Jump to content

Կնունք-կնունք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կնունք-կնունք

Կնունք-կնունք


Կնունք-կնունք
Տիկնի կնունք,
Քավորն եկավ
Բարձրակրունկ։
Տո՜ւ հա, տո՜ւ տո՜ւ,
Տո՜ւ հա, տո՜ւ տո՜ւ,
Քավորն եկավ,
Ռախտա, տո՜ւ տո՜ւ։
Դե՜, շուտ արեք,
Խաբար տարեք,
Մեր տերտերին
Թռեք, բերեք...
Թռե՛ք, թռե՛ք, դե՛, դուրս թռեք,
Ասեք, որ գա կնքվատրեք:
Արի՛, արի՛,
Հրամե, արի՛,
Քավոր աղա,
Գալդ բարի,
— Տո՜ւ հա, տո՜ւ տո՜ւ,
Տո՜ւ—հա՛, տո՛ւ֊տո՜ւ։
Ամուր զարկեք
Տմբրա՛— տո՛ւ-տո՛ւ:
Քավոր աղա,
Քավոր աղա,
Տես սանիկդ
Ո՛նց կխաղա...
Ծա՛փ տու, տա՜շի, ծա՛փ տու տա՜շի
Քոռ Մկոն էլ դամ կքաշի...

Հրես եկավ տերտերը,
Գավազանը աջ ձեռը,
Սանը տվեց քավորին,
Շուրջառն առավ ուսերը,—
— Ալելուա՜, ալելուա՜,
էս տիկնիկը կնքելու ա՜...
Կնունք-կնունք,
Տիկնի կնունք
Մեր սանիկն է
Սև աչք ու ունք...
Սանիկն ապրի քավորով,
Քավորն ապրի լավ օրով,
Տերտերն անի շատ կնունք՝
Տիրացվով, ժամհորով.—
— Ալելուա՜, ալելուա՜,
Մեր տիկնիկը էլ չի ճվա...
Կնունք-կնունք,
Տիկնի կնունք,
Քավոր աղի
Ոսկին ծլո՜ւնգ...
Ոսկի կուզի տերտերը,
Թուղթ փող կուզի տատմերը,
Արծաթ կուզի տիրացուն,
Սև փող կուզի ժամհարը...
Դե, քավոր ջան, դու ցնծա
Կնունքն արի, ես պրծա։

Պար, պար կենտապար,
Քավոր, սանդ մորը տար,
Ուստա Մկո, շուտ արա,
Ածա մի լավ լեգզապար։
Դիմպի, դիմպի,
Դիմպի-դավո՜ւր,
Զուռնան փչեց՝
Դամպի-դավո՜ւր։
Դափին տվին, ծափին տվին,
Ու պար եկան լեգզավուրին։