Կռունկն ու աղվեսը
ԿՌՈՒՆԿՆ ՈՒ ԱՂՎԵՍԸ
1
Աղվեսն ու Կռունկը ընկերացան: Կռունկը բույն շինեց, ձու ածեց, թուխս նստեց, ձագ հանեց: Աղվեսն էլ ձագեր ունեցավ, մայր դարձավ: Մի օր Կռունկը դուրս գնաց ձագերի համար կերակուր բերելու, տնպահ Աղվեսը բռնեց Կռունկի ձագերից մեկին, կոլորեց, վիզը ոլորեց, անուշ արավ: Տուն եկավ Կռունկը և ի՞նչ տեսնի... Աղվեսը լալիս է, իրեն քրքրում ու ասում.
— Կռունկ քուրիկ, էսպես էլ անբախտությո՛ւն...
— Ի՞նչ անբախտություն, ի՞նչ է պատահել, Աղվես քուրիկ:
— Բա չես ասի, մեր բալիկը չկա ու չկա: Էնքա՜ն ման եկա, էնքա՜ն ման եկա, չկա ու չկա:
— Ո՞ր Բալիկը:
— Մեր բալիկը:
— Մեր ո՞ր բալիկը:
— Նա՜, նա՜,
Աչքս կուրանա.
Փափկամազիկ,
Երկար վզիկ,
Երկար ոտիկ,
Երկար տոտիկ,
Բոյը բարձրիկ,
Ձենը քաղցրիկ...
Գովում էր Աղվեսը, իրան քրքրում, մին խփում, հազար թափում:
— Աղվես քուրիկ, — ասում է Կռունկը, —
Դու ձագի տեր ես, Դու սիրող մեր ես, Արցունք մի՜ թափի, Արցունք մի՜ չափի, Դա էլ չար բախտից, Դա էլ մեր բախտից:
— Հա, հա,— հեկեկում էր Աղվեսը,— հա, Կռո՜ւնկ քույրիկ, հա՜, լացը չի օգնի, անցածն անցած է:
2
Երկրորդ օրը Կռունկն էլի գնում է կերակուր բերելու:
Տնպահ Աղվեսը հիմի բռնում է Կռունկի մյուս ձագին կոլորում, վիզը ոլորում ու անուշ անում, տեղը բան չի թողնում:
Տուն է գալիս Կռունկը և ի՞նչ տեսնում... Աղվեսը երեկվանից ավելի դառը լալիս է, մի խփում հազար թափում, իրան քրքրում ու լալով ասում.
— Ա՛խ, Կռո՜ւնկ քուրիկ,
Քուրիկ ու մերիկ,
Իմ աչքը դուրս գա,
Աշխարհը փուլ գա,
Փափկամազիկ,
Երկար վզիկ,
Երկար ոտիկ,
Երկար տոտիկ,
Բոյը բարձրիկ,
Ձենը քաղցրիկ,
Էն մի բալիկն էլ չկա:
Կռունկն էս անգամ հասկանում է, որ ձագերին ուտողը քուրիկ Աղվեսն է, բայց իրան չհասկացողի տեղ է դնում ու ասում.
— Աղվես քուրիկ,
Քուրիկ, մուրիկ,
Դու ձագի տեր ես,
Դու սիրող մեր ես,
Արցունք մի՜ թափի,
Կաթը կցամքի,
Դա էլ շար բախտից,
Դա էլ իմ բախտից...
— Դու ճիշտ ես ասում, ա՜յ Կռունկ քուրիկ, չար բախտի ձեռքից ո՞ւմ գնանք գանգատ, — հեկեկում էր Աղվեսը ու մտքում ծիծաղում Կռունկի վրա:
3
— Աղվես քուրիկ, — մի օր էլ ասում է Կռունկը,— էն է իմ ձագերը կորան, տանողի աչքը դուրս գա, քո ձագերն էլ մեծացան, իրենք իրենց կապրեն: Արի գնանք քիչ ման գանք, սրտներս բացվի:
— Է՛, ո՞ւր գնանք, Կռունկ քուրիկ:
— Ա՜յ հենց կուզես երկինք թռչենք, տեսնենք վերևն ի՜նչ կա:
— Ի՛նչ ես ասում, քուրիկ,— ծիծաղեց Աղվեսը,— ինչպե՞ս կարող եմ քեզ հետ թռչել, ես թև չունեմ:
— Է՛, ի՞նչ անենք, որ չունես, ես հո ունեմ: Նստի՜ր ինձ վրա, միասին թռչենք:
Աղվեսն ինքն իրան մտածում է.
«Էս ինչ լավ եղավ. կգնամ երկինք, պատահած թռչունը կխեղդեմ, վեր կածեմ գետնին, ետ գալիս էլ քուրիկիս կբռնեմ՝ կուտեմ... Սրանից էլ լավ բա՞ն»:
Աղվեսը նստում է Կռունկի մեջքին:
Կռունկը թափահարում է թևերը, վեր բարձրանում, գնում է ու գնում, հասնում է երկինք ու հանկարծ շուռ է գալիս: Մեկ էլ Աղվեսը մեջքի վրա դրը՛խկ… ընկնում է գետին ու իրեն ջարդում:
— Աղվե՜ս քուրիկ,-ցած գալով ասում է Կռունկը,— էդ էլ քո՜ բախտից, էդ էլ քո՜ բախտից: