աստուր, մերդ քեզ պիտի ցկներ նը, թող բուդ մը քար ծներ»: Ու տարևորներր, որոնք տակավին իրենց պսակին նարոտը իրենց գտակին փաթը կպահեն սրբության խնկոտ կտորի մը արժեքովը․ «Փի՛ճը, փի՛ճը կըսեն, ե՞րբ լսված էր, որ փիճի մը կոխած անցած տեղը խոտ կբուսնի»։

Թող կուզե սակայն ան լերան յոթը գլխե դևերն ալ իրենց օձգլուխ ձիերն հեծած՝ այն փիճին վրա գան ուղղության հրավիրող կոչ մը ընեն, հետևանք չպիտի ունենա, տերտեր, եկեղեցի, իշխան, առաջնորդարան թող կուզե հունա Մաստառին կատարը մոռենի մըն ալ այրի, հետևանք չպիտի ունենա։ Աստուր Շուշանը իր ուզած ու սիրած կինը հռչակելով, իր խղճին հետ հանգիստ, անառիկ որևէ ձեռնձգութենե, Շուշանին բիբին մեջ հիմա իր պատկերը կտեսնե։ Վարդերն ալ արձակված աղախին մը հունա, ամեն տեղ, բաց գերեզմանի մը փնտռտուքովը կթափառի, էրկանը կողմեն իր վզին կախած դատապարտության թղթով մը, որուն մեջ սևագրված միակ ամբաստանությունն էր, թե ինքը, օր մը, տունին ու դաշտին գործերը շատ ծանրացած մեկ օրը, իր կարելիք լաթերուն մեկ մասը ստիպողաբար դրացի աղքատ կնոջ մը հանձնելե հետո, կխոստանա եղեր անոր ափ մը ցորենով փոխարինություն մը ընել․ բոլոր տարիին մեջ մեկ անգամ հանդիպած գործ մը, որ Աստուրին կինը ամենաչնչին վարձքով մը ուրիշին ընել տալու պարագային տակ կգտնվի, ինչ որ այդ միևնույն ատեն, ուրիշ դրացնուհի մըն ալ, ջլդիկ ջադուկ, Վարդերի երեսին կատվի ճանկ մը նետած ըլլալու համար, ով գիտե երբեմն մնացած հաշվով Աստուրին ականջը կհասցնե։ Կինը ավազի հատով մը մեռցնելու համար ան էրիկ մարդուն ալ փնտռած պատեհությունը։ Այս դեպքով, միայն այս խայտառակ պատրվակով, գողի անունը կամրցնե կնոջ ճակտին, գող մը, կար ձև չգիտցող կին մը, որուն ինքը մինչև ան օրը համբերելու առաքինությունը ունեցեր է եղեր։

Ու խեղճ Վարդեր, երբեմնի այս խանըմ-խաթունը, ծրար մը լաթեղեն միայն անութին տակ, ամբողջ տունին միջեն բաժին հանված սեփականությունը, գեղին փափկանկատ քեհյաններուն միջամտությունով, որ վերջին պահուն արդար իրավունքի մը պաշտպան դուրս գալու վիճակին մեջ կգտնվին, տունեն դուրս հրավիրելու պահուն, հազիվ վրա կբերե ըսել. «Դուն, Տեբոյենց տղան, ըրիր ըրածդ, աստված ալ քեզի ընե, ու տիլեկ կենիմ, որ անանկ ֆառշ ու մալամաթ ըլլիս, անանկ խաղք խայտառակ՝ որ երեք ավուր տղացկանը պիլե, փորուն վրա սողալով քու սեյրդ կայնի»։ Ու ոչինչ անկե վերջը, անկե վերջը գեղացին կամաց-կամաց ինքզինքը տափկցած իրողության մը առջև կգտնե։ Կըլլի եղեր, աշխարհքի վրա չի պատահած բան չկա եղեր, կամ արդեն ի՞նչ էր եղածը։ Մարդ մը, որ ձեռքին տգեղցած վարդը կնետե, հիմա պահ մըն ալ թարմուկ շուշան մը կհոտվտա։ Շիտակ խոսքին ի՞նչ ըսել։

Լքված կնկուկան փեշը այն դժբախտութենեն հետո հանդիպողը երկու տեսակ բան նետեց. մեյ մը պատառ մը չոր հաց, քիչ մըն ալ հոտած լորձունքով թրջված մխիթարող խոսքեր, որոնց ինք պատասխանելու համար դժվար թե այն հացի փշրունքն ալ տեղ կրնար հասցնել։

— Հող մի’ներ, Վարդեր, խեղճ աղջիկ, հոգ մի’ներ, աստված տահա պեթերեն պեյե, օղուլ։

— Տահա ըսել է ասկե պեթե՞րն ըլ կա, ի՞նչ էնիք, ի՞նչ կրնայիք, ճակատնուս գիրն էր, պիտի տանեաք, ասկե պեթերն ըլ կա եղեր։

— Հըպը ի՞նչ կըսես եա, սեֆիլ, աշխարհքի մարդ չի՞ք,– եա օր էլլեր ուրիշ բան մըն ալ ըներ։ — Ալ ի՞նչ մնաց օր չեներ պիտի, Եղնա՛ր, ըսել է ձեզի ջուրի ձեն կուգար եղածը, ալ մընը՞ց չեղածը, ո՞ր մեկդ իմ տեղս ըլլեիք նը ջուրին հորը չէիք նետվեր գիշերվա մը ցորեկվա մը մեջ։ Աստված տուշմընիս գլոխը չբերե է՛տ գալիքը։

— Կըսեն, է՛ն վերջն ըլ աղու տուեր է եղեր, հա՞։

— Է՛ն սկիզբը, է՛ն վերջը աղուի պես բաներ, հրամեր ես, հիմա եթե էսի պիտի ըլլեր է՛ն վերջս, հազար անգամ աղեկ էր օր է՛ն սկիզբը ինչ էր նը ըլլեր խալըսեի։ Մեռնելեն դիժար տերտ ըլ կա եղեր, քորս, մեռնողը ե՞րբ ամեն օր, ամեն սեթ մուխ կունենա գլխուն վրա․ գլոխս կրակ, կուրծքս կրակ, գոգնոցս ու բոլոր փեշերս կրակին մեջ։ Ո՞ւր էր է՛ն հոգիս առնող հրեշտակը, ո՞ւր էր, չե՞ք լսեր օր հիմա ես անոր ոտքը՝ ես երթայի, խոսք մը հասկցնեի։

― Է՛, դուն ինսեխ (ինչպես) ֆարղին չի գացիր, աղջիկ, աղուն ինտո՞ր տվավ։

— Ամեն օր իրիկվա հացերնիս ճրագլուսուն կուտեաք, է՛տ իրիկունն ըլ, ինտոր եղավ, մութին նստանք, բանջար եփեր էի, չի թողուց օր ճրագ վառիմ, էճելե տեղ պիտի երթամ, ըսավ, ինք մինակ ցամաք հաց շվռտեց ու դեպի դուրս նետվելը մեկ էրաց։ Ո՞ւր կերթաս, ըսի, արի մարդ (էրիկ մարդ), քիչ մըլ տունդ առ նստիր, ես ըլ ինսան եմ, կնկա աշմախ (դնչկապ) կապեր իմ, իրկուն կըլլի, էրկա ճամփուն կըհայիմ, էտին չի դարձավ հայավ, խութին ու թզպեքն ըլ էճելե տունը թողուց։ Տեները էլա, որ երթած կողմը հասկնամ, բան մը չերվաց աչքիս, մութ էր, տանիքը քիչ մը առի, կեցա, մեկ ըլ ահա լսեցի օր հեռուեն հեռու շուներու խորունկ ձեն մը կուգա, Նոր Գեղա շնվին իրար կբզկտեն, ըսի մտքովս, նորեն Նոր Գեղը, նորեն Շուշանին դուռը։ Տանիքեն վար էջա չէջա, սոնին տակը հավու պես չոլրա ինկա։

— Ըսել է, Վարդեր, ի՛նչ եղավ նը էտ իրկունը եղավ։

— Ճիշտ էտ իրկունը, հրամեր ես, կերակուրին վրա մկնդեղ ցաներ է, ես չիմ իմցեր։ Թեզ մի փեշերը ժողվեց, հերտկավ օր էտ սեթին լեշիս տեր չըլլի զահար։ Դրացիները վրա հասան, հում կաթ, հում հավկիթ խմցուցին, աչքս բացի, չորս-հինգ օր խելք չի կար գլոխս, վերջն ըլ կամաց–կամաց տեսա օր մազերս բուռ բուռ ձեռքս կմնան։

― Խեղճ մեսիմ, է, ինչ էնես, այ օղուլ, ի՞նչ կա օր երկինքեն կուգա, էրիկ մարդեն կելլա ու կնկան գլխուն չընկնիր։

— Կխորհեի թե ո՞ր էրիկ հեչ տարիին մեջ օր մը երկուք իր կնիկը չի ծեծեր, ատոր համար ըլ խոսք ընել կարժե՞ր կըսեի, էկօ տես օր արին-երես մարդը հասկցավ քիչ ծեծելեն չիմ սատկիր, մեկ անգամեն հընցեղ (այնպես) բան մը էնիմ օր, ըսենց, մեկ նեֆեսով խալըսի։

— Անա՛մ, անա՛մ, անա՛մ (արգահատանքի արտահայտություն մը)։

— Իշտե է՛ս ըլ է՛ս չեշիտ, քարուկս, աստված հախ դատաստան ընե։

— Հիմա ի՛նչ պիտի էնես։ Լսեր իմ օր կըսեն քի դուն ըլ քու գլխուդ ջուր տաքցնես եղեր պիտի, շիտակ է։

― Է՛հ։

— Իրավ կըսիմ, աղջիկ, լսած օրս ըլ խնտացեր իմ ու համ հախ տվեր իմ։

— Ի՛նչ էնիմ հըպը, Եղնար, քորս, տարի մի է էլին դուռը, էլին ձեռքը հայելեն երեսս էտիս դարձավ, ալ օր հիմա ձեռքը տալեն փրթեր գետնին ինկեր իմ նը, վո՞վ կմեղդրեր ըզիս։ Առնող մը ըլլի նը իրիկվա վաղվնկա չիմ հայիր։

— Է՜, հեչ Աստուրն ըլ միտք չե՞ս բերեր, կինե քեզ առնելու ըլլի նը չե՞ս երթար, անխելք աղջիկ, օր ինք ուզեց նը, դուն ըլ երթալու եղիր, թող Շուշանն ըլ պեյե քեզ ըլ. էս քանի տարեստանը քանի՜-քանի էրիկ մարդ կա օր մեկին տեղը երկուք-իրենք կնիկ չի պիյեր, բանդ հայիր, Վարդեր, խելքդ տուն բեր, հիմա դուն ըլ չե՞ս կարոտցեր Աստուրը։

— Էտ տեղտանը մի հարցներ, Ե՛ղնար, հոգիս, գիտեմ օր էդ մարդը գլխավորս չէ ալ, գիտեմ օր տուշմընիս պես ու տահա գեշ բան մըն է ինծի համար, է՛հ։

— Նորեն ի՞նչ, անխելք, էհը ո՞րն է։

— Նորեն աչքս ետիս կմնա, էնոր վրա կխորհիմ, հենց որ շուքը տեսնըմ, աչքերս կկսկծան, ես ներեր իմ իրեն, բայց էն մեկուն, էն դռվին մնացած քեծ շանը, էն քեծմնոտած շանը, Շուշանին, հիմի հենց փեշին շուքը տեսնայի, արինը մորս կաթին պես անուշ պիտի խմեի օր՝ էրիկ մի տերտով սատկեցնելեն, մենձ տուն մի ունուֆաղ ընելեն վերջը, հիմի ալ մեր բոնը տարտըղնող արնտերն եղավ։ Ալ վազ անցանք, մայրիկ, հիմակ ըլ վազ անցնինք ըսի տե, մենք ըլ մեր գլխուն ճարը հայիք, մարդուն մեկն ըլ ինծի մուշտարի ելեր է, կուզե առնել, բայց Տեբոյենց էդ գեշ տղան մեջ է ինկեր, մարդուն, ըզիս առնող մարդուն խոսք կապսպրե, տեկենեկ կցուցնե քի, էտ կնկան բոլորը չպիտի երթըս, էս մտքով հուքումեթը էրզուհալ ըլ տուեր է եղեր։ Էկեր կըսե քի, երկու կնիկ առնիմ, պեյիմ նը, երկու հարիր տարի մնա ես էտ բանը խապուլ չեմ էներ, պողազիս չվանը ձեռքովս կանցնիմ, ես ամենևին էտ տեղանցը չպիտի ըլլիմ, ամմա, Եղնար, դուն կըսես քի, դուն ըլ ուրիշներուն պես ըրե, ձենդ վեր դիր, չէ՛, չէ՛, չէ՛ գլուխս վեր կառնիմ կդնիմ, ձենս վեր չեմ դնիր, Շուշանը ինծի հետ կնիկ ըլլի՜, իմ խումաս ըլլի՜ աստված խելք տա քեզի… ես գիտեմ ընելիքս…

Անցած Բարեկենդանին, պատընկնուկի օրը «արև բարի» օր մը, Շեթլցիները ուտիքի վերջին գնտիկին քեֆը կընեն։

Տանիքներուն վրա, ուրիշ ամեն տեղերե ավելի, գինիի տիկփոր դույլերը արագիլի վիզերով ու գլգլուն միշտ, Մայիսի հևքոտ արագիլին ստեպղին կտուցովը մոռցված երջանիկ տարիներու Բարիկենդանը կհիշեցնեն։ Գինին՝ գոմուց չամիչ խաղողինը, Խոխի մեղրիկ ողկույզինը, Կարմըրդարի արևունը, Ծառուկինը, Վարդաթիլինը, ջուրի առատությամբ կհոսի ամեն տեղ։ Վայրկյան մը՝ շահագրգիռ, որ ատեն, թուխ կապույտեն ետքը, գինիին կարմիրն է, որ կվառի բոլոր այն հանդիսավորված պատկերներուն վրա, ուր հոս տղա մարդու կեծկըլտուն աչքն է, հոն կանացի շիկնոտ երեսներ մը անուշ։ Կարմիրին շեշտը ուրիշ կողմեր ալ, գոգնոցներու վրա, փեշերու ու կնկա մինչև բումբերը ծածկող լաթեղեններու վրա։ Այս մեծ գույնին հետ մեկտեղ, որ մեծ հարսանիքի մը սիրված պաշտոնական երանգն է հոս, ինչպես մյուս գեղերը, Շնթլցի բարեկենդաններուն շատերը հինին ըղձոտ հուշքովը, անդին՝ լայնկեկ բացավայր մը գրաված՝ գոմշուկներու կատաղի պայքար մը կծափահարեն։

Անոնց անասուններն ալ գինով, որով կմտածես, թե վայրկյանին խենթությունը մարդուն ու մյուսներուն մեջ շարժառիթի տարբերություն մը ունի միայն, ու ատ օրը մարդերը կարելի է քիչ մը ավելի զվարթ անասուններ, որ գինիին ծնցուցած ցնորքներուն անձնատուր՝ օդին մեջ թռչուններ խլելու ձևեր մը կառնեն, ուրիշներ, ավելի խենթերն ալ գետնին վրա այն կողմը, հովթռուկ ճանկռտուքներով՝ հողը գրկելու ու երկրագունդը տանձի մը թեթև փոքրության մեջ կեղվել, կրծելու դիվային շարժունություն մը կերերցնեն։ Բայք պահեցեք սոսկումնիդ։ Բոլոր այս ժամանակներուն, յուղոտ կարմիր ձայներե հյուսված ոռնում մըն ալ մեջ ընդ մեջ, որուն մեկ հեղձ արձագանքը քայլ մը հեռվեն գեղջուկ պարուհիներու խումբերեն կզրկվի, իրենց այս հոգիացած բարեկենդվորներուն ներսի բոցերուն մեծ շունչը՝ երգը պիտի ըլլար ամբողջ գեղացիին վայրագ մեկ համերգը, որ տարիին մեջ մեկ անգամ միայն դուրս կպոռթկացնեն իրենց բրդոտ կուրծքերեն։

Այս վիճակով ահա պահ մը անոնք մեծ հոսանքով մը ակնարկված մրցավայրը հապճեպ արշավանք մը կընեն։ Տեսարանը հոս ավելի խելահեղիչ հանգամանք մը ունի։ Ցլամարտի տեսարան մը կատարյալ։

Երկու գոմշուկներ՝ գառագեղեն արձկված ամեհություններ, այնչափ ալ սոսկալի, որ ուրիշ ատեն բզեզ հովիվ մը զիրենք փայտե սամիի մը տակ կգճկեցնե, ան ատեն մաշված ցուլի մը չափ խոնարհ, հիմա ան իսկ հլու, խոնարհ գոմշուկներն են, որ երկու հատով մը լայն հրապարակ մը կլեցնեն։

Բոլոր ձմեռը ճարպ ու միս, առյուծի ուժ մը թխմեր են իրենց կաշիին տակ, ամբողջ ձմեռը ու աս օրվան համար տերերուն փառքը ցուցադրելու պատրաստված։ Պախուրցներն հանված են գլխներեն, ոչինչ կա արգիլող։

Նախահարձակը խարաճեհեննեմը կըլլա, ու ահա դիմացինն ալ իր վես, սրտոտ կեցվածքեն ետքը, ջղուտ ոստյունով մը իր խոյանքը կընե։

Գլուխ-գլխի ուժգին հանդիպում մը առջին բախումով, լեռի մը փլուզումը ուրիշ լեռի մը վրա, որուն առաջին ահավորությունը խուլ մռնչյուն մըն է։ Իրար ետ-ետ կմղեն, ծունկ կդնեն իրարու առջև, պճեղներու տակ գետնին երեսը խրամներ կբացվին, շարժումն անգամ մըն ալ, մեկը քիչ մը տեղի կուտա, ընկրկում մը, դիմացինը քաջալերված է ասկե, բայց դեռ կորուստ չի կա հավասարակշռության։ Մեյ մըն ալ, որ առաջինեն ավելի հզոր թափով ուժերնին ճակտի վրա ամփոփած՝ միշտ առաջացում, միշտ ճակատ ճակատի, եղջյուրներու շաչյունեն բոցեր մը կժայթքեն։ Աչվնին միս արին կդառնա, ու պահ մը ալ մեկզմեկ չի տեսնելու կուրությունը կունենան, կկորսնցնեն ուղղություննին, հարվածը երկար եղջյուրներու սուր-սուր ծայրովը իրարու փորի շիտկեր են։

Գերագույն վայրկյան մը երկու կողմին ալ, երկու այս ճախնածին հրեշները պահ մը իրենց անհեթեթ զանգվածներով քրտինքի ու իրենց մորթին երեսին ծնած շոգի ամպերու մեջ կկորսվին։

Խարաճեհեննեմ ինչքան սպառնացող, ահարկու, իր մրցակիցը սակայն անանկ չերևար. վերջինը դանդաղելու ձև մը կառնե, տկարի մեկուսացում մը, որ իրեն սուղի կնստի ու մյուս կողմեն սըվոր տերն է, որ ձեռքին հաստ ձողովը, որուն մեկ տեսակը խարաճեհեննեմին տերն ունի. միջամտելու անզսպություն կցուցնե հաղթական կենդանիի քթին, բերնին ծանր հարվածներ տալով։ Կռիվը հոս այսպես անորոշ վիճակի մը մեջ, հեռվեն ճչան աղաղակ մըն է, որ լսելի կըլլա, հասե՜ք, հասե՜ք, հասե՜ք։

Ամբոխը այն ձայնին կողմը մեկ քալքով տեղափոխություն մը կընե, մեծ աղբյուրին գլուխը։ Այստեղ, աղբյուրին առջևի ավազանի մեջ, երկու բաներ, երկուքն ալ ջրթաթախ, երեսնին ցեխ, անճանաչելի ըլլալու աստիճան քճքճված դիմահեղություններով, վայրկյան մը մոռցնել կուտան գոմշուկներուն կատաղությունը։ Նայադներո՞ւ կռիվ, դլփիններո՞ւ կռիվ թե՝ կնկա կռիվ, որ է՛ն սարսափելին է արևին տակ։

Երկուքն ալ կին կերևան ապահովապես, մեկուն կուրծքը վերեն վար խզտված՝ արյունոտած ծիծերու առականք մը ու դեռ ուրիշ մերկություն մը, ան ուղղությամբ։ Մազեր, քուրջի կտորներ, քակված գոտի մը ջուրին մակերեսը, շատ բաներ ու արյունի հետքեր ալ։

Ձայնը մարած է մեկուն, ու սա գնդակահար եղած ջրագռավի մը հուսահատությունով կթալթլա ավազանին երեսը։

Ու Վարդեր հարյուրավորներու աչքին տակ, կըսե ան իր ջախջախված տեղացուին.— Դե՜հ, հիմա ե՛լ, գնա՛, ուր պիտի երթայիր նը, անպատիվ կնիկ, ես կուրծքիդ վրա գրեցի գրածրս, եթե Աստուր շան պես լզելու ըլլի գրածներս, ես նորեն պիտի գրեմ։

Մեկ-երկու շաբաթ չանցած՝ Վարդեր ինքն ալ իր ձեռքովը ամուսին մը գտնե, լման կին, լման էրիկ։ Ո՞վ հավնեցավ, ո՞վ պսակեց, ինչպե՞ս, ատոր ատենը չէր հիմա։ Բայց գերեզման մըն էր փնտռածը, աստված երեսին հայեցավ ու նորեն բաց դռնակ մը ցցուց իրեն։