Կռվից հետո
Շրջում էր քամին ամայի կիրճում ու վայրագ երգով աշխատում վանել սարսափն իր սրտի։ Նա լսեց հանկարծ մի մեղմ հեծկլտոց, կռացավ, տեսավ սիրուն մի ծաղիկ լալիս է թաքուն.
Քուն չունե՞ս, աղջի՛կ, գիշեր է, քնի՛ր, մի՛ լար, նազելի․․․
— Եղբա՛յր, քարափից վայր գլորվեցին արյունոտ դիեր, տե՛ս, մեկն էլ ահա ընկել է կրծքիս, տնքում է անլուռ ու մորը կանչում․․․ ինքը քուն չունի՝ իմ քունն է կտրել․․․ ասա գեթ թեքվի մի քիչ շունչ քաշեմ․․․
Քամին լուռ չոքեց դիակի առաջ և պաղ թևերով գրկեց գլուխը տաք և արյունոտ ու լալով լացեց․․․
— Դե՜հ, մի քիչ կամաց,— տրտնջաց առուն։
Ի՜նչ ցասման գիշեր․․․ դիակներ ընկա՜ն։
Իմ կրծքի վրա․ ուղիս կորցրած սողում եմ առաջ թե ո՞ր չգիտեմ․․․
— Վա՜յ, վա՜յ,— վայեց բուն,— ոճիրն ու մութը գրկել են իրար։ Երևի դևը ունի խրախճանք։
Գորտն էլ տաք ճահճից քնահատ և դժգոհ կռռաց ու լռեց։
Ուռին սարսռաց անհայտ սոսկումից
Գլուխը կախեր ջրերի վրա․․․
— Այս ի՞նչ աղմուկ կա այսօր ձորի մեջ,— հարցրեց նրան աստղ մի սիրունիկ, որ գլորվում էր հստակ առվակում։
— Մարդիկ են ընկել․․․
— Մարդի՞կ․․․
— Հա՜․․․
— Ի՞նչ մարդիկ։
— Այն, որ ապրում են երկրիս վրա ուժեղ ու հզոր, տեր ու տիրական․․․
— Հա՜, դեհ, ցույց տուր, շուտ, ինձ չէ պատահել մոտ լինել նրանց։
— Մի՛ նայիր, աստղիկ․․․
— Ուզում եմ նայել։
— Նոքա մեռած են․․․
— Ի՞նչ բան է մեռնել։
— Մեռնել֊չքանալ․․․
— Ա՜խ, խորամանկներ, ինչ բաներ գիտեն․ պիտ նայեմ, ուռիկ․ վաղը թող աատմեն, որ երազի մեջ վառ աստղ են տեսել։
— Ավա՜ղ, չեն պատմի․․․
— Ինչո՞ւ, լավ չէ՞ այդ։
— Նոքա հոշոտված դիեր են, զավակս․․․
— Տե՜ս ագռավներն էլ աչքերն են կտրել․․․
Աստղիկը ճչաց ու թռավ երկինք․
— Ո՞վ է խանգարում կես գիշերային անդորրը երկնի,— դուրս լողաց խոժոռ լուսնկան իսկո ւյն ու դժգոհ նայեց շուրջը դես ու դեն։
— Մա՜յր, վախենում եմ, եկ ինձ մոտ քնիր,— աստղիկն էր լալիս սարսափից շշմած։
— Ի՞նչ է պատահել, հուր-հերս, պատմիր։
— Մա՜յր, երկրում մարդիկ․․․
— Դե՜հ, լռի՛ր-լռի՛ր,— կանչեց լուսնկան, ամպերով իսկույն ծածկեց աստղիկին, նայեց հեգնանքով դեպի վար— երկիր ու նուրբ նազանքով մտավ ամպի տակ․․․
1913 թ. 11 փետրվարի