Jump to content

Կոմունիստական բարոյականության և աստվածաշնչյան ճշմարտության մասին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Օրական Երևանի փողոցներից հավաքվում էր 65 դիակ, համանման վիճակ էր երկրի բոլոր մասերում: Խայտառակ պատերազմի և անկախության մատուցման, Բաթումի և Ալեքսանդրապոլի ազգակործան պայմանագրեր, որոնցով Հայաստանը ստանում էր ընդամենը 9 հազար քառակուսի կիլոմետր ամայացած տարածք:
Հատված ընկեր Թովմասյանի ՀԿԿ 38-րդ համագումարում արտասանած բոցաշունչ ճառից, (Առավոտ, 1 դեկտեմբերի, 2010թ.)


Ես հարց չեմ տա ընկեր Թովմասյանին՝ օրական սովից քանի՞ մարդ էր մահանում կումունիստական երանելի իշխանության, այն է Հոլոդոմորի տարիներին, քանի որ այդ հարցով ինքս չեմ զբաղվել և չեմ կարող բանավիճել մասնագիտական մակարդակով: Ես կանդրադառնամ միայն մի հարցի, որով մասնագիտության և հասարակական պահանջի բերումով զբաղվում եմ տարիներ ի վեր: Դա Հայաստանի Հանրապետության տարածքի հարցն է:

Որևէ երկրի տարածքի չափի մասին կարելի է խոսել, եթե գոնե ընդհանուր գծերով հստակեցված են այդ երկրի բոլոր սահմանները: Ալեքսանդրապոլի պայմանագիրը (հոդված 2) հստակեցնում է միայն հայ-թուրքական սահմանը (այստեղ բաց եմ թողնում պայմանագրի իրավական կարգավիճակի հարցը): Բնականաբար պայմանագրում անդրադարձ չկա Հայաստանի Հանրապետության մնացած 3՝ հայ-պարսկական, հայ-ադրբեջանական, հայ-վրացական սահմաններին: Բնականաբար, որովհետև երկու երկիր, առանց 3-րդ երկրի մասնակցության, չեն կարող որոշել վերջինիս սահմանները: Իհարկե, այդպիսի բան իրենց միայն բոլշևիկները կարող էին թույլ տալ, ինչպես արեցին Մոսկվայի պայմանագրով (16 մարտի, 1921թ.): Եթե վերոհիշյալ 3 սահմաններից առաջինի՝ հայ-պարսականի, շուրջ տարակարծություն չկար, ապա հայ-վրացական և հայ-ադրբեջանական սահմանների երկայնքով կային, մեր չափանիշներով, հսկայական վիճելի տարածքներ:

Ավելին, Ալեքսանդրապոլի պայմանագրով անգամ Նախիջևանի տարածքի վերջնական կարգավիճակը ճշտված չէր: Այն պիտի որոշվեր հետագայում՝ հանրաքվեով (հոդված 2), ի տարբերություն Կարսի պայմանագրի (13 հոկտեմբերի, 1921թ.), որով ընկեր Թովմասյանի գովերգած կոմունիստները Նախիջևանն անսակարկ հանձնեցին Ադրբեջանի տնօրինմանը:

Ի դեպ, եթե Ալեքսանդրապոլի պայմանագիրն անգամ Կարսի մարզի վերջնական կարգավիճակի համար նախատեսում էր հանրաքվեի անցկացման հնարավորություն (հոդված 3), ապա քեմալականների հետ կոմունիստների կնքած Կարսի պայմանագիրը դա էլ չէր նախատեսում:

Խոսքս ուզում եմ վերջացնել կոմունիստների չսիրած գրքերից մեկի՝ Աստվածաշնչի, խոսքով. «Զի՞ տեսանես զշիղ յական եղբօր քո, եւ ի քում ական զգերանդ ոչ տեսանես» (Աւետարան ըստ Մատթէոսի, Է:3):



1 դեկտեմբերի, 2010թ.