Կոսովոյի անկախության ճանաչումը որպես իրավական նախադեպ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Կոսովոյի անկախության ճանաչումը որպես իրավական նախադեպ

Արա Պապյան

Անկախության հռչակումը և անկախութանը հաջորդող ճանաչումը առկա իրողության իրավական ճանաչումն է: Չնայած անկախության ճանաչումը մեծապես պայմանավորված է եղել, և կլինի, քաղաքական հաշվարկներով՝ այն ակնհայտորեն իրավական գործողություն է: Ըստ այդմ, նոր քաղաքական միավորի ճանաչումը, որպես իրավական գործողություն, անկախ քաղաքական հայտարարություններից՝ առաջացնում է իրավական նախադեպ:

Ավանդաբար միջազգային իրավունքը խարսխված է եղել պետությունների ինքնիշխան իրավահավասարության վրա,[1] որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնակարգում (Հոդված 2, §1), ինչպես նաև «Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ, ըստ ՄԱԿ-ի կանոնակարգի, միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրի» մեջ (ընդունված Գլխավոր ասամբլեայի կողմից, 1970թ. հոկտեմբերի 24-ին), որը միանշանակորեն և հանդիսավորապես հայտարարում է. «Միջազգային վեճերը պետք է լուծվեն պետությունների ինքնիշխան իրավահավասարության հիման վրա»:

Հետևաբար Կոսովոյի անկախության ճանաչումն, անկասկած, հանդիսանում է և հանդիսանալու է անվիճելի իրավական նախադեպ: Քաղաքական հայտարարությունները չեն կարող և չեն փոփոխելու միջազգային իրավունքի իրավական սկզբունքները: Իրավահավասարության սկզբունքը վերաբերում է միջազգային համայնքի բոլոր անդամներին, այսինքն՝ միջազգային իրավունքի բոլոր ենթականերին, առանց խտրականության, տրվում են միևնույն իրավունքներն ու պարտականությունները: Իրավական տեսանկյունից վերաբերմունքը Սերբիայի նկատմամբ չի կարող տարբեր լինել և այն չի կարող ենթարկվել խտրականության: Միջազգային իրավունքի հայտնի խորագետ, պրոֆ. Լասսա Օփենհեյմը գրել է. «Ազգերի ընտանիքի բոլոր անդամ պետությունների՝ միջազգային իրավունքի նկատմամբ իրավահավասար լինելը անսակարկելի է, քանի որ դա բխում է այդ պետությունների միջազգային իրավունքի միավոր լինելու էությունից: Պետությունները, տարածքի, բնակչության, հզորության, քաղաքակրթվածության, հարստության և այլ առումներով անհավասար լինելով հանդերձ, իրավահավասար են որպես միջազգային իրավունքի կրողներ»:[2]

Հետևաբար, Սերբիան, որպես միջազգային համայնքի անդամ, մնացած պետությունների համեմատ ունի նույն և հավասար իրավունքները: Այսպես կոչված “տարածքային ամբողջականությունը” չի կարող վերաբերել Ադրբեջանին, սակայն չվերաբերել Սերբիային: Հատկապես, երբ Ադրբեջանը մի երկարատև ժամանակաշրջան իրականացրել է ցեղասպանական քաղաքականություն իր հայազգի քաղաքացիների նկատմամբ (Նախիջևանի հայկական ինքնավարության հայաթափումը, հայերի ջարդերը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և այլուր), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնավարության դեմ սանձազերծել է արյունոտ և խաղաղ բնակչությանը հսկայական զոհեր պատճառած պատերազմ:


Հղումներ և ծանոթագրություն[խմբագրել]

  1. De Witt Dickinson E. The Equality of States in International Law. Harvard Studies in Jurisprudence, v. III, Cambridge, 1920 (1972 reprint, NY).
  2. Oppenheim L. International Law, A Treatise. Vol. I. Peace. London, 1920 (2005 /3rd ed./ NJ), §115, p. 196.


17 փետրվարի, 2008թ.