Jump to content

Կույսն լքյալ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կույսն լքյալ

Հալեց սառեր գարնան արև,
Ոսկի մատամըք ծաղիկ, տերև
Ցանեց, ցրվեց ամպ ու բալ փույթ,
Պարզեց աստեղց կամարն կապույտ.
Ո՜հ, ինչո՞ւ կույսին
Նայվածքն է մրթին։

Ոսկի սփռեց լերանցն արփի,
Ծիծաղեցավ լուսինն յ՚ալի,
Կա՜յծ ու ծիծաղ, ծաղիկք համբուն,
Թերթեր, ուր սեր կարդա զվարթուն․
Ո՜հ, ինչո՞ւ գունատ
Է կույսին ճակատ։

Բուլբուլն թառեր թավուտ թփին՝
Գեղգեղե գե՛լ աղիոք[1] սրտին․
Թռչունք մըթին անտառաց խոր
Ձայնակցին, հեշտ սիրո ժըխոր․․․
Ո՜հ, ինչո՞ւ լինի
Լուռ կույս լեզվանի։

Ալիք սիրո ցույց տան կայծ, նետ,
Մրմունջ, նայվածք տանելով հետ,
Ջըրել կերթան ծաղկոտ մարմանդ,
Թոթվե խոտեն հովն ադամանդ․
Ո՜հ, ինչո՞ւ արտսուք
Թափե կույսն ի սուգ։

Ի դրանց ոսկի արևելքին՝
Թռչտելով սյուքեր հեշտին՝
Ծաղկանց, ալյաց, թերթից համբույր
Տալով՝ սահին թողլով համ, բույր․
Ո՜հ, ինչո՞ւ հառաչ
Հանե կույսին լանջ։

Ո՜հ, կույս, ինչո՞ւ այսպես տրտում
Սամույր հոպոպքդ արտասվաթուրմ
Դեմքըդ սիրուն ծածկեն, վերցո՚ւր
Ճակատդ, շնչե սեր, լույս ու բույր.
Անկողինդ ծաղկունք,
Աստղեր քեզի շուք։

- Սիրեի ես աստղերն երկնի,
Ալին զիս ցույց տար գեղանի,
Վայլեր ծաղիկ ճակտիս անսուգ,
Զեփյուռն ուներ հեշտ փըսփըսուք.
Մատնելու զկուսիկ
«Հրապո՜ւյրք խաբուսիկ»։

1870

Տողատակեր

[խմբագրել]
  1. աղիոք ― աղիքներով, լարերով