Կուզեի լինել կարկաչուն վտակ․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կուզեի լինել կարկաչուն վտակ․․․

Հովհաննես Հովհաննիսյան


Կուզեի լինել կարկաչուն վտակ,
Վճիտ ալիքը դրախտի բուրմունքով,
Եվ առավոտյան ինչպես ցող հստակ,
Երեսդ ոռոգել գոհար շիթերով։

Կուզեի լինել սոսի հովասուն,
Համարձակ փռված կանաչ սաղարթով,
Եվ միջօրեին այդ դեմքիդ սիրուն
Հովանի լինել հեզիկ շրշյունով։

Կուզեի լինել ծաղկոցում բացված
Քացրաբույր մի վարդ, երկնից արժանի,
Եվ սիրո ժամին, խանդիցս արբած,
Զարդարանք լինել կուրծքիդ գեղանի։

Եվ շող դառնալով գարնան արևի՝
Կուզեի պայծառ աչերումդ վառվել,
Կամ ինչպես քնքուշ ոսկեվառ գոտի
Չքնաղ իրանիդ փաթավել, փարվել։

Լուսափայլ աստղիկ կուզեի դառնալ,
Քաղցր մանկան պես ծիծաղն երեսին,
Ինչպես ադամանդ շողշողել, ցոլալ,
Ով իմ թագուհի, քո բաց ճակատին։

Կուզեի լինել լուսին ամոթխած,
Արծաթի փայլով մազերդ շոյել,
Այտերդ գգվել, սիրուց բորբոքված՝
Դողդոջ շրթունքիդ համբույրներ դրոշմել։

Կուզեի լինել սիրահար սոխակ
Եվ ձեռիդ գերի, վանդակում փակված,
Ականջիդ հնչել հրաշալի նվագ,
Մեղմ օրոր ասել քո հոգուն զմայլված։

Եվ կախարդական տաճարում կանգնած
Կուզեի տեսնել ես քեզ Անահիտ,
Եվ երկրպագել, առաջիդ չոքած,
Սուրբ գեղեցկության անմահ տիպարիդ։