Կա մի ծաղիկ, որ աճում է միայն
բանտերի
պատուհաններին, որոնցով միշտ դուրս են նայում
կալանավորների երազկոտ աչքերը։
Աշխարհում առաջին վերադարձը սրբագործել են
աղավնիները։
Վճռաբեկ
ժամանակ։
Օրը - հիշատակի համար հոտնկայս անցնող
րոպեներ։ Գերցավը մարդուն
դարձնում է գերմարդ։ Ամեն աղջկա ձեռքում վարդ կա՝
անգամ եթե չկա, պարզապես
մեր աչքերը տառապում են վատատեսությամբ։
Արդյոք աստղին
հաջողվո՞ւմ է
հասնել ինքն իրեն։ Ավելի ու ավելի շատանում են
սիրո երգիչներն աշխարհում՝ քանի դեռ սեր չկա։
Ուղեղիս մեջ այս ի՞նչ բառեր են. «Ներիր, Երեւան,
արյան հոտ կա վարդերիդ մեջ»։ Մեծագույն սխրանքը
տիեզերքում,
դա բողբոջի բացումն է։ Հասնելը կորցնել է, անշուշտ։
Եվ չկա ավելի հիմար հարց, քան «Ուր ես գնում»-ը,
որովհետեւ բոլորս, ի վերջո, նույն տեղն ենք գնում։
Տխուր օդ։ Անծանոթ ստվերուհի։ Իսկ Գյուստավ Ֆլոբերն
ասում է, թե կա մի ծառ՝ բաբելոնյան ինչ որ հասցեով,
որի ճյուղերին, մրգերի տեղակ, մարդկային գլուխներ են աճում։
Մի մրջյուն ծառի բունն ի վեր բարձրանում է, երեւի, երկինք։